Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 28

Իրար մրցակցության չհրահրենք, այլ նպաստենք խաղաղության

Իրար մրցակցության չհրահրենք, այլ նպաստենք խաղաղության

«Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք և իրար չնախանձենք» (ԳԱՂ. 5։26

ԵՐԳ 101 Միաբանությամբ համագործակցենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչպե՞ս կարող է մրցակցության ոգին ազդել մարդկանց վրա։

ԱՅՍՕՐ աշխարհում բազմաթիվ մարդիկ եսասիրաբար մրցակցության ոգի են դրսևորում։ Օրինակ՝ բիզնեսմենը փորձում է ամեն գնով առաջ անցնել իր մրցակիցներից։ Մարզիկը հանուն հաղթանակի մրցումների ժամանակ դիտավորյալ վնասում է հակառակորդին։ Դիմորդը հեղինակավոր ուսումնական հաստատություն ընդունվելու համար քննությունների ժամանակ խարդախում է։ Քրիստոնյաները գիտակցում են, որ նման վարքը սխալ է. այն մտնում է «մարմնի գործերի» մեջ (Գաղ. 5։19–21)։ Սակայն հնարավո՞ր է, որ Եհովայի ծառաները անգիտակցաբար մրցակցություն հրահրեն ժողովում։ Սա շատ կարևոր հարց է, քանի որ մրցակցության ոգին կարող է ազդել ժողովի միասնության վրա։

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Հոդվածում կքննենք, թե որ բացասական հատկությունները կարող են պատճառ լինել, որ սկսենք մրցակցել մեր հավատակիցների հետ։ Նաև կիմանանք, թե Աստծու վաղեմի ծառաներին ինչպես է հաջողվել չտրվել մրցակցության ոգի դրսևորելու գայթակղությանը։ Բայց մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչն է մղում մեզ ծառայելու Աստծուն։

ՔՆՆԻՐ ՄՂՈՒՄՆԵՐԴ

3. Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

3 Ժամանակ առ ժամանակ լավ կլինի քննենք, թե ինչ մղումներով ենք ծառայում Եհովային։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Արդյո՞ք իմ ինքնագնահատականը կախված է ուրիշների հետ համեմատվելուց։ Արդյո՞ք ժողովում ինչ-որ բան անելու իմ մղումը լավագույնը երևալն է կամ գոնե մեկից առաջ անցնելը, թե՞ պարզապես ուզում եմ իմ լավագույնն անել Եհովայի համար»։ Ինչո՞ւ են այս հարցերը կարևոր։ Տեսնենք, թե ինչ է ասում Աստծու Խոսքը։

4. Ինչո՞ւ չպետք է համեմատվենք ուրիշների հետ, ինչպես հորդորում է Գաղատացիներ 6։3, 4-ը։

4 Աստվածաշնչում ասվում է, որ չպետք է ուրիշների հետ համեմատվենք (կարդա Գաղատացիներ 6։3, 4)։ Ինչո՞ւ։ Համեմատվելով գուցե գանք այն եզրակացության, որ ուրիշներից ավելի լավն ենք։ Այդ դեպքում վտանգ կա, որ կհպարտանանք։ Մյուս կողմից, սակայն, եթե տեսնենք, որ ինչ-որ հարցում զիջում ենք ուրիշներին, ամենայն հավանականությամբ կվհատվենք։ Երկու դեպքում էլ ողջամտություն դրսևորած չենք լինի (Հռոմ. 12։3)։ Կատերինան, * ով ապրում է Հունաստանում, ասում է. «Ես սովորություն ունեի համեմատվելու նրանց հետ, ովքեր իմ կարծիքով ավելի գեղեցիկ էին, հմուտ էին ծառայության մեջ և շփվող։ Արդյունքում թերարժեքության զգացումով լցվեցի»։ Մենք պետք է հիշենք, որ Եհովան ձգել է մեզ ոչ թե այն բանի համար, որ գեղեցիկ ենք, ճարտար լեզու ունենք կամ սիրված ենք շրջապատի կողմից, այլ որ ցանկացել ենք սիրել իրեն և հնազանդվել իր Որդուն (Հովհ. 6։44; 1 Կորնթ. 1։26–31

