Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 30

Շարունակիր քայլել ճշմարտության մեջ

Շարունակիր քայլել ճշմարտության մեջ

«Երախտագետ լինելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, երբ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել» (3 ՀՈՎՀ. 4

ԵՐԳ 54 «Սա՛ է ճանապարհը»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. 3 Հովհաննես 3, 4 համարների համաձայն՝ ի՞նչն է մեզ ուրախություն պատճառում։

ՄԻԱՅՆ պատկերացրու, թե ինչքան ուրախացավ Հովհաննեսը, երբ լսեց, որ նրանք, ում օգնել էր իմանալ ճշմարտությունը, շարունակում էին հավատարմորեն ծառայել Եհովային։ Նրանք շատ խնդիրների էին բախվում։ Հովհաննեսը ամեն ջանք թափում էր, որ զորացնի իր հոգևոր զավակների հավատը։ Մենք նույնպես ուրախանում ենք, երբ մեր երեխաները կամ նրանք, ում հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, իրենց կյանքը նվիրում են Եհովային ու հավատարմորեն ծառայում նրան (կարդա 3 Հովհաննես 3, 4

2. Ո՞րն էր Հովհաննեսի գրած նամակների նպատակը։

2 Մ. թ. 98 թ.-ին Հովհաննեսը հավանաբար ապրում էր Եփեսոսում կամ դրա մոտակայքում։ Հնարավոր է՝ նա բնակություն էր հաստատել այդտեղ իր աքսորավայրից՝ Պատմոս կղզուց, վերադառնալուց հետո։ Մոտավորապես այդ ժամանակ էր, որ Եհովայի սուրբ ոգին մղեց Հովհաննեսին երեք նամակ գրել։ Դրանց նպատակն էր մղել հավատարիմ քրիստոնյաներին ամուր պահելու Հիսուսի հանդեպ իրենց հավատը և շարունակելու քայլել ճշմարտության մեջ։

3. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք այս հոդվածից։

3 Այդ ժամանակ առաքյալներից միայն Հովհաննեսն էր կենդանի։ Կեղծ ուսուցիչները վատ ազդեցություն էին թողնում ժողովների վրա, և դա շատ էր մտահոգում նրան (1 Հովհ. 2։18, 19, 26 * Նրանք պնդում էին, թե ճանաչում են Աստծուն, բայց իրականում չէին հնազանդվում նրա պատվերներին։ Հոդվածում կտեսնենք, թե Աստծուց ներշնչված՝ Հովհաննեսը ինչ խորհուրդներ տվեց, և կիմանանք հետևյալ երեք հարցերի պատասխանները. «Ի՞նչ է նշանակում քայլել ճշմարտության մեջ։ Ի՞նչ խոչընդոտների ենք բախվում այդ ճանապարհին և ինչպե՞ս կարող ենք օգնել իրար, որ շարունակենք քայլել այդ ճանապարհով»։

 

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՔԱՅԼԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. 1 Հովհաննես 2։3–6 և 2 Հովհաննես 4, 6 համարների համաձայն՝ ի՞նչ է անհրաժեշտ ճշմարտության մեջ քայլելու համար։

4 Ճշմարտության մեջ քայլելու համար մենք պետք է իմանանք Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում, գրված ճշմարտությունները։ Բացի այդ՝ մենք պետք է «պահենք [Եհովայի] պատվիրանները», այսինքն՝ հնազանդվենք նրան (կարդա 1 Հովհաննես 2։3–6; 2 Հովհաննես 4, 6)։ Հիսուսը այս հարցում կատարյալ օրինակ է թողել։ Ուստի Եհովային հնազանդվելու կարևոր կերպերից մեկը Հիսուսի հետքերին սերտորեն հետևելն է (Հովհ. 8։29; 1 Պետ. 2։21

