ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երջանիկ կյանք եմ ունեցել՝ ծառայելով Եհովային
ԻՄ ԱՌԱՋԻՆ նշանակումը տպարանի հատակն ավլելն էր։ 1958 թվականն էր, այդ ժամանակ 18 տարեկան էի։ Ես մեծ բավականություն էի ստանում իմ կյանքից։ Շուտով սկսեցի աշխատեցնել մի հաստոց, որը ամսագրերի եզրերն էր կտրում։ Անչափ ուրախ էի, որ Բեթելում էի ծառայում։
Հաջորդ տարի Բեթելում հայտարարվեց, որ Հարավաֆրիկյան Հանրապետության (նախկինում՝ Հարավաֆրիկյան Միություն) մասնաճյուղում ծառայելու համար կամավորների կարիք կա։ Այնտեղ տեղադրվելու էր նոր գլանատպագրության մամլիչ։ Ես այդ մասնաճյուղում ծառայելու ցանկություն հայտնեցի և շատ ուրախացա, երբ երեք այլ եղբայրների հետ ինձ էլ ընտրեցին։ Չորսս էլ Կանադայի Բեթելից էինք՝ ես, Դենիս Լիչը, Բիլ Մակ-Լելանը և Քեն Նորդինը։ Մեզ ասացին, որ մեր տոմսերը միակողմանի են լինելու։
Զանգեցի մորս ու ասացի. «Մա՛մ, նորություն ունեմ։ Գնում եմ Հարավաֆրիկյան Հանրապետություն»։ Մայրս մեղմ կին էր, նա հոգևոր անձնավորություն էր և մեծ հավատ ուներ։ Ճիշտ է, շատ բան չասաց, բայց գիտեի, որ թիկունք է կանգնում ինձ։ Ո՛չ հայրս, ո՛չ էլ մայրս դեմ չգնացին իմ որոշմանը, չնայած տխրել էին, քանի որ շատ հեռու էի լինելու նրանցից։
ԴԵՊԻ ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բրուքլինի Բեթելում մենք երեք ամսով մարզում ստացանք, որպեսզի կարողանայինք աշխատեցնել լայն կիրառություն ունեցող բարձր տպագրության հաստոցներ։ Այդ ժամանակ նոր էի 20 տարեկան դարձել։ Մարզում ստանալուց հետո չորսով նավ նստեցինք և ուղևորվեցինք Քեյպթաուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ Հիշում եմ՝ երեկո էր, երբ Քեյպթաունից ճանապարհ ընկանք Յոհաննեսբուրգ։ Մեզ երկար ճանապարհորդություն էր սպասում։ Լուսաբացին գնացքը կանգ առավ մի փոքրիկ քաղաքում, որը գտնվում էր Կառու կիսաանապատային տարածքում։ Դա փոշոտ ու շոգ քաղաք էր։ Չորսով ապշահար նայում էինք պատուհանից դուրս և մտածում. «Էս որտե՞ղ ենք, ո՞ւր ենք ընկել»։ Հետագայում, երբ նորից այցելեցինք այդ վայրեր, արդեն ուրիշ աչքով էինք նայում այնտեղի փոքրիկ քաղաքներին ու հանգիստ կյանքին։
Մի քանի տարի շարունակ իմ նշանակումը լինոտիպ մեքենան աշխատեցնելն էր, ինչը շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ աշխատանք էր։ Ես այդ մեքենայի վրա պատրաստում էի «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի տեքստի տողերը։ Մասնաճյուղը տպագրում էր ամսագրեր աֆրիկյան տարբեր լեզուներով ոչ միայն Հարավաֆրիկյան Հանրապետության համար, այլև Աֆրիկայի մի շարք այլ երկրների։ Մենք շատ ուրախ էինք, որ գլանատպագրության մամլիչները, որոնք աշխատեցնելու համար աշխարհի մի ծայրից հասել էինք մյուսը, լիարժեք ծառայեցին իրենց նպատակին։
Հետագայում սկսեցի աշխատել մի բաժնում, որը կազմակերպում էր թարգմանության, տպագրության և առաքման աշխատանքները։ Ապրում