5. Ի՞նչ ենք սովորում Յոնի օրինակից։

5 Կարող ենք ինքներս մեզ նաև այս հարցը տալ. «Խաղաղարա՞ր մարդու համբավ ունեմ, թե՞ հայտնի եմ որպես վիճաբանող»։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Յոն անունով մի երեցի հետ, ով ապրում է Հարավային Կորեայում։ Մի ժամանակ նա առանձնաշնորհում ունեցող եղբայրներին իր մրցակիցն էր համարում։ Յոնն ասում է. «Հաճախ քննադատում էի այդ եղբայրներին և չէի համաձայնվում նրանց ասածների հետ»։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Նա պատմում է. «Իմ վերաբերմունքի պատճառով ժողովը պառակտվեց»։ Յոնի ընկերներից ոմանք օգնեցին նրան տեսնել իր խնդիրը։ Նա կատարեց անհրաժեշտ փոփոխությունները և այսօր սիրառատ երեց է ժողովի համար։ Եթե նկատում ենք, որ խաղաղության նպաստելու փոխարեն հակված ենք մրցակցելու, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք։

ՉԼԻՆԵՆՔ ՍՆԱՊԱՐԾ ԵՎ ՆԱԽԱՆՁ

6. Գաղատացիներ 5։26-ի համաձայն՝ ո՞ր բացասական հատկությունների պատճառով մեր մեջ կարող է մրցակցության ոգի զարգանալ։

6 Կարդա Գաղատացիներ 5։26։ Ո՞ր բացասական հատկությունները կարող են պատճառ լինել, որ մեր մեջ մրցակցության ոգի զարգանա։ Այդ հատկություններից է սնապարծությունը։ Սնապարծ մարդը հպարտ է և եսասեր։ Մյուս վատ հատկությունը նախանձն է։ Նախանձ մարդը ոչ միայն նախանձում է ուրիշի ունեցածին, այլև ուզում է զրկել նրան դրանից։ Իրականում նախանձը ատելության դրսևորում է։ Մենք պետք է խուսափենք այս վատ հատկություններից, ինչպես կխուսափեինք ժանտախտից։

7. Օրինակով բացատրիր, թե ինչ վատ հետևանքների կարող են հանգեցնել սնապարծությունը և նախանձը։

7 Սնապարծությունը և նախանձը կարելի է նմանեցնել կեղտի և փոշու, որոնք, ներթափանցելով ինքնաթիռի վառելիքի համակարգ, աղտոտում են այն։ Գուցե ինքնաթիռին հաջողվի օդ բարձրանալ, սակայն վառելիքի խողովակաշարերի խցանման պատճառով շարժիչի աշխատանքը կարող է խափանվել, ինչի պատճառով ինքնաթիռը վայրէջք կատարելիս վթարի կենթարկվի։ Նմանապես այն քրիստոնյան, ով սնապարծությունից ու նախանձից դրդված է ծառայում Եհովային, գուցե որոշ ժամանակ ծառայի նրան, բայց այդ վատ հատկությունները ի վերջո նրան կործանման կտանեն (Առակ. 16։18)։ Նա կհեռանա Եհովայից և կվնասի թե՛ իրեն, թե՛ ուրիշներին։ Իսկ ինչպե՞ս կարող ենք խուսափել սնապարծությունից ու նախանձից։

8. Ինչպե՞ս կարող ենք պայքարել սնապարծության դեմ։

8 Մենք կարող ենք պայքարել սնապարծության դեմ՝ կիրառելով փիլիպպեցիներին ուղղված Պողոս առաքյալի խորհուրդը. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպ. 2։3)։ Եթե ուրիշներին մեզանից բարձր համարենք, չենք մրցի նրանց հետ, ովքեր ավելի շատ տաղանդներ և ընդունակություններ ունեն, քան մենք։ Ընդհակառակը՝ ուրախ կլինենք նրանց համար, հատկապես եթե նրանք օգտագործում են իրենց ընդունակությունները Եհովային ծառայելու համար։ Մեր այդ հավատակիցներն էլ իրենց հերթին, հետևելով Պողոս առաքյալի խորհրդին, կկենտրոնանան մեր լավ հատկությունների վրա։ Այդպիսով բոլորս կնպաստենք ժողովի խաղաղությանն ու միասնությանը։

