Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞ւմ կողմից ես ուզում ճանաչված ու գնահատված լինել

Ո՞ւմ կողմից ես ուզում ճանաչված ու գնահատված լինել

«Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ» (ԵԲՐ. 6։10

ԵՐԳ 39, 30

1. Ի՞նչ բնական ցանկություն ունի յուրաքանչյուրս։

ՔԵԶ ինչպե՞ս կզգաս, եթե ինչ-որ մեկը, ում ճանաչում ես ու հարգում, մոռանա անունդ կամ, ավելի վատ, քեզ չճանաչի։ Գուցե վհատվես։ Ինչո՞ւ։ Քանի որ բոլորս էլ բնականից ցանկանում ենք, որ մեր ծանոթները մեզ նկատեն և ճանաչեն։ Մենք նաև ուզում ենք, որ մարդիկ իմանան, թե ինչպիսին ենք մենք, և գնահատեն մեր արած բաները (Թվեր 11։16; Հոբ 31։6

2, 3. Գնահատված լինելու ցանկությունը ինչպե՞ս կարող է աղավաղվել (տես հոդվածի սկզբի նկարը)։

2 Քանի որ մենք անկատար ենք, մեր բնական ցանկությունները կարող են սխալ դրսևորվել։ Դա վերաբերում է նաև գնահատված լինելու ցանկությանը։ Գուցե ուզենանք, որ ուրիշները մեծարեն մեզ։ Սատանայի աշխարհը մարդկանց մեջ ճանաչում ու հռչակ ձեռք բերելու ցանկություն է բորբոքում, ինչը նրանց ուշադրությունը շեղում է մեր երկնային Հորից՝ Եհովա Աստծուց, ով իսկապես արժանի է, որ իրեն մեծարենք ու երկրպագենք (Հայտն. 4։11

3 Հիսուսի օրերում որոշ կրոնական առաջնորդներ սխալ տեսակետ ունեին այն մասին, թե ինչպիսի ճանաչման արժե ձգտել։ Ուստի Հիսուսը դատապարտեց նրանց։ Նա իր հետևորդներին ասաց. «Զգո՛ւյշ եղեք դպիրներից, որոնք սիրում են պատմուճաններով շրջել, հրապարակներում ողջույններ ընդունել, ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը.... Նրանք ավելի խիստ դատաստան պիտի ստանան» (Ղուկ. 20։46, 47)։ Միևնույն ժամանակ Հիսուսը գովեց մի աղքատ այրի կնոջ, որի նվիրաբերությունը, հավանաբար, ուրիշների աչքից աննկատ մնաց (Ղուկ. 21։1–4)։ Այո՛, ճանաչված ու գնահատված լինելու վերաբերյալ Հիսուսը բոլորովին այլ տեսակետ ուներ։ Այս հոդվածը կօգնի մեզ ճիշտ տեսակետ ունենալ այս հարցում՝ այնպիսին, ինչպիսին որ Եհովային է հաճելի։

ԵՀՈՎԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՒ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՏԻՎ Է

4. Ո՞ւմ կողմից ես ուզում ճանաչված ու գնահատված լինել և ինչո՞ւ։

4 Ո՞ւմ կողմից արժե ճանաչված ու գնահատված լինել։ Շատերն ուզում են ճանաչում ձեռք բերել գիտության, բիզնեսի, արվեստի ու սպորտի ոլորտներում։ Սակայն այսպիսի ճանաչման չէ, որ մենք ձգտում ենք։ Պողոս առաքյալը գրեց. «Հիմա, երբ ճանաչեցիք Աստծուն կամ, ավելի ճիշտ, երբ Աստված ճանաչեց ձեզ, ինչպե՞ս եք նորից վերադառնում այն տկար և ողորմելի տարրական բաներին և ուզում եք կրկին դրանց ծառայել» (Գաղ. 4։9)։ Ճանաչված լինել Աստծու՝ տիեզերքի Գերիշխանի կողմից. դրանից մեծ պատիվ չկա։ Նա ցանկանում է մտերիմ լինել մեզ հետ։ Ինչպես գրել է մի աստվածաշնչագետ, Աստված մեզ «իր ուշադրությանն ու հավանությանն է արժանացնում»։ Երբ Եհովան ընդունում է մեզ որպես իր ընկերներ, այդ ժամանակ մենք հասնում ենք մեր գոյության նպատակին (Ժող. 12։13, 14

