Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ»

«Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ»

«Ես ծնվել ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ» (ՀՈՎՀ. 18։37

ԵՐԳ 15, 74

1, 2. ա) Ինչպե՞ս է աշխարհը գնալով ավելի պառակտվում։ բ) Ի՞նչ հարցերի ենք պատասխանելու այս հոդվածում։

«ՓՈՔՐ տարիքից միայն անարդարություն եմ տեսել,— պատմում է Հարավային Եվրոպայում ապրող մի քույր՝ հիշելով իր անցյալը։— Դրա պատճառով որոշեցի դեմ գնալ իմ երկրի քաղաքական համակարգին։ Այնպիսի գաղափարներ ունեի, որոնք շատերը ծայրահեղական էին համարում։ Նույնիսկ սկսեցի ընկերություն անել մի ահաբեկիչ տղայի հետ, ինչը տևեց երկար տարիներ»։ Հարավային Աֆրիկայում բնակվող մի եղբայր, որը նախկինում արդարացնում էր բռնությունը, ասում է. «Կարծում էի, թե իմ ցեղը բարձր է մյուսներից։ Ի վերջո դարձա մի քաղաքական կուսակցության անդամ։ Մեզ սովորեցնում էին նիզակներով սպանել մեր հակառակորդներին, նույնիսկ մեր այն ցեղակիցներին, ովքեր այլ կուսակցությունների էին թիկունք կանգնում»։ Կենտրոնական Եվրոպայում ապրող մի քույր խոստովանում է. «Ես կանխակալ կարծիք ունեի։ Ատում էի օտարազգի և այլադավան մարդկանց»։

2 Այսօր աշխարհում շատերն են որդեգրում այն գաղափարները, որ մի ժամանակ ունեին վերոնշյալ անձինք։ Անկախության համար ստեղծված շարժումները, որոնք փորձում են բռնությամբ հասնել իրենց նպատակներին, ծաղկում են։ Քաղաքական հողի վրա առաջացած բաժանումները ավելի են խորանում։ Բազմաթիվ երկրներում օտարազգիների հանդեպ թշնամանքն աճում է։ Ինչպես կանխագուշակվել է Աստվածաշնչում, այս վերջին օրերում շատ են «համաձայնության չեկող» մարդիկ (2 Տիմոթ. 3։1, 3)։ Մինչ աշխարհն ավելի է պառակտվում, քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են պահպանել իրենց միասնությունը։ Մենք կարող ենք շատ բան սովորել Հիսուսի օրինակից, ում օրերում նույնպես քաղաքական խռովությունների պատճառով լարված մթնոլորտ էր տիրում։ Եկեք քննարկենք երեք կարևոր հարց։ Հիսուսն ինչո՞ւ էր հրաժարվում աջակցել անջատողական շարժումներին։ Ինչպե՞ս նա շեշտեց, որ Աստծու ծառաները չպետք է քաղաքական հարցերում ինչ-որ մեկի կամ որևէ շարժման կողմը բռնեն։ Եվ ինչպե՞ս սովորեցրեց, որ բռնության համար ոչ մի արդարացում չի կարող լինել։

ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ՀԻՍՈՒՍԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻՆ

3, 4. ա) Հիսուսի օրերում ի՞նչ ակնկալիքներ ունեին հրեաները։ բ) Ժողովրդի մեջ տարածված կարծիքները ինչպե՞ս էին ազդում Հիսուսի աշակերտների վրա։

