Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովային ծառայելիս հաճելի անակնկալներ ենք ունեցել և արժեքավոր դասեր սովորել

Եհովային ծառայելիս հաճելի անակնկալներ ենք ունեցել և արժեքավոր դասեր սովորել

ՓՈՔՐ ժամանակ, երբ երկնքում ինքնաթիռ էի տեսնում, շատ էի ուզում ճամփորդել ինչ-որ էկզոտիկ երկիր։ Բայց ինձ համար դա լոկ երազանք էր։

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ծնողներս Էստոնիայից տեղափոխվեցին Գերմանիա, որտեղ էլ ես ծնվեցի։ Շատ չանցած՝ մենք տեղափոխվեցինք Կանադա։ Կանադայում մեր առաջին տունը Օտտավայի մոտակայքում էր։ Մենք ապրում էինք հավաբնի մի անկյունում։ Այդ հատվածում պատերը կրով սպիտակեցված էին։ Մենք ծայրահեղ աղքատ էինք, բայց միշտ նախաճաշի համար ձու ունեինք։

Մի օր Եհովայի վկաները մորս համար կարդացին Հայտնություն 21։3, 4 համարները։ Այդ խոսքերն այնքան հուզեցին մորս, որ նա սկսեց արտասվել։ Ճշմարտության սերմը ծիլ տվեց և սկսեց աճել։ Հայրս ու մայրս արագորեն հոգևորապես առաջադիմեցին և մկրտվեցին։

Ծնողներս անգլերեն լավ չգիտեին, բայց շատ նախանձախնդիր էին ճշմարտության հանդեպ։ Հայրս աշխատում էր Օնտարիո նահանգի Սադբերի քաղաքի նիկելի ձուլարանում։ Գրեթե ամեն շաբաթ օր նույնիսկ ամբողջ գիշեր աշխատելուց հետո հայրս ինձ ու փոքր քրոջս՝ Սիլվիային, ծառայության էր տանում։ Բացի այդ՝ մենք ամեն շաբաթ ընտանիքով «Դիտարանն» էինք ուսումնասիրում։ Հայրս ու մայրս իմ մեջ Աստծու հանդեպ սեր են սերմանել, ինչն էլ մղել է ինձ, որ 1956 թ.-ին՝ տասը տարեկանում, կյանքս նվիրեմ Եհովային։ Ողջ կյանքիս ընթացքում քաջալերվել եմ՝ հիշելով այն մասին, թե նրանք որքան շատ էին սիրում Եհովային։

Դպրոցն ավարտելուց հետո փոքր-ինչ պասիվացել էի ծառայության հարցում։ Մտածում էի, որ եթե ռահվիրա դառնամ, երբեք չեմ կարողանա այնքան գումար վաստակել, որ իրականացնեմ իմ երազանքը և շրջեմ աշխարհով մեկ։ Տեղի ռադիոկայանում աշխատանք գտա։ Աշխատում էի որպես դիջեյ. սիրում էի իմ գործը։ Ես երեկոներն էի աշխատում, ուստի պարբերաբար բաց էի թողնում ժողովի հանդիպումները և շփվում էի այնպիսի մարդկանց հետ, ովքեր չէին սիրում Եհովային։ Ի վերջո Աստվածաշնչով մարզված խիղճս մղեց ինձ փոփոխություններ անելու։

Տեղափոխվեցի Օնտարիո նահանգի Օշավա քաղաք։ Այնտեղ հանդիպեցի Ռեյ Նորմանին, նրա քրոջը՝ Լեսլիին, և այլ ռահվիրաների։ Նրանք շատ բարյացակամ էին իմ հանդեպ։ Տեսնելով, թե որքան երջանիկ են նրանք՝ սկսեցի լրջորեն մտածել իմ նպատակների մասին։ Նրանք ինձ հորդորեցին ռահվիրայություն սկսել։ 1966 թ. սեպտեմբերին հասա այդ նպատակին։ Ես երջանիկ էի և վայելում էի կյանքը, բայց առջևում ինձ անակնկալներ էին սպասում, որոնք փոխելու էին կյանքս։

