ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 26
Օգնիր ուրիշներին հաղթահարել սթրեսը
«Բոլորդ մեկ մտքի եղեք, ցավակից, եղբայրասեր, խորապես կարեկցող, խոնարհամիտ» (1 ՊԵՏ. 3։8)։
ԵՐԳ 107 Աստվածային սիրո օրինակը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Ինչպե՞ս կարող ենք նմանվել մեր սիրառատ երկնային Հորը։
ԵՀՈՎԱՆ շատ է սիրում մեզ (Հովհ. 3։16)։ Եվ դա մեզ մղում է նմանվել մեր սիրառատ Հորը։ Ուստի ձգտում ենք բոլորի, «հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ», լինել «ցավակից, եղբայրասեր, խորապես կարեկցող» (Գաղ. 6։10; 1 Պետ. 3։8)։ Երբ մեր հոգևոր ընտանիքի անդամները նեղություններ են կրում և սթրես են տանում, մենք ուզում ենք օգնել նրանց։
2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Բոլոր նրանք, ովքեր ուզում են Եհովայի ընտանիքի մասը լինել, դժվարություններ են ունենում (Մարկ. 10։29, 30)։ Եվ որքան աշխարհի վերջը մոտենա, այնքան դրանք կշատանան։ Ուստի ինչպե՞ս կարող ենք աջակցել իրար։ Եկեք քննենք, թե Ղովտի, Հոբի և Նոեմիի մասին պատմող աստվածաշնչյան հատվածներից ինչ կարող ենք սովորել։ Նաև կխոսենք, թե այսօր ինչ խնդիրների են բախվում մեր հավատակիցները, և կիմանանք, թե ինչպես օգնենք նրանց հաղթահարել սթրեսները։
ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՂԻՐ
3. Ղովտը ի՞նչ սխալ որոշում կայացրեց, և դա ի՞նչ հետևանքներ ունեցավ, ինչպես երևում է 2 Պետրոս 2։7, 8 համարներից։
3 Ղովտը սխալ որոշում կայացրեց, երբ բնակություն հաստատեց Սոդոմում, որի ժողովուրդը ծայրաստիճան այլասերված էր (կարդա 2 Պետրոս 2։7, 8)։ Ճիշտ է, այդ տարածքը շատ բերրի էր, բայց այդտեղ ապրելու որոշումը թանկ նստեց Ղովտի վրա (Ծննդ. 13։8–13; 14։12)։ Նրա կինը հավանաբար այնքան էր կապվել այդ քաղաքի կամ դրա բնակիչներից ոմանց հետ, որ չհնազանդվեց Եհովային։ Նա կորցրեց իր կյանքը, երբ Աստված կրակ ու ծծումբ թափեց այդ տարածքի վրա։ Մտածիր նաև, թե ինչ կորուստ ունեցան Ղովտի երկու դուստրերը։ Նրանց նշանածները կործանվեցին Սոդոմում։ Այսպիսով՝ Ղովտը կորցրեց իր տունը, ունեցվածքը և, որ ամենացավալին է, իր կնոջը (Ծննդ. 19։12–14, 17, 26)։ Այդ սթրեսային իրավիճակում Եհովան ինչպե՞ս վերաբերվեց Ղովտին։ Մեծ համբերությամբ։
4. Եհովան ինչպե՞ս համբերություն ցուցաբերեց Ղովտի հանդեպ (տես ամսագրի շապիկի նկարը)։
4 Թեև Ղովտը որոշել էր Սոդոմում ապրել, Եհովան, կարեկցանքից մղված, հրեշտակներ ուղարկեց, որ փրկեն նրան և նրա ընտանիքին։ Սակայն փոխանակ Ղովտը հետևեր հրեշտակների հրատապ հրահանգին և անմիջապես հեռանար Սոդոմից, նա «դանդաղում էր»։ Ուստի հրեշտակները բռնեցին Ղովտի ձեռքից և նրան ու նրա ընտանիքին օգնեցին փախչել քաղաքից (Ծննդ. 19։15, 16)։ Ապա ասացին, որ նրանք փախչեն լեռները։ Բայց Աստծուն լսելու փոխարեն՝ Ղովտը թույլտվություն խնդրեց գնալու մոտակա քաղաքը (Ծննդ. 19։17–20)։ Եհովան համբերությամբ լսեց նրան և թույլ տվեց գնալ այնտեղ։ Բայց հետո Ղովտը վախեցավ ապրել այդ քաղաքում և գնաց լեռները՝ հենց այնտեղ, ուր Աստված ի սկզբանե ուղարկում էր իրեն (Ծննդ. 19։30)։ Եհովան որքա՜ն համբերատար եղավ նրա նկատմամբ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել մեր երկնային Հորը։
