Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 26

«Վերադարձեք ինձ մոտ»

«Վերադարձեք ինձ մոտ»

«Վերադարձեք ինձ մոտ, ու ես կվերադառնամ ձեզ մոտ» (ՄԱՂ. 3։7

ԵՐԳ 102 «Օգնեք թույլերին»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ է զգում Եհովան, երբ իր կորած գառներից մեկը գտնվում է։

ԻՆՉՊԵՍ տեսանք նախորդ հոդվածից, Եհովան իրեն համեմատում է հոգատար հովվի հետ, ով քնքշորեն խնամում է իր յուրաքանչյուր գառնուկին։ Եվ երբ նրանցից մեկը կորչում է, նա սկսում է փնտրել նրան։ Եհովան իրենից հեռացած իսրայելացիներին ասաց. «Վերադարձեք ինձ մոտ, ու ես կվերադառնամ ձեզ մոտ»։ Եհովան հիմա էլ նույն վերաբերմունքն ունի։ Նա ասում է. «Ես չեմ փոխվում» (Մաղ. 3։6, 7)։ Հիսուսն ասաց, որ Եհովան ու հրեշտակները ցնծում են, երբ կորած գառներից մեկն անգամ գտնվում է (Ղուկ. 15։10, 32

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Այս հոդվածում կքննենք Հիսուսի առակներից երեքը և կիմանանք, թե ինչպես կարող ենք օգնել ոչ ակտիվ դարձած մեր հավատակիցներին։ Կտեսնենք, թե ինչ հատկություններ պետք է դրսևորենք, որպեսզի օգնենք նրանց վերադառնալ Եհովայի մոտ։ Նաև կիմանանք, թե ինչու արժե ջանքեր ներդնել նրանց շարունակ աջակցելու համար։

ԿՈՐԱԾ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ

3–4. Ղուկաս 15։8–10-ում հիշատակված կինը ինչո՞ւ է ջանասիրաբար փնտրում իր կորած դրախման։

3 Մենք պետք է շատ ջանքեր ներդնենք, որպեսզի կարողանանք գտնել նրանց, ովքեր ուզում են վերականգնել Եհովայի հետ մտերմությունը։ Ղուկասի ավետարանում կարդում ենք կորած դրախմայի մասին առակը։ Հիսուսը պատմում է մի կնոջ մասին, ով փնտրում է իր համար թանկարժեք մի մետաղադրամ։ Առակում ուշադրություն է դարձվում այն բանի վրա, թե ինչպիսի ջանասիրությամբ է կինը փնտրում իր կորած դրախման (կարդա Ղուկաս 15։8–10

4 Հիսուսը նկարագրում է, թե ինչ է զգում կինը, երբ գտնում է այն։ Հիսուսի օրերում որոշ հրեա կանայք իրենց դուստրերին հարսանիքի օրը նվիրում էին տասը դրախմա։ Գուցե կորած մետաղադրամը հենց այդ տասը դրախմաներից մեկն էր։ Կինը ենթադրում է, որ իր համար թանկ այդ մետաղադրամը ընկել է հատակին։ Ուստի վառում է ճրագը և սկսում փնտրել այն, բայց չի գտնում։ Ճրագի լույսը գուցե այնքան ուժեղ չէր, որ նա կարողանար տեսնել փոքրիկ արծաթե մետաղադրամը։ Դրա համար նա սկսում է ավլել ողջ տունը։ Եվ հանկարծ հավաքված փոշու մեջ ճրագի լույսի տակ պսպղում է կորած դրախման։ Ինչպիսի՜ թեթևացում։ Նա կանչում է իր ընկերուհիներին և հարևանուհիներին, որպեսզի պատմի իր ուրախության մասին։

