Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 31

Թանկ համարիր աղոթելու պարգևը

Թանկ համարիր աղոթելու պարգևը

«Թող աղոթքս ընդունելի լինի քեզ, ինչպես պատրաստված խունկը քո առջև» (ՍԱՂ. 141։2

ԵՐԳ 47 Եհովային ամեն օր աղոթիր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք Եհովային աղոթելու հնարավորությանը։

 ՄԵՆՔ մի հրաշալի պարգև ունենք՝ աղոթքով դիմել երկինքն ու երկիրը Ստեղծողին։ Պատկերացնո՞ւմ ես, մենք ցանկացած ժամի և ցանկացած լեզվով կարող ենք դիմել Եհովային, և դրա համար հերթագրվելու կարիք չկա։ Մենք կարող ենք վստահ լինել, որ մեր սիրառատ Հայրը կլսի մեզ՝ անկախ նրանից, թե որտեղից կաղոթենք՝ հիվանդանոցից, բանտից, թե այլ վայրից։ Այս թանկ պարգևը մենք չպետք է սովորական բան համարենք։

2. Ինչպե՞ս Դավիթ թագավորը ցույց տվեց, որ թանկ է համարում աղոթելու առանձնաշնորհումը։

2 Դավիթ թագավորը թանկ էր համարում աղոթելու առանձնաշնորհումը։ Եհովային ուղղված իր փառաբանական երգում նա ասաց. «Թող աղոթքս ընդունելի լինի քեզ, ինչպես պատրաստված խունկը քո առջև» (Սաղ. 141։1, 2)։ Դավթի ժամանակներում քահանաները ճշմարիտ երկրպագության համար օգտագործվող խունկը պատրաստում էին ամենայն զգուշությամբ և ճշգրտությամբ (Ելք 30։34, 35)։ Այն, որ Դավիթը աղոթքը համեմատեց խնկի հետ, ցույց է տալիս, որ նա ցանկանում էր նախապես լավ մտածել, թե ինչ է ասելու իր երկնային Հորը։ Մենք էլ ենք ուզում այդպես վարվել, քանի որ ցանկանում ենք, որ մեր աղոթքները հաճելի լինեն Աստծուն։

3. Աղոթելիս ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք Եհովայի հանդեպ, և ինչո՞ւ։

3 Եհովային աղոթելիս մենք պետք է շատ հարգալից լինենք։ Ուշադրություն դարձնենք այն տեսիլքներին, որոնք տրվել են Եսայիային, Եզեկիելին, Դանիելին և Հովհաննեսին։ Այդ տեսիլքները տարբերվում են միմյանցից, բայց դրանք մեկ ընդհանուր բան ունեն. բոլորն էլ Եհովային ներկայացնում են որպես փառահեղ Թագավորի։ Օրինակ՝ Եսայիան «տեսավ Եհովային՝ նստած իր բարձր ու վեհ գահին» (Ես. 6։1-3)։ Իսկ Եզեկիելի տեսիլքում Եհովան նստած էր իր երկնային կառքին, և «նրա շուրջբոլորը փայլ կար.... [որը] նման էր ծիածանի» (Եզեկ. 1։26-28)։ Դանիելը տեսավ «Հինավուրցին»՝ սպիտակ հանդերձներ հագած, և նրա գահից կրակի բոց էր դուրս գալիս (Դան. 7։9, 10)։ Իսկ Հովհաննես առաքյալը տեսավ Եհովային՝ գահի վրա նստած, որի շուրջբոլորը զմրուխտե ծիածան կար (Հայտն. 4։2-4)։ Երբ խորհում ենք Եհովայի անզուգական փառքի մասին, հասկանում ենք, թե ինչ մեծ առանձնաշնորհում է մեզ համար նրան աղոթելը, և թե որքան կարևոր է անել դա ակնածանքով լի։ Իսկ ինչի՞ մասին պետք աղոթենք։

«ՈՒՍՏԻ ԱՅՍՊԵՍ ԱՂՈԹԵՔ»

4. Ի՞նչ ենք սովորում այն խոսքերից, որոնք Հիսուսը ասաց տիպար աղոթքի սկզբում (Մատթեոս 6։9, 10

