Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարեկցիր «ամեն տեսակ մարդկանց»

Կարեկցիր «ամեն տեսակ մարդկանց»

ԵՐԲ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց քարոզել բարի լուրը, նա գիտեր, որ այդ լուրը միշտ չէ, որ լավ կընդունվի (Ղուկ. 10։3, 5, 6)։ Ծառայության ժամանակ, հնարավոր է, հանդիպենք մարդկանց, ովքեր գուցե կոպտությամբ վարվեն մեզ հետ, երբեմն էլ նույնիսկ բռնություն գործադրեն։ Հետևաբար մեզ համար թերևս դժվար լինի կարեկցել նրանց, ում քարոզում ենք։

Կարեկից մարդը տեսնում է, թե մյուսները ինչ կարիքներ ու խնդիրներ ունեն, գթում է նրանց և ցանկանում է օգնել։ Եթե կորցնենք այս հատկությունը, կկորցնենք նաև մեր եռանդը, և մեր ծառայությունը անարդյունավետ կդառնա։ Եռանդը նման է կրակի, որը եթե թթվածնով ապահովես, կբորբոքվի ու վառ կմնա։ Որպեսզի մեր եռանդն էլ բոցավառվի, պետք է կարեկցանք զարգացնենք մարդկանց հանդեպ (1 Թեսաղ. 5։19

Ինչպե՞ս կարող ենք կարեկցանք զարգացնել, նույնիսկ երբ դա դժվար է։ Եկեք քննենք Եհովայի, Հիսուսի ու Պողոս առաքյալի օրինակները և տեսնենք, թե ինչպես կարող ենք նմանվել նրանց։

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՐԵԿՑԱՆՔԸ

Հազարավոր տարիներ է՝ մարդիկ անարգում են Եհովայի անունը, սակայն նա շարունակում է «բարի [լինել] ապերախտների և չարերի հանդեպ» (Ղուկ. 6։35)։ Նրա բարության դրսևորումներից է համբերատարությունը։ Եհովան ցանկանում է, որ «ամեն տեսակ մարդիկ» փրկվեն (1 Տիմոթ. 2։3, 4)։ Ճիշտ է, Աստված ատում է չարությունը, բայց նրա աչքում մարդիկ թանկ են, և նա չի ուզում, որ ինչ-որ մեկը կորցնի իր կյանքը (2 Պետ. 3։9

Եհովան հասկանում է, թե Սատանան ինչ մեծ վարպետությամբ է կուրացրել անհավատ մարդկանց (2 Կորնթ. 4։3, 4)։ Շատերին մանկուց Աստծու մասին սխալ բաներ են սովորեցրել և նրանց մեջ սխալ մտածելակերպ են սերմանել, ինչի պատճառով նրանց համար դժվար է ընդունել ճշմարտությունը։ Եհովան ցանկանում է օգնել այսպիսի մարդկանց։ Որտեղի՞ց գիտենք։

Նկատի առնենք, թե Եհովան ինչպես վերաբերվեց հին նինվեցիներին։ Թեև այդ ժողովուրդը հայտնի էր իր դաժանությամբ, նա Հովնանին ասաց. «Չպե՞տք է արդյոք ես էլ խղճայի Նինվե մեծ քաղաքին, որում հարյուր քսան հազարից ավել մարդ կա, ովքեր իրենց աջ ու ձախ ձեռքը չեն տարբերում իրարից» (Հովն. 4։11)։ Այս մարդիկ չգիտեին Աստծու մասին ճշմարտությունը։ Ուստի Եհովան ողորմածաբար Հովնան մարգարեին նրանց մոտ ուղարկեց։

Եհովայի պես մենք էլ ենք մարդկանց թանկ համարում։ Աստծուն ընդօրինակելու համար պետք է սրտանց ջանանք օգնել ցանկացած մարդու, նույնիսկ երբ առաջին հայացքից թվում է, թե նա չի ընդունի բարի լուրը։

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՀԻՍՈՒՍԻ ԿԱՐԵԿՑԱՆՔԸ

Հիսուսը իր Հոր պես կարեկցում էր հոգևորապես քաղցած մարդկանց։ Նրա մասին կարդում ենք. «Տեսնելով մարդկանց բազմությունը՝ նա խղճաց նրանց, որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթ. 9։36)։ Հիսուսը երևացող բաներից ավելին էր տեսնում։ Նա հասկանում էր, թե մարդիկ ինչու էին այդ վիճակում։ Կրոնական առաջնորդները նրանց սխալ բաներ էին սովորեցրել ու վատ էին վերաբերվել։ Թեև Հիսուսը գիտեր, որ իր ունկնդիրների մեծամասնությունը տարբեր խոչընդոտների պատճառով չէր դառնալու իր հետևորդը, միևնույն է, «շատ բաներ սովորեցրեց նրանց» (Մարկ. 4։1–9

