Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 29

Թիկունք կանգնենք մեր Առաջնորդին՝ Հիսուսին

Թիկունք կանգնենք մեր Առաջնորդին՝ Հիսուսին

«Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել» (ՄԱՏԹ. 28։18

ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ո՞րն է Աստծու կամքն այսօր։

 ԱՅՍՕՐ Աստծու կամքն է, որ Թագավորության բարի լուրը քարոզվի ամբողջ երկրով մեկ (Մարկ. 13։10; 1 Տիմոթ. 2։3, 4)։ Եհովան է նախաձեռնել այս գործը, և դա այնքան կարևոր է, որ նա իր սիրելի Որդուն է նշանակել այն ղեկավարելու համար։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Հիսուսի հմուտ առաջնորդության ներքո նախքան աշխարհի վերջը քարոզչական գործը ավարտին կհասցվի, ճիշտ այնպես, ինչպես Եհովան է ուզում (Մատթ. 24։14

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Հոդվածից կիմանանք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով հոգևոր կերակուր տրամադրում և առաջնորդում իր հետևորդներին, որ կատարեն պատմության ընթացքում երբևէ ծավալված ամենալայնամասշտաբ քարոզչական գործը (Մատթ. 24։45)։ Բացի այդ՝ կիմանանք, թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել, որպեսզի աջակցի Հիսուսին և հավատարիմ ծառային։

ՀԻՍՈՒՍՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ

3. Ի՞նչ իշխանություն է տրվել Հիսուսին։

3 Հիսուսն առաջնորդում է քարոզչական գործը։ Ինչո՞ւ ենք համոզված դրանում։ Երկինք համբարձվելուց կարճ ժամանակ առաջ Գալիլեայում Հիսուսը լեռան վրա հանդիպեց իր հավատարիմ հետևորդներին և նրանց ասաց. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել»։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ ասաց նա այդ խոսքերից անմիջապես հետո. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։18, 19)։ Այստեղից տեսնում ենք, որ Հիսուսին իշխանություն է տրվել նաև առաջնորդելու քարոզչական գործը։

4. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ մինչ օրս Հիսուսը առաջնորդում է քարոզչական գործը։

4 Հիսուսը նշեց, որ քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը կատարվելու է «բոլոր ազգերի» մեջ, և որ նա իր հետևորդների հետ է լինելու «բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20)։ Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ քարոզչական գործը Հիսուսի առաջնորդության ներքո շարունակվելու էր մինչև մեր օրերը։

5. Ինչպե՞ս ենք նպաստում Սաղմոս 110։3-ում գրված մարգարեության կատարմանը։

5 Հիսուսը համոզված էր, որ վերջին օրերում աշխատողների պակաս չի լինելու։ Նա գիտեր, որ սաղմոսերգուի հետևյալ մարգարեական խոսքերը կատարվելու էին. «Քո ժողովուրդը հոժար կամքով կտրամադրի իրեն այն օրը, երբ քո զորքին պատերազմի առաջնորդես» (Սաղ. 110։3)։ Եթե դու էլ ես մասնակցում քարոզչական գործին, ապա աջակցում ես Հիսուսին և հավատարիմ ծառային, ինչպես նաև նպաստում ես այս մարգարեության կատարմանը։ Ինչ խոսք, քարոզչական գործն այսօր առաջ է ընթանում, սակայն խոչընդոտներ էլ կան։

6. Այսօր ի՞նչ դժվարության են բախվում Թագավորության քարոզիչները։

6 Դժվարություններից մեկը, որին բախվում են Թագավորության քարոզիչները, հակառակությունն է։ Հավատուրացները, կրոնական առաջնորդները և քաղաքական գործիչները ստեր են տարածում մեր գործունեության մասին, և մեր հարազատներից, ծանոթներից ու աշխատակիցներից շատերը ընկնում են այդ պրոպագանդայի ազդեցության տակ։ Վերջիններս գուցե ճնշում բանեցնեն մեզ վրա, որ այլևս չքարոզենք ու չծառայենք Եհովային։ Որոշ երկրներում հակառակորդները վախեցնում, սպառնում, ձերբակալում և նույնիսկ ազատազրկում են մեր հավատակիցներին։ Դա մեզ չի զարմացնում, քանի որ Հիսուսը կանխագուշակել էր. «Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատված կլինեք» (Մատթ. 24։9)։ Այն, որ մենք նման ատելության ենք բախվում, արդեն իսկ փաստում է, որ ունենք Եհովայի հավանությունը (Մատթ. 5։11, 12)։ Մենք գիտենք, որ այս հակառակության հետևում Սատանան է կանգնած։ Բայց Հիսուսը Սատանայից շատ ավելի հզոր է։ Նրա աջակցությամբ է, որ բարի լուրը հասնում է բոլոր ազգերի մարդկանց։ Տեսնենք, թե ինչպես։

