Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 29

ԵՐԳ 121 Ինքնատիրապետում դրսևորենք

Զգոն եղիր, որ դիմակայես գայթակղությանը

Զգոն եղիր, որ դիմակայես գայթակղությանը

«Արթո՛ւն մնացեք և շարունակ աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք» (ՄԱՏԹ. 26։41

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչո՞ւ է կարևոր խուսափել մեղք գործելուց, ինչպես նաև այն քայլերից, որոնք տանում են մեղքի։

1-2. ա) Հիսուսը ի՞նչ նախազգուշացրեց իր աշակերտներին։ բ) Աշակերտները ինչո՞ւ լքեցին Հիսուսին (տես նաև նկարները)։

 ՄԻ ԱՌԻԹՈՎ Հիսուսն ասաց. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մատթ. 26։41բ a Այդպես նա ցույց տվեց, որ հասկանում է, որ մարդիկ անկատար են և հակված են սխալներ գործելու։ Այդպիսով նա նաև զգուշացրեց, որ հարկավոր է խուսափել չափազանց ինքնավստահ լինելուց։ Հիսուսի այդ խոսքերից մի քանի ժամ առաջ նրա աշակերտները վստահությամբ ասում էին, որ երբեք չեն լքի իրենց Տիրոջը (Մատթ. 26։35)։ Ինչ խոսք, նրանք լավ մղումներ ունեին, բայց չէին հասկանում, որ ճնշումների ներքո հեշտությամբ կարող էին տրվել գայթակղությանը։ Ուստի Հիսուսը զգուշացրեց նրանց. «Արթո՛ւն մնացեք և շարունակ աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26։41ա

2 Ցավոք, աշակերտները չկարողացան արթուն մնալ։ Իսկ երբ Հիսուսին ձերբակալեցին, արդյո՞ք նրանք մնացին նրա կողքին, թե՞ տրվեցին վախին ու փախան։ Զգոն չլինելու պատճառով աշակերտները արեցին մի բան, ինչը ասում էին, որ երբեք չեն անի. նրանք լքեցին Հիսուսին (Մատթ. 26։56

Հիսուսն իր աշակերտներին զգուշացրեց, որ արթուն մնան և զգոն լինեն, որ փորձության մեջ չընկնեն, բայց նրանք լքեցին նրան (տես պարբերություն 1-2)


3. ա) Եհովային նվիրված մնալու համար ինչո՞ւ չպետք է չափազանց ինքնավստահ լինենք։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Մենք չպետք է չափազանց ինքնավստահ լինենք։ Իհարկե, մենք վճռել ենք չանել այնպիսի բան, ինչը կհեռացնի մեզ Եհովայից, բայց մենք էլ անկատար ենք և հեշտությամբ կարող ենք տրվել գայթակղությանը (Հռոմ. 5։12; 7։21-23)։ Անսպասելիորեն գուցե որևէ սխալ բան անելու գայթակղության առաջ կանգնենք։ Եթե ուզում ենք նվիրված մնալ Եհովային և նրա Որդուն, պետք է հետևենք զգոն մնալու վերաբերյալ Հիսուսի տված խորհրդին։ Այս հոդվածը կօգնի մեզ այդ հարցում։ Նախ՝ կքննենք, թե հատկապես որ ոլորտներում պետք է զգոն լինենք։ Հետո՝ կտեսնենք, թե գայթակղության դեմ պայքարելիս ինչպես կարող ենք զգոն լինել։ Իսկ վերջում կխոսենք այն մասին, թե ինչ կարող ենք անել, որ չկորցնենք մեր զգոնությունը։

ԻՄԱՑԻՐ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԴ

4-5. Ինչո՞ւ է կարևոր, որ խուսափենք նույնիսկ թեթև մեղքերից։

4 Նույնիսկ համեմատաբար թեթև մեղքերը կարող են վնասել մեր մտերմությունը Եհովայի հետ։ Դրանք նաև կարող են հանգեցնել ավելի լուրջ մեղքերի։

5 Մեղք գործելու գայթակղությանը բոլորս ենք բախվում, բայց մեզանից ամեն մեկը ունի իր թուլությունները։ Ուստի կան բաներ, որ հատկապես մեր դեպքում կարող են մեզ սխալ արարքների դրդել։ Օրինակ՝ որևէ մեկը գուցե պայքարում է սեռական անբարոյություն գործելու գայթակղության դեմ։ Մեկ ուրիշը խիստ հակվածություն ունի տրվելու անմաքուր սովորություններին, ինչպիսիք են ձեռնաշարժությունը կամ պոռնկագրություն դիտելը։ Ուրիշներն էլ գուցե պայքարում են մարդավախության, հպարտության, բռնկուն բնավորության կամ որևէ այլ բանի դեմ։ Ինչպես Հակոբոսն է ասում, «ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով» (Հակ. 1։14

