Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 27

Ինչո՞ւ պետք է վախենանք Եհովայից

Ինչո՞ւ պետք է վախենանք Եհովայից

«Եհովայի հետ մտերմությունը նրանից վախեցողներինն է» (ՍԱՂ. 25։14

ԵՐԳ 8 Եհովան մեր ապավենն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1-2. Սաղմոս 25։14-ի համաձայն՝ ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք մտերիմ լինել Եհովայի հետ։

 ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ամուր ընկերությունը պահպանելու համար ի՞նչ հատկություններ են անհրաժեշտ։ Հավանաբար կասես, որ լավ ընկերները պետք է սիրեն և աջակցեն միմյանց։ Դժվար թե մտածես, որ վախը կարևոր է ամուր ընկերության համար։ Բայց ինչպես տեսանք հոդվածի բնաբանից, նրանք, ովքեր ցանկանում են մտերիմ լինել Աստծու հետ, պետք է «վախենան» նրանից (կարդա Սաղմոս 25։14

2 Անկախ նրանից, թե որքան ժամանակ է, ինչ ծառայում ենք Եհովային՝ բոլորս էլ պետք է առողջ վախ ունենանք նրա հանդեպ։ Բայց ի՞նչ է նշանակում վախենալ Աստծուց։ Ինչպե՞ս կարող ենք սովորել վախենալ նրանից։ Աստվածավախության վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել թագավորի տան վերակացու Աբդիայից, քահանայապետ Հովիադայից և Հովաս թագավորից։

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՎԱԽԵՆԱԼ ԱՍՏԾՈՒՑ

3. Բացատրիր, թե վախը ինչպես կարող է պաշտպանել մեզ։

3 Երբ վնասվելու վտանգ ենք զգում, սովորաբար վախենում ենք։ Այդպիսի վախը կարող է օգտակար լինել և մղել մեզ, որ իմաստնորեն վարվենք։ Օրինակ՝ ընկնելու վախը հետ է պահում մեզ ժայռի եզրով քայլելուց։ Վնասվելու վախը ստիպում է, որ խուսափենք վտանգավոր իրավիճակներից։ Իսկ սիրելի ընկերոջ հետ փոխհարաբերությունները փչացնելու վախը թույլ չի տալիս, որ ասենք կամ անենք բաներ, որոնք ցավ կպատճառեն նրան։

4. Սատանան ուզում է, որ ինչպիսի՞ վախ ունենանք Եհովայի հանդեպ։

4 Սատանան ուզում է, որ մարդիկ անառողջ վախ ունենան Աստծու հանդեպ։ Նա փորձում է մեր մեջ սերմանել այն միտքը, թե Եհովան ոխակալ ու բարկացկոտ Աստված է, ում հնարավոր չէ հաճեցնել։ Նման միտք արտահայտեց նաև Եղիփազը (Հոբ 4։18, 19)։ Սատանան ուզում է, որ մենք այնքան վախենանք Եհովայից, որ դադարենք նրան ծառայելուց։ Բայց մենք չպետք է նման վախ տածենք Եհովայի հանդեպ, այլ պետք է սովորենք հարգել նրան և վախենանք նրան ցավ պատճառելուց։

5. Ի՞նչ է նշանակում վախենալ Աստծուց։

5 Աստծու հանդեպ առողջ վախ ունեցող անհատը սիրում է Աստծուն և չի ցանկանում անել մի բան, ինչը կարող է վնասել նրա հետ ունեցած փոխհարաբերությունները։ Հիսուսը հենց այդպիսի վախ ուներ Աստծու հանդեպ (Եբր. 5։7)։ Նա չէր սարսափում Եհովայից, այլ խոր սեր էր տածում նրա հանդեպ և ցանկանում էր հնազանդվել նրան (Ես. 11։2, 3; Հովհ. 14։21, 31)։ Հիսուսի նման մենք նույնպես խոր հարգանք ու ակնածանք ենք տածում Եհովայի հանդեպ, քանի որ նա սիրառատ է, իմաստուն, արդար ու զորեղ։ Բացի այդ՝ մենք գիտենք, որ նա մեզ անչափ սիրում է, և նրա համար միևնույն չէ, թե մենք ինչպես ենք արձագանքում իր տված առաջնորդությանը։ Մեր որոշումներով մենք կարող ենք կա՛մ ցավ պատճառել նրան, կա՛մ ուրախացնել նրա սիրտը (Սաղ. 78։41; Առակ. 27։11

