Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 26

ԵՐԳ 8 Եհովան մեր ապավենն է

Եհովային քո Վեմը դարձրու

Եհովային քո Վեմը դարձրու

«Մեր Աստծու նման վեմ չկա» (1 ՍԱՄ. 2։2

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ո՞ր հատկանիշներն են Եհովային բնորոշում որպես Վեմ, և մենք ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

1. Ըստ Սաղմոս 18։46-ի՝ Դավիթը ինչի՞ է նմանեցնում Եհովային։

 ԱՅՍ աշխարհում մենք բախվում ենք անսպասելի դժվարությունների, որոնք կարող են խաթարել մեր կյանքի բնականոն ռիթմը և նույնիսկ ամբողջությամբ տակնուվրա անել մեր կյանքը։ Մենք անչափ շնորհակալ ենք Եհովա Աստծուն, որ օգնության համար կարող ենք դիմել իրեն։ Նախորդ հոդվածը մեզ հիշեցրեց, որ նա կենդանի Աստված է և միշտ պատրաստ է մեզ օգնելու։ Ամեն անգամ, երբ տեսնում ենք, որ նա աջակցում է մեզ, հավաստիանում ենք Դավթի հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Կենդանի է Եհովան» (կարդա Սաղմոս 18։46)։ Սակայն այս խոսքերից անմիջապես հետո Դավիթն Աստծուն կոչում է «իմ Վեմ»։ Բայց ինչո՞ւ է նա Եհովային՝ կենդանի Աստծուն, նմանեցնում անշունչ ժայռի։

2. Ի՞նչ կիմանանք այս հոդվածից։

2 Այս հոդվածից կիմանանք, թե ինչու է Եհովան նմանեցվում Վեմի, և ի՞նչ է այդ համեմատությունը սովորեցնում մեզ նրա մասին։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք նրան մեր Վեմը դարձնել։ Բացի այդ՝ կքննենք կերպեր, թե ինչպես կարող ենք ընդօրինակել մեր Վեմին բնորոշ հատկանիշները։

ԻՆՉՈ՞Ւ Է ԵՀՈՎԱՆ ՎԵՄ ԿՈՉՎՈՒՄ

3. Հաճախ ինչպե՞ս է Աստվածաշնչում օգտագործվում «վեմ» բառը (տես նկարը)։

3 Աստվածաշնչում Եհովան նկարագրվում է որպես վեմ։ Այս համեմատությունը օգնում է մեզ ավելի լավ հասկանալ նրա հատկությունները։ Այն հաճախ հանդիպում է այնպիսի հատվածներում, որտեղ Եհովան փառաբանվում է որպես հավասարը չունեցող Աստված։ Առաջին անգամ Եհովան «Վեմ» է կոչվում 2 Օրենք 32։4-ում։ Աստվածաշնչյան մեկ այլ արձանագրության մեջ կարդում ենք Աննայի աղոթքը, որտեղ նա ասում է. «Մեր Աստծու նման վեմ չկա» (1 Սամ. 2։2)։ Ամբակումը Եհովային դիմում է՝ ասելով. «Ո՛վ Վեմ» (Ամբ. 1։12)։ Իսկ 73-րդ սաղմոսը գրողը Աստծուն կոչում է «իմ սրտի վեմ» (Սաղ. 73։26)։ Նույնիսկ Եհովան է ինքն իրեն կոչում վեմ (Ես. 44։8)։ Եկեք տեսնենք, թե վեմին բնորոշ ինչ երեք հատկանիշ է նա դրսևորում, և թե մենք ինչպես կարող ենք նրան «մեր Վեմը» դարձնել (2 Օրենք 32։31

Եհովան իր ժողովրդի համար ապահով վեմ է (տես պարբերություն 3)


4. Ի՞նչ առումով է Եհովան ապաստան (Սաղմոս 94։22

4 Եհովան ապաստան է։ Ճիշտ ինչպես հսկա լեռը կարող է ապաստան լինել փոթորկի ժամանակ, այնպես էլ Եհովան կարող է մեր ապաստանը լինել, երբ հայտնվում ենք դժվար իրավիճակում (կարդա Սաղմոս 94։22)։ Նա պաշտպանում է մեզ և թույլ չի տալիս, որ հարատև վնաս կրենք։ Դեռ ավելին՝ նա խոստանում է, որ ի վերջո կվերացնի ցանկացած բան, ինչը սպառնում է մեր խաղաղությանն ու անվտանգությանը (Եզեկ. 34։25, 26