5. Ինչո՞ւմ պետք է համոզված լինենք։

5 Ճշմարտության մեջ շարունակ քայլելու համար մենք պետք է համոզված լինենք, որ Եհովան ճշմարտության Աստվածն է, և որ այն ամենը, ինչ նա ասել է իր Խոսքում՝ Աստվածաշնչում, ճշմարտություն է։ Մենք պետք է նաև համոզված լինենք, որ Հիսուսը խոստացյալ Մեսիան է։ Շատերը այսօր չեն հավատում, որ նա նշանակվել է որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Հովհաննեսը զգուշացրեց, որ «շատ խաբեբաներ են դուրս եկել», որոնք մոլորեցնում են նրանց, ովքեր պատրաստ չեն պաշտպանելու Եհովայի և Հիսուսի մասին ճշմարտությունը (2 Հովհ. 7–11)։ Նա գրեց. «Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ժխտում է, որ Հիսուսն է Քրիստոսը» (1 Հովհ. 2։22)։ Չխաբվելու միակ միջոցը Աստծու Խոսքը լավ ուսումնասիրելն է։ Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ճանաչել Եհովային ու Հիսուսին և միայն այդ դեպքում կհամոզվենք, որ ճշմարտության մեջ ենք (Հովհ. 17։3

Ի՞ՆՉ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԵՆՔ ԲԱԽՎՈՒՄ

6. Ի՞նչ խոչընդոտի են բախվում երիտասարդ քրիստոնյաները։

6 Բոլորս պետք է զգոն լինենք, որ չխաբվենք մարդկային փիլիսոփայությամբ (1 Հովհ. 2։26)։ Բայց հատկապես երիտասարդները պետք է զգույշ լինեն։ 25-ամյա Ալեքսիան, * ով ապրում է Ֆրանսիայում, ասում է. «Պատանեկան տարիքում այս աշխարհի գաղափարները ինձ շփոթության մեջ էին գցում, օրինակ՝ էվոլյուցիոն տեսությունը և փիլիսոփայությունը։ Երբեմն դրանք տրամաբանական էին թվում։ Բայց մտածեցի, որ չպետք է կուրորեն հավատամ այն ամենին, ինչ սովորեցնում են դպրոցում՝ առանց լսելու, թե ինչ է ասում Եհովան»։ Ալեքսիան սկսեց ուսումնասիրել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը։ * Մի քանի շաբաթ հետո նրա կասկածները փարատվեցին։ Նա ասում է. «Համոզվեցի, որ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, ճշմարտություն է, և հասկացա, որ աստվածաշնչյան սկզբունքներով ապրելը ինձ ուրախություն և խաղաղություն կբերի»։

7. Ինչի՞ դեմ պետք է պայքարենք և ինչո՞ւ։

7 Բոլոր քրիստոնյաները՝ երիտասարդ թե տարեց, պետք է պայքարեն երկակի կյանքով ապրելու գայթակղության դեմ։ Հովհաննեսը նշեց, որ չենք կարող ճշմարտության մեջ քայլել և միևնույն ժամանակ անբարո կյանքով ապրել (1 Հովհ. 1։6)։ Եթե ցանկանում ենք ունենալ Աստծու հավանությունը թե՛ հիմա, թե՛ ապագայում, պետք է միշտ հիշենք, որ մեր արարքները Եհովայի աչքից չեն վրիպում։ Դա նշանակում է, որ ծածուկ մեղք գոյություն չունի, քանի որ Եհովան տեսնում է ամեն բան (Եբր. 4։13

8. Ո՞ր տեսակետը պետք է մերժենք։

8 Մենք պետք է մերժենք մեղքի վերաբերյալ աշխարհի տեսակետը։ Հովհաննես առաքյալը գրել է. «Եթե ասում ենք, թե՝ «ոչ մի մեղք չունենք», ապա ինքներս մեզ խաբում ենք» (1 Հովհ. 1։8)։ Նրա օրերում հավատուրացները պնդում էին, թե մարդ կարող է գիտակցաբար մեղավոր ընթացք բռնել և միևնույն ժամանակ լավ փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ։ Նման մտածելակերպը տարածված է նաև այսօր։ Շատերը պնդում են, թե հավատում են Աստծուն, բայց համամիտ չեն մեղքի վերաբերյալ նրա ունեցած տեսակետի հետ, հատկապես սեքսին առնչվող հարցերում։ Այն, ինչ Եհովայի տեսանկյունից մեղք է, նրանք համարում են անձնական նախընտրության հարց կամ ոչ ավանդական ապրելակերպ։

