Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 31

«Եղեք հաստատուն, անսասան»

«Եղեք հաստատուն, անսասան»

«Իմ սիրելի՛ եղբայրներ, եղեք հաստատուն, անսասան» (1 ԿՈՐՆԹ. 15։58

ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1-2. Ի՞նչ առումով է քրիստոնյան նման երկնաքերի (1 Կորնթացիներ 15։58

 1970-ԱԿԱՆՆԵՐԻ վերջերին Ճապոնիայի Տոկիո քաղաքում աստիճանաբար վեր խոյացավ 60 հարկանի մի երկնաքեր։ Մարդիկ անհանգստանում էին, թե ինչպես է այն դիմանալու այդ քաղաքում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերին։ Սակայն ինժեներները այնպես էին նախագծել այդ շենքը, որ այն լիներ ամուր, բայց միևնույն ժամանակ բավականին առաձգական, որպեսզի կարողանար դիմանալ սեյսմիկ ցնցումներին։ Քրիստոնյաները նման են այդ երկնաքերին։ Տեսնենք, թե ինչ առումով։

2 Քրիստոնյան պետք է լինի հաստատուն, բայց միևնույն ժամանակ ճկուն։ Կարևոր է, որ նա կարողանա հավասարակշռություն պահպանել այս հարցում։ Օրինակ, երբ խոսքը վերաբերում է Եհովայի օրենքներին ու չափանիշներին, քրիստոնյան ամուր է և անսասան (կարդա 1 Կորնթացիներ 15։58)։ Նա հնազանդվելու պատրաստ է և փոխզիջումների չի գնում։ Մյուս կողմից, սակայն, նա պետք է լինի «խոհեմ», կամ՝ ճկուն, երբ հանգամանքները թույլ են տալիս կամ պահանջում են այդպես վարվել (Հակ. 3։17)։ Այն քրիստոնյան, ով սովորել է հավասարակշռված լինել այս հարցում, ծայրահեղությունների մեջ չի ընկնի, այսինքն՝ չի լինի չափազանց անթեք կամ թույլատու։ Հոդվածից նախ կիմանանք, թե ինչպես կարող ենք լինել հաստատուն։ Այնուհետև կտեսնենք, թե Սատանան որ հինգ կերպերով է փորձում թուլացնել մեր վճռականությունը, և թե մենք ինչպես կարող ենք դիմադրել նրան։

ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՆԵԼ ՀԱՍՏԱՏՈՒՆ

3. Մեծագույն Օրենսդրի տված ո՞ր օրենքներն են գրված Գործեր 15։28, 29 համարներում։

3 Լինելով մեծագույն Օրենսդիրը՝ Եհովան միշտ իր ժողովրդին հստակ ու պարզ օրենքներ է տվել (Ես. 33։22)։ Օրինակ՝ առաջին դարում կառավարիչ մարմինը քրիստոնյաներին պատվիրեց հաստատուն մնալ հետևյալ երեք հարցերում՝ 1) մերժել կռապաշտությունը և պաշտել միայն Եհովային, 2) հնազանդվել արյունը սուրբ համարելու վերաբերյալ Եհովայի տված օրենքին և 3) կառչել աստվածաշնչյան բարձր բարոյական չափանիշներին (կարդա Գործեր 15։28, 29)։ Այսօր քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են հաստատուն մնալ՝ հնազանդվելով Եհովայի տված վերոնշյալ օրենքներին։

4. Ինչպե՞ս ենք Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն դրսևորում (Հայտնություն 4։11

4 Մերժում ենք կռապաշտությունը և պաշտում ենք միայն Եհովային։ Աստված իսրայելացիներից բացարձակ նվիրվածություն էր պահանջում (2 Օրենք 5։6-10)։ Հիսուսն էլ իր հերթին Սատանայի կողմից փորձվելիս հստակ ցույց տվեց, որ մենք պետք է միայն Եհովային պաշտենք (Մատթ. 4։8-10)։ Մենք չենք պաշտում կուռքերի և չենք աստվածացնում մարդկանց, օրինակ՝ կրոնական առաջնորդներին, քաղաքական գործիչներին կամ հանրաճանաչ մարզիկներին, դերասաններին ու երաժիշտներին։ Մենք միայն Եհովային ենք պաշտում, նրան, «ով ստեղծել է բոլոր բաները» (կարդա Հայտնություն 4։11

