Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 30

Հնագույն մարգարեություն, որն առնչվում է քեզ

Հնագույն մարգարեություն, որն առնչվում է քեզ

«Ես թշնամություն եմ դնելու քո և կնոջ միջև» (ԾՆՆԴ. 3։15

ԵՐԳ 15 Գովաբանի՛ր Եհովայի Առաջնեկին

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ արեց Եհովան Ադամի ու Եվայի մեղք գործելուց հետո (Ծննդոց 3։15

 ԱԴԱՄԻ ու Եվայի մեղք գործելուց հետո Եհովան անմիջապես քայլեր ձեռնարկեց և նրանց սերունդներին ապագայի հույս տվեց մի կարևոր մարգարեության միջոցով։ Այդ մարգարեությունը գրված է Ծննդոց 3։15-ում (կարդա

2. Ինչո՞վ է Ծննդոց 3։15 համարում գրված մարգարեությունը առանձնահատուկ։

2 Ճիշտ է, այս մարգարեությունը արձանագրված է Աստվածաշնչի առաջին գրքում, սակայն Աստվածաշնչի մյուս գրքերը այս կամ այն կերպով կապված են դրա հետ։ Ինչպես կարերն են միացնում գրքի էջերը, այնպես էլ Ծննդոց 3։15 համարում գրված խոսքերն են աստվածաշնչյան բոլոր գրքերը միացնում իրար՝ դրանց բովանդակությունը ամփոփելով հետևյալ մեկ պատգամի մեջ. Աստված Փրկիչ է ուղարկելու, որը կործանելու է Սատանային ու նրա չար հետևորդներին։ b Ինչպիսի՜ օրհնություն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Եհովային։

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Այս հոդվածից կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. «Ովքե՞ր են Ծննդոց 3։15-ում նշված մարգարեության կերպարները։ Ինչպե՞ս է այս մարգարեությունը կատարվել։ Ի՞նչ օգուտներ է այն բերում մեզ»։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

4. Ո՞վ է «օձը», և որտեղի՞ց գիտենք դա։

4 Ծննդոց 3։14, 15 համարներում նշված մարգարեության կերպարներն են՝ «օձը», օձի «սերունդը», «կինը» և կնոջ «սերունդը»։ Աստվածաշնչից իմանում ենք, թե ում են ներկայացնում նրանք։ c Նախ տեսնենք, թե ով է «օձը»։ Բառացի օձը չէր կարող հասկանալ, թե ինչ էր ասել Եհովան Եդեմի պարտեզում։ Ուստի ակնհայտ է, որ Եհովայի դատաստանը ինչ-որ բանական էակի է վերաբերում։ Ո՞ւմ։ Հայտնություն 12։9-ը հստակ պատասխանում է այս հարցին։ Այնտեղ պարզ ասվում է, որ «առաջին օձը» Բանսարկու Սատանան է։ Իսկ ովքե՞ր են մտնում օձի սերնդի մեջ։

ՕՁԸ

Բանսարկու Սատանան, որը Հայտնություն 12։9-ում կոչվում է «առաջին օձ» (տես պարբերություն 4)

5. Ովքե՞ր են մտնում օձի սերնդի մեջ։

5 Երբեմն Աստվածաշնչում «սերունդ» բառը վերաբերում է նրանց, ովքեր այնքան սերտորեն են ընդօրինակում ինչ-որ մեկի, որ ասես նրա զավակները լինեն։ Ուստի օձի սերունդը բաղկացած է այն ոգեղեն էակներից ու մարդկանցից, ովքեր Սատանայի նման հակառակվում են Եհովա Աստծուն և նրա ժողովրդի դեմ են գործում։ Նրանց թվում են այն հրեշտակները, որոնք Նոյի օրերում թողեցին երկնքում ունեցած իրենց դիրքը, ինչպես նաև այն չար մարդիկ, ովքեր վարվում են իրենց հոր՝ Սատանայի նման (Ծննդ. 6։1, 2; Հովհ. 8։44; 1 Հովհ. 5։19; Հուդա 6

ՕՁԻ ՍԵՐՈՒՆԴԸ

Ոգեղեն չար արարածները և այն մարդիկ, որոնք հակառակվում են Եհովա Աստծուն և գործում են նրա ժողովրդի դեմ (տես պարբերություն 5)

6. Ինչո՞ւ ենք ասում, որ «կինը» չէր կարող Եվան լինել։

6 Այժմ պարզենք «կնոջ» ինքնությունը։ Այդ կինը չէր կարող լինել Եվան։ Ինչո՞ւ։ Քննենք առնվազն մեկ պատճառ։ Մարգարեության մեջ նշվում է, որ կնոջ սերունդը պետք է «ջախջախի» օձի գլուխը։ Ինչպես իմացանք, օձը Սատանան է, ով ոգեղեն արարած է, ու Եվայի անկատար սերնդից ոչ մեկը չէր կարող ջախջախել նրա գլուխը։ Այդ դեպքում ո՞վ էր դա անելու։