ՍՈՎՈՐԵՆՔ ՎԱԽԵՆԱԼ ԱՍՏԾՈՒՑ

6. Ինչպե՞ս կարող ենք սովորել վախենալ Աստծուց (Սաղմոս 34։11

6 Մենք չենք ծնվում Աստծու հանդեպ վախով, ուստի պետք է զարգացնենք այն (կարդա Սաղմոս 34։11)։ Մենք կարող ենք անել դա, եթե ուսումնասիրենք Աստծու ստեղծագործությունները։ «Ստեղծված բաների» մեջ տեսնելով Եհովայի իմաստությունը, զորությունը և նրա խոր սերը մեր հանդեպ՝ մենք ավելի շատ կհարգենք ու կսիրենք նրան (Հռոմ. 1։20)։ Էդրիեն անունով մի քույր ասում է. «Ամեն անգամ Եհովայի ստեղծագործության մեջ տեսնելով նրա իմաստությունը՝ հիանում եմ և համոզվում, որ նա գիտի, թե որն է լավագույնը ինձ համար»։ Նման խորհրդածության շնորհիվ քույրը եկել է հետևյալ եզրահանգման. «Ես չեմ ցանկանում անել մի բան, ինչը սեպ կխրի իմ ու Եհովայի՝ իմ կյանքի Աղբյուրի միջև»։ Կարո՞ղ ես այս շաբաթ ժամանակ տրամադրել և խորհել Եհովայի ստեղծագործություններից մեկի շուրջ։ Դա կխորացնի սերդ ու հարգանքդ Եհովայի հանդեպ (Սաղ. 111։2, 3

7. Ինչպե՞ս կարող է աղոթքը օգնել մեզ, որ առողջ վախ զարգացնենք Եհովայի հանդեպ։

7 Աստվածավախություն զարգացնելու մյուս կերպը կանոնավորաբար աղոթելն է։ Որքան շատ աղոթենք Եհովային, այնքան նա ավելի իրական կդառնա մեզ համար։ Ամեն անգամ, երբ նրանից ուժ ենք խնդրում փորձությանը դիմանալու համար, հիշում ենք, թե որքան զորեղ է նա։ Իսկ երբ շնորհակալություն ենք հայտնում նրա Որդու զոհի համար, հիշում ենք, թե նա որքան շատ է սիրում մեզ։ Եվ երբ խնդրում ենք, որ օգնի մեզ լուծել որևէ խնդիր, հիշում ենք, թե նա որքան իմաստուն է։ Նման աղոթքները խորացնում են մեր հարգանքը Եհովայի հանդեպ և ամրացնում մեր վճռականությունը չանելու այնպիսի բան, ինչը կարող է վնասել մեր ընկերությունը։

8. Ի՞նչ կարող ենք անել, որ չկորցնենք Աստծու հանդեպ վախը։

8 Մենք չենք կորցնի մեր վախը Աստծու հանդեպ, եթե ուսումնասիրենք Աստվածաշունչը՝ նպատակ ունենալով սովորել թե՛ լավ, թե՛ վատ օրինակներից։ Այժմ կքննենք Եհովայի հավատարիմ ծառաներից երկուսի՝ Աքաաբ թագավորի տան վերակացու Աբդիայի և Հովիադա քահանայապետի օրինակները։ Այնուհետև կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Հուդայի Հովաս թագավորի օրինակից, ով սկզբում հավատարիմ էր Եհովային, բայց հետո թողեց նրան։