4 Կարդա Մատթեոս 6։9, 10։ Լեռան քարոզում Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին, թե ինչպես պետք է աղոթեն, որ իրենց աղոթքը հաճելի լինի Աստծուն։ «Ուստի այսպես աղոթեք» խոսքերից հետո նա նշեց մի քանի կարևոր բան, որոնք անմիջականորեն կապված են Եհովայի նպատակի հետ։ Հիսուսն աղոթեց, որ Աստծու անունը սուրբ լինի, և գա նրա Թագավորությունը, որը վերացնելու է նրա բոլոր թշնամիներին։ Նա նաև նշեց այն ապագա օրհնությունների մասին, որ Աստված նպատակադրել է երկրի և մարդկության առնչությամբ։ Այսպիսի բաների մասին աղոթելով՝ փաստում ենք, որ Աստծու կամքը կարևոր է մեզ համար։

5. Տեղի՞ն է արդյոք աղոթել անձնական հարցերի մասին։

5 Աղոթքի հաջորդ մասում Հիսուսը ցույց տվեց, որ տեղին է աղոթել նաև անձնական հարցերի մասին։ Մենք կարող ենք խնդրել Եհովային, որ տա մեզ մեր օրվա հացը, ների մեր մեղքերը, պաշտպանի մեզ գայթակղությունից և ազատի չարից (Մատթ. 6։11-13)։ Երբ նման բաներ ենք խնդրում, փաստում ենք, որ Եհովայի օգնության կարիքն ունենք և ցանկանում ենք ունենալ նրա հավանությունը։

Ինչի՞ մասին կարող է ամուսինը աղոթել իր կնոջ հետ (տես պարբերություն 6) b

6. Արդյո՞ք պետք է աղոթենք միայն այն բաների մասին, որոնք Հիսուսը նշեց տիպար աղոթքում։ Բացատրիր։

6 Հիսուսը չէր ցանկանում, որ իր հետևորդները նույնությամբ կրկնեին տիպար աղոթքի խոսքերը։ Իր աղոթքներում նա նշում էր տարբեր հարցեր, որոնք այդ պահին մտահոգում էին իրեն (Մատթ. 26։39, 42; Հովհ. 17։1-26)։ Նմանապես մենք կարող ենք աղոթել ցանկացած բանի մասին, ինչն անհանգստացնում է մեզ։ Օրինակ, երբ որևէ որոշման առաջ ենք կանգնում, կարող ենք իմաստություն և հասկացողություն խնդրել (Սաղ. 119։33, 34)։ Իսկ երբ դժվար հանձնարարություն ենք ստանում, կարող ենք Եհովային խնդրել, որ օգնի մեզ հասկանալ, թե ինչպես կատարենք այն (Առակ. 2։6)։ Ծնողները կարող են աղոթել իրենց երեխաների համար, երեխաներն էլ՝ ծնողների։ Բոլորս կարող ենք և պետք է աղոթենք այն մարդկանց համար, ում քարոզում ենք կամ Աստվածաշունչ ուսուցանում։ Ինչ խոսք, մեր աղոթքները չպետք է բաղկացած լինեն միայն խնդրանքներից։

Ինչի՞ համար կարող ենք մեր աղոթքներում գովաբանել և շնորհակալություն հայտնել Եհովային (տես պարբերություն 7-9) c

7. Ինչո՞ւ պետք է գովաբանենք Եհովային մեր աղոթքներում։

7 Լավ կլինի՝ հիշենք, որ մեր աղոթքներում պետք է նաև գովաբանենք Եհովային։ Ոչ ոք մեր Աստծուց առավել արժանի չէ գովաբանության։ Նա «բարի է ու ներելու պատրաստ», «ողորմած ու գթառատ Աստված է, չի շտապում բարկանալ և լի է սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ» (Սաղ. 86։5, 15)։ Անկասկած, մենք շատ պատճառներ ունենք գովաբանելու Եհովային իր գեղեցիկ հատկությունների և գործերի համար։

