Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞ւմ են ուղղված աչքերդ

Ո՞ւմ են ուղղված աչքերդ

«Դեպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ո՜վ դու երկնքում Բնակվող» (ՍԱՂ. 123։1

ԵՐԳ 143, 124

1, 2. Ի՞նչ է նշանակում աչքերն ուղղել Եհովային։

ՄԵՆՔ ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում»։ Նախքան կգա նոր աշխարհը, և երկրի վրա իսկական խաղաղություն կհաստատվի, կյանքը գնալով ավելի կդժվարանա (2 Տիմոթ. 3։1)։ Ուստի լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Սովորաբար ումի՞ց եմ օգնություն և առաջնորդություն խնդրում։ Ո՞ւմ են ուղղված աչքերս»։ Հավանաբար կպատասխանենք. «Եհովային»։ Եվ դա, ինչ խոսք, ամենալավ պատասխանն է։

2 Իսկ ի՞նչ է նշանակում աչքերն ուղղել Եհովային։ Եվ ի՞նչ կարող ենք անել, որ դժվարությունների ժամանակ մեր աչքերը կենտրոնացած մնան նրա վրա։ Դարեր առաջ սաղմոսերգուն ասաց, որ նեղությունների ժամանակ պետք է մեր աչքերը բարձրացնենք դեպի Եհովան ու նրանից օգնություն խնդրենք (կարդա Սաղմոս 123։1–4)։ Նա մեզ համեմատեց ծառայի հետ, որը նայում է իր տիրոջը։ Ի՞նչ նկատի ուներ սաղմոսերգուն։ Ծառան ակնկալում է, որ տերը իրեն սննդով կապահովի ու կպաշտպանի։ Բացի այդ, ծառան մշտապես նայում է իր տիրոջը, որ հասկանա, թե նա ինչ է կամենում, ու նրա ուզածն անի։ Նույն ձևով էլ մենք պետք է ամեն օր ուսումնասիրենք Աստծու Խոսքը, որպեսզի հասկանանք, թե որն է նրա կամքը մեր առնչությամբ, և դրա համաձայն գործենք։ Միայն այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ դժվար պահին Եհովան մեզ հաճություն ցույց կտա (Եփես. 5։17

3. Ի՞նչը կարող է խանգարել մեզ կենտրոնացած մնալ Եհովայի վրա։

3 Թեև մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է մշտապես նայել Եհովային, երբեմն որոշ բաներ կարող են շեղել մեր ուշադրությունը։ Օրինակ՝ Հիսուսի մտերիմ ընկերներից մեկի՝ Մարթայի ուշադրությունը շեղվեց, քանի որ նա «բազում գործերով էր զբաղված» (Ղուկ. 10։40–42)։ Եթե անգամ Հիսուսի ներկայությամբ այս հավատարիմ մարդու ուշադրությունը շեղվեց, ապա չպետք է զարմանանք, եթե նման բան մեզ էլ պատահի։ Ի՞նչը կարող է խանգարել մեզ կենտրոնացած մնալ Եհովայի վրա։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ուրիշների արարքները ինչպես կարող են շեղել մեր ուշադրությունը։ Նաև կիմանանք, թե ինչպես կենտրոնացած մնանք Եհովայի վրա։

ՆԱ ԿՈՐՑՐԵՑ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ ՄՏՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

4. Ինչո՞ւ գուցե զարմանանք՝ կարդալով, որ Մովսեսը կորցրեց Ավետյաց երկիր մտնելու հնարավորությունը։

4 Մովսեսը, անկասկած, իր աչքերը հառել էր Եհովային՝ փնտրելով նրա առաջնորդությունը։ Այդ հավատարիմ մարդը «շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (կարդա Եբրայեցիներ 11։24–27)։ Ինչպես ասվում է Սուրբ Գրքում, «Իսրայելում Մովսեսի պես մարգարե երբեք չեղավ, որին Եհովան երես առ երես էր ճանաչում» (2 Օրենք 34։10)։ Բայց, չնայած որ Մովսեսը այսքան մտերիմ փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ, նա կորցրեց Ավետյաց երկիր մտնելու առանձնահատուկ հնարավորությունը (Թվեր 20։12)։ Ինչո՞ւ նա սայթաքեց։

