ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Անհատական հետաքրքրություն ցուցաբերելը հարատև օգուտներ է բերում
«ԱՆԳԼԻԿԱՆ եկեղեցին չի սովորեցնում ճշմարտությունը. շարունակիր փնտրել այն»։ Այս խոսքերը մորս ասաց տատիկս, ով անգլիկան եկեղեցու հետևորդ էր։ Ուստի մայրս սկսեց փնտրել ճշմարիտ կրոնը։ Այդուհանդերձ, նա չէր ցանկանում զրուցել Եհովայի վկաների հետ և ինձ էլ ասում էր, որ թաքնվեմ, երբ նրանք գան մեր տուն։ Մենք այդ ժամանակ ապրում էինք Տորոնտոյում (Կանադա)։ 1950 թ.-ին փոքր մորաքույրս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների օգնությամբ, և մայրս միացավ նրան։ Նրանք մորաքրոջս տանն էին ուսումնասիրում Աստվածաշունչը։ Որոշ ժամանակ անց երկուսն էլ մկրտվեցին։
Հայրս Կանադայի միացյալ եկեղեցում երեց էր, և ամեն շաբաթ ինձ ու քրոջս ուղարկում էր կիրակնօրյա դպրոց։ Դրանից հետո՝ առավոտյան ժամը 11-ին, մենք հորս հետ պատարագ լսելու էինք գնում, իսկ կեսօրին մորս հետ գնում էինք Թագավորության սրահ։ Դժվար չէր տեսնել այդ երկու կրոնների տարբերությունը։
Մայրս իր նոր հավատալիքների մասին պատմեց իր վաղեմի ընկերներին՝ Բոբ և Մերիոն Հաթչեսոններին, որոնք նույնպես ընդունեցին ճշմարտությունը։ 1958 թ.-ին Հաթչեսոնները իրենց երեք տղաների հետ ինձ էլ տարան Նյու Յորք՝ մասնակցելու «Աստծու կամքը» խորագրով ութօրյա միջազգային համաժողովին։ Հետ նայելով՝ հասկանում եմ, որ այդպես վարվելը հեշտ չէր նրանց համար, բայց դա կյանքիս ամենահիշարժան իրադարձություններից էր։
ՆՐԱՆՑ ԴՐՍԵՎՈՐԱԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵՑ ԿՅԱՆՔՍ
Պատանեկության տարիներիս ապրում էինք ֆերմայում, որտեղ տարբեր կենդանիներ կային։ Սիրում էի հոգ տանել նրանց և շատ էի ուզում անասնաբույժ դառնալ։ Մայրս այդ մասին ասաց ժողովի երեցներից մեկին։ Վերջինս նրբանկատորեն հիշեցրեց ինձ, որ ապրում ենք «վերջին օրերում», և հարցրեց, թե իմ կարծիքով՝ համալսարանում մի քանի տարի սովորելը ինչպես կարող է անդրադառնալ Եհովայի հետ ունեցած իմ փոխհարաբերությունների վրա (2 Տիմոթ. 3։1)։ Արդյունքում ես որոշեցի չդիմել համալսարան։
Այնուամենայնիվ, ավագ դպրոցն ավարտելուց հետո չգիտեի՝ ինչ անել։ Թեև հանգստյան օրերին միշտ ծառայում էի, բայց ուրախություն չէի ստանում և մտածում էի, որ ռահվիրայություն սկսելը իմ խելքի բանը չէ։ Այդ ընթացքում հայրս ու հորեղբայրս, որոնք Վկաներ չէին, ինձ համոզում էին, որ լրիվ դրույքով գործի անցնեմ Տորոնտոյի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկում։ Հորեղբայրս այդ ընկերությունում բարձր պաշտոնի էր, ուստի ես համաձայնվեցի աշխատել այնտեղ։
Ես անընդհատ արտաժամ էի աշխատում և ընկերակցում էի ոչ Վկա մարդկանց հետ, ինչի պատճառով բաց էի թողնում ժողովի հանդիպումները և կանոնավորաբար չէի մասնակցում ծառայությանը։ Տորոնտոյում ապրում էի իմ ոչ Վկա պապիկի հետ, բայց նա մահացավ, և ես պետք է ապրելու նոր տեղ գտնեի։
