Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թույլ մի՛ տուր, որ ուրիշի սխալները գայթակղություն լինեն քեզ համար

Թույլ մի՛ տուր, որ ուրիշի սխալները գայթակղություն լինեն քեզ համար

«Շարունակեք.... մեծահոգաբար ներել միմյանց» (ԿՈՂ. 3։13)։

ԵՐԳ 121, 75

1, 2. Ի՞նչ է Աստվածաշունչը հայտնել Եհովայի ժողովրդի աճի մասին։

ԵՀՈՎԱՅԻ հավատարիմ ծառաները՝ նրա վկաները, առանձնահատուկ կազմակերպություն են կազմում։ Այդ կազմակերպությունը բաղկացած է անկատար մարդկանցից, ովքեր թերություններ ունեն։ Սակայն Աստծու սուրբ ոգու առաջնորդությամբ այս համաշխարհային ժողովը էլ ավելի է մեծանում և բարգավաճում։ Տեսնենք՝ ինչ հրաշալի կերպերով է Եհովան օրհնել թեպետ անկատար, բայց պատրաստակամ ոգի ունեցող այս մարդկանց։

2 Երբ 1914 թ.-ին սկսվեցին ներկա համակարգի վերջին օրերը, երկրի վրա Աստծու ծառաները թվով շատ քիչ էին։ Սակայն Եհովան օրհնեց նրանց քարոզչական գործը։ Հաջորդ տասնամյակների ընթացքում միլիոնավոր մարդիկ լսեցին Աստվածաշնչի ճշմարտությունը և դարձան Եհովայի վկաներ։ Եհովան, այս ակնառու աճը նկատի ունենալով, ասել էր. «Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին» (Ես. 60։22)։ Այս մարգարեությունը իսկապես որ կատարվում է վերջին օրերում։ Աստծու ժողովուրդը այնքան է շատացել, որ թվով գերազանցում է բազմաթիվ առանձին երկրների բնակչությանը։

3. Ինչպե՞ս են Աստծու ծառաները սեր դրսևորել։

3 Այս վերջին օրերի ընթացքում Եհովան նաև օգնել է իր ժողովրդին ավելի մեծ սեր զարգացնել՝ իր գլխավոր հատկությունը (1 Հովհ. 4։8)։ Հիսուսը, ով ընդօրինակում էր Աստծու սերը, ասաց իր հետևորդներին. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար.... Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։34, 35)։ Եհովայի վկաները սեր են դրսևորել միմյանց հանդեպ, նույնիսկ երբ ազգերը միջամուխ են եղել պատերազմներում։ Օրինակ՝ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մոտ 55 միլիոն մարդ զոհվեց։ Սակայն Եհովայի վկաները չմասնակցեցին այդ համատարած սպանդին (կարդա Միքիա 4։1, 3)։ Դրա շնորհիվ նրանք մաքուր են մնացել «բոլոր մարդկանց արյունից» (Գործ. 20։26

4. Ինչո՞վ է առանձնահատուկ Եհովայի ժողովրդի աճը։

4 Աստծու ժողովրդի աճը տեղի է ունենում թշնամանքով լի աշխարհում, որի վրա, ինչպես Աստվածաշունչն է ասում, իշխում է Սատանան՝ «այս աշխարհի աստվածը» (2 Կորնթ. 4։4)։ Նա ղեկավարում է աշխարհի քաղաքական տարրերը և մասսայական լրատվական միջոցները։ Սակայն նա չի կարողանում կանգնեցնել բարի լուրի քարոզչությունը։ Այնուամենայնիվ, իմանալով, որ իրեն քիչ ժամանակ է մնացել, Սատանան փորձում է մարդկանց հեռացնել ճշմարիտ երկրպագությունից և իր նպատակին հասնելու համար տարբեր հնարքներ է գործի դնում (Հայտն. 12։12

