Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 25

Չգայթակղեցնենք «փոքրերին»

Չգայթակղեցնենք «փոքրերին»

«Չարհամարհեք այս փոքրերից մեկին» (ՄԱՏԹ. 18։10

ԵՐԳ 113 Խաղաղությունը մեր ժառանգությունն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։

ԵՀՈՎԱՆ յուրաքանչյուրիս ձգել է դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Մի պահ մտածիր, թե դա ինչ է նշանակում։ Նա միլիարդավոր մարդկանց միջից ընտրել է հենց քեզ, քանի որ քո մեջ մի շատ արժեքավոր բան է տեսել. անկեղծ սիրտ, որը կարող է սիրել իրեն (1 Տար. 28։9)։ Եհովան ճանաչում, հասկանում ու սիրում է քեզ։ Ինչպիսի՜ քաջալերական միտք։

2. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ Եհովան հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։

2 Եհովան խորապես հետաքրքրված է քեզանով։ Նա նաև հետաքրքրված է քո հավատակիցներից յուրաքանչյուրով։ Այս միտքը բացատրելու համար Հիսուսը Եհովային համեմատեց հովվի հետ։ Ի՞նչ կանի հովիվը, եթե իր հարյուր ոչխարներից մեկը մոլորվի։ Նա կթողնի իննսունիննին սարերում և կգնա ու կփնտրի մոլորվածին։ Ու երբ գտնի նրան, չի նախատի, այլ կուրախանա։ Ի՞նչ ենք սովորում։ Եհովայի համար իր ամեն մի գառնուկը թանկ է։ Հիսուսն ասաց. «Իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի» (Մատթ. 18։12–14

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Ինչ խոսք, մենք երբեք չենք ցանկանա պատճառ լինել, որ մեր եղբայրներից կամ քույրերից մեկը վհատվի։ Ի՞նչ կարող ենք անել, որ գայթակղության պատճառ չլինենք ուրիշների համար։ Իսկ ինչպե՞ս վարվենք, եթե մեզ են վիրավորել։ Հոդվածից կիմանանք այս հարցերի պատասխանները։ Բայց նախ եկեք տեսնենք, թե ովքեր են Մատթեոս 18-րդ գլխում նշված «փոքրերը»։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ՓՈՔՐԵՐԸ»

4. «Փոքրեր» ասելով՝ ո՞ւմ նկատի ուներ Հիսուսը։

4 «Փոքրերը» Հիսուսի բոլոր աշակերտներն են։ Անկախ իրենց տարիքից՝ նրանք «երեխաների նման» են, քանի որ պատրաստ են սովորել Հիսուսից (Մատթ. 18։3)։ Ճիշտ է, նրանք տարբերվում են իրենց ծագումով, մշակույթով, անհատականությամբ և մտածելակերպով, բայց բոլորն էլ հավատ են ընծայում Քրիստոսի հանդեպ։ Հիսուսն էլ իր հերթին նրանց շատ է սիրում (Մատթ. 18։6; Հովհ. 1։12

5. Ի՞նչ է զգում Եհովան, երբ իր ծառաներից մեկին գայթակղեցնում կամ ցավ են պատճառում։

5 Եհովան թանկ է համարում «փոքրերից» յուրաքանչյուրին։ Որպեսզի պատկերացնենք, թե նա ինչ զգացումներ ունի, մտածենք, թե մենք ինչ ենք զգում երեխաների հանդեպ։ Երեխաները թանկ են մեզ համար։ Մենք ուզում ենք պաշտպանել նրանց, քանի որ ի տարբերություն մեծերի՝ նրանք թույլ են և իմաստության ու փորձի պակաս ունեն։ Սովորաբար մեզ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկին վիրավորում կամ նեղացնում են։ Իսկ երբ երեխայի հետ են այդպես վարվում, դա մեզ ոչ միայն դուր չի գալիս, այլև բարկացնում է։ Նույն ձևով էլ Եհովան է ցանկանում մեզ պաշտպանել։ Նրան դուր չի գալիս, անգամ զայրացնում է այն, որ իր ծառաներից մեկին գայթակղեցնում կամ ցավ են պատճառում (Ես. 63։9; Մարկ. 9։42