5. Ի՞նչ պետք է անենք, որ Աստված ճանաչի մեզ որպես իր ընկեր։

5 Մովսեսին Եհովան ճանաչում էր որպես իր ընկեր։ Երբ Մովսեսը խնդրեց Աստծուն, որ ավելի շատ բան հայտնի Իր ճանապարհների մասին, Նա պատասխանեց. «Քո ասած այս բանն էլ կանեմ, որովհետև դու հաճություն ես գտել իմ աչքում, և ես քեզ անունով եմ ճանաչում» (Ելք 33։12–17)։ Մենք նույնպես կօրհնվենք, երբ Եհովան ճանաչի մեզ որպես իր ընկեր։ Իսկ ի՞նչ պետք է անենք դրա համար։ Պետք է սիրենք նրան ու մեր կյանքը նրան նվիրենք (կարդա 1 Կորնթացիներ 8։3

6, 7. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ կորցնենք Եհովայի հետ մեր ունեցած փոխհարաբերությունները։

6 Մենք նաև պետք է պահպանենք մեր երկնային Հոր հետ ունեցած թանկ փոխհարաբերությունները։ Ինչպես Պողոս առաքյալը հորդորեց Գաղատիայի քրիստոնյաներին, մենք չպետք է ծառայենք այս աշխարհի «տկար և ողորմելի տարրական բաներին», այդ թվում՝ չպետք է ձգտենք աշխարհում ճանաչում ձեռք բերել (Գաղ. 4։9)։ Գաղատացի քրիստոնյաները ճանաչում էին Աստծուն, և Աստված էլ նրանց էր ճանաչում։ Սակայն Պողոսը գրեց, որ նրանք սկսել էին վերադառնալ դատարկ բաներին։ Նա, ըստ էության, նրանց ասում էր. «Այսքան ճանապարհ անցնելուց հետո ինչո՞ւ եք վերադառնում ձեր հետևում թողած անմիտ ու անարժեք բաներին»։

7 Նույնը կարող է պատահել մեզ։ Երբ ճանաչեցինք Եհովային, Պողոսի պես մենք էլ հրաժարվեցինք Սատանայի աշխարհում ճանաչում ունենալու հնարավորությունից (կարդա Փիլիպպեցիներ 3։7, 8)։ Օրինակ՝ գուցե հրաժարվեցինք բարձրագույն կրթություն ստանալու, աշխատանքի վայրում առաջ գնալու կամ բիզնեսի բնագավառում շատ փող վաստակելու հնարավորությունից։ Բացառված չէ, որ սպորտի կամ երաժշտության ոլորտում մեր ունեցած տաղանդների շնորհիվ հարստություն և մեծ հռչակ ձեռք բերեինք, սակայն մենք հրաժարվեցինք այդ ամենից (Եբր. 11։24–27)։ Ինչպիսի՜ անմտություն կլինի, եթե այժմ ափսոսանք մեր կայացրած ճիշտ որոշումների համար և մտածենք, թե ինչ-որ հնարավորություն ենք բաց թողել։ Այդպիսի մտածելակերպը մեզ հետ կտանի այն բաներին, որոնք, ինչպես ինքներս ենք համոզվել, այս աշխարհի «տկար և ողորմելի տարրական բաներն» են։ *

ՎՃՌԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՆԱԼ

8. Ի՞նչը կօգնի, որ ավելի շատ ցանկանանք Աստծո՛ւ կողմից ճանաչված ու գնահատված լինել։

8 Ի՞նչը կօգնի, որ մենք ավելի շատ ցանկանանք Աստծո՛ւ կողմից ճանաչված ու գնահատված լինել, ոչ թե աշխարհի։ Պետք է երկու կարևոր բան մտապահենք։ Առաջին՝ Եհովան միշտ հիշում ու գնահատում է նրանց, ովքեր հավատարմորեն ծառայում են իրեն (կարդա Եբրայեցիներ 6։10; 11։6)։ Նրա համար թանկ է իր ծառաներից յուրաքանչյուրը։ Նա համարում է, որ «անարդար» կվարվի, եթե իրեն հավատարիմներից որևէ մեկին անտեսի։ Եհովան «ճանաչում է նրանց, ովքեր իրենն են» (2 Տիմոթ. 2։19)։ Նա «գիտի արդարների ճանապարհը», գիտի, թե ինչպես նրանց «ազատի փորձությունից» (Սաղ. 1։6; 2 Պետ. 2։9

