Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 28

Համոզվիր, որ ճշմարտության մեջ ես

Համոզվիր, որ ճշմարտության մեջ ես

«Հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր» (2 ՏԻՄՈԹ. 3։14

ԵՐԳ 56 Ճշմարտությունը քոնը դարձրու

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ նկատի ունենք՝ «ճշմարտություն» ասելով։

ԻՆՉՊԵ՞Ս ես իմացել ճշմարտությունը։ Ճշմարտության մե՞ջ ես մեծացել։ Որքա՞ն ժամանակ է, որ ճշմարտության մեջ ես։ Հավանաբար քեզ տվել են այս հարցերը կամ գուցե ինքդ ես հարցրել ուրիշներին։ Իսկ ի՞նչ նկատի ունենք՝ «ճշմարտություն» ասելով։ Սովորաբար այս բառը գործածում ենք, երբ խոսում ենք մեր հավատալիքների, Աստծուն պաշտելու ձևի ու ապրելակերպի մասին։ Իսկ երբ ասում ենք, որ ինչ-որ մեկը «ճշմարտության մեջ է», նկատի ունենք, որ նա գիտի, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը, և ապրում է իր սովորածի համաձայն։ Արդյունքում նա ազատվում է կեղծ կրոնական ուսմունքներից և վայելում է անկատար մարդու համար հնարավոր լավագույն կյանքը (Հովհ. 8։32

2. Ըստ Հովհաննես 13։34, 35 համարների՝ ի՞նչը կարող է մարդուն ձգել դեպի ճշմարտությունը։

2 Ի՞նչն է քեզ ձգել դեպի ճշմարտությունը։ Թերևս քեզ գրավել է Եհովայի ժողովրդի լավ վարքը կամ ցուցաբերած սերը (1 Պետ. 2։12)։ Շատերը, երբ առաջին անգամ ներկա են եղել ժողովի հանդիպման, ավելի շատ տպավորվել են այնտեղ տիրող սիրուց, քան բեմից հնչած մտքերից։ Դա զարմանալի չէ, քանի որ Հիսուսն ասաց, որ իր աշակերտները կճանաչվեն միմյանց հանդեպ ունեցած սիրով (կարդա Հովհաննես 13։34, 35)։ Սակայն ամուր հավատ ունենալու համար դա բավական չէ։

3. Ի՞նչ կլինի, եթե մեր հավատը կառուցենք զուտ քրիստոնեական սիրո վրա։

3 Մեր հավատը չպետք է հիմնված լինի միայն քրիստոնեական սիրո վրա։ Ինչո՞ւ։ Օրինակ՝ ի՞նչ կանես, եթե հավատակիցդ, նույնիսկ եթե նա երեց է կամ ռահվիրա, լուրջ մեղք գործի։ Իսկ ի՞նչ կանես, եթե որևէ քույր կամ եղբայր վիրավորի քեզ, կամ էլ հավատուրաց դառնա և պնդի, թե մենք ճշմարտության մեջ չենք։ Արդյո՞ք կգայթակղվես ու կդադարես Եհովային ծառայելուց։ Եթե քո հավատը հիմնես զուտ մարդկանց վարվելակերպի և ոչ թե Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա, ապա այն ամուր հիմք չի ունենա։ Հավատդ կառուցելիս պետք է օգտագործես ոչ միայն փափուկ նյութեր՝ զգացմունքներ, այլ նաև պինդ նյութեր՝ հիմնավոր փաստեր և առողջ դատողություն։ Պետք է ինքդ հավաստիանաս, որ Աստվածաշունչը սովորեցնում է Եհովայի մասին ճշմարտությունը (Հռոմ. 12։2

4. Մատթեոս 13։3–6, 20, 21 համարների համաձայն՝ ի՞նչ է լինում, երբ ոմանց հավատը փորձվում է։