ՄԻ՛ ՇՏԱՊԻՐ ՄԵՐԺԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՀՐԱՎԵՐԸ

Երբ դեռ ավագ դպրոցում էի, Բեթելում ծառայելու դիմում լրացրի, որ ծառայեմ Կանադայի մասնաճյուղում, որը Տորոնտո քաղաքում է։ Հետագայում, երբ ռահվիրա էի ծառայում, չորս տարով Բեթել հրավիրվեցի։ Բայց ես շատ էի հավանում Լեսլիին և վախենում էի, որ եթե ընդունեմ հրավերը, գուցե էլ երբեք չտեսնեմ նրան։ Երկար ու ջերմեռանդորեն աղոթելուց հետո վերջապես ընդունեցի Բեթելում ծառայելու հրավերը և սրտի կսկիծով հրաժեշտ տվեցի Լեսլիին։

Ծառայում էի Բեթելի լվացքատանը, իսկ ավելի ուշ՝ որպես քարտուղար։ Այդ ընթացքում Լեսլին հատուկ ռահվիրա նշանակվեց Գատինոյում (Քվեբեկ)։ Ես հաճախ էի մտածում, թե ինչ է անում նա, և արդյոք իմ կայացրած որոշումը ճիշտ էր։ Որոշ ժամանակ անց եղավ մի բան, որը կյանքիս ամենահաճելի անակնկալներից էր։ Ռեյը՝ Լեսլիի եղբայրը, հրավիրվեց Բեթել։ Անհավատալի էր, բայց նա դարձավ իմ սենյակակիցը։ Այդպես Լեսլիի հետ իմ ընկերությունը շարունակվեց։ Մենք ամուսնացանք իմ չորս տարվա նշանակման վերջին օրը՝ 1971 թ. փետրվարի 27-ին։

1975 թ.-ին շրջանային ծառայություն ենք սկսում

Ես ու Լեսլին նշանակվեցինք ծառայելու Քվեբեկի ֆրանսախոս ժողովներից մեկում։ Մի քանի տարի անց անակնկալ կերպով նշանակում ստացա ծառայելու որպես շրջանային վերակացու, երբ ընդամենը 28 տարեկան էի։ Կարծում էի, որ չափազանց երիտասարդ եմ և անփորձ։ Սակայն Երեմիա 1։7, 8 համարները քաջալերեցին ինձ։ Մեզ անհանգստացնում էր նաև այն, որ Լեսլին մի քանի անգամ ավտովթարի էր ենթարկվել։ Բացի այդ՝ նա քնելու հետ կապված խնդիրներ ուներ։ Ուստի մտածում էինք, որ շրջանային ծառայությունը մեզ համար դժվար կլիներ։ Այնուամենայնիվ, Լեսլին ասաց. «Եթե Եհովան որևէ հանձնարարություն է տալիս, մի՞թե չպետք է փորձենք անել այն»։ Մենք ընդունեցինք Եհովայի հրավերը և 17 տարի շարունակ վայելեցինք շրջագայական ծառայությունը։

