Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Իմ բոլոր նեղություններում Եհովան մխիթարեց ինձ

Իմ բոլոր նեղություններում Եհովան մխիթարեց ինձ

Ինդոս գետի արևմտյան ափին տարածվում է Սուկկուր քաղաքը։ Այժմ դա Պակիստանի տարածքն է։ Ես լույս աշխարհ եկա այդ քաղաքում 1929 թ. նոյեմբերի 9-ին։ Մոտավորապես այդ ժամանակ մի անգլիացի միսիոներ ծնողներիս գրքերի մի հավաքածու տվեց։ Դրանք հիմնված էին Աստվածաշնչի վրա։ Հետագայում դրանց շնորհիվ ընդունեցի ճշմարտությունը և դարձա Եհովայի վկա։

ԳՈՒՆԱՎԱՌ կազմեր ունեցող այդ գրքերը կոչվում էին ծիածանագույն հավաքածու։ Դրանց մեջ գեղեցիկ նկարներ կային, որոնք բոցավառում էին երևակայությունս։ Դրա շնորհիվ իմ մեջ փոքր տարիքից աստվածաշնչյան գիտելիքների ծարավ առաջացավ՝ այնպիսի գիտելիքների, ինչպիսիք կարող էի ստանալ՝ ուսումնասիրելով այդ հետաքրքրաշարժ գրքերը։

Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը սպառնում էր հասնել Հնդկաստան, մեր ընտանիքում մի բան տեղի ունեցավ, ինչի հետևանքով իմ աշխարհը փուլ եկավ։ Ծնողներս սկսեցին անջատ ապրել, իսկ հետո ամուսնալուծվեցին։ Չէի կարողանում հասկանալ, թե ինչու իմ այդքան սիրած երկու մարդիկ պետք է հեռանան միմյանցից։ Ես փշրված էի։ Լինելով ծնողներիս միակ զավակը՝ չգիտեի՝ որտեղից մխիթարություն և աջակցություն ստանամ, ինչի կարիքը շատ ունեի։ Ուստի ինձ լքված էի զգում։

Այդ ժամանակ ես ու մայրս ապրում էինք Կարաչի քաղաքում, որը նահանգի վարչական կենտրոնն էր։ Մի օր մեր դուռը թակեց Ֆրեդ Հարդեյքեր անունով մի տարեց մարդ, որը մասնագիտությամբ բժիշկ էր։ Նա Եհովայի վկա էր՝ նույն կրոնից, ինչ այն միսիոները, ով ծնողներիս տվել էր վերոնշյալ գրքերը։ Նա մորս առաջարկեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Մայրս հրաժարվեց, բայց ասաց, որ դա գուցե ինձ հետաքրքրի։ Հաջորդ շաբաթվանից սկսեցի եղբայր Հարդեյքերի օգնությամբ ուսումնասիրել Սուրբ Գիրքը։

Մի քանի շաբաթ հետո սկսեցի հաճախել նրա բժշկական կենտրոնում անցկացվող քրիստոնեական հանդիպումներին։ Այնտեղ հավաքվում էին մոտ 12 տարեց Վկաներ։ Նրանք ինձ մխիթարում էին և այնպես էին հոգ տանում իմ մասին, ասես իրենց որդին լինեի։ Սիրտս ջերմանում է, երբ հիշում եմ, թե ինչպես էին նրանք նստում կողքիս, նայում աչքերիս և իսկական ընկերների պես զրուցում ինձ հետ։ Այն ժամանակ դրա կարիքը շատ ունեի։

Շատ չանցած՝ եղբայր Հարդեյքերը ինձ հրավիրեց իր հետ մասնակցելու քարոզչական ծառայությանը։ Նա սովորեցրեց ծառայել դյուրակիր պատեֆոնի օգնությամբ։ Դրա միջոցով աստվածաշնչյան կարճ ելույթներ էինք հնչեցնում։ Որոշ ելույթներում մտքերը ուղիղ էին հնչում, և դա ոմանց դուր չէր գալիս։ Բայց ես սրտի թրթիռով էի վկայություն տալիս մարդկանց, քանի որ մեծ նախանձախնդրությամբ էի վերաբերվում աստվածաշնչյան ճշմարտությանը և սիրում էի այն պատմել ուրիշներին։