6. Ո՞ր հարցում պետք անկեղծ լինենք։

6 Իսկ դու գիտե՞ս, թե որոնք են քո թույլ կողմերը։ Իմաստուն չի լինի խաբել ինքներս մեզ՝ անտեսելով մեր թերությունները կամ եզրակացնելով, թե այնքան ուժեղ ենք, որ մեղք չենք գործի (1 Հովհ. 1։8)։ Պողոսն ասաց, որ նույնիսկ նրանք, ովքեր «հոգևոր որակներ ունեն», զգոն չլինելու պատճառով կարող են տրվել գայթակղությանը (Գաղ. 6։1)։ Մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ և լավ իմանանք, թե որ ոլորտներում ենք խոցելի (2 Կորնթ. 13։5

7. Ինչի՞ն պետք է հատուկ ուշադրություն դարձնենք։ Բեր օրինակ։

7 Իսկ ինչպե՞ս վարվենք, երբ իմանում ենք, թե որ ոլորտներում ենք հատկապես հակված տրվելու գայթակղությանը։ Մենք պետք է ամրացնենք գայթակղությանը դիմադրելու մեր կարողությունը։ Բերենք մի օրինակ։ Աստվածաշնչյան ժամանակներում ամենաշատը ուշադրություն էր դարձվում քաղաքի պարսպի դարպասների հսկողությանը, քանի որ այդ հատվածը ամենախոցելին էր։ Նմանապես մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այն ոլորտներին, որոնցում հատկապես խոցելի ենք (1 Կորնթ. 9։27

ԻՆՉՊԵ՞Ս ԶԳՈՆ ԼԻՆԵԼ

8-9. Առակներ 7-րդ գլխում նկարագրված երիտասարդը ինչպե՞ս կարող էր խուսափել լուրջ մեղք գործելուց (Առակներ 7։8, 9, 13, 14, 21

8 Ինչպե՞ս կարող ենք զգոն լինել։ Տեսնենք, թե ինչ ենք սովորում Առակներ 7-րդ գլխում նկարագրված երիտասարդի հետ տեղի ունեցածից, ով մի անառակ կնոջ հետ անբարոյություն գործեց։ 22-րդ համարում ասվում է. «Ահա նա արդեն գնում է կնոջ հետևից»։ Թվում է, թե նա շատ անսպասելի և արագ ընկավ ծուղակը։ Բայց նախորդ համարները ցույց են տալիս, որ այդ երիտասարդը այնպիսի քայլեր էր արել, որոնք աստիճանաբար էին նրան լուրջ մեղքի տարել։

9 Իսկ ի՞նչ քայլերի մասին է խոսքը։ Նախ՝ այդ երիտասարդը երեկոյան ժամի «անցնում էր.... փողոցի անկյան մոտով, որտեղ այդ [անբարո] կնոջ տունն էր»։ Հետո՝ նա սկսեց քայլել այդ կնոջ տան ուղղությամբ (կարդա Առակներ 7։8, 9)։ Այնուհետև, երբ տեսավ այդ կնոջը, իր ճանապարհը չփոխեց։ Փոխարենը թույլ տվեց, որ նա համբուրի իրեն, և լսեց նրան, երբ վերջինս պատմում էր, որ «խաղաղության զոհեր» է մատուցել։ Այդպիսով կինը թերևս փորձում էր տպավորություն ստեղծել, թե ինքը վատ մարդ չէ (կարդա Առակներ 7։13, 14, 21)։ Եթե երիտասարդը խուսափեր վերոնշյալ վտանգավոր քայլերից, զգոնություն դրսևորած կլիներ և չէր տրվի գայթակղությանը ու մեղք չէր գործի։

10. Ինչպե՞ս կարող է քրիստոնյան կրկնել այն սխալները, որ թույլ տվեց «Առակներ» գրքում նկարագրված երիտասարդը։

