Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 24

Եհովան ներողամտության մեծագույն օրինակն է

Եհովան ներողամտության մեծագույն օրինակն է

«Ո՛վ Եհովա, դու բարի ես ու ներելու պատրաստ, և մեծ է քո սիրառատ բարությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ» (ՍԱՂ. 86։5

ԵՐԳ 42 Աստծու ծառայի աղոթքը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ ճշմարտություն է գրված Ժողովող 7։20-ում։

 ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՎՈՐԸ գրել է. «Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի ու մեղք չգործի» (Ժող. 7։20)։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։ Մենք մեղավորներ ենք, ուստի բոլորս էլ Աստծու և մարդկանց ներողամտության կարիքն ունենք (1 Հովհ. 1։8

2. Ի՞նչ զգացումներ ես ունենում, երբ մտերիմ ընկերդ ներում է քեզ։

2 Ամենայն հավանականությամբ եղել է այնպես, որ նեղացնես մտերիմ ընկերոջդ։ Անկասկած, դու ցանկացել ես շտկել իրավիճակը և վերականգնել ձեր փոխհարաբերությունները, ուստի անկեղծորեն ներողություն ես խնդրել։ Երբ ընկերդ սրտանց ներել է քեզ, ուսերիցդ ծանր բեռ է ընկել, և դու մեծ ուրախություն ես զգացել։

3. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք։

3 Մենք ցանկանում ենք, որ Եհովան լինի մեր ամենամտերիմ Ընկերը։ Բայց երբեմն ասում կամ անում ենք բաներ, որոնք ցավ են պատճառում նրան։ Հոդվածից կիմանանք, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ Եհովան մեծ ցանկություն ունի ներելու մեզ, ինչ առումով է նրա ներողամտությունը բացառիկ, և թե ով կարող է արժանանալ Աստծու ներողամտությանը։

ԵՀՈՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԵԼՈՒ

4. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան պատրաստ է ներելու։

4 Աստծու Խոսքը հավաստիացնում է մեզ, որ Եհովան պատրաստ է ներելու։ Նա Սինա լեռան վրա իր էությունը Մովսեսին նկարագրելիս հրեշտակի միջոցով ասաց. «Եհո՛վա, Եհո՛վա, ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի, որը հազարավորների հանդեպ սիրառատ բարություն է ցուցաբերում, ներում է հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը» (Ելք 34։6, 7)։ Այո՛, Եհովան բարի ու ողորմած Աստված է, ով միշտ պատրաստ է ներելու նրանց, ովքեր զղջում են (Նեեմ. 9։17; Սաղ. 86։15

Եհովան տեղյակ է այն ամենին, ինչը ձևավորել է մեր անհատականությունը (տես պարբերություն 5)

5. Սաղմոս 103։13, 14 համարների համաձայն՝ մարդկանց մասին ամեն բան իմանալը ի՞նչ անելու է մղում Եհովային։

5 Լինելով մեր Արարիչը՝ Եհովան շատ լավ է ճանաչում մեզ։ Պատկերացնո՞ւմ ես՝ նա երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու մասին գիտի ամեն մի մանրուք (Սաղ. 139։15–17)։ Եհովան հասկանում է, որ շատ հարցերում թերանում ենք, քանի որ մեր ծնողներից անկատարություն ենք ժառանգել։ Դեռ ավելին՝ նա լիովին տեղյակ է մեր կյանքում տեղի ունեցած այն բոլոր դեպքերին, որոնք ձևավորել են մեր անհատականությունը։ Այն, որ Եհովան յուրաքանչյուրիս այդքան լավ է ճանաչում, մղում է նրան ողորմած լինելու մեր հանդեպ (Սաղ. 78։39; կարդա Սաղմոս 103։13, 14