5. Ինչպե՞ս կարող է Եհովան մեզ համար ապաստան լինել։

5 Մենք Եհովային կարող ենք մեր Ապաստանը դարձնել, եթե, օրինակ, աղոթենք նրան։ Երբ աղոթում ենք, ստանում ենք «Աստծու խաղաղությունը», որը պաշտպանում է մեր սիրտն ու միտքը (Փիլիպ. 4։6, 7)։ Քննենք Արտյոմի օրինակը, ով ազատազրկվել էր իր հավատի համար։ Եղբորը բազմիցս հարցաքննում էին։ Քննիչը դաժան մարդ էր, ով ճնշում էր բանեցնում նրա վրա և նվաստացնում էր նրան։ Արտյոմն ասում է. «Ինձ համար սթրեսային էր հարցաքննությունը.... Անընդհատ աղոթում էի Եհովային, նրանից խաղաղություն և իմաստություն էի խնդրում։ Չնայած քննիչի սադրանքներին՝ ես հավատարիմ մնացի.... Եհովայի օգնությամբ ասես քարե պարսպի հետևում լինեի»։

6. Ինչո՞ւ կարող ենք միշտ վստահել Եհովային (Եսայիա 26։3, 4

6 Եհովան վստահելի է։ Ինչպես ժայռն է հաստատուն կանգնած, այնպես էլ Եհովան է միշտ մեր թիկունքին։ Մենք կարող ենք վստահել նրան, քանի որ նա «Վեմ է հավիտյան» (կարդա Եսայիա 26։3, 4)։ Նա միշտ կլինի, ուստի կարող է կատարել իր խոստումները, լսել մեր աղոթքները և աջակցել մեզ, երբ դրա կարիքն ունենանք։ Մենք կարող ենք ապավինել Եհովային, քանի որ նա նվիրված է իր բոլոր ծառաներին (2 Սամ. 22։26)։ Նա երբեք չի մոռանա մեր արածը և միշտ կվարձատրի մեզ (Եբր. 6։10; 11։6

7. Ի՞նչ է լինում, երբ ապավինում ենք Եհովային (տես նաև նկարը)։

7 Մենք Եհովային մեր Վեմն ենք դարձնում, երբ լիովին ապավինում ենք նրան։ Մենք չենք կասկածում, որ եթե հնազանդվենք նրան նույնիսկ դժվարին ժամանակներում, օգուտներ կքաղենք (Ես. 48։17, 18)։ Իսկ երբ զգում ենք նրա աջակցությունը, նրա հանդեպ մեր վստահությունը ավելի է ամրանում։ Այդպես մենք ավելի պատրաստված ենք լինում այնպիսի փորձությունների, որոնք կարող ենք հաղթահարել միայն Եհովայի օգնությամբ։ Լինում են իրավիճակներ, երբ նրանից բացի՝ ուրիշ ոչ ոքի օգնությանը չես կարող դիմել։ Հաճախ նման իրավիճակներում ես հասկանում, թե որքան վստահելի է Եհովան։ Վլադիմիրն ասում է. «Կալանավայրում անցկացրած ժամանակը իմ ու Եհովայի փոխհարաբերությունների լավագույն շրջանն է եղել։ Այդ ընթացքում սովորել եմ ամբողջությամբ վստահել Եհովային, քանի որ կալանավայրում մենակ էի, և իրավիճակն իմ վերահսկողությունից դուրս էր»։

Մենք Եհովային մեր Վեմն ենք դարձնում, երբ լիովին ապավինում ենք նրան (տես պարբերություն 7)


8. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան անսասան է։ բ) Ի՞նչ օգուտ է մեզ բերում այն, որ Եհովան մեր Վեմն է (Սաղմոս 62։6, 7

