Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 30

ԵՐԳ 36 Պահպանենք մեր սիրտը

Սովորենք Իսրայելի թագավորների օրինակից

Սովորենք Իսրայելի թագավորների օրինակից

«Դուք կրկին կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը» (ՄԱՂ. 3։18

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչի՞ հիման վրա էր Եհովան Իսրայելի թագավորներին հավատարիմ համարում կամ ոչ, և դա իմանալը ինչպե՞ս է օգնում հասկանալ, թե ինչ է նա ակնկալում իր ծառաներից այսօր։

1-2. Աստվածաշնչում ի՞նչ է ասվում Իսրայելի որոշ թագավորների մասին։

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ Իսրայելի ավելի քան 40 թագավորի անուն է հիշատակում։ a Այնտեղ անկեղծորեն նշվում է, թե նրանցից ոմանք ինչ գործեր են արել։ Նույնիսկ լավ թագավորները երբեմն վատ բաներ են արել։ Նրանցից էր Դավիթը։ Եհովան նրա մասին ասաց. «Իմ ծառա Դավիթը.... ամբողջ սրտով հետևեց ինձ՝ անելով միայն այն, ինչը ճիշտ է իմ աչքում» (1 Թագ. 14։8)։ Եհովան Դավթի մասին այսպիսի կարծիք ուներ, չնայած վերջինս անբարոյություն էր գործել ամուսնացած մի կնոջ հետ և հետո կազմակերպել էր նրա ամուսնու սպանությունը (2 Սամ. 11։4, 14, 15

2 Աստվածաշնչում նաև նշվում է, որ անհավատարիմ շատ թագավորներ որոշ լավ բաներ են արել։ Նրանցից էր Ռոբովամը։ Եհովայի աչքում «նա չարիք գործեց» (2 Տար. 12։14)։ Սակայն Ռոբովամը լավ բաներ էլ արեց։ Օրինակ՝ Եհովային հնազանդվելով՝ չպատերազմեց Իսրայելի տասցեղ թագավորության դեմ և թույլ տվեց, որ այնտեղ այլ թագավոր ընտրվի։ Ռոբովամը նաև պաշտպանեց իր ազգին՝ ամրացնելով Իսրայելի քաղաքները (1 Թագ. 12։21-24; 2 Տար. 11։5-12

3. Ի՞նչ կարևոր հարց է ծագում, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Մի կարևոր հարց է ծագում. «Եթե Իսրայելի բոլոր թագավորներն էլ թե՛ լավ, թե՛ վատ գործեր են արել, ապա ինչի՞ հիման վրա է Եհովան նրանց հավատարիմ կամ անհավատարիմ համարել»։ Այս հարցի պատասխանը կօգնի մեզ հասկանալ, թե ինչ է Եհովան ակնկալում մեզանից։ Կքննենք երեք գործոն, որոնք Եհովան ակներևաբար հաշվի է առել Իսրայելի թագավորների առնչությամբ՝ նրանց սրտի վիճակը, զղջումը և ճշմարիտ երկրպագությանը կառչած լինելը։

ՆՐԱՆՑ ՍԻՐՏԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ ԷՐ

4. Ո՞րն էր հավատարիմ թագավորների և անհավատարիմ թագավորների միջև եղած տարբերություններից մեկը։

4 Եհովայի հաճությունը վայելող թագավորները պաշտում էին նրան ամբողջ սրտով։ b Նրանցից էր Հովսափատ թագավորը, ով «ամբողջ սրտով Եհովային էր փնտրում» (2 Տար. 22։9)։ Հովսիայի մասին էլ Աստվածաշունչը հետևյալն է ասում. «Նրանից առաջ նման թագավոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով.... դեպի Եհովան դառնար» (2 Թագ. 23։25)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել Սողոմոնի մասին, ով իր կյանքի վերջում վատ գործեր արեց։ «Նրա սիրտն արդեն ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր» (1 Թագ. 11։4)։ Մեկ այլ անհավատարիմ թագավորի՝ Աբիամի մասին Աստվածաշունչն ասում է. «Նրա սիրտը ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր» (1 Թագ. 15։3

5. Բացատրիր, թե ինչ է նշանակում ծառայել Եհովային ամբողջ սրտով։

5 Այդ դեպքում ի՞նչ է նշանակում ծառայել Եհովային ամբողջ սրտով։ Այն անհատը, ում սիրտը ամբողջությամբ Եհովայի հետ է, նրան մեխանիկորեն չի պաշտում։ Նա ծառայում է Աստծուն՝ սիրուց և նվիրվածությունից մղված, և դա անում է իր ողջ կյանքի ընթացքում։

