Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 24

ԵՐԳ 24 Բարձրացեք Եհովայի լեռը

Հավիտյան հյուր եղիր Եհովայի վրանում

Հավիտյան հյուր եղիր Եհովայի վրանում

«Եհո՛վա, ո՞վ կարող է հյուր լինել քո վրանում» (ՍԱՂ. 15։1

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ի՞նչ պետք է անենք Եհովայի ընկերները մնալու համար և ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրա մյուս ընկերներին։

1. Ինչո՞վ են օգտակար Սաղմոս 15։1-5 համարները։

 ՆԱԽՈՐԴ հոդվածից իմացանք, որ նրանք, ովքեր նվիրում են իրենց կյանքը Եհովային և մտերիմ հարաբերություններ են զարգացնում նրա հետ, կարող են հյուր լինել նրա փոխաբերական վրանում։ Իսկ ի՞նչը կօգնի, որ մտերմանանք Աստծու հետ։ 15-րդ սաղմոսում մի շարք գործնական խորհուրդներ կան, որոնք կարող են օգնել մեզ այդ հարցում (կարդա Սաղմոս 15։1-5

2. Թերևս ինչի՞ մասին էր մտածում սաղմոսերգու Դավիթը, երբ հիշատակեց Եհովայի վրանի մասին։

2 15-րդ սաղմոսը սկսվում է հետևյալ հարցերով. «Եհո՛վա, ո՞վ կարող է հյուր լինել քո վրանում։ Ո՞վ կարող է բնակվել քո սուրբ լեռան վրա» (Սաղ. 15։1)։ Եհովայի «վրանի» մասին գրելիս սաղմոսերգու Դավիթը հավանաբար մտածում էր խորանի մասին, որն այդ ժամանակ Գաբաոնում էր։ Դավիթը նշում է նաև Աստծու «սուրբ լեռան» մասին՝ հավանաբար նկատի ունենալով Երուսաղեմում գտնվող Սիոն լեռը։ Նախքան տաճարի կառուցումը Գաբաոնից մոտ տասը կիլոմետր դեպի հարավ Դավիթը մի վրան էր կանգնեցրել, որտեղ դրել էր ուխտի տապանակը (2 Սամ. 6։17

3. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի 15-րդ սաղմոսը (տես նաև նկարը)։

3 Իհարկե, իսրայելացիներից շատերին թույլ չէր տրվում ծառայել խորանի տարածքում, ուր մնաց՝ մտնեին վրան, որտեղ պահվում էր ուխտի տապանակը։ Բայց Եհովայի բոլոր ծառաները կարող էին հյուր լինել նրա այլաբանական վրանում՝ դառնալով նրա ընկերները և պահպանելով այդ մտերմությունը։ Դա բոլորիս ցանկությունն է։ 15-րդ սաղմոսում ասվում է, որ Եհովայի ընկերները մնալու համար մենք պետք է որոշ հատկություններ զարգացնենք և դրսևորենք։

Դավթի օրերում իսրայելացիների համար հեշտ էր պատկերացնել, թե ինչ է նշանակում հյուր լինել Եհովայի վրանում (տես պարբերություն 3)


ԱՆԱՐԱՏՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԻՐ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՐ

4. Ինչո՞ւ ենք ասում, որ մկրտությունը Եհովայի հետ մտերմանալու միակ պահանջը չէ (Եսայիա 48։1

4 Սաղմոս 15։2-ում ասվում է, որ Աստծու ընկերը «անարատությամբ է քայլում [և] արդարություն է գործում»։ «Քայլում է» և «գործում է» բայերը այստեղ շարունակական գործողություն են ցույց տալիս։ Բայց իսկապե՞ս հնարավոր է անարատությամբ քայլել։ Այո՛, հնարավոր է։ Թեև մենք անկատար ենք, բայց երբ մեր լավագույնն ենք անում Եհովային հնազանդվելու համար, նա մեզ անարատ է համարում։ Նվիրումն ու մկրտությունը Աստծու հետ ճամփորդության սկիզբն են միայն։ Նկատի առնենք, որ աստվածաշնչյան ժամանակներում պարզապես իսրայելացի լինելը դեռ չէր նշանակում, որ անհատը Եհովայի հյուրն է։ Ոմանք կանչում էին Իսրայելի Աստծուն, բայց դա չէին անում «ճշմարտությամբ ու արդարությամբ» (կարդա Եսայիա 48։1)։ Մինչդեռ անկեղծ սիրտ ունեցող իսրայելացիները սովորում էին Եհովայի պահանջները և կատարում դրանք։ Նմանապես այսօր Աստծու հավանությունն ունենալու համար նվիրված լինելը և քրիստոնեական ժողովի հետ ընկերակցելը բավական չէ։ Հարկավոր է շարունակ «արդարություն գործել»։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։