3 Շատ հրեաներ, ում Հիսուսը քարոզում էր, փափագում էին անկախանալ Հռոմից։ Հրեա զելոտները, այսինքն՝ ազգայնականները ժողովրդի մեջ այդպիսի տրամադրություններ էին բորբոքում։ Այդ ծայրահեղականներից շատերը հետևում էին գալիլեացի Հուդայի գաղափարներին։ Նա կեղծ մեսիա էր և մոլորեցնում էր շատերին։ Հրեա պատմիչ Հովսեպոսը գրել է, որ այդ Հուդան «իր հայրենակիցներին դրդում էր ընդվզելու. նա նրանց մեղադրում էր ու վախկոտ անվանում այն բանի համար, որ նրանք համաձայնվել էին հարկեր վճարել Հռոմին»։ Ի վերջո հռոմեացիները Հուդային մահապատժի ենթարկեցին (Գործ. 5։37)։ Որոշ զելոտներ նույնիսկ բռնության էին դիմում իրենց նպատակներին հասնելու համար։

4 Մյուս կողմից՝ հասարակ ժողովուրդը փափագով սպասում էր Մեսիային, բայց կարծում էր, թե նա քաղաքական գործունեություն է ծավալելու։ Հրեաներն ակնկալում էին, որ երբ Մեսիան գա, իրենց ազգը կփառավորվի ու կազատվի Հռոմի լծից (Ղուկ. 2։38; 3։15)։ Շատերը հույս ունեին, որ նա Իսրայելում թագավորություն կհիմնի, և միլիոնավոր հրեաներ տարբեր երկրներից կվերադառնան հայրենիք։ Հիշենք, որ Հովհաննես Մկրտիչը մի անգամ հարցրեց Հիսուսին. «Դո՞ւ ես նա, որ պիտի գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք» (Մատթ. 11։2, 3)։ Հովհաննեսը հավանաբար ուզում էր իմանալ, թե ով է հրեաների բոլոր հույսերն իրականություն դարձնելու՝ Հիսուսը, թե մեկ ուրիշը։ Հիսուսի երկու աշակերտները, որոնք Էմմաուս տանող ճանապարհին հանդիպեցին իրենց հարություն առած Տիրոջը, նույնպես չիրականացած հույսեր ունեին՝ կապված Մեսիայի հետ (կարդա Ղուկաս 24։21)։ Դրանից կարճ ժամանակ անց Հիսուսի առաքյալները հարցրին նրան. «Տե՛ր, Իսրայելի համար թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու» (Գործ. 1։6

5. ա) Գալիլեայի ժողովուրդը ինչո՞ւ ցանկացավ Հիսուսին թագավոր դարձնել։ բ) Հիսուսն ինչպե՞ս շտկեց ժողովրդի մտածելակերպը։

5 Այսպիսի ակնկալիքների պատճառով Գալիլեայի ժողովուրդը ցանկացավ Հիսուսին թագավոր դարձնել։ Մարդիկ, ըստ ամենայնի, կարծում էին, որ Հիսուսը իդեալական առաջնորդ կլինի։ Նա հրաշալի հռետոր էր, բուժում էր հիվանդներին և կերակրում էր քաղցածներին։ Մի անգամ, երբ նա կերակրեց մոտ 5 000 տղամարդու, ինչպես նաև բազմաթիվ կանանց ու երեխաների, ժողովուրդը հիացմունքով լցվեց։ «Հիսուսը, իմանալով, որ գալու են իրեն բռնեն, որպեսզի թագավոր դարձնեն, նորից մենակ լեռը գնաց» (Հովհ. 6։10–15)։ Հաջորդ օրը, երբ մարդիկ գնացին Գալիլեայի ծովի մյուս կողմը՝ Հիսուսին փնտրելու, նրանք հավանաբար ինչ-որ չափով հանդարտվել էին։ Հիսուսը նրանց բացատրեց, թե որն է իր գործունեության նպատակը։ Նա եկել էր աշխարհ, որ ժողովրդին ոչ թե նյութական բարիքներ տար, այլ հոգևոր։ «Աշխատեք ոչ թե կորչող ուտելիքի համար, այլ այն ուտելիքի, որը մնայուն է և հավիտենական կյանք է տալիս»,— ասաց նա (Հովհ. 6։25–27

6. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ երկրի վրա քաղաքական իշխանության չի ձգտում (տես հոդվածի սկզբի նկարը)։