6. Ինչպե՞ս կարող ենք ամբողջ սրտով ծառայել Եհովային (Առակներ 4։23; Մատթեոս 5։29, 30

6 Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել հավատարիմ թագավորներին և ամբողջ սրտով ծառայել Եհովային։ Հեռու մնալով այն ամենից, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ մեզ վրա։ Օրինակ՝ մեր սիրտը կարող է կիսվել վնասակար ժամանցի, վատ ընկերակցության կամ նյութապաշտության հետևանքով։ Եթե նկատում ենք, որ որևէ բանի պատճառով Եհովայի հանդեպ մեր սերը սկսել է թուլանալ, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք (կարդա Առակներ 4։23; Մատթեոս 5։29, 30

7. Ինչո՞ւ է կարևոր խուսափել այն ամենից, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ մեզ վրա։

7 Մենք չպետք է թույլ տանք, որ մեր սիրտը կիսվի։ Եթե զգույշ չլինենք, գուցե խաբենք ինքներս մեզ՝ մտածելով, որ եթե ավելի շատ հոգևոր գործերով զբաղվենք, կարիք չի լինի մերժելու այն բաները, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ մեզ վրա։ Բայց պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Դու դրսում ես, և շատ ցուրտ ու քամոտ եղանակ է։ Տուն հասնելուն պես դու միացնում ես ջեռուցումը, բայց ի՞նչ ես կարծում՝ որքա՞ն օգուտ կտա քեզ այդ ջեռուցումը, եթե տան դուռը բաց թողնես։ Սառը օդը արագորեն կներթափանցի տուն։ Ի՞նչ է ցույց տալիս այս օրինակը։ Մենք չպետք է սահմանափակվենք միայն հոգևորապես սնվելով, ինչը ջերմացնում է Եհովայի հետ մեր հարաբերությունները։ Մենք պետք է նաև փակենք մեր սրտի դուռը այն ամենի առջև, ինչը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մեզ վրա, որպեսզի այս աշխարհի սառը օդը, կամ՝ Աստծուն տհաճ մտածելակերպը չներթափանցի ներս և չկիսի մեր սիրտը (Եփես. 2։2

ՆՐԱՆՔ ԶՂՋԱՑԻՆ ԻՐԵՆՑ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ

8-9. Դավիթ և Եզեկիա թագավորները ինչպե՞ս արձագանքեցին, երբ նրանց խրատեցին (տես նկարը)։

8 Ինչպես արդեն նշեցինք, Դավիթ թագավորը լուրջ մեղք էր գործել։ Բայց երբ Նաթան մարգարեն ասաց Դավթին, թե ինչ է Եհովան մտածում նրա արարքի մասին, Դավիթը խոնարհաբար զղջաց (2 Սամ. 12։13)։ 51-րդ սաղմոսում գրված Դավթի խոսքերից տեսնում ենք, որ նա անկեղծորեն էր զղջացել։ Նա չէր ձևացնում, թե ափսոսում է իր արածի համար, որպեսզի խաբի Նաթանին կամ խուսափի պատժից (Սաղ. 51։3, 4, 17; ենթախորագիր

9 Եզեկիա թագավորը նույնպես մեղք էր գործել Եհովայի դեմ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նրա սիրտը հպարտացավ, և այդ պատճառով Աստծու բարկությունը բորբոքվեց նրա դեմ, Հուդայի և Երուսաղեմի դեմ» (2 Տար. 32։25)։ Ինչո՞ւ էր Եզեկիան հպարտացել։ Թերևս նա սկսել էր իրեն ավելի բարձր դասել ուրիշներից, քանի որ մեծ հարստություն ուներ, հաղթանակ էր տարել ասորեստանցիների դեմ և հրաշքով բուժվել էր մահացու հիվանդությունից։ Գուցե հենց հպարտությունն էր պատճառը, որ նա իր հարստությունը ցույց տվեց բաբելոնացիներին, ինչի համար էլ Եսայիա մարգարեն խրատեց նրան (2 Թագ. 20։12-18)։ Բայց Դավթի պես Եզեկիան խոնարհաբար զղջաց (2 Տար. 32։26)։ Արդյունքում Եհովան նրան հավատարիմ թագավոր համարեց, ով «արեց այն, ինչը ճիշտ էր» (2 Թագ. 18։3

Դավիթ և Եզեկիա թագավորները խոնարհաբար զղջացին, երբ իրենց գործած մեղքերի համար խրատ ստացան (տես պարբերություն 8-9)