Մի՛ հուսահատվիր, եթե մարդը հետաքրքրություն ցույց չի տալիս

Մարդկանց հանգամանքները փոխվում են, փոխվում է նաև նրանց վերաբերմունքը

Երբ մարդիկ վատ են արձագանքում մեր քարոզած լուրին, պետք է ձգտենք երևացող բաներից ավելին տեսնել՝ փորձելով հասկանալ, թե որն է պատճառը։ Ոմանք գուցե բացասաբար են վերաբերվում Աստվածաշնչին կամ քրիստոնեությանը, քանի որ տեսել են քրիստոնյա կոչվող որոշ մարդկանց վատ արարքները։ Կամ հնարավոր է՝ մեր հավատալիքների մասին ստեր են լսել։ Մյուսներն էլ վախենում են, որ եթե մեզ ընդունեն, իրենց հարևանների կամ ընտանիքի անդամների կողմից ծաղրուծանակի կենթարկվեն։

Ծառայության ժամանակ գուցե հանդիպենք մարդկանց, որոնց դժբախտություններ են պատահել, և նրանք էմոցիոնալ ծանր վիճակի մեջ են հայտնվել։ Քիմ անունով մի միսիոներ քույր ասում է. «Այնտեղ, որտեղ քարոզում եմ, շատերը պատերազմ տեսած մարդիկ են, որոնք կորցրել են իրենց ողջ ունեցվածքը։ Նրանք ապագայի ոչ մի հույս չունեն։ Այդ մարդիկ հուսախաբ են եղել և ոչ ոքի չեն վստահում։ Այդ տարածքում հաճախ են հակառակվում մեր քարոզած լուրին։ Մի անգամ ծառայության ժամանակ նույնիսկ հարձակվեցին ինձ վրա»։

Չնայած նման վերաբերմունքին՝ Քիմն ինչպե՞ս է կարողանում կարեկցել մարդկանց։ Նա ասում է. «Երբ ինձ վատ են վերաբերվում, հիշում եմ Առակներ 19։11-ում գրված խոսքերը. «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը»։ Հասկանալով, թե այդ մարդիկ ինչերի միջով են անցել՝ կարողանում եմ կարեկից լինել նրանց հանդեպ։ Եվ ի վերջո, ոչ բոլորն են թշնամանքով վերաբերվում մեզ։ Այդ տարածքում հրաշալի մարդիկ կան, որոնց կանոնավորաբար այցելում ենք»։

Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Եթե ես լինեի այն մարդկանց տեղը, ում քարոզում եմ, ինչպե՞ս կարձագանքեի Թագավորության լուրին»։ Օրինակ՝ ի՞նչ կանեինք, եթե անընդհատ ստեր լսած լինեինք Եհովայի վկաների մասին։ Գուցե մենք էլ վատ արձագանքեինք, և կարիք լիներ, որ մեր հանդեպ էլ կարեկցանք դրսևորեին։ Երբ հիշում ենք Հիսուսի այն պատվերը, որ պետք է ուրիշների հետ վարվենք այնպես, ինչպես կուզեինք՝ մեզ հետ վարվեին, մղվում ենք կարեկից լինել, նույնիսկ եթե դա դժվար է (Մատթ. 7։12

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՊՈՂՈՍԻ ԿԱՐԵԿՑԱՆՔԸ

Պողոս առաքյալը կարեկցանք էր դրսևորում նույնիսկ դաժան հակառակորդների հանդեպ։ Ինչո՞ւ։ Նա չէր մոռացել իր անցյալը։ Պողոսը գրեց. «Նախկինում ես հայհոյող, հալածող ու անպատկառ մարդ էի։ Բայց իմ հանդեպ ողորմություն ցուցաբերվեց, քանի որ տգիտությամբ և անհավատությամբ էի վարվում» (1 Տիմոթ. 1։13)։ Նա ընդունում էր, որ Եհովան ու Հիսուսը իր հանդեպ մեծ ողորմություն էին ցույց տվել։ Հնարավոր է՝ որոշ մարդկանց քարոզելիս նա նրանց մեջ նախկին Պողոսին էր տեսնում։