7. Ի՞նչ ապացույցներ կան, որ Հայտնություն 14։6, 7 համարներում գրված մարգարեությունը իրականանում է։

7 Թագավորության քարոզիչները բախվում են նաև լեզվական խոչընդոտի։ Հովհաննես առաքյալին տրված հայտնության մեջ Հիսուսը կանխագուշակել էր, որ մեր օրերում այդ խոչընդոտը արգելք չէր հանդիսանալու բարի լուրի քարոզչության համար (կարդա Հայտնություն 14։6, 7)։ Ինչպե՞ս է այդ մարգարեությունը կատարվում։ Մենք ձգտում ենք այնպես անել, որ հնարավորինս շատ մարդիկ լսեն Թագավորության բարի լուրը։ Այսօր աշխարհի տարբեր մասերում ապրող մարդիկ կարող են Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ կարդալ jw.org կայքում, քանի որ այն հասանելի է ավելի քան 1 000 լեզվով։ Կառավարիչ մարմինը հավանություն է տվել, որ «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը՝ ուսուցանելու մեր հիմնական ձեռնարկը, թարգմանվի ավելի քան 700 լեզվով։ Հոգևոր սնունդ է տրամադրվում նաև խուլերին՝ ժեստերի լեզվով տեսանյութերի միջոցով, և կույրերին՝ Բրայլի գրատիպով հրատարակությունների միջոցով։ Տեսնում ենք, որ աստվածաշնչյան մարգարեությունները կատարվում են։ «Բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող» մարդիկ սովորում են ճշմարտության «մաքուր լեզուն» (Զաք. 8։23; Սոփ. 3։9)։ Այս ամենը իրականանում է Հիսուս Քրիստոսի հմուտ առաջնորդության շնորհիվ։

8. Մինչ օրս ի՞նչ է իրականացվել քարոզչական գործի շնորհիվ։

8 240 երկրներից ավելի քան 8 000 000 մարդ այսօր Եհովայի կազմակերպության մաս է կազմում, և ամեն տարի տասնյակ հազարավորներ մկրտվում են ու միանում նրանց։ Իսկ ամենակարևորն այն է, որ այս նոր աշակերտները հագնում են «նոր անձնավորությունը», այսինքն՝ քրիստոնեական հատկություններ են զարգացնում (Կող. 3։8-10)։ Նրանցից շատերը նախկինում անբարո կյանքով են ապրել, եղել են ագրեսիվ, ազգայնամոլ և նախապաշարմունքներ են ունեցել։ Այսօր նաև կատարվում է Եսայիա 2։4 համարում արձանագրված մարգարեությունը. այդ մարդիկ «այլևս չեն սովորում պատերազմել»։ Երբ մենք ամեն ջանք թափում ենք, որ հագնենք նոր անձնավորությունը, դա մարդկանց ձգում է դեպի Աստծու կազմակերպությունը և փաստում, որ մենք հետևում ենք մեր Առաջնորդին՝ Քրիստոս Հիսուսին (Հովհ. 13։35; 1 Պետ. 2։12)։ Այս ամենը պատահականության արդյունք չէ։ Դա այն բանի շնորհիվ է, որ Հիսուսը տալիս է մեզ անհրաժեշտ օգնությունը։

ՀԻՍՈՒՍԸ ԾԱՌԱ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ

9. Մատթեոս 24։45-47 համարներում ի՞նչ է կանխագուշակվել վերջին օրերի վերաբերյալ։

9 Կարդա Մատթեոս 24։45-47։ Հիսուսը նախապես ասել էր, որ վերջին օրերում «հավատարիմ և իմաստուն ծառա» է նշանակելու, որը հոգևոր սնունդ է տրամադրելու։ Այդ ծառան պետք է որ շատ գործ ունենա անելու մեր օրերում։ Հենց այդպես էլ կա։ Մեր Առաջնորդը օծյալ տղամարդկանց մի փոքր խմբի միջոցով Աստծու ժողովրդին և ճշմարտությամբ հետաքրքրվող մարդկանց հոգևոր «կերակուր է տալիս ճիշտ ժամանակին»։ Այս տղամարդիկ չեն մտածում, որ իրավունք ունեն տիրապետելու ուրիշների հավատի վրա (2 Կորնթ. 1։24)։ Նրանք գիտակցում են, որ Հիսուս Քրիստոսն է իր ժողովրդի «առաջնորդն ու ղեկավարը» (Ես. 55։4