9. Եհովան ինչպե՞ս է ցույց տվել, որ թանկ է գնահատում իր ժողովրդին։ Բեր օրինակ։

9 Որոշ դեպքերում Եհովան առանձնահատուկ կերպով է ցույց տվել, որ թանկ է գնահատում իր ծառաներին (2 Տար. 20։20, 29)։ Օրինակ՝ հիշենք այն դեպքը, երբ նա Կարմիր ծովի մոտ փրկեց իր ժողովրդին, որին հետապնդում էր փարավոնի հզոր բանակը (Ելք 14։21–30; Սաղ. 106։9–11)։ Դա այնքան տպավորիչ իրադարձություն էր, որ 40 տարի անց էլ այդ տարածքում բնակվող մարդիկ դեռ խոսում էին դրա մասին (Հեսու 2։9–11)։ Մենք շատ ենք քաջալերվում՝ խորհելով այս դեպքերի շուրջ, որոնցից երևում է Եհովայի սերն ու զորությունը։ Չէ՞ որ, ինչպես կանխագուշակված է Աստվածաշնչում, Մագոգի Գոգը շուտով կհարձակվի մեզ վրա (Եզեկ. 38։8–12)։ Այդ ժամանակ մենք շատ ուրախ կլինենք, որ ձգտել ենք ճանաչված ու գնահատված լինել ոչ թե աշխարհի կողմից, այլ Աստծու։

10. Ի՞նչ կարևոր ճշմարտություն պետք է միշտ հիշենք։

10 Երկրորդ կարևոր բանը, որ պետք է միշտ հիշենք, հետևյալն է. Եհովան կարող է լիովին անսպասելի ձևով ցույց տալ, որ մեզ թանկ է գնահատում։ Հիսուսի խոսքերով՝ նրանք, ովքեր մարդկանց աչքը մտնելու համար են բարի գործեր անում, Եհովայից ոչ մի վարձատրություն չեն ստանա։ Ինչո՞ւ։ Որովհետև իրենց վարձատրությունն արդեն ամբողջությամբ ստացել են՝ մարդկանց կողմից փառավորվել են (կարդա Մատթեոս 6։1–5)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր իրենց բարի գործերի համար ըստ արժանվույն չեն գնահատվում ուրիշների կողմից։ Եհովան, «դիտելով ծածուկ տեղից», նկատում է նրանց արածը և հատուցում։ Երբեմն էլ նա անսպասելի ձևերով է մեզ վարձատրում։ Եկեք քննենք մի քանի օրինակ։

ԽՈՆԱՐՀ ԱՂՋԻԿԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՆՈՒՄ

11. Եհովան ինչպե՞ս պատվի արժանացրեց Մարիամին։

11 Երբ եկավ ժամանակը, որ Աստծու Որդին ծնվի որպես մարդ, Եհովան ընտրեց մի խոնարհ կույսի՝ Մարիամին, որ նա դառնա այդ առանձնահատուկ երեխայի մայրը։ Մարիամն ապրում էր մի աննշան քաղաքում՝ Նազարեթում, որը հեռու էր Երուսաղեմից ու նրա վեհաշուք տաճարից (կարդա Ղուկաս 1։26–33)։ Ինչո՞ւ հենց նա ընտրվեց այդ պատվավոր առաջադրանքի համար։ Գաբրիել հրեշտակը նրան ասաց, որ «Աստծու բարեհաճությանն է արժանացել»։ Մարիամն իսկապես հոգևոր մարդ էր։ Դա տեսնում ենք նրա խոսքերից, որ նա ասաց իր ազգական Եղիսաբեթին (Ղուկ. 1։46–55)։ Այո՛, Եհովան նկատել էր Մարիամին։ Նրա հավատարմության համար Աստված անսպասելիորեն մեծ պատվի արժանացրեց նրան։