6 Հիսուսի հետևորդներից ոմանք ակնկալում էին, որ նա երկրային թագավորություն կհիմնի, որի կենտրոնը Երուսաղեմը կլինի։ Հիսուսը հասկանում էր սա։ Ուստի իր մահից առաջ շտկեց նրանց մտածելակերպը՝ պատմելով մնասների առակը։ Դրա համաձայն՝ «ազնվատոհմ մարդը», այսինքն՝ Հիսուսը երկար ժամանակով հեռանալու էր (Ղուկ. 19։11–13, 15)։ Բացի այդ, հիշենք այն դեպքը, երբ Հիսուսը Պոնտացի Պիղատոսին բացատրեց, որ չեզոք վերաբերմունք ունի հռոմեական իշխանությունների նկատմամբ։ Այդ կառավարիչը նրան հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը» (Հովհ. 18։33)։ Նա հավանաբար վախենում էր, որ Հիսուսը քաղաքական խռովություններ կբորբոքի, ինչը Պիղատոսի կառավարման տարիներին իշխանությունների գլխավոր մտահոգությունն էր։ Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհ. 18։36)։ Նա քաղաքականության մեջ չէր ներքաշվելու, որովհետև իր Թագավորությունը երկնային էր լինելու։ Հիսուսը Պիղատոսին ասաց, որ երկրի վրա իր ծավալած գործունեության նպատակն է «ճշմարտության մասին վկայել» (կարդա Հովհաննես 18։37

Կենտրոնացած ես աշխարհի խնդիրների՞, թե՞ Աստծու Թագավորության վրա (տես պարբերություն 7)

7. Թեև գիտենք, որ նույնիսկ մեր սրտում չպետք է համակրենք քաղաքական անկախության հասնելու համար ստեղծված շարժումներին, ինչո՞ւ դա կարող է դժվար լինել։

7 Եթե Հիսուսի պես հասկանանք մեր առաքելությունը, չենք աջակցի քաղաքական անկախության հասնելու համար ստեղծված շարժումներին և նույնիսկ մեր սրտում չենք համակրի դրանց։ Դա գուցե հեշտ չլինի։ Մի շրջագայող վերակացու նշում է. «Մեր տարածքում ապրող մարդիկ գնալով ծայրահեղ հայացքներ են որդեգրում։ Հասարակության մեջ գերիշխում է ազգայնամոլական ոգին։ Շատերը համոզված են, որ քաղաքական անկախության շնորհիվ իրենց կյանքը կբարելավվի։ Սակայն ուրախալի է, որ եղբայրները պահպանում են քրիստոնեական միասնությունը՝ զբաղված լինելով Թագավորության բարի լուրի քարոզչությամբ։ Նրանք Աստծուն են ապավինում՝ վստահ, որ միայն նա կարող է վերացնել անարդարությունը և լուծել մեր բոլոր խնդիրները»։

ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ՀԻՍՈՒՍԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ՀԱՐՑԵՐԻՆ

8. Առաջին դարում հրեաները ի՞նչ անարդարության էին բախվում։

8 Անարդարությունը հաճախ քաղաքական կրքեր է բորբոքում։ Հիսուսի օրերում հարկեր վճարելու հարցը թեժ էր։ Նշենք, որ գալիլեացի Հուդայի կազմակերպած ապստամբությանը նպաստել էր մարդահամարը։ Դրա նպատակն էր՝ ապահովել Հռոմին վճարվող հարկերի հավաքումը։ Կայսրության հպատակները, այդ թվում՝ նրանք, ում Հիսուսը քարոզում էր, պետք է շատ հարկեր վճարեին, օրինակ՝ հողի և տան համար։ Բացի այդ, հարկահավաքները անազնիվ մարդիկ էին, և դա ավելի էր սաստկացնում ժողովրդի դժգոհությունը։ Հետաքրքիր է, որ հնարավոր էր հարկահավաքի պաշտոն գնել աճուրդի ժամանակ։ Իսկ դրանից հետո հարկահավաքները ջանում էին մեծ շահույթ ստանալ։ Օրինակ՝ Երիքովի հարկահավաքների պետը՝ Զաքեոսը, մարդկանցից դրամ շորթելով էր հարստացել (Ղուկ. 19։2, 8)։ Հավանաբար շատերն էին նրա պես վարվում։