ԵՐԲ ՓՈՐՁՎՈՒՄ Է ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

5. Ինչո՞ւ երբեմն ուրիշները գուցե վիրավորեն մեզ (տես հոդվածի սկզբի նկարը)։

5 Քրիստոնեական ժողովում մենք սովորում ենք, թե որքան կարևոր է սիրել Աստծուն և մերձավորին։ Հիսուսը, պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե որն է մեծագույն պատվիրանը, ասաց. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։ Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»» (Մատթ. 22։35–39)։ Սակայն Աստվածաշունչը նաև հայտնում է, որ Ադամի գործած մեղքի հետևանքով բոլորս անկատար ենք ծնվում (կարդա Հռոմեացիներ 5։12, 19)։ Հետևաբար, մեր հավատակիցները հնարավոր է երբեմն ասեն կամ անեն բաներ, որոնցով կվիրավորեն կամ գայթակղության պատճառ կլինեն մեզ համար։ Դրանով կարող է փորձվել Աստծու և նրա ժողովրդի հանդեպ մեր սերը։ Ինչպե՞ս կվարվենք նման իրավիճակում։ Աստծու վաղեմի հավատարիմ ծառաները նույնպես ասել են կամ արել բաներ, որոնք կարող էին վնասել ուրիշներին կամ գայթակղություն լինել։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանց օրինակից։

Եթե ապրեիր Իսրայելում Հեղիի և նրա որդիների օրերում, ինչպե՞ս կարձագանքեիր նրանց սխալներին (տես պարբերություն 6)

6. Ինչո՞ւմ էր թերանում Հեղին։

6 Հեղի քահանայապետը երկու որդի ուներ, որոնք Եհովայի օրենքները չէին պահում։ Նրանց մասին կարդում ենք. «Հեղիի որդիները անպիտան մարդիկ էին. նրանք չէին ընդունում Եհովային» (1 Սամ. 2։12)։ Թեպետ Հեղին ճշմարիտ երկրպագության մեջ մեծ դեր ուներ, սակայն նրա որդիները լուրջ մեղքեր էին գործում։ Նա գիտեր այդ մասին և պետք է որ հանդիմաներ նրանց, բայց թերանում էր այդ հարցում։ Արդյունքում Աստված «դատեց նրա տունը այդ հանցանքի համար» (1 Սամ. 3։10–14)։ Հեղիից առաջ եկած սերունդներին թույլ չէր տրվելու ծառայել որպես քահանայապետ։ Եթե ապրեիր այն օրերում, ինչպե՞ս կարձագանքեիր այն բանին, որ Հեղին հանդուրժում էր որդիների մեղքերը։ Թույլ կտայի՞ր, որ դա գայթակղություն դառնար քեզ համար և դադարեիր Աստծուն ծառայելուց։

7. Ի՞նչ լուրջ մեղք գործեց Դավիթը, և ինչպե՞ս վարվեց Աստված։

7 Եհովան սիրում էր Դավթին։ Նա Աստծու «սրտին հաճելի մարդ» էր (1 Սամ. 13։13, 14; Գործ. 13։22)։ Բայց հետագայում Դավիթը Բերսաբեի հետ շնություն գործեց, և Բերսաբեն հղիացավ։ Այդ ժամանակ նրա ամուսինը՝ Ուրիան, ռազմի դաշտում էր։ Երբ Ուրիան կարճ ժամանակով հետ եկավ, Դավիթը փորձեց այնպես անել, որ նա տուն գնա՝ հույս ունենալով, որ Բերսաբեի հետ հարաբերություն կունենա, և հետագայում կկարծեն, թե երեխայի հայրը Ուրիան է։ Սակայն Ուրիան տուն չգնաց, և Դավիթն այնպես արեց, որ նա պատերազմում զոհվի։ Դավիթը շատ թանկ վճարեց իր այս հանցանքի դիմաց. չարիքը չարիքի հետևից եկավ թե՛ իր, թե՛ իր ընտանիքի վրա (2 Սամ. 12։9–12)։ Այնուամենայնիվ, Աստված գթառատ եղավ նրա հանդեպ, քանի որ նա գրեթե ողջ կյանքում «անարատ սրտով» քայլեց Եհովայի առաջ (1 Թագ. 9։4)։ Եթե ապրեիր այդ ժամանակներում, ինչպե՞ս կվարվեիր։ Դավթի գործած մեղքերը գայթակղություն կլինեի՞ն քեզ համար։