Լինելով շրջանային վերակացու՝ ես շատ զբաղված էի և միշտ չէ, որ կարողանում էի բավարար ժամանակ տրամադրել Լեսլիին։ Այդ հարցում շտկվելու կարիք ունեի։ Մի երկուշաբթի առավոտ հնչեց մեր դռան զանգը։ Դռան առջև ոչ ոք չկար, բայց մի զամբյուղ էր դրված, մեջը՝ սփռոց, մրգեր, պանիր, հաց, մի շիշ գինի, գավաթներ և մի անանուն բացիկ, որի վրա գրված էր. «Կնոջդ պիկնիկի տար»։ Հրաշալի արևոտ օր էր, սակայն Լեսլիին ասացի, որ ելույթներ ունեմ պատրաստելու, ուստի չենք կարող գնալ։ Նա մտավ իմ դրության մեջ, բայց մի քիչ տխրեց։ Երբ նստեցի որ պատրաստեմ ելույթներս, խիղճս սկսեց տանջել։ Միտքս եկան Եփեսացիներ 5։25, 28 համարները։ Այդ համարներով Եհովան կարծես հորդորում էր ինձ հոգ տանել կնոջս էմոցիոնալ կարիքների մասին։ Ես աղոթեցի ու Լեսլիին ասացի. «Գնացի՛նք»։ Նա շատ ուրախացավ։ Մենք գետի ափին մի գողտրիկ վայր գտանք, փռեցինք սփռոցը և վայելեցինք մեր համատեղ կյանքի ամենահաճելի օրերից մեկը։ Հետո ելույթներս էլ հասցրի պատրաստել։

Շրջանային ծառայության մեջ մենք շատ ուրախ օրեր ենք անցկացրել և բազմաթիվ վայրեր ենք այցելել՝ Բրիտանական Կոլումբիայից մինչև Նյուֆաունդլենդ։ Ճամփորդելու երազանքս իրականություն էր դառնում։ Մտածում էի «Գաղաադ» դպրոցում սովորելու մասին, բայց չէի ուզում օտար երկրում ծառայել։ Ինձ համար միսիոներները յուրահատուկ մարդիկ էին, իսկ ես ինձ այդպիսին չէի համարում։ Բացի այդ՝ վախենում էի, որ մեզ կուղարկեն աֆրիկյան որևէ երկիր, որտեղ պատերազմ և հիվանդություններ կլինեն։ Մենք երջանիկ էինք այնտեղ, որտեղ ծառայում էինք։

ԱՆԱԿՆԿԱԼ ՀՐԱՎԵՐ ԷՍՏՈՆԻԱ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ

Ճամփորդում ենք Բալթյան երկրներով

1992 թ.-ին, երբ հետխորհրդային երկրներում մեր գործունեությունը վերականգնվում էր, մեզ հարցրին, թե կարող ենք արդյոք որպես միսիոներներ տեղափոխվել Էստոնիա։ Նման հրավերի մենք չէինք սպասում, բայց աղոթեցինք Եհովային այդ մասին։ Մենք կրկին հարցրինք ինքներս մեզ. «Եթե Եհովան որևէ հանձնարարություն է տալիս, մի՞թե չպետք է փորձենք անել այն»։ Մենք ընդունեցինք հրավերը, և ես ինքս ինձ ասացի. «Լավ է՝ գոնե Աֆրիկա չենք գնում»։

Մենք անմիջապես սկսեցինք էստոներեն սովորել։ Մի քանի ամիս էր, ինչ այնտեղ էինք, և մեզ խնդրեցին շրջանային ծառայություն սկսել։ Մենք պետք է Բալթյան երեք երկրներում, ինչպես նաև Կալինինգրադում (Ռուսաստան) մոտ 46 ժողովներ և որոշ խմբեր այցելեինք։ Դա նշանակում էր, որ գոնե մի փոքր պետք է սովորեինք լատիշերեն, լիտվաներեն և ռուսերեն։ Ասեմ, որ հեշտ չէր։ Բայց մեր եղբայրներն ու քույրերը տպավորվում էին՝ տեսնելով մեր գործադրած ջանքերը, և օգնում էին մեզ։ 1999 թ.-ին Էստոնիայում մասնաճյուղ հիմնվեց, և ես նշանակվեցի ծառայելու մասնաճյուղի կոմիտեում Թոմաս Իդուրի, Լեմբիտ Ռայլի և Թոմի Կաուկոյի հետ։