ԱՍՏՎԱԾԱՎԱԽ ԱԲԴԻԱՅԻ ՆՄԱՆ ՔԱՋ ԼԻՆԵՆՔ

9. Աստվածավախությունն ինչպե՞ս օգնեց Աբդիային (1 Թագավորներ 18։3, 12

9 Աբդիայի b մասին Աստվածաշնչի առաջին հիշատակումը հետևյալն է. «Աբդիան Եհովայից շատ էր վախենում» (կարդա 1 Թագավորներ 18։3, 12)։ Ինչպե՞ս էր Աստծու հանդեպ առողջ վախը օգնում Աբդիային։ Նախ՝ այդ վախի շնորհիվ նա ազնիվ ու վստահելի անձնավորություն էր, ուստի թագավորը նրան նշանակել էր թագավորական տան վերակացու (համեմատիր Նեեմիա 7։2)։ Աստվածավախության շնորհիվ նա նաև առանձնահատուկ քաջություն էր դրսևորում, հատկություն, որի կարիքը այդ ժամանակներում նա շատ ուներ։ Աբդիան ապրում էր չար Աքաաբ թագավորի օրերում, ով «Եհովայի աչքում ավելի շատ չարություն գործեց, քան նրա բոլոր նախորդները» (1 Թագ. 16։30)։ Բացի այդ՝ Աքաաբի կին Հեզաբելը, ով պաշտում էր Բահաղին, այնքան էր ատում Եհովային, որ փորձեց հյուսիսային թագավորությունից վերացնել ճշմարիտ երկրպագությունը։ Նա անգամ Աստծու մարգարեներից շատերին սպանեց (1 Թագ. 18։4)։ Ինչպես տեսնում ենք, Աբդիան Եհովային ծառայում էր շատ դժվար ժամանակներում։

10. Աբդիան ինչպե՞ս առանձնահատուկ քաջություն դրսևորեց։

10 Ինչպե՞ս Աբդիան առանձնահատուկ քաջություն դրսևորեց։ Երբ Հեզաբել թագուհին սկսեց հետապնդել Աստծու մարգարեներին, որպեսզի սպանի նրանց, Աբդիան վերցրեց նրանցից հարյուրին և «հիսուն-հիսուն թաքցրեց քարայրերում և նրանց հացով ու ջրով ապահովեց» (1 Թագ. 18։13, 14)։ Եթե Հեզաբելն իմանար այդ մասին, մահվան կմատներ նրան։ Ինչ խոսք, Աբդիան մեզ պես մարդ էր և չէր ցանկանում մեռնել։ Բայց նա Եհովային ու նրա ծառաներին իր կյանքից ավելի շատ էր սիրում։

Չնայած մեր գործունեության վրա դրված արգելքին՝ եղբայրը քաջաբար հոգևոր սնունդ է հասցնում հավատակիցներին (տես պարբերություն 11) d

11. Մեր ժամանակներում ինչպե՞ս են Եհովայի ծառաներն ընդօրինակում Աբդիային (տես նաև նկարը)։

11 Այսօր Եհովայի ծառաներից շատերը ապրում են այնպիսի երկրներում, որտեղ մեր գործունեությունը արգելված է։ Ճիշտ է, նրանք հարգանք են դրսևորում իշխանությունների հանդեպ, սակայն Աբդիայի նման՝ Եհովային տալիս են այն, ինչը իրավամբ նրան է պատկանում՝ բացարձակ նվիրվածություն (Մատթ. 22։21)։ Այս թանկագին եղբայրներն ու քույրերը աստվածավախություն են դրսևորում՝ ավելի շատ հնազանդվելով Աստծուն, քան մարդկանց (Գործ. 5։29)։ Նրանք շարունակում են քարոզել բարի լուրը և զգուշություն ցուցաբերելով՝ միասին հավաքվում են (Մատթ. 10։16, 28)։ Նրանք նաև ջանում են իրենց եղբայրներին ու քույրերին հոգևոր սնունդ հասցնել, ինչի կարիքը վերջիններս շատ ունեն։ Քննենք Անրիի օրինակը, ով ապրում է աֆրիկյան մի երկրում, որտեղ մեր գործունեությունը մի ժամանակ արգելված էր։ Արգելքի ժամանակ Անրին հոգևոր սնունդ էր հասցնում իր հավատակիցներին։ Նա գրել է. «Ես բնույթով ամաչկոտ եմ։ Ուստի համոզված եմ, որ Եհովայի հանդեպ խոր հարգանքն է մղել ինձ, որ քաջ լինեմ»։ Կկարողանա՞ս Անրիի նման քաջ լինել։ Կկարողանա՛ս, եթե Աստծու հանդեպ առողջ վախ զարգացնես։