9. Ինչպե՞ս կարող ենք պայքարել նախանձելու հակման դեմ։

9 Մենք կարող ենք պայքարել նախանձելու հակման դեմ, եթե զարգացնենք համեստություն, այսինքն՝ գիտակցենք մեր հնարավորությունների սահմանափակ լինելը։ Եթե համեստ լինենք, չենք փորձի ապացուցել, որ մյուսներից ավելի տաղանդավոր ենք և ընդունակ։ Փոխարենը՝ կձգտենք սովորել նրանցից, ովքեր այս կամ այն հարցում գերազանցում են մեզ։ Օրինակ, եթե եղբայրը հմուտ հռետոր է, կարող ես հարցնել նրան, թե ինչպես է պատրաստում իր ելույթները։ Կամ եթե քույրը լավ խոհարար է, կարող ես խորհուրդներ հարցնել նրանից, որպեսզի բարելավվես այդ հարցում։ Իսկ եթե քրիստոնյա պատանի ես և դժվարանում ես ընկերներ գտնել, կարող ես խորհուրդներ հարցնել նրանից, ով հեշտությամբ է ընկերանում մարդկանց հետ։ Այդպես վարվելով՝ չենք նախանձի և կբարելավենք մեր հմտությունները։

ՍՈՎՈՐԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ

Գեդեոնը խոնարհ էր, ուստի կարողացավ խաղաղություն հաստատել եփրեմյանների հետ (տես պարբերություն 10–12)

10. Ի՞նչ դժվարության բախվեց Գեդեոնը։

10 Քննենք մի դեպք, որ տեղի ունեցավ Գեդեոնի և Եփրեմի ցեղի մարդկանց հետ։ Եհովայի օգնությամբ Գեդեոնը, ով Մանասեի ցեղից էր, և նրա հետ եղող 300 տղամարդիկ մեծ հաղթանակ տարան, ինչով նրանք կարող էին հպարտանալ։ Եփրեմի մարդիկ գնացին Գեդեոնի մոտ, բայց ոչ թե նրան գովելու, այլ նրա հետ վիճաբանելու նպատակով։ Նրանց հպարտությունը խոցվել էր, քանի որ Աստծու թշնամիների դեմ պատերազմելիս Գեդեոնը հենց սկզբից չէր կանչել նրանց։ Եփրեմյանները այնքան էին կենտրոնացել իրենց ցեղի պատիվը պահելու վրա, որ իրենց տեսադաշտից կորցրել էին ավելի կարևոր մի բան. այն, որ Գեդեոնը փառք էր բերել Եհովայի անվանը և պաշտպանել նրա ժողովրդին (Դատ. 8։1

11. Ի՞նչ պատասխանեց Գեդեոնը Եփրեմի մարդկանց։

11 Գեդեոնը համեստորեն Եփրեմի մարդկանց ասաց. «Ձեզ հետ համեմատած՝ ի՞նչ եմ արել ես»։ Այնուհետև հիշեցրեց, թե ինչպես է Եհովան օրհնել նրանց։ Արդյունքում «նրանց ոգին հանդարտվեց» (Դատ. 8։2, 3)։ Գեդեոնը հանուն Աստծու ժողովրդի խաղաղության մի կողմ դրեց իր հպարտությունը։

12. Ի՞նչ ենք սովորում եփրեմյանների և Գեդեոնի պատմությունից։

12 Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։ Եփրեմյանների օրինակից սովորում ենք, որ ավելի շատ պետք է կենտրոնանանք Եհովային պատվելու, քան մեր պատիվը պահելու վրա։ Ընտանիքի գլուխները և երեցները Գեդեոնի օրինակից կարող են սովորել, որ եթե ինչ-որ մեկը նեղվել է իրենց արածից, ապա իրավիճակին հարկավոր է նայել այդ մարդու տեսանկյունից։ Նրանք նաև կարող են գովել այդ անհատին իր արած լավ բաների համար։ Ինչ խոսք, դա խոնարհություն է պահանջում, հատկապես եթե ակնհայտ է, որ դիմացինը սխալ է։ Սակայն շատ ավելի կարևոր է խաղաղ փոխհարաբերություններ ունենալ մեր քույրերի ու եղբայրների հետ, քան ապացուցել, որ մենք ճիշտ ենք։