Երբեմն առաքյալը հանդիպում էր այնպիսի մարդկանց, որոնց մեջ կրոնական սխալ գաղափարներ էին արմատավորված։ Ինչպե՞ս էր նա վարվում։ Գործեր 17։16-ում ասվում է, որ Աթենքում գտնվելիս «նա զայրացավ, երբ տեսավ, որ քաղաքը կուռքերով է լցված»։ Այդուհանդերձ, նա իր խոսքում օգտագործեց հենց այն, ինչն իրեն զայրացրել էր, և հրաշալի վկայություն տվեց (Գործ. 17։22, 23)։ Նա հաշվի էր առնում մարդկանց ծագումն ու անցյալը և համապատասխան քարոզչական մեթոդներ էր կիրառում, որպեսզի «ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկի» (1 Կորնթ. 9։20–23

Երբ ծառայության ժամանակ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր բացասաբար են արձագանքում բարի լուրին կամ սխալ հավատալիքներ ունեն, կարող ենք ընդօրինակել Պողոսին։ Կարող ենք, նրանց հայացքներն օգտագործելով, հմտորեն մատուցել «լավագույն բաների մասին» բարի լուրը (Ես. 52։7)։ Դորոթի անունով մի քույր ասում է. «Մեր տարածքում շատերը այն կարծիքն են արտահայտում, թե Աստված դաժան դատավոր է։ Ես նրանց գովում եմ այն բանի համար, որ հավատում են Աստծու գոյությանը, իսկ հետո Աստվածաշնչից ցույց եմ տալիս այն հատվածները, որտեղ խոսվում է Եհովայի հրաշալի հատկությունների և ապագային առնչվող նրա խոստումների մասին»։

«ՄԻՇՏ ԲԱՐԻՈՎ ՀԱՂԹԻՐ ՉԱՐԻՆ»

Որքան շատ ենք մոտենում «վերջին օրերի» ավարտին, մարդիկ «ավելի ու ավելի են առաջ գնում չարության մեջ»։ Ուստի չպետք է զարմանանք, եթե նրանք, ում քարոզում ենք, ավելի վատ վերաբերվեն մեզ (2 Տիմոթ. 3։1, 13)։ Սակայն դրա պատճառով չպետք է կորցնենք մեր ուրախությունը և չպետք է թույլ տանք, որ մեր սիրտը կարծրանա։ Եհովան կարող է մեզ ուժ տալ, որ «միշտ բարիով հաղթենք չարին» (Հռոմ. 12։21)։ Ջեսիկա անունով մի ռահվիրա պատմում է. «Հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր խոնարհ չեն ու մեզ վերևից են նայում՝ արհամարհելով մեր հայտնած լուրը։ Դա երբեմն կարող է զայրացնել։ Ուստի զրույց սկսելուց առաջ աղոթում եմ Եհովային ու խնդրում, որ օգնի իր աչքերով նայել մարդուն։ Այդպես չեմ կենտրոնանում իմ զգացմունքների վրա, այլ մտածում եմ, թե ինչպես օգնեմ նրան»։

Մենք շարունակում ենք փնտրել նրանց, ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ

Ժամանակի ընթացքում մեր անխոնջ ջանքերը արդյունքներ են բերում

Մենք պետք է նաև մտածենք, թե ինչպես քաջալերենք մեր համագործակիցներին։ Ջեսիկան ասում է. «Եթե ծառայության ժամանակ միջադեպ է լինում, ձգտում եմ չկենտրոնանալ դրա վրա։ Փոխում եմ զրույցի թեման և ավելի շատ կենտրոնանում այն մտքի վրա, թե մեր ծառայությունը ինչ լավ արդյունքներ է բերում՝ չնայած ոմանց բացասական արձագանքին»։

Եհովան շատ լավ գիտի, թե ինչ դժվարությունների ենք բախվում ծառայության ժամանակ։ Որքա՜ն է նա ուրախանում, երբ ընդօրինակում ենք իր ողորմությունը (Ղուկ. 6։36)։ Ինչ խոսք, Եհովան հավիտյան չի կարեկցելու այս աշխարհի մարդկանց։ Կարող ենք վստահ լինել, որ նա ստույգ գիտի, թե երբ է այս աշխարհին վերջ դնելու ճիշտ ժամանակը։ Սակայն մինչ այդ մենք պետք է քարոզենք։ Այդ գործը հրատապ է (2 Տիմոթ. 4։2)։ Ուստի եկեք, կարեկցելով «ամեն տեսակ մարդկանց», շարունակենք եռանդով կատարել այդ հանձնարարությունը։