Ձախ կողմի նկարում՝ Լիտվայում համաժողովի ժամանակ ելույթ եմ ներկայացնում

Աջ կողմի նկարում՝ 1999 թ.-ին Էստոնիայում կազմավորվում է մասնաճյուղի կոմիտե

Մենք ծանոթացանք բազմաթիվ Վկաների հետ, ովքեր նախկինում Սիբիր էին աքսորվել։ Չնայած դաժան պայմաններին և ընտանիքից մեկուսացած լինելուն՝ նրանք երբեք չէին դառնացել։ Այդ եղբայրներն ու քույրերը շարունակում էին ուրախությամբ և եռանդով ծառայել։ Նրանց օրինակից սովորեցինք, որ մենք էլ կարող ենք դիմանալ դժվար հանգամանքների ներքո և չկորցնել մեր ուրախությունը։

Տարիներն անցնում էին։ Մենք տքնաջան ծառայում էինք և շատ քիչ ժամանակ էինք հատկացնում հանգստին։ Եկավ մի պահ, երբ Լեսլին զգաց, որ լրիվ ուժասպառ է եղել։ Մենք անմիջապես չհասկացանք, որ այդ ծայրահեղ հոգնածությունը կապված էր մի հիվանդության հետ, որը կոչվում է ֆիբրոմիալգիա։ Սկսեցինք լրջորեն մտածել Կանադա վերադառնալու մասին։ Սակայն մեզ հրավիրեցին մասնաճյուղի կոմիտեի անդամների համար նախատեսված դպրոց, որն անցկացվելու էր Պատերսոնում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Ես կարծում էի, որ չենք կարողանա գնալ, բայց ջերմեռանդորեն աղոթելուց հետո ընդունեցինք հրավերը։ Եհովան օրհնեց մեր որոշումը։ Դպրոցում սովորելու ընթացքում էր, որ բացահայտվեց Լեսլիի հիվանդությունը։ Նա անհրաժեշտ բուժօգնություն ստացավ, և մենք աստիճանաբար վերադարձանք մեր բնականոն կյանքին։

ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼ, ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱՄԱՍ

2008 թ.-ին, երբ Էստոնիայում էինք, մի երեկո գլխավոր վարչությունից հեռախոսազանգ ստացա։ Մեզ առաջարկում էին ծառայել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Զարմանքից քար էի կտրել, հատկապես որ պատասխանը հաջորդ օրը պետք է տայինք։ Այդ օրը Լեսլիին ոչինչ չասացի, քանի որ գիտեի՝ գիշերը չի քնի։ Բայց արդյունքում ես չքնեցի։ Ողջ գիշեր աղոթում էի՝ Եհովային պատմելով Աֆրիկայի հետ կապված իմ մտահոգությունների մասին։

Հաջորդ օրը խոսեցի Լեսլիի հետ, և մենք հետևյալ եզրակացությանը եկանք. «Մինչև չփորձենք, չենք իմանա՝ կկարողանանք կատարել այդ հանձնարարությունը և ուրախություն ստանալ դրանից, թե ոչ»։ Այդպիսով՝ 16 տարի Էստոնիայում ծառայելուց հետո մեկնեցինք Կինշասա (Կոնգո)։ Այնտեղի մասնաճյուղը տեղակայված էր մի այնպիսի վայրում, որտեղ առատ բուսականություն կար, և յուրահատուկ հանգստություն էր տիրում։ Առաջին իրերից մեկը, որ Լեսլին դրեց մեր սենյակում, մի բացիկ էր, որը նա իր հետ վերցրել էր Կանադայից հեռանալիս։ Այնտեղ գրված էր. «Ծաղկիր այնտեղ, որտեղ տնկված ես»։ Մենք մեծ թարմություն ստացանք, երբ ծանոթացանք եղբայրների հետ, Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացրինք և վայելեցինք միսիոներական ծառայության բերած ուրախությունը։ Ժամանակի ընթացքում պատիվ ունեցանք մասնաճյուղի այցելություններ կատարելու աֆրիկյան 13 այլ երկրներում։ Դա մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու շատ տարբեր և հետաքրքիր մարդկանց հետ։ Վախերը, որ սկզբում ունեի, հօդս ցնդեցին, և մենք շնորհակալ էինք Եհովային, որ մեզ ուղարկել է Աֆրիկա։