5. Ինչո՞ւ գուցե դժվար լինի գտնել նրանց, ովքեր հեռացել են ժողովից։

5 Ինչպես տեսանք Հիսուսի առակից, մեծ ջանքեր են պահանջվում կորածը գտնելու համար։ Նմանապես, եթե ուզում ենք գտնել մեր այն հավատակիցներին, ովքեր հեռացել են ժողովից, պետք է ջանքեր թափենք։ Գուցե երկար տարիներ է, ինչ նրանք ոչ ակտիվ են դարձել կամ էլ այժմ ապրում են մի այնպիսի վայրում, որտեղ Վկաները չեն ճանաչում նրանց։ Ինչևէ, մենք համոզված ենք, որ նրանցից ոմանք այժմ մեծ ցանկություն ունեն վերադառնալու Եհովայի մոտ և նորից ծառայելու նրան իրենց քույրերի ու եղբայրների հետ, սակայն մեր օգնության կարիքն ունեն։

6. Ինչպե՞ս կարող են ժողովի բոլոր քարոզիչները մասնակցել ոչ ակտիվներին փնտրելու գործին։

6 Ովքե՞ր կարող են մասնակցել ոչ ակտիվներին փնտրելու գործին։ Բոլորս՝ թե՛ նրանց ընտանիքի անդամները, թե՛ երեցները, թե՛ ռահվիրաները և թե՛ ժողովի մյուս քարոզիչները։ Ունե՞ս այնպիսի հարազատ կամ ընկեր, ով ոչ ակտիվ է դարձել։ Տնետան կամ հրապարակային վկայության ժամանակ հանդիպե՞լ ես ոչ ակտիվ քարոզչի։ Եթե նա ցանկանում է՝ իրեն այցելեն, ապա ասա, որ ուրախ կլինես իր կոնտակտային տվյալները փոխանցել երեցներին։

7. Ի՞նչ ես սովորում Թոմաս անունով մի երեցի խոսքերից։

7 Ի՞նչ գործնական քայլեր կարող են ձեռնարկել հատկապես երեցները, որպեսզի գտնեն նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ Եհովայի մոտ։ Թոմաս * անունով մի երեց, ով ապրում է Իսպանիայում և օգնել է ավելի քան 40 հոգու վերադառնալ ժողով, ասում է. «Նախ եղբայրներից ու քույրերից հետաքրքրվում եմ, թե մեր ժողովի ոչ ակտիվ քարոզիչները հիմա որտեղ են ապրում։ Կամ հարցնում եմ նրանց՝ արդյոք հիշում են մեկին, ով վաղուց ժողով չի գալիս։ Ժողովում շատերը մեծ ոգևորությամբ են արձագանքում, քանի որ իրենց ներգրավված են զգում փնտրելու գործում։ Հետո, երբ այցելում եմ ոչ ակտիվ եղբայրների կամ քույրերի, նրանց հարցնում եմ իրենց երեխաների և հարազատների մասին։ Որոշ ոչ ակտիվ հավատակիցներ նախկինում իրենց երեխաների հետ էին գալիս ժողով։ Այդ երեխաներից ոմանք մի ժամանակ գուցե քարոզիչ են եղել։ Նրանց էլ կարող ենք օգնել վերադառնալ Եհովայի մոտ»։

ՕԳՆԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

8. Ղուկաս 15։17–24-ում գրված առակում հայրը ինչպե՞ս վարվեց իր զղջացող որդու հետ։

8 Ի՞նչ հատկություններ են անհրաժեշտ, որպեսզի կարողանանք օգնել նրանց, ովքեր ցանկանում են հետ գալ։ Տեսնենք, թե ինչ ենք սովորում կորած որդու մասին Հիսուսի պատմած առակից (կարդա Ղուկաս 15։17–24)։ Հիսուսը նկարագրում է, թե ինչպես է որդին ի վերջո խելքի գալիս և վերադառնում տուն։ Հայրը ընդառաջ է վազում որդուն և ամուր գրկում նրան՝ վստահեցնելով իր սիրո մեջ։ Նա խղճում է որդուն՝ տեսնելով, որ վերջինս մեղավորության զգացում ունի և իրեն արժանի չի համարում որդի կոչվելու։ Հետո նրա պատվին խնջույք է կազմակերպում և զղջացող որդուն թանկարժեք հագուստ նվիրում՝ ցույց տալով, որ ընտանիքը ընդունում է նրան որպես սիրելի որդի, ոչ թե վարձու աշխատող։