6. Ինչպե՞ս է Եհովան փաստել, որ մեծ ցանկություն ունի ներելու մեզ։

6 Եհովան փաստել է, որ մեծ ցանկություն ունի ներելու մեզ։ Նա հասկանում է, որ առաջին մարդու՝ Ադամի գործած սխալների պատճառով ենք հայտնվել մեղքի ու մահվան անեծքի տակ (Հռոմ. 5։12)։ Մենք ոչինչ չենք կարող անել մեզ կամ մեկ այլ մարդու մեղքից ու մահից ազատելու համար (Սաղ. 49։7–9)։ Բայց մեր սիրառատ Հայրը, կարեկցանք դրսևորելով, քայլեր ձեռնարկեց, որ ազատագրի մեզ։ Իսկ ի՞նչ արեց նա։ Ինչպես երևում է Հովհաննես 3։16 համարից, Եհովան իր միածին Որդուն ուղարկեց, որ նա հանուն մեզ զոհի իր կյանքը (Մատթ. 20։28; Հռոմ. 5։19)։ Հիսուսը տառապեց ու մահացավ մեր փոխարեն, որպեսզի ազատագրի բոլոր նրանց, ովքեր հավատ են դրսևորում իր հանդեպ (Եբր. 2։9)։ Եհովան անասելի ցավ ապրեց՝ տեսնելով, թե ինչպես է իր սիրելի Որդին սարսափելի չարչարանքներ կրում և նվաստացուցիչ կերպով մահանում։ Եթե Եհովան ցանկություն չունենար մեզ ներելու, մի՞թե թույլ կտար, որ իր Որդին մահանար։

7. Աստվածաշնչից բեր օրինակներ, երբ Եհովան մեծահոգաբար ներել է։

7 Աստվածաշնչում կան մի շարք մարդկանց օրինակներ, ում Եհովան մեծահոգաբար ներել է (Եփես. 4։32)։ Ո՞վ է առաջինը գալիս միտքդ։ Թերևս Մանասե թագավորը։ Այդ չար մարդը շատ ծանր մեղքեր գործեց Աստծու դեմ։ Նա կուռքերի պաշտեց և առաջ տարավ կեղծ երկրպագությունը։ Մանասեն սպանեց իր երեխաներին՝ նրանց կեղծ աստվածներին զոհ մատուցելով։ Նա նույնիսկ Եհովայի տաճարում կեղծ աստծու քանդակված կուռք կանգնեցրեց։ Աստվածաշնչում նրա մասին ասվում է. «Նա մեծ չարիք գործեց Եհովայի աչքում և վիրավորեց նրան» (2 Տար. 33։2–7)։ Այդուհանդերձ, երբ Մանասեն անկեղծորեն զղջաց, Եհովան մեծահոգաբար ներեց նրան։ Աստված անգամ վերադարձրեց նրան թագավորական գահը (2 Տար. 33։12, 13)։ Հնարավոր է՝ միտքդ եկավ նաև Դավիթ թագավորը։ Նա այնպիսի լուրջ մեղքեր գործեց, ինչպիսիք են շնությունն ու մարդասպանությունը։ Բայց երբ Դավիթը գիտակցեց իր արարքների լրջությունը և անկեղծորեն զղջաց, Եհովան ներեց նրան (2 Սամ. 12։9, 10, 13, 14)։ Անկասկած, մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան մեծ ցանկություն ունի մեզ ներելու։ Եվ ինչպես կտեսնենք, Եհովայի ներողամտությունը բացառիկ է. նա չի ներում այնպես, ինչպես մարդն է ներում։

ԵՀՈՎԱՅԻ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԻԿ Է

8. Եհովայի ներողամտության հարցում ի՞նչ դեր է խաղում այն փաստը, որ նա լավագույն Դատավորն է։

8 Եհովան «ողջ երկրի Դատավորն» է (Ծննդ. 18։25)։ Լավ դատավորը պետք է խորությամբ հասկանա օրենքները։ Ինչ խոսք, Եհովան այդպիսի դատավոր է, քանի որ հենց ինքն է Օրենսդիրը (Ես. 33։22)։ Ոչ ոք ճշտի ու սխալի վերաբերյալ այնքան խոր հասկացողություն չունի, որքան Եհովան։ Իսկ ուրիշ ի՞նչ է պետք լավ դատավոր լինելու համար։ Լավ դատավորը նախքան վճիռ կայացնելը պետք է հաշվի առնի գործին առնչվող բոլոր փաստերը։ Այս հարցում ոչ ոք չի կարող համեմատվել Եհովայի հետ, քանի որ նա տեղյակ է ամեն ինչին։ Ուստի կարող ենք ասել, որ Եհովան լավագույն Դատավորն է։

