Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Որոշումներ կայացնելիս միշտ հաշվի եմ առել Եհովային»

«Որոշումներ կայացնելիս միշտ հաշվի եմ առել Եհովային»

1984 ԹՎԱԿԱՆՆ էր։ Ապրում էինք Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի հարուստ թաղամասերից մեկում։ Մի արևոտ օր առավոտյան աշխատանքի գնալիս մտածում էի «Դիտարանի» հոդվածներից մեկի շուրջ, որը նոր էինք քննարկել։ Հոդվածն այն մասին էր, թե մենք ինչ անուն ունենք շրջապատի մարդկանց մոտ։ Նայում էի մեր թաղամասի տներին ու մտածում. «Հարևաններիս համար ես պարզապես մի հաջողակ բանկի՞ր եմ, թե՞ Աստծու ծառա, ով աշխատում է բանկում, որպեսզի հոգ տանի իր ընտանիքի մասին»։ Պատասխանը ինձ համար ակնհայտ էր, բայց դա այն չէր, ինչ կուզեի լսել։ Ուստի որոշեցի փոփոխություններ անել կյանքում։

Ծնվել եմ 1940 թ. մայիսի 19-ին Լիբանանի Ամիուն քաղաքում։ Դրանից մի քանի տարի անց ընտանիքով տեղափոխվեցինք Տրիպոլի։ Մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ միշտ ջերմ և ուրախ մթնոլորտ էր տիրում։ Ծնողներս Եհովայի նվիրված ծառաներ էին։ Մենք հինգ երեխա էինք՝ երեք աղջիկ ու երկու տղա։ Ես ամենափոքրն էի։ Ծնողներիս համար գումար վաստակելը ամենակարևոր բանը չէր։ Մեր կյանքը պտտվում էր Աստվածաշնչի ուսումնասիրության, ժողովի հանդիպումների և մարդկանց Աստծու մասին պատմելու շուրջ։

Մեր ժողովում մի քանի օծյալ քրիստոնյաներ կային։ Նրանցից մեկը Միշել Աբուդն էր, ով անցկացնում էր Գրքի ուսումնասիրության հանդիպումը։ Միշելը ճշմարտությունն իմացել էր Նյու Յորքում և 1920-ականների սկզբներին այն բերել Լիբանան։ Ինձ շատ էր տպավորում այն, թե ինչ հարգալից ու հոգատար էր նա երկու երիտասարդ քույրերի՝ Էն և Գվեն Բիվորների նկատմամբ։ Նրանք «Գաղաադ» դպրոցի շրջանավարտներ էին և հետագայում մեր մտերիմ ընկերները դարձան։ Տասնամյակներ անց Էնին հանդիպեցի Միացյալ Նահանգներում։ Հիշում եմ՝ շատ էի ուրախացել։ Դրանից որոշ ժամանակ անց հանդիպեցի նաև Գվենին։ Նա ամուսնացել էր Ուիլֆրեդ Գուչի հետ, և նրանք միասին ծառայում էին Լոնդոնում՝ Անգլիայի մասնաճյուղում։

ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆՔ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Երբ ես պատանի էի, Լիբանանում քիչ Վկաներ կային։ Չնայած դրան՝ մենք եռանդորեն պատմում էինք մարդկանց այն ամենը, ինչ սովորել էինք Աստվածաշնչից։ Ու թեև որոշ կրոնական առաջնորդներ հալածում էին մեզ, մենք շարունակում էինք քարոզել։ Պատմեմ մի քանի դեպք, որոնք դաջվել են հիշողությանս մեջ։

