Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ տեսակետ ունեն Եհովայի վկաները կողակից գտնելու նպատակով օնլայն ծանոթություններ հաստատելու վերաբերյալ

Եհովան ցանկանում է, որ ամուսնացողները երջանիկ լինեն, և նրանց միությունը հարատև լինի (Մատթ. 19։4–6)։ Եթե ամուսնանալու նպատակ ունես, ինչպե՞ս կարող ես լավ կողակից գտնել։ Լինելով մեր Ստեղծիչը՝ Եհովան լավ գիտի, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի հաջողություն ունենանք թե՛ մտերմության շրջանում և թե՛ ամուսնության մեջ։ Ուստի կիրառելով նրա տված սկզբունքները՝ հիանալի արդյունքների կհասնենք։ Քննենք դրանցից մի քանիսը։

Մենք պետք է ընդունենք, որ «նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի» (Երեմ. 17։9)։ Երբ ամուսնանալ ցանկացող երկու անհատ սկսում են մտերմություն անել, հնարավոր է՝ շատ արագ նրանց միջև էմոցիոնալ կապվածություն առաջանա, ինչը կարող է մթագնել առողջ դատողությունը։ Իսկ երբ մարդիկ ամուսնանալու որոշում են կայացնում՝ հիմնվելով զուտ զգացմունքների վրա, հաճախ հիասթափություն են ապրում (Առակ. 28։26)։ Այդ պատճառով խելամիտ չի լինի մտերմության վաղ շրջանում ռոմանտիկ զգացմունքներ արտահայտել կամ խոստումներ տալ՝ առանց իրար լավ ճանաչելու։

Առակներ 22։3-ում ասվում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում»։ Իրականում ծանոթությունների կայքերը կարող են վտանգավոր լինել։ Ցավոք, ոմանք դառը փորձով են համոզվել դրանում, երբ օնլայն մտերմություն են սկսել անծանոթ մեկի հետ, ով ի վերջո խաբել է իրենց։ Բացի այդ՝ նման կայքերում որոշ խարդախ անձինք կեղծ օգտահաշիվներ են բացում, որպեսզի խաբեությամբ փող կորզեն անփորձ մարդկանցից։ Երբեմն այդ անխիղճ խաբեբաները հանդես են գալիս որպես Եհովայի վկա։

Քննենք մեկ այլ վտանգ։ Ծանոթության որոշ կայքեր մաթեմատիկական հաշվարկների միջոցով որոշում են, թե տվյալ անհատի համար ով համապատասխան զույգ կլինի։ Սակայն չկա որևէ ապացույց, որ նմանատիպ մեթոդները արդյունավետ են։ Խելամի՞տ է արդյոք վստահել մարդու ստեղծած ինչ-որ բանաձևի, երբ կայացնում ենք այնպիսի կարևոր որոշում, ինչպիսին կողակցի ընտրությունն է։ Մի՞թե մաթեմատիկական բանաձևերը կարող են համեմատվել աստվածաշնչյան սկզբունքների հետ (Առակ. 1։7; 3։5–7

Առակներ 14։15-ում ասվում է. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը»։ Նախքան անհատի հետ ամուսնանալու որոշում կայացնելը պետք է լավ ճանաչես նրան։ Բայց միայն օնլայն շփվելով՝ դժվար է մարդուն լավ ճանաչել։ Անգամ եթե տեսնում եք միմյանց անձնական տվյալները և բավականին երկար ժամանակ եք անցկացնում՝ իրար հաղորդագրություններ ուղարկելով, արդյո՞ք կարելի է ասել, որ միմյանց լավ եք ճանաչում։ Ոմանք, ովքեր մտածում էին, թե գտել են իրենց կեսին, մեծ հիասթափություն են ապրել, երբ ի վերջո հանդիպել են նրան։