10 Այս արձանագրությունը ցույց է տալիս, թե ինչ կարող է պատահել յուրաքանչյուրիս։ Հնարավոր է՝ Եհովայի ծառան լուրջ մեղք գործի և հետո մտածի, թե ամեն բան անսպասելի եղավ։ Նա գուցե ասի. «Չհասկացա, թե դա ինչպես տեղի ունեցավ»։ Բայց եթե նա խորհի այն մասին, թե ինչ է իրականում կատարվել, գուցե նկատի, թե որ անխոհեմ քայլերն են իրեն մեղքի տարել։ Օրինակ՝ հնարավոր է՝ նա ընկել է վատ ընկերների ազդեցության տակ, զվարճության վնասակար ձևեր է ընտրել կամ էլ պարբերաբար այնպիսի վայրեր կամ կայքեր է այցելել, որոնք հարիր չեն քրիստոնյային։ Բացի այդ՝ նա թերևս դադարել է աղոթել, Աստվածաշունչ կարդալ, մասնակցել ժողովի հանդիպումներին և ծառայությանը։ Ինչպես «Առակներ» գրքում հիշատակված երիտասարդի պարագայում էր, այս դեպքում էլ կարող ենք ասել, որ ամենևին էլ անսպասելի չէր, որ այդ քրիստոնյան մեղք է գործել։

11. Մեղքի ծուղակը չընկնելու համար ինչի՞ց պետք է խուսափենք։

11 Ի՞նչ ենք սովորում։ Մենք պետք է խուսափենք ոչ միայն բուն մեղքից, այլ նաև դրան տանող քայլերից։ Երիտասարդի և անբարո կնոջ մասին պատմության վերջում Սողոմոնը հենց այս եզրահանգումն արեց։ Այդ անբարո կնոջը նկատի ունենալով՝ նա ասաց. «Նրա ճամփաներում մի՛ թափառիր» (Առակ. 7։25)։ Նա նույնիսկ ասաց. «Քո ճանապարհը նրանից հեռու պահիր և նրա տան մուտքին մի՛ մոտեցիր» (Առակ. 5։3, 8)։ Այո՛, մենք մեղք չենք գործի, եթե խուսափենք այնպիսի բաներից, որոնք կարող են մեզ մեղքի տանել։ b Սա նշանակում է խուսափել նաև այնպիսի իրավիճակներից ու գործերից, որոնք քրիստոնյաների համար ընդհանուր առմամբ սխալ չեն, սակայն անձամբ մեզ կարող են մեղքի դրդել (Մատթ. 5։29, 30

12. Ի՞նչ էր վճռել Հոբը, և դա ինչպե՞ս կօգներ նրան խուսափել գայթակղությունից (Հոբ 31։1

12 Մեղքի տանող իրավիճակներից խուսափելու համար մենք պետք է շատ վճռական լինենք։ Հենց այդպես վարվեց Հոբը։ Նա իր «աչքերի հետ ուխտ էր կապել», որ երբևէ ուրիշ կնոջ չնայեր այնպես, որ իր մեջ սեռական ցանկություններ արթնանային (կարդա Հոբ 31։1)։ Նման վճռականությունը կօգներ նրան հեռու մնալ անբարոյություն գործելուց։ Մենք նույնպես կարող ենք վճռել հեռու մնալ ցանկացած բանից, ինչը, հավանական է, մեզ գայթակղության առաջ կանգնեցնի։

13. Ինչո՞ւ պետք է պաշտպանենք մեր միտքը (տես նաև նկարները)։

13 Մենք պետք է պաշտպանենք նաև մեր միտքը (Ելք 20։17)։ Ոմանք կարծում են, թե սխալ բան չկա անպատշաճ ֆանտազիաներ ունենալու մեջ, կարևորը՝ չիրականացնես դրանք։ Բայց նման մտածելակերպը սխալ է։ Քանի որ շարունակ մտածելով սխալ բան անելու մասին՝ իրականում ուժգնացնում ես այդպես վարվելու ցանկությունդ։ Կարելի է ասել, որ այդպիսով ինքդ քեզ համար գայթակղություն ես ստեղծում, որի դեմ ստիպված ես պայքարել։ Ինչ խոսք, սխալ մտքեր երբեմն կունենանք, բայց կարևորն այն է, որ անմիջապես մերժենք դրանք և փոխարենը սկսենք լավ բաների մասին մտածել։ Եթե այդպես վարվենք, թույլ չենք տա, որ սխալ մտքերը ուժգին ցանկությունների վերածվեն, որոնց դեմ հետո դժվար կլինի պայքարել, և որոնք նույնիսկ կարող են լուրջ մեղքի տանել (Փիլիպ. 4։8; Կող. 3։2; Հակ. 1։13-15

Մենք պետք է խուսափենք ցանկացած բանից, որը կարող է մեզ գայթակղության առաջ կանգնեցնել (տես պարբերություն 13)


