Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ Հովսեփն ու Մարիամը Հիսուսի ծնվելուց հետո չվերադարձան իրենց տուն՝ Նազարեթ, այլ մնացին Բեթլեհեմում
Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին։ Բայց այն հայտնում է որոշ մանրամասներ, որոնք գուցե ազդել են Հովսեփի և Մարիամի որոշման վրա։
Երբ Մարիամը հրեշտակից լուր ստացավ, որ կհղիանա և որդի կծնի, նա և Հովսեփը ապրում էին Նազարեթ քաղաքում, որը Գալիլեայում էր (Ղուկ. 1։26-31; 2։4)։ Ավելի ուշ նրանք Եգիպտոսից վերադարձան այստեղ՝ Նազարեթ։ Հիսուսը մեծացավ Նազարեթում և դարձավ նազովրեցի (Մատթ. 2։19-23)։ Ահա թե ինչու Հիսուսի, Հովսեփի և Մարիամի մասին խոսելիս մեր միտքն է գալիս Նազարեթ քաղաքը։
Մարիամը Եղիսաբեթ անունով մի բարեկամուհի ուներ, ով ապրում էր Հուդայում։ Նա Զաքարիա քահանայի կինն էր և հետագայում դարձավ Հովհաննես Մկրտչի մայրը (Ղուկ. 1։5, 9, 13, 36)։ Մարիամը այցելեց Եղիսաբեթին և երեք ամիս մնաց նրա մոտ՝ Հուդայում։ Հետո նա վերադարձավ Նազարեթ (Ղուկ. 1։39, 40, 56)։ Ուստի կարող ենք ասել, որ Մարիամը ծանոթ էր Հուդայի տարածքին։
Որոշ ժամանակ հետո հրաման արձակվեց, որ յուրաքանչյուր իսրայելացի գնա իր քաղաք «գրանցվելու», և Հովսեփը հնազանդվեց դրան։ Նա Նազարեթից գնաց Բեթլեհեմ, որը «Դավթի քաղաքն» էր, ինչպես նաև այն վայրը, որտեղ, ըստ մարգարեության, պետք է ծնվեր Մեսիան (Ղուկ. 2։3, 4; 1 Սամ. 17։15; 20։6; Միք. 5։2)։ Երբ Հիսուսը ծնվեց, Հովսեփը չծրագրեց վերադառնալ Նազարեթ, քանի որ Մարիամի համար շատ դժվար կլիներ նորածնի հետ այդքան երկար ճանապարհ անցնել։ Նրանք մնացին Բեթլեհեմում, որը մոտ 9 կիլոմետր (մոտ 6 մղոն) էր հեռու Երուսաղեմից։ Այդպես նաև հարմար կլիներ նորածնի հետ գնալ տաճար և մատուցել համապատասխան ընծաները (Ղևտ. 12։2, 6-8; Ղուկ. 2։22-24)։
Ավելի վաղ Աստծու հրեշտակը Մարիամին նաև հայտնել էր, որ նրա որդին կժառանգի «Դավթի գահը» և «կթագավորի»։ Հնարավոր է՝ Հովսեփն ու Մարիամը կարևոր են համարել, որ Հիսուսը ծնվի հենց Դավթի քաղաքում (Ղուկ. 1։32, 33; 2։11, 17)։ Բացի այդ՝ նրանք գուցե մտածում էին, որ արժե մնալ այնտեղ և սպասել Աստծու հետագա առաջնորդությանը։
Մենք չգիտենք, թե որքան ժամանակ էր, ինչ նրանք ապրում էին Բեթլեհեմում, երբ աստղագուշակները այցելեցին նրանց։ Այդ ժամանակ, սակայն, նրանք արդեն ապրում էին տան մեջ, և նրանց որդին այլևս նորածին չէր (Մատթ. 2։11)։ Այն, որ նրանք կացարան ունեին Բեթլեհեմում, ցույց է տալիս, որ անմիջապես չեն վերադարձել Նազարեթ, այլ որոշ ժամանակ Բեթլեհեմում են ապրել։
Այնպես եղավ, որ Հերովդեսը հրաման արձակեց, որ «երկու տարեկան և ավելի փոքր բոլոր տղա երեխաներին» սպանեն (Մատթ. 2։16)։ Երբ Աստծու հրեշտակը նրանց հայտնեց այդ հրամանի մասին, նրանք Հիսուսի հետ փախան Եգիպտոս և այնտեղ մնացին մինչև Հերովդեսի մահը։ Ավելի ուշ Հովսեփը ընտանիքով վերադարձավ Նազարեթ։ Ինչո՞ւ նրանք հետ չգնացին Բեթլեհեմ։ Քանի որ այդ ժամանակ Հրեաստանում կառավարում էր Հերովդեսի բռնապետ որդին՝ Արքեղայոսը, և նրանք զգուշանում էին նրանից։ Բացի այդ՝ այս անգամ էլ հրեշտակը նրանց նախազգուշացրել էր չվերադառնալ այնտեղ։ Իսկ Նազարեթը ապահով վայր էր, որտեղ Հովսեփը կկարողանար Հիսուսին մեծացնել որպես Աստծու ճշմարիտ երկրպագու (Մատթ. 2։19-22; 13։55; Ղուկ. 2։39, 52)։
Ակներևաբար, երբ Հիսուսը մահացավ և ճանապարհ բացեց երկնային հարության համար, Հովսեփն արդեն մահացել էր։ Հետևաբար նա հարություն կառնի երկրի վրա, և շատերը հնարավորություն կունենան հանդիպելու նրա հետ և ավելին իմանալու այն մասին, թե ինչու նա և Մարիամը Հիսուսի ծնվելուց հետո մնացին Բեթլեհեմում։