Երբ ճապոնական բանակը պատրաստվում էր ներխուժել Հնդկաստան, բրիտանական իշխանությունները սկսեցին ավելի շատ ճնշել Եհովայի վկաներին։ 1943 թ. հուլիսին ես ինքս բախվեցի դրան։ Մեր դպրոցի տնօրենը, որը անգլիկան եկեղեցու հոգևորական էր, ինձ հեռացրեց դպրոցից՝ պնդելով, թե ես «անօրինակելի աշակերտ» եմ։ Նա մորս ասաց, որ Եհովայի վկաների հետ շփվելով՝ վատ ազդեցություն եմ թողնում մյուս աշակերտների վրա։ Մայրս շատ վախեցավ և արգելեց ինձ շփվել Վկաների հետ։ Որոշ ժամանակ հետո նա ինձ ուղարկեց հորս մոտ՝ Փեշավար քաղաք՝ մեր բնակավայրից 1 370 կիլոմետր (850 մղոն) դեպի հյուսիս։ Քանի որ զրկվեցի հոգևոր սննդից և շփումից, հոգևորապես թուլացա։

ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՌՈՂՋԱՆՈՒՄ ԵՄ

1947 թ.-ին վերադարձա Կարաչի, որ աշխատանք գտնեմ։ Որոշեցի գնալ բժիշկ Հարդեյքերի կլինիկա՝ նրան տեսնելու։ Նա ինձ շատ ջերմ ընդունեց։

— Ի՞նչ գանգատներ ունես,— հարցրեց եղբայր Հարդեյքերը՝ մտածելով, թե բուժվելու նպատակով եմ եկել։

— Ես ոչ թե ֆիզիկապես եմ հիվանդ, այլ հոգևորապես։ Ուզում եմ ուսումնասիրել Աստվածաշունչը,— ասացի ես։

— Ե՞րբ ես ուզում սկսել,— հարցրեց եղբայրը։

— Եթե հնարավոր է, հենց հիմա,— պատասխանեցի ես։

Մենք հրաշալի երեկո անցկացրինք՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Այնպիսի զգացում ունեի, ասես տուն էի վերադարձել։ Մայրս ամեն կերպ փորձում էր ինձ խանգարել, որ չշփվեմ Վկաների հետ, բայց այս անգամ վճռել էի դառնալ Եհովայի ծառա։ 1947 թ. օգոստոսի 31-ին մկրտվեցի։ Շուտով՝ 17 տարեկան հասակում, ռահվիրայական ծառայություն սկսեցի։

ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՌԱՀՎԻՐԱ

Նշանակվեցի Քվետա քաղաք, որը նախկինում բրիտանական բանակի առաջավոր դիրքերից էր։ 1947 թ.-ին երկիրը բաժանվեց երկու պետության՝ Հնդկաստանի ու Պակիստանի։ * Երկրում կրոնական հողի վրա բռնության ալիք բարձրացավ, որը հանգեցրեց զանգվածային գաղթի։ Դա պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր գաղթերից մեկն էր։ Տեղահանվեց մոտ 14 միլիոն մարդ։ Հնդկաստանի մուսուլմանները տեղափոխվեցին Պակիստան, իսկ Պակիստանում ապրող հնդուականներն ու սիկհերը փախան Հնդկաստան։ Այդ քաոսի ժամանակ էր, որ լեփ-լեցուն գնացքով Կարաչիից ուղևորվեցի Քվետա։ Ճանապարհի մեծ մասն անցա վագոնի դրսի բռնակից ամուր կառչած։

Հնդկաստանում անցկացվող շրջանային համաժողովին (1948)

Քվետայում հանդիպեցի 20-ն անց մի հատուկ ռահվիրայի, որի անունը Ջորջ Սինգհ էր։ Նա ինձ մի հին հեծանիվ տվեց, որը պետք է քշեի բլրոտ տարածքներով։ Հիմնականում մենակ էի քարոզում։ Կես տարի անց արդեն Աստվածաշնչի 17 ուսումնասիրություն էի անցկացնում։ Ուսումնասիրողներից մի քանիսն ընդունեցին ճշմարտությունը։ Նրանցից մեկը՝ Սադիկ Մասիհը, բանակի սպա էր։ Նա ինձ ու Ջորջին օգնեց աստվածաշնչյան որոշ հրատարակություններ թարգմանել ուրդու լեզվով, որով խոսում են Պակիստանում։ Որոշ ժամանակ հետո Սադիկը դարձավ բարի լուրի եռանդուն քարոզիչ։