5–7. Ի՞նչ խնդիր ծագեց, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, և Մովսեսն ինչպե՞ս վարվեց այդ իրավիճակում։

5 Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալուց հետո երկու ամիս էլ չէր անցել, և նրանք դեռ չէին հասել Սինա լեռ, երբ լուրջ խնդիր ծագեց։ Ժողովուրդը սկսեց բողոքել, որ ջուր չկա, և տրտնջալ Մովսեսի դեմ։ Իրավիճակն այնքան վատացավ, որ Մովսեսը աղաղակելով ասաց Եհովային. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին։ Քիչ է մնում՝ քարկոծեն ինձ» (Ելք 17։4)։ Ի պատասխան՝ Եհովան հստակ հրահանգներ տվեց Մովսեսին։ Նա պետք է վերցներ իր գավազանն ու հարվածեր Քորեբում գտնվող ժայռին, և այնտեղից ջուր կբխեր։ Սուրբ Գրքում կարդում ենք. «Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի երեցների աչքի առաջ»։ Իսրայելացիները խմեցին ու հագեցան, և խնդիրը լուծվեց (Ելք 17։5, 6

6 Աստվածաշնչում ասվում է, որ Մովսեսն այդ վայրը «կոչեց Մասսա և Մերիբա, քանի որ Իսրայելի որդիները վիճեցին այնտեղ ու փորձեցին Եհովային՝ ասելով. «Եհովան մեր մե՞ջ է, թե՞ ոչ»» (Ելք 17։7)։ Այս անվանումները տեղին էին, քանի որ դրանք նշանակում են «փորձություն» և «վեճ»։

7 Եհովան ի՞նչ էր կարծում Մերիբայում տեղի ունեցածի մասին։ Նա համարեց, որ իսրայելացիների գործողությունները ոչ միայն ապստամբություն են Մովսեսի դեմ, այլև ուղղված են իր աստվածային իշխանության դեմ (կարդա Սաղմոս 95։8, 9)։ Ակնհայտ է, որ իսրայելացիները սխալ բան արեցին։ Այս իրավիճակում Մովսեսը ճիշտ վարվեց. նա աչքերն ուղղեց Եհովային ու ամենայն մանրամասնությամբ հետևեց նրա առաջնորդությանը։

8. Ի՞նչ խնդիր ծագեց այն ժամանակ, երբ իսրայելացիների դեգերումներն անապատում մոտենում էին ավարտին։

8 Սակայն ի՞նչ եղավ մոտ 40 տարի հետո, երբ նույնպիսի դեպք պատահեց։ Իսրայելացիները, որոնց դեգերումներն անապատում մոտենում էին ավարտին, եկան մի վայր, որը ևս կոչվեց Մերիբա։ Սակայն սա ուրիշ վայր էր։ Այն Կադեսի մոտ էր՝ Ավետյաց երկրի սահմանից ոչ հեռու։ * Այստեղ իսրայելացիները կրկին սկսեցին բողոքել, որ ջուր չկա (Թվեր 20։1–5)։ Սակայն այս անգամ Մովսեսն այլ կերպ վարվեց։

9. Եհովան ի՞նչ հրահանգներ տվեց Մովսեսին, սակայն վերջինս ի՞նչ արեց (տես հոդվածի սկզբի նկարը)։

9 Ինչպե՞ս արձագանքեց Մովսեսը։ Նա կրկին իր աչքերն ուղղեց Եհովային և առաջնորդություն խնդրեց։ Բայց այս անգամ Եհովան Մովսեսին պատվիրեց ոչ թե հարվածել ժայռին, այլ վերցնել իր գավազանը, ժայռի առաջ հավաքել ժողովրդին և ասել ժայռին, որ այն ջուր տա (Թվեր 20։6–8)։ Սակայն Մովսեսը ժայռին չասաց, որ ջուր տա։ Ժողովրդի առաջ արտահայտելով իր վրդովմունքը՝ նա բղավեց. «Լսեցե՛ք, ո՛վ ապստամբներ։ Ի՞նչ է, ջուր հանե՞նք ձեզ համար այս ժայռից»։ Հետո նա հարվածեց ժայռին, այն էլ երկու անգամ (Թվեր 20։10, 11