5. Ինչո՞ւ ենք հնազանդվում արյան և կյանքի սրբության վերաբերյալ Եհովայի տված օրենքին։

5 Կառչած ենք մնում կյանքի և արյան սրբության վերաբերյալ Եհովայի տված օրենքին։ Մենք այդպես ենք վարվում, քանի որ Եհովան ասում է, որ արյունը ներկայացնում է իր տված թանկագին պարգևը՝ կյանքը (Ղևտ. 17։14)։ Երբ Եհովան մարդկանց թույլ տվեց ուտել կենդանիների միսը, նա պատվիրեց, որ դրանց արյունը չուտեն (Ծննդ. 9։4)։ Այս պատվերը Աստված կրկնեց նաև Մովսիսական օրենքում (Ղևտ. 17։10)։ Իսկ առաջին դարի կառավարիչ մարմնին նա պատվիրեց, որ բոլոր քրիստոնյաներին առաջնորդություն տան «հեռու մնալ.... արյունից» (Գործ. 15։28, 29)։ Մենք վճռականորեն հնազանդվում ենք այս պատվերին, երբ բժշկական հարցերի վերաբերյալ որոշումներ ենք կայացնում։ b

6. Ի՞նչ ջանքեր ենք թափում, որպեսզի ապրենք Եհովայի բարձր բարոյական չափանիշներով։

6 Խստորեն հետևում ենք Եհովայի տված բարձր բարոյական չափանիշներին (Եբր. 13։4)։ Պատկերավոր խոսք օգտագործելով՝ Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս «սպանել մեր մարմնի անդամները», այսինքն՝ լուրջ քայլեր ձեռնարկել սխալ ցանկությունները արմատախիլ անելու համար։ Մենք չենք նայում այնպիսի նյութեր և չենք անում այնպիսի բաներ, որոնք կարող են դրդել մեզ սեռական անբարոյության (Կող. 3։5; Հոբ 31։1)։ Իսկ երբ կանգնում ենք գայթակղության առաջ, անմիջապես մերժում ենք ցանկացած միտք կամ արարք, որը կարող է վնասել Աստծու հետ մեր ընկերությունը։

7. Ի՞նչ պետք է վճռենք անել և ինչո՞ւ։

7 Եհովան ուզում է, որ «ի սրտե հնազանդ լինենք» իրեն (Հռոմ. 6։17)։ Մենք չպետք է ընտրենք, թե նրա տված որ օրենքին ենք ուզում հնազանդվել և որին՝ ոչ. չէ՞ որ Եհովայի տված առաջնորդությունը միշտ մեր օգտին է ծառայում (Ես. 48։17, 18; 1 Կորնթ. 6։9, 10)։ Մենք ձգտում ենք հաճեցնել Եհովային և դրսևորել նույն վճռականությունը, ինչ սաղմոսերգուն, ով գրեց. «Խոնարհեցրել եմ սիրտս, որ քո կանոնները կատարեմ առհավետ, մինչև վերջ» (Սաղ. 119։112)։ Սատանան, ինչ խոսք, կփորձի թուլացնել մեր վճռականությունը։ Տեսնենք, թե ինչ մեթոդներ է նա կիրառում։

ԻՆՉՊԵ՞Ս Է ՍԱՏԱՆԱՆ ՓՈՐՁՈՒՄ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՄԵՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

8. Ինչպե՞ս է Սատանան հալածանքի միջոցով փորձում թուլացնել մեր վճռականությունը։

8 Հալածանք։ Բռնության և էմոցիոնալ ճնշումների միջոցով Սատանան փորձում է թուլացնել մեր վճռականությունը։ Նա ուզում է «կուլ տալ» մեզ՝ ոչնչացնել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները (1 Պետ. 5։8)։ Առաջին դարի քրիստոնյաները վճռել էին հաստատուն մնալ, և դրա համար նրանց սպառնում էին, ծեծում և սպանում (Գործ. 5։27, 28, 40; 7։54-60)։ Սատանան այսօր էլ է օգտագործում հալածանքը։ Դրա վառ ապացույցն է այն, որ Ռուսաստանում և այլ երկրներում կառավարությունները դաժանորեն հալածում են մեր եղբայրներին ու քույրերին։ Վերջիններս այդ երկրներում հակառակության են բախվում նաև այլ կերպերով։