6. 1 Կորնթացիներ 1։26–29-ի համաձայն՝ ի՞նչ տեսակետ ունի աշխարհը Հիսուսի աշակերտների վերաբերյալ։

6 Ուրիշ ի՞նչ առումով են Հիսուսի աշակերտները նման «փոքրերի»։ Մի պահ մտածենք, թե ում է աշխարհը կարևոր համարում։ Հարուստ, ճանաչված և ազդեցիկ մարդկանց։ Իսկ Հիսուսի աշակերտները աշխարհի տեսանկյունից «փոքրեր են»՝ աննշան ու անկարևոր մարդիկ (կարդա 1 Կորնթացիներ 1։26–29)։ Բայց Եհովան այդպես չի մտածում։

7. Եհովան ուզում է, որ ինչպե՞ս վերաբերվենք մեր հավատակիցներին։

7 Եհովան սիրում է իր բոլոր ծառաներին՝ անկախ նրանից նոր են ճշմարտության մեջ, թե երկար տարիներ է, ինչ ծառայում են իրեն։ Մեր բոլոր հավատակիցներն էլ կարևոր են Եհովայի համար։ Ուստի նրանք պետք է կարևոր լինեն նաև մեզ համար։ Մենք ուզում ենք «սիրել ողջ եղբայրությունը», ոչ թե նրանցից մի քանիսին միայն (1 Պետ. 2։17)։ Մենք պետք է մեր ձեռքից եկածն անենք, որ օգնենք ու պաշտպանենք նրանց։ Եթե իմանանք, որ վիրավորել կամ ցավ ենք պատճառել մեր հավատակցին, ճիշտ չի լինի մատների արանքով նայել պատահածին՝ մտածելով, թե նա չափազանց զգայուն է և պետք է ուղղակի ների մեզ ու մոռանա այդ մասին։ Իսկ ինչո՞ւ գուցե անհատը վիրավորվի։ Թերևս իր անցյալի պատճառով։ Որոշ եղբայրներ ու քույրեր շատ ցածր ինքնագնահատական ունեն։ Որոշ հավատակիցներ էլ նոր են ճշմարտության մեջ և դեռ չեն սովորել ճիշտ արձագանքել ուրիշների անկատարության դրսևորումներին։ Որն էլ լինի պատճառը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ շտկենք իրավիճակը։ Մյուս կողմից՝ այն անհատը, ով հեշտությամբ վիրավորվում է, պետք է հասկանա, որ նեղացկոտությունը լավ հատկություն չէ, և հարկավոր է փոխել բնավորության այդ գիծը։ Դա կօգնի, որ նա մտքի խաղաղություն ունենա, ինչպես նաև կնպաստի ուրիշների բարօրությանը։

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՔԵԶԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՀԱՄԱՐԻՐ

8. Ո՞ր տարածված տեսակետն էր ազդել Հիսուսի աշակերտների վրա։

8 Ի՞նչը պատճառ եղավ, որ Հիսուսը խոսի «փոքրերի» մասին։ Մինչ այդ նրա աշակերտները հարցրել էին. «Ո՞վ է մեծ երկնքի թագավորության մեջ» (Մատթ. 18։1)։ Այդ ժամանակներում հրեաների համար շատ կարևոր էր դիրքն ու հեղինակությունը։ Մի գիտնական ասում է. «Մարդիկ ապրում ու մահանում էին հանուն պատվի, համբավի, ինչպես նաև հռչակ ձեռք բերելու, մարդկանց հավանությանը արժանանալու և հարգանք վայելելու համար»։

9. Ի՞նչ պետք է անեին Հիսուսի աշակերտները։

9 Հիսուսը գիտեր, որ իր աշակերտները պետք է շատ ջանք թափեին, որպեսզի իրենց սրտից արմատախիլ անեին մրցակցության ոգին, որն այդքան տարածված էր հրեական մշակույթում։ Ուստի նա ասաց. «Ձեր միջի մեծը թող լինի ինչպես կրտսեր, և ով որ գլխավորում է, թող լինի ինչպես ծառայող» (Ղուկ. 22։26)։ Մենք մեզ կրտսերի պես ենք պահում, երբ «ուրիշներին [մեզանից] ավելի բարձր ենք համարում» (Փիլիպ. 2։3)։ Եթե նման մտածելակերպ զարգացնենք, քիչ հավանական է, որ գայթակղության պատճառ դառնանք ինչ-որ մեկի համար։