ԱՍՏՎԱԾԱՎԱԽ ՀՈՎԻԱԴԱՅԻ ՆՄԱՆ ԼԻՆԵՆՔ ՆՎԻՐՎԱԾ

12. Քահանայապետ Հովիադան և նրա կինը ինչպե՞ս նվիրվածություն դրսևորեցին Եհովայի հանդեպ։

12 Քահանայապետ Հովիադան վախենում էր Եհովայից, և այդ վախը մղեց նրան, որ նվիրված մնա Եհովային ու առաջ տանի ճշմարիտ երկրպագությունը։ Սա ակնհայտ դարձավ հատկապես այն ժամանակ, երբ Հեզաբելի դուստրը՝ Գոթողիան, Հուդայում զավթեց գահը։ Ժողովուրդը վախենում էր Գոթողիայից, և դա զարմանալի չէ։ Նա այնքան դաժան ու իշխանատենչ կին էր, որ անգամ պատրաստ էր վերացնելու ողջ թագավորական սերունդը՝ իր իսկ թոռներին (2 Տար. 22։10, 11)։ Սակայն նրանցից մեկը՝ Հովասը, ողջ մնաց, քանի որ Հովիադայի կինը՝ Հոսաբեեն, փրկեց նրան։ Նա և նրա ամուսինը թաքցրին երեխային ու հոգ տարան նրա մասին։ Այդպիսով Հովիադան և Հոսաբեեն նպաստեցին, որ Դավթի թագավորական շառավիղը պահպանվի։ Հովիադան նվիրված մնաց Եհովային և թույլ չտվեց, որ Գոթողիայի հանդեպ վախը հետ պահի իրեն ճիշտն անելուց (Առակ. 29։25

13. Երբ Հովասը յոթ տարեկան էր, ինչպե՞ս Հովիադան կրկին փաստեց, որ նվիրված է Եհովային։

13 Երբ Հովասը յոթ տարեկան էր, Հովիադան կրկին փաստեց իր նվիրվածությունը Եհովայի հանդեպ։ Նա մի ծրագիր մշակեց։ Եթե այն հաջողվեր, Հովասը՝ Դավթի օրինական ժառանգը, թագավոր կդառնար, բայց եթե ձախողվեր, շատ հավանական է, որ Հովիադան կկորցներ իր կյանքը։ Եհովայի օրհնությամբ նրա ծրագիրը հաջողվեց։ Ազգատոհմերի գլուխների և ղևտացիների աջակցությամբ Հովիադան Հովասին թագավոր նշանակեց և սպանեց Գոթողիային (2 Տար. 23։1-5, 11, 12, 15; 24։1)։ Այնուհետև Հովիադան «ուխտ կապեց Եհովայի, թագավորի և ժողովրդի միջև, որպեսզի նրանք Եհովայի ժողովուրդը լինեն» (2 Թագ. 11։17)։ Նա նաև «դռնապաններ կանգնեցրեց Եհովայի տան դարպասների մոտ, որպեսզի որևէ բանում անմաքուր եղողը չմտնի այնտեղ» (2 Տար. 23։19

