Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 30

Թող քո սերը շարունակի աճել

Թող քո սերը շարունակի աճել

«Եկեք սիրով ամեն բանում աճենք» (ԵՓԵՍ. 4։15

ԵՐԳ 2 Քո անունը Եհովա է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչե՞ր իմացար, երբ նոր էիր սկսել ուսումնասիրել Աստվածաշունչը։

 ՀԻՇՈ՞ՒՄ ես՝ ինչ նոր բաներ իմացար, երբ սկսեցիր ուսումնասիրել Աստվածաշունչը։ Թերևս զարմացար՝ իմանալով, որ Աստված անուն ունի, և մխիթարվեցիր այն մտքից, որ նա մարդկանց չի տանջում դժոխքի կրակներում։ Հավանաբար շատ ուրախացար, երբ իմացար, որ կարող ես նորից տեսնել քո մահացած հարազատներին և նրանց հետ ապրել դրախտային երկրում։

2. Աստվածաշնչյան ճշմարտությունները սովորելուց բացի՝ ուրիշ ի՞նչ քայլեր արեցիր (Եփեսացիներ 5։1, 2

2 Աստվածաշունչը խորությամբ ուսումնասիրելու շնորհիվ Եհովայի հանդեպ սերդ աճեց և մղեց քեզ կյանքում կիրառել սովորածդ։ Դու սկսեցիր ավելի ճիշտ որոշումներ կայացնել՝ հիմնվելով աստվածաշնչյան սկզբունքների վրա, և քանի որ ցանկանում էիր հաճեցնել Աստծուն, փոխեցիր մտածելակերպդ ու վարքդ։ Արդյունքում սկսեցիր ընդօրինակել քո երկնային Հորը, ինչպես երեխան է ընդօրինակում իր սիրառատ ծնողին (կարդա Եփեսացիներ 5։1, 2

3. Ի՞նչ հարցեր կարող ենք ուղղել ինքներս մեզ։

3 Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Արդյո՞ք հիմա ավելի շատ եմ սիրում Եհովային, քան այն ժամանակ, երբ նոր էի մկրտվել։ Հիմա ավելի շա՞տ եմ մտածում և վարվում Եհովայի նման, հատկապես եղբայրներիս ու քույրերիս հանդեպ սեր դրսևորելու հարցում»։ Եթե նկատում ես, որ «այն սերը, որը սկզբից ունեիր», ինչ-որ չափով սառչել է, մի՛ վհատվիր։ Նման բան եղել է նաև առաջին դարում ապրող քրիստոնյաների հետ։ Հիսուսը հույսը չկտրեց նրանցից և մեզանից էլ չի կտրում (Հայտն. 2։4, 7)։ Նա գիտի, որ մենք կարող ենք նորից բոցավառել այն սերը, որ ունեինք, երբ նոր էինք իմացել ճշմարտությունը։

4. Ի՞նչ կիմանանք այս հոդվածից։

4 Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք խորացնել մեր սերը Եհովայի ու մարդկանց հանդեպ։ Նաև կտեսնենք, թե այդպես վարվելը ինչ օրհնություններ կբերի մեզ և ուրիշներին։

ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ

5-6. Ի՞նչ դժվարությունների բախվեց Պողոս առաքյալը, և ի՞նչն օգնեց նրան, որ շարունակի ծառայել Եհովային։

5 Եհովային ծառայելը Պողոս առաքյալին մեծ բավականություն էր պատճառում, բայց նա նաև շատ դժվարությունների էր բախվում։ Առաքյալը հաճախ էր ճամփորդում՝ անցնելով երկար տարածություններ, իսկ ճամփորդելը նրա օրերում հեշտ չէր։ Այդ ճամփորդությունների ընթացքում նա երբեմն տարբեր վտանգների էր բախվում՝ «գետերից՝ վտանգներ, ավազակներից՝ վտանգներ», երբեմն էլ հակառակորդները ծեծի էին ենթարկում նրան (2 Կորնթ. 11։23-27)։ Բացի այդ՝ Պողոսի հավատակիցները ոչ միշտ էին գնահատում այն, ինչ նա անկեղծորեն անում էր նրանց համար (2 Կորնթ. 10։10; Փիլիպ. 4։15

