Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արձագանքո՞ւմ ես փողի ձայներին

Արձագանքո՞ւմ ես փողի ձայներին

ԲՈԼՈՐՍ էլ վստահ ենք, որ Եհովան հոգևորապես առաջնորդում է իր ժողովրդին և թիկունք է կանգնում նրանց այս «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1)։ Սակայն կընդունենք նրա առաջնորդությունը, թե ոչ, կախված է մեզանից։ Մեր իրավիճակը շատ հարցերում նման է անապատում գտնվող իսրայելացիների իրավիճակին։ Նրանք պետք է գործի անցնեին փողի ձայնը լսելուն պես։

Եհովան Մովսեսին պատվիրեց կոփել երկու արծաթյա փող՝ «իսրայելացիներին մեկտեղ հավաքելու և ճամբարները հավաքելու համար» (Թվեր 10։2)։ Դրանք տարբեր ձևերով փչելով՝ քահանաները առաջնորդություն էին տալիս ժողովրդին (Թվեր 10։3–8)։ Մեր օրերում Աստծու ժողովուրդը առաջնորդություն է ստանում տարբեր կերպերով։ Այս հոդվածում կքննենք դրանցից երեքը, և դրանք կհամեմատենք հին Իսրայելում հնչող ազդանշանների հետ։ Այսօր նման ազդանշանները Աստծու ժողովրդին հրավիրում են մասնակցելու մեծ հավաքույթների, վերակացուներին՝ ստանալու հավելյալ կրթություն, իսկ ժողովներին՝ հետևելու թարմացված կամ փոփոխված առաջնորդությանը։

ՄԵԾ ՀԱՎԱՔՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱԶԴԱՆՇԱՆ

Երբ Եհովան ուզում էր, որ «բոլոր իսրայելացիները» հավաքվեին խորանի արևելյան կողմում՝ մուտքի մոտ, քահանաները փչում էին երկու փողերը (Թվեր 10։3)։ Խորանի չորս կողմերում ճամբար դրած բոլոր ցեղերը կարող էին հստակ լսել այդ ազդանշանը։ Նրանք, ովքեր խորանի մուտքի մոտ էին ճամբար դրել, կարող էին րոպեների ընթացքում հավաքվել։ Իսկ մյուսներից ավելի շատ ժամանակ և ուժ էր պահանջվում այնտեղ հասնելու համար։ Անկախ հանգամանքներից՝ Եհովան պահանջում էր, որ բոլորը ներկա լինեին և օգուտներ քաղեին։

Թեև մենք այսօր չենք հավաքվում խորանի մուտքի մոտ, սակայն հրավիրվում ենք մասնակցելու Աստծու ժողովրդի մեծ հավաքույթներին։ Դրանց մեջ են մտնում տարածաշրջանային համաժողովները և այլ հատուկ միջոցառումներ, որոնց ժամանակ ստանում ենք կարևոր տեղեկություններ և առաջնորդություն։ Ամբողջ աշխարհում Եհովայի ժողովուրդը այդ միջոցառումների ժամանակ վայելում է միևնույն հոգևոր ծրագիրը։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այս հրավերը, մեծ բավականություն են ստանում։ Թեև ոմանք պետք է ավելի երկար ճանապարհ անցնեն տեղ հասնելու համար, քան մյուսները, սակայն կհամաձայնվեն, որ արժե ջանքեր թափել։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մեկուսի խմբերի մասին, որոնք հնարավորություն չունեն ներկա լինելու մեծ հանդիպումներին։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մեկուսի խմբերի քույրերն ու եղբայրները կարողանում են վայելել նույն ծրագիրը՝ ասես նրանք էլ են ներկա այդ միջոցառմանը։ Օրինակ՝ երբ գլխավոր վարչության ներկայացուցիչը այցելեց Բենինի մասնաճյուղ, նրա ելույթը հեռարձակվեց Նիգերի հանքարդյունաբերական մի փոքր քաղաքում՝ Առլիտում, որը գտնվում է Սահարա անապատում։ Հեռարձակումը դիտեց քսանմեկ հոգի, այդ թվում՝ հետաքրքրվող անհատներ։ Թեև նրանք ներկա չէին միջոցառմանը, սակայն իրենց զգում էին այդ մեծ հավաքույթի մի մասը, որին ներկա էր 44 131 հոգի։ Մի եղբայր գրեց. «Անչափ շնորհակալ եմ այս միջոցառումը հեռարձակելու համար։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան խորն է ձեր սերը մեր հանդեպ»։

ՎԵՐԱԿԱՑՈՒՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱԶԴԱՆՇԱՆ

Երբ քահանաները միայն մեկ փողն էին փչում, հանդիպման վրանի մոտ հավաքվում էին «տոհմապետները՝ Իսրայելի հազարավորների գլուխները» (Թվեր 10։4)։ Այնտեղ նրանք Մովսեսից ստանում էին անհրաժեշտ տեղեկություններ և առաջնորդություն։ Դա նրանց օգնում էր ավելի լավ կատարել իրենց պարտականությունները։ Եթե այդ տոհմապետներից մեկը լինեիր, մի՞թե ամեն ինչ չէիր անի, որ ներկա գտնվեիր և օգուտներ քաղեիր։

