Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 23

ԵՐԳ 28 Լինենք Եհովայի ընկերը

Եհովան ուզում է հյուրընկալել մեզ

Եհովան ուզում է հյուրընկալել մեզ

«Իմ խորանը [վրանը] նրանց մեջ կլինի, և ես կդառնամ նրանց Աստվածը» (ԵԶԵԿ. 37։27

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ի՞նչ է նշանակում հյուր լինել Եհովայի փոխաբերական վրանում, և ինչպե՞ս է նա հոգ տանում իր հյուրերի մասին։

1-2. Ըստ Սաղմոս 15։1-ի՝ ի՞նչ մեծ պատիվ ունեն Եհովայի նվիրված ծառաները։

 Ի՞ՆՉ դեր ունի Եհովան քո կյանքում։ Գուցե ասես. «Նա իմ Հայրն է, իմ Աստվածը և իմ Ընկերը»։ Թերևս մտքովդ այլ տիտղոսներ էլ անցնեն։ Բայց երբևէ մտածե՞լ ես, որ նա կարող է լինել քո Հյուրընկալը։

2 Դավիթ թագավորը Եհովային համեմատեց հյուրընկալի, իսկ նրա հավատարիմ ծառաներին՝ հյուրերի հետ։ Նա ասաց. «Եհո՛վա, ո՞վ կարող է հյուր լինել քո վրանում։ Ո՞վ կարող է բնակվել քո սուրբ լեռան վրա» (Սաղ. 15։1)։ Աստծու ներշնչմամբ գրված այս խոսքերից տեսնում ենք, որ մենք կարող ենք լինել Եհովայի հյուրերը՝ նրա ընկերները։ Ինչպիսի՜ մեծ պատիվ։

ԵՀՈՎԱՆ ՈՒԶՈՒՄ Է՝ ԻՐ ՀՅՈՒՐԵՐԸ ԼԻՆԵՆՔ

3. Ո՞վ էր Եհովայի առաջին հյուրը, և միմյանց ընկերակցությունը ի՞նչ զգացումներ էր առաջացնում նրանց մեջ։

3 Նախքան արարելը Եհովան մենակ էր։ Բայց եկավ մի պահ, երբ նա ստեղծեց իր առաջնեկ Որդուն և հյուրընկալեց նրան իր այլաբանական վրանում։ Հյուրընկալի նոր դերը Եհովային մեծ ուրախություն էր պատճառում։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «ուրախանում» էր իր անդրանիկ Որդով։ Եհովայի առաջին հյուրն էլ իր հերթին «ուրախ էր նրա առաջ ամեն ժամանակ» (Առակ. 8։30

4. Եհովան ինչպե՞ս աստիճանաբար ընդլայնեց իր հյուրերի շրջանակը։

4 Հետագայում Եհովան այլ ոգեղեն արարածներ ստեղծեց և նրանց էլ հյուրընկալեց։ Աստվածաշունչը հրեշտակներին կոչում է «Աստծու որդիներ» և հայտնում, որ Եհովայի ընկերակցությունը նրանց ուրախություն է պատճառում (Հոբ 38։7; Դան. 7։10)։ Բազմաթիվ տարիներ Աստծու ընկերները ոգեղեն արածներն էին, որոնք ապրում էին նրա բնակության վայրում։ Հետագայում նա ստեղծեց նաև մարդկանց և նրանց էլ հնարավորություն տվեց լինելու իր հյուրերը։ Աստծու հյուրերի թվում էին Ենոքը, Նոյը, Աբրահամն ու Հոբը։ Աստվածաշնչում այս հավատարիմների մասին խոսվում է որպես Աստծու ընկերների կամ ասվում է, որ նրանք քայլել են «ճշմարիտ Աստծու հետ» (Ծննդ. 5։24; 6։9; Հոբ 29։4; Ես. 41։8

5. Ի՞նչ կարող ենք սովորել Եզեկիել 37։26, 27 համարներում գրված մարգարեությունից։

5 Դարեր շարունակ Աստված իր ընկերներին հրավիրել է հյուր լինելու իր վրանում (կարդա Եզեկիել 37։26, 27)։ Եզեկիելի մարգարեությունից տեսնում ենք, որ Եհովան իսկապես ուզում է, որ իր հավատարիմ ծառաները մտերիմ լինեն իր հետ։ Նա խոստանում է խաղաղության ուխտ կապել նրանց հետ։ Այս մարգարեությունը այն ժամանակների մասին է, երբ երկնային հույս ունեցողներն ու երկրային հույս ունեցողները միավորվելու էին այլաբանական վրանում որպես «մեկ հոտ» (Հովհ. 10։16)։ Իրականում, այդ ժամանակները արդեն եկել են։