9. Բեր օրինակ, թե ինչու պետք է զգուշանանք ճնշումներից։

9 Ճնշումներ։ Բացահայտ ճակատային հարձակումներից բացի՝ Սատանան գործի է դնում նաև իր «նենգությունները» (Եփես. 6։11)։ Քննենք Բոբ անունով մի եղբոր օրինակը, ով պետք է լուրջ վիրահատության ենթարկվեր։ Նա բժիշկներին ասաց, որ ոչ մի դեպքում չի ընդունի արյան փոխներարկում։ Վիրաբույժը համաձայնվեց հարգել նրա դիրքորոշումը, սակայն վիրահատության նախորդ օրը՝ ուշ երեկոյան, երբ Բոբի ընտանիքի անդամները արդեն տուն էին գնացել, նրան այցելեց անեսթեզիոլոգը։ Նա Բոբին ասաց, որ, ամենայն հավանականությամբ, փոխներարկման անհրաժեշտություն չի լինի, բայց ապահովության համար նրանք որոշակի քանակի արյուն կունենան ձեռքի տակ։ Թերևս բժիշկը մտածում էր, որ երբ Բոբի ընտանիքի անդամները նրա կողքին չլինեն, նա կփոխի իր միտքը։ Բայց Բոբը անսասան մնաց՝ ասելով, որ ոչ մի հանգամանքում չի ընդունի արյան փոխներարկում։

10. Մարդկային տրամաբանությունները ինչո՞ւ կարող են ծուղակ լինել մեզ համար (1 Կորնթացիներ 3։19, 20

10 Մարդկային տրամաբանություններ։ Եթե Աստծու օրենքներն արհամարհող մարդկանց տեսանկյունից նայենք հարցերին, գուցե սկսենք անտեսել Եհովային և նրա չափանիշները (կարդա 1 Կորնթացիներ 3։19, 20)։ «Այս աշխարհի իմաստությունը» հաճախ մարդկանց մղում է բավարարել իրենց մարմնական ցանկությունները։ Պերգամոնում և Թյուատիրում ապրող որոշ քրիստոնյաներ որդեգրել էին կռապաշտության և անբարոյության վերաբերյալ այդ քաղաքներում տարածված տեսակետները։ Հիսուսը խիստ խորհուրդ տվեց այդ ժողովներին, քանի որ նրանք հանդուրժում էին սեռական անբարոյությունը (Հայտն. 2։14, 20)։ Այսօր մեր շրջապատի մարդիկ ճնշում են գործադրում մեզ վրա, որ ընդունենք նրանց սխալ տեսակետները։ Մեր ընտանիքի անդամներն ու ծանոթները գուցե փորձեն ազդել մեր զգացմունքների վրա և համոզեն մեզ փոխզիջումների գնալ։ Օրինակ՝ նրանք թերևս պնդեն, որ բարոյապես մաքուր մնալը այդքան էլ կարևոր չէ, և որ Աստվածաշնչի բարոյական չափանիշները հնացած են։

11. Ինչի՞ց պետք է խուսափենք։

11 Երբեմն մեզ գուցե թվա, թե Եհովայի տված առաջնորդությունը այնքան էլ հստակ չէ։ Հնարավոր է՝ նույնիսկ գայթակղություն առաջանա «գրվածից այն կողմ անցնելու» (1 Կորնթ. 4։6)։ Հիսուսի օրերում կրոնական առաջնորդներն այդպես էին վարվում։ Մովսիսական Օրենքին մարդակերտ կանոններ ավելացնելով՝ նրանք ծանր բեռ էին դնում հասարակ ժողովրդի ուսերին (Մատթ. 23։4)։ Եհովան այսօր մեզ հստակ առաջնորդություն է տալիս իր Խոսքի և կազմակերպության միջոցով։ Մենք ոչ մի պատճառ չունենք նրա տված առաջնորդությանը որևէ բան ավելացնելու, ուստի Աստվածաշնչում գրվածից այն կողմ չենք անցնում և անձնական հարցերի վերաբերյալ մեր հավատակիցների համար կանոններ չենք սահմանում (Առակ. 3։5-7