9. Ի՞նչ է հաշվի առնում Եհովան, երբ որոշում է՝ ներել, թե ոչ։

9 Ի տարբերություն մարդկային դատավորների՝ Եհովան ցանկացած գործի վերաբերյալ լիարժեք պատկերացում ունի և տիրապետում է բոլոր փաստերին (Ծննդ. 18։20, 21; Սաղ. 90։8)։ Նա ավելին է տեսնում ու լսում, քան մարդը։ Նա լիովին հասկանում է, թե անհատի գործերի վրա ինչ ազդեցություն են ունեցել նրա գեները, դաստիարակությունը, միջավայրը, ինչպես նաև էմոցիոնալ և հոգեկան վիճակը։ Եհովան նաև տեսնում է, թե ինչ կա մարդու սրտում։ Նա գիտի յուրաքանչյուրի մղումները, նպատակները և ցանկությունները։ Նրանից ոչինչ հնարավոր չէ թաքցնել (Եբր. 4։13)։ Ուստի Եհովան միշտ հաշվի է առնում իրավիճակի վերաբերյալ իր ունեցած լիարժեք տեղեկությունները, երբ որոշում է՝ ներել անհատին, թե ոչ։

Եհովան արդար է և անկողմնակալ, նրան հնարավոր չէ կաշառել (տես պարբերություն 10)

10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայի դատավճիռները միշտ արդար են (2 Օրենք 32։4

10 Եհովայի դատավճիռները միշտ արդար են։ Նա բացարձակապես անկողմնակալ է։ Ներելիս նա չի հիմնվում մարդու արտաքինի, ունեցվածքի, դիրքի կամ ունակությունների վրա (1 Սամ. 16։7; Հակ. 2։1–4)։ Ոչ ոք չի կարող ճնշում բանեցնել Եհովայի վրա կամ կաշառել նրան (2 Տար. 19։7)։ Նա երբեք չի կայացնում որոշում՝ բարկությունից կամ խղճահարությունից դրդված (Ելք 34։7)։ Անկասկած, Եհովան խոր ըմբռնողականություն և խորաթափանցություն ունի, ուստի և լավագույն Դատավորն է (կարդա 2 Օրենք 32։4

11. Ինչո՞վ է Եհովայի ներողամտությունը բացառիկ։

11 Եբրայերեն Գրությունները գրի առնողները հասկանում էին, որ Եհովայի ներողամտությունը բացառիկ է։ Որոշ դեպքերում նրանք օգտագործել են եբրայերեն մի բառ, որի վերաբերյալ մի աշխատության մեջ հետևյալն է ասվում. «Այդ բառը հատկապես օգտագործվում է այն դեպքերում, երբ Աստված է ներում շնորհում մեղավորին, և երբեք չի օգտագործվում նկարագրելու համար մարդու ցուցաբերած ներողամտությունը, որը թերի է ու սահմանափակ»։ Միմիայն Եհովան իշխանություն ունի լիարժեքորեն ներելու նրանց, ովքեր զղջում են։ Իսկ ի՞նչ լավ արդյունքներ են լինում, երբ Եհովան ներում է մեզ։

12–13. ա) Ի՞նչ լավ արդյունքներ են լինում, երբ անհատը ներում է ստանում Եհովայից։ բ) Երբ Եհովան ներում է մեր մեղքը, երբևէ հիշեցնո՞ւմ է այդ մասին։

12 Երբ ընդունում ենք այն փաստը, որ Եհովան ներել է մեզ, մեծ թարմություն ենք զգում, ինչպես նաև ունենում ենք մտքի խաղաղություն և մաքուր խիղճ։ Այսպիսի լավ արդյունքներ լինում են միայն այն դեպքում, երբ Եհովան է ներում մեզ (Գործ. 3։19)։ Ներելուց հետո նա լիովին վերականգնում է իր փոխհարաբերությունները մեզ հետ, ասես մենք երբեք էլ մեղք չէինք գործել։