10. Եհովան ինչպե՞ս արձագանքեց Մովսեսի արարքին։

10 Եհովան շատ զայրացավ Մովսեսի վրա (2 Օրենք 1։37; 3։26)։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ, ինչպես նշվեց, Մովսեսը չգործեց իր ստացած նոր հրահանգների համաձայն։

11. Մովսեսն իր գործողություններով ինչո՞ւ կարող էր ստվեր գցել Եհովայի հրաշքի վրա։

11 Ուրիշ պատճառ էլ կարող էր լինել։ Առաջին Մերիբայում գտնվող ժայռային գոյացությունները կարծր գրանիտից են։ Ոչ ոք չէր ակնկալի, որ եթե դրանց ուժգին հարվածեին, ջուր կբխեր։ Իսկ երկրորդ Մերիբայում գտնվող ժայռերը հիմնականում կրաքարից են, որն ավելի փափուկ նյութ է։ Քանի որ կրաքարը ծակոտկեն ապար է, այսպիսի տարածքներում հաճախ ստորգետնյա ջրամբարներ են լինում, որտեղից կարելի է ջուր հանել։ Ուստի երբ Մովսեսը երկու անգամ հարվածեց ծակոտկեն ժայռին, մի՞թե իսրայելացիները չէին մտածի, որ ջուրը դուրս եկավ բնական ճանապարհով, ոչ թե Եհովայի շնորհիվ։ Հնարավո՞ր է արդյոք, որ իր գործողություններով Մովսեսը ստվեր գցեց այդ հրաշքի վրա։ * Հաստատ չենք կարող ասել։

ՄՈՎՍԵՍԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

12. Ո՞րն է մյուս հնարավոր պատճառը, թե ինչու Եհովան բարկացավ Մովսեսի ու Ահարոնի վրա։

12 Ուրիշ հնարավոր պատճառ էլ կա, թե Եհովան ինչու բարկացավ Մովսեսի ու Ահարոնի վրա։ Ուշադրություն դարձրու, թե Մովսեսն ինչ ասաց ժողովրդին. «Ի՞նչ է, ջուր հանե՞նք ձեզ համար այս ժայռից»։ «Հանենք» ասելով՝ Մովսեսը հավանաբար նկատի ուներ իրեն ու Ահարոնին։ Մովսեսը հարգանք ցույց չտվեց Եհովայի՝ այդ հրաշքի իրական Աղբյուրի հանդեպ։ Սաղմոս 106։32, 33 համարներում կարդում ենք. «Նրանք բարկացրին նրան Մերիբայի ջրերի մոտ, և նրանց պատճառով Մովսեսը չարիքի մեջ ընկավ։ Նրանք դառնացրին նրա ոգին, և նա սկսեց անխոհեմ բաներ խոսել իր շուրթերով» * (Թվեր 27։14)։ Իր գործողություններով Մովսեսը ըստ արժանվույն չպատվեց Եհովային։ Դիմելով Մովսեսին ու Ահարոնին՝ Աստված ասաց. «Դուք ապստամբեցիք.... իմ տված պատվերի դեմ» (Թվեր 20։24)։ Սա լուրջ մեղք էր։

13. Մովսեսի նկատմամբ Եհովայի կայացրած դատավճիռն ինչո՞ւ էր արդարացի։

13 Քանի որ Մովսեսն ու Ահարոնը Եհովայի ժողովրդի առաջնորդներն էին, նա նրանցից ավելին էր ակնկալում (Ղուկ. 12։48)։ Եհովան իսրայելացիների մի ամբողջ սերնդի թույլ չէր տվել մտնել Քանանի երկիր, քանի որ նրանք ապստամբել էին իր դեմ (Թվեր 14։26–30, 34)։ Ուստի արդարացի էր, որ Եհովան հետևողականորեն վարվեց ու Մովսեսի նկատմամբ նույն դատավճիռը կայացրեց։ Մյուս ապստամբների պես նրան նույնպես թույլ չտրվեց մտնել Ավետյաց երկիր։