12, 13. Հիսուսն ի՞նչ պատվի արժանացավ իր ծնվելու օրը և 40 օր անց։

12 Երբ Մարիամը ծնեց Հիսուսին, Եհովան Երուսաղեմում ու Բեթլեհեմում գտնվող ոչ մի պաշտոնյայի կամ կառավարչի արժանի չհամարեց հայտնելու այդ մասին։ Փոխարենը՝ այդ կարևոր լուրը հրեշտակների միջոցով հայտնեց խոնարհ հովիվների, որոնք իրենց ոչխարներին արածեցնում էին Բեթլեհեմի շրջակայքում գտնվող դաշտերում (Ղուկ. 2։8–14)։ Դրանից հետո հովիվները գնացին նորածնին տեսնելու (Ղուկ. 2։15–17)։ Մարիամն ու Հովսեփը հավանաբար անակնկալի եկան, երբ Հիսուսը այսպիսի պատվի արժանացավ։ Մտածիր, թե որքան է տարբերվում Եհովայի ու Սատանայի գործելակերպը։ Երբ Սատանան Հիսուսի ու նրա ծնողների մոտ աստղագուշակների ուղարկեց, ամբողջ Երուսաղեմը խռովվեց՝ լսելով մանկան ծննդի մասին (Մատթ. 2։3)։ Դրա պատճառով բազում անմեղ երեխաներ սպանվեցին (Մատթ. 2։16

13 Հիսուսի ծնվելուց 40 օր անց Մարիամը պետք է գնար Երուսաղեմի տաճար, որը Բեթլեհեմից 9 կիլոմետր (6 մղոն) հեռու էր, ու Եհովային ընծա մատուցեր։ Ուստի նա Հովսեփի ու Հիսուսի հետ ուղևորվեց Երուսաղեմ (Ղուկ. 2։22–24)։ Հնարավոր է՝ ճանապարհին Մարիամը մտածում էր, թե արդյոք զոհ մատուցող քահանան հատուկ ձևով կընդգծի այն դերը, որ ապագայում ունենալու էր Հիսուսը։ Տաճարում Հիսուսը պատվի արժանացավ, բայց ոչ այնպես, ինչպես հավանաբար ակնկալում էր Մարիամը։ Եհովան Սիմեոն անունով մի արդար ու աստվածավախ տղամարդու, ինչպես նաև մի 84-ամյա այրի կնոջ՝ Աննա մարգարեուհու միջոցով հայտնեց, որ այդ երեխան է լինելու խոստացված Մեսիան, կամ՝ Քրիստոսը (Ղուկ. 2։25–38

14. Մարիամը ի՞նչ օրհնություններ ստացավ Եհովայից։

14 Արդյո՞ք Եհովան շարունակեց Մարիամին պատվի արժանացնել այն բանի համար, որ նա հավատարմորեն հոգ էր տանում Իր Որդուն։ Այո՛։ Եհովան նրա ասած և արած բաների մասին գրել տվեց Աստվածաշնչում։ Հիսուսի՝ երեք ու կես տարի տևած ծառայության ընթացքում Մարիամը, ամենայն հավանականությամբ, հնարավորություն չուներ նրա հետ ճանապարհորդելու։ Նա, ըստ ամենայնի, այրի էր և հանգամանքների բերումով ստիպված էր մնալ Նազարեթում։ Ուստի ուշագրավ շատ դեպքերի ականատես չեղավ։ Սակայն երբ իր որդին մահանում էր, Մարիամը նրա կողքին էր (Հովհ. 19։26)։ Ավելի ուշ՝ Պենտեկոստեին նախորդող օրերին, նա Հիսուսի աշակերտների հետ Երուսաղեմում էր (Գործ. 1։13, 14)։ Իսկ Պենտեկոստեի օրը, երբ թափվեց սուրբ ոգին, ամենայն հավանականությամբ, նա էլ օծվեց մյուսների հետ և հնարավորություն ստացավ հավիտյան լինելու Հիսուսի մոտ՝ երկնքում։ Ի՜նչ հրաշալի վարձատրություն։

ԵՀՈՎԱՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԹԱՆԿ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐ ՈՐԴՈՒՆ