Երիտասարդնե՛ր, ամրացրեք բարոյականության վերաբերյալ ձեր սուրբգրային համոզմունքները, որպեսզի կարողանաք պաշտպանել ձեր հավատը (տես պարբերություն 9) *

9. Ի՞նչ օգուտներ են քաղում երիտասարդները, երբ կառչած են մնում իրենց աստվածաշնչյան համոզմունքներին։

9 Հատկապես երիտասարդների համար կարող է դժվար լինել չորդեգրել բարոյականության վերաբերյալ համադասարանցիների կամ աշխատակիցների սխալ տեսակետը։ Նկատի առնենք Ալեքսանդրի օրինակը։ Եղբայրը պատմում է. «Դպրոցում աղջիկներից ոմանք համոզում էին ինձ, որ սեքսով զբաղվեմ իրենց հետ։ Նրանք ճնշում էին բանեցնում՝ ասելով. «Եթե ընկերուհի չունես, ուրեմն համասեռամոլ ես»»։ Եթե դու էլ ես բախվում նման փորձության, հիշի՛ր, որ, երբ կառչած ես մնում աստվածաշնչյան համոզմունքներիդ, չես կորցնում ինքնահարգանքդ, ֆիզիկական ու էմոցիոնալ առողջությունդ և Եհովայի հետ փոխհարաբերություններդ։ Ամեն անգամ գայթակղությանը դիմադրելով՝ դու ավելի վճռական ես դառնում, և հաջորդ անգամ ճիշտն անելն ավելի հեշտ է լինում։ Նաև հիշիր, որ սեքսի վերաբերյալ այս աշխարհի աղավաղված տեսակետի հեղինակը Սատանան է։ Ուստի երբ փոխզիջումների չես գնում, դու «հաղթում ես Չարին» (1 Հովհ. 2։14

10. 1 Հովհաննես 1։9-ը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ մաքուր խղճով ծառայենք Եհովային։

10 Մենք ընդունում ենք, որ Եհովան իրավունք ունի սահմանելու, թե ինչն է մեղք, և ամեն բան անում ենք, որ մեղք չգործենք։ Սակայն երբեմն դա մեզ չի հաջողվում։ Նման դեպքերում աղոթքով խոստովանում ենք մեր սխալը Եհովային (կարդա 1 Հովհաննես 1։9)։ Իսկ եթե լուրջ մեղք ենք գործում, ապա օգնության համար դիմում ենք նաև երեցներին, որոնց Եհովան նշանակել է, որ հոգ տանեն մեր մասին (Հակ. 5։14–16)։ Մեր սիրառատ Հայրը զոհել է իր Որդուն, որպեսզի հնարավոր դարձնի մեր մեղքերի ներումը, ուստի մեղավորության զգացումը չպետք է շարունակ տանջի մեզ։ Երբ Եհովան ասում է, որ ներում է զղջացող մեղավորներին, նա հենց այդպես էլ վարվում է։ Հետևաբար, ոչինչ չի կարող խանգարել մեզ ծառայել Եհովային մաքուր խղճով (1 Հովհ. 2։1, 2, 12; 3։19, 20

11. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեր միտքը այնպիսի ուսմունքներից, որոնք թուլացնում են հավատը։

11 Մենք պետք է մերժենք հավատուրացական գաղափարները։ Քրիստոնեական ժողովի կազմավորման հենց սկզբից Բանսարկուն խաբեբա մարդկանց միջոցով փորձում է կասկածներ սերմանել Աստծու հավատարիմ ծառաների մտքում։ Ուստի անչափ կարևոր է, որ տարբերենք ստերը փաստերից։ * Մեր թշնամիները ինտերնետային կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով ձգտում են թուլացնել մեր հավատը և հավատակիցների հանդեպ ունեցած սերը։ Եկեք միշտ հիշենք, թե ով է կանգնած նման քարոզչության հետևում, և մերժենք այն (1 Հովհ. 4։1, 6; Հայտն. 12։9