«Քուին Էլիզաբեթ» նավով գնում եմ ԱՄՆ՝ սովորելու «Գաղաադ» դպրոցում

Հետագայում ես վերադարձա Կարաչի և սկսեցի ծառայել «Գաղաադ» դպրոցն ավարտած նոր միսիոներների՝ Հենրի Ֆինչի և Հարի Ֆորեստի հետ։ Նրանք ինձ հրաշալի աստվածապետական կրթություն տվեցին։ Մի անգամ ես ու եղբայր Ֆինչը գնացինք Պակիստանի հյուսիս՝ քարոզելու։ Վեհապանծ լեռների ստորոտներում ապրում էին ուրդու լեզվով խոսող խոնարհ գյուղացիներ, որոնք ծարավ էին ճշմարտության։ Երկու տարի անց ես ինքս պատիվ ունեցա սովորելու «Գաղաադ» դպրոցում։ Դրանից հետո վերադարձա Պակիստան, որտեղ սկսեցի ժամանակիս մի մասն անցկացնել շրջանային ծառայության մեջ։ Երեք միսիոներ եղբայրների հետ ապրում էի Լահորում գտնվող միսիոներական տանը։

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՄ ՃԳՆԱԺԱՄԸ

Ցավոք, Լահորում ապրող միսիոներների միջև 1954 թ.-ին վեճ ծագեց։ Այդ պատճառով մասնաճյուղը ստիպված եղավ փոխել որոշ միսիոներների նշանակումները։ Քանի որ այդ իրավիճակում ես իմաստուն չէի վարվել՝ կողմնապահություն էի արել, ինձ խիստ խորհուրդ տվեցին։ Ես կոտրված էի։ Մտածում էի, թե հոգևոր առումով տապալվել եմ։ Ուստի վերադարձա Կարաչի, իսկ հետո մեկնեցի Անգլիա՝ Լոնդոն՝ հուսալով, որ այնտեղ նոր էջ կբացվի իմ հոգևոր կյանքում։

Լոնդոնի իմ ժողովում ծառայում էին Բեթելի ընտանիքի շատ անդամներ։ Մասնաճյուղի ծառայողը՝ Փրայս Հյուզը, որը բարեսիրտ մարդ էր, ինձ իր թևի տակ առավ։ Մի անգամ նա պատմեց, թե ինչպես է խիստ խորհուրդ ստացել Ջոզեֆ Ռադերֆորդից, ով այդ ժամանակ վերահսկում էր մեր համաշխարհային քարոզչական գործունեությունը։ Երբ եղբայր Հյուզը փորձել էր արդարանալ, եղբայր Ռադերֆորդը խստորեն հանդիմանել էր նրան։ Զարմացա՝ տեսնելով, որ այդ դեպքը պատմելիս եղբայր Հյուզը ժպտում է։ Նա ասաց, որ այդ ամենի պատճառով սկզբում վշտացել էր։ Բայց հետո հասկացել էր, որ ուներ այդ խիստ խորհրդի կարիքը, և որ այն Եհովայի սիրո ապացույցն էր (Եբր. 12։6)։ Եղբոր խոսքերը հասան սրտիս և օգնեցին հոգևորապես վերականգնվել։

Մոտավորապես այդ ժամանակ մայրս տեղափոխվեց Լոնդոն և համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել Ջոն Բարի օգնությամբ, ով հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ։ Նա հոգևորապես առաջադիմեց և 1957 թ.-ին մկրտվեց։ Հետագայում իմացա, որ հայրս մինչև իր մահը նույնպես Աստվածաշունչ էր ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։

1958-ին ամուսնացա Լենե անունով մի դանիացի քրոջ հետ, ով բնակություն էր հաստատել Լոնդոնում։ Հաջորդ տարի ծնվեց մեր աղջիկը՝ Ջեյնը, որից հետո ևս չորս երեխա ունեցանք։ Բացի այդ, ես առանձնաշնորհումներ ստացա Ֆուլհեմի ժողովում։ Որոշ ժամանակ հետո Լենեի առողջական վիճակը վատացավ, և կարիք առաջացավ, որ տեղափոխվենք ավելի տաք կլիմա ունեցող երկիր։ 1967 թ.-ին մեկնեցինք Ավստրալիա և բնակություն հաստատեցինք Ադելաիդա քաղաքում։

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Ադելաիդայի մեր ժողովում ծառայում էին 12 օծյալ քրիստոնյաներ, որոնք տարիքով ավելի մեծ էին։ Նրանք շատ նախանձախնդիր էին և քարոզչական գործում առաջնորդություն էին վերցնում։ Մենք արագ վերադարձանք մեր բնականոն հոգևոր կյանքին։