10. Ամասիա թագավորը ինչպե՞ս արձագանքեց, երբ Եհովայի մարգարեն խրատեց նրան։

10 Ի տարբերություն նրանց՝ Հուդայի Ամասիա թագավորը արեց այն, ինչ ճիշտ էր, «թեպետ ոչ ամբողջ սրտով» (2 Տար. 25։2)։ Ինչո՞ւմ նա թերացավ։ Եդոմացիներին Եհովայի օգնությամբ հաղթելուց հետո Ամասիան սկսեց խոնարհվել նրանց աստվածների առաջ։ c Եվ երբ Եհովայի մարգարեն խրատեց նրան, թագավորը համառորեն մերժեց նրա խորհուրդը (2 Տար. 25։14-16

11. 2 Կորնթացիներ 7։9, 11 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է անենք, որ ներում ստանանք (տես նաև նկարները)։

11 Ի՞նչ ենք սովորում այս օրինակներից։ Մենք պետք է զղջանք մեր մեղքերի համար և ամեն կերպ ձգտենք չկրկնել դրանք։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվենք, երբ ժողովի երեցները խորհուրդ են տալիս մեզ, նույնիսկ եթե կարծում ենք, որ դա այնքան էլ կարևոր հարց չէ։ Մենք չպետք է մտածենք, թե Եհովան այլևս չի սիրում մեզ, կամ երեցները տրամադրված են մեր դեմ։ Անգամ Իսրայելի լավ թագավորները խորհրդի և խրատի կարիք ունեին (Եբր. 12։6)։ Ուստի կարող ենք ասել, որ երբ երեցները փորձում են ուղղել մեզ, մենք պետք է՝ 1) խոնարհաբար ընդունենք խրատը, 2) կատարենք անհրաժեշտ փոփոխությունները և 3) շարունակենք ամբողջ սրտով ծառայել Եհովային։ Եթե զղջանք, Եհովան կների մեզ (կարդա 2 Կորնթացիներ 7։9, 11

Երբ խրատ ենք ստանում պետք է՝ 1) խոնարհաբար ընդունենք այն, 2) կատարենք անհրաժեշտ փոփոխությունները և 3) շարունակենք ամբողջ սրտով ծառայել Եհովային (տես պարբերություն 11) f


ՆՐԱՆՔ ԿԱՌՉԱԾ ՄՆԱՑԻՆ ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆԸ

12. Հիմնականում ո՞րն էր հավատարիմ և անհավատարիմ թագավորների տարբերությունը։

12 Այն թագավորները, ում Եհովան հավատարիմ էր համարում, կառչած էին ճշմարիտ երկրպագությանը և հորդորում էին իրենց հպատակներին նույնն անել։ Ինչպես տեսանք, այդ թագավորները սխալներ թույլ տալիս էին, բայց նրանք բացարձակապես նվիրված էին Եհովային և եռանդորեն պայքարում էին երկիրը կռապաշտությունից մաքրելու համար։ d

13. Ինչո՞ւ Եհովան Աքաաբ թագավորին անհավատարիմ համարեց։

13 Իսկ ի՞նչ կարող ենք ասել այն թագավորների մասին, ում Եհովան անհավատարիմ է համարել։ Ինչ խոսք, նրանց արած բոլոր բաները չէ, որ վատն էին։ Նույնիսկ չար Աքաաբ թագավորը որոշ չափով խոնարհություն դրսևորեց և ափսոսաց, որ իր պատճառով Նաբովթին սպանել են (1 Թագ. 21։27-29)։ Նա նաև քաղաքներ կառուցեց և հաղթանակներ տարավ Իսրայելի թշնամիների դեմ (1 Թագ. 20։21, 29; 22։39)։ Բայց Աքաաբը հայտնի էր նրանով, որ, իր կնոջ դրդմամբ, կեղծ երկրպագությունն էր առաջ տանում երկրում։ Սրա համար նա երբեք չզղջաց (1 Թագ. 21։25, 26

14. ա) Ինչո՞ւ Եհովան Ռոբովամ թագավորին անհավատարիմ համարեց։ բ) Ի՞նչն էր բնորոշ անհավատարիմ թագավորներին։