14. Ինչպե՞ս Եհովան պատվեց Հովիադային։

14 Եհովան ասել էր. «Ես կպատվեմ նրանց, ովքեր պատվում են ինձ»։ Նա այդպես էլ վարվեց Հովիադայի հետ (1 Սամ. 2։30)։ Օրինակ՝ Եհովան այնպես արեց, որ քահանայապետի լավ գործերի մասին գրվի Աստվածաշնչում, որպեսզի հետագա սերունդները սովորեն նրանից (Հռոմ. 15։4)։ Իսկ երբ Հովիադան մահացավ, նրան բացառիկ պատվի արժանացրին և թաղեցին «Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, որովհետև նա բարիք էր գործել Իսրայելում ճշմարիտ Աստծու և նրա տան համար» (2 Տար. 24։15, 16

Հովիադա քահանայապետի նման մենք էլ կարող ենք աստվածավախություն դրսևորել՝ հավատարմորեն աջակցելով մեր հավատակիցներին (տես պարբերություն 15) e

15. Ի՞նչ ենք սովորում Հովիադայի մասին պատմությունից (տես նաև նկարը)։

15 Հովիադայի մասին արձանագրությունը կարող է օգնել մեզ, որ աստվածավախություն զարգացնենք։ Երեցները կարող են ընդօրինակել Հովիադային՝ լինելով զգոն և հավատարմորեն պաշտպանելով Աստծու հոտը (Գործ. 20։28)։ Իսկ տարեցները կարող են սովորել, որ եթե Հովիադայի նման աստվածավախ ու նվիրված լինեն, Եհովան կարող է նրանց միջոցով իրականացնել իր նպատակները։ Նա չի անտեսում իր տարեց ծառաներին։ Իսկ երիտասարդները, ուսումնասիրելով Հովիադայի մասին պատմությունը, կարող են ընդօրինակել Եհովային և արժանապատվորեն ու հարգանքով վերաբերվել իրենց տարեց հավատակիցներին, հատկապես նրանց, ովքեր երկար տարիներ է, ինչ հավատարմորեն ծառայում են (Առակ. 16։31)։ Եվ իհարկե, բոլորս էլ կարող ենք սովորել այն ազգատոհմերի գլուխների ու ղևտացիների օրինակից, որոնք աջակցեցին Հովիադային։ Թող որ հավատարմորեն թիկունք կանգնենք այն եղբայրներին, «ովքեր առաջնորդություն են վերցնում», և հնազանդվենք նրանց (Եբր. 13։17

ԹՈՂ ՈՐ ՉԼԻՆԵՆՔ ՀՈՎԱՍ ԹԱԳԱՎՈՐԻ ՆՄԱՆ

16. Ի՞նչն է ցույց տալիս, որ Հովասը հոգևորապես թույլ էր։

16 Հովիադան լավ ազդեցություն էր թողնում Հովաս թագավորի վրա (2 Թագ. 12։2)։ Ուստի երբ Հովասը երիտասարդ էր, ցանկանում էր հաճեցնել Եհովային։ Բայց երբ Հովիադան մահացավ, նա սկսեց ականջ դնել հավատուրաց իշխաններին։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Նա և իր հպատակները «սկսեցին սուրբ ձողերին ու կուռքերին ծառայել» (2 Տար. 24։4, 17, 18)։ Ինչ խոսք, դա մեծ ցավ պատճառեց Եհովային։ Չնայած դրան՝ նա «նրանց մոտ մարգարեներ էր ուղարկում, որպեսզի դեպի իրեն հետ դարձնեն.... բայց սրանք ականջ չէին դնում»։ Նրանք չէին լսում նույնիսկ Հովիադայի որդի Զաքարիային, c ով ոչ միայն Եհովայի մարգարեն ու քահանան էր, այլև Հովասի զարմիկը։ Հովասը ապերախտաբար սպանել տվեց Զաքարիային, ում ընտանիքին նա իր կյանքով էր պարտական (2 Տար. 22։11; 24։19-22