Հաթչեսոնները, ովքեր 1958 թ.-ին ինձ տարել էին համաժողով, ծնողների պես էին ինձ համար։ Նրանք հրավիրեցին ինձ ապրելու իրենց հետ և օգնեցին, որ հոգևորապես առաջադիմեմ։ 1960 թ.-ին նրանց որդու՝ Ջոնի հետ ես էլ մկրտվեցի։ Հետո Ջոնը ռահվիրայություն սկսեց, ինչը մղեց ինձ, որ ավելի շատ մասնակցեմ ծառայությանը։ Ժողովում եղբայրները նկատեցին իմ հոգևոր առաջադիմությունը, և ինձ նշանակեցին Աստվածապետական ծառայության դպրոցի ծառայող։ a
ՀՐԱՇԱԼԻ ՈՒՂԵԿԻՑ ԵՄ ԳՏՆՈՒՄ ԵՎ ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԿՍՈՒՄ
1966 թ.-ին ամուսնացա Ռանդի Բերգի հետ, ով մի եռանդուն ռահվիրա էր և պատրաստ էր ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Մեր շրջանային վերակացուն անհատական հետաքրքրություն ցույց տվեց մեր հանդեպ և հորդորեց, որ օգնենք Օրիլիա քաղաքի ժողովին (Օնտարիո)։ Մենք հավաքեցինք մեր իրերը և տեղափոխվեցինք։
Օրիլիա հասնելուն պես ես էլ ռահվիրայություն սկսեցի։ Ռանդիի եռանդը վարակել էր ինձ։ Երբ ջանքեր ներդրեցի, որ լավ ռահվիրա լինեմ, սկսեցի մեծ բավականություն ստանալ ծառայությունից, քանի որ ավելի արդյունավետորեն էի օգտագործում Աստվածաշունչը և տեսնում էի, որ մարդիկ հասկանում են այն։ Մեզ համար մեծ օրհնություն էր օգնել Օրիլիայում ապրող մի ամուսնական զույգի փոփոխություններ անել և նվիրվել Եհովային։
ՆՈՐ ԼԵԶՈՒ, ՆՈՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ
Մի անգամ, երբ այցելել էինք Տորոնտո, հանդիպեցինք Առնոլդ Մակնամարային, ով Բեթելի պատասխանատու եղբայրներից էր։ Նա մեզ հարցրեց, թե արդյոք կցանկանանք հատուկ ռահվիրա ծառայել։ Ես անմիջապես պատասխանեցի. «Այո՛, իհարկե, միայն թե ոչ Քվեբեկում»։ Ինձ վրա ազդել էին այն նախապաշարումները, որ Կանադայի անգլիախոս մարդիկ ունեին Քվեբեկ նահանգում ապրողների վերաբերյալ, որոնք հիմնականում ֆրանսախոս էին։ Այդ ժամանակ Քվեբեկում քաղաքական մի շարժում էր սկսվել, որը Կանադայից առանձնանալու քարոզչություն էր իրականացնում։
Առնոլդն ասաց. «Այս պահին մասնաճյուղը միայն Քվեբեկում է հատուկ ռահվիրաներ նշանակում»։ Ես անմիջապես ասացի, որ կգնանք. գիտեի, որ Ռանդին կուզեր այնտեղ ծառայել։ Հետագայում հասկացա, որ դա մեր կյանքի լավագույն որոշումներից էր։
Հինգ շաբաթ ֆրանսերենի դասընթացներ անցնելուց հետո մենք ևս մի զույգի հետ ուղևորվեցինք դեպի Ռիմուսկի, որը ընկած է Մոնրեալից մոտ 540 կիլոմետր (360 մղոն) հյուսիս-արևելք։ Մենք դեռ շատ բան ունեինք սովորելու, ինչը ակնհայտ դարձավ ժողովի հանդիպման ժամանակ, երբ հայտարարություններն էի ընթերցում։ Ես ասացի, որ գալիք համաժողովին մենք բազմաթիվ «ջայլամ պատվիրակներ» կունենանք, բայց պետք է ասեի՝ «ավստրիացի պատվիրակներ»։