10. Պողոս առաքյալի ո՞ր խորհուրդը պետք է ձգտենք կիրառել։

10 Մեր եղբայրներից ու քույրերից յուրաքանչյուրն էլ ինչ-որ բանով առավել է մեզանից։ Դա դժվար չի լինի նկատել, եթե կենտրոնանանք նրանց լավ հատկությունների վրա։ Մենք պետք է ձգտենք հետևել Պողոս առաքյալի խորհրդին, որը նա տվեց կորնթացի քրիստոնյաներին. «Դու ինչո՞վ ես առավել մյուսներից։ Ունե՞ս մի բան, որ չես ստացել։ Եվ եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում, ասես թե չես ստացել» (1 Կորնթ. 4։7)։ Մենք պետք է զգույշ լինենք, որ մեզ վրա անտեղի ուշադրություն չհրավիրենք և չմտածենք, թե ուրիշներից ավելի բարձր ենք։ Եթե եղբայրը տպավորիչ ելույթներ է ներկայացնում, իսկ քույրը հեշտությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություններ է սկսում, լավ կլինի՝ երկուսն էլ հիշեն, որ այդ ամենը կարողանում են անել Եհովայի շնորհիվ, և փառքը Նրան ուղղեն։

ՍՐՏԱՆՑ ՆԵՐԻՐ

11. Ի՞նչ էր ուզում սովորեցնել Հիսուսը՝ պատմելով թագավորի և ծառայի մասին առակը։

11 Այն բանից հետո, երբ Հիսուսը իր հետևորդներին զգուշացրեց չգայթակղեցնել ուրիշներին, թագավորի և ծառայի մասին մի առակ պատմեց։ Ծառան մեծ գումար էր պարտք թագավորին, որը երբեք չէր կարող վճարել։ Թագավորը պարտքը չեղյալ համարեց։ Սակայն հետագայում այդ նույն ծառան չցանկացավ ներել իր ծառայակցի պարտքը, որը շատ ավելի քիչ գումար էր կազմում։ Ի վերջո թագավորը այդ անխիղճ ծառային բանտը նետեց։ Ի՞նչ ենք սովորում։ Հիսուսն ասաց. «Նույն ձևով էլ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից ամեն մեկն իր եղբորը սրտանց չների» (Մատթ. 18։21–35

12. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ չներելով ցավ ենք պատճառում ուրիշներին։

12 Ծառայի վարքագիծը վնասեց ոչ միայն իրեն, այլ նաև ուրիշներին։ Նա անգթորեն վարվեց իր ծառայակցի հետ և «բանտը գցեց նրան, մինչև որ պարտքը վճարի»։ Բացի այդ՝ նա ցավ պատճառեց իր մյուս ծառայակիցներին։ Երբ նրանք «տեսան պատահածը, շատ տրտմեցին»։ Նմանապես մեր արարքները ազդում են ուրիշների վրա։ Օրինակ, երբ չենք ցանկանում ներել հավատակցին, ցավ ենք պատճառում նրան։ Այդպես վարվելով՝ կարծես ասում ենք. «Դու արժանի չես իմ ներողամտությանը, ուշադրությանը և սիրուն»։ Բացի այդ՝ անհարմար դրության մեջ ենք դնում մեր մյուս հավատակիցներին, քանի որ նրանք տեսնում են, որ այդ անհատի հետ մեր փոխհարաբերությունները լարված են։