8 Եհովան անսասան է։ Հսկա ժայռի նման Եհովան անսասան է և անփոփոխ։ Նրա անհատականությունն ու նպատակը երբեք չեն փոխվում (Մաղ. 3։6)։ Երբ Եդեմի պարտեզում ըմբոստություն բարձրացավ, Եհովան չփոխեց մարդկության առնչությամբ իր նպատակը։ Ինչպես Պողոս առաքյալն է գրել, «[Եհովան] չի կարող ուրանալ ինքն իրեն» (2 Տիմոթ. 2։13)։ Սա նշանակում է, որ, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, կամ մարդիկ ինչ կանեն, Եհովան երբեք չի փոխի իր հատկությունները, նպատակը և չափանիշները։ Վստահ լինելով, որ մեր Աստվածը անսասան է՝ մենք կարող ենք անհանգիստ ժամանակներում մեր հույսը նրա վրա դնել և համոզված լինել, որ նա կպահի ապագայի հետ կապված իր խոստումները (կարդա Սաղմոս 62։6, 7

9. Ի՞նչ ենք սովորում Տատյանայի օրինակից։

9 Մենք Եհովային դարձնում ենք մեր Վեմը, երբ խորհրդածում ենք այն մասին, թե ինչպիսի անձնավորություն է նա, և մեր մտքում վառ ենք պահում երկրի և մարդկության առնչությամբ նրա նպատակը։ Այդպես վարվելը օգնում է, որ փորձությունների ժամանակ զգացապես կայուն մնանք (Սաղ. 16։8)։ Այդպես եղավ քույր Տատյանայի պարագայում։ Հավատի համար նա գտնվում էր տնային կալանքի տակ։ Քույրն ասում է. «Բառացի մենակ մնացի.... Սկզբում շատ դժվար էր։ Հաճախ հուսահատության մեջ էի ընկնում»։ Երբ Տատյանան հասկացավ, թե իր փորձությունը ինչպես է կապված Եհովայի և նրա նպատակի հետ, կարողացավ դիմանալ դրան և վերագտավ իր էմոցիոնալ հավասարակշռությունը։ Քույրն ասում է. «Խորհում էի այն մասին, թե որն է տեղի ունեցածի պատճառը, և արդյունքում գիտակցում էի, որ հանուն Եհովայի եմ կրում այս դժվարությունները։ Դա օգնում էր, որ անդադար չմտածեմ իմ մասին»։

10. Ի՞նչ կարող ենք անել, որ Եհովան մեր Վեմը դառնա։

10 Ապագայում մենք կբախվենք այնպիսի փորձությունների, որոնց դիմանալու համար առավել, քան երբևէ, կարիք կունենանք ապավինելու Եհովային։ Հիմա է ժամանակը, որ ամրացնենք մեր վստահությունը այն բանում, որ Եհովան կտա մեզ ամեն անհրաժեշտ բան, որպեսզի ցանկացած իրավիճակում հավատարիմ մնանք իրեն։ Իսկ ինչպե՞ս կարող ես ամրացնել վստահությունդ։ Կարդա աստվածաշնչյան ժամանակների և մերօրյա Աստծու ծառաների մասին, ուշադրություն դարձրու, թե ինչպես է Աստված հօգուտ նրանց գործել որպես Վեմ, և խորությամբ մտածիր այդ պատմությունների շուրջ։ Եթե այդպես վարվես, Եհովան քո Վեմը կդառնա։

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՄԵՐ ՎԵՄԻՆ

11. Ինչո՞ւ ենք ցանկանում ընդօրինակել Եհովայի՝ վեմին բնորոշ հատկանիշները (տես նաև « Նպատակ՝ երիտասարդ եղբայրների համար» շրջանակը)։