9. Ի՞նչ հատկություններ պետք է ունենանք ոչ ակտիվ քարոզիչներին օգնելու համար (տես « Ինչպես օգնել նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ» շրջանակը)։

9 Եհովան նման է առակում նշված հորը։ Նա սիրում է իր որդիներին ու դուստրերին, ովքեր դարձել են ոչ ակտիվ, և ուզում է, որ նրանք վերադառնան իր մոտ։ Եհովայի նման՝ մենք էլ ենք սիրում նրանց և ցանկանում ենք, որ հետ գան։ Մենք կկարողանանք օգնել նրանց, եթե դրսևորենք համբերություն, կարեկցանք և սեր։ Իսկ ինչո՞ւ են անհրաժեշտ հենց այս հատկությունները։ Ինչպե՞ս կարող ենք դրսևորել դրանք։

10. Ինչո՞ւ պետք է համբերատար լինենք, երբ օգնում ենք անհատին հոգևորապես ապաքինվել։

10 Մենք պետք է համբերատար լինենք, քանի որ ժամանակ է հարկավոր, որպեսզի անհատը հոգևորապես ապաքինվի։ Քարոզիչներից շատերը, ովքեր մի ժամանակ ոչ ակտիվ են եղել, ասում են, որ իրենք վերադարձել են ժողով միայն այն բանի շնորհիվ, որ երեցներն ու հավատակիցները շարունակ այցելել են իրենց։ Նենսի անունով մի քույր, ով ապրում է Հարավարևելյան Ասիայում, պատմում է. «Ժողովի մտերիմ ընկերներիցս մեկը շատ օգնեց։ Նա ինձ այնպես էր սիրում, ասես իր ավագ քույրը լինեի։ Հիշեցնում էր միասին անցկացրած լավ օրերի մասին։ Համբերությամբ լսում էր, երբ պատմում էի զգացմունքներիս մասին և չէր վարանում խորհուրդ տալ։ Նա փաստեց, որ իսկական ընկեր է՝ միշտ պատրաստ օգնելու»։

11. Ինչո՞ւ է անհրաժեշտ կարեկցանք դրսևորել։

11 Կարեկցանքը նման է ուժեղ դեղամիջոցի, որը կարող է բուժել վիրավորված զգացմունքները։ Որոշ քարոզիչներ դարձել են ոչ ակտիվ, քանի որ տարիներ առաջ ժողովում ինչ-որ մեկը վիրավորել է իրենց։ Եվ նրանք, հնարավոր է, դեռ դառնացած են դրանից։ Այդ զգացմունքները խանգարում են նրանց վերադառնալ Եհովայի մոտ։ Ոմանք թերևս կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել։ Նրանք ընկերոջ կարիք ունեն, ով ուշադիր կլսի և կհասկանա իրենց ապրումները (Հակ. 1։19)։ Մարիան, ով մի ժամանակ ոչ ակտիվ քարոզիչ էր, ասում է. «Ես կարիք ունեի հավատարիմ մեկի, ում ուսին կարող էի գլուխս դնել ու լաց լինել, ով պատրաստ կլիներ ինձ լսել, խորհուրդ տալ և օգնության հասնել»։