8. Ինչի՞ համար կարող ենք շնորհակալ լինել Եհովային (Սաղմոս 104։12-15, 24

8 Եհովային գովաբանելուց բացի՝ մենք մղվում ենք նաև շնորհակալություն հայտնելու նրան այն հրաշալի բաների համար, որ նա տալիս է մեզ։ Օրինակ՝ կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը ծաղիկների հիանալի գույների, բազմազան համեղ կերակուրների և մեզ հարազատ մարդկանց ընկերակցության համար։ Մեր սիրառատ Հայրը տալիս է այս ամենը և նույնիսկ ավելին, որպեսզի մենք երջանիկ լինենք (կարդա Սաղմոս 104։12-15, 24)։ Եվ որ ավելի կարևոր է, մենք շնորհակալ ենք Եհովային նրա տված առատ հոգևոր սննդի, ինչպես նաև ապագայի հրաշալի հույսի համար։

9. Ի՞նչը կօգնի, որ չմոռանանք շնորհակալություն հայտնել Եհովային (1 Թեսաղոնիկեցիներ 5։17, 18

9 Հնարավոր է՝ հեշտությամբ մոռանանք արտահայտել մեր երախտագիտությունը Եհովային նրա տված լավ բաների համար։ Ուստի լավ կլինի, որ մի ցուցակ կազմենք այն մասին, թե ինչ ենք խնդրել Եհովայից, և ժամանակ առ ժամանակ կանգ առնենք ու մտածենք, թե ինչպես է նա պատասխանել մեր խնդրանքներին։ Այնուհետև կարող ենք աղոթքով շնորհակալություն հայտնել նրան իր օգնության համար (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։17, 18)։ Մենք մեզ սիրված ու գնահատված ենք զգում, երբ ուրիշները շնորհակալություն են հայտնում մեզ մեր արածի համար։ Նմանապես, երբ չենք մոռանում շնորհակալություն հայտնել Եհովային մեր աղոթքներին պատասխանելու համար, դա ջերմացնում է նրա սիրտը (Կող. 3։15)։ Կա ևս մի կարևոր պատճառ, թե ինչու պետք է շնորհակալ լինենք մեր Աստծուն։ Տեսնենք, թե որն է դա։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ ԻՐ ՈՐԴՈՒ ՀԱՄԱՐ

10. Ինչո՞ւ պետք է շնորհակալություն հայտնենք Եհովային, որ իր Որդուն երկիր ուղարկեց (1 Պետրոս 2։21

10 Կարդա 1 Պետրոս 2։21։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Եհովային, որ ուղարկել է իր Որդուն մեզ ուսուցանելու համար։ Հիսուսի կյանքը ուսումնասիրելով՝ մենք շատ բան ենք իմանում Եհովայի և այն մասին, թե ինչպես կարող ենք հաճեցնել Նրան։ Հավատ ցուցաբերելով Քրիստոսի զոհի հանդեպ՝ կարող ենք ջերմ, մտերիմ և խաղաղ փոխհարաբերություններ ունենալ Եհովա Աստծու հետ (Հռոմ. 5։1

11. Ինչո՞ւ ենք աղոթում Հիսուսի անունով։

11 Մենք շնորհակալ ենք Եհովային, որ կարող ենք իր Որդու միջոցով դիմել իրեն։ Նա Հիսուսի միջոցով է պատասխանում մեր խնդրանքներին։ Եհովան լսում ու պատասխանում է այն աղոթքներին, որոնք արվում են իր Որդու անունով։ Հիսուսն ասաց. «Ինչ որ խնդրեք իմ անունով, ես կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով» (Հովհ. 14։13, 14

12. Ուրիշ ի՞նչ պատճառ ունենք շնորհակալություն հայտնելու Եհովային իր Որդու համար։

12 Եհովան ներում է մեր մեղքերը Հիսուսի քավիչ զոհի հիման վրա։ Աստվածաշնչում Հիսուսի մասին ասվում է, որ նա «քահանայապետ [է].... որը երկնքում Մեծության գահի աջ կողմն է նստած» (Եբր. 8։1)։ Հիսուսը մեր «օգնականն [է].... Հոր մոտ» (1 Հովհ. 2։1)։ Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ մեզ կարեկից քահանայապետ է տվել, որը հասկանում է մեր թուլությունները և «բարեխոսում մեզ համար» (Հռոմ. 8։34; Եբր. 4։15)։ Մեր անկատարության պատճառով մենք առանց Հիսուսի զոհի չէինք կարողանա աղոթել Աստծուն։ Անկասկած, կհամաձայնվես, որ երբեք չենք կարող լիարժեքորեն արտահայտել մեր երախտագիտությունը Եհովայի տված թանկ պարգևի՝ իր սիրելի Որդու համար։

