Ընթերցողների հարցերը
Արդյո՞ք «ոգու պտուղը» սահմանափակվում է միայն Գաղատացիներ 5։22, 23-ում նշված հատկություններով
Գաղատացիներ 5։22, 23 համարներում նշված են ինը հատկություններ՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում»։ Բայց սրանք այն բոլոր լավ հատկությունները չեն, որ Աստծու ոգին օգնում է մեզ զարգացնել։
Նկատի առնենք, թե Պողոս առաքյալը ինչ է գրել նախորդ համարներում. «Մարմնի գործերն ակնհայտ են. դրանք են՝ պոռնկություն, անմաքրություն, անառակ վարք, կռապաշտություն, ոգեհարցություն, թշնամություններ, պառակտումներ, խանդ, զայրույթի պոռթկումներ, վեճեր, բաժանումներ, աղանդավորություն, նախանձ, հարբեցողություններ, խրախճանքներ և նման բաներ» (Գաղ. 5։19–21)։ Պողոսը կարող էր այս թվարկումը շարունակել՝ նշելով մարմնի այնպիսի գործեր, ինչպիսիք են, օրինակ, Կողոսացիներ 3։5 համարում նշված գործերը։ Նույն ձևով էլ ինը լավ հատկությունները թվարկելուց հետո նա ասում է. «Այսպիսի բաների դեմ օրենք չկա»։ Փաստորեն, Պողոսը ոչ բոլոր լավ հատկություններն է նշել, որոնք կարող ենք զարգացնել սուրբ ոգու օգնությամբ։
Դա ակնհայտ երևում է, երբ այս ինը հատկությունները համեմատում ենք Եփեսացիներ 5։8, 9 համարներում նշված հատկությունների հետ։ Այստեղ կարդում ենք. «Լույսի պտուղն իր մեջ պարունակում է ամեն տեսակ առաքինություն, արդարություն և ճշմարտություն»։ Տեսնում ենք, որ «առաքինությունը», որը «ոգու պտղի» մաս է կազմում, արդարության և ճշմարտության հետ միասին նաև «լույսի պտղի» մաս է կազմում։ Ուստի Պողոսը կարող էր ոգու պտղի հատկությունները թվարկելիս նաև նշել արդարությունն ու ճշմարտությունը։
Բացի այդ՝ ուշադրություն դարձնենք, թե Պողոսը ինչ խորհուրդ է տալիս Տիմոթեոսին. «Հետևիր արդարության, Աստծու հանդեպ նվիրվածության, հավատի, սիրո, տոկունության, մեղմության» (1 Տիմոթ. 6։11)։ Այստեղ նշված վեց լավ հատկություններից միայն երեքը՝ հավատը, սերը և մեղմությունն են հիշատակվում «սուրբ ոգու պտղի» մաս կազմող հատկություններում։ Տիմոթեոսն, անշուշտ, գիտակցում էր, որ սուրբ ոգու օգնության կարիքն ունի, որպեսզի կարողանա զարգացնել նաև մյուս հատկությունները՝ արդարությունը, նվիրվածությունը և տոկունությունը (համեմատիր Կողոսացիներ 3։12; 2 Պետրոս 1։5–7)։
Փաստորեն, Գաղատացիներ 5։22, 23 համարներում ոչ բոլոր հատկություններն են նշված, որ քրիստոնյան պետք է մշակի։ Ճիշտ է, Աստծու սուրբ ոգին օգնում է զարգացնել այն ինը հատկությունները, որոնք Պողոսը հիշատակում է որպես «ոգու պտուղ», սակայն ուրիշ հատկություններ էլ կան, որոնք քրիստոնյան պետք է զարգացնի հոգևորապես հասուն լինելու համար։ Նա պետք է «հագնի նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփես. 4։24)։