Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Մյանմա

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Մյանմա

«ԲԵՐՔԸ, ինչ խոսք, շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Ղուկ. 10։2)։ Այս խոսքերը, որ Հիսուսն ասել է մոտ 2 000 տարի առաջ, շատ լավ նկարագրում են Մյանմայի ներկայիս իրավիճակը։ Ինչո՞ւ։ 55 միլիոն բնակչություն ունեցող այս երկրում բարի լուրը տարածում են ընդամենը մոտ 4 200 քարոզիչներ։

Սակայն «հնձի Տերը»՝ Եհովան, տարբեր երկրներում բնակվող հարյուրավոր եղբայրների ու քույրերի սրտում ցանկություն է դրել գալու Հարավարևելյան Ասիայում գտնվող այս երկիրը և աջակցելու հոգևոր հնձի գործին։ Ի՞նչն է մղել նրանց թողնելու հայրենի երկիրը։ Ինչպե՞ս են նրանք կարողացել տեղափոխվել Մյանմա և ինչպե՞ս են օրհնվել։

«ԵԿԵՔ, ՄԵՆՔ ՌԱՀՎԻՐԱՆԵՐԻ ՄԵԾ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ»

Մի քանի տարի առաջ Կազուհիրոն, որը Ճապոնիայում ծառայում էր որպես ռահվիրա, էպիլեպսիայի նոպա ունեցավ։ Նա կորցրեց գիտակցությունը, և նրան հիվանդանոց տարան։ Բժիշկը Կազուհիրոյին ասաց, որ նա երկու տարի չի կարողանա մեքենա վարել։ Դա վհատեցրեց նրան։ Նա մտածեց, թե ինչպես կկարողանա շարունակել իր սիրած ծառայությունը՝ ռահվիրայությունը։ Ապա թախանձագին աղոթեց Եհովային ու խնդրեց, որ ճանապարհ բացի իր առաջ և օգնի շարունակել իր ծառայությունը։

Կազուհիրոն և Մարին

Կազուհիրոն պատմում է. «Մեկ ամիս անց իմ ընկերներից մեկը, որը ծառայում էր Մյանմայում, իմացավ իմ խնդրի մասին։ Նա զանգահարեց ինձ ու ասաց. «Մյանմայում երթևեկության հիմնական միջոցը ավտոբուսն է։ Եթե գաս այստեղ, առանց մեքենայի կկարողանաս շարունակել ծառայությունդ»։ Բժշկիս հարցրի, թե ի վիճակի կլինե՞մ մեկնել Մյանմա։ Ի զարմանս ինձ՝ նա ասաց. «Մյանմայից մեզ մի մասնագետ է այցելել։ Ես քեզ կծանոթացնեմ նրա հետ։ Եթե նորից նոպա ունենաս, նա քո մասին հոգ կտանի»։ Եհովան բժշկիս բերանով պատասխանեց ինձ»։

Կազուհիրոն առանց հապաղելու Մյանմայի մասնաճյուղին էլեկտրոնային նամակով տեղեկացրեց, որ ինքն ու իր կինը՝ Մարին, ցանկանում են այնտեղ որպես ռահվիրա ծառայել։ Ընդամենը հինգ օր հետո մասնաճյուղը պատասխանեց. «Եկեք, մենք ռահվիրաների մեծ կարիք ունենք»։ Կազուհիրոն և իր կինը վաճառեցին իրենց մեքենաները, վիզա ստացան և ինքնաթիռի տոմսեր գնեցին։ Այսօր նրանք ուրախությամբ ծառայում են Մանդալայի ժեստերի լեզվի խմբում։ Կազուհիրոն ասում է. «Այս ամենը ավելի ամրացրեց մեր հավատը Եհովայի այն խոստման հանդեպ, որը գրված է Սաղմոս 37։5-ում. «Եհովայի՛ն հանձնիր քո ճանապարհը, վստահի՛ր նրան, և նա կկատարի»»։

ԵՀՈՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԲԱՑՈՒՄ

2014 թ.-ին Մյանմայում հատուկ համաժողով անցկացվեց, և այնտեղի Եհովայի վկաները պատիվ ունեցան հյուրընկալելու տարբեր երկրներից ժամանած պատվիրակների։ Այդ պատվիրակներից մեկը՝ 34-ամյա Մոնիկը, որը եկել էր Միացյալ Նահանգներից, ասում է. «Երբ համաժողովից վերադարձա տուն, Եհովային աղոթեցի և առաջնորդություն խնդրեցի, որ հասնեմ հոգևոր նպատակներիս։ Նաև դրանց մասին ծնողներիս հետ խոսեցի։ Բոլորս էլ եկանք այն եզրակացության, որ պետք է հետ գնամ Մյանմա։ Շատ աղոթեցի ու որոշ ժամանակ հետո վերջնական որոշում կայացրի»։ Մոնիկը բացատրում է, թե ինչու որոշում կայացնելու համար շատ ժամանակ պահանջվեց.