10. Նկարում պատկերված հրատարակություններից ո՞րն է օգնել քեզ, որ քայլես հավիտենական կյանքի տանող ճանապարհով։

10 1919 թ.-ից սկսած՝ հավատարիմ ծառան բազմաթիվ հրատարակություններ է պատրաստել, որոնց շնորհիվ ճշմարտությամբ հետաքրքրվող անհատները առաջին անգամ համտեսել են հոգևոր սննդարար կերակուրը։ 1921 թ.-ին ծառան հրատարակեց «Աստծու քնարը» գիրքը, որպեսզի օգնի մարդկանց սովորել աստվածաշնչյան հիմնական ճշմարտությունները։ Ժամանակին համընթաց շարժվելով՝ ծառան հրատարակել է նաև այլ ձեռնարկներ. «Թող Աստված ճշմարիտ լինի», «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում», «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում», «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն», «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում», «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ», «Վայելիր կյանքը հավիտյան»։ Այս բոլոր հրատարակությունները համապատասխանել են տվյալ ժամանակահատվածում ապրող մարդկանց կարիքներին։ Իսկ դրանցից ո՞րն է օգնել քեզ ճանաչել ու սիրել մեր երկնային Հորը։

11. Ինչո՞ւ է հոգևոր կերակուրը կենսական բոլորիս համար։

11 Միայն հետաքրքրվող անհատները չէ, որ Եհովայի և Աստվածաշնչի մասին խոր գիտելիքներ ստանալու կարիք ունեն։ Դրա կարիքը բոլորս ունենք։ Պողոս առաքյալը գրել է. «Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է»։ Նա նաև նշել է, որ այդպիսի կերակուր ստանալը և ձեռք բերած գիտելիքները գործի դնելը կօգնեն անհատին «ճիշտն ու սխալը զանազանել» (Եբր. 5։14)։ Այս դժվար ժամանակներում, երբ բարոյական չափանիշները ամենացածր մակարդակի վրա են, մեզ համար թերևս դժվար լինի պահել Եհովայի բարձր չափանիշները։ Սակայն Հիսուսը հոգ է տանում, որ սննդարար հոգևոր կերակուրի միջոցով մենք ստանանք անհրաժեշտ զորությունը։ Այդ սննդի աղբյուրը Աստծու ներշնչյալ Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Իսկ հավատարիմ ծառան Հիսուսի առաջնորդության ներքո պատրաստում և տրամադրում է այն։

12. Հետևելով Հիսուսի օրինակին՝ ինչպե՞ս ենք պատվել Աստծու անունը։

12 Հիսուսի նման մենք էլ ենք պատվում Աստծու անունը (Հովհ. 17։6, 26)։ Օրինակ՝ 1931 թ.-ից մենք սկսեցինք կոչվել Եհովայի վկաներ։ Այս անունը սուրբգրային հիմք ունի։ Այդպիսով ցույց տվեցինք, թե մեզ համար որքան կարևոր է Աստծու անունը, և որ մենք ցանկանում ենք հայտնի լինել մեր երկնային Հոր անունով (Ես. 43։10-12)։ Հենց այդ տարվա հոկտեմբերից՝ Եհովայի անունը սկսեց տպագրվել «Դիտարան» ամսագրի շապիկի վրա։ Բացի այդ՝ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» մեջ Աստծու անունը վերականգնվել է բոլոր այն տեղերում, որտեղ այն պետք է լիներ։ Եհովայի անվան հանդեպ այսպիսի վերաբերմունքը մեծապես տարբերվում է քրիստոնեական եկեղեցիների վերաբերմունքից, որոնք հանել են այն Աստվածաշնչի իրենց բազմաթիվ թարգմանություններից։

ՀԻՍՈՒՍԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԻՐ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

13. Ի՞նչն է քեզ համոզում, որ Հիսուսն է առաջնորդում հավատարիմ և իմաստուն ծառային (Հովհաննես 6։68

13 Մաքուր երկրպագությունը առաջ տանելու նպատակով Հիսուսը «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով մի հիանալի կազմակերպություն է հաստատել երկրի վրա։ Ի՞նչ տեսակետ ունես այդ կազմակերպության մասին։ Մտածելով այս հարցի շուրջ՝ թերևս միտքդ են գալիս Պետրոս առաքյալի հետևյալ խոսքերը, որ նա ասաց Հիսուսին. «Ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես» (Հովհ. 6։68)։ Որտե՞ղ կլինեինք հիմա, եթե չիմանայինք Եհովայի կազմակերպության մասին։ Դրա միջոցով Քրիստոսը մեզ հոգևոր առատ սնունդ է տալիս։ Նա նաև կրթում է մեզ, որ արդյունավետորեն կատարենք մեր ծառայությունը, և օգնում է հագնել «նոր անձնավորությունը», որպեսզի կարողանանք հաճեցնել Եհովային (Եփես. 4։24