ԱՂՈԹԵՆՔ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

13. Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ սիրում է իր աշակերտներին։

13 Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը երկար աղոթեց իր աշակերտների համար՝ խնդրելով իր Հորը, որ «պահպանի նրանց Չարից» (Հովհ. 17։15)։ Սիրո ինչպիսի՜ դրսևորում։ Հիսուսը գիտեր, որ շուտով ծանր փորձությունների միջով է անցնելու։ Այդուհանդերձ, նա մտահոգված էր իր առաքյալներով։

Ի՞նչ կարող ենք խնդրել, երբ աղոթում ենք մեր հավատակիցների համար (տես պարբերություն 14-16) d

14. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք մեր հավատակիցներին։

14 Ընդօրինակելով Հիսուսին՝ մենք չենք կենտրոնանում միայն մեր կարիքների վրա։ Փոխարենը՝ կանոնավորաբար աղոթում ենք մեր հավատակիցների համար։ Այդպիսով մենք հնազանդվում ենք միմյանց սիրելու վերաբերյալ Հիսուսի պատվերին և փաստում ենք, որ շատ ենք սիրում մեր քույրերին ու եղբայրներին (Հովհ. 13։34)։ Հավատակիցների համար աղոթելը ժամանակի կորուստ չէ։ Աստծու Խոսքում ասվում է, որ «արդար մարդու աղաչանքը իր ազդեցությամբ մեծ ուժ ունի» (Հակ. 5։16

15. Մեր հավատակիցները ինչո՞ւ մեր աղոթքների կարիքն ունեն։

15 Մեր հավատակիցները մեր աղոթքների կարիքն ունեն, քանի որ բազում փորձությունների միջով են անցնում։ Մենք կարող ենք խնդրել Եհովային, որ օգնի նրանց դիմանալ այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են առողջական խնդիրները, բնական աղետները, պատերազմը, հալածանքը և այլն։ Կարող ենք աղոթել նաև այն անձնազոհ եղբայրների ու քույրերի համար, ովքեր օգնում են կարիքի մեջ եղողներին։ Գուցե անհատապես ճանաչում ես որոշ հավատակիցների, ովքեր նմանատիպ դժվարությունների միջով են անցնում։ Կարո՞ղ ես քո անձնական աղոթքներում խնդրել նրանց համար՝ նշելով նրանց անունները։ Մենք իսկական եղբայրական սեր կդրսևորենք, եթե խնդրենք Եհովային, որ օգնի նրանց դիմանալ։

16. Ինչո՞ւ պետք է աղոթենք առաջնորդություն վերցնող եղբայրների համար։

16 Ժողովում առաջնորդություն վերցնող եղբայրները մեծապես գնահատում են իրենց համար արված աղոթքները և օգուտներ են քաղում դրանցից։ Պողոս առաքյալը հասկանում էր, որ իր հավատակիցների աղոթքների կարիքն ունի։ Նա գրեց. «Աղաչանք արեք.... նաև ինձ համար, որպեսզի կարողանամ խոսելու ազատությամբ խոսել՝ հայտնի դարձնելով բարի լուրի սրբազան գաղտնիքը» (Եփես. 6։18, 19)։ Այսօր էլ շատ ջանասեր եղբայրներ կան, ովքեր առաջնորդություն են վերցնում կազմակերպության մեջ։ Մենք սեր դրսևորած կլինենք նրանց հանդեպ, եթե խնդրենք Եհովային, որ օրհնի նրանց ջանքերը։

ԵՐԲ ԱՂՈԹՈՒՄ ԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ

17-18. Ե՞րբ գուցե կարիք լինի աղոթել ուրիշների անունից, և ի՞նչ է հարկավոր հիշել։

17 Երբեմն մենք աղոթում ենք ուրիշների անունից։ Օրինակ՝ Աստվածաշնչի դասընթաց անցկացնող քույրը գուցե խնդրի իր հետ եկած քրոջը աղոթել։ Հնարավոր է՝ ծառայակիցը այդքան էլ լավ չճանաչի Աստվածաշունչ ուսումնասիրողին, ուստի գուցե նախընտրի վերջում աղոթել։ Այդպես նա կարող է հարմարեցնել իր աղոթքը Աստվածաշունչ ուսումնասիրողի կարիքներին։