11 Մենք տեսանք, թե որ հատկանիշներն են Եհովային բնորոշում որպես Վեմ։ Այժմ քննենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։ Որքան շատ ձգտենք զարգացնել նրա այդ հատկանիշները, այնքան ավելի պատրաստված կլինենք ամրացնելու ժողովը։ Հիշենք՝ Հիսուսը Սիմոնին կոչեց Կեփաս (թարգմանաբար՝ «Պետրոս»), որը նշանակում է «ժայռի կտոր» (Հովհ. 1։42)։ Այդպես Հիսուսը ցույց տվեց, որ Պետրոսը մխիթարության աղբյուր էր դառնալու իր հավատակիցների համար և ամրացնելու էր նրանց հավատը։ Աստվածաշունչը ժողովի երեցների մասին ասում է, որ նրանք «մեծ ապառաժի ստվերի պես» են։ Այս համեմատությունը ցույց է տալիս, թե ինչպես են նրանք պաշտպանում ժողովը (Ես. 32։2)։ Ինչ խոսք, ժողովը մեծ օգուտներ է քաղում, երբ բոլորն են ընդօրինակում Եհովայի՝ մեր Վեմի հատկանիշները (Եփես. 5։1

12. Ի՞նչ կերպերով կարող ենք ապաստան լինել մյուսների համար։

12 Ապաստան եղիր։ Երբեմն գուցե հնարավորություն ունենանք բառացի ապաստան տրամադրելու մեր եղբայրներին, ովքեր տուժել են բնական աղետներից, քաղաքացիական խռովություններից կամ պատերազմներից։ Այս «վերջին օրերում» որքան իրավիճակը վատանա, անկասկած, մենք ավելի շատ առիթներ կունենանք օգնության ձեռք մեկնելու միմյանց (2 Տիմոթ. 3։1)։ Մենք կարող ենք զգացապես աջակցել մեր հավատակիցներին և հոգևոր ապաստան լինել նրանց համար։ Այդպես վարվելու կերպերից մեկն այն է, որ Թագավորության սրահում ողջունենք մեր հավատակիցներին և զրուցենք նրանց հետ՝ նպաստելով ժողովի ջերմ մթնոլորտին։ Մենք ապրում ենք դաժան, անտարբեր ու սթրեսներով լի աշխարհում։ Ուստի ուզում ենք այնպես անել, որ երբ մեր հավատակիցները գան ժողովի հանդիպման, իրենց սիրված, թարմացած ու ապահով զգան։

13. Ինչպե՞ս կարող են հատկապես երեցները ապաստան լինել մյուսների համար (տես նաև նկարը)։

13 Երեցները կարող են ապաստան դառնալ նրանց համար, ովքեր տուժել են բնական աղետներից կամ անցնում են փոթորկանման դժվարություններով։ Երբ մեր հավատակիցները տուժում են աղետների պատճառով կամ շտապ բժշկական միջամտության կարիք են ունենում, երեցները նախաձեռնություն են վերցնում, որպեսզի գործնական օգնություն տրամադրվի նրանց։ Նրանք նաև հոգևորապես են աջակցում։ Հավատակիցները չեն վարանում մոտենալ այն երեցին, ով մեղմ, կարեկից և լսելու պատրաստ մարդու համբավ ունի։ Նմանատիպ հատկությունները նպաստում են, որ եղբայրներն ու քույրերը իրենց սիրված զգան, ինչի շնորհիվ նրանց համար ավելի հեշտ է լինում հետևել երեցների տված ցանկացած սուրբգրային առաջնորդության (1 Թեսաղ. 2։7, 8, 11

Երբ եղբայրներն ու քույրերը տուժում են բառացի կամ փոխաբերական փոթորիկներից, երեցները ապաստան են դառնում նրանց համար (տես պարբերություն 13) a


14. Ինչպե՞ս կարող ենք վստահելի մարդու համբավ ունենալ։

14 Եղիր վստահելի։ Մենք ուզում ենք այնպիսի մարդ լինել, որ ուրիշները կարողանան հույս դնել մեզ վրա, հատկապես դժվար ժամանակներում (Առակ. 17։17)։ Մենք կարող ենք վստահելի մարդու համբավ ձեռք բերել, եթե միշտ ձգտենք Աստծուն հաճելի հատկություններ դրսևորել, օրինակ՝ մեր խոսքի տերը լինենք և ջանանք ճշտապահ լինել (Մատթ. 5։37)։ Իսկ երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի, գործնականում աջակցենք նրան։ Մենք վստահելի մարդու համբավ կունենանք նաև, եթե ժողովում ունեցած մեր հանձնարարությունները կատարենք տրված առաջնորդության համաձայն։