12. Ինչպե՞ս է Սատանան օգտագործում «դատարկ խաբեությունը»։

12 Խաբեություններ։ Սատանան օգտագործում է «դատարկ խաբեությունն» ու «աշխարհի սկզբունքները», որպեսզի մոլորեցնի և պառակտի մարդկանց (Կող. 2։8)։ Առաջին դարում նա օգտագործում էր մարդկային գաղափարների վրա հիմնված փիլիսոփայությունները, հրեական ոչ սուրբգրային ուսմունքները և այն տեսակետը, թե քրիստոնյաները պետք է պահեն Մովսիսական օրենքը։ Սրանք խաբեություններ էին, քանի որ մարդկանց ուշադրությունը շեղում էին իմաստության ճշմարիտ Աղբյուրից՝ Եհովայից։ Այսօր Սատանան մեդիայի և սոցիալական ցանցերի միջոցով դավադրության տեսություններ է տարածում, ինչպես նաև օգտագործում է քաղաքական ղեկավարներին՝ կեղծ լուրեր տարածելու համար։ Բազմաթիվ նման կեղծ տեղեկություններ տարածվեցին COVID-19 համավարակի ընթացքում։ c Այն Եհովայի վկաները, ովքեր հետևեցին կազմակերպության տված առաջնորդությանը, խուսափեցին անհարկի անհանգստություններից, որ ունեցան նրանք, ովքեր ուշադրություն էին դարձրել մոլորեցուցիչ տեղեկություններին (Մատթ. 24։45

13. Ինչո՞ւ պետք է զգուշանանք շեղող բաներից։

13 Շեղող բաներ։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ուշադրությունը շեղվի «ավելի կարևոր» բաներից (Փիլիպ. 1։9, 10)։ Շեղող բաները կարող են խլել մեր ժամանակի ու էներգիայի մեծ մասը, որոնք կարող էինք ծախսել ավելի օգտակար բաների վրա։ Օրինակ՝ մեր առօրյա գործերը, ինչպիսիք են ուտելը, խմելը, զվարճություններն ու աշխատանքը, կարող են շեղել մեզ, եթե թույլ տանք, որ դրանք մեր կյանքում ամենակարևոր բանը դառնան (Ղուկ. 21։34, 35)։ Բացի այդ՝ ամեն օր մեզ վրա հասարակական վեճերի և քաղաքական հարցերի վերաբերյալ լուրերի տարափ է տեղում։ Մենք չպետք է շեղվենք դրանցով, հակառակ դեպքում՝ կսկսենք մեր սրտում ու մտքում որևէ մեկի կողմը բռնել։ Սատանան վերոնշյալ բոլոր մեթոդներով փորձում է թուլացնել ճիշտն անելու մեր վճռականությունը։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք դիմադրել նրան և ամուր մնալ։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՄՈՒՐ ՄՆԱԼ

Հաստատուն մնալու համար խորհիր քո նվիրման և մկրտության շուրջ, ուսումնասիրիր Աստծու Խոսքը և մտածիր դրա մասին, հաստատուն սիրտ զարգացրու և վստահիր Եհովային (տես պարբերություն 14-18)

14. Ի՞նչը կարող է օգնել մեզ, որ ամուր մնանք։

14 Խորհիր քո նվիրման ու մկրտության շուրջ։ Դու նվիրվել ես Եհովային ու մկրտվել, քանի որ ցանկացել ես նրա կողմը բռնել։ Հիշիր, թե ինչն օգնեց քեզ համոզվելու, որ գտել ես ճշմարտությունը։ Դու ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերեցիր Եհովայի մասին և սկսեցիր հարգել ու սիրել նրան որպես քո երկնային Հոր։ Բացի այդ՝ հավատ զարգացրիր և զղջացիր քո մեղքերի համար։ Քո սիրտը մղեց քեզ թողնելու սխալ վարքը և ապրելու Աստծու կամքին ներդաշնակ։ Եվ երբ զգացիր, որ նա ներել է քեզ, մեծ թեթևացում ապրեցիր (Սաղ. 32։1, 2)։ Դու սկսեցիր հաճախել ժողովի հանդիպումներին և պատմել ուրիշներին քո սովորած հրաշալի ճշմարտությունների մասին։ Այժմ լինելով Աստծուն նվիրված ու մկրտված քրիստոնյա՝ դու քայլում ես կյանքի ճանապարհով և վճռական ես չշեղվելու դրանից (Մատթ. 7։13, 14