5–6. Ինչպե՞ս կարող ենք հետևել 1 Թեսաղոնիկեցիներ 5։14-ում տրված հորդորին։
5 Մեր հավատակիցը գուցե Ղովտի պես սխալ որոշում կայացնի ու դրա հետևանքով լուրջ խնդիրներ ունենա։ Նման դեպքում ի՞նչ կանենք։ Գուցե ցանկանանք նրան ասել, որ նա հնձում է այն, ինչ ցանել է (Գաղ. 6։7)։ Եվ հնարավոր է՝ այդպես էլ կա։ Սակայն կարող ենք ավելի ճիշտ վարվել՝ օգնել նրան այնպես, ինչպես Եհովան՝ Ղովտին։
6 Աստված Ղովտի մոտ հրեշտակների ուղարկեց ոչ միայն նրան նախազգուշացնելու համար, այլև օգնելու, որ Սոդոմի բնակիչների հետ չկործանվի։ Երբ տեսնում ենք, որ մեր հավատակիցը անում է մի բան, ինչը փորձանքի կտանի իրեն, մենք էլ գուցե անհրաժեշտ համարենք նախազգուշացնել նրան։ Բայց թերևս կարողանանք ավելին անել և օգնության հասնել։ Նույնիսկ եթե նա դանդաղում է կիրառել Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդը, պետք է համբերատար լինենք։ Ավելի լավ է այն երկու հրեշտակների պես վարվել։ Հանձնվելու և հավատակցից ձեռք քաշելու փոխարեն՝ պետք է խոսքով ու գործով աջակցենք նրան (1 Հովհ. 3։18)։ Գուցե անհրաժեշտ լինի, այսպես ասած, նրա ձեռքից բռնել և օգնել, որ կիրառի իրեն տրված իմաստուն խորհուրդը (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։
7. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային։
7 Եհովան կարող էր կենտրոնանալ Ղովտի թերությունների վրա։ Բայց այդպես չվարվեց, իսկ հետագայում նույնիսկ Պետրոս առաքյալին ներշնչեց, որ Ղովտին բնութագրի որպես արդար մարդ։ Ինչքա՜ն ուրախ ենք, որ Աստված ներում է մեր սխալները (Սաղ. 130։3)։ Ինչպե՞ս կարող ենք այս հարցում ընդօրինակել Եհովային։ Ավելի համբերատար լինելով մեր հավատակիցների հանդեպ։ Իսկ դրա համար պետք է կենտրոնանանք նրանց լավ կողմերի վրա։ Այդ դեպքում նրանք ավելի հակված կլինեն ընդունելու մեր առաջարկած օգնությունը։
ԿԱՐԵԿԻՑ ԵՂԻՐ
8. Կարեկցանքը մեզ ի՞նչ անելու կմղի։
8 Ի տարբերություն Ղովտի՝ Հոբի տառապանքների պատճառը իր կայացրած սխալ որոշումները չէին։ Բայց չնայած դրան՝ նա շատ ծանր փորձությունների միջով անցավ։ Հոբը կորցրեց իր ունեցվածքը, հասարակության մեջ ունեցած դիրքը, առողջությունը։ Եվ որ ամենասարսափելին է, նրա բոլոր երեխաները մեկ օրում մահացան։ Այդ ամենից բացի՝ նա նաև ստիպված եղավ լսել իր մոտ եկած երեք կեղծ մխիթարիչների մեղադրանքները։
Իսկ ինչո՞ւ այդ մարդիկ չկարեկցեցին Հոբին։ Պատճառներից մեկն այն էր, որ նրանք միայն արտաքինով դատեցին և չփորձեցին հասկանալ իրենց ընկերոջը։ Դրա հետևանքով նրանք հապճեպորեն սխալ եզրակացություններ արեցին և խստորեն դատապարտեցին Հոբին։ Ի՞նչ պետք է անենք, որ չկրկնենք նույն սխալը։ Նախ պետք է ընդունենք այն փաստը, որ մարդու իրավիճակին վերաբերող բոլոր մանրամասները միայն Եհովան գիտի։ Ապա պետք է ուշադրությամբ լսենք տառապանքներ կրող մարդուն։ Սակայն պետք է ոչ միայն լսենք նրա արտաբերած խոսքերը, այլև փորձենք զգալ նրա ցավը։ Միայն այդ դեպքում կկարողանանք իսկապես ցավակից լինել մեր եղբորը կամ քրոջը։9. Կարեկից մարդը ի՞նչ չի անի և ինչո՞ւ։
