Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 28

Թագավորությունն իշխում է

Թագավորությունն իշխում է

«Թագավորական իշխանությունը աշխարհի վրա այժմ պատկանում է մեր Տիրոջը և իր Քրիստոսին» (ՀԱՅՏՆ. 11։15

ԵՐԳ 22 Թագավորությունն իշխում է. թող այն գա

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչո՞ւմ ենք համոզված և ինչո՞ւ։

 ԴԺՎԱՐԱՆՈ՞ՒՄ ես լավատեսորեն նայել ապագային՝ տեսնելով աշխարհում տիրող իրավիճակը։ Այսօր ընտանեկան կապերը գնալով թուլանում են, մարդիկ ավելի ագրեսիվ, դաժան ու եսասեր են դառնում։ Շատերն այլևս չեն վստահում իշխանություններին։ Բայց այս ամենին ականատես լինելը կարող է քեզ ապագայի հանդեպ վստահությամբ լցնել։ Ինչո՞ւ։ Քանի որ մարդիկ վարվում են ճիշտ այնպես, ինչպես կանխագուշակվել էր «վերջին օրերի» վերաբերյալ մի մարգարեությունում (2 Տիմոթ. 3։1-5)։ Դրա կատարումը ակնհայտ է անկեղծ սիրտ ունեցող մարդկանց համար և զորեղ ապացույց է այն բանի, որ Քրիստոս Հիսուսը սկսել է իշխել որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Բայց դա Աստծու Թագավորության վերաբերյալ բազում մարգարեություններից ընդամենը մեկն է։ Այժմ կտեսնենք, թե ուրիշ ինչ մարգարեություններ են կատարվել վերջին տարիների ընթացքում։ Դրանք քննելով՝ կամրացնենք մեր հավատը։

Ճիշտ ինչպես փազլի կտորները իրար կողք դնելով ստանում ենք մեկ պատկեր, այնպես էլ «Դանիել» և «Հայտնություն» գրքերում գրված մարգարեությունները համադրելով՝ հստակ պատկերացում ենք կազմում այն մասին, թե որտեղ ենք գտնվում Եհովայի ժամանակացույցում (տես պարբերություն 2)

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում և ինչո՞ւ (մեկնաբանիր ամսագրի շապիկի նկարը)։

2 Այս հոդվածում կքննենք՝ 1) մարգարեություն, որն օգնում է մեզ հասկանալ, թե երբ է հաստատվել Աստծու Թագավորությունը, 2) մարգարեություններ, որոնք օգնում են մեզ տեսնել Հիսուսի անտեսանելի ներկայությունը որպես Աստծու Թագավորության Թագավոր, և 3) մարգարեություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են կործանվելու Աստծու Թագավորության թշնամիները։ Կտեսնենք, որ այս մարգարեությունները նման են փազլի կտորների, որոնք իրար կողք դնելով՝ կիմանանք, թե Աստծու նպատակների կատարման ժամանակացույցի որ հատվածում ենք մենք այսօր ապրում։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ, ԹԵ ԵՐԲ Է ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ

3. Դանիել 7։13, 14 համարներում գրված մարգարեությունը ինչո՞ւմ է մեզ հավաստիացնում։

3 Դանիել 7։13, 14 համարներում գրված մարգարեությունը հավաստիացնում է, որ Քրիստոս Հիսուսը Աստծու Թագավորության իդեալական Թագավոր է լինելու։ Բոլոր ազգերի մարդիկ «ծառայելու են նրան», և նրա Թագավորությունը երբեք ուրիշին չի տրվելու։ «Դանիել» գրքում նաև կանխագուշակվել էր, որ Հիսուսը Թագավոր էր դառնալու խորհրդանշական յոթ ժամանակների վերջում։ Իսկ հնարավո՞ր է իմանալ, թե երբ է այդ ուրախալի իրադարձությունը տեղի ունեցել։

4. Բացատրիր, թե ինչպես են Դանիել 4։10-17 համարները օգնում մեզ հասկանալ, թե երբ էր Քրիստոսը թագավորական իշխանություն ստանալու (տես նաև ծանոթագրությունը)։