էի զբաղված, բայց միևնույն ժամանակ բավականություն պատճառող և իմաստալից կյանքով։ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
1968-ին ամուսնացա մի ռահվիրա քրոջ՝ Լորա Բոուենի հետ։ Նա ապրում էր Բեթելի մոտակայքում և համագործակցում էր թարգմանչական բաժնի հետ՝ աշխատելով որպես մեքենագրուհի։ Այդ ժամանակներում, երբ բեթելցին ամուսնանում էր, այլևս չէր կարող ծառայել Բեթելում, ուստի մեզ հատուկ ռահվիրա նշանակեցին։ Անկեղծ ասած՝ մի փոքր անհանգիստ էի. տասը տարի շարունակ Բեթելն էր հոգացել իմ ուտելիքի և կացարանի մասին։ Իսկ հիմա ինչպե՞ս էինք ծայրը ծայրին հասցնելու հատուկ ռահվիրաներին տրվող համեստ դրամական օժանդակությամբ։ Ամեն մեկս ամսական ստանալու էր ընդամենը 25 ռենդ (այն ժամանակ դա 35 դոլար էր կազմում), եթե իհարկե լրացնեինք պահանջվող ժամաքանակը և վերայցելությունների ու տարածվելիք հրատարակությունների քանակը։ Այդ գումարով պետք է վճարեինք բնակարանի վարձը, ինչպես նաև հոգայինք ուտելիքի, տրանսպորտի, բժշկական և այլ անձնական ծախսերի մասին։
Մենք նշանակվեցինք ծառայելու Հնդկական օվկիանոսի ափին գտնվող Դուրբան քաղաքի մոտակայքում, որտեղ քարոզիչների մի փոքր խումբ կար։ Այդ տարածքում շատ հնդիկներ էին ապրում։ Նրանցից շատերը այն հնդիկների հետնորդներն էին, որոնք դեռ 1800-ականների վերջերին Հնդկաստանից եկել էին աշխատելու շաքարի արդյունաբերության մեջ։ Ճիշտ է, նրանց սերունդները այլևս այդ գործով չէին զբաղվում, բայց պահպանել էին իրենց մշակույթն ու խոհանոցը, այդ թվում՝ քարրիով համեղ ուտեստները։ Բացի այդ՝ նրանք անգլերեն էին խոսում, ինչը հեշտացնում էր մեր գործը։
Հատուկ ռահվիրաներից պահանջվում էր ծառայությանը ամսական տրամադրել 150 ժամ։ Ուստի ես ու Լորան պլանավորեցինք առաջին օրը ծառայել 6 ժամ։ Եղանակը շատ շոգ էր ու խոնավ։ Մենք չունեինք վերայցելություններ և Աստվածաշնչի ուսումնասիրություն, այդ իսկ պատճառով պետք է 6 ժամ տնետուն քարոզեինք։ Որոշ ժամանակ հետո նայեցի ժամացույցիս ու տեսա, որ ընդամենը 40 րոպե է անցել։ Մտածեցի՝ «Ո՞նց ենք սրա տակից դուրս գալու»։
Բայց շուտով հունի մեջ ընկանք։ Ամեն օր բուտերբրոդներ էինք պատրաստում և թերմոսով ապուր կամ սուրճ վերցնում մեզ հետ։ Երբ ուզում էինք ընդմիջում անել, մեր փոքր մեքենան կանգնեցնում էինք մի ծառի տակ։ Երբեմն մեր շուրջը հավաքվում էին հնդիկ երեխաներ և ուշադրությամբ զննում մեզ։ Մի քանի օր հետո հասկացանք, որ դժվարը առաջին երեք ժամն է, հետո ժամանակը թռչում է։