5. Ի՞նչ է նշանակում Եհովային հնազանդվել ամեն ինչում։

5 Եհովայի տեսանկյունից՝ «անարատությամբ քայլելը» և «արդարություն գործելը» ժողովի հանդիպումներին կանոնավորաբար մասնակցելուց ավելին է (1 Սամ. 15։22)։ Մենք պետք է ձգտենք հնազանդվել Եհովային մեր կյանքի բոլոր ոլորտներում, նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ ենք (Առակ. 3։6; Ժող. 12։13, 14)։ Կարևոր է, որ ձգտենք հնազանդվել Եհովային անգամ համեմատաբար փոքր հարցերում։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ իսկապես սիրում ենք Աստծուն, ինչն էլ կմղի նրան մեզ ավելի շատ սիրելու (Հովհ. 14։23; 1 Հովհ. 5։3

6. Ըստ Եբրայեցիներ 6։10-12 համարների՝ անցյալում կատարած մեր լավ գործերից առավել ի՞նչն է կարևոր։

6 Եհովան շատ է գնահատում այն ամենը, ինչ արել ենք իր համար անցյալում։ Բայց անցյալում դրսևորած մեր հավատարմությունը ինքնին երաշխիք չէ, որ կշարունակենք հյուր լինել Եհովայի վրանում։ Դա պարզ երևում է Եբրայեցիներ 6։10-12 համարներից (կարդա)։ Ճիշտ է, Եհովան չի մոռանում անցյալում կատարած մեր լավ գործերը, բայց նա ցանկանում է, որ շարունակենք ամբողջ հոգով պաշտել իրեն «մինչև վերջ»։ «Եթե չթուլանանք», նա հավիտյան մեր Ընկերը կլինի (Գաղ. 6։9

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍԻՐ ՔՈ ՍՐՏՈՒՄ

7. Ի՞նչ է նշանակում ճշմարտությունը խոսել մեր սրտում։

7 Ով ցանկանում է հյուր լինել Եհովայի վրանում, պետք է «ճշմարտությունը խոսի իր սրտում» (Սաղ. 15։2)։ Դա սուտ չխոսելուց ավելին է. Եհովան ցանկանում է, որ ազնիվ լինենք մեր բոլոր խոսքերում և գործերում (Եբր. 13։18)։ Սա կարևոր է, «որովհետև խարդախ մարդը գարշելի է Եհովայի համար, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակ. 3։32

8. Ինչպիսի՞ վարքից պետք է խուսափենք։

8 Նրանք, ովքեր «ճշմարտությունն են խոսում իրենց սրտում», ուրիշների ներկայությամբ չեն ձևացնում, թե պահում են Աստծու օրենքը, մինչդեռ խախտում են այն, երբ մենակ են (Ես. 29։13)։ Նրանք խարդախորեն չեն վարվում։ Խարդախ մարդը գուցե սկսի մտածել, թե Եհովայի օրենքներին հնազանդվելը միշտ չէ, որ լավ է (Հակ. 1։5-8)։ Նա թերևս սկսի Եհովային չհնազանդվել այնպիսի հարցերում, որոնք իր կարծիքով՝ այնքան էլ կարևոր չեն։ Եվ եթե այդ մարդուն թվա, թե իր անհնազանդությունը վատ հետևանքներ չի ունենում, հնարավոր է՝ սկսի ավելի վատ բաներ անել, ինչի արդյունքում Աստծուն մատուցվող նրա երկրպագությունը կեղծավոր կդառնա (Ժող. 8։11)։ Բայց մենք ուզում ենք ազնիվ լինել ամեն ինչում։