9 Կարեկից մարդը չի բամբասի ուրիշների խնդիրներից։ Բամբասողը չի նպաստում ժողովի միասնությանը, հակառակը՝ պառակտում է այն (Առակ. 20։19; Հռոմ. 14։19)։ Այդպիսի մարդուն բարի չես անվանի։ Նրա անմտածված խոսքերը կարող են խոցել այն հավատակցին, որն առանց այն էլ տառապում է (Առակ. 12։18; Եփես. 4։31, 32)։ Որքա՜ն ավելի լավ է մեր եղբոր կամ քրոջ մեջ դրական հատկություններ փնտրել և մտածել, թե ինչպես նրան օգնենք դիմանալ իր ցավերին։
10. Հոբ 6։2, 3 համարներից ի՞նչ ենք սովորում։
10 Կարդա Հոբ 6։2, 3։ Հոբը երբեմն անսանձ խոսքեր էր ասում։ Սակայն հետագայում նա հետ վերցրեց դրանք՝ ընդունելով, որ սխալ բաներ է ասել (Հոբ 42։6)։ Այսօր էլ սթրես տանող մարդը Հոբի պես գուցե անսանձ խոսքեր ասի, որոնց համար հետագայում կարող է զղջալ։ Ուստի նման դեպքերում ինչպե՞ս պետք է արձագանքենք։ Քննադատելու փոխարեն՝ ճիշտ կանենք, եթե կարեկցենք նրան։ Եկեք չմոռանանք. Եհովան մեզ այնպես չէր ստեղծել, որ խնդիրներով ու սթրեսներով լի կյանքով ապրեինք։ Ուստի հասկանալի է, թե Աստծու հավատարիմ ծառան ինչու կարող է մեծ ճնշման տակ անմտածված բաներ ասել։ Նույնիսկ եթե նա սխալ բաներ է խոսում Եհովայի կամ մեր մասին, չպետք է անմիջապես բարկանանք կամ դատապարտենք նրան (Առակ. 19։11)։
11. Խորհուրդ տալիս երեցները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Եղիուսին։
11 Խնդիրներ ունեցող մարդը երբեմն նաև խորհրդի կամ խրատի կարիք է ունենում (Գաղ. 6։1)։ Երեցները ինչպե՞ս պետք է խորհուրդ տան։ Նրանք պետք է ընդօրինակեն Եղիուսին, որը մեծ կարեկցանքով լսեց Հոբին (Հոբ 33։6, 7)։ Եղիուսը Հոբին խորհուրդ տվեց միայն այն բանից հետո, երբ հասկացավ նրա մտածելակերպը։ Այդ կարեկից մարդու օրինակին հետևելով՝ երեցները ուշադրությամբ կլսեն դիմացինին և կփորձեն նրա դրության մեջ մտնել։ Այդ դեպքում նրանք, ամենայն հավանականությամբ, կհասնեն նրա սրտին։
ՍՓՈՓԻՉ ԽՈՍՔԵՐ ԱՍԱ
12. Նոեմիի վրա ի՞նչ ազդեցություն թողեց ամուսնու և որդիների մահը։
12 Նոեմին Եհովայի հավատարիմ ծառաներից մեկն էր և շատ էր սիրում Աստծուն։ Բայց իր ամուսնու և երկու որդիների մահից հետո նա ցանկացավ փոխել իր անունը և կոչվել Մարա, որը նշանակում է «դառը» (Հռութ 1։3, 5, 20, ծնթ., 21)։ Նոեմիի հարս Հռութը նրա բոլոր դժվարությունների ժամանակ մենակ չթողեց իր սկեսրոջը։ Հռութը ոչ միայն հոգ էր տանում Նոեմիի մասին, այլև սրտաբուխ ջերմ խոսքերով սփոփում էր նրան և արտահայտում իր սերը (Հռութ 1։16, 17)։
13. Կողակից կորցրած հավատակիցը ինչո՞ւ ավելի շատ ունի մեր աջակցության կարիքը։
