ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արել եմ այն, ինչ պարտավոր էի անել
ԱՎԵԼԻ քան երեք տասնամյակ Դոնալդ Ռիդլին պաշտպանել է Եհովայի վկաների շահերը տարբեր դատական ատյաններում։ Նա կարևոր դեր է խաղացել ծնողների՝ արյան փոխներարկումից հրաժարվելու իրավունքը հաստատելու հարցում։ Նաև մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ տարբեր նահանգների Գերագույն դատարաններում տարած հաղթանակներում։ Ընկերները նրան Դոն էին անվանում։ Նա հայտնի էր իր աշխատասիրությամբ, խոնարհությամբ և անձնազոհությամբ։
2019 թ.-ին Դոնի մոտ հայտնաբերվեց հազվադեպ հանդիպող նյարդաբանական մի հիվանդություն, որը բուժում չունի։ Հիվանդությունը շատ արագ զարգացավ, և 2019 թ. օգոստոսի 16-ին Դոնը մահացավ։ Ահա նրա կյանքի պատմությունը։
Ծնվել եմ 1954 թ.-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենտ Փոլ քաղաքում՝ ոչ հարուստ ընտանիքում։ Հինգ երեխաներից երկրորդն էի։ Ծնողներս կաթոլիկ էին։ Հաճախում էի կաթոլիկ դպրոց և դրան զուգահեռ եկեղեցում ծառայություն էի կատարում։ Չնայած դրան՝ շատ քիչ բան գիտեի Աստվածաշնչից։ Ու թեև հավատում էի Աստծու գոյությանը, բայց եկեղեցու հանդեպ վստահությունս լիովին կորցրել էի։
ԻՄԱՆՈՒՄ ԵՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Երբ սովորում էի Ուիլյամ Միտչելի անվան իրավաբանական համալսարանի առաջին կուրսում, մի ամուսնական զույգ թակեց իմ տան դուռը։ Եհովայի վկաներ էին։ Այդ պահին լվացք էի անում, ուստի ասացին, որ մեկ ուրիշ անգամ կգան։ Երբ նրանք նորից եկան, երկու հարց տվեցի. «Այս աշխարհում ինչո՞ւ լավ մարդիկ առաջ չեն գնում, և ի՞նչ է պետք իսկապես երջանիկ լինելու համար»։ Ամուսիններն առաջարկեցին «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը և «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», որը բաց կանաչ գրավիչ կազմ ուներ։ Ես համաձայնվեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, և դա ասես բացեց աչքերս։ Ինձ տպավորեց այն միտքը, որ Աստծու Թագավորությունն է միակ կառավարությունը, որ կարող է լուծել մարդկության խնդիրները։ Տեսնում էի, որ մարդկային կառավարությունները
ձախողվել են, քանի որ աշխարհը լի է ցավով, տառապանքով ու անարդարությամբ։1982 թ. սկզբին նվիրվեցի Եհովային և այդ տարի՝ ավելի ուշ՝ «Թագավորության մասին ճշմարտությունը» համաժողովի ժամանակ մկրտվեցի։ Այն տեղի ունեցավ Սենտ Փոլ քաղաքի միջոցառումների մեծ համալիրում։ Հաջորդ շաբաթ նույն համալիրում քննություն հանձնեցի, որ դառնամ Մինեսոտայի փաստաբանների պալատի անդամ։ Հոկտեմբերի սկզբին իմացա, որ անցել եմ քննությունը, ինչը նշանակում էր, որ արդեն կարող էի աշխատել որպես փաստաբան։
Նույն համաժողովի ժամանակ հանդիպեցի Մայք Ռիչարդսոնին, ով ծառայում էր Բրուքլինի Բեթելում։ Նա ասաց, որ գլխավոր վարչությունում իրավաբանական բաժին է բացվել։ Հիշեցի եթովպացի ներքինու խոսքերը՝ գրված Գործեր 8։36-ում, և մտածեցի. «Ի՞նչն է ինձ խանգարում, որ դիմեմ այդ բաժնում ծառայելու համար»։ Ուստի Բեթելում ծառայելու դիմում լրացրի։