9, 10. ա) Հիսուսի թշնամիները ինչպե՞ս փորձեցին նրան քաղաքական հարցի մեջ ներքաշել։ բ) Ի՞նչ ենք սովորում Հիսուսի պատասխանից (տես հոդվածի սկզբի նկարը)։

9 Մի անգամ Հիսուսի թշնամիները փորձեցին նրան ծուղակը գցել՝ հարցնելով, թե հարկեր վճարելու հարցում ինչ դիրքորոշում ունի։ Նրանք մասնավորապես ուզում էին իմանալ նրա կարծիքը գլխահարկ վճարելու վերաբերյալ, որը պարտավոր էին վճարել Հռոմեական կայսրության հպատակները։ Այն կազմում էր մեկ դինար (կարդա Մատթեոս 22։16–18)։ Հրեաները ատում էին այդ հարկը, քանի որ այն հիշեցնում էր, որ իրենք Հռոմի տիրապետության տակ են։ «Հերովդեսի կողմնակիցները», որոնք բարձրացրին այս հարցը, հույս ունեին, որ Հիսուսը քննադատաբար կխոսեր այդ հարկի մասին, և նրան կմեղադրեին խռովություն հրահրելու մեջ։ Իսկ եթե նա ասեր, որ այդ հարկը անհրաժեշտ է վճարել, կկորցներ իր հետևորդներին։

10 Զգուշություն ցուցաբերելով՝ Հիսուսը հարկման հարցում չեզոք մնաց։ «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»,— ասաց նա (Մատթ. 22։21)։ Հիսուսն անշուշտ գիտեր, որ հարկահավաքները ազնիվ չեն, սակայն չկենտրոնացավ դրա վրա։ Նա չէր ուզում, որ ինչ-որ բան իր ուշադրությունը շեղեր բոլոր խնդիրների իրական լուծումից՝ Աստծու Թագավորությունից։ Այդպես նա օրինակ թողեց իր հետևորդներին։ Նրանք չպետք է քաղաքականության մեջ ներքաշվեն, որքան էլ ճիշտ ու արդար թվան քաղաքական պայքարի նպատակները։ Քրիստոնյաները Աստծու Թագավորությունն ու նրա արդարությունն են փնտրում։ Ուստի թույլ չեն տալիս, որ որոշ անարդարությունների վերաբերյալ իրենց մեջ սուր հայացքներ ձևավորվեն, և չեն խոսում դրանց դեմ (Մատթ. 6։33

11. Ինչպե՞ս կարող ենք արդարության հասնելու մեր ձգտումը ճիշտ հունի մեջ դնել։

11 Եհովայի վկաներից շատերը կարողացել են ազատվել քաղաքական սուր հայացքներից։ Մեծ Բրիտանիայում ապրող մի քույր պատմում է. «Համալսարանում հասարակական գիտություններ ուսումնասիրեցի, և իմ մեջ ծայրահեղ հայացքներ ձևավորվեցին։ Ցանկացա զբաղվել սևամորթների իրավունքների պաշտպանությամբ, որովհետև մենք շատ անարդարություն ենք տեսել։ Թեև բանավեճերի ժամանակ կարողանում էի հեշտությամբ հաղթել ընդդիմախոսներին, վերջում հիասթափության զգացում էի ունենում։ Չէի հասկանում, որ ռասայական խտրականության արմատները մարդկանց սրտերում են և այնտեղից պետք է հանվեն։ Սակայն երբ սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը, հասկացա, որ իմ սրտից պետք է սկսեմ։ Այդ հարցում ինձ համբերությամբ օգնեց մի սպիտակամորթ քույր։ Այժմ որպես ռահվիրա եմ ծառայում ժեստերի լեզվով ժողովում և սովորում եմ օգնել ամեն տեսակ մարդկանց»։