Աննան վերագտավ իր ներքին խաղաղությունը, քանի որ համոզված էր, որ Եհովան կշտկի իրավիճակը (տես պարբերություն 13–14)

13. Ի՞նչ դժվարության բախվեց Աննան և ինչպե՞ս հաղթահարեց այն։

13 Ուշադրություն դարձնենք նաև Աննայի օրինակին։ Նա ամուսնացել էր մի ղևտացու հետ, որի անունը Եղկանա էր։ Եղկանան Աննային շատ էր սիրում, բայց ուրիշ կին էլ ուներ՝ Փենանան։ Նա ավելի շատ սիրում էր Աննային, քան Փենանային։ Սակայն վերջինս «երեխաներ ուներ, իսկ Աննան երեխա չուներ», ինչի պատճառով Փենանան «սաստիկ զայրացնում էր Աննային և վշտացնում»։ Աստվածաշնչում ասվում է, որ «Աննան լաց էր լինում ու ոչինչ չէր ուտում» (1 Սամ. 1։2, 6, 7)։ Բայց ոչ մի տեղեկություն չկա այն մասին, որ նա փորձել է նույն կերպ վարվել Փենանայի հետ։ Փոխարենը՝ Աննան իր սիրտը բացեց Եհովայի առաջ՝ վստահ լինելով, որ նա կշտկի իրավիճակը և կօգնի իրեն։ Արդյո՞ք Փենանան փոխեց իր վերաբերմունքը։ Աստվածաշնչում այդ մասին ոչինչ չի ասվում, սակայն մենք գիտենք, որ Աննան վերագտավ իր ներքին խաղաղությունը, և «նրա երեսից տրտմությունը վերացավ» (1 Սամ. 1։10, 18

14. Ի՞նչ ենք սովորում Աննայի օրինակից։

14 Ի՞նչ կարող ենք սովորել Աննայի օրինակից։ Եթե ինչ-որ մեկը փորձում է մրցել քեզ հետ, դա չի նշանակում, որ դու էլ նրա հետ պետք է մրցես։ Դու կարող ես վերահսկել իրավիճակը։ Չարին չարով հատուցելու փոխարեն փորձիր խաղաղություն հաստատել այդ անհատի հետ (Հռոմ. 12։17–21)։ Անգամ եթե նա չփոխվի, միևնույն է, դու ներքին խաղաղություն կունենաս։

Ապողոսն ու Պողոսը չէին մրցակցում իրար հետ, քանի որ հասկանում էին, որ Եհովայի օրհնության շնորհիվ է քարոզչական գործը առաջ գնում (տես պարբերություն 15–18)

15. Ի՞նչ նմանություններ ունեին Ապողոսն ու Պողոսը։

15 Այժմ եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Ապողոսից և Պողոս առաքյալից։ Նրանք երկուսն էլ գերազանց գիտեին Սուրբ Գրքերը, աչքի ընկնող ու ազդեցիկ ուսուցիչներ էին։ Նրանք բազմաթիվ մարդկանց օգնել էին դառնալ Քրիստոսի աշակերտ։ Բայց նրանցից ոչ մեկը մյուսին իր մրցակիցը չէր համարում։

16. Ինչպիսի՞ մարդ էր Ապողոսը։

16 Ապողոսը «ծագումով Ալեքսանդրիայից» էր, որը առաջին դարում կրթական կենտրոն էր համարվում։ Ակներևաբար նա հմուտ հռետոր էր և «լավատեղյակ էր Սուրբ Գրքերից» (Գործ. 18։24)։ Երբ Ապողոսը Կորնթոսի ժողովում էր, հավատակիցները հստակ ցույց էին տալիս, որ նրան մյուս եղբայրներից ավելի շատ էին սիրում, այդ թվում՝ Պողոսից (1 Կորնթ. 1։12, 13)։ Արդյո՞ք Ապողոսը հավանություն էր տալիս այդ պառակտիչ վերաբերմունքին։ Դժվար թե։ Հակառակ դեպքում որոշ ժամանակ անց Պողոսը չէր հորդորի նրան վերադառնալ Կորնթոս (1 Կորնթ. 16։12)։ Պողոսը երբեք նման բան չէր անի, եթե նկատեր, որ Ապողոսը պառակտիչ ազդեցություն է ունենում ժողովի վրա։ Հստակ տեսնում ենք, որ Ապողոսը իր ունակությունները ճիշտ էր օգտագործում՝ քարոզում էր բարի լուրը և զորացնում հավատակիցներին։ Մենք նաև վստահ ենք, որ Ապողոսը խոնարհ մարդ էր։ Օրինակ՝ ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ նա իրեն վատ զգաց, երբ Ակյուղասն ու Պրիսկիղան «Աստծու ճանապարհը ավելի ճշգրտությամբ նրան բացատրեցին» (Գործ. 18։24–28