9. Ի՞նչ եղավ Հիսուսի և Նաթանայելի առաջին հանդիպման ժամանակ, և մենք ի՞նչ ենք սովորում դրանից (տես նաև նկարը)։

9 Անկեղծ սիրտ ունենալու կարևորության մասին շատ բան կարող ենք իմանալ՝ հիշելով Հիսուսի և Նաթանայելի առաջին հանդիպումը։ Երբ Փիլիպոսը իր ընկեր Նաթանայելին ծանոթացնում էր Հիսուսի հետ, մի հատկանշական բան եղավ։ Թեև Հիսուսը նրան նախկինում երբեք չէր հանդիպել, բայց նրա մասին հետևյալն ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. 1։47)։ Ճիշտ է, Հիսուսն իր մյուս աշակերտներին էլ էր անկեղծ մարդիկ համարում, սակայն Նաթանայելի մեջ յուրահատուկ անկեղծություն տեսավ։ Նաթանայելը մեզ պես անկատար էր։ Չնայած դրան՝ նրա մեջ արհեստական կամ կեղծավոր ոչինչ չկար։ Հիսուսը հիացավ նրա անկեղծությամբ և գովեց նրան։ Անկասկած, բոլորս էլ ուզում ենք, որ Հիսուսը մեր մասին նույնպես նման կարծիք ունենա։

Փիլիպոսը Հիսուսին ծանոթացնում է իր ընկեր Նաթանայելի հետ, մարդ, որի մեջ նենգություն չկար։ Իսկ կարելի՞ է նույնն ասել մեր մասին (տես պարբերություն 9)


10. Ինչո՞ւ պետք է խուսափենք խոսքի պարգևը սխալ օգտագործելուց (Հակոբոս 1։26

10 15-րդ սաղմոսում թվարկված պահանջների մեծ մասը այն մասին է, թե ինչպես պետք է վերաբերվենք ուրիշներին։ Սաղմոս 15։3-ում կարդում ենք, որ նա, ով հյուր է Եհովայի վրանում, «չի զրպարտում, դիմացինին վատություն չի անում, իր ընկերներին չի վարկաբեկում» («Նոր աշխարհ» թարգմանություն, 2013 թ., անգլ.)։ Խոսքի պարգևը նման ձևով օգտագործելը կարող է լուրջ վնաս հասցնել ուրիշներին և զրկել մեզ Եհովայի վրանում հյուր լինելու հնարավորությունից (կարդա Հակոբոս 1։26

11. Ի՞նչ է զրպարտությունը, և ի՞նչ քայլ է ձեռնարկվում այն զրպարտողի նկատմամբ, ով չի զղջում։

11 Հետաքրքիր է, որ սաղմոսերգուն հատուկ անդրադառնում է զրպարտությանը։ Իսկ ի՞նչ է դա։ Զրպարտությունը սուտ տեղեկություն է, որը արատավորում է ինչ-որ մեկի հեղինակությունը։ Եթե զրպարտողը չի զղջում իր արածի համար, հեռացվում է քրիստոնեական ժողովից (Երեմ. 17։10

12-13. Նշիր իրավիճակներ, երբ գուցե ոչ միտումնավոր վարկաբեկենք մեր ընկերներին (տես նաև նկարը)։

12 Սաղմոս 15։3-ում նաև կարդում ենք, որ Եհովայի հյուրերը դիմացինին վատություն չեն անում և իրենց ընկերոջը չեն վարկաբեկում։ Տեսնենք, թե ինչ է դա ներառում։