14. Ուրիշ ի՞նչը կօգնի մեզ, որ խուսափենք գայթակղությունից։

14 Ուրիշ ի՞նչ կարող ենք անել գայթակղությունից խուսափելու համար։ Մենք պետք է միանգամայն համոզված լինենք, որ Եհովայի օրենքներին հնազանդվելը միշտ մեր օգտին է ծառայում։ Ճիշտ է, երբեմն մեր մտքերն ու ցանկությունները Աստծու չափանիշներին համապատասխանեցնելը կարող է դժվար լինել, բայց այդպես վարվելով՝ ձեռք կբերենք մտքի խաղաղություն և կտեսնենք, որ արժեր ջանքեր ներդնել։

15. Ճիշտն անելու ցանկություն զարգացնելը ինչպե՞ս կարող է օգնել, որ չտրվենք գայթակղությանը։

15 Մենք պետք է ճիշտն անելու ցանկություն զարգացնենք։ Եթե սովորենք «ատել չարը և սիրել բարին», կամրացնենք մեր վճռականությունը անելու այն, ինչը ճիշտ է, և կխուսափենք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են մեզ մեղքի տանել (Ամոս 5։15)։ Ճիշտն անելու ցանկությունը կօգնի նաև, որ վճռականորեն գործենք, երբ կանգնենք այնպիսի գայթակղության առաջ, որը չէինք կարող կանխատեսել կամ կանխել։

16. Հոգևոր գործերով զբաղված լինելը ինչպե՞ս է օգնում մեզ զգոն լինել (տես նաև նկարները)։

16 Իսկ ինչպե՞ս կարող ենք ճիշտն անելու ցանկություն զարգացնել։ Դրա համար անհրաժեշտ է հնարավորինս ներգրավված լինել հոգևոր գործերում։ Երբ մասնակցում ենք ժողովի հանդիպումներին կամ քարոզչական ծառայությանը, ամրացնում ենք Եհովային հաճեցնելու մեր ցանկությունը և նվազեցնում ենք սխալ անելու հավանականությունը (Մատթ. 28։19, 20; Եբր. 10։24, 25)։ Աստծու Խոսքը կարդալով և ուսումնասիրելով, ինչպես նաև դրա շուրջ խորհրդածելով՝ մենք սկսում ենք ավելի շատ սիրել այն, ինչը բարի է, և ավելի շատ ատել այն, ինչը չար է (Հեսու 1։8; Սաղ. 1։2, 3; 119։97, 101)։ Հիշենք, թե Հիսուսն ինչ ասաց իր աշակերտներին. «Շարունակ աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26։41)։ Երբ ժամանակ ենք հատկացնում, որ աղոթենք մեր երկնային Հորը, նրան հնարավորություն ենք տալիս օգնելու մեզ և ամրացնում ենք նրան հաճեցնելու մեր վճռականությունը (Հակ. 4։8

Հոգևոր լավ սովորությունները զորացնում են մեզ, որ չտրվենք գայթակղություններին (տես պարբերություն 16) c


ԶԳՈՆ ՄՆԱ

17. Պետրոսի ո՞ր թուլությունն էր ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնում։

17 Մեզ գուցե հաջողվի ամբողջությամբ ձերբազատվել որոշ անկատար հակումներից, բայց հնարավոր է՝ լինեն թուլություններ, որոնց դեմ մենք պետք է շարունակ պայքարենք։ Հիշենք Պետրոս առաքյալին։ Ինչպես գիտենք, մարդավախության պատճառով նա երեք անգամ ուրացավ Հիսուսին (Մատթ. 26։69-75)։ Հետագայում, երբ Պետրոսը քաջությամբ խոսեց Սինեդրիոնի առաջ, հավանաբար հաղթահարել էր մարդավախությունը (Գործ. 5։27-29)։ Բայց մի քանի տարի անց նա, «վախենալով թլփատվածներից», որոշ ժամանակ հաց չկերավ այլազգի քրիստոնյաների հետ (Գաղ. 2։11, 12)։ Մարդավախությունը կրկին գլուխ էր բարձրացրել։ Թերևս Պետրոսը երբեք էլ ամբողջությամբ չհաղթահարեց այն։

18. Նույնիսկ եթե կարծում ենք, թե հաղթահարել ենք որոշ սխալ հակումներ, ի՞նչ պետք է անենք։