15. Ինչպե՞ս է ժողովը օգուտներ քաղում, երբ երեցները վստահելի են լինում։

15 Վստահելի երեցները մեծ օրհնություն են ժողովի համար։ Ինչպե՞ս։ Քարոզիչները իրենց ապահով են զգում՝ իմանալով, որ ցանկացած պահի կարող են դիմել երեցներին, օրինակ՝ իրենց քարոզչական խմբի վերակացուին։ Բացի այդ՝ քարոզիչները իրենց սիրված են զգում՝ իմանալով, որ երեցները պատրաստ են օգնելու իրենց։ Եվ երբ երեցները իրենց խորհուրդը հիմնում են ոչ թե անձնական տեսակետի, այլ Աստվածաշնչի և հավատարիմ ծառայի տված հրատարակությունների վրա, հավատակիցները նրանց հանդեպ վստահությամբ են լցվում։ Եղբայրներն ու քույրերը վստահում են նաև այն երեցներին, ովքեր գաղտնապահ են և պահում են իրենց խոստումները։

16. Անսասան լինելը ի՞նչ օգուտներ է բերում մեզ և ուրիշներին։

16 Եղիր անսասան։ Մենք կարող ենք լավ ազդեցություն ունենալ ուրիշների վրա, եթե վճռական լինենք անելու այն, ինչ ճիշտ է, և մեր որոշումները միշտ հիմնենք աստվածաշնչյան սկզբունքների վրա։ Որքան ամրացնենք մեր հավատը և ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերենք, այնքան ավելի հաստատված կլինենք ճշմարտության մեջ։ Մենք չենք լինի անվճռական ու անհաստատ և չենք սասանվի սխալ ուսմունքներից և այս աշխարհի մտածելակերպից (Եփես. 4։14; Հակ. 1։6-8)։ Եհովայի և նրա խոստումների հանդեպ հավատը կօգնի մեզ չկորցնել մեր հավասարակշռությունը վատ լուրեր լսելիս (Սաղ. 112։7, 8)։ Բացի այդ՝ մենք կկարողանանք օգնել նրանց, ովքեր դժվարությունների միջով են անցնում (1 Թեսաղ. 3։2, 3

17. Ինչպե՞ս են երեցները կայունացնող ազդեցություն ունենում ժողովի վրա։

17 Երեցները պետք է լինեն իրենց սովորությունների մեջ չափավոր, ողջամիտ, կարգապահ և խոհեմ։ Այս տղամարդիկ կայունացնող ազդեցություն են ունենում ուրիշների վրա և ամրացնում են ժողովը՝ «ամուր բռնելով.... հավատարիմ խոսքը» (Տիտոս 1։9; 1 Տիմոթ. 3։1-3)։ Իրենց օրինակով և ժողովը հովվելով՝ երեցները օգնում են քարոզիչներին կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին, մասնակցել քարոզչական ծառայությանը և անձնական ուսումնասիրություն անել։ Երբ եղբայրներն ու քույրերը լուրջ խնդիրների են բախվում, երեցները կարող են շատ բան անել՝ քաջալերելով նրանց, որ կենտրոնացած մնան Եհովայի և նրա նպատակների վրա։

18. Ինչո՞ւ ենք ցանկանում փառաբանել Եհովային և ավելի մտերմանալ նրա հետ (տես նաև « Եհովայի հետ մտերմանալու միջոց» շրջանակը)։

18 Քննելով Եհովայի հրաշալի հատկությունները՝ մենք կարող ենք Դավիթ թագավորի պես ասել. «Օրհնյալ լինի Եհովան՝ իմ Վեմը» (Սաղ. 144։1)։ Եհովան վստահելի Աստված է, և մենք երբեք չենք փոշմանի, որ մեր հույսը նրա վրա ենք դրել։ Կարող ենք համոզված լինել, որ անգամ երբ ծերանանք, Եհովան կշարունակի օգնել մեզ, որ իր հետ մտերիմ լինենք։ Ուստի վստահությամբ կարող ենք ասել՝ «Նա իմ Վեմն է» (Սաղ. 92։14, 15

ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք

a ՆԿԱՐ։ Թագավորության սրահում քույրը անկաշկանդ մոտեցել է երկու երեցի։