6 Ի՞նչն օգնեց Պողոսին, որ շարունակի ծառայել Եհովային։ Սուրբ Գրքերից, ինչպես նաև իր իսկ կյանքում տեղի ունեցած դեպքերից նա շատ բան էր սովորել Եհովայի մասին և համոզվել էր, որ նա սիրում է իրեն (Հռոմ. 8։38, 39; Եփես. 2։4, 5)։ Պողոսն էլ սկսել էր Եհովային շատ սիրել և այդ սերը փաստում էր՝ շարունակ «ծառայելով սրբերին» (Եբր. 6։10

7. Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր սերը Եհովայի հանդեպ։

7 Մենք կարող ենք խորացնել մեր սերը Աստծու հանդեպ՝ ժրաջանորեն ուսումնասիրելով նրա Խոսքը։ Աստվածաշունչն ընթերցելիս ձգտիր տեսնել, թե յուրաքանչյուր հատված ինչ է հայտնում քեզ Եհովայի մասին։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս է այս արձանագրությունը ցույց տալիս, որ Եհովան սիրում է ինձ։ Եհովային սիրելու ի՞նչ նոր պատճառներ եմ տեսնում»։

8. Աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել, որ խորացնենք Եհովայի հանդեպ մեր սերը։

8 Աստծու հանդեպ մեր սերը խորացնելու կերպերից մեկն էլ նրան կանոնավորաբար աղոթելն է (Սաղ. 25։4, 5)։ Երբ մեր սիրտը բացում ենք Եհովայի առաջ, նա պատասխանում է մեր աղոթքներին (1 Հովհ. 3։21, 22)։ Խանա անունով մի քույր, ով ապրում է Ասիայում, ասում է. «Սկզբում Եհովայի հանդեպ իմ սերը հիմնված էր միայն գիտելիքների վրա։ Բայց երբ տեսա, թե ինչպես է Աստված պատասխանում իմ աղոթքներին, ավելի շատ սկսեցի սիրել նրան, և իմ մեջ նրան հաճեցնելու ցանկություն առաջացավ»։ b

ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ

9. Ինչի՞ց է երևում, որ Տիմոթեոսը առաջադիմում էր սեր դրսևորելու հարցում։

9 Քրիստոնյա դառնալուց տարիներ անց Պողոսը հանդիպեց Տիմոթեոս անունով մի երիտասարդի։ Տիմոթեոսը սիրում էր Եհովային և մարդկանց։ Պողոսը փիլիպպեցիներին նրա մասին հետևյալը գրեց. «Նրանից բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ, որ անկեղծությամբ հոգ տանի ձեր մասին» (Փիլիպ. 2։20)։ Այստեղ Պողոսը կենտրոնանում է ոչ թե Տիմոթեոսի կազմակերպչական կամ հռետորական ունակությունների վրա, այլ հավատակիցների հանդեպ ունեցած նրա սիրո, մի բանի, ինչը իրեն շատ էր տպավորել։ Անկասկած, ժողովները անհամբերությամբ էին սպասում Տիմոթեոսի այցելություններին (1 Կորնթ. 4։17