12. Ինչո՞ւ պետք է ամրացնենք մեր հավատը մեր սովորած ճշմարտությունների հանդեպ։

12 Սատանայի հարձակումներին դիմադրելու համար մենք պետք է ամրացնենք մեր հավատը Հիսուսի հանդեպ։ Բացի այդ՝ մենք պետք է ավելացնենք մեր վստահությունը Աստծու նպատակի մեջ ունեցած նրա դերի, ինչպես նաև այն միջոցի նկատմամբ, որով Եհովան առաջնորդություն է տալիս այսօր (Մատթ. 24։45–47)։ Դրա համար անհրաժեշտ է կանոնավորաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Այդ դեպքում մեր հավատը նման կլինի խոր արմատներ ունեցող ծառի։ Պողոսը նման միտք նշեց կողոսացիներին ուղղված իր նամակում։ Նա գրեց. «Ինչպես որ ընդունել եք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, այդպես էլ շարունակեք քայլել նրա հետ միասնության մեջ՝ նրա մեջ արմատացած, նրա վրա կառուցված և հավատի մեջ հաստատված լինելով» (Կող. 2։6, 7)։ Եթե քրիստոնյան ամուր հավատ ունի, ո՛չ Սատանան, ո՛չ էլ նրա ազդեցության տակ եղողները չեն կարող շեղել նրան ճշմարտությունից (2 Հովհ. 8, 9

13. Ի՞նչը չպետք է զարմացնի մեզ և ինչո՞ւ։

13 Մենք չպետք է զարմանանք, որ աշխարհը ատում է մեզ (1 Հովհ. 3։13)։ Ինչպես Հովհաննես առաքյալն է գրել, «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհ. 5։19)։ Որքան այս աշխարհը մոտենում է իր վախճանին, այնքան Սատանայի բարկությունը ավելի է բորբոքվում (Հայտն. 12։12)։ Բացի աննկատ հարձակումներից, ինչպիսիք են անբարո կյանքով ապրելու գայթակղությունը և հավատուրացների տարածած ստերը, Սատանան նաև ճակատային հարձակումներ է գործում։ Նա գիտի, որ կարճ ժամանակ ունի, դրա համար էլ դաժան հալածանքի միջոցով փորձում է կանգնեցնել քարոզչական գործը և կոտրել մեր հավատը։ Ուստի զարմանալի չէ, որ մեր գործունեությունը որոշ երկրներում սահմանափակված է կամ արգելված։ Անգամ նման պայմաններում մեր եղբայրներն ու քույրերը շարունակում են տոկալ։ Նրանք փաստում են, որ անկախ Չարի կիրառած մեթոդներից՝ մենք կարո՛ղ ենք հաղթանակած դուրս գալ։

ՕԳՆԵՆՔ ԻՐԱՐ

14. Ո՞րն է մեր եղբայրներին ու քույրերին օգնելու կերպերից մեկը։

14 Եթե ուզում ենք մեր քույրերին ու եղբայրներին օգնել, որ մնան ճշմարտության մեջ, պետք է կարեկից լինենք նրանց հանդեպ (1 Հովհ. 3։10, 11, 16–18)։ Մենք պետք է սիրենք իրար ոչ միայն բարենպաստ, այլ նաև դժվար ժամանակներում։ Օրինակ՝ գուցե ինչ-որ մեկը հարազատ է կորցրել և մխիթարության կամ գործնական օգնության կարիք ունի։ Հնարավոր է՝ հավատակիցներդ տուժել են բնական աղետից և պետք է վերանորոգեն իրենց Թագավորության սրահներն ու տները։ Եղբայրների և քույրերի հանդեպ մեր սերն ու կարեկցանքը լավ կլինի՝ ցույց տանք ոչ միայն խոսքերով, այլ որ ավելի կարևոր է՝ նաև գործերով։