Մեզ համար մեծ ուրախություն էր աստվածաշնչյան ճշմարտությունը հասցնել այդ տարածքում ապրող հյուրասեր մարդկանց։ Տեսանք, որ հնդիկները շատ հարգալից, բարի և աստվածավախ էին։ Բազմաթիվ հնդուականներ դրականորեն էին արձագանքում մեր հայտնած լուրին։ Նրանք հաճույքով էին սովորում Եհովայի, Հիսուսի, Աստվածաշնչի, ապագա նոր աշխարհի և մահացածների հարության մասին։ Մի տարի հետո Աստվածաշնչի 20 ուսումնասիրություն էինք անցկացնում։ Ամեն օր ճաշում էինք տարբեր ընտանիքների հետ, ում Աստվածաշունչ էինք ուսուցանում։ Մենք մեծ ուրախություն էինք ստանում մեր ծառայությունից։
Շատ չանցած՝ մեկ այլ նշանակում ստացանք. շրջանային ծառայություն էինք անելու մի գեղեցիկ տարածքում, որը ձգվում էր Հնդկական օվկիանոսի ափի երկայնքով։ Երբ այցելում էինք ժողովներ, ամեն անգամ մի ընտանիք հյուրընկալում էր մեզ։ Նրանք մեզ իրենց ընտանիքի անդամի պես էին վերաբերվում, և մենք լավ ժամանակ էինք անցկացնում նրանց երեխաների հետ ու խաղում ընտանի կենդանիների հետ։ Այդ ծառայության մեջ երկու հիանալի տարիներ անցկացրինք։ Հետո մի անսպասելի հեռախոսազանգ ստացանք մասնաճյուղից։ Եղբայրն ասաց. «Կցանկանա՞ք նորից ծառայել Բեթելում»։ Ես պատասխանեցի. «Այստեղ էլ մենք շատ երջանիկ ենք»։ Բայց, իհարկե, մենք պատրաստ էինք ծառայելու այնտեղ, որտեղ կնշանակեին մեզ։
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԲԵԹԵԼ
Ինձ նշանակեցին ծառայողական բաժին, որտեղ պատիվ ունեցա համագործակցելու բազմաթիվ հասուն և փորձառու եղբայրների հետ։ Այդ ժամանակ, երբ շրջանային վերակացուն այցելում էր որևէ ժողով, վերջում հաշվետվություն էր ուղարկում մասնաճյուղ։ Դրա հիման վրա ծառայողական բաժինը պատասխան նամակ էր ուղարկում ժողովին, որպեսզի քաջալերեր և համապատասխան առաջնորդություն տար։ Դա հսկայական աշխատանք էր այն եղբայրների համար, ովքեր թարգմանում էին
նամակագրությունը կոսա, զուլու և աֆրիկյան այլ լեզուներից անգլերեն ու հակառակը։ Շատ էի գնահատում այդ ջանասեր թարգմանիչներին։ Նրանք օգնում էին ինձ ավելի լավ պատկերացնել այն դժվարությունները, որոնց բախվում էին մեր սևամորթ քույրերն ու եղբայրները։Այդ ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի տարիներն էին։ Նույն ռասային պատկանող մարդկանց ստիպում էին ապրել իրենց հատկացված համայնքում, ուստի նրանք չէին կարող շփվել ուրիշ ռասայի պատկանող մարդկանց հետ։ Մեր սևամորթ եղբայրները խոսում, քարոզում և ժողովները անցկացնում էին իրենց մայրենի լեզվով։
Ես սևամորթ աֆրիկացիներից քչերին էի ճանաչում, քանի որ միշտ ծառայել էի անգլիախոս ժողովներում։ Իսկ այժմ հնարավորություն ունեի ավելի շատ բան իմանալու նրանց, նրանց մշակույթի և սովորույթների մասին։ Ավելի լավ պատկերացրի, թե մեր հավատակիցները ինչ դժվարությունների էին բախվում տեղի ավանդույթների և հավատալիքների պատճառով։ Նրանք շատ քաջ էին, քանի որ հրաժարվում էին հետևել հակասուրբգրային ավանդույթների և չէին մասնակցում ոգեհարցական ծիսակատարությունների, չնայած որ բախվում էին ուժեղ հակառակության իրենց ընտանիքի և համագյուղացիների կողմից։ Գյուղական տարածքներում մարդիկ շատ աղքատ էին։ Շատերը տարրական կրթություն ունեին կամ ընդհանրապես չունեին, բայց հարգանքով էին վերաբերվում Աստվածաշնչին։