10. Աննան և նրա ամուսինը ինչպե՞ս սեր ցուցաբերեցին իրենց հավատակիցների հանդեպ։

10 Մենք նույնպես մեր հավատակիցներին օգնելու կերպեր ենք փնտրում (Եբր. 13։16)։ Քննենք Աննայի օրինակը, ում մասին խոսեցինք նախորդ հոդվածում։ Ուժգին փոթորկից հետո նա իր ամուսնու հետ այցելեց մի Վկա ընտանիքի և տեսավ, որ նրանց տան տանիքը ավերվել է, ինչի հետևանքով նրանք մաքուր շորեր չունեին։ Աննան պատմում է. «Մենք վերցրինք նրանց շորերը և վերադարձրինք լվացված ու արդուկված։ Մեզ համար դա փոքր բան էր, սակայն այդ արարքը ամուր ընկերության հիմք դրեց, որն առայսօր պահպանվում է»։ Հավատակիցների հանդեպ Աննայի և նրա ամուսնու սերը մղեց նրանց գործնական օգնություն ցուցաբերելու (1 Հովհ. 3։17, 18

11. ա) Սեր դրսևորելու մեր ջանքերը ի՞նչ ազդեցություն կարող են թողնել ուրիշների վրա։ բ) Առակներ 19։17-ի համաձայն՝ ինչպե՞ս է վարվում Եհովան, երբ մենք սեր ենք դրսևորում ուրիշների հանդեպ։

11 Երբ սիրով ու բարությամբ ենք վերաբերվում ուրիշներին, նրանք հաճախ նկատում են, որ ձգտում ենք ընդօրինակել Եհովայի մտածելակերպն ու վարվելակերպը։ Մենք գուցե չիմանանք էլ, թե որքան երախտապարտ են նրանք մեր դրսևորած բարության համար։ Խանան, ում մասին արդեն նշեցինք, ջերմությամբ է հիշում նրանց, ովքեր օգնել են իրեն։ Նա ասում է. «Այնքան շնորհակալ եմ իմ թանկագին քույրերին, ովքեր ինձ ծառայության էին տանում։ Նրանք մեքենայով գալիս էին իմ հետևից, հրավիրում էին իրենց հետ մի բան ուտելու և հետո ինձ ապահով տուն էին հասցնում։ Հիմա եմ հասկանում, թե որքան ջանքեր էր դա նրանցից պահանջում, բայց նրանք այդ ամենը սիրով էին անում»։ Ինչ խոսք, ոչ բոլորը հնարավորություն կունենան փոխհատուցելու մեզ մեր արածի դիմաց։ Հիշելով ժամանակին իրեն օգնած հավատակիցներին՝ Խանան ասում է. «Երանի՜ կարողանայի փոխհատուցել նրանց իրենց արած բոլոր լավ բաների համար, սակայն չգիտեմ, թե նրանք հիմա որտեղ են ապրում։ Բայց Եհովան գիտի, թե նրանք որտեղ են, և ես խնդրում եմ նրան, որ իմ փոխարեն փոխհատուցի նրանց»։ Խանան ճիշտ է։ Եհովան նկատում է բարության անգամ փոքր դրսևորումները, որ անում ենք ուրիշների համար։ Նա դա արժեքավոր զոհ է համարում և իրեն տրված պարտք, որը նա պատրաստվում է փոխհատուցել (կարդա Առակներ 19։17

Հոգևորապես առաջադիմելով՝ քրիստոնյան ուրիշներին օգնելու կերպեր է փնտրում (տես պարբերություն 12)

12. Եղբայրները ինչպե՞ս կարող են սեր դրսևորել ժողովի հանդեպ (տես նաև նկարը)։

12 Եղբայրները ինչպե՞ս կարող են սեր դրսևորել իրենց հավատակիցների հանդեպ և օգնության հասնել նրանց։ Ջորդան անունով մի երիտասարդ եղբայր երեցներից մեկին հարցրեց, թե ինչ կարող է անել, որ ավելի շատ աջակցի ժողովին։ Երեցը գովեց նրան իր առաջադիմության համար և մի քանի խորհուրդ տվեց, թե ինչպես կարող է ավելին անել։ Օրինակ՝ նա առաջարկեց, որ Ջորդանը ավելի շուտ գա Թագավորության սրահ և դիմավորի հավատակիցներին, ինչպես նաև մեկնաբանություններ տա հանդիպումների ժամանակ, իր քարոզչական խմբի հետ կանոնավորաբար մասնակցի ծառայությանը և ուրիշներին օգնելու գործնական կերպեր փնտրի։ Երբ Ջորդանը կիրառեց իրեն տրված խորհուրդը, ոչ միայն նոր հմտություններ սովորեց, այլև սկսեց ավելի շատ սիրել իր եղբայրներին ու քույրերին։ Նա հասկացավ, որ եղբայրները նախքան ծառայող օգնական դառնալն են սկսում օգնել ուրիշներին, իսկ նշանակվելուց հետո շարունակում են այդպես վարվել (1 Տիմոթ. 3։8-10, 13