14. COVID-19 համավարակի ընթացքում ի՞նչ օգուտներ ես ստացել՝ լինելով Եհովայի կազմակերպության մի մասը։

14 Հիսուսը իմաստուն առաջնորդություն է տալիս դժվարին ժամանակներում։ Մենք դա ակնհայտ կերպով տեսանք, երբ բռնկվեց COVID-19 համավարակը։ Աշխարհում շատերը չգիտեին՝ ինչ անել։ Բայց Հիսուսը հոգ տարավ, որ հստակ հրահանգներ ստանանք այն մասին, թե ինչպես ապահով ու պաշտպանված լինենք։ Մենք հորդոր ստացանք, որ հանրային վայրերում կրենք դիմակ և ֆիզիկական հեռավորություն պահպանենք։ Իսկ երեցները հիշեցում ստացան, որ կանոնավորաբար կապ պահեն ժողովում բոլորի հետ և տեղյակ լինեն նրանց ֆիզիկական ու հոգևոր կարիքներին (Ես. 32։1, 2)։ Մենք նաև առաջնորդություն և մխիթարություն ստացանք Կառավարիչ մարմնի հաշվետվությունների միջոցով։

15. Համավարակի ընթացքում ի՞նչ հրահանգներ ստացանք ժողովի հանդիպումների անցկացման և քարոզչական գործի վերաբերյալ, և դրանք ի՞նչ արդյունքներ են բերել։

15 Համավարակի ընթացքում մենք նաև հստակ հրահանգներ ստացանք, թե ինչպես անցկացնենք ժողովի հանդիպումները և մասնակցենք քարոզչական գործին։ Գրեթե մի գիշերվա մեջ ամեն ինչ փոխվեց։ Ժողովի հանդիպումները սկսեցին անցկացվել տեսակապով, իսկ համաժողովները ցուցադրվում էին նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով։ Բացի այդ՝ սկսեցինք վկայություն տալ հիմնականում նամակների և հեռախոսի միջոցով։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնել է մեր ջանքերը։ Շատ մասնաճյուղերի հաշվետվություններից երևում է, որ քարոզիչների թիվը զգալիորեն աճել է։ Անկասկած, այս ընթացքում շատերի հետ են քաջալերական դեպքեր եղել (տես « Եհովան օրհնում է քարոզչական գործը» շրջանակը)։

16. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

16 Համավարակի ընթացքում ոմանց թվում էր, թե կազմակերպությունը անտեղի զգուշություն է ցուցաբերում։ Սակայն ժամանակը կրկին ցույց տվեց, որ մեր ստացած հրահանգները իրոք իմաստուն են (Մատթ. 11։19)։ Երբ մտածում ենք, թե ինչ սիրառատ կերպով է Հիսուսն առաջնորդում իր ժողովրդին, լցվում ենք վստահությամբ, որ ապագայում ինչ էլ լինի, Եհովան ու իր սիրելի Որդին միշտ մեզ հետ կլինեն (կարդա Եբրայեցիներ 13։5, 6

17. Ի՞նչ ես զգում այն բանի գիտակցումից, որ Հիսուսն է առաջնորդում քեզ։

17 Ի՜նչ մեծ օրհնություն է ծառայել Հիսուսի գլխավորության ներքո։ Մենք մի կազմակերպության մաս ենք կազմում, որը հաղթահարում է մշակութային, ազգային և լեզվական բոլոր խոչընդոտները։ Մենք հոգևորապես կուշտ ենք և ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է քարոզչական գործն իրականացնելու համար։ Մեզանից յուրաքանչյուրին սովորեցրել են, թե ինչպես հագնել նոր անձնավորությունը և սիրել միմյանց։ Անկասկած, մենք հպարտ ենք, որ Հիսուսն է մեր Առաջնորդը։

ԵՐԳ 16 Որդուն թագադրեց. փա՛ռք Յահին

a Այսօր միլիոնավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ եռանդորեն մասնակցում են բարի լուրը քարոզելու գործին։ Դո՞ւ էլ ես նրանց թվում։ Եթե այո, ուրեմն հետևում ես մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջնորդությանը։ Հոդվածում կքննեք, թե ինչն է փաստում, որ Հիսուսն այսօր ղեկավարում է քարոզչական գործը։ Խորհրդածելով դրա շուրջ՝ կլցվենք վճռականությամբ, որ շարունակենք Հիսուսի առաջնորդության ներքո ծառայել Եհովային։