ԱՍՏՎԱԾ ՀՈԳ Է ՏԱՆՈՒՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՐՏԵՂ ԷԼ՝ ԼԻՆԵՆՔ

6. Ինչպե՞ս կարող ենք հյուր լինել Եհովայի վրանում, և որտե՞ղ է այն գտնվում։

6 Աստվածաշնչյան ժամանակներում վրանները ծառայում էին որպես հանգստի և վատ եղանակային պայմաններից պաշտպանվելու միջոց։ Վրանում հյուր լինողը կարող էր ակնկալել, որ հյուրընկալը ինչպես հարկն է հոգ կտանի իր մասին։ Երբ մեր կյանքը նվիրում ենք Եհովային, նրա այլաբանական վրանի հյուրն ենք դառնում (Սաղ. 61։4)։ Այնտեղ մենք վայելում ենք առատ հոգևոր կերակուր, ինչպես նաև Աստծու մյուս հյուրերի ընկերակցությունը։ Իսկ որտե՞ղ է Եհովայի այլաբանական վրանը։ Այն տեղակայված չէ որևէ կոնկրետ վայրում։ Հավանաբար եղել ես օտար երկրում՝ թերևս հատուկ համաժողովի մասնակցելու համար, և այնտեղ հանդիպել ես նրանց, ովքեր նույնպես պատիվ ունեն հյուր լինելու Աստծու վրանում։ Ուստի կարող ենք ասել, որ Եհովայի վրանը այնտեղ է, որտեղ նրա հավատարիմ ծառաներն են (Հայտն. 21։3

7. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայի այն հավատարիմ ծառաները, ովքեր մահացել են, շարունակում են հյուր լինել նրա վրանում (տես նաև նկարը)։

7 Իսկ ի՞նչ կարող ենք ասել Եհովայի այն հավատարիմ ծառաների մասին, ովքեր մահացել են։ Արդյո՞ք նրանք նույնպես Եհովայի վրանում են։ Այո՛։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ նրանք Եհովայի հիշողության մեջ են և նրա համար ասես ողջ լինեն։ Այս առնչությամբ Հիսուսն ասել է. «Այն, որ մահացածները հարություն են առնելու, նույնիսկ Մովսեսը իմացրեց այրվող թփի պատմության մեջ, երբ Եհովային կոչեց «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի, որովհետև նրանք բոլորն էլ ողջ են նրա համար» (Ղուկ. 20։37, 38

Անգամ Եհովայի՝ մահացած հավատարիմ ծառաներն են շարունակում հյուր լինել նրա վրանում (տես պարբերություն 7)


ԵՀՈՎԱՅԻ ՎՐԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

8. Ի՞նչ օգուտներ են ստանում Եհովայի հյուրերը՝ լինելով նրա վրանում։

8 Ճիշտ ինչպես բառացի վրանն է ծառայում որպես հանգստի վայր և պաշտպանություն վատ եղանակային պայմաններից, այնպես էլ Եհովայի վրանում գտնվողներն են պաշտպանված հոգևոր վնասներից և անհույս վիճակում չեն։ Եթե մտերիմ մնանք Եհովային, Սատանան չի կարողանա անդառնալի վնաս հասցնել մեզ (Սաղ. 31։23; 1 Հովհ. 3։8)։ Իսկ նոր աշխարհում Աստված իր հավատարիմ ընկերներին կպաշտպանի ոչ միայն հոգևոր վտանգներից, այլ նաև մահից (Հայտն. 21։4