13. Ինչպե՞ս սերը մղեց Քրիստիան անունով մի եղբոր նորից համապատասխանել երեց ծառայելու չափանիշներին։

13 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե այլևս երեց կամ ծառայող օգնական չես։ Եհովան հիշում է անցյալում արած քո գործերը և այն սերը, որը մղել է քեզ գործելու (1 Կորնթ. 15։58)։ Նա նաև տեսնում է, որ այսօր էլ ես շարունակում սեր դրսևորել։ Քրիստիան անունով մի եղբայր հիասթափվել էր, երբ որպես երեց նրա ծառայությունը դադարեցվել էր։ Բայց նա ասում է. «Ես որոշեցի ամեն ինչ անել, որ շարունակեմ Եհովային ծառայել՝ սիրուց մղված՝ անկախ նրանից՝ ունեմ որևէ նշանակում, թե ոչ։ Ժամանակի ընթացքում ես կրկին երեց նշանակվեցի»։ Քրիստիանը անկեղծորեն ասում է. «Նորից երեց ծառայելու միտքը փոքր-ինչ անհանգստացնում էր ինձ, բայց ես վճռեցի, որ եթե Եհովան ողորմածաբար թույլ է տալիս, որ կրկին երեց ծառայեմ, նրա ու հավատակիցներիս հանդեպ սիրուց մղված՝ ես պետք է անեմ դա»։

14. Ի՞նչ ես սովորում Ելենայի խոսքերից։

14 Եհովայի ծառաները սեր են դրսևորում նաև իրենց մերձավորի հանդեպ (Մատթ. 22։37-39)։ Օրինակ՝ Ելենա անունով մի քույր, ով ապրում է Վրաստանում, ասում է. «Սկզբում միայն Եհովայի հանդեպ սերն էր մղում ինձ քարոզելու։ Բայց երբ սկսեցի ավելի շատ սիրել իմ երկնային Հորը, մարդկանց հանդեպ իմ սերը նույնպես աճեց։ Ես սկսեցի մտածել, թե ինչ դժվարությունների են նրանք բախվում, և թե որ թեմաները գուցե հետաքրքրեն նրանց։ Որքան շատ էի մտածում այդ մասին, այնքան ավելի շատ էի ուզում օգնել մարդկանց» (Հռոմ. 10։13-15

ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սիրո մեկ դրսևորումը կարող է շատերին օրհնություն բերել (տես պարբերություն 15-16)

15-16. Ինչպես պատկերված է նկարներում, ի՞նչ օրհնություններ են լինում, երբ սեր ենք դրսևորում ուրիշների հանդեպ։

15 Երբ սեր ենք ցուցաբերում մեր հավատակիցների հանդեպ, ուրիշներն էլ են օգուտ քաղում։ COVID-19 համավարակի ընթացքում Պաոլոն և նրա կինը բազմաթիվ տարեց քույրերի սովորեցրել են, թե ինչպես էլեկտրոնային սարքերով վկայություն տան։ Մի քույր, ով սկզբում դժվարանում էր այս հարցում, վերջապես կարողացավ դա անել։ Նա էլեկտրոնային սարքի միջոցով իր հարազատներին հրավիրեց Հիշատակի երեկոյին, և նրանցից 60-ը տեսակոնֆերանսով միացան հանդիպմանը։ Պաոլոյի և նրա կնոջ ջանքերը օգուտներ բերեցին թե՛ այս քրոջը, թե՛ նրա հարազատներին։ Ավելի ուշ այդ քույրը Պաոլոյին հետևյալը գրեց. «Շնորհակալ եմ, որ օգնեցիք մեզ՝ տարեցներիս։ Ես երբեք չեմ մոռանա Եհովայի դրսևորած հոգատարությունն ու ձեր անխոնջ ջանքերը»։