4 Կարդա Դանիել 4։10-17։ «Յոթ ժամանակը» խորհրդանշում է 2 520 տարիներից բաղկացած մի ժամանակաշրջան։ Այն սկսվեց մ. թ. ա. 607-ին, երբ Երուսաղեմում բաբելոնացիները գահընկեց արեցին Եհովայի նշանակած վերջին թագավորին, և ավարտվեց 1914 թ.-ին, երբ Եհովան թագադրեց Հիսուսին՝ նրան, ով «օրինական իրավունք ունի» լինելու Աստծու Թագավորության Թագավորը (Եզեկ. 21։25-27 b

5. «Յոթ ժամանակի» մասին մարգարեությունը ինչպե՞ս է օգնում մեզ։

5 Ինչպե՞ս է այս մարգարեությունը օգնում մեզ։ «Յոթ ժամանակի» մասին մարգարեությունը հավաստիացնում է մեզ, որ Եհովան միշտ կատարում է իր խոստումները ճիշտ ժամանակին։ Իր Թագավորության հաստատման համար նա կոնկրետ ժամանակ էր սահմանել, և երբ եկավ այդ ժամանակը, այն հաստատվեց։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ մյուս բոլոր մարգարեություններն էլ կկատարվեն ըստ նրա սահմանած ժամանակացույցի։ Սա վստահեցնում է մեզ, որ Եհովայի օրը «չի ուշանա» (Ամբ. 2։3

Ի՞ՆՉՆ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ, ՈՐ ՔՐԻՍՏՈՍՆ ԱՐԴԵՆ ԻՇԽՈՒՄ Է

6. ա) Ո՞րն է Քրիստոսի անտեսանելի իշխանության տեսանելի ապացույցը։ բ) Ինչպե՞ս է Հայտնություն 6։2-8 համարներում գրված մարգարեությունը թիկունք կանգնում այն փաստին, որ Քրիստոսն արդեն իշխում է։

6 Իր երկրային ծառայության վերջում Հիսուսը մարգարեացել էր, որ ապագայում որոշ իրադարձություններ էին տեղի ունենալու, որոնք տեսնելով՝ իր հետևորդները կարող էին հասկանալ, որ նա սկսել է իշխել երկնքում։ Օրինակ՝ Հիսուսն ասել էր, որ պատերազմներ, սովեր և երկրաշարժեր են լինելու։ Նա նաև կանխագուշակել էր, որ համաճարակներ են լինելու, ինչի վառ օրինակն է COVID-19 համավարակը։ Այս ամենը Քրիստոսի ներկայության «նշանի» մաս է կազմում (Մատթ. 24։3, 7; Ղուկ. 21։7, 10, 11)։ Իր մահից և երկինք վերադառնալուց ավելի քան 60 տարի անց Հիսուսը Հովհաննես առաքյալին լրացուցիչ հավաստիացում տվեց, որ այս բոլոր բաները տեղի են ունենալու (կարդա Հայտնություն 6։2-8)։ Այդ իրադարձությունները սկսել են կատարվել 1914 թ.-ից ի վեր, երբ Հիսուսը Թագավոր դարձավ։

7. Այն պահից սկսած, ինչ Հիսուսը Թագավոր է դարձել, ինչո՞ւ է երկրի վրա «վայ» եկել։

7 Իսկ ինչո՞ւ աշխարհի վիճակը Հիսուսի՝ Թագավոր դառնալուց հետո սկսեց վատանալ։ Հայտնություն 6։2-ը կարևոր մանրամասնություն է հայտնում այս հարցի առնչությամբ։ Այնտեղ ասվում է, որ որպես նորանշանակ Թագավոր՝ Հիսուսի առաջին առաքելությունը լինելու էր պատերազմելը։ Իսկ ո՞ւմ դեմ։ Սատանայի և նրա դևերի։ Հայտնություն 12-րդ գլխում կարդում ենք, որ Սատանան պարտություն կրեց, և նա ու նրա դևերը ցած գցվեցին երկրի վրա։ Մեծ բարկությամբ լցված՝ Սատանան սկսեց իր զայրույթը թափել մարդկության վրա՝ «վայ [բերելով] երկրին» (Հայտն. 12։7-12

Ճիշտ է, մենք վատ լուրեր լսելիս չենք ուրախանում, բայց տեսնելով, թե ինչպես են մարգարեությունները կատարվում, համոզվում ենք, որ Աստծու Թագավորությունն արդեն իշխում է (տես պարբերություն 8)