4 Հիսուսն ասաց, որ կլինեն մարդիկ, ովքեր «ուրախությամբ» կընդունեն ճշմարտությունը, բայց երբ փորձության բախվեն, նրանց հավատը կթուլանա (կարդա Մատթեոս 13։3–6, 20, 21)։ Նման մարդիկ թերևս չեն գիտակցում, որ Հիսուսին հետևելով՝ դժվարություններ ու խնդիրներ կունենան (Մատթ. 16։24)։ Կամ էլ կարծում են, թե քրիստոնեական կյանքը միայն օրհնություններ է բերում և զերծ է մտահոգություններից ու հոգսերից։ Բայց այս անկատար աշխարհում դժվարություններն անխուսափելի են։ Հանգամանքները կարող են փոխվել, ինչի պատճառով գուցե կորցնենք մեր ուրախությունը (Սաղ. 6։6; Ժող. 9։11

5. Մեր եղբայրների ու քույրերի ճնշող մեծամասնությունը ինչպե՞ս է փաստում, որ ամուր հավատ ունի։

5 Մեր եղբայրների ու քույրերի ճնշող մեծամասնությունը համոզված է, որ ճշմարտության մեջ է։ Ինչպե՞ս են նրանք դա փաստում։ Նրանց հավատը չի սասանվում, նույնիսկ երբ հավատակիցը վիրավորում է իրենց կամ ոչ քրիստոնեական վարք դրսևորում (Սաղ. 119։165)։ Յուրաքանչյուր փորձությունից հետո նրանց հավատը ամրանում է, ոչ թե թուլանում (Հակ. 1։2–4)։ Ինչպե՞ս կարող ես դու էլ նման ամուր հավատ զարգացնել։

«ԱՍՏԾՈՒ ՄԱՍԻՆ ՃՇԳՐԻՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ» ՁԵՌՔ ԲԵՐ

6. Առաջին դարի քրիստոնյաները ինչի՞ վրա էին հիմնում իրենց հավատը։

6 Առաջին դարի քրիստոնյաները իրենց հավատը հիմնում էին սուրբգրային գիտելիքների և Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա, այսինքն՝ «բարի լուրի ճշմարտության» (Գաղ. 2։5)։ Այս ճշմարտությունը ներառում է քրիստոնեական ուսմունքները, այդ թվում՝ Հիսուսի քավիչ զոհի և նրա հարության մասին փաստերը։ Պողոս առաքյալը համոզված էր, որ այդ ուսմունքները ճշմարիտ են։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ նա, Սուրբ Գրքերից «վկայակոչումներ անելով, ապացուցում էր, որ անհրաժեշտ էր, որ Քրիստոսը չարչարվեր և հարություն առներ» (Գործ. 17։2, 3)։ Առաջին դարի աշակերտները ընդունում էին քրիստոնեական ուսմունքները և սուրբ ոգու օգնությամբ հասկանում Աստծու Խոսքը։ Նրանք փնտրտուքներ էին անում, որպեսզի համոզվեին, որ դրանք հիմնված էին Սուրբ Գրքերի վրա (Գործ. 17։11, 12; Եբր. 5։14)։ Այս քրիստոնյաները չէին հիմնում իրենց հավատը զուտ զգացմունքների վրա և չէին ծառայում Եհովային միայն նրա համար, որ իրենց հաճելի էր հավատակիցների ընկերակցությունը։ Նրանց հավատը հիմնված էր «Աստծու մասին ճշգրիտ գիտելիքների» վրա (Կող. 1։9, 10