8. ա) Ինչպե՞ս Պետրոս առաքյալը չպահեց իր խոսքը։ բ) Ինչո՞ւ Եհովան շարունակեց վստահել Պետրոսին։

8 Աստվածաշնչից քննենք նաև Պետրոսի օրինակը։ Հիսուսը ընտրեց նրան որպես առաքյալ։ Սակայն Պետրոսը երբեմն ասում էր և անում բաներ, որոնց համար հետագայում զղջում էր։ Օրինակ՝ ամենավճռորոշ պահին առաքյալները թողեցին Հիսուսին ու փախան։ Մինչ այդ Պետրոսը ասել էր, որ թեկուզ բոլորն էլ լքեն Տիրոջը, նա չի լքի (Մարկ. 14։27–31, 50)։ Սակայն երբ Հիսուսին ձերբակալեցին, բոլոր առաքյալները փախան, այդ թվում նաև Պետրոսը։ Նա նույնիսկ մի քանի անգամ ուրացավ Հիսուսին՝ հերքելով, որ ճանաչում է նրան (Մարկ. 14։53, 54, 66–72)։ Սակայն նա խորապես զղջաց, և Եհովան ներեց ու շարունակեց վստահել նրան։ Եթե այդ ժամանակներում Հիսուսի աշակերտներից մեկը լինեիր, Պետրոսի պատճառով կթողնեի՞ր Եհովային։

9. Ինչո՞ւ ես վստահ, որ Եհովան միշտ է արդար։

9 Սրանք Եհովային ծառայող ընդամենը մի քանի մարդկանց օրինակներ էին, որոնց սխալները կարող էին գայթակղություն դառնալ ուրիշների համար։ Կարելի է երկար հիշատակել թե՛ անցյալում, թե՛ մեր օրերում տեղի ունեցած նման դեպքեր։ Եթե քեզ հետ նման բան պատահի, ինչպե՞ս կարձագանքես։ Թույլ կտա՞ս, որ ուրիշների սխալները գայթակղություն լինեն քեզ համար, այնպես, որ դադարես ժողովի հանդիպումներին գնալ և նույնիսկ թողնես Եհովային ու նրա ժողովրդին։ Թե՞ կընդունես, որ Եհովան գուցե ժամանակ է տալիս, որ սխալվողները զղջան։ Կվստահե՞ս նրան, որ արդար ձևով կլուծի բոլոր խնդիրները։ Սակայն լինում է այնպես, որ լուրջ մեղք գործած մարդիկ այդպես էլ չեն զղջում։ Նման դեպքերում կշարունակե՞ս վստահել Եհովային, որ նա ճիշտ ժամանակին կդատի մեղավորներին՝ թերևս հեռացնելով ժողովից։

ՆՎԻՐՎԱԾ ՄՆԱ

10. Ինչո՞ւ Հուդայի և Պետրոսի գործած մեղքերը չվնասեցին Հիսուսի և Եհովայի փոխհարաբերությունը։

10 Աստվածաշնչում կան նաև այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր, չնայած ուրիշների լուրջ սխալներին, նվիրված են մնացել Աստծուն ու նրա ժողովրդին։ Օրինակ՝ ամբողջ գիշեր Հիսուսը Հորն աղոթելուց և նրա առաջնորդությունը խնդրելուց հետո ընտրեց իր 12 առաքյալներին։ Հուդա Իսկարիովտացին էլ էր ընտրվածների մեջ, որը հետագայում մատնեց Հիսուսին։ Սակայն Հիսուսը թույլ չտվեց, որ Հուդայի մատնությունը և Պետրոսի ուրանալը վնասեն Հոր հետ ունեցած իր փոխհարաբերությունները (Ղուկ. 6։12–16; 22։2–6, 31, 32)։ Նա գիտեր, որ ո՛չ Եհովան, ո՛չ էլ ընդհանուր առմամբ նրա ժողովուրդը դրանում մեղավոր չէին։ Հիսուսը շարունակեց իր կարևոր ծառայությունը՝ չնայած իր հետևորդներից ոմանց պատճառած հիասթափությանը։ Եհովան վարձատրեց նրան՝ հարություն տալով և հետագայում երկնային Թագավորության Թագավոր դարձնելով (Մատթ. 28։7, 18–20