Մի օր ես ու քույրս՝ Սանան, քարոզում էինք մի բնակելի շենքում։ Երբ հարկերից մեկում զրուցում էինք բնակիչների հետ, մի քահանա մոտեցավ մեզ։ Երևի մեկը կանչել էր նրան։ Նա սկսեց վիրավորել քրոջս, հարձակվեց նրա վրա ու հրեց նրան աստիճաններից ներքև։ Սանան որոշ վնասվածքներ ստացավ։ Այդ ընթացքում ինչ-որ մեկը հավանաբար զանգահարել էր ոստիկանություն։ Երբ ոստիկանները եկան, հոգ տարան, որ Սանային օգնություն ցուցաբերվի։ Նրանք քահանային տարան ոստիկանություն, և պարզվեց, որ նա իր մոտ ատրճանակ ուներ։ Ոստիկանապետը նրան հարցրեց. «Հիմա դու ո՞վ ես՝ հոգևոր առաջնո՞րդ, թե՞ բանդայի պարագլուխ»։

Մի անգամ էլ ժողովով ավտոբուս էինք վարձել, որ քարոզեինք մի մեկուսի քաղաքում։ Մենք վայելում էինք մեր ծառայությունը, մինչև որ տեղի քահանան իմացավ մեր մասին։ Նա մի խումբ մարդկանց հետ եկավ, որպեսզի վռնդի մեզ քաղաքից։ Նրանք սկսեցին քարեր շպրտել մեզ վրա։ Հիշում եմ՝ հորս դեմքը լրիվ արյունոտվել էր։ Նա մորս հետ վերադարձավ ավտոբուս, մենք էլ մտահոգ հետևեցինք նրանց։ Երբեք չեմ մոռանա մորս խոսքերը, որ ասաց, երբ մաքրում էր հորս դեմքը. «Եհո՛վա, խնդրում եմ, ներիր նրանց։ Նրանք չեն հասկանում, թե ինչ են անում»։

Մի օր այցելել էինք մեր բարեկամներին։ Պապիկիս տանը հանդիպեցինք մի ճանաչված եպիսկոպոսի, ով գիտեր, որ ծնողներս Եհովայի վկա են։ Ես ընդամենը վեց տարեկան էի, բայց նա ինձ մի կողմ տարավ ու հարցրեց. «Է՛յ, դո՛ւ, ինչո՞ւ կնքված չես»։ Ասացի, որ դրա համար ես դեռ շատ փոքր եմ։ Բացի այդ՝ պետք է շատ բան սովորեմ Աստվածաշնչից և ամուր հավատ ունենամ։ Իմ պատասխանը նրան դուր չեկավ, և նա պապիկիս ասաց, որ ես անհարգալից եմ խոսել իր հետ։

Սակայն պետք է ասեմ, որ նման դեպքեր շատ չէին լինում։ Ընդհանուր առմամբ, լիբանանցիները ջերմ ու հյուրասեր մարդիկ են։ Մենք հաճելի զրույցներ էինք ունենում շատերի հետ և մի շարք Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնում։

ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՐԿԻՐ

Ես դեռ դպրոցական էի, երբ Վենեսուելայից մի երիտասարդ եղբայր այցելեց Լիբանան։ Նա մեր ժողով էր գալիս։ Ժամանակի ընթացքում այդ եղբայրը և քույրս՝ Վաֆան, սկսեցին ընկերություն անել։ Նրանք ամուսնացան և գնացին ապրելու Վենեսուելայում։ Վաֆան մեզ շատ էր կարոտում, ուստի իր նամակներում շարունակ համոզում էր հորս, որ ընտանիքով տեղափոխվեինք Վենեսուելա։ Ի վերջո դա նրան հաջողվեց։

1953-ին տեղափոխվեցինք։ Ապրում էինք մայրաքաղաք Կարակասում՝ նախագահի նստավայրի հարևանությամբ։ Այդ ժամանակ դեռ պատանի էի և շատ էի տպավորվում, երբ տեսնում էի, թե ինչպես է նախագահական շքեղ մեքենան անցնում մեր տան կողքով։ Սակայն ծնողներս իրենց տեղը չէին գտնում։ Ամեն ինչ նոր էր նրանց համար՝ երկիրը, լեզուն, մշակույթը, ուտելիքն ու կլիման։ Նրանք նոր էին սկսել հարմարվել այդ ամենին, երբ մի սարսափելի բան տեղի ունեցավ։