7. Աստվածաշնչի վրա հիմնված հավատը ինչո՞ւմ կօգնի մեզ։

7 Աստծու Խոսքի ճշմարտությունները անփոփոխ են (Սաղ. 119։160)։ Դրանք չեն փոխվում, երբ հավատակիցը վիրավորում է մեզ կամ լուրջ մեղք է գործում։ Դրանք անփոփոխ են մնում նաև այն ժամանակ, երբ ծանր իրավիճակում ենք հայտնվում։ Ուստի պետք է քաջատեղյակ լինենք աստվածաշնչյան ուսմունքներին և համոզված լինենք, որ դրանք ճշմարիտ են։ Եթե մեր հավատը հիմնված լինի սուրբգրային ճշմարտությունների վրա, փորձությունների բախվելիս անսասան կմնանք, ինչպես որ նավն է խարսխի շնորհիվ հաստատուն մնում փոթորկի ժամանակ։ Իսկ ինչպե՞ս կարող ես ամրացնել վստահությունդ այն բանում, որ ճշմարտության մեջ ես։

«ՀԱՍՏԱՏ ՀԱՄՈԶՎԻՐ»

8. 2 Տիմոթեոս 3։14, 15 համարների համաձայն՝ Տիմոթեոսն ինչպե՞ս էր համոզվել, որ ճշմարտության մեջ է։

8 Տիմոթեոսը համոզված էր, որ ճշմարտության մեջ է։ Ինչպե՞ս էր նա եկել այդ համոզման (կարդա 2 Տիմոթեոս 3։14, 15)։ Թեև նրա մայրն ու տատն էին իրեն սովորեցրել «սուրբ գրքերը», բայց, անշուշտ, նա ինքն էլ էր ժամանակ ու ջանքեր ներդրել դրանք ուսումնասիրելու համար։ Իմացածի շուրջ խորհելով՝ Տիմոթեոսը «հաստատ համոզվել» էր, որ այն, ինչ գրված է Սուրբ Գրքերում, ճշմարտությունն է։ Հետագայում նա, նրա մայրը և տատը ընդունեցին նաև քրիստոնեական ուսմունքները։ Անկասկած, Տիմոթեոսին տպավորեց Հիսուսի հետևորդների ցուցաբերած սերը։ Նա մղվեց ընկերակցելու իր հոգևոր եղբայրների ու քույրերի հետ և հոգ տանելու նրանց մասին (Փիլիպ. 2։19, 20)։ Այնուամենայնիվ, նրա հավատը հիմնված էր ոչ թե հավատակիցների հանդեպ ունեցած ջերմ զգացմունքների վրա, այլ այն ճշմարտությունների, որոնք նրան մտերմացրել էին Եհովայի հետ։ Աստվածաշունչն ընթերցելիս դու նույնպես պետք է տրամաբանես այն ամենի շուրջ, ինչ սովորում ես Եհովայի մասին։

9. Ո՞ր երեք բաներում պետք է համոզվես։

9 Նախևառաջ՝ պետք է համոզվես երեք հիմնական բաներում։ Առաջին՝ Եհովա Աստված ամեն ինչի Արարիչն է (Ելք 3։14, 15; Եբր. 3։4; Հայտն. 4։11)։ Երկրորդ՝ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է՝ ուղղված մարդկությանը (2 Տիմոթ. 3։16, 17)։ Եվ երրորդ՝ երկրի վրա գոյություն ունի մարդկանց մի խումբ, որը Քրիստոսի գլխավորությամբ երկրպագում է Եհովային, և այդ մարդիկ Եհովայի վկաներն են (Ես. 43։10–12; Հովհ. 14։6; Գործ. 15։14)։ Այս հիմնարար ճշմարտություններում համոզվելու համար պարտադիր չէ Աստվածաշնչի քայլող հանրագիտարան լինել։ Գործի դիր «բանականությունդ», որպեսզի հավաստիանաս, որ գտել ես ճշմարտությունը (Հռոմ. 12։1