Այսօր երեցները «տոհմապետներ» չեն, ոչ էլ իշխում են իրենց հոգածության տակ գտնվող Աստծու հոտի վրա (1 Պետ. 5։1–3)։ Հակառակը՝ նրանք իրենց լավագույնն են անում Աստծու հոտը հովվելու համար։ Ուստի այս եղբայրները հավելյալ կրթություն ստանալու առիթը բաց չեն թողնում, ինչպես, օրինակ, «Թագավորական ծառայության դպրոցում» սովորելու հնարավորությունը։ Դասընթացների ընթացքում երեցները սովորում են՝ ինչպես ավելի արդյունավետորեն հոգ տանեն ժողովի մասին, ինչը նպաստում է ողջ ժողովի հոգևոր բարօրությանը։ Նույնիսկ եթե չես հաճախել այդ դպրոցներից որևէ մեկը, միևնույնն է, նրանց ստացած կրթությունը քեզ էլ է օգուտներ բերում։

ՓՈՓՈԽՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԱԶԴԱՆՇԱՆ

Քահանաները նաև տատանվող ազդանշաններ էին հնչեցնում։ Դա նշանակում էր, որ իսրայելացիները պետք է հավաքեին ճամբարները և ճանապարհ ընկնեին (Թվեր 10։5, 6)։ Դրա համար նրանք պետք է լավ կազմակերպված լինեին և շատ ջանքեր թափեին։ Երբեմն իսրայելացիներից ոմանք գուցե դժկամությամբ արձագանքեին այդ ազդանշանին։ Ինչո՞ւ։

Թերևս ոմանց համար այդ ազդանշանները չափազանց հաճախակի էին և անսպասելի։ Աստվածաշունչն ասում է. «Որքան ժամանակ որ ամպը կանգնած մնար խորանի վերևում... Իսրայելի որդիները ճամբար դրած մնում էին»։ Երբեմն «ամպը մնում էր երեկոյից առավոտ», երբեմն էլ՝ երկու օր, մեկ ամիս կամ ավելի երկար (Թվեր 9։21, 22)։ Իսկ քանի՞ անգամ են իսրայելացիները անապատում մի վայրից մյուսը տեղափոխվել։ Թվեր 33-րդ գլխում նշվում է մոտ 40 վայր, որտեղ նրանք ճամբար են դրել։

Երբեմն «մեծ ու ահազդու անապատում» իսրայելացիները ճամբար էին դնում մի ստվերոտ վայրում։ Դա կարող էր շատ հաճելի և հարմարավետ լինել (2 Օրենք 1։19)։ Ուստի բնական է, որ ոմանք գուցե չուզեին տեղափոխվել՝ մտածելով, որ դա փոփոխություն է դեպի վատը։

Երբ ցեղերը սկսում էին ճանապարհ ընկնել, ոմանց համար գուցե դժվար էր սպասել իրենց հերթին։ Բոլորն էլ լսում էին փողի տատանվող ազդանշանը, սակայն բոլորը չէ, որ կարող էին անմիջապես ճանապարհ ընկնել։ Երբ փողի ձայնը հնչում էր առաջին անգամ, ճանապարհ էին ընկնում Հուդայի, Իսաքարի և Զաբուղոնի ցեղերը, որոնք ճամբար էին դնում արևելյան կողմում (Թվեր 2։3–7; 10։5, 6)։ Եվ երբ քահանաները երկրորդ անգամ էին տատանվող ազդանշան հնչեցնում, ճանապարհ էին ընկնում հարավային կողմում ճամբար դրած ցեղերը։ Այսպես շարունակվում էր մինչև ամբողջ ժողովուրդը ճանապարհ ընկներ։

Հնարավոր է՝ դու էլ երբեմն դժվարանաս հարմարվել կազմակերպչական որոշ փոփոխությունների։ Գուցե կարծում ես, որ չափից շատ են անսպասելի փոփոխությունները։ Թերևս արդեն հարմարվել ես որոշ բաների ու մտածում ես, որ լավ կլիներ՝ ոչինչ էլ չփոխվեր։ Քեզնից միգուցե ժամանակ ու համբերություն է պահանջվել այդ փոփոխություններին հարմարվելու համար։ Այնուամենայնիվ, երբ ճիշտ ենք արձագանքում փոփոխություններին, տեսնում ենք, թե ինչ լավ արդյունքներ են բերում դրանք, և թե ինչպես է Եհովան օրհնում մեզ։

Մովսեսի օրերում Եհովան անապատում առաջնորդում էր միլիոնավոր տղամարդկանց, կանանց և երեխաների։ Առանց Եհովայի հոգատարության և առաջնորդության՝ նրանք չէին կարողանա վերապրել։ Մեր օրերում էլ Եհովան առաջնորդում է մեզ, ինչի շնորհիվ հոգևորապես կենդանի ենք մնում, դեռ ավելին՝ բարգավաճում ենք։ Ուստի եկեք վճռենք հավատարիմ իսրայելացիների նման պատրաստակամորեն արձագանքել փողի տարբեր ձայներին։