Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նա կարող էր ստանալ Աստծու հավանությունը

Նա կարող էր ստանալ Աստծու հավանությունը

ՄԵՆՔ ծառայում ենք Եհովային և ցանկանում ենք ստանալ նրա հաճությունը։ Ո՞ւմ է Եհովան հավանում և օրհնում։ Աստվածաշնչյան ժամանակներում որոշ մարդիկ ստացան Աստծու հավանությունը, չնայած որ նախկինում ծանր մեղքեր էին գործել։ Ոմանք էլ որոշ լավ հատկություններ ունեին, սակայն չստացան Աստծու հաճությունը։ Ուստի գուցե հարց ծագի. «Եհովան առաջին հերթին ինչի՞ վրա է ուշադրություն դարձնում, երբ նայում է մեզ»։ Հուդայի թագավոր Ռոբովամի օրինակը կօգնի գտնել պատասխանը։

ՎԱՏ ՍԿԻԶԲ

Ռոբովամի հայրը Սողոմոնն էր, ով Իսրայելում թագավորեց 40 տարի (1 Թագ. 11։42)։ Նա մահացավ մ. թ. ա. 997 թ.-ին։ Դրանից հետո Ռոբովամը Երուսաղեմից գնաց Սյուքեմ՝ օծվելու որպես թագավոր (2 Տար. 10։1)։ Ի՞նչ էր նա զգում այդ ժամանակ։ Վախենո՞ւմ էր գահ բարձրանալ Սողոմոնից հետո, ով հայտնի էր իր յուրահատուկ իմաստությամբ։ Հասկանո՞ւմ էր, որ շուտով փորձվելու է բարդ խնդիրներ լուծելու իր ունակությունը։

Ռոբովամը, ըստ երևույթին, զգում էր, որ Իսրայելում լարված մթնոլորտ է տիրում։ Եվ ահա նրա մոտ եկան ժողովրդի ներկայացուցիչները և հայտնեցին իրենց մտահոգությունը. «Քո հայրը մեր լուծը ծանրացրել է, բայց դու հիմա թեթևացրու քո հոր սահմանած խիստ ծառայությունը ու մեզ վրա դրված ծանր լուծը, և մենք քեզ կծառայենք» (2 Տար. 10։3, 4

Ռոբովամը դժվար ընտրության առաջ կանգնեց։ Եթե կատարեր ժողովրդի պահանջները, ինքը, իր ընտանիքը և պալատականները հավանաբար ստիպված կլինեին հրաժարվել որոշ շքեղություններից ու քիչ բան պահանջել ժողովրդից։ Իսկ եթե չկատարեր այդ պահանջները, ժողովուրդը կարող էր ապստամբել։ Այս իրավիճակում ինչպե՞ս կվարվեր նոր թագավորը։ Ռոբովամը սկզբում խորհրդակցեց երեցների հետ, ովքեր մի ժամանակ Սողոմոնի խորհրդականներն էին։ Սակայն հետո խորհուրդ հարցրեց երիտասարդներից՝ իր հասակակիցներից։ Հետևելով վերջիններիս խորհրդին՝ Ռոբովամը որոշեց խստորեն վարվել ժողովրդի հետ։ Նա պատասխանեց. «Ես ձեր լուծը ավելի պիտի ծանրացնեմ և պիտի ավելացնեմ էլ։ Իմ հայրը ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով պիտի պատժեմ» (2 Տար. 10։6–14

Ի՞նչ դաս ենք քաղում այս պատմությունից։ Իմաստուն մարդը լսում է տարիքով ավելի մեծ և հոգևորապես հասուն անհատներին։ Քանի որ նրանք մեծ փորձ ունեն, կարող են տեսնել այս կամ այն որոշման հնարավոր հետևանքները և լավ խորհուրդներ տալ մեզ (Հոբ 12։12

«ՆՐԱՆՔ ՀՆԱԶԱՆԴՎԵՑԻՆ ԵՀՈՎԱՅԻ ԽՈՍՔԻՆ»