Ձախից աջ։ Հայրս։ Մայրս։ Ես՝ 1953 թ.-ին, երբ տեղափոխվեցինք Վենեսուելա

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Հայրս սկսել էր իրեն վատ զգալ։ Դա շատ անսովոր բան էր մեզ համար, քանի որ նա միշտ առողջ և ուժեղ տղամարդ էր եղել։ Մենք երբեք հորս հիվանդ չէինք տեսել։ Նրա մոտ հայտնաբերեցին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Նա վիրահատվեց, բայց, ցավոք, մի շաբաթ հետո մահացավ։

Դժվար է խոսքերով նկարագրել, թե ինչ ծանր հարված էր դա մեզ համար։ Ես ընդամենը 13 տարեկան էի։ Մենք ցնցված էինք. ասես աշխարհը փուլ էր եկել մեր գլխին։ Մայրս չէր կարողանում ընդունել այն իրողությունը, որ իր ամուսինը այլևս չկա։ Բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ կյանքը շարունակվում է, և Եհովայի օգնությամբ դուրս եկանք այդ ծանր վիճակից։ 16 տարեկանում ավարտեցի դպրոցը։ Այդ ժամանակ մեծ ցանկություն ունեի ֆինանսապես օգնելու ընտանիքիս։

Քույրս՝ Սանան, և նրա ամուսինը՝ Ռուբենը, մեծապես նպաստեցին իմ հոգևոր առաջադիմությանը

Որոշ ժամանակ անց քույրս՝ Սանան, ամուսնացավ Ռուբեն Արաուհոյի հետ, ով սովորել էր «Գաղաադ» դպրոցում և վերադարձել Վենեսուելա։ Նրանք տեղափոխվեցին ապրելու Նյու Յորքում։ Ընտանիքով որոշեցինք, որ ուսումս շարունակեմ համալսարանում։ Ուստի ես էլ գնացի Նյու Յորք, որ այնտեղ սովորեմ։ Ապրում էի քրոջս և փեսայիս հետ։ Այդ ընթացքում նրանք մեծապես նպաստեցին իմ հոգևոր աճին։ Մենք հաճախում էինք Բրուքլինի իսպանախոս ժողով, որտեղ հոգևորապես հասուն շատ եղբայրներ կային։ Նրանց թվում էին Միլթոն Հենշելը և Ֆրեդերիկ Ֆրանցը։ Նրանք երկուսն էլ ծառայում էին Բրուքլինի Բեթելում։ Շատ ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել մոտիկից ճանաչելու այդ եղբայրներին։

Իմ մկրտությունը (1957 թ.)

Առաջին կուրսի վերջում սկսեցի լրջորեն մտածել, թե ինչին եմ ուզում նվիրել կյանքս։ «Դիտարան» ամսագրում մի շարք հոդվածներ էի կարդացել այն քրիստոնյաների մասին, ովքեր հոգևոր նպատակներ էին դրել կյանքում։ Դրանք ինձ մտածելու տեղիք էին տվել։ Բացի այդ՝ տեսնում էի, թե որքան ուրախ էին մեր ժողովի ռահվիրաներն ու բեթելցիները։ Ես ուզում էի նրանց նման լինել։ Այդ ժամանակ դեռ մկրտված չէի, բայց հասկանում էի դրա կարևորությունը։ Ուստի նվիրվեցի Եհովային և 1957 թ. մարտի 30-ին մկրտվեցի։

ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՄ ԿԱՅԱՑՆՈՒՄ

Մկրտվելուց հետո սկսեցի մտածել լիաժամ ծառայության մասին։ Շատ էի ուզում ռահվիրայություն սկսել, բայց միևնույն ժամանակ հասկանում էի, որ հեշտ չի լինելու։ Ինչպե՞ս էի համատեղելու լիաժամ ծառայությունը համալսարանի հետ։ Նամակներով ընտանիքիս հետ քննարկում էինք համալսարանը թողնելու մասին իմ որոշումը։ Ես ուզում էի վերադառնալ Վենեսուելա և ռահվիրայություն սկսել։