16 Այս և նմանատիպ այլ դեպքեր Պաոլոյին մի կարևոր դաս սովորեցրին. սերը ավելի կարևոր է, քան գիտելիքներն ու ունակությունները։ Նա պատմում է. «Նախկինում ես ծառայում էի որպես շրջանային վերակացու։ Այսօր հավատակիցներս գուցե մոռացած լինեն իմ ելույթները, բայց նրանք մինչև հիմա հիշում են այն ամենը, ինչ արել եմ նրանց օգնելու համար»։

17. Սեր դրսևորելը ուրիշ ո՞ւմ է օգուտներ բերում։

17 Երբ սեր ենք դրսևորում մյուսների հանդեպ, մենք էլ ենք օգուտներ քաղում, երբեմն շատ անսպասելի ձևով։ Ջոնաթանը, ով ապրում է Նոր Զելանդիայում, իր փորձով է համոզվել դրանում։ Մի շաբաթ օր՝ կեսօրվա շոգին, նա տեսավ, որ ռահվիրաներից մեկը դրսում քարոզում է։ Ջոնաթանը որոշեց, որ այդուհետ ամեն շաբաթ օր՝ կեսօրին, համագործակցելու է նրա հետ։ Նա չէր էլ պատկերացնում, թե այդ բարի արարքը ինչ մեծ օգուտ էր բերելու հենց իրեն։ Ջոնաթանը պատմում է. «Կյանքիս այդ շրջանում ես բավականություն չէի ստանում ծառայությունից, բայց երբ տեսա, թե այդ ռահվիրան ինչպես է ուսուցանում, և թե նրա ծառայությունը որքան արդյունավետ է, սկսեցի հաճույք ստանալ քարոզչական գործից։ Բացի այդ՝ հրաշալի ընկեր ձեռք բերեցի, ով օգնեց ինձ հոգևորապես առաջադիմել, սիրել ծառայությունը և մտերմանալ Եհովայի հետ»։

18. Ի՞նչ է Եհովան ուզում, որ անենք։

18 Եհովան ուզում է, որ խորացնենք մեր սերը իր և մարդկանց հանդեպ։ Ինչպես տեսանք, Եհովայի հանդեպ մեր սերը կարող ենք խորացնել՝ ընթերցելով նրա Խոսքը, խորհրդածելով դրա շուրջ և կանոնավորաբար աղոթելով նրան։ Մենք ավելի շատ կսիրենք նաև մեր եղբայրներին ու քույրերին, եթե գործնականում աջակցենք նրանց։ Որքան մեր սերը աճի, այնքան ավելի կմտերմանանք Եհովայի ու մեր հոգևոր ընտանիքի հետ և այդ ընկերությունը կվայելենք հավիտյան։

ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար

a Անկախ նրանից՝ նոր ենք ճշմարտության մեջ, թե երկար տարիներ է, ինչ ծառայում ենք Եհովային, բոլորս էլ պետք է շարունակ առաջադիմենք։ Դա անելու կերպերից մեկը Եհովայի ու մարդկանց հանդեպ մեր սերը խորացնելն է։ Հոդվածում կխոսենք այդ մասին։ Այն ուսումնասիրելիս մտածիր, թե այս հարցում ինչ հաջողությունների ես արդեն հասել և դեռ ինչ բարելավումներ անելու կարիք ունես։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։