Պատիվ եմ ունեցել օգնելու եղբայրներին կրոնի ազատության և չեզոքության հետ կապված իրավաբանական գործերում։ Հավատս զորանում էր, երբ տեսնում էի, թե որքան քաջ են Վկա երեխաները, որոնց հեռացնում էին դպրոցից հանրային աղոթքներին չմասնակցելու և հիմնը չերգելու պատճառով։
Մեր հավատակիցները մեկ այլ դժվարության էին բախվում Սվազիլենդում, որը աֆրիկյան մի փոքր պետություն է։ Սոբհուզա II թագավորի մահից հետո բոլոր քաղաքացիներից պահանջվում էր մասնակցել սգո որոշ ծիսակատարությունների։ Տղամարդիկ պետք է սափրեին իրենց գլուխները, իսկ կանայք պետք է կարճ կտրեին իրենց մազերը։ Շատ հավատակիցներ հալածվում էին, քանի որ հրաժարվում էին մասնակցել այնպիսի արարողակարգերի, որոնք կապված էին նախնիների երկրպագության հետ։ Եհովայի հանդեպ նրանց նվիրվածությունը ջերմացնում էր մեր սրտերը։ Աֆրիկացի մեր հավատակիցներից շատ բան սովորեցինք նվիրվածության, հավատարմության և համբերության մասին, ինչը զորացրեց մեր հավատը։
ԿՐԿԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ՏՊԱՐԱՆՈՒՄ
1981 թ.-ին նշանակվեցի աջակցելու տպագրության համակարգչային մեթոդների մշակման գործին։ Այսպիսով՝ կրկին սկսեցի ծառայել տպարանում։ Հիանալի ժամանակներ էին։ Մեծ փոփոխություններ էին տեղի ունենում տպագրության ոլորտում։ Տեղի ընկերություններից մեկի վաճառքի գծով մենեջերը մասնաճյուղին անվճար մի լուսաշարիչ տվեց փորձելու համար։ Արդյունքում մեր ինը լինոտիպ մեքենաները փոխարինեցինք հինգ նոր լուսաշարիչներով։ Բացի այդ՝ ձեռք բերեցինք մի նոր օֆսեթային տպագրահաստոց։ Դրանից հետո տպագրության գործը մեծ թափ առավ։
Համակարգիչների կիրառման շնորհիվ MEPS ծրագրի (բազմալեզու էլեկտրոնային հրատարակչական ծրագիր) միջոցով կարողացանք ստեղծել շարվածքի նոր մեթոդներ։ Որքա՜ն շատ բան էր փոխվել այն ժամանակվանից, երբ չորս բեթելցիներով Կանադայից եկանք Հարավաֆրիկյան Հանրապետություն, որպեսզի աշխատեցնեինք ծանր ու դանդաղաշարժ լինոտիպ մեքենաներն ու այդ ժամանակ առաջատար համարվող հաստոցները (Ես. 60։17)։ Այդ ընթացքում չորսս էլ ամուսնացել էինք հոգևորապես հասուն ռահվիրա քույրերի հետ։ Ես ու Բիլը դեռ Բեթելում էինք ծառայում, իսկ Քենն ու Դենիսը իրենց կանանց ու երեխաների հետ ապրում էին մոտակայքում։
Մասնաճյուղի գործունեությունը ընդլայնվում էր. աստվածաշնչյան գրականությունը գնալով ավելի շատ լեզուներով էինք թարգմանում և տպագրում, ու հետո առաքում այլ մասնաճյուղեր։ Ուստի Բեթելի նոր համալիրի կարիք առաջացավ։ Եղբայրներն այն կառուցեցին Յոհաննեսբուրգի արևմտյան մասում՝ մի շատ գեղեցիկ վայրում։ Համալիրի նվիրումը տեղի ունեցավ 1987 թ.-ին։ Մեծ բավականություն եմ ստացել՝ մասնակցելով Բեթելի ընդլայնմանը և երկար տարիներ ծառայելով Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղի կոմիտեում։