9. Ինչպիսի՞ վարք է Եհովան ակնկալում իր հյուրերից։

9 Իրոք որ, մեծ պատիվ է հյուր լինել Եհովայի վրանում, այսինքն՝ մտերիմ և հարատև ընկերություն վայելել նրա հետ։ Բայց ինչպիսի՞ն պետք է լինի մեր վարքը, եթե ուզում ենք միշտ նրա հյուրերը լինել։ Երբ քեզ հյուր են կանչում, սովորաբար ուզում ես իմանալ, թե տան տերը ինչ է ակնկալում իր հյուրերից։ Օրինակ՝ գուցե նախքան ներս մտնելը հարկավոր է կոշիկները հանել, և դու սիրով անում ես դա։ Նմանապես մենք ուզում ենք իմանալ, թե Եհովան ինչ է պահանջում նրանցից, ովքեր ուզում են միշտ իր վրանում հյուր լինել։ Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ, որ մեր ձեռքից եկածն անենք, «որպեսզի լիովին հաճեցնեք նրան» (Կող. 1։10)։ Ու թեև Եհովային մեր Ընկերն ենք համարում, սակայն նաև գիտակցում ենք, որ նա մեր Աստվածն է և Հայրը, ով արժանի է հարգանքի (Սաղ. 25։14)։ Դա ի մտի ունենալով՝ մենք պետք է ակնածանք զգանք նրա հանդեպ և երբեք չմոռանանք, թե ով է նա։ Խոր հարգանքը կօգնի մեզ «համեստությամբ քայլել» մեր Աստծու հետ և խուսափել այնպիսի վարքից, որը կարող է վիրավորել նրան (Միք. 6։8

ԵՀՈՎԱՆ ԱՆԱՉԱՌ ԷՐ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

10-11. Եհովայի անաչառությունը ինչպե՞ս է երևում անապատում իսրայելացիների հետ նրա վարվելակերպից։

10 Եհովան անաչառ է իր հյուրերի հանդեպ (Հռոմ. 2։11)։ Դա երևում է նրանից, թե ինչպես էր նա վարվում իսրայելացիների հետ Սինա անապատում։

11 Այն բանից հետո, երբ Եհովան իսրայելացիներին ազատագրեց Եգիպտոսի ստրկությունից, քահանաներ նշանակեց, որպեսզի նրանք ծառայեին խորանում։ Այդ սուրբ վրանի հետ կապված պարտականությունները նա ղևտացիներին հանձնարարեց։ Բայց արդյո՞ք Եհովան ավելի լավ էր հոգ տանում նրանց մասին, ովքեր խորանում էին ծառայում կամ դրան ավելի մոտ էին ապրում։ Ո՛չ։ Մեր Աստվածը կողմնակալ չէ։

12. Որպես նորաստեղծ ազգի Հյուրընկալ՝ ինչպե՞ս է Եհովան անկողմնակալություն դրսևորել (Ելք 40։38; տես նաև նկարը)։

12 Ճամբարում յուրաքանչյուր մարդ հավասարապես հնարավորություն ուներ Եհովայի հետ մտերիմ լինելու՝ անկախ նրանից, թե ինչ հատուկ պատասխանատվություններ ուներ կամ խորանից ինչ հեռավորության վրա էր ապրում։ Եհովան այնպես էր արել, որ ամբողջ ազգը հնարավորություն ունենար տեսնելու խորանի վերևում գտնվող ամպի սյունն ու կրակի սյունը (կարդա Ելք 40։38)։ Երբ ամպը սկսում էր շարժվել նոր ուղղությամբ, նույնիսկ խորանից ամենահեռու գտնվողները կարող էին տեսնել դա, հավաքել իրենց իրերն ու վրանները և մյուսների հետ ճանապարհ ընկնել (Թվեր 9։15-23)։ Բոլորը կարող էին լսել երկու արծաթյա փողերի բարձր ձայնը, ինչը հստակ ազդանշան էր, որ հարկավոր է ճանապարհ ընկնել (Թվեր 10։2)։ Ակնհայտ է, որ խորանին մոտ ապրելը Եհովայի հետ ավելի մտերիմ լինելու ցուցանիշ չէր։ Աստծու նորաստեղծ ազգի մեջ բոլորը կարող էին լինել նրա հյուրը և ունենալ նրա առաջնորդությունն ու պաշտպանությունը։ Նմանապես այսօր, անկախ նրանից, թե երկրագնդի որ մասում ենք ապրում, կարող ենք վստահ լինել, որ Եհովան սիրում է մեզ, հոգ է տանում մեր մասին և պաշտպանում է։

Խորանը, որը գտնվում էր ճամբարի մեջտեղում, փաստում էր, որ Եհովան անկողմնակալ է (տես պարբերություն 12)