15. Ինչո՞ւ են ուսումնասիրությունն ու խորհրդածությունը օգտակար։

15 Ուսումնասիրիր Աստծու Խոսքը և խորհրդածիր դրա շուրջ։ Ինչպես որ խոր արմատներ ունեցող ծառն է ամուր կանգնած մնում, այնպես էլ մենք կարող ենք ամուր մնալ, եթե մեր հավատը հիմնված լինի Աստծու Խոսքի վրա և խոր արմատներ ունենա։ Երբ ծառն աճում է, դրա արմատները տարածվում են և ավելի խորանում։ Նմանապես, երբ ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը և խորհրդածում դրա շուրջ, խորացնում ենք մեր համոզվածությունը, որ Աստծու ճանապարհները լավագույնն են (Կող. 2։6, 7)։ Մտածիր, թե անցյալում ինչպես է Եհովան ուսուցանել, առաջնորդել ու պաշտպանել իր ժողովրդին։ Օրինակ՝ Եզեկիելը մեծ ուշադրություն դարձրեց այն բանին, թե ինչպես էր հրեշտակը ամենայն մանրամասնությամբ չափում այն տաճարը, որը մարգարեն տեսել էր տեսիլքում։ Այդ տեսիլքը, ինչ խոսք, զորացրեց Եզեկիելին, բայց այն նաև գործնական դասեր է պարունակում մեզ համար, որոնք կարող են օգնել մեզ կառչած մնալ մաքուր երկրպագության վերաբերյալ Եհովայի տված չափանիշներին (Եզեկ. 40։1-4; 43։10-12 d Մենք էլ ենք օգուտներ քաղում, երբ ժամանակ ենք տրամադրում, որ ուսումնասիրենք Աստծու Խոսքի խորունկ բաները և խորհրդածենք դրանց շուրջ։

16. Հաստատուն սիրտ ունենալը ինչպե՞ս պաշտպանեց Բոբին (Սաղմոս 112։7

16 Հաստատուն սիրտ զարգացրու։ Դավիթ թագավորը Եհովայի հանդեպ ունեցած իր աներեր սիրո մասին երգելիս հետևյալն ասաց. «Սիրտս ամուր է, ո՜վ Աստված» (Սաղ. 57։7)։ Մենք էլ կարող ենք հաստատուն սիրտ ունենալ, սիրտ, որը վստահությամբ լցված կլինի Աստծու հանդեպ (կարդա Սաղմոս 112։7)։ Տեսնենք, թե հաստատուն սիրտ ունենալը ինչպես օգնեց Բոբին, որի մասին արդեն նշեցինք։ Երբ նրան ասացին, որ ապահովության համար որոշակի քանակի արյուն կունենան ձեռքի տակ, նա իսկույն պատասխանեց, որ եթե արյան փոխներարկման նույնիսկ փոքր հավանականություն կա, ապա նա անմիջապես կգնա այդ հիվանդանոցից։ Ավելի ուշ Բոբն ասաց. «Ես երբեք չեմ կասկածել, թե ինչ պետք է անեմ, և չեմ անհանգստացել, թե ինչ կարող է լինել»։

Մենք կարող ենք ցանկացած փորձության ներքո հաստատուն մնալ, եթե մեր հավատը կառուցենք ամուր հիմքի վրա (տես պարբերություն 17)

17. Ի՞նչ ենք սովորում Բոբի օրինակից (տես նաև նկարը)։

17 Բոբը կարողացավ հաստատուն լինել, քանի որ ամուր մնալու որոշումը հիվանդանոց գնալուց դեռ շատ առաջ էր կայացրել։ Իսկ ի՞նչն էր օգնել նրան նման որոշում կայացնել։ Նախ՝ այն, որ նա ուզում էր ուրախացնել Եհովայի սիրտը։ Երկրորդ՝ Բոբը խորությամբ ուսումնասիրել էր, թե արյան և կյանքի սրբության վերաբերյալ ինչ է գրված Աստվածաշնչում և դրա վրա հիմնված մեր հրատարակություններում։ Եվ երրորդ՝ նա համոզված էր, որ Եհովայի առաջնորդությանը հետևելը հարատև օգուտներ է բերում։ Մենք նույնպես կարող ենք հաստատուն սիրտ ունենալ՝ անկախ նրանից, թե ինչ փորձությունների կբախվենք։