«ՍՈՒՐԴ ՏԵ՛ՂԸ ԴԻՐ»

12. Ըստ Հիսուսի խոսքերի՝ նրա աշակերտները ո՞ր «թթխմորից» պետք է զգուշանային։

12 Հիսուսի օրերում կրոնն ու քաղաքականությունը հաճախ միախառնված էին։ Մի գրքում ասվում է, որ «հրեաների կրոնական աղանդները շատ թե քիչ նման էին քաղաքական կուսակցությունների» (Daily Life in Palestine at the Time of Christ)։ Ուստի Հիսուսը իր աշակերտներին ասաց. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից և Հերովդեսի թթխմորից» (Մարկ. 8։15)։ Հերովդես ասելով՝ Հիսուսը հավանաբար նկատի ուներ Հերովդեսի կողմնակիցներին։ Մյուս խումբը փարիսեցիներն էին, որոնք ցանկանում էին հասնել իրենց ազգի անկախությանը։ Մատթեոսի արձանագրությունից տեսնում ենք, որ այդ զրույցի ընթացքում Հիսուսը հիշատակել է նաև սադուկեցիներին։ Վերջիններս ուզում էին մնալ Հռոմի տիրապետության տակ, քանի որ իրենցից շատերը քաղաքական իշխանություն ունեին։ Հիսուսը իր աշակերտներին զգուշացրեց, որ հեռու մնան այդ երեք խմբերի «թթխմորից», այսինքն՝ գաղափարներից (Մատթ. 16։6, 12)։ Հատկանշական է, որ Հիսուսն այս նախազգուշացումը տվեց այն դեպքից հետո, երբ ժողովուրդը ցանկացել էր իրեն թագավոր դարձնել։

13, 14. ա) Քաղաքական ու կրոնական հարցերը ինչպե՞ս բռնության և անարդարության պատճառ դարձան։ բ) Ինչո՞ւ չպետք է բռնության դիմենք, երբ անարդարություն ենք տեսնում (տես հոդվածի սկզբի նկարը)։

13 Երբ կրոնական գործիչները խառնվում են քաղաքական հարցերին, դա կարող է հեշտությամբ բռնություն ծնել։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց չեզոք մնալ նման հարցերում։ Սա պատճառներից մեկն էր, թե ինչու ավագ քահանաներն ու փարիսեցիները ծրագրեցին սպանել Հիսուսին։ Վերջինիս նրանք քաղաքական ու կրոնական մրցակից էին համարում՝ մտածելով, որ նրա պատճառով կկորցնեն իրենց իշխանությունը։ Նրանք ասում էին. «Եթե այսպես թողնենք, բոլորը կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերցնեն թե՛ մեր վայրը, թե՛ մեր ազգը» (Հովհ. 11։48)։ Ի վերջո Կայիափա քահանայապետը կազմակերպեց Հիսուսի սպանությունը (Հովհ. 11։49–53; 18։14