15. Եհովան ինչպե՞ս Հիսուսին ցույց տվեց իր հավանությունը, երբ նա երկրի վրա էր։

15 Հիսուսը չէր ձգտում պատվի արժանանալ կրոնական կամ քաղաքական առաջնորդների կողմից։ Սակայն կարող ենք պատկերացնել, թե նա որքան քաջալերվեց, երբ իր Հոր՝ Եհովայի հավանությանն արժանացավ, ով երեք անգամ խոսեց երկնքից՝ ցույց տալով իր հաճությունը։ Երբ Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում, Եհովան ասաց. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթ. 3։17)։ Ըստ ամենայնի, Հիսուսից բացի՝ միայն Հովհաննես Մկրտիչը լսեց այս խոսքերը։ Իսկ Հիսուսի մահից մոտ մեկ տարի առաջ նրա երեք առաքյալները լսեցին Եհովայի ձայնը, որ ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, նրա՛ն լսեք» (Մատթ. 17։5)։ Հիսուսի մահից մի քանի օր առաջ Եհովան կրկին խոսեց երկնքից (Հովհ. 12։28

Ի՞նչ ես սովորում այն բանից, թե ինչպես Եհովան ցույց տվեց իր գնահատանքը Հիսուսի հանդեպ (տես պարբերություն 15–17)

16, 17. Եհովան ի՞նչ անսպասելի բան արեց Հիսուսի համար՝ պատվելով նրան։

16 Թեև Հիսուսը գիտեր, որ անարդարացիորեն մեղադրվելու է Աստծուն հայհոյելու մեջ և խայտառակ մահով է մահանալու, նա աղոթեց, որ կատարվի Եհովայի և ոչ թե իր կամքը (Մատթ. 26։39, 42)։ «Նա, ամոթն արհամարհելով, տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ», որովհետև փնտրում էր ոչ թե աշխարհի, այլ միայն իր Հոր հաճությունը (Եբր. 12։2)։ Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ թանկ է գնահատում նրան։

17 Երբ Հիսուսը երկրի վրա էր, ցանկություն հայտնեց նորից ստանալու այն փառքը, որ նախկինում ուներ երկնքում՝ իր Հոր մոտ (Հովհ. 17։5)։ Աստվածաշնչում ոչ մի ակնարկ չկա, թե Հիսուսն ավելին էր ակնկալում։ Նա չէր սպասում, որ երկնքում ավելի մեծ դիրք կունենա, քան նախկինում։ Սակայն Եհովան անսպասելի բան արեց. Հիսուսին հարություն տալով՝ «առավել բարձր դիրքի արժանացրեց նրան» ու տվեց այն, ինչ ոչ ոք մինչ այդ չէր ստացել՝ անմահություն * (Փիլիպ. 2։9; 1 Տիմոթ. 6։16)։ Ի՜նչ առանձնահատուկ ձևով Եհովան ցույց տվեց իր գնահատանքը Հիսուսի հավատարիմ ծառայության համար։

18. Ի՞նչը կօգնի, որ չձգտենք այս աշխարհի հավանությունը ստանալ։

18 Ի՞նչը կօգնի, որ չձգտենք այս աշխարհի հավանությունը ստանալ։ Պետք է հիշենք, որ Եհովան միշտ ըստ արժանվույն գնահատում ու վարձատրում է իր հավատարիմ ծառաներին և հաճախ դա անսպասելի ձևով է անում։ Ո՞վ գիտի, թե ինչ անսպասելի օրհնություններ կստանանք ապագայում։ Իսկ այժմ, փորձություններ ու նեղություններ կրելով այս չար համակարգում, թող երբեք չմոռանանք, որ այս աշխարհն ու նրա առաջարկած փառքը անցնում են (1 Հովհ. 2։17)։ Մեր սիրառատ Հայրը՝ Եհովան, «անարդար չէ, որ մոռանա մեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցինք իր անվան հանդեպ» (Եբր. 6։10)։ Նա անպայման կվարձատրի մեզ, գուցե այնպես, որ այժմ չենք էլ կարող պատկերացնել։

^ պարբ. 7 Աստվածաշնչի այլ թարգմանություններում «ողորմելի» բառը թարգմանվել է «անօգուտ», «աղքատ», «չքավոր» և «խղճուկ» բառերով։

^ պարբ. 17 Սա, ըստ ամենայնի, անսպասելի օրհնություն էր, քանի որ Եբրայերեն Գրություններում «անմահություն» բառը չի հանդիպում։