14 Քննենք մեկ այլ անհավատարիմ թագավորի՝ Ռոբովամի օրինակը։ Ինչպես արդեն նշեցինք, իր իշխանության ընթացքում նա բազմաթիվ լավ բաներ արեց։ Բայց երբ նրա թագավորությունը ամրացավ, նա թողեց Եհովայի օրենքը և կեղծ աստվածների պաշտեց (2 Տար. 12։1)։ Դրանից հետո նա մե՛կ Եհովային էր պաշտում, մե՛կ կեղծ աստվածների (1 Թագ. 14։21-24)։ Ռոբովամն ու Աքաաբը միակ թագավորները չէին, որ շեղվեցին ճշմարիտ երկրպագությունից։ Իրականում, անհավատարիմ թագավորների մեծամասնությունը այս կամ այն կերպով նպաստել է կեղծ երկրպագության առաջխաղացմանը։ Հստակ է, որ Եհովայի համար ճշմարիտ երկրպագությանը կառչած լինելը որոշիչ դեր էր խաղում այն հարցում, թե արդյոք նա տվյալ թագավորին հավատարիմ կհամարեր, թե ոչ։

15. Ինչո՞ւ է Եհովայի համար կարևոր, որ իր ծառաները կառչած լինեն ճշմարիտ երկրպագությանը։

15 Ինչո՞ւ էր երկրպագության հարցը այդքան կարևոր Եհովայի համար։ Նախ՝ այն պատճառով, որ թագավորների պատասխանատվությունն էր առաջնորդել Աստծու ժողովրդին ճշմարիտ երկրպագության հարցում։ Բացի այդ՝ կեղծ երկրպագությունը անխուսափելիորեն պատճառ է դառնում, որ անհատը այլ լուրջ մեղքեր էլ գործի և ուրիշների հետ անարդարացիորեն վարվի (Օս. 4։1, 2)։ Հիշենք նաև, որ թագավորները և նրանց հպատակները նվիրված էին Եհովային, ուստի Աստվածաշունչը կեղծ երկրպագության մեջ նրանց ներգրավված լինելը համեմատում է ամուսնական դավաճանության հետ (Երեմ. 3։8, 9)։ Ամուսնական դավաճանության դեպքում մարդը մեղք է գործում իր կողակցի դեմ՝ անասելի ցավ պատճառելով նրան։ Նմանապես Եհովային նվիրված անհատը, կեղծ երկրպագության մեջ ներգրավվելով, մեղք է գործում նրա դեմ և մեծ ցավ պատճառում նրան (2 Օրենք 4։23, 24 e

16. Եհովայի տեսանկյունից ինչո՞վ է լավ մարդը տարբերվում վատ մարդուց։

16 Ի՞նչ ենք սովորում։ Անշուշտ, մենք պետք է վճռենք հեռու մնալ կեղծ երկրպագությունից։ Բայց դա բավական չէ. մենք պետք է նաև կառչած մնանք ճշմարիտ երկրպագությանը և ակտիվ լինենք Եհովային ծառայելու հարցում։ Մաղաքիա մարգարեն հստակ նշել է, թե Եհովայի տեսանկյունից ինչով է լավ մարդը տարբերվում վատ մարդուց։ Նա գրել է. «Դուք կրկին կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը» (Մաղ. 3։18)։ Ուստի մենք չպետք է թույլ տանք, որ որևէ բան, անգամ մեր անկատար հակումներն ու սխալները այն աստիճան թևաթափ անեն մեզ, որ դադարենք ծառայել Աստծուն, ինչը ինքնին լուրջ մեղք է։

17. Կողակցի ընտրությունը ինչպե՞ս գուցե ազդի Եհովայի հանդեպ մեր նվիրվածության վրա։

17 Եթե ամուրի ես և ամուսնանալու նպատակ ունես, Աստծուն ծառայելու վերաբերյալ Մաղաքիայի խոսքերը կարող են օգնել քեզ, որ ճիշտ ընտրություն անես։ Եթե անհատը չի ծառայում Եհովային, մի՞թե կարող է արդար համարվել Եհովայի աչքում, նույնիսկ եթե որոշ լավ հատկություններ ունի (2 Կորնթ. 6։14)։ Կարող ես մտածել հետևյալ հարցի մասին. «Նրա հետ ամուսնությունը որևէ կերպ կնպաստի՞, որ հավատարիմ մնամ Եհովային»։ Նկատի առ, որ Սողոմոն թագավորի հեթանոս կանայք, հնարավոր է, որոշ լավ հատկությունն ունեին։ Բայց նրանք չէին երկրպագում Եհովային և աստիճանաբար Սողոմոնի սիրտը ուղղեցին դեպի կեղծ երկրպագությունը (1 Թագ. 11։1, 4