1957-ի հունիսին վերադարձա Կարակաս։ Սակայն տեսա, որ ընտանիքս ֆինանսապես լավ վիճակում չէր։ Կարիք կար, որ տնից մեկն էլ աշխատեր։ Ինչպե՞ս էի օգնելու նրանց։ Ինձ բանկում աշխատանք առաջարկեցին։ Բայց ես շատ էի ուզում ռահվիրայություն սկսել. չէ՞ որ հենց դրա համար էի վերադարձել։ Որոշեցի երկուսն էլ անել։ Մի քանի տարի շարունակ լրիվ դրույքով աշխատում էի բանկում և ռահվիրա էի ծառայում։ Երբեք այդքան զբաղված ու երջանիկ չէի եղել։

Ուրախությունս կրկնապատկվեց, երբ ամուսնացա Սիլվիա անունով մի գեղեցիկ գերմանուհու հետ։ Սիլվիան շատ էր սիրում Եհովային։ Նա ծնողների հետ տեղափոխվել էր ապրելու Վենեսուելայում։ Մենք երկու երեխա ունեցանք՝ մի տղա և մի աղջիկ՝ Միշելը (Մայք) ու Սամիրան։ Պետք է հոգ տանեինք նաև մորս մասին, ուստի նա սկսեց մեզ հետ ապրել։ Ընտանեկան պարտականություններից ելնելով՝ ստիպված թողեցի ռահվիրայությունը, բայց շարունակեցի ոգով ռահվիրա մնալ։ Արձակուրդներին ես ու Սիլվիան ձգտում էինք ենթառահվիրայություն անել։

ԵՎՍ ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄ

Երեխաներս դեռ դպրոցում էին սովորում, երբ սկսեցի մտածել այն հարցի շուրջ, որի մասին նշեցի հոդվածի սկզբում։ Պետք է ասեմ, որ հարմարավետ կյանքով էի ապրում և մեծ հարգանք էի վայելում բանկային ոլորտի շատ մասնագետների կողմից։ Սակայն ցանկանում էի, որ ինձ առաջին հերթին ճանաչեին որպես Եհովայի ծառա։ Այդ մտքերն ինձ հանգիստ չէին տալիս։ Ուստի ես ու կինս միասին վերլուծեցինք մեր ֆինանսական վիճակը։ Եթե աշխատանքից դուրս գայի, բանկը պետք է վերջնահաշվարկ կատարեր և ինձ մի կլորիկ գումար վճարեր։ Մենք պարտքեր չունեինք, և մեր կյանքը պարզեցնելու դեպքում այդ գումարը մեզ երկար ժամանակ կբավականացներ։

Այդ քայլին գնալը հեշտ չէր, սակայն իմ սիրելի կինը և մայրս լիովին թիկունք կանգնեցին ինձ։ Ես անչափ ոգևորված էի. նորից ռահվիրա էի ծառայելու։ Ամեն ինչ կարծես հարթ էր ընթանում։ Բայց շուտով մի լուր իմացանք, որը անակնկալի բերեց մեզ։

ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ

Մեր երրորդ երեխան՝ Գաբրիելը, հաճելի անակնկալ էր մեզ համար

Մի օր իմացանք, որ Սիլվիան հղի է։ Այդ լուրը երկուսիս համար էլ անսպասելի էր։ Թեև դա մեծ ուրախություն էր, սակայն մտածում էի՝ արդյոք կկարողանամ իրականացնել ռահվիրա դառնալու իմ որոշումը։ Շատ չանցած՝ մենք մտովի և էմոցիոնալ առումով պատրաստ էինք, որ դիմավորեինք մեր ընտանիքի նոր անդամին։ Իսկ ի՞նչ եղավ ռահվիրա ծառայելու իմ նպատակի հետ։