12. Ի՞նչ իմաստով է Եհովայի սերը նման պարանի։ Բացատրիր։

12 Աստվածաշնչում Եհովայի սերը իր ժողովրդի հանդեպ նմանեցվում է լարի կամ պարանի։ Իսկ ի՞նչ իմաստով է Աստծու սերը նման պարանի։ Պատկերացրու՝ խեղդվում ես ալեկոծվող ծովում, և ինչ-որ մեկը փրկօղակ է նետում քեզ։ Անկասկած, դու շնորհակալ կլինես, քանի որ փրկօղակը կօգնի՝ ջրի երեսին մնաս։ Բայց այն բավարար չէ, որ փրկվես։ Ջրի սառնության պատճառով գուցե չկարողանաս լողալ մինչև փրկարարական նավակը։ Պետք է ինչ-որ մեկը պարանով քաշի քեզ դեպի այն և դուրս հանի ջրից։ Իրենից հեռացած իսրայելացիների մասին Եհովան ասաց. «Ես քաշում էի նրանց... սիրո լարերով» (Օս. 11։4)։ Աստված նույն վերաբերմունքն ունի այսօր նրանց նկատմամբ, ովքեր հեռացել են իրենից և խեղդվում են կյանքի հոգսերի ու դժվարությունների ծովում։ Աստված սիրում ու սպասում է նրանց և ուզում է, որ նրանք իմանան այդ մասին։ Գուցե նա իր սերը արտահայտի հենց քո միջոցով։

13. Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, թե մեր սերը ինչպես կարող է անհատին մղել վերադառնալու։

13 Անչափ կարևոր է ոչ ակտիվ քարոզիչներին հավաստիացնել, որ թե՛ Եհովան և թե՛ մենք սիրում ենք իրենց։ Պաբլոն, ում մասին խոսեցինք նախորդ հոդվածում, ոչ ակտիվ է եղել ավելի քան 30 տարի։ Նա պատմում է. «Մի օր, երբ առավոտյան տնից դուրս էի գալիս, մի տարեց քույր մոտեցավ ու ջերմորեն խոսեց հետս։ Նրա վերաբերմունքից այնքան հուզվեցի, որ սկսեցի երեխայի պես լաց լինել։ Քրոջն ասացի, որ Եհովան է իրեն ուղարկել։ Հենց այդ պահին որոշեցի վերադառնալ»։

ՍԻՐՈՎ ԱՋԱԿՑԵՆՔ ԹՈՒՅԼԵՐԻՆ

14. Ղուկաս 15։4, 5 համարների համաձայն՝ ի՞նչ արեց հովիվը կորած գառնուկին գտնելուց հետո։

14 Ոչ ակտիվ քարոզիչները շարունակական օգնության կարիք ունեն։ Հիսուսի առակում նշված կորած որդու պես՝ նրանք գուցե զգացապես սպառված լինեն։ Եվ քանի որ մի որոշ ժամանակ Սատանայի աշխարհի ազդեցության տակ են եղել, հավանական է նաև, որ հոգևոր թույլ վիճակում լինեն։ Հետևաբար մենք պետք է օգնենք նրանց, որ ամրացնեն Եհովայի հանդեպ իրենց հավատը։ Կորած ոչխարի մասին առակում Հիսուսը նկարագրում է, թե ինչպես է հովիվը, մոլորված գառնուկին իր ուսերին դրած, հետ բերում հոտ։ Հովիվը արդեն բավականաչափ ուժ ու ժամանակ է ծախսել գառնուկին գտնելու համար։ Սակայն հասկանում է, որ գառնուկը դեռ օգնության կարիք ունի և ինքնուրույն չի կարող վերադառնալ փարախ։ Ուստի իր ուսերին դրած է տանում նրան (կարդա Ղուկաս 15։4, 5

15. Ինչպե՞ս կարող ենք օգնել թույլերին, ովքեր ցանկանում են վերադառնալ Եհովայի մոտ (տես « Հրաշալի գործիք» շրջանակը)։