Մոնիկը և Լին

«Հիսուսն իր հետևորդներին խորհուրդ է տվել «հաշվել ծախսը»։ Ուստի ինքս ինձ հարցրի. «Բավարար միջոցներ ունե՞մ տեղափոխվելու համար։ Այնտեղ կկարողանա՞մ առանց չափից շատ աշխատելու հոգալ կարիքներս»»։ Մոնիկը խոստովանում է. «Հասկացա, որ բավականաչափ փող չունեմ աշխարհի մյուս ծայրը մեկնելու համար»։ Այդ դեպքում ինչպե՞ս նա հասավ իր նպատակին (Ղուկ. 14։28

Մոնիկը պատմում է. «Մի օր տնօրենս ինձ իր մոտ կանչեց։ Անհանգստացա՝ մտածելով, թե ուզում է ինձ գործից հեռացնել։ Բայց նա շնորհակալություն հայտնեց իմ աշխատանքի համար և ասաց, որ որոշել է ինձ պարգևավճար տալ։ Դա հենց այնքան գումար էր, որքան անհրաժեշտ էր ֆինանսական պարտավորություններիցս ազատվելու համար»։

2014 թ. դեկտեմբերից Մոնիկը ծառայում է Մյանմայում։ «Ես անչափ ուրախ եմ, որ այստեղ եմ,— ասում է նա։— Երեք հոգու հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրում։ Նրանցից մեկը 67 տարեկան է։ Ամեն անգամ նա ժպտալով ողջունում է ինձ և պինդ գրկում։ Երբ այդ կինը իմացավ, որ Աստծու անունը Եհովա է, արտասվեց։ Նա ասաց. «Առաջին անգամ է, որ լսում եմ Աստծու անունը։ Դու իմ կես տարիքին ես, բայց ինձ ամենակարևոր բանը սովորեցրիր»։ Ես նույնպես հուզվեցի։ Ծառայության ընթացքում տեղի ունեցող այսպիսի դեպքերը հարստացնում են կյանքս»։ Վերջերս Մոնիկը առանձնաշնորհում ունեցավ սովորելու Թագավորության քարոզիչների դպրոցում։

Ոմանց համար Մյանմա տեղափոխվելու պատճառ դարձավ «Եհովայի վկաների 2013 թ. տարեգիրքը», որտեղ ներկայացվում էր այս երկրի աստվածապետական պատմությունը։ Լի անունով 30-ն անց մի քույր այդ ժամանակ արդեն ապրում էր Հարավարևելյան Ասիայում։ Նա լրիվ դրույքով աշխատանք ուներ, սակայն «Տարեգիրքը» կարդալուց հետո սկսեց մտածել Մյանմայում ծառայելու մասին։ «2014 թ.-ին Յանգոնում անցկացվող հատուկ համաժողովին հանդիպեցի մի ամուսնական զույգի, որը տեղափոխվել էր Մյանմա և ծառայում էր չինական դաշտում։ Քանի որ չինարեն գիտեմ, որոշեցի տեղափոխվել և օգնել չինալեզու խմբին։ Միացա Մոնիկին, և մենք միասին տեղափոխվեցինք Մանդալայ։ Եհովայի օրհնությամբ կես դրույքով աշխատանք գտանք։ Երկուսս էլ միևնույն դպրոցում աշխատանքի ընդունվեցինք որպես ուսուցիչ և մոտակայքում բնակարան վարձեցինք։ Չնայած շոգ եղանակին և որոշ անհարմարությունների՝ ես հաճույք եմ ստանում իմ ծառայությունից։ Մյանմայում մարդիկ պարզ կյանքով են ապրում։ Նրանք քաղաքավարի են ու պատրաստ են ժամանակ տրամադրել բարի լուրը լսելու համար։ Ուրախալի է տեսնել, թե ինչպես է Եհովան արագացնում քարոզչական գործը։ Հաստատ համոզված եմ, որ Եհովայի կամքով եմ այստեղ՝ Մանդալայում»։