ԵՎՍ ՄԵԿ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Մեծ անակնկալի եկա, երբ 2001 թ.-ին հրավիրվեցի ծառայելու Միացյալ Նահանգների նորաստեղծ մասնաճյուղի կոմիտեում։ Ճիշտ է, տխրել էինք, որ պետք է թողնեինք մեր ծառայությունն ու ընկերներին Հարավաֆրիկյան Հանրապետությունում, բայց շատ ոգևորված էինք, որ նոր կյանք էինք սկսելու՝ ծառայելով Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքի հետ։
Սակայն մի փոքր մտահոգ էինք, քանի որ հեռու էինք լինելու Լորայի տարեց մորից։ Մենք Նյու Յորքից շատ բան չէինք կարող անել նրա համար։ Բայց Լորայի երեք քույրերն ասացին, որ հոգ կտանեն նրա մասին թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես և թե՛ էմոցիոնալ առումով։ Նրանք ասացին. «Ճիշտ է, մենք չենք կարող լիաժամ ծառայել, բայց մեր մոր մասին հոգ տանելով՝ կնպաստենք, որ շարունակեք ձեր ծառայությունը»։ Մենք անչափ շնորհակալ ենք նրանց։
Նմանապես եղբայրս ու նրա կինը, ովքեր ապրում էին Տորոնտոյում (Կանադա), հոգ էին տանում այրիացած մորս մասին, ով արդեն 20 տարի էր՝ նրանց հետ էր ապրում։ Մենք անչափ գնահատում ենք այն սերն ու հոգատարությունը, որ նրանք մինչև վերջ դրսևորեցին մորս հանդեպ։ Ցավոք, նա մահացավ մեր՝ Նյու Յորք գալուց կարճ ժամանակ անց։ Իրոք, մեծ օրհնություն է ունենալ այնպիսի հարազատներ, ովքեր պատրաստ են իրենց կյանքում փոփոխություններ անելու, որպեսզի հոգ տանեն տարեց ծնողների մասին, ինչը երբեմն կարող է շատ դժվար լինել։
Մի քանի տարի Միացյալ Նահանգներում ծառայեցի տպագրության ոլորտում, որը իրականացվում է պարզեցված և ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով։ Վերջերս էլ սկսել եմ աշխատել մատակարարման բաժնում։ Ուրախ ենք, որ վերջին 20 տարիների ընթացքում պատիվ ենք ունեցել ծառայելու այս հսկայական մասնաճյուղում, որտեղ ծառայում են մոտ 5 000 բեթելցի և 2 000 համագործակից։
Վաթսուն տարի առաջ մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր կհայտնվեմ այստեղ։ Այս ողջ տարիների ընթացքում Լորան միշտ աջակցել է ինձ։ Իսկապես որ հարուստ կյանք ենք ունեցել։ Հիանալի նշանակումներ ենք ստացել և համագործակցել ենք հրաշալի մարդկանց հետ։ Նշանակման բերումով նաև այցելել ենք աշխարհի տարբեր մասերում գտնվող շատ մասնաճյուղեր։ Այս ամենը մենք գանձ ենք համարում։ Այժմ, երբ ութսունն անց եմ, աշխատում եմ ավելի թեթև գրաֆիկով, քանի որ շատ որակյալ երիտասարդ եղբայրներ կան, որոնք կարող են առաջ տանել գործը։
Սաղմոսերգուն գրել է. «Երջանիկ է այն ազգը, որի Աստվածը Եհովան է» (Սաղ. 33։12)։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։ Անչափ շնորհակալ եմ Եհովային, որ ինձ հնարավորություն է ընձեռել ծառայելու իրեն իր երջանիկ ժողովրդի հետ։