15 Որոշ ոչ ակտիվ քարոզիչների հոգևորապես օգնելու համար միգուցե շատ ջանք ու ժամանակ պահանջվի, բայց Եհովայի ոգու, նրա Խոսքի, ինչպես նաև նրա կազմակերպության կողմից տրամադրվող հրատարակությունների օգնությամբ մենք կարող ենք օգնել նրանց ոտքի կանգնել (Հռոմ. 15։1)։ Մի փորձառու երեց ասում է. «Հաճախ կարիք է լինում Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել այն ոչ ակտիվ քարոզիչների հետ, ովքեր ցանկանում են վերադառնալ Եհովայի մոտ»։ * Ուստի եթե քեզ առաջարկեն ուսումնասիրություն անցկացնել այդպիսի քրոջ կամ եղբոր հետ, ուրախությամբ համաձայնվիր։ Երեցը շարունակում է. «Ուսումնասիրություն անցկացնողը պետք է լավ ընկեր լինի, որին ոչ ակտիվ քարոզիչը կարող է լիովին վստահել»։

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՎ ԵՐԿՐԻ ՎՐԱ

16. Որտեղի՞ց գիտենք, որ հրեշտակները օգնում են մեզ։

16 Բազմաթիվ դեպքեր փաստում են, որ հրեշտակները մեզ հետ մասնակցում են փնտրելու գործին և օգնում են գտնել նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ (Հայտն. 14։6)։ Սիլվիոն, ով ապրում է Էկվադորում, ջերմագին աղոթում էր Եհովային, որ օգնի իրեն վերադառնալ ժողով։ Մինչ նա աղոթում էր, դռան զանգը հնչեց։ Երկու երեց այցելել էին իրեն։ Նրանք ուրախ էին, որ կարող էին օգնել Սիլվիոյին։

17. Ի՞նչ կզգանք՝ օգնելով ոչ ակտիվ քարոզիչներին։

17 Մենք մեծ ուրախություն կստանանք՝ օգնելով ոչ ակտիվ քարոզիչներին վերականգնել Եհովայի հետ մտերմությունը։ Սալվադոր անունով մի ռահվիրա, ով հատուկ ուշադրություն է դարձնում ոչ ակտիվ քարոզիչներին, ասում է. «Երբեմն ուրախությունից չեմ կարողանում զսպել արցունքներս։ Մեծ բավականություն եմ ստանում՝ տեսնելով, որ Եհովան Սատանայի աշխարհից փրկել է իր թանկագին գառնուկներից մեկին, և որ այդ գործում համագործակցել եմ նրա հետ» (Գործ. 20։35

18. Եթե դու էլ ես դադարել ծառայել Եհովային, ինչո՞ւմ կարող ես վստահ լինել։

18 Դո՞ւ էլ ես դադարել ծառայել Եհովային։ Եթե այո, ապա հիշիր, որ նա մինչև հիմա սիրում է քեզ։ Նա ցանկանում է, որ վերադառնաս իր մոտ։ Դրա համար, ինչ խոսք, պետք է ջանքեր թափես, բայց վստահ եղիր, որ կորած որդու առակի հոր պես՝ Եհովան գրկաբաց սպասում է, որ տուն վերադառնաս։

ԵՐԳ 103 Հովիվները պարգևներ են

^ պարբ. 5 Եհովան ուզում է, որ իր այն ծառաները, ովքեր հեռացել են ժողովից, վերադառնան։ Նա ասում է. «Վերադարձեք ինձ մոտ»։ Մենք շատ բան կարող ենք անել՝ օգնելու այն հավատակիցներին, ովքեր ուզում են ընդունել Եհովայի այս ջերմ հրավերը։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես։

^ պարբ. 7 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 15 Ոչ ակտիվ քարոզիչներից ոմանց հետ օգտակար կլինի ուսումնասիրել որոշ հատվածներ «Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ» գրքից, մինչդեռ մյուսների հետ՝ «Մոտեցիր Եհովային» գրքից։ Ժողովի ծառայողական կոմիտեն է որոշում, թե ով կարող է անցկացնել այդ ուսումնասիրությունը։

^ պարբ. 68 ՆԿԱՐ։ Երեք եղբայրներ օգնում են ոչ ակտիվ մի քարոզչի, ով ուզում է վերադառնալ։ Նրանցից մեկը կապ է պահում նրա հետ, մյուսը՝ հավաստիացնում իր սիրո մեջ, երրորդն էլ ուշադիր լսում է։