13 Մենք կարող ենք համոզված լինել, որ եթե Աստված ներել է մեր մեղքը, ուրեմն այլևս չի հիշեցնի մեզ այդ մասին և կրկին չի պատժի մեզ դրա համար (Ես. 43։25; Երեմ. 31։34)։ Նա այնքան է «հեռացնում մեր մեղքերը մեզանից, որքան արևելքը հեռու է արևմուտքից» (Սաղ. 103։12 b Երբ խորհում ենք այն մասին, թե որքան մեծ է Եհովայի ներողամտությունը, երախտագիտությամբ ու ակնածանքով ենք լցվում նրա հանդեպ (Սաղ. 130։4)։ Իսկ ո՞վ կարող է արժանանալ Եհովայի ներողամտությանը։

Ո՞ՒՄ Է ՆԵՐՈՒՄ ԵՀՈՎԱՆ

14. Ի՞նչ իմացանք այն մասին, թե Եհովան ինչպես է որոշում՝ ներել, թե ոչ։

14 Ինչպես տեսանք, Եհովայի ներելու կամ չներելու որոշումը կախված չէ մեղքի ծանրությունից։ Բացի այդ՝ իմացանք, որ Եհովան, լինելով մեր Արարիչը, Օրենսդիրը և Դատավորը, գործի է դնում իր գիտելիքները, երբ որոշում է՝ ներել մեզ, թե ոչ։ Իսկ կոնկրետ ի՞նչ գործոններ է Եհովան հաշվի առնում։

15. Ղուկաս 12։47, 48 համարների համաձայն՝ ի՞նչ գործոն է Եհովան հաշվի առնում։

15 Գործոններից մեկը, որ Եհովան հաշվի է առնում, այն է, թե արդյոք մեղք գործած անհատը գիտեր, որ սխալ է վարվում։ Դա պարզ երևում է Հիսուսի խոսքերից՝ գրված Ղուկաս 12։47, 48 համարներում (կարդա)։ Երբ անհատը մտածված վատ բան է անում՝ լիովին գիտակցելով, որ իր արարքը կվիրավորի Եհովային, լուրջ մեղք է գործում։ Նման անհատը գուցե ներում չստանա Եհովայից (Մարկ. 3։29; Հովհ. 9։41)։ Այդուհանդերձ, պետք է ընդունենք, որ երբեմն բոլորս էլ գիտակցաբար սխալներ ենք գործում։ Այդ դեպքում կարո՞ղ ենք հուսալ, որ Եհովան կների մեզ։ Այո՛, քանի որ նա մեկ ուրիշ գործոն էլ է հաշվի առնում, երբ որոշում է՝ ներել, թե ոչ։

Մենք կարող ենք համոզված լինել, որ եթե անկեղծորեն զղջանք, Եհովան կների մեզ (տես պարբերություն 16–17)

16. Ի՞նչ է զղջումը, և ինչո՞ւ է այն անչափ կարևոր։

16 Մյուս գործոնը, որ Եհովան հաշվի է առնում, այն է, թե արդյոք մեղք գործած անհատը անկեղծորեն զղջում է իր արածի համար։ Իսկ ի՞նչ է նշանակում զղջալ։ «Զղջալ» նշանակում է «փոխել մտածելակերպը, տրամադրվածությունը կամ նպատակը»։ Զղջացող անհատը ափսոսում և խորապես տրտմում է իր վատ արարքի կամ ճիշտը չանելու համար։ Նա ցավ է ապրում ոչ միայն այն պատճառով, որ վատ բան է արել, այլ նաև այն պատճառով, որ թույլ է տվել՝ Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունները այնքան վատանան, որ նա մեղք գործի։ Հիշենք, որ թե՛ Մանասե, թե՛ Դավիթ թագավորները լուրջ մեղքեր գործեցին, բայց Եհովան ներեց նրանց, քանի որ նրանք երկուսն էլ իսկապես զղջացել էին (1 Թագ. 14։8)։ Տեսնում ենք, որ մեր զղջումը պետք է ակնհայտ լինի Եհովայի համար, որպեսզի նա ների մեզ։ Սակայն գործած մեղքի համար ցավ զգալը դեռ բավական չէ։ Մենք պետք է պատրաստ լինենք որոշակի քայլեր ձեռնարկելու։ c Իսկ դա հաջորդ գործոնն է, որ Եհովան հաշվի է առնում։