ԵՀՈՎԱՆ ԼՍՈՒՄ Է ԱՂՈԹՔՆԵՐԸ

Մյանմա տեղափոխված քարոզիչներից շատերը իրենց կյանքում զգացել են աղոթքի զորությունը։ Նրանցից են Ջումփեյն ու նրա կինը՝ Նաոն։ 30-ն անց այս ամուսնական զույգը ծառայում էր Ճապոնիայում՝ ժեստերի լեզվի ժողովում։ Իսկ նրա՞նք ինչու տեղափոխվեցին Մյանմա։ Ջումփեյը պատմում է. «Ես ու կինս միշտ նպատակ ենք ունեցել ծառայելու օտար երկրում, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Մեր ժողովից մի եղբայր տեղափոխվեց Մյանմա։ Թեև շատ խնայողություններ չունեինք, սակայն 2010 թ. մայիսին մենք նույնպես տեղափոխվեցինք։ Այստեղի եղբայրներն ու քույրերը մեզ ջերմորեն ընդունեցին»։ Ի՞նչ է պատմում Ջումփեյը Մյանմայի ժեստերի լեզվի դաշտի մասին։ «Այս երկրում մարդիկ մեծ հետաքրքրություն են ցույց տալիս։ Երբ խուլերին ժեստերի լեզվով տեսանյութ ենք ցույց տալիս, նրանք ապշում են։ Մենք շատ ուրախ ենք, որ որոշել ենք Եհովային այստեղ ծառայել»։

Նաոն և Ջումփեյը

Իսկ ինչպե՞ս լուծվեցին նրանց ֆինանսական խնդիրները։ «Երեք տարի հետո մեր խնայողությունները գրեթե սպառվեցին, և մենք այլևս բավական գումար չունեինք, որ հաջորդ տարի տուն վարձեինք։ Ես ու կինս շարունակ ջերմեռանդորեն աղոթում էինք։ Մի օր անսպասելիորեն նամակ ստացանք մասնաճյուղից։ Մեզ նշանակել էին որպես ժամանակավոր հատուկ ռահվիրաներ։ Մենք վստահեցինք Եհովային և համոզվեցինք, որ նա չի լքել մեզ։ Նա ամեն ինչում հոգ է տանում մեր մասին»։ Վերջերս Ջումփեյն ու Նաոն սովորեցին Թագավորության քարոզիչների դպրոցում։

ԵՀՈՎԱՆ ՇԱՏԵՐԻՆ Է ՄՂՈՒՄ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Սիմոնեն 43 տարեկան եղբայր է՝ ծնունդով Իտալիայից։ Իսկ նրա 37-ամյա կինը՝ Աննան, Նոր Զելանդիայից է։ Ի՞նչն է այս զույգին մղել տեղափոխվելու Մյանմա։ «2013 թ. «Տարեգիրքը», որը պատմում էր Մյանմայի մասին»,— պատասխանում է Աննան։ Իսկ Սիմոնեն ասում է. «Մեծ պատիվ է լինել Մյանմայում։ Այստեղ կյանքը շատ պարզ է։ Կարողանում եմ շատ ժամանակ տրամադրել Եհովայի գործին։ Տպավորվում ես՝ տեսնելով, թե Եհովան ինչպես է այս հեռավոր երկրում հոգ տանում քո մասին» (Սաղ. 121։5)։ Աննան ավելացնում է. «Երբեք այսքան երջանիկ չեմ եղել։ Մենք պարզ կյանքով ենք ապրում։ Ամուսնուս հետ շատ ժամանակ եմ անցկացնում, ինչի շնորհիվ մենք ավելի ենք մտերմացել։ Նաև նոր ընկերներ ենք ձեռք բերել, որոնք շատ թանկ են մեզ համար։ Այստեղի ժողովուրդը կանխակալ կարծիք չունի Վկաների մասին, և այն հետաքրքրությունը, որ կա դաշտում, շատ է ոգևորում»։ Իսկ որքա՞ն մեծ է այդ հետաքրքրությունը։

Սիմոնեն և Աննան

Աննան շարունակում է. «Մի օր շուկայում վկայություն տվեցի մի ուսանողուհու, և մենք պայմանավորվեցինք նորից հանդիպել։ Երբ գնացի նրան տեսնելու, նա իր ընկերուհիներից մեկի հետ էր եկել։ Հաջորդ անգամ նա իր հետ մի քանի հոգու բերեց։ Իսկ մյուս անգամ նրա հետ ավելի շատ աղջիկներ եկան։ Հիմա ես նրանցից հինգի հետ ուսումնասիրություն եմ անցկացնում»։ Սիմոնեն ասում է. «Այստեղ մարդիկ շատ անմիջական են և հետաքրքրասեր։ Ճշմարտությունը շատերին է հետաքրքրում։ Ժամանակը չի հերիքում բոլորի մասին հոգ տանելու համար»։