Ժողովուրդը ապստամբեց։ Ապստամբությունը ճնշելու նպատակով Ռոբովամը զորք հավաքեց։ Սակայն Եհովան Սեմայիա մարգարեի միջոցով ասաց. «Մի՛ գնացեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ։ Բոլորդ հետ դարձեք ձեր տները, որովհետև այս բանը ինձանից եղավ» (1 Թագ. 12։21–24 *

Չպատերազմե՞լ։ Այս պատվերը հավանաբար մտահոգեց Ռոբովամին։ Ժողովուրդն ի՞նչ կմտածեր թագավորի մասին, ով սպառնացել էր «խարազաններով պատժել» իր հպատակներին, բայց ոչ մի կերպ չճնշեց նրանց ապստամբությունը (համեմատիր 2 Տարեգրություն 13։7)։ Ինչևէ, թագավորն ու իր զորքը «հնազանդվեցին Եհովայի խոսքին և վերադարձան տուն, ինչպես որ Եհովան նրանց ասաց»։

Սրանից ի՞նչ կարող ենք սովորել։ Աստծուն հնազանդվելը իմաստուն քայլ է, նույնիսկ եթե այդպես վարվելով՝ գուցե ծաղրուծանակի ենթարկվենք։ Հնազանդությունը բերում է Աստծու հաճությունն ու օրհնությունը (2 Օրենք 28։2

Արդյո՞ք Ռոբովամը օրհնվեց իր հնազանդության համար։ Հրաժարվելով նորաստեղծ պետության դեմ պատերազմելուց՝ նա շարունակեց իշխել Հուդայի ու Բենիամինի ցեղերի վրա և սկսեց այդ տարածքներում քաղաքներ կառուցել։ Նաև «լավ ամրացրեց» մի քանի քաղաքներ (2 Տար. 11։5–12)։ Եվ որ ամենակարևորն է, Ռոբովամի կյանքում եղավ մի շրջան, երբ նա պահում էր Եհովայի օրենքները։ Մինչ Հերոբովամի իշխանության տակ գտնվող տասցեղ թագավորությունը մխրճվում էր կռապաշտության մեջ, դրա բնակիչներից շատերը աջակցում էին Ռոբովամին՝ գալով Երուսաղեմ ու Եհովային երկրպագություն մատուցելով (2 Տար. 11։16, 17)։ Այդպիսով՝ Ռոբովամի հնազանդության շնորհիվ նրա թագավորական իշխանությունն ամրապնդվեց։

ՌՈԲՈՎԱՄԻ ՄԵՂՔՆ ՈՒ ԶՂՋՈՒՄԸ

Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատվեց, նա անսպասելի բան արեց՝ թողեց Եհովայի օրենքը ու սկսեց կեղծ աստվածների պաշտել։ Ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Արդյո՞ք նրա վրա ազդեցություն էր գործում իր ամմոնացի մայրը (1 Թագ. 14։21)։ Պատճառը հայտնի չէ։ Սակայն ժողովուրդը հետևեց թագավորին։ Ուստի Եհովան թույլ տվեց, որ Եգիպտոսի Սիսակ թագավորը գրավի շատ քաղաքներ, չնայած որ Ռոբովամը ամրացրել էր դրանք (1 Թագ. 14։22–24; 2 Տար. 12։1–4

Իրավիճակն ավելի վատացավ, երբ Սիսակը հասավ Երուսաղեմ՝ Ռոբովամի աթոռանիստ քաղաք։ Այդ ժամանակ Սեմայիա մարգարեն Ռոբովամին ու նրա իշխաններին փոխանցեց Աստծու խոսքերը. «Քանի որ դուք ինձ թողեցիք, ես էլ ձեզ Սիսակի ձեռքում թողեցի»։ Ռոբովամն ինչպե՞ս արձագանքեց այս հանդիմանությանը։ Նա զղջաց իր սխալի համար։ Աստվածաշնչում ասվում է. «Իսրայելի իշխաններն ու թագավորը իրենց անձերը խոնարհեցրին ու ասացին. «Արդա՛ր է Եհովան»»։ Ուստի Աստված Ռոբովամին ու Երուսաղեմը ազատեց կործանումից (2 Տար. 12։5–7, 12