Ծնողներս ուրախ չէին, որ Եհովայի վկա եմ դարձել։ Մի անգամ հայրս հարցրեց, թե «Դիտարան» ընկերությունում աշխատելը ինձ ինչ կտա՝ ինչով կնպաստի իմ փաստաբանական կարիերային։ Ես նրան բացատրեցի, որ այնտեղ որպես կամավոր եմ աշխատելու և ամսական ստանալու եմ 75 դոլար։ Այդքան էր կազմում բեթելցիներին տրվող դրամական օժանդակությունը։
Աշխատանքային որոշ պարտավորություններ ունեի, ուստի անմիջապես չէի կարող գնալ Բեթել։ Դրանք կատարելուց հետո՝ 1984 թ.-ին, նշանակվեցի ծառայելու Բրուքլինի Բեթելի իրավաբանական բաժնում։ Շատ ճիշտ ժամանակ նշանակվեցի։
ՍԹԵՆԼԻ ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
1983 թ. նոյեմբերին գնեցինք Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում գտնվող Սթենլի թատրոնի շենքը։ Եղբայրները դիմեցին քաղաքաշինության վարչություն՝ շենքի էլեկտրամատակարարման և ջրատար համակարգերը վերանորոգելու թույլտվություն ստանալու համար։ Պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ եղբայրները ասացին, որ մտադիր են այդ շենքը օգտագործել որպես Եհովայի վկաների համաժողովների սրահ։ Դա լուրջ խնդիրներ առաջացրեց։ Քաղաքաշինության վարչությունը որոշում ուներ, համաձայն որի՝ պաշտամունքի վայրերը պետք է լինեին քաղաքի բնակելի հատվածներում, իսկ Սթենլի թատրոնի շենքը գտնվում էր քաղաքի գործարար մասում։ Այդ պատճառով պաշտոնյաները թույլտվություն չտրամադրեցին։ Եղբայրները բողոքարկեցին որոշումը, սակայն նրանց բողոքը մերժվեց։
Մի շաբաթ էր, ինչ Բեթելում էի, երբ կազմակերպությունը հայց ներկայացրեց շրջանի
դաշնային դատարան, որով վիճարկվում էր մերժման մասին որոշումը։ Քանի որ երկու տարի Սենտ Փոլի դաշնային դատարանում աշխատել էի որպես դատական նիստերի քարտուղար, լավ ծանոթ էի նման գործերի քննությանը։ Մեր փաստաբաններից մեկը որպես հիմնավորում նշեց այն հանգամանքը, որ եթե Սթենլի թատրոնի շենքը օգտագործվել է տարբեր նպատակներով՝ սկսած ֆիլմերի ցուցադրումից մինչև ռոք համերգներ, ապա ինչո՞ւ չի թույլատրվում այնտեղ անցկացնել կրոնական միջոցառումներ։ Դատարանը քննեց գործը և սահմանեց, որ Ջերսի Սիթիի քաղաքապետարանը ոտնահարել է կրոնի ազատության մեր իրավունքը։ Դատարանը նաև պարտավորեցրեց քաղաքապետարանին տրամադրել անհրաժեշտ թույլտվությունները։ Տեսա, թե ինչպես է Եհովան օրհնում իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու կազմակերպության ջանքերը։ Ես շատ ուրախ էի, որ կարողացա իմ լուման ներդնել այդ գործում։Եղբայրները վերանորոգման լայնամասշտաբ աշխատանքներ սկսեցին։ Մի տարի չանցած՝ 1985 թ. սեպտեմբերի 8-ին, Ջերսի Սիթիի համաժողովների սրահում տեղի ունեցավ «Գաղաադ» դպրոցի 79-րդ դասարանի ավարտական ծրագիրը։ Ինձ համար մեծ պատիվ էր նպաստել Թագավորության շահերի առաջխաղացմանը՝ որպես իրավաբանական թիմի անդամ։ Նախկինում երբեք նման բավարարվածության զգացում չէի ունեցել։ Այդ ժամանակ մտքովս անգամ չէր անցնում, թե Եհովան դեռ ինչեր է պատրաստել ինձ համար։