17. Ի՞նչ է դարձի գալը, և ինչո՞ւ է այն կարևոր (Եսայիա 55։7

17 Մյուս գործոնը, որ Եհովան հաշվի է առնում, դարձի գալն է։ «Դարձի գալ» նշանակում է «հետ դառնալ»։ Այլ կերպ ասած՝ անհատը փոխում է իր ընթացքը՝ թողնելով վատ գործերը և ապրելով Եհովային հաճելի կյանքով (կարդա Եսայիա 55։7)։ Անհատը պետք է փոխի իր մտածելակերպը և սկսի առաջնորդվել Եհովայի մտածելակերպով (Հռոմ. 12։2; Եփես. 4։23)։ Նա պետք է վճռական լինի հրաժարվելու իր նախկին մտածելակերպից և գործերից (Կող. 3։7–10)։ Ինչ խոսք, Քրիստոսի զոհաբերության հանդեպ մեր հավատն է հիմք տալիս Եհովային ներելու և մաքրելու մեզ մեղքերից։ Եհովան փրկագնի հիման վրա կների մեզ, երբ տեսնի, որ անկեղծ ջանքեր ենք թափում, որպեսզի փոխենք մեր վարքը (1 Հովհ. 1։7

ՀԱՄՈԶՎԱԾ ԵՂԻՐ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՆԵՐՈՂԱՄԻՏ Է

18. Ի՞նչ սովորեցինք Եհովայի ներողամտության մասին։

18 Այժմ հակիրճ ամփոփենք մեր սովորածը։ Եհովան ներողամտության մեծագույն օրինակն է։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նախ այն պատճառով, որ նա միշտ պատրաստ է ներելու։ Երկրորդ՝ նա ամեն ինչ գիտի մեր մասին։ Նա գիտի մեր ողջ էությունը և միակ անձնավորությունն է, ով կարող է իմանալ, թե արդյոք իսկապես զղջում ենք։ Եվ երրորդ՝ երբ Եհովան ներում է, ամբողջությամբ ջնջում է մեր մեղքերը։ Դրա շնորհիվ մենք մաքուր խիղճ ենք ունենում և արժանանում ենք նրա հավանությանը։

19. Թեև անկատար ենք և երբեմն սխալներ ենք թույլ տալիս, ինչո՞ւ կարող ենք ուրախ լինել։

19 Ինչ խոսք, քանի դեռ անկատար ենք մենք կշարունակենք մեղք գործել։ Հետևյալ միտքը, որ գրված է «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանի «Զղջալ» վերնագրի տակ, կարող է մխիթարական լինել մեզ համար. «Քանի որ Եհովան ողորմածաբար հաշվի է առնում իր ծառաների թուլությունները, նրանք չպետք է մշտապես խղճի խայթ զգան իրենց սխալների համար, որոնք արել են ժառանգած անկատարության պատճառով (Սղ 103։8–14; 130։3)։ Եթե նրանք անկեղծ ջանքեր են թափում, որ քայլեն Աստծու ճանապարհներով, ապա կարող են ուրախ լինել (Փպ 4։4–6; 1Հվ 3։19–22)»։ Ինչպիսի՜ քաջալերական միտք։

20. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

20 Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ նա ներում է մեր մեղքերը, երբ անկեղծորեն զղջում ենք։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի ներողամտությունը։ Ինչո՞վ է մեր ներողամտությունը նման նրա ներողամտությանը և ի՞նչ առումներով է տարբեր։ Ինչո՞ւ է այդ տարբերությունը հասկանալը կարևոր։ Այս հարցերի պատասխանները կիմանանք հաջորդ հոդվածից։

ԵՐԳ 45 Սրտիս խորհրդածությունը

a Եհովան իր Խոսքում հավաստիացնում է, որ պատրաստ է ներելու նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են իրենց մեղքերի համար։ Բայց գուցե երբեմն մտածենք, թե արժանի չենք նրա ներողամտությանը։ Հոդվածից կիմանանք, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ մեր Աստված Եհովան միշտ պատրաստ է ներելու մեզ, եթե իսկապես զղջում ենք։

c ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Զղջումը մտածելակերպի փոփոխությունն է և խոր ափսոսանքը նախկին ապրելակերպի, սխալ արարքների կամ չարած բաների համար։ Անկեղծ զղջման արդյունքում անհատը փոխում է իր սխալ ընթացքը։