13 Երբ մեր հոգևոր ընտանիքի անդամներից մեկը կորցնում է իր կողակցին, նա հատկապես այդ ժամանակ է մեր աջակցության կարիքը զգում։ Ամուսինները կարող են իրար հետ այնքան կապված լինել, որքան կողք կողքի աճած ծառերը։ Տարիների ընթացքում այդ ծառերի արմատները միահյուսվում են։ Երբ դրանցից մեկը արմատախիլ են անում, մյուս ծառը դրանից վնասվում է։ Նմանապես, երբ մարդու կողակիցը մահանում է, նա կարող է երկար ժամանակ խոր ցավ զգալ։ Փոլան, * որի ամուսինը հանկարծամահ է եղել, պատմում է. «Կյանքս գլխիվայր շուռ եկավ։ Ինձ լիովին անօգնական էի զգում։ Ես կորցրել էի լավագույն ընկերոջս, որի հետ ամեն ինչի մասին անկաշկանդ խոսում էի։ Նա իմ ուրախություններով ուրախանում էր, իսկ դժվարին պահերին աջակցում էր ինձ։ Նա միշտ կարեկցանքով լսում էր, երբ խոսում էի անհանգստություններիս մասին, և սփոփում էր ինձ։ Նրա մահից հետո ինձ թվում էր, թե սրտիս կեսը կաթվածահար է եղել»։
14–15. Ինչպե՞ս կարող ենք սփոփել կողակից կորցրած մարդուն։
14 Ինչպե՞ս կարող ենք սփոփել մեկին, որի կյանքի ընկերը մահացել է։ Առաջին կարևոր քայլը այն է, որ խոսենք այդ հավատակցի հետ, անգամ եթե անհարմար ենք զգում կամ չգիտենք՝ ինչ ասենք։ Փոլան նշում է. «Ես հասկանում եմ, որ մարդիկ ամաչում են մահվանից խոսել։ Նրանք անհանգստանում են, թե գուցե սխալ բան ասեն և խոցեն քեզ։ Բայց ավելի ցավալի է, երբ քեզ ոչինչ չեն ասում»։ Սգացող մարդը դժվար թե մեզանից ինչ-որ արտասովոր բան ակնկալի։ Փոլան ավելացնում է. «Ես մխիթարվում էի, նույնիսկ երբ ընկերներս պարզապես ասում էին. «Շատ ենք ցավում քո կորստի համար»»։
15 Ուիլյամը, որի կինը մի քանի տարի առաջ մահացել է, պատմում է. «Ինձ դուր է գալիս, երբ ուրիշները լավ բաներ են հիշում ու պատմում կնոջս մասին։ Նորից ու նորից տեսնում եմ, որ նրան շատերն էին սիրում ու հարգում։ Դա ինձ շատ է սփոփում։ Նրանց խոսքերը
հաճելի են ինձ, քանի որ անչափ սիրում էի կնոջս. նա կյանքումս այնքա՜ն մեծ դեր ուներ»։ Բիանկա անունով մի այրի ասում է. «Երբ ուրիշներն ինձ հետ աղոթում են կամ մեկ-երկու սուրբգրային միտք են ասում, սրտիս ցավը մեղմանում է։ Նաև թեթևանում եմ, երբ հետս խոսում են ամուսնուս մասին կամ էլ լսում են, երբ պատմում եմ նրանից»։16. ա) Ի՞նչ կարող ենք անել նրանց համար, ովքեր հարազատ են կորցրել։ բ) Հակոբոս 1։27-ի համաձայն՝ ի՞նչ կարևոր պարտականություն ունենք։
16 Ինչպես որ Հռութը մնաց Նոեմիի կողքին, այնպես էլ մենք պետք է շարունակ աջակցենք նրանց, ովքեր հարազատ են կորցրել։ Փոլան ասում է. «Ամուսնուս մահից անմիջապես հետո շատերը եկան ինձ մխիթարելու։ Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ վերադարձան իրենց բնականոն կյանքին։ Իսկ իմ կյանքում ոչինչ առաջվա պես չէր։ Շատ մխիթարական է, երբ ուրիշները հասկանում են, որ վիշտ ունեցող մարդը գուցե ամիսներ, անգամ տարիներ շարունակ աջակցության կարիք ունենա»։ Իհարկե, մարդիկ տարբեր են։ Ոմանք համեմատաբար արագ են համակերպվում նոր հանգամանքներին։ Կան մարդիկ էլ, որոնց մտքում ցավոտ հիշողություններ է արթնացնում ամեն բան, որ իրենք նախկինում կողակցի հետ էին անում։ Փաստ է, որ ամեն մարդ յուրովի է տանում իր վիշտը։ Սակայն եկեք միշտ հիշենք, որ Եհովան մեզ սուրբ պարտականություն է տվել՝ հոգ տանել այրիներին (կարդա Հակոբոս 1։27)։