8. Աստծու Թագավորության վերաբերյալ մարգարեությունների կատարումը տեսնելը ինչպե՞ս է օգնում մեզ։

8 Ինչպե՞ս են այս մարգարեությունները օգնում մեզ։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները և մարդկանց վարքագծի ակնհայտ փոփոխությունը օգնում են մեզ հասկանալ, որ Հիսուսը Թագավոր է դարձել։ Ուստի մարդկանց եսասիրությունն ու դաժանությունը տեսնելով՝ մենք չենք ընկճվում, քանի որ նրանց վարքագիծը հիշեցնում է մեզ, որ աստվածաշնչյան մարգարեությունը կատարվում է։ Այո՛, Աստծու Թագավորությունն իշխում է (Սաղ. 37։1)։ Մենք պետք է ակնկալենք, որ մինչ մոտենում է Արմագեդոնը, աշխարհի վիճակը ավելի է վատանալու (Մարկ. 13։8; 2 Տիմոթ. 3։13)։ Մի՞թե երախտապարտ չես մեր սիրառատ երկնային Հորը այն բանի համար, որ օգնում է մեզ հասկանալ այս անհանգիստ ժամանակների նշանակությունը։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ

9. Դանիել 2։28, 31-35 համարները ինչպե՞ս են նկարագրում վերջին աշխարհակալ ուժը, և ե՞րբ է այն ի հայտ եկել։

9 Կարդա Դանիել 2։28, 31-35։ Մենք տեսնում ենք, որ այս մարգարեությունը կատարվում է այսօր։ Նաբուգոդոնոսորի երազը հայտնում էր, թե ինչ էր լինելու «վերջին օրերում»՝ Քրիստոսի՝ Թագավոր դառնալուց հետո։ Հիսուսի երկրային թշնամիների թվում էր լինելու Աստվածաշնչում կանխագուշակված վերջին աշխարհակալ ուժը, որը ներկայացված է «արձանի ոտնաթաթերով, որոնք երկաթից ու կավից են»։ Այս աշխարհակալ ուժը արդեն իշխում է։ Այն ի հայտ է եկել Առաջին աշխարհամարտի ընթացքում, երբ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները առանձնահատուկ համագործակցություն սկսեցին և կազմեցին անգլո-ամերիկյան դաշինքը։ Նաբուգոդոնոսորի տեսած արձանը այս աշխարհակալ ուժի մասին առնվազն երկու բան է հայտնում, որոնցով այն տարբերվելու էր նախորդ թագավորություններից։

10. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Դանիելի մարգարեությունը ճշգրտությամբ նկարագրում է անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։ բ) Ո՞ր վտանգից պետք է խուսափենք (տես « Զգուշացիր «կավից»» շրջանակը)։

10 Առաջին՝ ի տարբերություն մյուս աշխարհակալ տերությունների՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը ներկայացված է ոչ թե մի տեսակի ամուր մետաղով, ինչպես, օրինակ, ոսկով կամ արծաթով, այլ երկաթի ու կավի խառնուրդով։ Կավը խորհրդանշում է «մարդկային սերնդին», այսինքն՝ հասարակ ժողովրդին (Դան. 2։43)։ Այսօր հստակ տեսնում ենք, որ ընտրություններում ժողովրդի ակտիվ ներգրավվածությունը, քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժումները, արհմիությունները և զանգվածային ցույցերը թուլացնում են այս տերության ուժը՝ թույլ չտալով, որ այն իրագործի իր նպատակները։

11. Այն, որ այսօր իշխում է անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը, ինչպե՞ս է ամրացնում մեր համոզվածությունը, որ ապրում ենք վերջի ժամանակում։

11 Երկրորդ՝ հսկա արձանի ոտնաթաթերը՝ անգլո-ամերիկյան տերությունը, Աստվածաշնչում կանխագուշակված վերջին աշխարհակալ ուժն է. դրան չի հաջորդելու որևէ քաղաքական ուժ։ Արմագեդոնի ժամանակ մյուս բոլոր մարդկային կառավարությունների հետ միասին այն կործանվելու է Աստծու Թագավորության կողմից (Հայտն. 16։13, 14, 16; 19։19, 20 c