ՕԳՆԻՐ՝ ՈՒՐԻՇՆԵՐՆ ԷԼ ՀԱՄՈԶՎԵՆ

10. Ճշմարտությունն իմանալուց բացի՝ ուրիշ ի՞նչ պետք է անենք։

10 Վերոնշյալ ճշմարտությունների մեջ համոզվելուց հետո պետք է նաև կարողանանք Աստվածաշնչի միջոցով օգնել ուրիշներին, որ նրանք էլ համոզվեն։ Ինչո՞ւ։ Քանի որ լինելով քրիստոնյա՝ մենք պատասխանատվություն ունենք ճշմարտությունը սովորեցնելու մեզ լսողներին (1 Տիմոթ. 4։16 * Եվ երբ օգնում ենք նրանց հավաստիանալ, որ այն, ինչ սովորում են, ճշմարտություն է, մեր հավատն ավելի է ամրանում։

11. Ի՞նչ օրինակ է թողել Պողոս առաքյալը ուսուցանելու հարցում։

11 Մարդկանց սովորեցնելիս Պողոս առաքյալը «համոզիչ փաստարկներ էր բերում Հիսուսի մասին ինչպես Մովսեսի օրենքից, այնպես էլ Մարգարեներից» (Գործ. 28։23)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ Ճշմարտությունը սովորեցնելիս մենք չպետք է բավարարվենք միայն փաստեր բերելով։ Պետք է օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին տրամաբանել և համոզվել դրանցում, որպեսզի մտերմանան Եհովայի հետ։ Մենք ուզում ենք, որ նրանք ընդունեն ճշմարտությունը ոչ թե այն պատճառով, որ հարգում ու սիրում են մեզ, այլ քանի որ համոզվել են, որ այն, ինչ սովորում են մեր սիրառատ Աստծու մասին, ճշմարտություն է։

Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին հավատ զարգացնել՝ պատմելով նրանց «Աստծու խորունկ գաղտնիքների» մասին (տես պարբերություն 12–13) *

12–13. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին, որ մնան ճշմարտության մեջ։

12 Ծնողնե՛ր, անկասկած, ցանկանում եք, որ ձեր երեխաները մնան ճշմարտության մեջ։ Գուցե մտածում եք, որ եթե նրանք լավ ընկերներ ունենան ժողովում, ապա հոգևորապես կառաջադիմեն։ Սակայն ճշմարտության մեջ հաստատվելու համար լավ ընկերներ ունենալը դեռ բավարար չէ։ Նրանք պետք է անձնական փոխհարաբերություններ զարգացնեն Աստծու հետ և հավաստիանան, որ Աստվածաշունչը ճշմարտությունն է սովորեցնում։

13 Աստծու մասին ճշմարտությունը երեխաների սրտում սերմանելու համար դուք պետք է լավ օրինակ լինեք Աստվածաշունչը խորությամբ ուսումնասիրելու հարցում։ Եթե ժամանակ հատկացնեք և խորհեք կարդացածի շուրջ, ապա կկարողանաք օգնել նրանց, որ նույնն անեն։ Լավ կլինի, որ երեխաներին սովորեցնեք օգտվել Աստծու Խոսքն ուսումնասիրելու համար նախատեսված միջոցներից, ինչպես որ կսովորեցնեիք Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ Այդպես երեխաները գնահատանքով կլցվեն Եհովայի և «հավատարիմ ու իմաստուն ծառայի» հանդեպ, ում միջոցով նա մեզ հոգևոր կերակուր է տալիս (Մատթ. 24։45–47)։ Ծնողնե՛ր, մի՛ բավարարվեք միայն սուրբգրային հիմնական ճշմարտությունները սովորեցնելով։ Ձեր երեխաներին պատմեք նաև «Աստծու խորունկ գաղտնիքների» մասին՝ հաշվի առնելով նրանց տարիքը և ընդունակությունները (1 Կորնթ. 2։10)։ Այդպես կօգնեք նրանց, որ ամուր հավատ զարգացնեն։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻՐ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14. Ինչո՞ւ պետք է ուսումնասիրենք աստվածաշնչյան մարգարեությունները (տես նաև « Կարո՞ղ ես բացատրել հետևյալ մարգարեությունները» շրջանակը)։