Դառնությամբ կլցվե՞ս, թե՞ սրտանց կներես (տես պարբերություն 13–14) *

13. Ի՞նչ ենք սովորում մի ռահվիրա քրոջ օրինակից։

13 Երբ ներում ենք մեր եղբայրներին ու քույրերին, օգուտներ ենք քաղում թե՛ մենք, թե՛ ուրիշները։ Մի ռահվիրա քույր, ում կանվանենք Քրիստալ, իր փորձով համոզվեց դրանում։ Ժողովից մի քույր վիրավորել էր նրան։ Քրիստալը պատմում է. «Երբեմն նա այնպիսի խոսքեր էր ասում, որոնք սրի պես խոցում էին սիրտս։ Խմբակային ծառայության ժամանակ նույնիսկ չէի ցանկանում նրա հետ նույն մեքենայում հայտնվել։ Աստիճանաբար կորցրի ծառայության մեջ ունեցած եռանդս և ուրախությունս»։ Քրիստալը մտածում էր, որ նեղվելու հիմնավոր պատճառ ունի, սակայն նա դառնությամբ և իր հանդեպ խղճահարությամբ չլցվեց։ Ինչո՞ւ։ Քանի որ խոնարհաբար կիրառեց սուրբգրային մի խորհուրդ, որը նշված էր «Դիտարանի» 1999 թ. նոյեմբերի 1-ի համարում տպագրված «Սրտանց ներիր» հոդվածում։ Քրիստալը ներեց իր քրոջը։ Նա ասում է. «Հիմա հասկանում եմ, որ բոլորս էլ ձգտում ենք նոր անձնավորությունը հագնել, և որ Եհովան ամեն օր մեծահոգաբար ներում է մեզ։ Երբ ներեցի, ուսերիցս ասես մի ծանր բեռ ընկավ։ Ես վերագտա ուրախությունս»։

14. Ինչպես երևում է Մատթեոս 18։21, 22 համարներից, թերևս ի՞նչ խնդիր ուներ Պետրոս առաքյալը, և մենք ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի պատասխանից։

14 Մենք գիտենք, որ պետք է ներողամիտ լինենք, քանի որ այդպես վարվելը ճիշտ է։ Բայց դա գուցե հեշտ չլինի։ Թերևս Պետրոս առաքյալի համար էլ երբեմն հեշտ չէր լինում ներել (կարդա Մատթեոս 18։21, 22)։ Իսկ ի՞նչը կարող է օգնել մեզ այս հարցում։ Նախ խորհրդածիր այն մասին, թե որքան ներողամիտ է եղել Եհովան քո հանդեպ (Մատթ. 18։32, 33)։ Մենք արժանի չենք նրա ներողամտությանը, բայց նա մեծահոգաբար ներում է մեզ (Սաղ. 103։8–10)։ Բացի այդ՝ մենք «պարտավոր ենք իրար սիրել», ուստի ներողամիտ լինելը ընտրության հարց չէ։ Մենք պարտավոր ենք ներել մեր քույրերին ու եղբայրներին (1 Հովհ. 4։11)։ Խորհրդածիր նաև այն մասին, թե ինչ լավ արդյունքներ է բերում ներելը։ Այդպիսով մենք օգնում ենք մեզ վիրավորողին, նպաստում ենք ժողովի միասնությանը, պահպանում ենք Եհովայի հետ մեր ընկերությունը, և մեր ուսերից մի ծանր բեռ է ընկնում (2 Կորնթ. 2։7; Կող. 3։14)։ Ինչպես նաև աղոթիր Նրան, ով պատվիրում է մեզ ներողամիտ լինել։ Թույլ մի՛ տուր, որ Սատանան խաթարի այն խաղաղությունը, որ վայելում ես հավատակիցներիդ հետ (Եփես. 4։26, 27)։ Առանց Եհովայի օգնության մենք չենք կարող խուսափել Սատանայի թակարդից։

ՄԻ՛ ՇՏԱՊԻՐ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ

15. Ըստ Կողոսացիներ 3։13-ի՝ ի՞նչ պետք է անես, եթե հավատակիցդ արել է մի բան, ինչը չես կարողանում մոռանալ։

