Ընթերցողների հարցերը
Տեղին կլինի՞, որ քրիստոնյան ուրիշներից պաշտպանվելու համար հրազեն պահի, օրինակ՝ ատրճանակ կամ հրացան։
Թեև քրիստոնյաները կարող են ողջամիտ քայլեր ձեռնարկել իրենց անվտանգությունն ապահովելու համար, սակայն այս հարցում պետք է առաջնորդվեն աստվածաշնչյան սկզբունքներով։ Դրանք դեմ են մարդկանցից պաշտպանվելու համար այնպիսի զենքեր օգտագործելուն, ինչպիսիք են ատրճանակը, հրացանը կամ այլ տեսակի հրազեն։ Նկատի առնենք հետևյալը։
Եհովայի աչքում մարդու կյանքը սուրբ է։ Սաղմոսերգու Դավիթը գիտեր, որ Եհովան «կյանքի աղբյուրն» է (Սաղ. 36։9)։ Հետևաբար եթե քրիստոնյան իրեն կամ իր ունեցվածքը պաշտպանելու համար որոշի ողջամիտ քայլեր ձեռնարկել, նա հնարավոր ամեն բան կանի, որ խուսափի մարդկային կյանք խլելուց և արյունապարտ լինելուց (2 Օրենք 22։8; Սաղ. 51։14)։
Ճիշտ է, ինքնապաշտպանության համար օգտագործվող ցանկացած առարկա կարող է մարդուն արյունապարտ դարձնել, սակայն հրազենով շատ ավելի հեշտ է որևէ մեկին սպանել՝ լինի դիտմամբ, թե պատահմամբ։ * Բացի այդ, եթե հարձակում գործած անհատը, լինելով առանց այն էլ լարված վիճակում, դիմացինի ձեռքին հրազեն տեսնի, իրավիճակը կարող է ավելի սրվել, և արդյունքում հնարավոր է՝ որևէ մեկը մահանա։
Երբ իր երկրային կյանքի վերջին գիշերը Հիսուսը իր հետևորդներին ասաց, որ սրեր ունենան իրենց հետ, նկատի չուներ, որ դա պետք է անեն ուրիշներից պաշտպանվելու համար (Ղուկ. 22։36, 38)։ Նա ուզում էր դրանց միջոցով կարևոր բան սովորեցնել իր հետևորդներին. նրանք չպետք է բռնություն գործադրեն, անգամ երբ զինված ամբոխի առաջ են կանգնած (Ղուկ. 22։52)։ Երբ Պետրոսը սրով հարվածեց քահանայապետի ծառային, Հիսուսը պատվիրեց նրան. «Սուրդ տե՛ղը դիր»։ Հետո մի հիմնարար ճշմարտություն ասաց՝ մի սկզբունք, որով նրա հետևորդները առաջնորդվում են առայսօր. «Բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթ. 26։51, 52)։
Միքիա 4։3-ի համաձայն՝ Աստծու ծառաները «իրենց սրերից խոփեր են կոփել և իրենց նիզակներից՝ էտոցներ»։ Ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշ է խաղաղասիրությունը։ Նրանք հետևում են այն պատվերին, որ Աստծու ներշնչմամբ գրեց Պողոս առաքյալը. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք.... Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմ. 12։17, 18)։ Պողոսը իր իսկ խոսքերի համաձայն վարվեց նույնիսկ դժվար իրավիճակներում, այդ թվում՝ երբ «ավազակներից վտանգներ» կային։ Նա իր անվտանգությունը վեր չդասեց աստվածաշնչյան սկզբունքներից (2 Կորնթ. 11։26)։ Փոխարենը՝ վստահեց Աստծուն՝ համոզված լինելով, որ նրա Խոսքի իմաստուն սկզբունքները «պատերազմական գործիքներից ավելի լավ» են (Ժող. 9։18)։