Կոնգոյում մենք նոր ուտելիքներ համտեսեցինք, այդ թվում՝ միջատներ։ Կյանքում չէի մտածի, որ մի օր նման բան կուտեմ։ Բայց երբ տեսանք, թե մեր եղբայրներն ինչպես են հաճույքով ուտում, մենք էլ փորձեցինք, և մեզ դուր եկավ։

Առիթ ենք ունեցել ճամփորդելու երկրի արևելք, որպեսզի քաջալերենք մեր եղբայրներին ու քույրերին և նրանց համար տանենք անհրաժեշտ պարագաներ։ Այդ տարածքներում պարտիզանական խմբերը հարձակվում էին գյուղերի վրա և վնաս հասցնում կանանց ու երեխաներին։ Ճիշտ է, մեր հավատակիցներից շատերը նյութական քիչ միջոցներ ունեին, բայց մեզ տպավորում էր այն, թե որքան էին նրանք սիրում Եհովային, որքան նվիրված էին կազմակերպությանը, և թե որքան ամուր էր նրանց հույսը հարության հանդեպ։ Նրանց օրինակը մղեց մեզ ինքնաքննություն անելու և ամրացնելու մեր իսկ հավատը։ Որոշ հավատակիցներ կորցրել էին իրենց տներն ու բերքը։ Ես հասկացա, որ նյութական բաները կարող ես մի ակնթարթում կորցնել, բայց հոգևոր գանձերը մնայուն են և արժեքավոր։ Չնայած մեր եղբայրները շատ ծանր պայմաններում էին ապրում, բայց հազվադեպ էին դժգոհում։ Նրանց տրամադրվածությունը մղեց մեզ քաջ լինելու դժվարությունների և առողջական խնդիրների դեմ պայքարում։

Ձախ կողմի նկարում՝ Մի խումբ փախստականների համար ելույթ եմ ներկայացնում

Աջ կողմի նկարում՝ Հումանիտար օգնություն և բժշկական պարագաներ ենք տանում Դունգու (Կոնգո)

ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ԵՆՔ ԱՍԻԱ

Առջևում նոր անակնկալ էր սպասվում։ Մենք հրավեր ստացանք ծառայելու Հոնկոնգի մասնաճյուղում։ Երբեք չէինք պատկերացրել, որ մի օր կհայտնվենք Ասիայում։ Բայց քանի որ մեր բոլոր նշանակումներում տեսել էինք, թե ինչպես է Եհովան սիրառատ կերպով հոգ տանում մեր մասին, ընդունեցինք հրավերը։ 2013 թ.-ին արցունքներն աչքներիս թողեցինք մեր սիրելի ընկերներին և հիասքանչ Աֆրիկան ու ճանապարհ ընկանք՝ չիմանալով, թե առջևում մեզ ինչ է սպասում։

Բազմամարդ Հոնկոնգ տեղափոխվելը մեծ փոփոխություն էր, քանի որ այնտեղ ապրում էին տարբեր ազգերի մարդիկ, և քաղաքում եռուզեռ էր տիրում։ Հատկապես դժվար էր սովորել այնտեղի լեզուն՝ կանտոներենը։ Բայց հավատակիցները ջերմորեն ընդունեցին մեզ, և մենք շատ հավանեցինք տեղի ուտելիքները։ Մասնաճյուղի գործը մեծ թափ էր առնում, սակայն անշարժ գույքի գները հրթիռային արագությամբ աճում էին։ Ուստի Կառավարիչ մարմինը, իմաստություն դրսևորելով, որոշեց մասնաճյուղի գործունեության մի մասը իրականացնել մեկ այլ վայրից և վաճառել Հոնկոնգի մասնաճյուղի շինությունների մեծ մասը։ Շատ չանցած՝ 2015 թ.-ին, մեզ տեղափոխեցին Հարավային Կորեա, որտեղ էլ մինչ այժմ ծառայում ենք։ Այստեղ մենք մեկ այլ դժվար լեզու ենք սովորում։ Չնայած դեռ շատ քիչ ենք տիրապետում կորեերենին՝ սակայն թև ենք առնում, երբ մեր ընկերներն ասում են, որ առաջընթաց են նկատում։