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1980-ականներին բժիշկները հաճախ անտեսում էին չափահաս Եհովայի վկաների՝ արյուն չներարկելու պահանջը։ Հղի կանայք ավելի մեծ խնդիրների էին բախվում, քանի որ դատավորները այն համոզման էին, որ հատկապես նրանք իրավունք չունեն հրաժարվելու արյան փոխներարկումից։ Նրանք պատճառաբանում էին, որ եթե արյան փոխներարկում չարվի, և մայրը մահանա, նորածինը կմնա առանց մայրական խնամքի։
1988 թ. դեկտեմբերի 29-ին քույր Դենիզ Նիկոլոն ծննդաբերությունից հետո շատ արյուն էր կորցրել։ Նրա հեմոգլոբինի մակարդակը այնքան էր նվազել, որ 50գ/լ էլ չէր կազմում։ Բժշկին նրա համաձայնությունն էր պետք արյուն փոխներարկելու համար։ Սակայն քույր Նիկոլոն հրաժարվեց։ Հաջորդ առավոտ հիվանդանոցը դիմեց դատարան, որպեսզի քրոջը արյուն փոխներարկելու թույլտվություն ստանա։ Առանց դատական նիստ անցկացնելու և նույնիսկ առանց քույր Նիկոլոյին կամ նրա ամուսնուն այդ մասին ծանուցելու՝ դատարանը հիվանդանոցին արյան փոխներարկում անելու լիազորություն տվեց։
Դեկտեմբերի 30-ին՝ ուրբաթ, բժիշկները քույր Նիկոլոյին արյուն փոխներարկեցին՝ չնայած նրա ամուսնու և հարազատների առարկությանը։ Այդ երեկո նրա հարազատներից մի քանիսը և որոշ երեցներ ձերբակալվեցին՝ քրոջ անկողնու շուրջը պատ կազմելու և արյան փոխներարկմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Դեկտեմբերի 31-ին՝ շաբաթ առավոտյան, այդ մասին հայտնեցին Նյու Յորքի և Լոնգ Այլենդի լրատվամիջոցները։
Մենք բողոքարկեցինք դատարանի որոշումը։ Երկուշաբթի առավոտյան խոսեցի վերաքննիչ դատարանի դատավոր Միլթոն Մոլենի հետ։ Նրան ներկայացրի գործի փաստերը՝ ընդգծելով, որ առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել է՝ առանց դատական նիստի։ Դատավորը հրավիրեց ինձ կեսօրից հետո գնալ իր գրասենյակ՝ գործի փաստերը և դրան առնչվող օրենքները քննարկելու համար։ Ինձ հետ եկավ նաև Ֆիլիպ Բրամլին, ով այդ ժամանակ իմ վերակացուն էր։ Դատավորը հրավիրել էր նաև հիվանդանոցի փաստաբանին։ Թեժ քննարկում սկսվեց։ Նույնիսկ մի պահ եղբայր Բրամլին իր նշումների տետրում գրեց՝ «մի քիչ ավելի հանգիստ» և ցույց տվեց ինձ։ Դա տեղին խորհուրդ էր, քանի որ շատ էի տարվել հիվանդանոցի փաստաբանի բերած պատճառաբանությունները հերքելով։
Մոտ մեկ ժամ հետո դատավոր Մոլենը ասաց, որ հաջորդ օրը՝ առավոտյան, առաջինը մեր գործը կքննվի։ Երբ հեռանում էինք, նա նաև նշեց, որ «վաղը հիվանդանոցի փաստաբանի գործը բուրդ է լինելու»։ Նրա համար հեշտ չէր լինելու պաշտպանել հիվանդանոցի դիրքորոշումը։ Ասես Եհովան հավաստիացնում էր մեզ, որ հաղթելու ենք գործը։ Հիանալի էր տեսնել, թե ինչպես էր նա մեր միջոցով իրագործում իր կամքը։
Ողջ գիշեր պատրաստվեցինք հաջորդ օրվա նիստին։ Դատարանը Բրուքլինի Բեթելից մի քանի շենք էր այն կողմ։ Ուստի մեր փոքր բաժնի մեծ մասը ոտքով գնաց այնտեղ։ Չորս հոգուց բաղկացած դատական կազմը մեր փաստարկները լսելուց հետո բեկանեց արյան փոխներարկում կատարելու մասին առաջին ատյանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց հօգուտ քույր Նիկոլոյի և սահմանեց, որ առանց կողմերի դիրքորոշումը լսելու որոշում կայացնելը սահմանադրական իրավունքների խախտում է։