7. Ո՞վ է Ծննդոց 3։15-ում նշված կինը (Հայտնություն 12։1, 2, 5, 10

7 Աստվածաշնչի վերջին գիրքը բացահայտում է կնոջ ինքնությունը (կարդա Հայտնություն 12։1, 2, 5, 10)։ Խոսքը բառացի կնոջ մասին չէ։ Այդ կնոջ ոտքերի տակ լուսինն է, իսկ գլխին 12 աստղերով պսակ կա։ Նա մի արտասովոր երեխա է լույս աշխարհ բերում։ Այդ երեխան Աստծու Թագավորությունն է։ Քանի որ Թագավորությունը երկնքում է, կինը նույնպես պետք է երկնքում լինի։ Ուստի կինը ներկայացնում է Եհովայի կազմակերպության երկնային մասը, որը բաղկացած է ոգեղեն հավատարիմ արարածներից (Գաղ. 4։26

ԿԻՆԸ

Եհովայի կազմակերպության երկնային մասը, որը բաղկացած է ոգեղեն հավատարիմ արարածներից (տես պարբերություն 7)

8. Ո՞վ և ե՞րբ դարձավ կնոջ սերնդի գլխավոր մասը (Ծննդոց 22։15-18

8 Աստծու Խոսքը նաև օգնում է մեզ հասկանալ, թե ով է կնոջ սերնդի գլխավոր մասը։ Այդ սերունդը պետք է սերեր Աբրահամից (կարդա Ծննդոց 22։15-18)։ Ինչպես և կանխագուշակվել էր, Հիսուսը առաջ եկավ հենց այդ հավատարիմ նահապետի շառավղից (Ղուկ. 3։23, 34)։ Բայց այդ սերունդը պետք է մարդ արարածից ավելի հզոր լիներ, քանի որ ոչնչացնելու էր Բանսարկու Սատանային։ Երբ Հիսուսը մոտ 30 տարեկան էր, օծվեց Աստծու սուրբ ոգով։ Այդ ժամանակ նա դարձավ կնոջ սերնդի գլխավոր մասը (Գաղ. 3։16)։ Հիսուսի մահից և հարությունից հետո Աստված նրան «փառքով ու պատվով պսակեց», ինչպես նաև «երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը» նրան տվեց, այդ թվում՝ «Բանսարկուի գործերը քանդելու» իշխանություն (Եբր. 2։7; Մատթ. 28։18; 1 Հովհ. 3։8

ԿՆՈՋ ՍԵՐՈՒՆԴԸ

Հիսուս Քրիստոսը և նրա 144 000 թագավորակիցները (տես պարբերություն 8-9)

9-10. ա) Ովքե՞ր են մտնում կնոջ սերնդի մեջ, և ե՞րբ են նրանք դառնում այդ սերնդի մի մասը։ բ) Ի՞նչ ենք այժմ քննելու։

9 Սերունդը ունենալու էր նաև երկրորդական մաս։ Պողոս առաքյալը հայտնեց, թե ովքեր են մտնում սերնդի երկրորդական մասի մեջ, երբ հրեա և այլազգի օծյալ քրիստոնյաներին ասաց. «Եթե պատկանում եք Քրիստոսին, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք և խոստման համաձայն՝ ժառանգներ» (Գաղ. 3։28, 29)։ Երբ Եհովան սուրբ ոգով օծում է քրիստոնյային, այդ անհատը դառնում է կնոջ սերնդի մի մասը։ Այսպիսով՝ սերնդի մեջ մտնում են Հիսուս Քրիստոսը և նրա 144 000 թագավորակիցները (Հայտն. 14։1)։ Նրանք բոլորն արտացոլում են իրենց Հոր՝ Եհովա Աստծու ոգին։

10 Այժմ, երբ իմացանք Ծննդոց 3։15-ում նշված կերպարների ինքնությունը, եկեք հակիրճ քննենք, թե ինչպես է Եհովան աստիճանաբար իրականացնում այս մարգարեությունը, և թե դա ինչ օգուտներ է բերում մեզ։

ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԵԼ

11. Ի՞նչ իմաստով էր կնոջ սերնդի «գարշապարը» խայթվելու։

11 Ծննդոց 3։15-ի համաձայն՝ օձը պետք է խայթեր կնոջ սերնդի «գարշապարը»։ Այս մարգարեությունը կատարվեց, երբ Սատանան դրդեց հրեաներին և հռոմեացիներին մահվան մատնել Աստծու Որդուն (Ղուկ. 23։13, 20-24)։ Սովորաբար երբ վնասվում է մարդու կրունկը, նա որոշ ժամանակ չի կարողանում ազատ շարժվել։ Նմանապես Հիսուսի մահը ժամանակավորապես նրան անգործունյա դարձրեց, և նա երեք օր մնաց գերեզմանում (Մատթ. 16։21