1979 թ.-ին ծնվեց մեր հինգերորդ զավակը՝ Դենիելը։ Նա ուներ սուր արտահայտված Դաունի հիվանդություն *։ Մեզ ասացին, որ նա երկար չի ապրի։ Նույնիսկ հիմա ինձ համար դժվար է նկարագրել այն ցավը, որը խոցեց մեր սիրտը։ Մենք Դենիելին շրջապատեցինք մեր հոգատարությամբ՝ չանտեսելով մեր մյուս չորս երեխաներին։ Քանի որ Դենիելը սրտի արատ ուներ, երբեմն թթվածնի պակասից կապտում էր, և մենք նրան շտապ հասցնում էինք հիվանդանոց։ Չնայած այդ հիվանդությանը՝ մեր տղան շատ խելացի էր ու ջերմ։ Նաև սիրում էր հոգևոր բաները։ Երբ ուտելուց առաջ ընտանիքով աղոթում էինք, նա սեղմում էր իր թաթիկները, խոնարհում էր գլուխը և վերջում սրտանց ասում էր՝ ամեն։ Նա միայն դրանից հետո էր սկսում ուտել։

Երբ Դենիելը չորս տարեկան էր, սուր լեյկոզով հիվանդացավ։ Ես ու Լենեն ֆիզիկական և էմոցիոնալ առումով սպառվեցինք։ Թվում էր, թե նյարդային խանգարում կստանամ։ Մի օր, երբ շատ ընկճված էինք, մեր շրջանային վերակացուն՝ Նևիլ Բրոմիչը, թակեց մեր դուռը։ Այդ երեկո մենք միասին լաց եղանք։ Նա գրկեց մեզ և կարեկցանքով լցված՝ ջերմ խոսքեր ասաց, որոնք մեզ անչափ մխիթարեցին։ Եղբայրը մեր տնից գիշերվա ժամը մեկին գնաց։ Կարճ ժամանակ անց Դենիելը մահացավ։ Կորցնելով նրան՝ մենք աննկարագրելի ցավ ապրեցինք։ Բայց տոկունությամբ տարանք այդ ցավը՝ համոզված, որ ոչինչ, նույնիսկ մահը չի կարող մեր տղային բաժանել Եհովայի սիրուց (Հռոմ. 8։38, 39)։ Այնքա՜ն ենք փափագում նորից տեսնել նրան, երբ նա հարություն առնի Աստծու նոր աշխարհում (Հովհ. 5։28, 29

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՎ՝ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ

Չնայած որ երկու անգամ ծանր կաթված եմ տարել, շարունակում եմ ժողովում որպես երեց ծառայել։ Այն ամենը, ինչ տեղի է ունեցել իմ կյանքում, օգնում է ինձ կարեկցանքով վերաբերվել ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր խնդիրներ ունեն։ Փորձում եմ չդատել նրանց։ Ինքս ինձ հարցնում եմ. «Այս մարդկանց կյանքում տեղի ունեցած բաները ինչպե՞ս են ազդել նրանց մտածելակերպի ու զգացմունքների վրա։ Ինչպե՞ս նրանց ցույց տամ, որ մտահոգվում եմ իրենց համար։ Ինչպե՞ս քաջալերեմ նրանց, որ Եհովայի ճանապարհով քայլեն»։ Շատ եմ սիրում հովվական գործը։ Երբ մխիթարում ու հոգևորապես թարմացնում եմ իմ հավատակիցներին, ինքս եմ մխիթարվում ու թարմանում։

Հովվական այցելություններ կատարելով՝ ուրախություն եմ ստանում

Ես ունեմ նույն զգացումը, ինչ սաղմոսերգուն, ով գրեց. «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, [Եհովայի] մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս» (Սաղ. 94։19)։ Աստված ինձ զորավիգ է եղել, երբ իմ ընտանիքում դժվարություններ են ծագել, երբ իմ կրոնի պատճառով ինձ ճնշել են, երբ ինքս եմ հիասթափություն ապրել ու վհատվել։ Այո՛, Եհովան ապացուցել է, որ իսկական Հայր է ինձ համար։

^ պարբ. 19 Սկզբում Պակիստանը կազմված էր երկու մասից՝ Արևմտյան Պակիստանից (այժմ՝ Պակիստան) և Արևելյան Պակիստանից (այժմ՝ Բանգլադեշ)։

^ պարբ. 29 Տես «Արթնացե՛ք», 2011, հունիս, էջ 19–22, անգլ., ռուս.։