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

14, 15. Ինչո՞ւ Մովսեսը ապստամբեց։

14 Ո՞րն էր Մովսեսի ապստամբության պատճառը։ Կրկին ուշադրություն դարձնենք Սաղմոս 106։32, 33 համարներին. «Նրանք բարկացրին նրան Մերիբայի ջրերի մոտ, և նրանց պատճառով Մովսեսը չարիքի մեջ ընկավ։ Նրանք դառնացրին նրա ոգին, և նա սկսեց անխոհեմ բաներ խոսել իր շուրթերով»։ Թեև իսրայելացիները Եհովայի դեմ ապստամբեցին, Մովսեսն էր, որ դառնացավ։ Կորցնելով ինքնատիրապետումը՝ նա առանց հետևանքների մասին մտածելու անխոհեմ բաներ ասաց։

15 Մովսեսը թույլ տվեց, որ ուրիշների արարքը իր ուշադրությունը շեղի Եհովայից։ Առաջին անգամ նա ճիշտ էր վարվել (Ելք 7։6)։ Սակայն հնարավոր է, որ տասնամյակներ շարունակ գործ ունենալով ըմբոստ իսրայելացիների հետ՝ Մովսեսը հոգնել էր ու դառնացել։ Հնարավոր է՝ նա կենտրոնացավ իր զգացմունքների վրա, ոչ թե այն բանի, թե ինչպես փառք բերի Եհովային։

16. Ինչո՞ւ պետք է դասեր քաղենք Մովսեսի սխալից։

16 Եթե Մովսեսի պես հավատարիմ մարգարեի ուշադրությունը շեղվեց, ու նա սայթաքեց, մեզ էլ կարող է նման բան պատահել։ Ինչպես որ Մովսեսն էր պատրաստվում մտնել Ավետյաց երկիր, այնպես էլ մենք ենք կանգնած Եհովայի խոստացած նոր աշխարհի շեմին (2 Պետ. 3։13)։ Մեզնից ոչ ոք չի ցանկանա կորցնել այնտեղ մտնելու առանձնահատուկ հնարավորությունը։ Սակայն մեր նպատակակետին հասնելու համար պետք է կենտրոնացած մնանք Եհովայի վրա՝ միշտ ձգտելով կատարել նրա կամքը (1 Հովհ. 2։17)։ Ի՞նչ դասեր ենք քաղում Մովսեսի գործած սխալից։

ԹՈՂ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ ՉՇԵՂԵՆ ՔԵԶ

17. Ի՞նչը կօգնի չտրվել բարկությանը։

17 Մի՛ տրվիր բարկությանը։ Նույնիսկ երբ նորից ու նորից նույն խնդիրներին ենք բախվում, թող որ «չհոգնենք բարին անելուց, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք» (Գաղ. 6։9; 2 Թեսաղ. 3։13)։ Երբ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի պատճառով վրդովվում ենք, կարողանո՞ւմ ենք արդյոք տիրապետել մեզ և զսպել մեր շուրթերը (Առակ. 10։19; 17։27; Մատթ. 5։22)։ Նման դեպքերում պետք է սովորենք թույլ տալ, որ «մեր փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը» (կարդա Հռոմեացիներ 12։17–21)։ Եթե մեր աչքերը Եհովային են ուղղված, մենք նրա՛ ցասմանը տեղ կտանք և համբերությամբ կսպասենք, որ նա՛ գործի, երբ ինքը անհրաժեշտ համարի։ Այսպես պատշաճ հարգանք կդրսևորենք մեր Աստծու հանդեպ։ Իսկ եթե փորձենք վրեժխնդիր լինել, ցույց կտանք, որ չենք հարգում նրան։