Սաղմոսերգուն գրել է. «Ստախոս մարդկանց հետ չեմ նստել և չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ» (Սաղ. 26։4)։ Շատերը ծանոթությունների կայքերում անձնական կեղծ տեղեկություններ են ներկայացնում, որպեսզի ավելի գրավիչ երևան։ Նրանք թաքցնում են իրենց բնավորության վատ գծերը, կամ էլ դրանք չեն երևում նրանց ուղարկած հաղորդագրություններից։ Լավ կլինի մտածել հետևյալ հարցերի շուրջ. «Նույնիսկ եթե ինչ-որ մեկը ներկայանում է որպես Եհովայի վկա, արդյո՞ք իրականում դա այդպես է։ Անգամ եթե նա Վկա է, արդյո՞ք հոգևորապես հասուն քրիստոնյա է։ Մտերի՞մ է Եհովայի հետ։ Լավ համբավ ունի՞ ժողովում, թե՞ վատ օրինակ է և անգամ «վատ ընկերակցություն» ուրիշների համար (1 Կորնթ. 15։33; 2 Տիմոթ. 2։20, 21)։ Աստվածաշնչի տեսանկյունից ազա՞տ է ամուսնանալու»։ Շատ կարևոր է իմանալ այս հարցերի պատասխանները, բայց դժվար կլինի դրանք պարզել առանց այն Վկաների օգնության, ովքեր լավ են ճանաչում այդ անհատին (Առակ. 15։22)։ Եվ ինչ խոսք, Աստծու նվիրված ծառայի մտքով անգամ չի անցնի «անհավասար լծակից» լինել անհավատի հետ (2 Կորնթ. 6։14; 1 Կորնթ. 7։39

Ինչպես տեսանք, օնլայն ծանոթությունների կայքերից օգտվելը լի է վտանգներով։ Իրականում կողակից գտնելու և մտերմություն անելու ավելի լավ ձևեր կան։ Իսկ որտե՞ղ կարող ենք հանդիպել մեր ապագա կողակցին։ Երբ հավաքույթներ անցկացնելու սահմանափակումներ այլևս չլինեն, Եհովայի վկաները կարող են ծանոթանալ նոր մարդկանց հետ՝ հաճախելով ժողովի հանդիպումներին, համաժողովներին և այլ հավաքույթների։

Միասին ժամանակ անցկացնելով՝ ավելի հստակ կտեսնեք, թե արդյոք նույն նպատակներն ու արժեքներն ունեք

Երբ ինչ-որ պատճառով այդպիսի հավաքույթներ անցկացնելը հնարավոր չէ, ինչպես, օրինակ, COVID-19 համավարակի դեպքում, մեր հանդիպումներն անցկացվում են տեսակապի միջոցով, որոնց ժամանակ նույնպես կարող ես ծանոթանալ ամուրի Վկաների հետ։ Դու կարող ես տեսնել, թե ինչպես է տվյալ անհատը մասնակցում ժողովի հանդիպումներին, օրինակ, ելույթներ ներկայացնում կամ իր հավատն արտահայտում՝ մեկնաբանություններ տալով (1 Տիմոթ. 6։11, 12)։ Դուք կարող եք նաև ժողովից հետո միմյանց հետ շփվել վիրտուալ սենյակում։ Բացի այդ՝ Վկաների հետ օնլայն հավաքույթների ժամանակ կարող ես ուշադրություն դարձնել, թե անհատը, ում համակրում ես, ինչպես է շփվում ուրիշների հետ։ Այդպես կարող ես տեսնել, թե նա ինչպիսի անձնավորություն է իրականում (1 Պետ. 3։4)։ Ժամանակի ընթացքում, երբ ավելի լավ ճանաչեք իրար, կտեսնեք, թե արդյոք նույն նպատակներն ու արժեքներն ունեք և համապատասխան եք արդյոք իրար։

Երբ ամուրի եղբայրը կամ քույրը կողակից է փնտրում՝ հետևելով աստվածաշնչյան սկզբունքներին, ամենայն հավանականությամբ կհամոզվի հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Ինչ-որ մեկը լավ կի՞ն [կամ ամուսի՞ն] է գտել. նա բարիք է գտել և Եհովայի բարեհաճությունն է վայելում» (Առակ. 18։22