18 Սովորաբար քարոզչական ծառայության հանդիպման կամ ժողովի հանդիպման ժամանակ եղբայրներից մեկը աղոթում է բոլորի անունից։ Այն եղբայրները, ովքեր նման առանձնաշնորհում ունեն, պետք է հիշեն հանդիպման նպատակը։ Աղոթքի ժամանակ չպետք է ժողովին խորհուրդ տալ կամ հայտարարություններ անել։ Ժողովի հանդիպումներին երգելու և աղոթելու համար հիմնականում հինգ րոպե է նախատեսված։ Ուստի աղոթք մատուցող եղբայրը չպետք է «շատ խոսքեր» ասի, հատկապես հանդիպման սկզբում (Մատթ. 6։7

ԹՈՂ ԱՂՈԹՔԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԼԻՆԻ ՔԵԶ ՀԱՄԱՐ

19. Ի՞նչը կօգնի մեզ պատրաստ լինել, երբ Եհովայի դատաստանի օրը գա։

19 Որքան մոտենում է Եհովայի դատաստանի օրը, այնքան ավելի մեծ կարևորություն պետք է տանք աղոթքին։ Այս առնչությամբ Հիսուսն ասաց. «Ուրեմն արթուն եղեք՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այն ամենից, ինչ պետք է լինի» (Ղուկ. 21։36)։ Եթե կանոնավորաբար աղոթենք, մեր հավատը կամրանա, և մենք պատրաստ կլինենք, երբ Աստծու դատաստանի օրը գա։

20. Ի՞նչ կարող ենք անել, որ մեր աղոթքները անուշահոտ խնկի նման լինեն։

20 Այս հոդվածից իմացանք, որ մենք պետք է թանկ համարենք աղոթելու առանձնաշնորհումը։ Մեր աղոթքների հիմնական թեման պետք է անմիջականորեն կապված լինի Եհովայի նպատակի հետ։ Բացի այդ՝ մենք պետք է մեր երախտագիտությունը հայտնենք Աստծու Որդու և նրա Թագավորության համար, ինչպես նաև աղոթենք մեր հավատակիցների համար։ Եվ ինչ խոսք, մենք կարող ենք աղոթել նաև մեր ֆիզիկական ու հոգևոր կարիքների համար։ Եթե նախապես մտածենք, թե ինչ ենք ասելու Եհովային մեր աղոթքներում, ցույց կտանք, որ թանկ ենք համարում աղոթելու առանձնահատուկ պարգևը։ Այդ դեպքում մեր խոսքերը նման կլինեն անուշահոտ խնկի, որը «հաճելի է նրան» (Առակ. 15։8

ԵՐԳ 45 Սրտիս խորհրդածությունը

a Մենք շատ ենք գնահատում աղոթելու առանձնաշնորհումը և ցանկանում ենք, որ մեր աղոթքները հաճելի լինեն Եհովային, ինչպես անուշահոտ խունկը։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչի մասին է տեղին աղոթել։ Ինչպես նաև կքննենք, թե ինչի մասին պետք է հիշենք, երբ աղոթում ենք ուրիշների անունից։

b ՆԿԱՐ։ Ամուսինը իր կնոջ հետ աղոթում է և խնդրում Աստծուն, որ դպրոցում իրենց երեխան ապահով լինի, տարեց ծնողը ապաքինվի և Աստվածաշունչ ուսումնասիրողը հոգևորապես առաջադիմի։

c ՆԿԱՐ։ Երիտասարդ եղբայրը շնորհակալություն է հայտնում Եհովային Հիսուսի քավիչ զոհի, մեր հրաշալի Երկիր մոլորակի և սննդարար կերակուրի համար։

d ՆԿԱՐ։ Քույրը աղոթում է Եհովային, որ նա իր սուրբ ոգով օրհնի Կառավարիչ մարմնին և օգնի այն հավատակիցներին, ովքեր բնական աղետի և հալածանքի զոհ են դարձել։