18. Ի՞նչ պետք է հիշենք Եհովայի առաջնորդությանը հետևելու վերաբերյալ։

18 Ամենայն մանրամասնությամբ հետևիր նոր առաջնորդությանը։ Հավատարմորեն հետևո՞ւմ ենք Եհովայի տված նոր առաջնորդությանը։ Երբ նոր հրահանգներ ենք ստանում, չպետք է շարունակենք ամեն ինչ անել այնպես, ինչպես նախկինում ենք արել։ Փոխարենը՝ պետք է իսկույն հետևենք նոր առաջնորդությանը, որ Եհովան իր կազմակերպության միջոցով տալիս է մեզ (Եբր. 13։17)։ Միևնույն ժամանակ պետք է ուշադիր լինենք, որ «գրվածից այն կողմ չանցնենք» (1 Կորնթ. 4։6)։ Եթե այդպես վարվենք, մեր աչքերը ուղղված կլինեն Եհովային։

Ի՞նչ դաս ենք քաղում Մովսեսի սխալից (տես պարբերություն 19)

19. Ինչպե՞ս կարող ենք պահպանել Եհովայի հետ մեր ունեցած փոխհարաբերությունները՝ չնայած ուրիշների սխալներին։

19 Թույլ մի՛ տուր, որ ուրիշների սխալները վնասեն քո ու Եհովայի փոխհարաբերությունները։ Եթե մեր հայացքն ուղղված լինի Եհովային, թույլ չենք տա, որ ուրիշների արարքները դառնացնեն մեզ կամ վնասեն նրա հետ մեր ունեցած փոխհարաբերությունները։ Սա հատկապես կարևոր է, եթե Աստծու կազմակերպության մեջ Մովսեսի պես որոշակի պատասխանատվություններ ունենք։ Թեև յուրաքանչյուրս պետք է «շարունակի ձգտել վախով ու դողով հասնելու իր փրկությանը», սակայն հարկ է հիշել, որ Եհովան միևնույն խստությամբ չի դատում իր ծառաներին (Փիլիպ. 2։12)։ Որքան շատ են մեր պատասխանատվությունները, այնքան ավելին է նա մեզանից ակնկալում (Ղուկ. 12։48)։ Բայց եթե մենք իսկապես սիրում ենք Եհովային, ոչինչ սայթաքելու պատճառ չի դառնա մեզ համար և չի բաժանի Աստծու սիրուց (Սաղ. 119։165; Հռոմ. 8։37–39

20. Ի՞նչ պետք է վճռենք անել։

20 Այս դժվար ժամանակներում թող որ մեր աչքերը միշտ ուղղված լինեն դեպի վեր՝ դեպի «երկնքում Բնակվողը», որ հասկանանք ու կատարենք նրա կամքը։ Եկեք դաս քաղենք Մովսեսին պատահած դեպքից և այն դաջենք մեր սրտում ու մտքում. երբեք թույլ չտանք, որ ուրիշների արարքները բացասաբար ազդեն Աստծու հետ մեր ունեցած փոխհարաբերությունների վրա։ Մարդկանց անկատարության վրա կենտրոնանալու փոխարեն՝ եկեք «մեր աչքերը Եհովային՝ մեր Աստծուն ուղղենք, մինչև որ նա իր հաճությունը ցույց տա մեզ» (Սաղ. 123։1, 2

^ պարբ. 8 Սա այն Մերիբան չէ, որը Ռաֆիդիմի մոտ էր։ Առաջին վայրը կոչվում է նաև Մասսա, իսկ երկրորդը հիշատակվում է Կադեսի հետ։ Սակայն երկու վայրերն էլ ստացան Մերիբա անունը այնտեղ ծագած վեճի պատճառով (տես «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույց», մաս 7

^ պարբ. 11 Պրոֆեսոր Ջոն Բեքն ասում է. «Մի հրեական ավանդազրույցի համաձայն՝ ապստամբները Մովսեսին հետևյալ խոսքերով քննադատեցին. «Մովսեսը գիտի այս ժայռի առանձնահատկությունները։ Եթե նա ուզում է ցույց տալ հրաշքներ գործելու իր զորությունը, թող մյուս ժայռից ջուր հանի»»։ Սակայն սա ընդամենը ավանդազրույց է։

^ պարբ. 12 Տես «Դիտարան», 1987, հոկտեմբերի 15, «Ընթերցողների հարցերը», անգլ. («Դիտարան», 1989, հունվարի 1, «Ընթերցողների հարցերը», ռուս.)։