17. Ինչպե՞ս Պողոսը նպաստեց խաղաղության։

17 Պողոսը գիտեր, թե ինչ մեծ գործ է անում Ապողոսը, և նրան չէր անհանգստացնում այն միտքը, որ մարդիկ կմտածեին, թե Ապողոսն իրենից ավելի լավն է։ Կորնթացիներին տված Պողոսի խորհրդից երևում է, որ նա խոնարհ, համեստ և խոհեմ էր։ Երբ մարդիկ ասում էին՝ «Ես Պողոսին եմ հետևում», նրան դա դուր չէր գալիս։ Փոխարենը՝ Պողոսը մարդկանց ողջ ուշադրությունը ուղղում էր Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի վրա (1 Կորնթ. 3։3–6

18. Հաշվի առնելով 1 Կորնթացիներ 4։6, 7 համարները՝ ի՞նչ ենք սովորում Ապողոսի և Պողոսի օրինակից։

18 Ի՞նչ կարող ենք սովորել Ապողոսի և Պողոսի օրինակից։ Մենք գուցե շատ բան անենք Եհովայի համար և բազմաթիվ մարդկանց օգնենք հասնել մկրտության։ Սակայն գիտակցում ենք, որ այդ ամենը հնարավոր է միմիայն Եհովայի օրհնության շնորհիվ։ Պողոսի և Ապողոսի օրինակից ևս մեկ դաս ենք սովորում։ Որքան շատ պատասխանատվություններ ունենք ժողովում, այնքան ավելի մեծ է հնարավորությունը նպաստելու ժողովի խաղաղությանը։ Մենք շատ ենք ուրախանում, երբ նշանակում ունեցող եղբայրները նպաստում են ժողովի խաղաղությանը և միասնությանը՝ իրենց խորհուրդը հիմնելով Աստծու Խոսքի վրա։ Հավատակիցների ուշադրությունը իրենց անձի վրա կենտրոնացնելու փոխարեն նրանք օգնում են ժողովին հնազանդվել Հիսուսին և հետևել նրա օրինակին (կարդա 1 Կորնթացիներ 4։6, 7

19. Ի՞նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը (տես նաև « Խուսափիր մրցակցություն հրահրելուց» շրջանակը)։

19 Աստված բոլորիս էլ տվել է ինչ-որ տաղանդ կամ ընդունակություն։ Մենք դրանք կարող ենք օգտագործել՝ «իրար ծառայելով» (1 Պետ. 4։10)։ Գուցե մտածենք, թե մեր արածը չնչին բան է։ Սակայն խաղաղության նպաստող փոքր բաները նման են կարերի, որոնք հագուստի տարբեր մասերը միացնում են իրար։ Ուստի եկեք ամեն ջանք թափենք, որ արմատախիլ անենք մեր միջից մրցակցության ցանկացած դրսևորում և մեր ձեռքից եկածն անենք, որ նպաստենք ժողովի միասնությանն ու խաղաղությանը (Եփես. 4։3

ԵՐԳ 80 «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»

^ պարբ. 5 Ինչպես փոքր ճաքերի պատճառով կավե անոթը կարող է հեշտությամբ կոտրվել, այնպես էլ մրցակցության ոգու պատճառով ժողովը կարող է հեշտությամբ պառակտվել։ Եթե ժողովը ամուր և միասնական չէ, այն չի կարող խաղաղ վայր լինել Աստծուն պաշտելու համար։ Հոդվածում կքննենք, թե ինչու պետք է խուսափենք մրցակցության ոգուց և ինչպես կարող ենք նպաստել ժողովի խաղաղությանը։

^ պարբ. 4 Անունները փոխված են։