Քրիստոնյաների համար կյանքը շատ ավելի թանկ է, քան նյութական բաները։ «Կյանքը կախված չէ [մարդու] ունեցվածքից» (Ղուկ. 12։15)։ Եթե մեղմ ու հանդարտ խոսքով հնարավոր չի լինում կանգնեցնել զինված հանցագործին, իմաստուն քրիստոնյան հետևում է Հիսուսի հետևյալ խորհրդին. «Մի՛ ընդդիմացիր նրան, ով չար է»։ Դա նշանակում է, որ գուցե թույլ տանք՝ նա վերցնի, ինչ ուզում է (Մատթ. 5։39, 40; Ղուկ. 6։29)։ * Ինչ խոսք, լավ կլինի, որ կանխենք նման իրավիճակները։ Եթե մեր «ապրուստի միջոցները ցուցադրաբար չներկայացնենք», և եթե մեր հարևանները մեզ ճանաչեն որպես խաղաղասեր Եհովայի վկաների, հնարավոր է՝ խուսափենք բռնի հանցագործության զոհ դառնալուց (1 Հովհ. 2։16; Առակ. 18։10)։
Քրիստոնյաները հարգում են ուրիշների խիղճը (Հռոմ. 14։21)։ Որոշ եղբայրներ կամ քույրեր գուցե զարմանան կամ նույնիսկ գայթակղվեն, եթե իմանան, որ ժողովի անդամը ուրիշներից պաշտպանվելու համար զենք է պահում։ Սերը մեզ մղում է հավատակիցների շահը վեր դասել մեր շահից, նույնիսկ եթե դա նշանակում է հրաժարվել մի բանից, ինչի իրավունքը, մեր կարծիքով, ունենք (1 Կորնթ. 10։32, 33; 13։4, 5)։
Քրիստոնյաները ձգտում են օրինակելի լինել (2 Կորնթ. 4։2; 1 Պետ. 5։2, 3)։ Եթե Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդ ստանալուց հետո քրիստոնյան շարունակում է ուրիշներից պաշտպանվելու համար զենք պահել, նա չի կարող օրինակելի համարվել։ Ուստի չի կարող ժողովում պատասխանատվություններ կամ հատուկ առանձնաշնորհումներ ունենալ։ Նույնը վերաբերում է այն քրիստոնյաներին, որոնք շարունակում են այնպիսի աշխատանք կատարել, որի ժամանակ պահանջվում է զենք կրել։ Ավելի լավ կլինի ուրիշ աշխատանք փնտրել։ *
Ճիշտ է, յուրաքանչյուր քրիստոնյա հիմնականում ինքն է որոշում, թե ինչպես պաշտպանի իրեն, իր ընտանիքին կամ ունեցվածքը և թե ինչպիսի աշխատանք կատարի։ Այնուամենայնիվ, նա պետք է առաջնորդվի աստվածաշնչյան սկզբունքներով, որոնք արտացոլում են Աստծու իմաստությունն ու մեր հանդեպ ունեցած սերը։ Հարգելով այդ սկզբունքները՝ հոգևորապես հասուն քրիստոնյաները որոշում են ուրիշներից պաշտպանվելու նպատակով զենք չպահել։ Նրանք գիտեն, որ իսկական և հարատև ապահովություն կունենան այն մարդիկ, ովքեր վստահում են Աստծուն և ապրում են աստվածաշնչյան սկզբունքներով (Սաղ. 97։10; Առակ. 1։33; 2։6, 7)։
^ պարբ. 3 Քրիստոնյան կարող է որոշել հրազեն (օրինակ՝ հրացան) ունենալ, որպեսզի սննդի համար կենդանիներ որսա կամ գազաններից պաշտպանվի։ Սակայն երբ այդ զենքը չի օգտագործվում, լավ կլինի այն լիցքաթափել, գուցե նույնիսկ քանդել և փակի տակ պահել ապահով տեղում։ Այն տարածքներում, որտեղ զենք ունենալը անօրինական է, կամ որտեղ պետությունը դրա օգտագործումը սահմանափակում է կամ կանոնակարգում մեկ այլ ձևով, քրիստոնյաները հնազանդվում են օրենքին (Հռոմ. 13։1)։
^ պարբ. 2 Բռնաբարությունից պաշտպանվելու մասին կարող եք կարդալ «Արթնացե՛ք»-ի 1993 թ. մարտի 8-ի համարում, էջ 6–8, անգլ. (1993 թ. ապրիլի 8, էջ 6–8, ռուս.) և «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորի 32-րդ գլխում։
^ պարբ. 4 Այն հարցը, թե ինչպես քրիստոնյան պետք է վերաբերվի այն աշխատանքին, որի ժամանակ պահանջվում է զենք կրել, քննարկվում է «Դիտարանի» 2005 թ. նոյեմբերի 1-ի համարում, էջ 31 և 1983 թ. հուլիսի 15-ի համարում, էջ 25, 26, անգլ. (1984 թ. փետրվարի 1, էջ 18, 19, ռուս.)։