Ռիմուսկի քաղաքում մեզ՝ չորսիս, միացան չորս եռանդուն ամուրի քույրեր, ինչպես նաև եղբայր և քույր Հյուբերդոները իրենց երկու դուստրերի հետ։ Հյուբերդոները յոթ սենյականոց մեծ տուն էին վարձել, և մենք ռահվիրաներով սկսեցինք ապրել նրանց հետ և կիսել վարձակալության գումարը։ Այդ տունն անվանում էինք «Սպիտակ տուն», քանի որ դրա սյուներն ու արտաքին պատերը սպիտակ էին։ Սովորաբար 12-ից 14 հոգով էինք ապրում այդ տանը։ Լինելով հատուկ ռահվիրաներ՝ ես ու Ռանդին քարոզում էինք առավոտյան, կեսօրին ու երեկոյան և շատ ուրախ էինք, որ միշտ ծառայակից էինք ունենում, նույնիսկ ձմռան ցուրտ երեկոներին։
Այնքան էինք մտերմացել այդ հավատարիմ ռահվիրաների հետ, որ մի ընտանիքի պես էինք դարձել։ Երբեմն հավաքվում էինք խարույկի շուրջ կամ միասին համեղ բաներ պատրաստելու օր էինք կազմակերպում։ Եղբայրներից մեկը երաժիշտ էր, ուստի շաբաթ երեկոները հաճախ երգում ու պարում էինք։
Ռիմուսկիում շատերն էին հետաքրքրվում ճշմարտությամբ։ Հինգ տարվա ընթացքում ականատես եղանք, թե ինչպես են Աստվածաշունչ ուսումնասիրողներից մի քանիսը առաջադիմում և մկրտվում։ Դա շատ ոգևորիչ էր։ Մեր ժողովը աճեց, և քարոզիչների թիվը հասավ 35-ի։
Որպես բարի լուրի քարոզիչներ՝ մենք Քվեբեկում հիանալի մարզում ստացանք։ Տեսանք, թե ինչպես է Եհովան օգնում մեզ ծառայության մեջ և հոգ տանում մեր նյութական կարիքների մասին։ Բացի այդ՝ սովորեցինք սիրել ֆրանսախոս մարդկանց, նրանց լեզուն և մշակույթը, ինչի արդյունքում սկսեցինք սիրել նաև այլ մշակույթներ (2 Կորնթ. 6։13)։
Մի օր մասնաճյուղից անսպասելի առաջարկ ստացանք, որ տեղափոխվենք Տրակադի քաղաք, որը գտնվում է Նյու Բրանսուիկ նահանգի արևելյան ափին։ Այդ առաջարկն ընդունելը հեշտ չէր, քանի որ նոր էինք տուն վարձակալել, ես էլ դպրոցում կես դրույքով դասավանդելու պայմանագիր էի կնքել։ Բացի այդ՝ մեր ուսումնասիրողներից մի քանիսը նոր էին քարոզիչ դարձել, իսկ մեր Թագավորության սրահի շինարարությունը դեռ ընթացքի մեջ էր։
Ամբողջ շաբաթ-կիրակի աղոթեցինք այդ տեղափոխության մասին և գնացինք Տրակադի՝ այն տեսնելու։ Տրակադին բավականին տարբերվում էր Ռիմուսկիից։ Մտածեցինք, որ եթե դա Եհովայի կամքն է, ապա կտեղափոխվենք։ Մենք փորձեցինք Եհովային Մաղ. 3։10)։ Ռանդիի հոգևոր տրամադրվածության, անձնազոհ ոգու և հումորի զգացումի շնորհիվ այս անգամ էլ տեղափոխությունը թեթև տարանք։
ու տեսանք, թե ինչպես է նա մեր առջևից վերացնում բոլոր խոչընդոտները (Նոր ժողովում միակ երեցը Ռոբերտ Ռոսն էր։ Նա և նրա կինը՝ Լինդան, ռահվիրա էին ծառայել այդ ժողովում և իրենց որդու ծնվելուց հետո որոշել էին չտեղափոխվել։ Իրենց փոքրիկին խնամելու հետ մեկտեղ նրանք շատ հյուրասեր էին և ծառայության մեջ՝ եռանդուն։ Դա մեծապես տպավորել էր ինձ ու Ռանդիին։
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԿԱՐԻՔ ԿԱ, ԵՎ ՕՐՀՆՎՈՒՄ