14 Մարգարեությունները Աստծու Խոսքի կարևոր մասն են կազմում. դրանք օգնում են, որ ամուր հավատ կերտենք Եհովայի հանդեպ։ Իսկ ո՞ր մարգարեություններն են զորացրել քո հավատը։ Գուցե ասես՝ «վերջին օրերի» վերաբերյալ մարգարեությունները (2 Տիմոթ. 3։1–5; Մատթ. 24։3, 7)։ Ուրիշ ի՞նչ մարգարեություններ կան, որոնք կարող են ամրացնել վստահությունդ Աստծու Խոսքի հանդեպ։ Օրինակ՝ կարո՞ղ ես բացատրել, թե Դանիել 2-րդ և 11-րդ գլուխներում նկարագրված մարգարեությունները ինչպես են կատարվել և շարունակում կատարվել։ * Եթե հավատդ աստվածաշնչյան ամուր հիմք ունենա, այն երբեք չի սասանվի։ Նկատի առնենք մեր եղբայրների ու քույրերի օրինակը, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում դաժան հալածանքների ենթարկվեցին։ Թեև վերջին օրերի վերաբերյալ մարգարեությունների բացատրությունը դեռևս հստակ չէր այդ ժամանակներում, բայց նրանք ամուր հավատ ունեին Աստծու Խոսքի հանդեպ։

Աստվածաշնչի, այդ թվում՝ մարգարեությունների ուսումնասիրությունը կօգնի, որ անկոտրում մնանք փորձությունների ժամանակ (տես պարբերություն 15–17) *

15–17. Ինչպե՞ս է Աստվածաշնչի ուսումնասիրությունը ամրացրել մեր այն հավատակիցներին, ում նացիստները հալածում էին։

15 Նացիստական Գերմանիայում հազարավոր քույրեր ու եղբայրներ ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ։ Հիտլերը և էսէսականների ղեկավար Հայնրիխ Հիմլերը ատում էին Եհովայի վկաներին։ Մի քույր պատմում է, թե ինչ է ասել Հիմլերը համակենտրոնացման ճամբարում գտնվող մի խումբ քույրերի. «Գուցեև ձեր Եհովան իշխում է այնտեղ՝ երկնքում, բայց այստեղ՝ երկրի վրա, մենք ենք իշխում։ Դեռ կտեսնենք, թե ով ավելի երկար կմնա՝ դո՞ւք, թե՞ մենք»։ Ի՞նչն օգնեց Եհովայի ժողովրդին հավատարիմ մնալ։

16 Աստվածաշունչ ուսումնասիրողները գիտեին, որ Աստծու Թագավորությունը 1914 թ.-ից սկսել է իշխել։ Ուստի սաստիկ հակառակությունը չզարմացրեց նրանց։ Եհովայի ժողովուրդը համոզված էր, որ ոչ մի մարդկային կառավարություն չի կարող խանգարել Աստծուն իրականացնել իր նպատակը։ Հիտլերը չկարողացավ վերացնել ճշմարիտ երկրպագությունը և Աստծու Թագավորությունից զորեղ կառավարություն ստեղծել։ Մեր եղբայրներն ու քույրերը վստահ էին, որ Հիտլերի իշխանությունը ուշ թե շուտ տապալվելու է։