Սաչիոն և Միզուհոն

Իսկ ի՞նչ գործնական քայլեր են ձեռնարկել ոմանք՝ Մյանմա տեղափոխվելու համար։ Միզուհոն, որը Ճապոնիայից է, պատմում է. «Ես ու ամուսինս՝ Սաչիոն, միշտ ցանկացել ենք ծառայել այնպիսի երկրում, որտեղ քարոզիչների կարիք կա։ Բայց չգիտեինք՝ ո՛ր երկիր մեկնեինք։ Երբ 2013 թ. «Տարեգրքում» կարդացինք Մյանմայի մասին, այնտեղ տեղի ունեցած դեպքերից շատ տպավորվեցինք ու սկսեցինք մտածել, թե կկարողանա՞նք տեղափոխվել ու ծառայել այնտեղ»։ Սաչիոն ավելացնում է. «Որոշեցինք մեկ շաբաթով մեկնել Յանգոն՝ Մյանմայի մայրաքաղաք, և, այսպես ասած, «հետախուզել» երկիրը։ «Հետախուզության» արդյունքները մեզ հավաստիացրին, որ կարող ենք տեղափոխվել այնտեղ»։

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԿԱՆՉԻՆ

Ջեյնը, Դանիկան, Ռոդնին և Ջորդանը

50-ն անց Ռոդնին ու նրա կինը՝ Ջեյնը, որոնք Ավստրալիայից են, իրենց որդու՝ Ջորդանի, և աղջկա՝ Դանիկայի հետ 2010 թ.-ից ծառայում են Մյանմայում։ Ռոդնին ասում է. «Չես կարող անտարբեր մնալ՝ տեսնելով մարդկանց հոգևոր քաղցը։ Ես ուրիշ ընտանիքների էլ խորհուրդ կտամ ծառայել այնպիսի երկրում, ինչպիսին Մյանման է»։ Ինչո՞ւ։ «Այն բարենպաստ ազդեցությունը, որ այս ծառայությունը թողել է մեր ընտանիքի վրա, անգնահատելի է։ Շատ երիտասարդներ այսօր տարված են հեռախոսներով, մեքենաներով ու աշխատանքով։ Իսկ մեր երեխաները զբաղված են նոր բառեր սովորելով, որպեսզի օգտագործեն ծառայության մեջ։ Նրանք սովորում են քարոզել այն մարդկանց, ովքեր ծանոթ չեն Աստվածաշնչին, ինչպես նաև տեղի լեզվով մեկնաբանություններ տալ քրիստոնեական հանդիպումներին։ Նրանք զբաղված են նաև այլ հետաքրքիր հոգևոր գործերով»։

Օլիվերը և Աննան

37-ամյա Օլիվերը, որը Միացյալ Նահանգներից է, ասում է, թե ինչու է ուրիշներին խորհուրդ տալիս այսպիսի ծառայություն սկսել. «Հարազատ միջավայրից դուրս Եհովային ծառայելը ինձ մեծ օգուտ է տվել։ Տնից հեռու լինելով՝ սովորել եմ նրան ավելի վստահել ու ապավինել, ինչ հանգամանքներում էլ լինեմ։ Ես ծառայում եմ նրանց հետ, ում նախկինում չեմ էլ ճանաչել, բայց մեզ միավորում է մեր հավատը։ Այսպիսի բան միայն Աստծու կազմակերպության մեջ է հնարավոր»։ Այսօր Օլիվերն ու իր կինը՝ Աննան, շարունակում են եռանդով ծառայել չինական դաշտում։

Թրեյզելը

52-ամյա Թրեյզելը, որը Ավստրալիայից է, 2004 թ.-ից ծառայում է Մյանմայում։ Քույրն ասում է. «Նրանց, ում հանգամանքները թույլ են տալիս, հորդորում եմ ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։ Ես իմ փորձով եմ համոզվել, որ եթե ուզո՛ւմ ես ծառայել, Եհովան օրհնում է ջանքերդ։ Այժմ այնպիսի կյանքով եմ ապրում, որ չէի էլ կարող երազել։ Իմ կյանքը լի է օրհնություններով, և ես բավարարվածության մեծ զգացում ունեմ»։

Թող այս սրտառուչ խոսքերը մղեն քեզ մտածելու անկեղծ սիրտ ունեցող մարդկանց մասին, որոնք ապրում են չմշակված տարածքներում։ Մյանմա տեղափոխված այս քարոզիչները կանչում են քեզ. «Անցի՛ր Մյանմա և օգնի՛ր մեզ»։