12. Ի՞նչ հավելյալ ապացույց է նշվում Դանիելի մարգարեության մեջ, որը մխիթարում և հույս է տալիս մեզ։

12 Ինչպե՞ս է այս մարգարեությունը օգնում մեզ։ Դանիելի մարգարեության մեջ նշվում է ևս մի ապացույց, որը փաստում է, որ մենք ապրում ենք վերջի ժամանակում։ Ավելի քան 2 500 տարի առաջ Դանիելը կանխագուշակել էր, որ Բաբելոնից հետո ևս չորս աշխարհակալ ուժեր էին ի հայտ գալու, որոնք մեծ ազդեցություն էին ունենալու Աստծու ժողովրդի վրա։ Բացի այդ՝ նա հայտնել էր, որ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը լինելու էր վերջինը։ Սա մեզ մխիթարում և հույս է տալիս, որ շուտով Աստծու Թագավորությունը վերացնելու է մարդկային կառավարությունները, և ինքն է իշխելու ողջ երկրի վրա (Դան. 2։44

13. Ի՞նչ են խորհրդանշում Հայտնություն 17։9-12 համարներում նշված «ութերորդ թագավորը» և «տասը թագավորները», և ինչպե՞ս է այս մարգարեությունը իրականացել։

13 Կարդա Հայտնություն 17։9-12։ Առաջին աշխարհամարտի պատճառած ավերածությունները հանգեցրին մեկ այլ մարգարեության կատարմանը։ Աշխարհի ղեկավարները ցանկանում էին խաղաղություն հաստատել ողջ աշխարհում։ Ուստի 1920 թ. հունվարին նրանք հիմնադրեցին Ազգերի լիգան, որը 1945 թ. հոկտեմբերին փոխարինվեց Միավորված ազգերի կազմակերպությամբ։ Այս կազմակերպությունը կոչվում է «ութերորդ թագավոր», սակայն չի համարվում աշխարհակալ ուժ։ Նրա զորությունն ու ազդեցությունը կախված են իրեն աջակցող քաղաքական ուժերից։ Աստվածաշունչը այդ քաղաքական ուժերը կոչում է «տասը թագավորներ»։

14-15. ա) Հայտնություն 17։3-5 համարները ի՞նչ են հայտնում «Մեծ Բաբելոնի» մասին։ բ) Ինչպե՞ս են վարվում կեղծ կրոնի աջակիցներից շատերը։

14 Կարդա Հայտնություն 17։3-5։ Աստծուց ստացած տեսիլքում Հովհաննես առաքյալը տեսավ մի անբարո կնոջ՝ «Մեծ Բաբելոնին», որը խորհրդանշում է կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը։ Իսկ ինչպե՞ս է այդ տեսիլքն իրականացել։ Կեղծ կրոնական կազմակերպությունները երկար ժամանակ սերտորեն համագործակցել են աշխարհի քաղաքական ուժերի հետ և աջակցել նրանց։ Սակայն շուտով Եհովան քաղաքական ուժերի «սրտում կդնի, որ իր միտքը իրագործեն»։ Արդյունքում այդ քաղաքական ուժերը՝ «տասը թագավորները», կհարձակվեն կեղծ կրոնական կազմակերպությունների վրա և կոչնչացնեն դրանք (Հայտն. 17։1, 2, 16, 17

15 Իսկ որտեղի՞ց գիտենք, որ «Մեծ Բաբելոնի» վերջը մոտ է։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, որ հին Բաբելոն քաղաքը մասամբ պաշտպանված էր Եփրատ գետի ջրերով։ «Հայտնություն» գիրքը «Մեծ Բաբելոնի» միլիոնավոր աջակիցներին համեմատում է պաշտպանիչ «ջրերի» հետ (Հայտն. 17։15)։ Սակայն այն նաև հայտնում է, որ ջրերը «ցամաքելու են», ինչը նշանակում է, որ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը կորցնելու է իր աջակիցներից շատերին (Հայտն. 16։12)։ Այսօր այս մարգարեությունը կատարվում է, քանի որ բազմաթիվ մարդիկ հեռանում են կեղծ կրոնից և սկսում իրենց խնդիրների լուծումը ուրիշ տեղ փնտրել։

16. Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ հասկանալով Միավորված ազգերի կազմակերպության հայտնվելու և «Մեծ Բաբելոնի» կործանման մասին մարգարեությունները։