15 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հավատակիցդ արել է մի բան, ինչը ոչ մի կերպ չես կարողանում մոռանալ։ Ամեն ինչ արա, որ խաղաղությունը չխաթարվի։ Ջերմեռանդորեն աղոթիր Եհովային։ Խնդրիր, որ նա օրհնի քեզ վիրավորողին և օգնի՝ տեսնես նրա լավ հատկությունները. այն հատկությունները, որոնք նրան թանկ են դարձնում Եհովայի համար (Ղուկ. 6։28)։ Եթե չես կարողանում մոռանալ հավատակցիդ արածը, մտածիր, թե ինչպես կարող ես խոսել նրա հետ։ Լավ կլինի նաև մտածես, որ նա քեզ ցավ պատճառելու մտադրություն չի ունեցել (Մատթ. 5։23, 24; 1 Կորնթ. 13։7)։ Երբ խոսես նրա հետ, կասկածի տակ մի՛ դիր նրա մղումները։ Իսկ եթե նա չի ցանկանում խաղաղություն հաստատել, շարունակիր համբերատար լինել նրա հանդեպ։ Հույսդ մի՛ կտրիր նրանից (կարդա Կողոսացիներ 3։13)։ Ամենակարևորը՝ բարկությամբ մի՛ լցվիր նրա հանդեպ, քանի որ այդպիսով կվնասես Եհովայի հետ ընկերությունդ։ Երբեք թույլ մի՛ տուր, որ որևէ բան գայթակղեցնի քեզ։ Այդպես կփաստես, որ Եհովային ամեն ինչից առավել ես սիրում (Սաղ. 119։165

16. Ի՞նչ պատասխանատվություն ունի մեզանից յուրաքանչյուրը։

16 Մեզ համար շատ թանկ է Եհովային միասնաբար ծառայելու առանձնաշնորհումը։ Մենք «մեկ հոտ» ենք «մեկ հովվի» հոգածության տակ (Հովհ. 10։16«Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 165-րդ էջում գրված է. «Դու օգուտներ ես քաղում այդ միասնությունից, ուստի պատասխանատվություն ունես նպաստելու դրա պահպանմանը»։ Մենք պետք է սովորենք «մեր եղբայրներին ու քույրերին նայել Եհովայի աչքերով»։ Եհովայի համար մենք՝ բոլոր «փոքրերս», շատ թանկ ենք։ Իսկ դու թանկ համարո՞ւմ ես հավատակիցներիդ։ Եհովան նկատում և գնահատում է այն ամենը, ինչ անում ես «փոքրերին» օգնելու և նրանց մասին հոգ տանելու համար (Մատթ. 10։42

17. Ի՞նչ ենք վճռել անել։

17 Մենք սիրում ենք մեր հավատակիցներին։ Ուստի վճռել ենք «գայթակղության քար չդնել եղբոր առաջ կամ սայթաքելու պատճառ չստեղծել նրա համար» (Հռոմ. 14։13)։ Մենք մեր հավատակիցներին մեզանից բարձր ենք համարում և ցանկանում ենք սրտանց ներել նրանց։ Թող որ երբեք չգայթակղվենք ուրիշների խոսքերից և արարքներից։ Փոխարենը՝ «հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում և նպաստում է միմյանց կերտելուն» (Հռոմ. 14։19

ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք

^ պարբ. 5 Անկատարության պատճառով գուցե ասենք կամ անենք բաներ, որոնք ցավ կպատճառեն մեր եղբայրներին ու քույրերին։ Ինչպե՞ս ենք վարվում նման դեպքերում։ Փորձո՞ւմ ենք վերականգնել վնասված փոխհարաբերությունները։ Անմիջապես ներողություն խնդրո՞ւմ ենք, թե՞ մտածում ենք, որ եթե վիրավորվել է, դա նրա խնդիրն է։ Հնարավոր է նաև, որ մենք ենք հեշտությամբ վիրավորվում ուրիշների ասածներից կամ արածներից։ Իսկ ինչպե՞ս ենք վարվում նման դեպքերում։ Սկսո՞ւմ ենք արդարացնել ինքներս մեզ՝ ասելով. «Դե՜, ես էլ այդպիսին եմ։ Դա իմ բնավորությունն է»։ Թե՞ գիտակցում ենք, որ արագ վիրավորվելը թուլության նշան է, և փոփոխություններ անելու կարիք ունենք։

^ պարբ. 53 ՆԿԱՐ։ Ժողովի քույրերից մեկը վիրավորված է մյուս քրոջից։ Նրանք առանձին հարթում են տարաձայնությունը, մոռանում են դրա մասին և իրար հետ ուրախ ծառայում։