12. Ե՞րբ և ինչպե՞ս է ջախջախվելու օձի գլուխը։

12 Ծննդոց 3։15-ում գրված մարգարեությունը ցույց է տալիս, որ Հիսուսը չէր մնալու գերեզմանում։ Ինչո՞ւ։ Քանի որ, ըստ մարգարեության, սերունդը պետք է ջախջախեր օձի գլուխը։ Դա նշանակում էր, որ Հիսուսի «գարշապարը» պետք է ապաքինվեր։ Հենց այդպես էլ եղավ։ Երրորդ օրը Հիսուսը հարություն առավ որպես անմահ ոգեղեն էակ։ Աստծու որոշած ժամանակին Հիսուսը կոչնչացնի Սատանային (Եբր. 2։14)։ Քրիստոսը և նրա թագավորակիցները երկիրը կմաքրեն Աստծու թշնամիներից՝ օձի սերնդից (Հայտն. 17։14; 20։4, 10 d

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ Է ԱՅՆ ԲԵՐՈՒՄ ՄԵԶ

13. Ի՞նչ օգուտներ ենք քաղում այս մարգարեության կատարումից։

13 Եթե դու Աստծու ծառա ես, ապա օգուտներ ես քաղում այս մարգարեության կատարումից։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր Հոր էությունը (Հովհ. 14։9)։ Ուստի նրա միջոցով մենք ճանաչել ենք Եհովա Աստծուն և սիրել նրան։ Մենք նաև օգուտներ ենք քաղում Հիսուսի սովորեցրածներից և այն առաջնորդությունից, որ նա այսօր տալիս է քրիստոնեական ժողովին։ Նա մեզ սովորեցրել է, թե ինչպես ապրենք, որ ունենանք Եհովայի հավանությունը։ Բացի այդ՝ Հիսուսի մահը, կամ՝ նրա գարշապարի խայթվելը օգուտներ է բերում բոլորիս։ Ինչպե՞ս։ Հարություն առնելուց հետո Հիսուսը իր թափած արյան արժեքը ներկայացրեց Եհովային որպես կատարյալ զոհ, որը «մաքրում է մեզ ամեն մեղքից» (1 Հովհ. 1։7

14. Որտեղի՞ց գիտենք, որ Եդեմի պարտեզում ասված մարգարեությունը անմիջապես չէր կատարվելու։ Բացատրիր։

14 Այն խոսքերը, որոնք Եհովան ասաց Եդեմի պարտեզում, ցույց էին տալիս, որ որոշ ժամանակ պետք է անցներ, մինչև այդ մարգարեությունը ամբողջովին կատարվեր։ Ժամանակ էր պետք, որ կինը առաջ բերեր խոստացված սերունդը, Սատանան հետևորդներ հավաքեր, և այս երկու խմբերի միջև թշնամություն (կամ ատելություն) զարգանար։ Այս մարգարեության մասին իմանալը օգտակար է մեզ համար, քանի որ այն նախազգուշացնում է, որ Սատանայի կողմից ղեկավարվող աշխարհը ատելու է Աստծու ծառաներին։ Հետագայում Հիսուսը նույնպես նման նախազգուշացում տվեց իր աշակերտներին (Մարկ. 13։13; Հովհ. 17։14)։ Անշուշտ, մարգարեության այս մասը կատարվել է, հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում։ Տեսնենք, թե ինչպես։

15. Ինչո՞ւ է աշխարհը սկսել ավելի շատ ատել մեզ, բայց մենք ինչո՞ւ չպետք է վախենանք Սատանայից։

15 1914 թ.-ին Հիսուսը նշանակվեց Մեսիական Թագավոր։ Դրանից կարճ ժամանակ անց նա Սատանային վռնդեց երկնքից և ցած գցեց երկրի վրա։ Այժմ Սատանան սպասում է իր կործանմանը (Հայտն. 12։9, 12)։ Բայց նա ձեռքերը ծալած նստած չէ։ Խիստ զայրացած լինելով՝ Սատանան իր ողջ բարկությունը թափում է Աստծու ժողովրդի վրա (Հայտն. 12։13, 17)։ Դա է պատճառը, որ աշխարհը սկսել է ավելի շատ ատել մեզ։ Բայց մենք չպետք է վախենանք Սատանայից ու նրա հետևորդներից։ Մենք կարող ենք ունենալ այն նույն համոզվածությունը, ինչ Պողոս առաքյալը, ով գրեց. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. 8։31)։ Մենք կարող ենք լիակատար վստահություն ունենալ Եհովայի հանդեպ, քանի որ, ինչպես տեսանք, Ծննդոց 3։15-ում գրված մարգարեության մեծ մասը արդեն կատարվել է։