17. Նրանք, ում թողել են կողակիցները, ինչո՞ւ մեր աջակցության կարիքն ունեն։
17 Երբեմն էլ մարդը մենակ է մնում ոչ թե կողակցի մահվան հետևանքով, այլ քանի որ
վերջինս լքում է իրեն։ Դա նույնպես անասելի ցավ ու տառապանք է պատճառում։ Ջոյսը, որի ամուսինը հանուն ուրիշ կնոջ լքել է իրեն, ասում է. «Նրա մահը գուցե այնպես չխոցեր ինձ, ինչպես մեր ամուսնալուծությունը։ Երբ մարդը մահանում է դժբախտ պատահարի կամ հիվանդության պատճառով, դա նրա ընտրությամբ չի լինում։ Բայց այս դեպքում նա ինքն էր որոշել թողնել ինձ։ Ես այնքա՜ն նվաստացած էի զգում»։18. Ի՞նչ կարող ենք անել նրանց համար, ովքեր այլևս կողակից չունեն։
18 Երբ այրիների կամ ամուսնալուծվածների համար բարի գործեր ենք անում, թեկուզև փոքր, ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրանց։ Այժմ, երբ նրանք մենակ են, առավել, քան երբևէ, լավ ընկերների կարիք ունեն (Առակ. 17։17)։ Իսկ ինչպե՞ս կարող ես իսկական ընկեր լինել նրանց համար։ Օրինակ՝ գուցե այդ մարդկանց հրավիրես ճաշի, նույնիսկ եթե սեղանդ ճոխ չէ։ Նաև կարող ես առաջարկել միասին ժամանակ անցկացնել կամ դուրս գալ ծառայության։ Գուցե երբեմն էլ նրանց հրավիրես ձեր ընտանեկան երկրպագությանը։ Այդպես կուրախացնես Եհովային, քանի որ ինքն էլ «մոտ է սրտով կոտրվածներին» և «նեցուկ է կանգնում.... այրուն» (Սաղ. 34։18; 146։9)։
19. 1 Պետրոս 3։8-ը մեզ ի՞նչ անելու է մղում։
19 Շուտով, երբ Աստծու Թագավորությունը սկսի իշխել երկրի վրա, բոլոր «նեղությունները կմոռացվեն»։ Որքա՜ն ենք սպասում այն ժամանակներին, երբ «նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Ես. 65։16, 17)։ Բայց մինչ այդ եկեք թևութիկունք լինենք միմյանց և խոսքով ու գործով ցույց տանք, որ սիրում ենք մեր հոգևոր ընտանիքի յուրաքանչյուր անդամի (կարդա 1 Պետրոս 3։8)։
ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները
^ պարբ. 5 Ղովտը, Հոբը և Նոեմին Եհովայի հավատարիմ ծառաներն են եղել, բայց բոլորն էլ զանազան դժվարությունների պատճառով սթրես են տարել։ Այս հոդվածում կխոսվի այն մասին, թե ինչ կարող ենք սովորել նրանց օրինակից։ Նաև կքննենք, թե ինչու է կարևոր համբերատար ու կարեկից լինել մեր հավատակիցների նկատմամբ և նեղության պահին սփոփել նրանց։
^ պարբ. 13 Անունները փոխված են։
^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Մի եղբայր շատ նեղված է, ուստի «անսանձ խոսքեր» է ասում, իսկ երեցը համբերությամբ լսում է նրան։ Որոշ ժամանակ անց, երբ եղբոր բարկությունն անցնում է, երեցը բարությամբ խորհուրդ է տալիս նրան։
^ պարբ. 59 ՆԿԱՐ։ Երիտասարդ ամուսնական զույգը ժամանակ է անցկացնում մի եղբոր հետ, որի կինը վերջերս մահացել է։ Նրանք վերհիշում են նրա հետ անցկացրած հաճելի պահերը։