Գիտեի՞ք արդյոք
Հիսուսի օրերում մարդիկ ի՞նչ հարկեր էին վճարում
ԴԵՌ հին ժամանակներից իսրայելացիները գումար էին հատկացնում ճշմարիտ երկրպագությանը աջակցելու համար։ Սակայն Հիսուսի օրերում հարկեր վճարելը դժվարացել էր ու բեռ դարձել ժողովրդի համար։
Խորանում, այնուհետև տաճարում մատուցվող երկրպագությանը աջակցելու համար բոլոր չափահաս հրեաները ամեն տարի վճարում էին կես սիկղ (երկու դրախմա)։ Առաջին դարում այդ գումարը օգտագործվում էր Հերովդեսի կառուցած տաճարի տեխսպասարկման և այնտեղ մատուցվող զոհաբերությունների հետ կապված ծախսերը հոգալու համար։ Որոշ հրեաներ հարցրին Պետրոսին, թե ինչ տեսակետ ունի Հիսուսը հարկեր վճարելու վերաբերյալ։ Հիսուսը չհրաժարվեց հարկ վճարելուց և նույնիսկ Պետրոսին ասաց, թե որտեղից կարող է մետաղադրամ վերցնել այն վճարելու համար (Մատթ. 17։24–27)։
Հին ժամանակներում Աստծու ծառաները նաև տասանորդ էին վճարում, ինչը նշանակում էր, որ նրանք պետք է տային իրենց բերքի կամ եկամտի մեկ տասներորդ մասը (Ղևտ. 27։30–32; Թվեր 18։26–28)։ Կրոնական առաջնորդները պնդում էին, որ ժողովուրդը պետք է ամենայն մանրամասնությամբ հետևի այդ օրենքին և հարկ վճարի բերքի յուրաքանչյուր տեսակի, նույնիսկ «անանուխի, սամիթի և չամանի» համար։ Հիսուսը տասանորդ վճարելը սխալ չէր համարում, սակայն դատապարտում էր դպիրների ու փարիսեցիների կեղծավորությունը, քանի որ վերջիններս անտեսում էին Օրենքի ավելի ծանրակշիռ բաները (Մատթ. 23։23)։
Բացի այդ՝ առաջին դարում հրեաները գտնվում էին հռոմեացիների իշխանության տակ, որոնք մի շարք հարկեր էին սահմանել նրանց համար։ Հարկերից մեկը հողի հարկն էր, որը պետք է վճարվեր գումարով կամ բերքով։ Մարդկանցից գանձվում էր հավաքված բերքի 20–25 տոկոսը։ Հրեաները նաև գլխահարկ էին վճարում։ Փարիսեցիները հենց այս հարկատեսակի մասին հարցրին Հիսուսին։ Վերջինս էլ հարկեր վճարելու վերաբերյալ հետևյալն ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22։15–22)։
Հարկ էր սահմանված նաև ապրանքների արտահանման և ներմուծման համար։ Այն գանձվում էր նավահանգիստներում, կամուրջների մոտ, խաչմերուկներում, ինչպես նաև քաղաքների կամ շուկաների մուտքի մոտ։
Այս բոլոր հարկերը վճարելը ծանր բեռ էր դարձել հռոմեական իշխանության տակ գտնվող մարդկանց համար։ Ըստ հռոմեացի պատմագիր Տակիտոսի՝ Տիբերիոս կայսրի իշխանության օրոք, երբ Հիսուսը դեռ երկրի վրա էր, «Ասորիքը և Հրեաստանը, հարկերի ծանրության տակ ճկված, աղերսում էին, որ դրանք նվազեցվեն»։
Հարկեր հավաքելու մեթոդը ավելի էր ծանրացնում մարդկանց առանց այն էլ ծանր բեռը։ Հարկահավաքի աշխատանքը ձեռք էր բերվում աճուրդով և տրվում էր նրան, ով ամենաշատ գումարը կառաջարկեր։ Նա էլ իր հերթին վարձում էր ուրիշ մարդկանց, որպեսզի վերջիններս հավաքեին հարկերը։ Նրանք բոլորը փորձում էին շահույթ ստանալ՝ մարդկանցից հավելյալ գումար կորզելով։ Հավանաբար Զաքեոսը նույնպես նման հարկահավաքներ ուներ իր վերահսկողության տակ (Ղուկ. 19։1, 2)։ Այս ամենից պարզ է դառնում, թե ինչու էր մարդկանց վրդովվեցնում հարկեր վճարելը, և թե ինչու էին նրանք ատում հարկահավաքներին։