16-18. Կուրտիսը, Ուրսուլան և Ջեսիկան ի՞նչ օգուտներ են քաղել՝ հասկանալով Ծննդոց 3։15-ի մարգարեությունը։

16 Եհովայի խոստումը՝ արձանագրված Ծննդոց 3։15-ում, կարող է օգնել մեզ հաղթահարել ցանկացած փորձություն։ Կուրտիս անունով մի եղբայր, ով միսիոներ է ծառայում Գուամում, ասում է. «Իմ կյանքում այնպիսի դժվարություններ ու հիասթափություններ են եղել, որոնք փորձել են Եհովայի հանդեպ իմ նվիրվածությունը։ Սակայն Ծննդոց 3։15-ում գրված մարգարեության շուրջ խորհրդածելը օգնել է ինձ, որ չկորցնեմ վստահությունս իմ երկնային Հոր հանդեպ»։ Կուրտիսը անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ Եհովան վերջ կդնի մեր բոլոր փորձություններին։

17 Ուրսուլա անունով մի քույր, ով ապրում է Բավարիայում, ասում է, որ Ծննդոց 3։15-ի մարգարեությունը հասկանալը օգնել է իրեն համոզվել, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց։ Նա անչափ տպավորվել է՝ տեսնելով, թե ինչպես են մյուս բոլոր մարգարեությունները կապված այդ մարգարեության հետ։ Ուրսուլան նաև ասում է. «Երբ իմացա, որ Եհովան անմիջապես քայլեր է ձեռնարկել, որ մարդկանց ապագայի հույս տա, ավելի շատ սկսեցի սիրել նրան»։

18 Իսկ Ջեսիկան, ով ապրում է Միկրոնեզիայում, ասում է. «Երբեք չեմ մոռանա, թե ինչ զգացի, երբ իմացա, որ Ծննդոց 3։15-ի մարգարեությունը կատարվում է։ Հասկացա, որ գտել եմ ճշմարտությունը։ Այդ մարգարեությունն օգնում է ինձ հիշել, որ սա չէ իսկական կյանքը։ Այն նաև օգնում է ինձ ամրացնել համոզվածությունս այն բանում, որ Եհովային ծառայելով՝ կարող եմ ապրել ամենալավ կյանքով, որ հնարավոր է ունենալ այս աշխարհում, իսկ ապագայում վայելել իսկական կյանքը»։

19. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ մարգարեության վերջին մասը նույնպես կկատարվի։

19 Ինչպես տեսանք, Ծննդոց 3։15-ի մարգարեությունը այժմ կատարվում է։ Կնոջ սերնդի և օձի սերնդի ինքնությունը հստակ բացահայտված է։ Կնոջ սերնդի գլխավոր մասի, այսինքն՝ Հիսուսի գարշապարի վերքը ապաքինվել է, և նա հիմա փառահեղ անմահ Թագավոր է։ Այժմ Եհովան գրեթե ավարտին է հասցնում կնոջ սերնդի երկրորդական մաս կազմող անհատների ընտրությունը։ Եվ քանի որ մարգարեության առաջին մասը արդեն կատարվել է, մենք բոլոր հիմքերն ունենք համոզված լինելու, որ դրա վերջին մասը, այսինքն՝ օձի գլխի ջախջախվելը, նույնպես կկատարվի։ Սատանայի կործանումը մեծ թեթևություն կբերի հավատարիմ մարդկանց։ Բայց մինչ այդ եկեք թևաթափ չլինենք։ Մենք լիովին կարող ենք վստահել Եհովային։ Կնոջ սերնդի միջոցով նա անհամար օրհնություններ կբերի «երկրի բոլոր ազգերին» (Ծննդ. 22։18

ԵՐԳ 23 Եհովան սկսում է թագավորել

a Մենք լիովին չենք կարող ըմբռնել Աստվածաշնչի հայտնած լուրը, եթե չհասկանանք Ծննդոց 3։15-ում գրված մարգարեությունը։ Ուսումնասիրելով այս մարգարեությունը՝ կամրացնենք մեր հավատը և կմեծացնենք մեր համոզվածությունն այն բանում, որ Եհովան կկատարի իր բոլոր խոստումները։

b Տես «Աստծու Խոսքի ուսումասիրության ուղեցույց» գրքույկի «Ինչի՞ մասին է Աստվածաշունչը» մասը։

c Տես «Ծննդոց 3։14, 15 համարներում նշված կերպարները» շրջանակը։