Բարակն ու իր մարդիկ հետապնդում են Սիսարայի զորքին (տես պարբերություն 18)

18. Եհովային վստահելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Բարակի օրինակից (տես ամսագրի շապիկի նկարը)։

18 Վստահիր Եհովային։ Տեսնենք, թե ինչ հաջողությունների հասավ Բարակը՝ վստահելով Եհովայի առաջնորդությանը։ Թեև այդ ժամանակ ողջ Իսրայելում չկար ո՛չ վահան, ո՛չ էլ նիզակ, սակայն Եհովան պատվիրեց Բարակին պատերազմել լավ սպառազինված քանանացիների զորքի դեմ, որի զորագլուխը Սիսարան էր (Դատ. 5։8)։ Մարգարեուհի Դեբորան Բարակին ասաց, որ իջնի լեռներից և հարթավայրում պատերազմի Սիսարայի և նրա 900 մարտակառքերի դեմ։ Բարակը հնազանդվեց այդ պատվերին՝ չնայած գիտեր, որ հարթավայրում մարտակառքերը մեծ առավելություն ունեն։ Երբ նրա զինվորները իջան Թաբոր լեռան վրայից, Եհովան երկնքից հորդառատ անձրև բերեց։ Սիսարայի մարտակառքերը խրվեցին ցեխի մեջ, և Եհովան Բարակին հաղթանակ շնորհեց (Դատ. 4։1-7, 10, 13-16)։ Նա մեզ էլ հաղթանակ կտա, եթե վստահենք իրեն և այն առաջնորդությանը, որ ստանում ենք իր կազմակերպության միջոցով (2 Օրենք 31։6

ՎՃՌԻՐ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄՆԱԼ

19. Ինչո՞ւ ես ուզում հաստատուն լինել։

19 Քանի դեռ ապրում ենք այս չար աշխարհում, հաստատուն մնալու մեր պայքարը շարունակվելու է (1 Տիմոթ. 6։11, 12; 2 Պետ. 3։17)։ Եկեք վճռենք անսասան մնալ, երբ մեր հավատը փորձվում է հալածանքի, ճնշումների, մարդկային տրամաբանությունների, խաբեությունների և շեղող բաների միջոցով (Եփես. 4։14)։ Եկեք Եհովային նվիրված մնալու և նրա պատվիրաններին հնազանդվելու հարցում ամուր և հաստատուն լինենք։ Բայց միևնույն ժամանակ եկեք լինենք խոհեմ։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե ինչ կարող ենք սովորել Եհովայից ու Հիսուսից, ովքեր խոհեմություն դրսևորելու հարցում կատարյալ օրինակ են։

ԵՐԳ 129 Պիտի շարունակենք տոկալ

a Ադամի ու Եվայի օրերից սկսած՝ Սատանան այն գաղափարն է առաջ տանում, թե մարդիկ իրենք պետք է որոշեն՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Նա ուզում է, որ մենք այդպես մտածենք նաև Եհովայի օրենքների և աստվածապետական առաջնորդության հետ կապված։ Հոդվածը կօգնի, որ չորդեգրենք Սատանայի աշխարհում տիրող անկախության ոգին և ամրացնենք Եհովային միշտ հնազանդ լինելու մեր վճռականությունը։

b Իմանալու համար, թե քրիստոնյան ինչպես կարող է հնազանդվել արյան վերաբերյալ Աստծու տված օրենքին, տես «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 39-րդ դասը։

c Տես «Զգույշ եղիր ապատեղեկատվությունից» հոդվածը jw.org կայքում։

d Մանրամասների համար տես «Մաքուր երկրպագություն. վերջապես վերականգնված» գրքի 13-րդ (անգլ., ռուս.) և 14-րդ (անգլ., ռուս.) գլուխները։