11. Աստվածաշնչում ի՞նչ է մարգարեացվել Եհովայի ներկայիս ծառաների մասին։

11 Հիսուսը հիմքեր ուներ վստահելու Եհովային ու նրա ժողովրդին։ Մենք նույնպես հիմքեր ունենք այդպես վարվելու։ Ինչ խոսք, հիացմունք է պատճառում այն ամենը, ինչ Եհովան անում է իր ծառաների միջոցով այս վերջին օրերում։ Ուրիշ ոչ մի ժողովուրդ աշխարհով մեկ չի քարոզում ճշմարտությունը, քանի որ Աստծու միասնական ծառաներից բացի ուրիշ ոչ ոք չունի նրա առաջնորդությունն ու աջակցությունը։ Եսայիա 65։14-ում նկարագրվում է Աստծու ժողովրդի հոգևոր վիճակը. «Իմ ծառաները սրտի բերկրանքից ուրախ կբացականչեն, իսկ դուք սրտի ցավից կաղաղակեք ու ոգու կսկիծից կոռնաք»։

12. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք ուրիշների սխալներին։

12 Եհովայի ժողովուրդը ուրախանում է այն բոլոր լավ գործերի համար, որ կարողանում է անել Եհովայի օգնությամբ։ Իսկ Սատանայի իշխանության տակ եղող աշխարհը հեծեծում է վատթարացող իրավիճակների պատճառով։ Անշուշտ, խելամիտ և արդարացի չի լինի Եհովայի ծառաներից մի քանիսի սխալների համար նրան ու նրա ողջ ժողովրդին մեղադրելը։ Մենք պետք է նվիրված մնանք Եհովային ու նրա առաջնորդությանը և սովորենք, թե ինչպես վերաբերվել ու արձագանքել ուրիշների սխալներին։

ԵՐԲ ՄԵԶ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՆ

13, 14. ա) Ինչո՞ւ պետք է համբերատար լինենք միմյանց հանդեպ։ բ) Ո՞ր խոստումը պետք է միշտ հիշենք։

13 Ինչպե՞ս արձագանքել այն դեպքերում, երբ Աստծու ծառաներից որևէ մեկը խոսքով կամ արարքով վիրավորում է մեզ։ Աստվածաշնչում մի հրաշալի սկզբունք կա, որն ասում է. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել, որովհետև հիմարներն են վիրավորանքը պահում իրենց ծոցում» (Ժող. 7։9)։ Մենք պետք է հիշենք, որ բոլորս գրեթե 6 000 տարով հեռացել ենք այն կատարելությունից, որ կար Եդեմի պարտեզում։ Անկատար մարդիկ հակված են սխալներ անելու։ Ուստի ճիշտ չի լինի ավելին ակնկալել մեր հավատակիցներից։ Մենք ուրախ ենք, որ այս վերջին օրերում Աստծու ժողովրդի մաս ենք կազմում։ Հետևաբար, չպետք է թույլ տանք, որ մյուսների թերությունները խլեն մեր այդ ուրախությունը։ Իսկ ամենամեծ սխալը կլինի այն, եթե դրանց պատճառով գայթակղվենք ու Եհովայի կազմակերպությունից հեռանանք։ Այդպես մենք կզրկվենք ոչ միայն Աստծու կամքն անելու առանձնաշնորհումից, այլև նոր աշխարհում ապրելու հույսից։

14 Մեր ուրախությունն ու հույսը ամուր պահելու համար միշտ հիշենք Եհովայի մխիթարական խոստումը. «Ահա ես նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծում, նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Ես. 65։17; 2 Պետ. 3։13)։ Երբեք թույլ մի՛ տուր, որ ուրիշների սխալները զրկեն քեզ այս օրհնություններից։

15. Հիսուսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ պետք է անենք, երբ մեզ վիրավորում են։

15 Սակայն, նախքան կապրենք նոր աշխարհում, մենք պետք է հաշվի առնենք, թե ինչպես է Աստված ուզում, որ վարվենք, երբ մեզ վիրավորում են։ Օրինակ՝ պետք է հիշենք Հիսուսի ասած հետևյալ սկզբունքը. «Եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների, բայց եթե չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների»։ Նաև հիշենք, որ երբ Պետրոսը հարցրեց Հիսուսին, թե քանի անգամ պետք է ների՝ «մինչև յո՞թ անգամ», Հիսուսը պատասխանեց. «Ասում եմ քեզ, ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ»։ Հստակ է ուրեմն, որ Հիսուսը նկատի ուներ, որ միշտ պետք է պատրաստ լինենք ներելու, այլ կերպ ասած՝ հակված լինենք ներելու (Մատթ. 6։14, 15; 18։21, 22

16. Ի՞նչ լավ օրինակ է թողել Հովսեփը։

16 Ուրիշների սխալներին ճիշտ արձագանքելու հարցում լավ օրինակ է թողել Հակոբի որդի Հովսեփը։ Նրա մայրը Ռաքելն էր, այդ պատճառով Հակոբը նրան մյուս որդիներից ավելի շատ էր սիրում։ Հովսեփի տասը եղբայրները նախանձում էին նրան, ուստի մի օր իրենց եղբորը վաճառեցին ստրկության։ Հովսեփին տարան Եգիպտոս, որտեղ տարիներ անց շնորհիվ իր լավ գործերի նա դարձավ փարավոնից հետո երկրի երկրորդ անձնավորությունը։ Երբ սկսեցին սովի տարիները, Հովսեփի եղբայրները եկան Եգիպտոս ուտելիք գնելու, բայց իրենց եղբորը չճանաչեցին։ Հովսեփը կարող էր օգտվել իր դիրքից և վրեժխնդիր լինել եղբայրներից։ Բայց այդպես վարվելու փոխարեն՝ ստուգեց, թե արդյոք զղջացել են իրենց արածի համար։ Եվ երբ տեսավ, որ նրանք իրոք փոխվել են, հայտնեց իր ով լինելը։ Հետագայում նրանց ասաց. «Մի՛ վախեցեք։ Ես ձեզ ու ձեր երեխաներին ուտելիքով կապահովեմ»։ Հովսեփը «մխիթարեց նրանց և իր խոսքերով վստահություն ներշնչեց» (Ծննդ. 50։21

17. Ինչպե՞ս կուզես վարվել, երբ տեսնես ուրիշների սխալները։

17 Իմաստուն կլինի նաև հիշել, որ անկատար լինելով՝ բոլորս էլ գուցե սխալվենք և ցավ պատճառենք միմյանց։ Երբ հասկանում ենք, որ ինչ-որ մեկին վիրավորել ենք, պետք է հետևենք Աստվածաշնչի խորհրդին. գնանք նրա մոտ և փորձենք հարթել խնդիրը (կարդա Մատթեոս 5։23, 24)։ Ինչ խոսք, մենք ուրախանում ենք, երբ ուրիշները անտեսում են մեր սխալները։ Ուստի մենք էլ պետք է նույնն անենք։ Կողոսացիներ 3։13-ը հորդորում է մեզ. «Շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք»։ Իսկ 1 Կորնթացիներ 13։5-ը ասում է, որ քրիստոնեական սերը «վիրավորանքները չի հաշվում»։ Եթե ներենք ուրիշներին, Եհովան էլ մեզ կների։ Ուրեմն, երբ տեսնում ենք ուրիշների սխալները, եկեք վարվենք այնպես, ինչպես վարվում է մեր գթառատ Հայրը մեզ հետ, երբ ինքներս ենք սխալվում (կարդա Սաղմոս 103։12–14