Դրանից հետո Ռոբովամը շարունակեց իշխել հարավային թագավորության վրա։ Մահից առաջ նա շատ նվերներ տվեց իր բազում որդիներին, հավանաբար այն նպատակով, որ չապստամբեն իրենց եղբոր՝ թագաժառանգ Աբիայի դեմ (2 Տար. 11։21–23)։ Դրանով Ռոբովամը ինչ-որ չափով հեռատեսություն դրսևորեց, ինչը չէր արել նախկինում։

ՌՈԲՈՎԱՄԸ ԼԱ՞ՎՆ ԷՐ, ԹԵ՞ ՎԱՏԸ

Թեև Ռոբովամը որոշ լավ բաներ արեց, սակայն Աստծու հաճությունը չստացավ։ Այդ թագավորի մասին Աստվածաշունչն ասում է. «Նա չարիք գործեց»։ Ինչո՞ւ։ Որովհետև «իր սրտում հաստատակամ չէր Եհովային փնտրելու համար» (2 Տար. 12։14

Ի տարբերություն Դավիթ թագավորի՝ Ռոբովամը Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ չզարգացրեց

Այս պատմությունը ի՞նչ է ցույց տալիս։ Ռոբովամը երբեմն հնազանդվում էր Եհովային և որոշ լավ գործեր էր անում Աստծու ժողովրդի համար։ Սակայն Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ չզարգացրեց և չլցվեց նրան հաճեցնելու մեծ ցանկությամբ։ Այդ պատճառով նա սխալ բաներ արեց և կեղծ աստվածների պաշտեց։ Գուցե մտածես. «Երբ Աստված հանդիմանեց Ռոբովամին, վերջինս ի սրտե՞ զղջաց ու ցանկացավ հաճեցնել Աստծուն, թե՞ ուրիշների դրդմամբ այդպես արձագանքեց» (2 Տար. 11։3, 4; 12։6)։ Հետագայում Ռոբովամը դարձյալ վատ գործեր արեց։ Որքա՜ն էր նա տարբերվում իր պապից՝ Դավիթ թագավորից։ Դավիթը նույնպես սխալներ էր գործել, բայց իր ողջ կյանքի ընթացքում սիրել էր Եհովային, հավատարմորեն թիկունք էր կանգնել ճշմարիտ երկրպագությանը և անկեղծորեն զղջացել էր իր մեղքերի համար (1 Թագ. 14։8; Սաղ. 51։1, 17; 63։1

Ռոբովամի մասին արձանագրությունից կարևոր բան ենք սովորում։ Գովելի է, երբ մարդ հոգ է տանում իր ընտանիքի մասին և ձգտում է լավ բաներ անել։ Սակայն Աստծու հավանությունն ունենալու համար նախևառաջ հարկավոր է թիկունք կանգնել ճշմարիտ երկրպագությանը և դրանից չշեղվել։

Մենք կստանանք Աստծու հաճությունը, եթե ջերմորեն սիրենք նրան։ Կրակը վառ պահելու համար հարկավոր է մեջը շարունակ փայտ գցել։ Նմանապես մենք Աստծու հանդեպ մեր սերը վառ կպահենք, եթե կանոնավորաբար ուսումնասիրենք նրա Խոսքը, խորհրդածենք դրա շուրջ և հարատևենք աղոթքում (Սաղ. 1։2; Հռոմ. 12։12)։ Այդ սերն էլ իր հերթին մեր մեջ ցանկություն կառաջացնի ամեն ինչում հաճեցնելու Եհովային։ Իսկ եթե մեր կյանքում սխալներ գործենք, այն կմղի մեզ անկեղծորեն զղջալու։ Այդպիսով՝ մենք չենք լինի Ռոբովամի պես, այլ կշարունակենք հավատարմորեն երկրպագել Եհովային (Հուդա 20, 21

^ պարբ. 9 Սողոմոնի անհավատարմության պատճառով Աստված մինչ այդ արդեն ասել էր, որ թագավորությունը բաժանվելու է (1 Թագ. 11։31