14 Կայիափան զինվորներ ուղարկեց, որ գիշերով ձերբակալեն Հիսուսին։ Ի՜նչ ամոթալի արարք։ Հիսուսը գիտեր այդ մասին, ուստի իր վերջին ընթրիքի ժամանակ առաքյալներին խնդրեց մի քանի սուր վերցնել։ Երկու սուրը բավական էր նրանց կարևոր բան սովորեցնելու համար (Ղուկ. 22։36–38)։ Ավելի ուշ, երբ Հիսուսին ձերբակալելու համար մի ամբոխ եկավ, Պետրոսը սրով հարվածեց մի տղամարդու։ Առաքյալին անշուշտ զայրացրել էր այդ անարդարությունը (Հովհ. 18։10)։ Սակայն Հիսուսն ասաց Պետրոսին. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթ. 26։52, 53)։ Այս տպավորիչ դասը ներդաշնակ էր այն աղոթքին, որն ավելի վաղ ասել էր Հիսուսը։ Նա աղոթել էր, որ իր հետևորդները աշխարհի մի մասը չլինեն (կարդա Հովհաննես 17։16)։ Միայն Աստված է իրավասու վերացնելու անարդարությունը, ուստի այդ հարցը պետք է նրան թողնել։

15, 16. ա) Աստծու Խոսքն ինչպե՞ս է շատ քրիստոնյաների օգնել խուսափելու բախումներից։ բ) Եհովան ի՞նչ հակադիր պատկերներ է տեսնում՝ նայելով այսօրվա աշխարհին։

15 Հարավային Եվրոպայում ապրող քույրը, որի մասին նշեցինք հոդվածի սկզբում, լավ յուրացրեց այս դասը։ Նա ասում է. «Հասկացա, որ բռնությունը արդարություն չի բերում։ Տեսա, որ բռնության դիմող որոշ մարդկանց վերջը մահն է, իսկ շատերն էլ դառնությամբ են լցվում։ Սուրբ Գրքից իմացա, որ միայն Աստված կարող է իսկական արդարություն հաստատել երկրի վրա, և շատ ուրախացա։ Արդեն 25 տարի է, ինչ քարոզում եմ այդ լուրը»։ Հարավային Աֆրիկայում բնակվող եղբայրը այժմ նիզակի փոխարեն «ոգու սուրն» է օգտագործում՝ Աստվածաշունչը։ Նա իր հարևաններին խաղաղության լուր է քարոզում՝ անկախ այն բանից, թե որ ցեղին են նրանք պատկանում (Եփես. 6։17)։ Իսկ Կենտրոնական Եվրոպայում ապրող քույրը, դառնալով Եհովայի վկա, ամուսնացավ մի եղբոր հետ, ով այն էթնիկական խմբին է պատկանում, որի հանդեպ ինքն ատելությամբ էր լցված։ Երեքն էլ կարողացան կյանքում այսպիսի փոփոխություններ անել, քանի որ ցանկացան նմանվել Քրիստոսին։

16 Որքա՜ն կարևոր է այսպիսի փոփոխություններ անել։ Աստվածաշունչը մարդկությանը համեմատում է ալեկոծվող ծովի հետ, որը հանգիստ չունի (Ես. 17։12; 57։20, 21; Հայտն. 13։1)։ Այսօր քաղաքական հարցերը խռովություններ են առաջացնում, պառակտում են մարդկանց և անիմաստ բռնություն են ծնում։ Սակայն մենք պահպանում ենք մեր միությունն ու խաղաղությունը։ Երբ այս բաժանված աշխարհում Եհովան տեսնում է իր ժողովրդի միասնությունը, շատ է ուրախանում (կարդա Սոփոնիա 3։17

17. ա) Ինչպե՞ս կարող ենք նպաստել մեր միությանը։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Այսպիսով՝ տեսանք, որ կարող ենք երեք ձևով նպաստել քրիստոնեական միությանը։ 1) Մենք Աստծու երկնային Թագավորությանն ենք ապավինում՝ հավատալով, որ միայն այդ կառավարությունը կարող է վերացնել անարդարությունը։ 2) Քաղաքական հարցերում մենք ինչ-որ մեկի կամ որևէ շարժման կողմը չենք բռնում։ 3) Մենք մերժում ենք բռնությունը։ Սակայն կա ևս մի բան, ինչը կարող է քայքայել մեր միությունը։ Խոսքը նախապաշարմունքների մասին է։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես առաջին դարի քրիստոնյաների նման հաղթահարենք այս դժվարությունը։