17 Նրանք հուսախաբ չեղան։ Կարճ ժամանակ անց նացիստական ռեժիմը փլուզվեց, և Հայնրիխ Հիմլերը, ով ասել էր, թե երկրի վրա իրենք են իշխում, կյանքը փրկելու համար փախուստի դիմեց։ Այդ ժամանակ նա հանդիպեց եղբայր Լյուպկեին, ում ճանաչում էր համակենտրոնացման ճամբարից։ Պարտված Հիմլերը, բոլորովին անհույս վիճակում, եղբորը հարցրեց. «Աստվածաշո՛ւնչ ուսումնասիրող, բա հիմա ի՞նչ է լինելու»։ Եղբայր Լյուպկեն նրան ասաց, որ Եհովայի վկաները երբեք էլ չեն կասկածել, որ նացիստական ռեժիմը փլուզվելու է, և իրենք ազատագրվելու են։ Հիմլերը, ով միշտ ասելու բան ուներ Վկաների մասին, այդ պահին ոչինչ չկարողացավ ասել։ Դրանից կարճ ժամանակ անց նա ինքնասպան եղավ։ Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Աստվածաշնչի, այդ թվում՝ մարգարեությունների խոր ուսումնասիրությունը կօգնի, որ Աստծու հանդեպ անսասան հավատ զարգացնենք և անկոտրում մնանք փորձությունների ժամանակ (2 Պետ. 1։19–21

18. Հաշվի առնելով Հովհաննես 6։67, 68 համարները՝ ինչո՞ւ «ճշգրիտ գիտելիքների և լիարժեք խորաթափանցության» կարիք ունենք։

18 Ճիշտ է, մենք պետք է հայտնի լինենք ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանով՝ սիրով, բայց մեզ անհրաժեշտ են նաև «ճշգրիտ գիտելիքներ և լիարժեք խորաթափանցություն» (Փիլիպ. 1։9)։ Հակառակ դեպքում՝ հեշտությամբ «ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ կքշվենք՝ մարդկանց խորամանկությամբ», այդ թվում՝ հավատուրացների (Եփես. 4։14)։ Երբ առաջին դարում շատ աշակերտներ դադարեցին Հիսուսին հետևել, Պետրոս առաքյալը վստահությամբ ասաց, որ Հիսուսն ունի «հավիտենական կյանքի տանող խոսքերը» (կարդա Հովհաննես 6։67, 68)։ Թեև այդ ժամանակ Պետրոսը լիովին չէր հասկանում Հիսուսի խոսքերի բոլոր մանրամասները, բայց հավատարիմ մնաց, քանի որ հասկացել էր, որ Հիսուսն էր Քրիստոսը։ Դու նույնպես կարող ես խորացնել համոզվածությունդ սուրբգրային ճշմարտությունների հանդեպ։ Եթե այդպես վարվես, հավատդ երբեք չի սասանվի, և կկարողանաս օգնել ուրիշներին, որ նրանք էլ ամուր հավատ զարգացնեն (2 Հովհ. 1, 2

ԵՐԳ 72 Պատմենք Թագավորության մասին

^ պարբ. 5 Հոդվածը կօգնի, որ գնահատանք զարգացնենք Աստծու Խոսքում գրված ճշմարտությունների հանդեպ։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք ամրացնել մեր համոզվածությունը, որ այն, ինչին հավատում ենք, ճշմարտություն է։

^ պարբ. 10 Որպեսզի օգնես մարդկանց տրամաբանել սուրբգրային ճշմարտությունների շուրջ, կարող ես օգտվել «Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ» խորագրի հոդվածներից, որոնք հրատարակվել են 2010–2015 թթ.-ին լույս տեսած «Դիտարան» ամսագրերում։ Այդ հոդվածներից են՝ «Հիսուսն Աստվա՞ծ է», «Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել», «Աստված պատժո՞ւմ է մարդկանց դժոխքում»։

^ պարբ. 14 Այս մարգարեությունների վերաբերյալ տեղեկություններ կարող ես գտնել «Դիտարանի» 2012 թ. հունիսի 15-ի և 2020 թ. մայիսի համարներում։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Ընտանեկան երկրպագության ժամանակ ծնողները երեխաների հետ ուսումնասիրում են մեծ նեղության մասին աստվածաշնչյան մարգարեությունները։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Մեծ նեղության ժամանակ նույն ընտանիքը հանկարծակիի չի գալիս։