18 Մենք էլ գուցե հայտնվենք նմանատիպ իրավիճակում։ Ինչպե՞ս։ Որոշ սխալ հակումներ, որոնք թվում է, թե հաղթահարել ենք, գուցե նորից գլուխ բարձրացնեն։ Մի եղբայր ասում է. «Արդեն տասը տարի էր, ինչ հաղթահարել էի պոռնկագրություն դիտելու սովորությունը և վստահ էի, որ այլևս նման խնդիր չեմ ունենա։ Բայց այն գազանի նման դարան էր մտել, որ հարմար պահի հարձակվեր ինձ վրա»։ Եղբայրը չհանձնվեց, ինչը շատ գովելի է։ Նա հասկացավ, որ այս համակարգում գրեթե ամեն օր պետք է ջանքեր գործադրի, որ պայքարի այդ չարիքի դեմ։ Իր կնոջ և ժողովի երեցների աջակցությամբ նա ավելի խիստ քայլեր ձեռնարկեց, որ դիմակայի պոռնկագրություն դիտելու հակմանը։

19. Ինչպե՞ս կարող ենք դիմադրել սխալ անելու հակմանը։

19 Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի չտրվենք սխալ հակմանը։ Դրա համար լավ կլինի՝ ուշադրություն դարձնենք Հիսուսի հետևյալ խորհրդին. «Արթո՛ւն մնացեք»։ Նույնիսկ այն պահերին, երբ քեզ ուժեղ ես զգում, շարունակիր հեռու մնալ այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են քեզ գայթակղության առաջ կանգնեցնել (1 Կորնթ. 10։12)։ Շարունակ կիրառիր այն մեթոդները, որոնց օգնությամբ հաջողության ես հասել այդ պայքարում։ Առակներ 28։14-ում ասվում է. «Երջանիկ է այն մարդը, ով միշտ զգույշ է, որ սխալ բան չանի» («Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ., անգլ.; 2 Պետ. 3։14

ԶԳՈՆ ՄՆԱԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

20-21. ա) Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե պայքարենք գայթակղությունների դեմ։ բ) Եթե մենք մեր բաժինն անենք, ի՞նչ կանի Եհովան (2 Կորնթացիներ 4։7

20 Գայթակղություններից հեռու մնալու համար անկասկած արժե ջանքեր թափել։ Մեղք գործելը գուցե մեզ «ժամանակավոր հաճույք» պատճառի, մինչդեռ Եհովայի չափանիշներով ապրելը իսկական երջանկություն կբերի (Եբր. 11։25; Սաղ. 19։8)։ Չէ՞ որ Եհովան մեզ այնպես է ստեղծել, որ իր սահմանած չափանիշներով ապրենք (Ծննդ. 1։27)։ Եթե այդպես վարվենք, մաքուր խիղճ կունենանք և չենք կորցնի հավիտենական կյանքի հեռանկարը (1 Տիմոթ. 6։12; 2 Տիմոթ. 1։3; Հուդա 20, 21

21 Ճիշտ է, «մարմինը տկար է», բայց դա չի նշանակում, որ մենք անհույս վիճակում ենք։ Եհովան պատրաստ է մեզ տալ անհրաժեշտ զորությունը (կարդա 2 Կորնթացիներ 4։7)։ Նկատի առնենք, սակայն, որ նա սովորականին գերազանցող ուժ է տալիս։ Իսկ մեր սովորական ուժի սահմաններում ամեն բան անելը, այսինքն՝ գայթակղությանը դիմադրելու համար ամեն օր ջանքեր թափելը, մեր պատասխանատվությունն է։ Եթե մենք մեր ձեռքից եկածն անենք, կարող ենք վստահ լինել, որ երբ հավելյալ ուժի կարիք ունենանք, Եհովան կտա մեզ անհրաժեշտ զորությունը, երբ խնդրենք նրանից (1 Կորնթ. 10։13)։ Այո՛, Եհովայի օգնությամբ մենք կարող ենք շարունակ զգոն լինել և դիմակայել գայթակղություններին։

ԵՐԳ 47 Եհովային ամեն օր աղոթիր

a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հիսուսը Մատթեոս 26։41-ում «ոգի» ասելով՝ նկատի ուներ ճիշտն անելու մեր պատրաստակամությունը։ Իսկ «մարմին» ասելով՝ նա ընդգծեց այն միտքը, որ որպես անկատար և մեղավոր մարդիկ՝ մենք հաճախ սխալ բաներ ենք մտածում և անում։ Ուստի անգամ երբ ուզում ենք ճիշտն անել, եթե զգույշ չլինենք, գուցե տրվենք մեր անկատար հակումներին։

c ՆԿԱՐ։ Եղբայրը առավոտյան ընթերցում է օրվա խոսքը, ճաշի ժամին կարդում է Աստվածաշունչը, իսկ երեկոյան ներկա է միջշաբաթյա հանդիպմանը։