18. Ի՞նչ պետք է ծնողները սովորեցնեն իրենց երեխաներին։

18 Ծնողնե՛ր, դուք կարող եք Իսրայելի թագավորների մասին աստվածաշնչյան արձանագրությունների միջոցով ձեր երեխաների մեջ Եհովային ծառայելու ուժգին ցանկություն արթնացնել։ Օգնեք նրանց հասկանալ, որ Եհովան տվյալ թագավորին լավը կամ վատն էր համարում՝ գլխավորապես հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք նա առաջ էր տանում ճշմարիտ երկրպագությունը։ Ձեր խոսքով ու անձնական օրինակով սովորեցրեք երեխաներին, որ հոգևոր բաները, ինչպիսիք են Աստվածաշունչ ուսումնասիրելը, ժողովի հանդիպումներին ներկա լինելը և քարոզչական ծառայությանը մասնակցելը, ամենակարևոր բաներն են կյանքում (Մատթ. 6։33)։ Հակառակ դեպքում երեխաները գուցե գան այն եզրահանգման, որ իրենք Եհովայի վկա են զուտ այն պատճառով, որ իրենց ծնողներն են Եհովայի վկա։ Եթե այդպես լինի, հնարավոր է՝ նրանք ճշմարիտ երկրպագությունը առաջնային չհամարեն կամ առհասարակ թողնեն այն։

19. Ի՞նչ հույս կա նրանց համար, ովքեր հեռացել են Եհովայից (տես նաև « Դու կարող ես վերադառնալ Եհովայի մոտ» շրջանակը)։

19 Արդյո՞ք Եհովայից հեռացած անհատը էլ երբեք չի կարող վերադառնալ նրա մոտ։ Ո՛չ, նա հնարավորություն ունի զղջալու և նորից պաշտելու Եհովային։ Դա անելու համար նա մի կողմ պետք է դնի հպարտությունը և ընդունի ժողովի երեցների օգնությունը (Հակ. 5։14)։ Նորից Եհովայի ընկերը լինելու համար արժե ամեն ջանք թափել։

20. Եթե ընդօրինակենք հավատարիմ թագավորներին, Եհովան ի՞նչ կարծիք կունենա մեր մասին։

20 Այսպիսով՝ ի՞նչ սովորեցինք Իսրայելի թագավորների օրինակից։ Հավատարիմ թագավորների նման մենք կարող ենք պահպանել մեր սիրտը, որպեսզի այն ամբողջությամբ Եհովային նվիրված լինի։ Եկեք սովորենք մեր սխալներից, զղջանք, կատարենք անհրաժեշտ փոփոխությունները և չմոռանանք միակ ու ճշմարիտ Աստծու երկրպագությանը կառչած մնալու կարևորության մասին։ Եթե հավատարիմ մնաս Եհովային, նա քեզ էլ կհամարի մեկը, ով անում է այն, ինչ ճիշտ է իր աչքում։

ԵՐԳ 45 Սրտիս խորհրդածությունը

a Այս հոդվածում «Իսրայելի թագավորներ» արտահայտությունը վերաբերում է այն բոլոր թագավորներին, ովքեր իշխել են Եհովայի ժողովրդի վրա՝ թե՛ Հուդայի երկցեղ թագավորության, թե՛ Իսրայելի տասցեղ թագավորության և թե՛ բոլոր 12 ցեղերի։

b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչում «սիրտ» բառը հաճախ վերաբերում է մարդու ներքին էությանը։ Այն ընդգրկում է նրա ցանկությունները, մտքերը, տրամադրվածությունը, մտածելակերպը, ունակությունները, մղումներն ու նպատակները։

c Ակներևաբար, հեթանոս թագավորները սովորություն ունեին պաշտելու այն ազգերի աստվածներին, որոնց հաղթում էին։

d Ասա թագավորը լուրջ մեղքեր գործեց (2 Տար. 16։7, 10)։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը նրան դրական լույսի ներքո է ներկայացնում։ Թեև նա սկզբում մերժեց խրատը, բայց հետագայում թերևս զղջաց։ Եհովան նրա մեջ ավելի շատ լավ բաներ տեսավ, քան վատ։ Հատկանշական է, որ Ասան պաշտեց միայն Եհովային և ամեն ինչ արեց, որ իր թագավորությունից վերացնի կռապաշտությունը (1 Թագ. 15։11-13; 2 Տար. 14։2-5

e Մովսիսական օրենքի առաջին երկու պատվիրանները արգելում էին պաշտել Եհովայից բացի ուրիշ որևէ մեկի կամ ինչ-որ բանի (Ելք 20։1-6

f ՆԿԱՐ։ Երիտասարդ երեցը իր մտահոգությունն է հայտնում եղբորը ալկոհոլ խմելու նրա սովորության հետ կապված։ Եղբայրը խոնարհաբար ընդունում է խորհուրդը, անհրաժեշտ փոփոխություններ անում և շարունակում հավատարմորեն ծառայել Եհովային։