Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Որքա՞ն էր Սողոմոնի տաճարի նախասրահի բարձրությունը

Նախասրահը որպես մուտք էր ծառայում տաճարի Սրբություն կոչվող բաժանմունք մտնելու համար։ Մինչև 2023 թ. Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության հրատարակություններում գրվել է, որ տաճարի «նախասրահի երկարությունը քսան կանգուն էր, ինչքան որ տան լայնությունն էր, իսկ բարձրությունը հարյուր քսան կանգուն էր» (2 Տար. 3։4)։ Այլ թարգմանություններում նույնպես նշվում է, որ տաճարի նախասրահը ունեցել է «120 կանգուն» բարձրություն, ինչը նշանակում է, որ այն 53 մ (175 ֆուտ) բարձրությամբ աշտարակ է եղել։

Սակայն Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության 2023 թ. անգլերեն հրատարակությունում Սողոմոնի տաճարի նախասրահի վերաբերյալ ասվում է, որ դրա «բարձրությունը 20 կանգուն էր», այսինքն՝ մոտ 9 մ (30 ֆուտ)։ a Տեսնենք, թե ինչն է հիմք հանդիսացել այս փոփոխության համար։

1 Թագավորներ 6։ 3-ում նախասրահի բարձրության մասին չի նշվում։ Այս համարում Երեմիան նշում է նախասրահի երկարությունն ու լայնությունը, բայց չի հիշատակում բարձրությունը։ Իսկ հաջորդ գլխում նա ամենայն մանրամասնությամբ նկարագրում է տաճարի մաս կազմող այլ ակնառու բաներ, այդ թվում՝ ձուլածո ավազանը, տասը սայլերը և նախասրահի առջևում գտնվող պղնձե երկու սյուները (1 Թագ. 7։15-37)։ Եթե նախասրահը ավելի քան 50 մ էր և տաճարի մնացած հատվածից բարձր էր, ապա ինչո՞ւ Երեմիան չի հիշատակում այդ մասին։ Դեռ ավելին՝ դարեր անց հրեա պատմիչները գրել են, որ Սողոմոնի տաճարի նախասրահը մյուս մասերից բարձր չի եղել։

Գիտնականները, հաշվի առնելով տաճարի պատերի հաստությունը, կասկածի տակ են դնում այն, որ նախասրահը կարող էր 120 կանգուն բարձրություն ունենալ։ Հին ժամանակներում քարերից կամ աղյուսներից պատրաստված շատ բարձր կառույցները, ինչպիսիք էին Եգիպտոսի տաճարների նախամուտքերը, բավականին լայն հիմք ունեին և վեր խոյանալիս նեղանում էին։ Բայց Սողոմոնի տաճարը այդպիսի կառույց չէր։ Գիտնականները կարծում են, որ դրա պատերի հաստությունը առավելագույնը 6 կանգուն էր, կամ՝ 2,7 մ (9 ֆուտ)։ Սրա հետ կապված ճարտարապետության պատմաբան Թեոդոր Բյուսինգը հետևյալ եզրակացությունն է արել. «Հաշվի առնելով [տաճարի նախասրահի] պատերի հաստությունը՝ նախասրահը չէր կարող ունենալ 120 կանգուն բարձրություն»։

Հնարավոր է, որ հին ձեռագրերը կրկնօրինակելիս 2 Տարեգրություն 3։ 4 համարը սխալ է արտագրվել։ Թեև որոշ հին ձեռագրերում գրված է՝ «120», այլ հեղինակավոր աղբյուրներում, ինչպիսիք են 5-րդ դարի Ալեքսանդրյան ձեռագիրը և 6-րդ դարի Ամբրոսյան ձեռագիրը, գրված է՝ «20 կանգուն»։ Ի՞նչը կարող էր պատճառ լինել, որ արտագրողը «20»-ի փոխարեն սխալմամբ գրեր «120»։ Եբրայերենում «հարյուր» և «կանգուն» բառերը գրելաձևով նման են, ուստի արտագրողը «կանգուն» բառի փոխարեն թերևս գրել է «հարյուր»։

Ինչ խոսք, մենք ուզում ենք հասկանալ Սողոմոնի տաճարի հետ կապված այս մանրամասները և հնարավորինս ճշգրտորեն պատկերել այն։ Բայց մեզ համար հատկապես կարևոր է, թե ինչ էր խորհրդանշում այդ տաճարը. այն հոգևոր մեծ տաճարի նախապատկերն էր։ Անչափ շնորհակալ ենք Եհովային, որ իր բոլոր ծառաներին հրավիրել է պաշտելու իրեն այդ տաճարում (Եբր. 9։11-14; Հայտն. 3։12; 7։9-17

a Համարի ծանոթագրությունը պարզաբանում է, որ «որոշ հին ձեռագրերում գրված է՝ «120», մինչդեռ կան այլ ձեռագրեր և թարգմանություններ, որոնցում գրված է՝ «20 կանգուն»»։