Կարճ ժամանակ հետո Նյու Յորքի բարձրագույն ատյանը հաստատեց քույր Նիկոլոյի՝ անարյուն մեթոդներով բուժում ստանալու Տարբեր նահանգների Գերագույն դատարաններում տարած հաղթանակներ» շրջանակը)։ Բեթելում ծառայելու ընթացքում մասնակցել եմ նաև ուրիշ գործերի՝ կապված երեխաների խնամակալության, ամուսնալուծության և անշարժ գույքի հետ։
իրավունքը։ Այս գործը արյան փոխներարկման առնչությամբ ԱՄՆ բարձր ատյաններում քննվող չորս գործերից մեկն էր, որոնց պատիվ եմ ունեցել մասնակցելու (տես «ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ
Երբ առաջին անգամ հանդիպեցի կնոջս՝ Դենիզին, նա ամուսնալուծված էր և ուներ երեք երեխա։ Դենիզն աշխատում էր և միաժամանակ ռահվիրա ծառայում։ Նա դժվար կյանք էր ունեցել։ Եհովային ծառայելու նրա վճռականությունը ինձ շատ տպավորեց։ 1992 թ.-ին Նյու Յորքում մենք ներկա եղանք «Լուսակիրներ» մարզային համաժողովին։ Այդ ժամանակ նրան առաջարկեցի ընկերություն անել։ Մեկ տարի հետո ամուսնացանք։ Նրա նման հոգևոր տրամադրվածություն և հումորի լավ զգացում ունեցող կինը իսկական նվեր էր Եհովայից։ Դենիզը մեր համատեղ կյանքի բոլոր օրերում միշտ բարիքով է հատուցել ինձ (Առակ. 31։12)։
Երբ ամուսնացանք, երեխաները 11, 13 և 16 տարեկան էին։ Ուզում էի լավ հայր լինել, դրա համար ուշադիր կարդում ու կիրառում էի մեր հրատարակություններում խորթ ծնողներին վերաբերող բոլոր խորհուրդները։ Խնդիրներ իհարկե լինում էին, բայց ես ուրախ եմ, որ կարողացա երեխաների համար դառնալ վստահելի ընկեր և սիրող հայր։ Մեր դռները միշտ բաց էին նրանց ընկերների առաջ։ Սիրում էինք, երբ մեր տունը լի էր լինում աշխույժ պատանիներով։
2013-ին ես ու Դենիզը տեղափոխվեցինք Վիսքոնսին նահանգ մեր տարեց ծնողներին հոգ տանելու համար։ Ի զարմանս ինձ՝ Բեթելի հետ համագործակցությունս չդադարեց։ Ես շարունակում էի իրավաբանական տարբեր հարցերում օգնել կազմակերպությանը որպես ժամանակավոր կամավոր։
ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՐՎԱԾ
2018 թ. սեպտեմբերին նկատեցի, որ սկսել եմ կոկորդս հաճախակի մաքրել։ Տեղի բժիշկը զննեց ինձ, բայց չկարողացավ հասկանալ պատճառը։ Ավելի ուշ մեկ այլ բժիշկ խորհուրդ տվեց դիմել նյարդաբանի։ 2019 թ. հունվարին ինձ մոտ հայտնաբերվեց հազվադեպ հանդիպող նեյրոդեգեներատիվ հիվանդություն։
Երեք օր անց չմուշկներով սահելիս ընկա և կոտրեցի աջ դաստակս՝ չնայած ամբողջ կյանքում չմշկասահքով էի զբաղվել և աչքերս փակ կարող էի սահել։ Հիվանդությունս անսպասելիորեն արագ է զարգանում, և գնալով ավելի դժվար եմ խոսում, շարժվում և կուլ տալիս։
Ինձ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն եմ ունեցել իմ փոքր լուման ներդնել Թագավորության շահերը առաջ տանելու գործում՝ օգտագործելով իրավաբանի իմ փորձը։ Առանձնաշնորհում եմ համարում նաև այն, որ հնարավորություն եմ ունեցել հոդվածներ տպագրել գիտական պարբերականներում, նաև ելույթներ ունենալ տարբեր երկրներում իրավաբանական և բժշկական սեմինարների ժամանակ՝ պաշտպանելով Եհովայի ժողովրդի՝ առանց արյան փոխներարկման բուժօգնություն ստանալու իրավունքը։ Բայց Ղուկաս 17։10-ի խոսքերին համահունչ՝ ուզում եմ ասել, որ ես անպիտան ծառա եմ, արել եմ այն, ինչ պարտավոր էի անել։