ԵՀՈՎԱՆ ԱՆԱՉԱՌ Է ՆԱԵՎ ԱՅՍՕՐ

13. Ո՞րն է Եհովայի անաչառության դրսևորումներից մեկն այսօր։

13 Աստծու ժողովրդից ոմանք ապրում են Եհովայի վկաների գլխավոր վարչության կամ իրենց երկրի մասնաճյուղի մոտակայքում։ Մյուսներն էլ ծառայում են հենց այդ շինություններում։ Ուստի նրանք կարողանում են մասնակցել մասնաճյուղում իրականացվող տարբեր գործերի և անձամբ համագործակցել առաջնորդող եղբայրների հետ։ Որոշ քարոզիչներ էլ ծառայում են որպես շրջագայող վերակացուներ կամ հատուկ լիաժամ ծառայության որևէ այլ ձևի մեջ են։ Բայց քարոզիչների մեծ մասի հանգամանքները թույլ չեն տալիս, որ նրանք մասնակցեն ծառայության այդ ձևերին։ Եթե դու էլ ես նրանց թվում, ապա կարող ես վստահ լինել, որ Եհովան՝ մեր Հյուրընկալը, սիրում է իր բոլոր հյուրերին և յուրաքանչյուրի մասին անհատապես հոգ է տանում (1 Պետ. 5։7)։ Եհովայի բոլոր ծառաները անհրաժեշտ հոգևոր կերակուր, առաջնորդություն և պաշտպանություն են ստանում։

14. Բեր ևս մի օրինակ, որը ցույց է տալիս, որ մեր Հյուրընկալը անկողմնակալ է։

14 Եհովայի անկողմնակալությունը փաստող ևս մեկ ապացույց է այն, որ որպես Հյուրընկալ՝ նա իր Խոսքը հասանելի է դարձրել ամբողջ աշխարհում ապրող մարդկանց համար։ Աստվածաշունչը գրվել է երեք լեզվով՝ եբրայերեն, արամերեն և հունարեն։ Արդյո՞ք նրանք, ովքեր Աստվածաշունչը կարողանում են կարդալ բնագիր լեզուներով, ավելի մտերիմ են Եհովայի հետ։ Ո՛չ (Մատթ. 11։25

15. Ի՞նչն է փաստում, որ Եհովան անկողմնակալ է (տես նաև նկարը)։

15 Եհովայի հավանությունը ունենալը կախված չէ մեր կրթությունից կամ լեզուների իմացությունից։ Եհովան իր իմաստությունը ոչ թե հասանելի է դարձնում միայն բարձրագույն կրթություն ունեցողներին, այլ երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու։ Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, թարգմանվել է հազարավոր լեզուներով, ինչի շնորհիվ ամբողջ աշխարհում ապրող մարդիկ հնարավորություն ունեն սովորելու աստվածաշնչյան ուսմունքները և իմանալու, թե ինչպես կարող են դառնալ Աստծու ընկերը (2 Տիմոթ. 3։16, 17

Աստծու անաչառությունը ինչպե՞ս է երևում այն բանից, որ Աստվածաշունչը հասանելի է հազարավոր լեզուներով (տես պարբերություն 15)


ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԼԻՆԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՀՅՈՒՐԸ

16. Գործեր 10։34, 35 համարների համաձայն՝ միայն ովքե՞ր կարող են լինել Եհովայի հյուրերը։

16 Մեծ պատիվ է հյուր լինել Եհովայի այլաբանական վրանում։ Նա ամենաբարի, ամենահյուրասեր և ամենահոգատար Հյուրընկալն է։ Եհովան անկողմնակալ է և ջերմորեն ընդունում է բոլորիս՝ անկախ մեր ապրելու վայրից, ծագումից, կրթությունից, ռասայից, ցեղից, տարիքից կամ սեռից։ Սակայն նրա հյուրերը կարող են լինել միայն նրանք, ովքեր հնազանդվում են նրա պահանջներին (կարդա Գործեր 10։34, 35

17. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

17 Սաղմոս 15։1-ում Դավիթը հետևյալ հարցերն է ուղղում Եհովային. «Եհո՛վա, ո՞վ կարող է հյուր լինել քո վրանում։ Ո՞վ կարող է բնակվել քո սուրբ լեռան վրա»։ Աստծուց ներշնչված՝ նա նաև պատասխանում է այս հարցերին։ Հաջորդ հոդվածում կխոսենք այդ մասին և կքննենք որոշ պահանջներ, որոնց պետք է համապատասխանենք, եթե ուզում ենք հյուր մնալ Եհովայի վրանում։

ԵՐԳ 32 Եհովայի կողքը կանգնիր