Տրակադիում երկու տարի ռահվիրայություն անելուց հետո մենք կրկին անակնկալ հրավեր ստացանք։ Մեզ առաջարկում էին շրջանային ծառայություն սկսել։ Յոթ տարի անգլիախոս շրջաններում ծառայելուց հետո նշանակվեցինք Քվեբեկի ֆրանսախոս շրջաններից մեկը։ Քվեբեկում մեր մարզային վերակացուն Լեոնս Կրեպոն էր, ով ինձ շատ է օգնել ելույթներս բարելավելու հարցում։ Նա գովում էր ինձ, իսկ հետո հարցնում. «Ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս կարող ես ելույթներդ ավելի գործնական դարձնել»։ b Նրա ցուցաբերած անհատական հետաքրքրությունը օգնեց ինձ, որ ելույթներս դարձնեմ ավելի գործնական, պարզ ու հասկանալի։
Ամենահիշարժան հանձնարարություններից մեկը, որ ստացել եմ, եղել է 1978 թ.-ին Մոնրեալում անցկացվող «Հաղթանակող հավատ» միջազգային համաժողովի ժամանակ։ Ես պետք է ծառայեի սննդի սպասարկման բաժնում։ Ակնկալվում էր, որ 80 000 մարդ պետք է ներկա լիներ, և պատվիրակներին սննդով ապահովելու նոր կարգ էր գործելու։ Ամեն բան նոր էր՝ սարքավորումները, ճաշացանկը, սննդի պատրաստման մեթոդը։ Մենք մոտ 20 մեծ շարժական սառնարան ունեինք, որոնք երբեմն չէին աշխատում։ Բացի այդ՝ քանի որ համաժողովի նախորդ օրը մարզադաշտում սպորտային միջոցառում էր անցկացվել, մենք կարողացանք ներս մտնել միայն կեսգիշերից հետո։ Իսկ նախաճաշը պատրաստելու համար պետք է ջեռոցները միացնեինք նախքան արևածագը։ Ինչ խոսք, մենք հոգնած էինք, բայց ես շատ բան սովորեցի՝ տեսնելով իմ համագործակիցների աշխատասիրությունը, հոգևոր հասունությունը և հումորի զգացումը։ Այդ ընթացքում մենք բազմաթիվ մտերիմ ընկերներ ձեռք բերեցինք, որոնց հետ մեր ընկերությունը մինչ օրս շարունակվում է։ Մեծ ուրախություն էր մասնակցել Քվեբեկ նահանգում անցկացվող այդ պատմական համաժողովին, քանի որ հենց այդ նահանգում էր, որ
1940–1960 թթ.-ին կատաղի հալածանք էր բարձրացել Վկաների դեմ։Մոնրեալում անցկացված մեծ համաժողովների ընթացքում շատ բան եմ սովորել համաժողովների վերակացուներից։ Մի տարի համաժողովի վերակացուն Դեյվիդ Սփլեյնն էր, ով այժմ ծառայում է Կառավարիչ մարմնում։ Ավելի ուշ, երբ ես նշանակվեցի համաժողովի վերակացու, Դեյվիդը շատ օգնեց ինձ։
2011 թ.-ին, երբ արդեն 36 տարի էր, ինչ շրջանային ծառայության մեջ էինք, ինձ նշանակեցին դասավանդելու Ժողովի երեցների դպրոցում։ Հաշվել ենք, որ երկու տարվա ընթացքում ես ու Ռանդին 75 տարբեր անկողիններում ենք քնել։ Բայց արժեր ցանկացած զոհողություն անել, քանի որ ամեն շաբաթ՝ յուրաքանչյուր դպրոցի վերջում, ակնհայտ էր, որ երեցները գնահատանքով ու երախտագիտությամբ են լցված՝ տեսնելով,թե Կառավարիչ մարմինը որքան շատ բան է անում իրենց հոգևորապես ամուր պահելու համար։
Հետագայում սկսեցի դասավանդել Թագավորության քարոզիչների դպրոցում։ Զբաղված գրաֆիկի պատճառով ուսանողները շատ էին հոգնում։ Յոթ ժամ դասարանում նստելուց հետո ամեն երեկո նրանք երեք ժամ տնային աշխատանք էին անում և շաբաթական չորսից հինգ հանձնարարություն պատրաստում։ Ես ու մյուս դասավանդողը նրանց բացատրում էինք, որ առանց Եհովայի օգնության՝ չեն կարողանա գլուխ հանել այդ ամենից։ Երբեք չեմ մոռանա ուսանողների զարմանքը, երբ տեսնում էին, որ Եհովային ապավինելու շնորհիվ կարողանում են շատ ավելին անել, քան կարծում էին, որ հնարավոր է։