Հետագա անելիքները քննարկելուց հետո որոշեցինք իրականացնել այն, ինչ ծրագրել էինք։ Մեր որդին՝ Գաբրիելը, ծնվեց 1985 թ. ապրիլին։ Ես դուրս եկա բանկից և 1985 թ. հունիսին ռահվիրայություն սկսեցի։ Ավելի ուշ պատիվ ունեցա ծառայելու մասնաճյուղի կոմիտեում։ Համագործակցում էի շաբաթական երկու-երեք օր։ Մասնաճյուղը գտնվում էր Կարակասից մոտ 80 կմ (50 մղոն) հեռավորության վրա, ինչը նշանակում էր, որ ամեն անգամ ես պետք է այդքան ճանապարհ կտրեի-անցնեի։

ՆՈՐԻՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆՔ

Մասնաճյուղը գտնվում էր Լա Վիկտորիա քաղաքում։ Մենք որոշեցինք տեղափոխվել այնտեղ, որպեսզի Բեթելին մոտ լինենք։ Ճիշտ է, դա մեծ փոփոխություն էր բոլորիս համար, բայց ընտանիքիս անդամները ինձ շատ էին օգնում։ Անչափ շնորհակալ եմ նրանց իրենց ցուցաբերած ոգու համար։ Ես ուղղակի հպարտանում եմ նրանցով։ Քույրս՝ Բահան, պատրաստակամորեն իր վրա վերցրեց մեր մորը խնամելու պարտականությունը։ Այդ ժամանակ Մայքը ամուսնացած էր, բայց Սամիրան ու Գաբրիելը դեռ մեզ հետ էին ապրում։ Լա Վիկտորիա տեղափոխվելը նշանակում էր, որ նրանք պետք է բաժանվեին իրենց ընկերներից։ Բացի այդ՝ սիրելի կինս՝ Սիլվիան, աշխույժ մայրաքաղաքից հետո պետք է հարմարվեր փոքր քաղաքի կյանքին։ Պետք է նաև սովորեինք ապրել ավելի փոքր տան մեջ։ Այո՛, Կարակասից Լա Վիկտորիա տեղափոխվելը մեծ զոհողություններ էր պահանջում։

Սակայն ամեն ինչ նորից փոխվեց։ Գաբրիելը ամուսնացավ, իսկ Սամիրան որոշեց առանձին ապրել։ 2007 թ.-ին ինձ ու Սիլվիային հրավիրեցին միանալ Բեթելի ընտանիքին։ Մինչ օրս վայելում ենք այդ օրհնությունը։ Մեր ավագ որդին՝ Մայքը, երեց է ծառայում և իր կնոջ՝ Մոնիկայի հետ ռահվիրայություն անում։ Գաբրիելը նույնպես երեց է։ Նա իր կնոջ՝ Ամբրայի հետ ծառայում է Իտալիայում։ Սամիրան ռահվիրա է ծառայում և համագործակցում Բեթելի հետ որպես հեռակա կամավոր։

Ձախից աջ։ Կնոջս՝ Սիլվիայի հետ Վենեսուելայի մասնաճյուղում։ Մեր ավագ որդին՝ Մայքը, և Մոնիկան։ Մեր աղջիկը՝ Սամիրան։ Մեր որդին՝ Գաբրիելը, և Ամբրան

ՈՉԻՆՉ ՉԷԻ ՓՈԽԻ

Կյանքումս շրջադարձային շատ որոշումներ եմ կայացրել, բայց ոչ մեկի համար չեմ ափսոսում։ Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայի, ապա ոչինչ չէի փոխի։ Շատ թանկ եմ գնահատում այն նշանակումներն ու առանձնաշնորհումները, որ ունեցել եմ Եհովայի կազմակերպության մեջ։ Տարիների ընթացքում հասկացել եմ, թե որքան կարևոր է ամուր փոխհարաբերություններ ունենալ մեր երկնային Հոր հետ։ Ցանկացած որոշում կայացնելիս՝ լինի դա մեծ, թե փոքր, նա կարող է տալ այնպիսի խաղաղություն, որը «գերազանցում է ամեն միտք» (Փիլիպ. 4։6, 7)։ Ես ու Սիլվիան մեծ ուրախություն ենք ստանում Բեթելի ծառայությունից։ Եհովան մեզ շատ է օրհնել, քանի որ որոշումներ կայացնելիս միշտ հաշվի ենք առել նրան։