Ձախ կողմի նկարում՝ Պատրաստ ենք նոր կյանքին Հոնկոնգում

Աջ կողմի նկարում՝ Կորեայի մասնաճյուղը

ԻՆՉԵՐ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼ

Նոր ընկերներ գտնելը այդքան էլ հեշտ չէ, բայց մենք զգացել ենք, որ երբ հյուրասիրություն դրսևորելու հարցում նախաձեռնություն ենք վերցնում, ավելի արագ ենք ճանաչում մարդկանց։ Հասկացել ենք, որ մեր եղբայրներն ու քույրերը ավելի շատ նմանություններ ունեն, քան տարբերություններ, և որ Եհովան մեզ օժտել է մեր սիրտը ընդլայնելու և բազմաթիվ ընկերներ ունենալու հրաշալի ունակությամբ (2 Կորնթ. 6։11

Մենք սովորել ենք մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես Եհովան, և մեր կյանքում տեսնել նրա սերն ու առաջնորդությունը։ Իսկ երբ վհատվել ենք ու մտածել, թե արդյոք սիրված ենք մեր հավատակիցների կողմից, նորից ու նորից կարդացել ենք մեր ընկերների ուղարկած քաջալերական բացիկներն ու նամակները։ Մենք տեսել ենք, թե Եհովան ինչպես է պատասխանում մեր աղոթքներին՝ հավաստիացնելով իր սիրո մեջ և ուժ տալով, որ դիմանանք։

Տարիների ընթացքում ես ու Լեսլին հասկացել ենք, որ, անկախ զբաղվածությունից, կարևոր է միմյանց ժամանակ տրամադրել։ Նաև սովորել ենք ծիծաղել մեր սխալների վրա, հատկապես նոր լեզու սովորելիս։ Ամեն երեկո մենք մտածում ենք մի հաճելի բանի մասին, որի համար կարող ենք շնորհակալություն հայտնել Եհովային։

Անկեղծ ասած՝ երբեք մտքովս չի անցել, որ կարող եմ միսիոներ լինել և ապրել ուրիշ երկրներում։ Սակայն իմ փորձով եմ համոզվել, որ Եհովայի օգնությամբ ամեն բան հնարավոր է։ Ակամայից միտքս են գալիս Երեմիա մարգարեի հետևյալ խոսքերը. «Դու ինձ խաբեցիր, ո՛վ Եհովա» (Երեմ. 20։7)։ Այո՛, նա մեզ բազմաթիվ հաճելի անակնկալներ է մատուցել և աներևակայելի օրհնություններ տվել, նույնիսկ իրականացրել է ինքնաթիռով ճամփորդելու իմ երազանքը։ Մենք մասնաճյուղի այցելություններ ենք կատարել հինգ մայրցամաքներում։ Երբ փոքր էի, չէի էլ կարող պատկերացնել, որ այդքան շատ վայրերում կլինեմ։ Անչափ շնորհակալ եմ իմ սիրելի կնոջը՝ Լեսլիին, որ մեր բոլոր հանձնարարությունները կատարելիս միշտ աջակցել է ինձ և պատրաստակամ ոգի է ցուցաբերել։

Մենք շարունակ հիշեցնում ենք ինքներս մեզ, թե ում համար ենք անում այս ամենը և ինչու։ Այն օրհնությունները, որ վայելում ենք այսօր, ընդամենը ստվերն են այն կյանքի, որ հավիտյան կվայելենք ապագայում, երբ Եհովան «բաց անի [իր] ձեռքը և գոհացնի ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղ. 145։16