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ ՀԱՐԱՏԵՎ ՕԳՈՒՏՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ
Մայրս միշտ անհատական հետաքրքրություն էր ցուցաբերում մարդկանց հանդեպ, ինչի շնորհիվ նրա ուսումնասիրողները հոգևորապես առաջադիմում էին։ Անգամ հորս տրամադրվածությունը փոխվեց ճշմարտության հանդեպ։ Մորս մահից երեք օր անց ի զարմանս մեզ՝ հայրս եկավ Թագավորության սրահ՝ լսելու հանրային ելույթը։ Դրանից հետո նա 26 տարի շարունակ հաճախեց ժողովի հանդիպումներին։ Թեև հայրս այդպես էլ չմկրտվեց, բայց երեցներն ասում էին, որ նա միշտ առաջինն էր գալիս Թագավորության սրահ։
Մայրս հիանալի օրինակ է թողել մեզ։ Երեք քույրերս էլ իրենց ամուսինների հետ հավատարմորեն ծառայում են Եհովային։ Նրանցից երկուսը Բեթելում են. մեկը՝ Պորտուգալիայի մասնաճյուղում, մյուսը՝ Հայիթիի։
Ես ու Ռանդին այժմ հատուկ ռահվիրա ենք Համիլտոնում (Օնտարիո)։ Երբ շրջանային ծառայության մեջ էինք, հաճույքով օգնում էինք մեր հավատակիցներին վերայցելություններ անել և ուսումնասիրություններ անցկացնել։ Բայց հիմա մեծ ուրախություն ենք ստանում՝ տեսնելով, թե ինչպես են մեր իսկ ուսումնասիրողները հոգևորապես առաջադիմում։ Ընկերանալով մեր նոր ժողովի հավատակիցների հետ՝ մենք քաջալերվում ենք՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան աջակցում նրանց թե՛ լավ, թե՛ վատ օրերին։
Հետ նայելով՝ մենք անչափ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր անհատական հետաքրքրություն են ցուցաբերել մեր հանդեպ։ Մենք էլ մեր հերթին ենք փորձել հետաքրքրություն դրսևորել ուրիշների հանդեպ՝ հորդորելով նրանց լիարժեքորեն օգտագործել իրենց հոգևոր ներուժը (2 Կորնթ. 7։6, 7)։ Օրինակ՝ մեզ ծանոթ ընտանիքներից մեկում կինը, որդին և դուստրը լիաժամ ծառայության մեջ էին։ Երբ ամուսնուն հարցրի, թե երբևէ մտածել է ռահվիրայական ծառայության մասին, նա ասաց, որ իր հոգածության տակ երեք ռահվիրա կա։ Ես էլ հարցրի. «Կարծում ես՝ Եհովայից լա՞վ կարող ես հոգ տանել նրանց մասին»։ Նրան հորդորեցի, որ ինքն էլ փորձի զգալ այն ուրախությունը, որ իր ընտանիքն է զգում։ Վեց ամիս հետո այդ եղբայրը ռահվիրայություն սկսեց։
Ես ու Ռանդին կշարունակենք «պատմել հաջորդ սերնդին» Եհովայի «զարմանահրաշ գործերի» մասին՝ հույս ունենալով, որ նրանք էլ մեր պես կվայելեն Եհովային ծառայելու բերկրանքը (Սաղ. 71։17, 18)։
a Այժմ կոչվում է «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման վերակացու։
b Լեոնս Կրեպոյի կենսագրությունը կարող ես կարդալ «Դիտարանի» 2020 թ. փետրվարի համարում (էջ 26-30)։