17. Ի՞նչ եղավ Հովասի հետ։

17 Հովասը չպահպանեց Եհովայի հանդեպ առողջ վախը, ինչը դառը հետևանքներ ունեցավ։ Եհովան ասել էր. «Ովքեր ինձ արհամարհում են, կնվաստացվեն» (1 Սամ. 2։30)։ Ասորական փոքր բանակը հաղթանակ տարավ Հովասի «մեծաթիվ զորքի» նկատմամբ, և Հովասը ծանր վիրավորվեց։ Ասորիների հեռանալուց հետո Հովասին սպանեցին իր իսկ ծառաները՝ առնելով Զաքարիայի վրեժը։ Այս չար թագավորը անգամ արժանի չհամարվեց թաղվելու «թագավորների գերեզմանոցում» (2 Տար. 24։23-25

18. Երեմիա 17։7, 8 համարների համաձայն՝ ի՞նչ կարող ենք անել, որ չնմանվենք Հովասին։

18 Ի՞նչ կարող ենք սովորել Հովասի օրինակից։ Նրան կարելի է նմանեցնել մի ծառի, որը խոր արմատներ չուներ և կանգնած էր հենակի շնորհիվ։ Երբ հենակը, այսինքն՝ Հովիադան, այլևս չկար, հավատուրացության քամիները փչեցին, և Հովասը տապալվեց։ Այս օրինակը ցույց է տալիս, որ մեր աստվածավախությունը չպետք է կախված լինի միայն մեր հավատակիցների, այդ թվում՝ ընտանիքի անդամների լավ ազդեցությունից։ Հոգևորապես ուժեղ մնալու համար մենք ինքներս պետք է ջանքեր թափենք, որպեսզի նվիրված մնանք Եհովային և ակնածալից վախ ունենանք նրա հանդեպ։ Դրա համար կարևոր է կանոնավորաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, խորհրդածել դրա շուրջ և աղոթել (կարդա Երեմիա 17։7, 8; Կող. 2։6, 7

19. Ի՞նչ է Եհովան պահանջում մեզանից։

19 Իրականում, Եհովան մեզանից շատ բան չի պահանջում։ Ժողովող 12։13-ում ամփոփ նշված է, թե ինչ է նա ակնկալում մեզանից. «Վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը»։ Եթե աստվածավախ լինենք, կհաղթահարենք ապագա փորձությունները և հավատարիմ կմնանք Եհովային, ինչպես Աբդիան և Հովիադան։ Այդ դեպքում ոչինչ չի կարող վնասել նրա հետ ունեցած մեր ընկերությունը։

ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

a Աստվածաշնչում օգտագործված «վախ» բառը լայն իմաստ ունի։ Կախված համատեքստից՝ այն կարող է նշանակել սարսափ, հարգանք կամ ակնածանք։ Հոդվածը կօգնի՝ զարգացնենք այնպիսի վախ, որը կմղի մեզ լինելու քաջ և հավատարմորեն ծառայելու մեր երկնային Հորը։

b Խոսքը մարգարե Աբդիայի մասին չէ, ով ապրել է այս Աբդիայից դարեր անց և գրել է Աստվածաշնչի՝ իր անունը կրող գրքերից մեկը։

c Մատթեոս 23։35-ում ասվում է, որ Զաքարիան Բարաքիայի որդին էր։ Ենթադրվում է, որ Բարաքիան Հովիադայի մյուս անունն է։ Աստվածաշնչյան այլ կերպարներ նույնպես երկու անուն են ունեցել (Մատթեոս 9։9-ը համեմատիր Մարկոս 2։14-ի հետ)։ Հնարավոր է նաև, որ Բարաքիան եղել է Զաքարիայի պապը կամ նրա նախնիներից մեկը։

d ՆԿԱՐ։ Այս բեմականացված նկարի մեջ եղբայրը արգելքի ժամանակ հոգևոր սնունդ է հասցնում հավատակիցներին։

e ՆԿԱՐ։ Երիտասարդ քույրը տարեց քրոջից սովորում է հեռախոսով վկայություն տալ։ Տարեց եղբայրը ցուցատախտակով քաջաբար վկայություն տալու օրինակ է ծառայում։ Փորձառու եղբայրը սովորեցնում է մյուսներին, թե ինչպես կատարել Թագավորության սրահի տեխսպասարկումը։