16 Ինչպե՞ս են այս մարգարեությունները օգնում մեզ։ Միավորված ազգերի կազմակերպության հայտնվելը և կեղծ կրոնի աջակիցների թվի նվազումը նույնպես ցույց են տալիս, որ ապրում ենք վերջին օրերում։ Ճիշտ է, Մեծ Բաբելոնի խորհրդանշական պաշտպանիչ ջրերը ցամաքում են, բայց դրա հետևանքով չէ, որ կեղծ կրոնը վերջնականապես կործանվելու է։ Ինչպես արդեն նշեցինք, Եհովան այնպես կանի, որ «տասը թագավորները», այսինքն՝ Միավորված ազգերի կազմակերպությանը աջակցող քաղաքական ուժերը «իր միտքը իրագործեն»։ Կեղծ կրոնի կործանումը հանկարծակի է լինելու և անակնկալի է բերելու մարդկությանը (Հայտն. 18։8-10 d Այն ցնցելու է ողջ աշխարհը՝ թերևս իր հետ բազում դժվարություններ բերելով։ Սակայն այդ ժամանակ Աստծու ժողովուրդը ուրախանալու առնվազն երկու պատճառ է ունենալու։ Եհովա Աստծու այդ դարավոր թշնամին մեկընդմիշտ ոչնչանալու է, և ակնհայտ է լինելու, որ Աստծու ժողովրդի ազատագրումը շատ մոտ է (Ղուկ. 21։28

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ՆԱՅԻՐ ԱՊԱԳԱՅԻՆ

17-18. ա) Ինչպե՞ս կարող ենք շարունակել ամրացնել մեր հավատը։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

17 Դանիելը կանխագուշակել է, որ «ճշմարիտ գիտելիքները կշատանան», և դրանք, իսկապես որ, շատացել են։ Այժմ մենք հասկանում ենք մեր ժամանակներին վերաբերող մարգարեությունները (Դան. 12։4, 9, 10)։ Դրանց ճշգրիտ կատարումը ակնածանք է ներշնչում Եհովայի և նրա Խոսքի հանդեպ (Ես. 46։10; 55։11)։ Ուստի շարունակիր ամրացնել հավատդ՝ ջանասիրաբար ուսումնասիրելով Աստվածաշունչը և օգնելով մարդկանց մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Եհովայի հետ։ Նա կպաշտպանի բոլոր նրանց, ովքեր լիովին ապավինում են իրեն, և նրանց «հարատև խաղաղություն» կտա (Ես. 26։3

18 Հաջորդ հոդվածում կքննենք քրիստոնեական ժողովի մասին մարգարեություններ, որոնք կատարվելու էին վերջի ժամանակում։ Կտեսնենք, որ դրանք նույնպես ցույց են տալիս, որ մենք ապրում ենք վերջին օրերում։ Բացի այդ՝ կիմանանք, թե ինչն է փաստում, որ Հիսուսը՝ մեր Թագավորը, այսօր առաջնորդում է իր հավատարիմ հետևորդներին։

ԵՐԳ 61 Առա՛ջ, ո՛վ Վկաներ

a Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենանշանակալից ժամանակներում։ Ինչպես կանխագուշակվել էր աստվածաշնչյան բազմաթիվ մարգարեություններում, Աստծու Թագավորությունը հաստատվել է։ Հոդվածում կքննենք այդ մարգարեություններից մի քանիսը։ Դրանք կօգնեն մեզ ամրացնել մեր հավատը Եհովայի հանդեպ, ինչպես նաև հանդարտ մնալ ու ապավինել նրան թե՛ հիմա, թե՛ գալիք օրերում։

b Տես «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 32-րդ դասը (կետ 4), ինչպես նաև «Աստծու Թագավորությունը իշխում է 1914 թ.-ից» տեսանյութը jw.org կայքում։

c Դանիելի մարգարեության մասին հավելյալ տեղեկություն կարող ես գտնել «Դիտարանի» 2012 թ. հունիսի 15-ի համարում (էջ 14-19)։

d Ավելի շատ տեղեկություններ այն մասին, թե ինչ է մեզ սպասում ապագայում, կարող ես գտնել «Աստծու Թագավորությունը իշխում է» գրքի 21-րդ գլխում։