13 Մենք գուցե ոչ միտումնավոր վարկաբեկենք որևէ մեկին՝ նրա մասին բացասական տեղեկություններ տարածելով։ Մտածենք հետևյալ իրավիճակների մասին. 1) քույրը դադարեցնում է իր լիաժամ ծառայությունը. 2) մի ամուսնական զույգ այլևս Բեթելում չի ծառայում. 3) եղբայրը այլևս երեց կամ ծառայող օգնական չէ։ Արդյո՞ք տեղին կլինի ենթադրություններ անել, թե ինչու են նման փոփոխություններ եղել, և այդ մասին խոսել ուրիշների հետ։ Իհարկե ո՛չ։ Այդ փոփոխությունների համար թերևս շատ պատճառներ կան, որոնց մասին մենք չգիտենք։ Չմոռանանք նաև, որ Եհովայի վրանի հյուրը «դիմացինին վատություն չի անում [և] իր ընկերներին չի վարկաբեկում»։

Ուրիշների մասին բացասական տեղեկություն տարածելը հեշտ է, և այն կարող է վերածվել զրպարտության (տես պարբերություն 12-13)


ՊԱՏՎԻՐ ԵՀՈՎԱՅԻՑ ՎԱԽԵՑՈՂՆԵՐԻՆ

14. Բացատրիր, թե ովքեր են «անարժանները», ում Եհովայի հյուրերը պետք է մերժեն։

14 Սաղմոս 15։4-ում ասվում է, որ Եհովայի ընկերը «մերժում է անարժաններին» («Նոր աշխարհ» թարգմանություն, 2013 թ., անգլ.)։ Իսկ ինչպե՞ս հասկանալ, թե ով է անարժան։ Մենք չենք կարող դա որոշել՝ հիմնվելով մեր կարծիքի և նախասիրությունների վրա։ Ինչո՞ւ։ Քանի որ անկատարության պատճառով մենք հակված ենք հավանելու նրանց, ում հետ հեշտ ենք լեզու գտնում և խուսափելու նրանցից, ում բնավորության գծերը նյարդայնացնում են մեզ։ Ուստի մենք պետք է մերժենք միայն նրանց, ում Եհովան է «անարժան» համարում (1 Կորնթ. 5։11)։ Այդպիսի մարդկանց թվում են նրանք, ովքեր առանց զղջալու վատ գործեր են անում, անարգանքով են խոսում մեր հավատի և համոզմունքների մասին կամ փորձում են փչացնել Եհովայի հետ մեր հարաբերությունները (Առակ. 13։20

15. Ո՞րն է «Եհովայից վախեցողներին» պատվելու կերպերից մեկը։

15 Սաղմոս 15։4-ում այնուհետև ասվում է, որ մենք պետք է պատվենք «Եհովայից վախեցողներին»։ Հետևաբար մենք կերպեր ենք փնտրում, որպեսզի բարությամբ ու հարգանքով վերաբերվենք Եհովայի ընկերներին (Հռոմ. 12։10Սաղմոս 15։4-ի համաձայն՝ այդպես վարվելու կերպերից մեկն այն է, որ Եհովայի վրանում հյուր եղողը, «եթե նույնիսկ ի վնաս իրեն երդում է տալիս, չի դրժում այն»։ Մեր տված խոստումները դրժելով՝ անկասկած ցավ կպատճառենք ուրիշներին (Մատթ. 5։37)։ Օրինակ՝ Եհովան ակնկալում է, որ իր հյուրերը պահեն իրենց ամուսնական երդումը։ Նա նաև ուրախանում է, երբ ծնողները ամեն ջանք ներդնում են, որ կատարեն իրենց երեխաներին տված խոստումները։ Աստծու և դրացու հանդեպ սերը կմղի մեզ, որ մեր ձեռքից եկածն անենք մեր խոսքի տերը լինելու համար։

16. Ուրիշ ինչպե՞ս կարող ենք պատվել Եհովայի ընկերներին։

16 Աստծու ընկերներին պատվելու կերպ է նաև հյուրասեր ու առատաձեռն լինելը (Հռոմ. 12։13)։ Եթե մեր եղբայրների ու քույրերի հետ ժամանակ անցկացնենք, կմտերմանանք նրանց ու Եհովայի հետ։ Բացի այդ՝ հյուրասիրություն ցուցաբերելով՝ կընդօրինակենք Եհովային։