15. Հաշվի առնելով 1 Հովհաննես 4։7, 8 համարները՝ ի՞նչ պետք է անենք։

15 Երբ սեր ենք դրսևորում միմյանց հանդեպ, ընդօրինակում ենք մեր սիրառատ երկնային Հորը (կարդա 1 Հովհաննես 4։7, 8)։ Դա անելու կարևոր կերպերից մեկը իրար ներելն է։ Հնարավոր է՝ մեկը նեղացնի մեզ ու հետո ներողություն խնդրի։ Մենք սեր ցուցաբերած կլինենք, եթե ներենք նրան և մոռանանք վիրավորանքը (Կող. 3։13)։ Ալդո անունով մի երիտասարդ բախվեց նման իրավիճակի։ Եղբայրներից մեկը, ում ինքը շատ էր հարգում, վիրավորական խոսքեր ասաց իր մշակույթին պատկանող մարդկանց հասցեին։ Ալդոն պատմում է. «Ես անդադար աղոթում էի Եհովային, որ օգնի՝ բացասական զգացումներով չլցվեմ այդ եղբոր նկատմամբ»։ Բացի դրանից՝ նա եղբորը ծառայության հրավիրեց ու մինչ ծառայում էին, խոսեց այն մասին, թե նրա խոսքերը որքան ցավ են պատճառել իրեն։ Ալդոն շարունակում է. «Երբ նա իմացավ, թե ինչ եմ զգացել իր խոսքերի պատճառով, ներողություն խնդրեց։ Եղբոր ձայնի տոնից զգացի, թե որքան է նա ափսոսում իր ասածների համար։ Այդ զրույցից հետո մենք լավ ընկերներ մնացինք և մոռացանք խնդրի մասին»։

16–17. Ի՞նչ պետք է վճռենք անել։

16 Հովհաննես առաքյալը խորապես մտահոգվում էր իր եղբայրների ու քույրերի հոգևոր բարօրությամբ։ Նրա հոգատարությունը հստակ երևում է իր նամակներում գրած խորհուրդներից։ Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ Քրիստոսի հետ թագավորելու են Հովհաննեսի նման սիրառատ եղբայրներ ու քույրեր (1 Հովհ. 2։27

17 Եկեք լուրջ վերաբերվենք առաքյալի խորհուրդներին, որ քննարկեցինք այս հոդվածում։ Թող որ վճռական լինենք քայլելու ճշմարտության մեջ՝ Եհովային հնազանդվելով մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Դրա համար ուսումնասիրիր Աստծու Խոսքը և համոզվիր, որ այն ամենը, ինչ գրված է այնտեղ, ճշմարտություն է։ Ամուր հավատ զարգացրու Հիսուսի հանդեպ։ Մերժիր փիլիսոփայությունն ու հավատուրացական գաղափարները։ Դիմադրիր երկակի կյանք վարելու և մեղավոր ընթացք բռնելու գայթակղությանը։ Ապրիր Եհովայի բարոյական բարձր չափանիշներով։ Եվ հավատակիցներիդ ներելով ու կարիքի մեջ եղողներին աջակցելով՝ օգնիր նրանց, որ ամուր մնան։ Այդ դեպքում, անկախ նրանից, թե ինչ դժվարության կբախվես, դու կշարունակես քայլել ճշմարտության մեջ։

ԵՐԳ 49 Ուրախացնենք Եհովայի սիրտը

^ պարբ. 5 Մենք ապրում ենք ստության հոր՝ Սատանայի աշխարհում։ Ուստի ճշմարտության մեջ քայլելու համար մշտական պայքար ենք մղում։ Նման պայքար էին մղում նաև առաջին դարի քրիստոնյաները։ Նրանց և մեզ օգնելու համար Եհովան ներշնչեց Հովհաննես առաքյալին գրելու երեք նամակներ։ Դրանք կօգնեն մեզ տեսնել, թե ինչ խնդիրների գուցե բախվենք ճշմարտության ճանապարհին և թե ինչպես կարող ենք հաղթահարել դրանք։

^ պարբ. 6 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 6 Առկա է անգլերեն և ռուսերեն։

^ պարբ. 11 Տես «Ունեցածդ տեղեկությունները փա՞ստ են» հոդվածը «Դիտարանի» 2018 թ. օգոստոսի համարում։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Դպրոցում քույրը ամեն օր ռմբակոծվում է միասեռականության քարոզչությամբ (որոշ երկրներում ծիածանի գույները միասեռականության խորհրդանիշ են)։ Քույրը ժամանակ է հատկացնում փնտրտուքներ անելու համար, որպեսզի ամրացնի իր սուրբգրային համոզմունքները։ Դա օգնում է նրան դժվար իրավիճակում ճիշտ որոշում կայացնել։