ՄԻ՛ ԵՂԻՐ ՓՈՂԱՍԵՐ

17. Ինչո՞ւ է 15-րդ սաղմոսում հիշատակվում փողի մասին։

17 Սաղմոս 15։5-ում կարդում ենք, որ Եհովայի հյուրը իր «փողը տոկոսով չի տալիս, և անմեղի դեմ կաշառք չի վերցնում»։ Ինչո՞ւ է այս կարճ սաղմոսում խոսվում փողի մասին։ Քանի որ փողի վերաբերյալ սխալ տեսակետ ունեցող մարդը կարող է վնաս հասցնել ուրիշներին և կորցնել Աստծու հետ լավ փոխհարաբերությունները (1 Տիմոթ. 6։10)։ Աստվածաշնչյան ժամանակներում ոմանք, օգտվելով իրենց եղբայրների ֆինանսական վատ դրությունից, նրանց տոկոսով փող էին տալիս։ Բացի այդ՝ որոշ դատավորներ կաշառք էին վերցնում և անմեղ մարդկանց մեղավոր էին ճանաչում։ Նման արարքները նողկալի են Եհովայի համար (Եզեկ. 22։12

18. Ո՞ր հարցերը կօգնեն մեզ հասկանալ, թե ինչ տեսակետ ունենք փողի վերաբերյալ (Եբրայեցիներ 13։5

18 Լավ կլինի, որ վերանայենք փողի հանդեպ մեր վերաբերմունքը։ Ինքներս մեզ կարող ենք հարցնել. «Հաճա՞խ եմ մտածում փողի և այն մասին, թե ինչ կարող եմ ձեռք բերել դրա միջոցով։ Երբ որևէ մեկից պարտքով փող եմ վերցնում, ուշացնո՞ւմ եմ վերադարձնել այն՝ մտածելով, թե նա դրա կարիքը չունի։ Արդյո՞ք փող ունենալու շնորհիվ ինձ ավելի կարևոր եմ զգում։ Դժվարանո՞ւմ եմ առատաձեռն լինել ուրիշների հանդեպ։ Եղբայրներիս ու քույրերիս նյութապաշտ համարո՞ւմ եմ զուտ այն բանի համար, որ նրանք փող ունեն։ Արդյո՞ք ձգտում եմ ընկերություն անել միայն հարուստների հետ և անտեսում եմ աղքատներին»։ Այս հարցերի շուրջ մտածելը կարևոր է, քանի որ պետք է հիշենք, որ Եհովայի հյուրը լինելու մեծ պատիվն ունենք։ Մենք չենք կորցնի այդ հնարավորությունը, եթե հեռու մնանք փողասիրությունից։ Եհովան էլ իր հերթին երբեք չի լքի մեզ (կարդա Եբրայեցիներ 13։5

ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

19. Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ կատարենք այն բոլոր պահանջները, որ գրված են 15-րդ սաղմոսում։

19 15-րդ սաղմոսը ավարտվում է հետևյալ խոստումով. «Ով այս բաներն անում է, երբեք չի սասանվի» (Սաղ. 15։5)։ Այստեղ սաղմոսերգուն ցույց է տալիս, թե Աստված գլխավորապես ինչու է ուզում, որ հնազանդվենք իր պահանջներին։ Նա ուզում է, որ երջանիկ լինենք։ Ուստի առաջնորդություն է տալիս, որին հետևելով՝ կունենանք նրա օրհնությունն ու պաշտպանությունը (Ես. 48։17

20. Ինչի՞ն են Եհովայի հյուրերը անհամբերությամբ սպասում։

20 Եհովայի հյուրերին պայծառ ապագա է սպասում։ Հավատարիմ օծյալ քրիստոնյաները կապրեն երկնքում, որտեղ Հիսուսը նրանց համար «բնակվելու շատ տեղեր» է պատրաստել (Հովհ. 14։2)։ Երկրի վրա ապրելու հույս ունեցողներն էլ անհամբերությամբ սպասում են Հայտնություն 21։3-ում գրված խոստման կատարմանը։ Անկասկած, բոլորիս համար մեծ պատիվ է ընդունել Եհովայի ընկերը լինելու ջերմ հրավերը և հավիտյան հյուր լինել նրա վրանում։

ԵՐԳ 39 Լավ անուն ստեղծենք Աստծու մոտ