Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 25

ԵՐԳ 7 Եհո՛վա, մեր զորությունն ես

Հիշի՛ր. Եհովան «կենդանի Աստված է»

Հիշի՛ր. Եհովան «կենդանի Աստված է»

«Կենդանի է Եհովան» (ՍԱՂ. 18։46

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Մենք մեծ օգուտներ ենք քաղում՝ հիշելով, որ այն Աստվածը, ում պաշտում ենք, «կենդանի Աստված է»։

1. Ի՞նչն է օգնում Եհովայի ծառաներին, որ, չնայած իրենց դժվարություններին, շարունակեն պաշտել նրան։

 «ՉԱՓԱԶԱՆՑ դժվար ժամանակներ». Աստվածաշունչը այսպես է նկարագրում մեր օրերը (2 Տիմոթ. 3։1)։ Բացի այն խնդիրներից, որոնց ուրիշ մարդիկ էլ են բախվում՝ Եհովայի ժողովուրդը բախվում է նաև հակառակության և հալածանքի։ Ի՞նչն է օգնում մեզ, որ, չնայած այդ դժվարություններին, շարունակենք պաշտել մեր Աստծուն։ Գլխավորապես այն, որ մեր կյանքում զգացել ենք Եհովայի ձեռքը և համոզվել, որ նա «կենդանի Աստված է» (Երեմ. 10։10; 2 Տիմոթ. 1։12

2. Ի՞նչ առումով է Եհովան կենդանի Աստված։

2 Եհովան իրական Անձնավորություն է. նա տեսնում է, թե ինչ դժվարությունների ենք բախվում, և միշտ պատրաստ է օգնելու մեզ (2 Տար. 16։9; Սաղ. 23։4)։ Եթե հիշենք, որ Եհովան կենդանի Աստված է և հոգ է տանում մեր մասին, բավականաչափ ուժ կունենանք դիմանալու ցանկացած փորձության։ Տեսնենք, թե այդպես վարվելը ինչպես է օգնել Դավիթ թագավորին։

3. Ի՞նչ նկատի ուներ Դավիթը՝ ասելով՝ «Կենդանի է Եհովան»։

3 Դավիթը ճանաչում էր Եհովային և իր հույսը նրա վրա էր դնում։ Երբ Սավուղ թագավորը և մյուսները հետապնդում էին Դավթին, նա օգնության համար Եհովային դիմեց (Սաղ. 18։6)։ Երբ Աստված պատասխանեց նրա աղոթքին և փրկեց նրան, Դավիթն ասաց. «Կենդանի է Եհովան» (Սաղ. 18։46)։ Այս խոսքերն ասելով՝ նա պարզապես նկատի չուներ, որ Աստված գոյություն ունի։ Մի աշխատության մեջ ասվում է, որ Դավիթը այդ խոսքերով իր վստահությունն էր արտահայտում այն բանում, որ Եհովան, «լինելով կենդանի Աստված, շարունակ գործում է հօգուտ իր ժողովրդի»։ Այո՛, Դավիթը իր անձնական փորձից գիտեր, որ Եհովան կենդանի Աստված է։ Այդ բանի գիտակցումը ամրացնում էր նրա վճռականությունը ծառայելու Եհովային և գովաբանելու նրան (Սաղ. 18։28, 29, 49

4. Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ հիշելով, որ Եհովան կենդանի Աստված է։

4 Եթե համոզված լինենք, որ Եհովան կենդանի Աստված է, ավելի մեծ եռանդով կծառայենք նրան։ Մենք ուժ կունենանք դիմանալու փորձություններին և չենք դադարի ջանասեր լինել ծառայության մեջ։ Բացի այդ՝ կավելանա Եհովայի հետ մտերիմ մնալու մեր վճռականությունը։

ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏՎԱԾ ՈՒԺ ԿՏԱ ՔԵԶ

5. Ինչո՞ւ մենք բոլոր հիմքերն ունենք չվախենալու փորձություններից (Փիլիպպեցիներ 4։13

5 Եթե միշտ հիշենք, որ Եհովան կենդանի Աստված է և պատրաստ է օգնելու մեզ, կկարողանանք դիմանալ ցանկացած փորձության՝ լինի դա մեծ, թե փոքր։ Չէ՞ որ մեր Աստծու համար բարդ և անլուծելի խնդիրներ չկան։ Նա Ամենազոր է և կարող է ուժ տալ, որ դիմանանք (կարդա Փիլիպպեցիներ 4։13)։ Ուստի մենք բոլոր հիմքերն ունենք չվախենալու փորձություններից։ Թեթև փորձությունների ժամանակ Եհովայի ձեռքը մեր կյանքում տեսնելը օգնում է համոզվածությամբ լցվել, որ նա կօգնի մեզ նաև այն ժամանակ, երբ ծանր փորձությունների բախվենք։

6. Ո՞ր դեպքերը ավելացրին Դավթի վստահությունը Եհովայի հանդեպ։

6 Այժմ Դավթի կյանքից քննենք երկու դեպք, որոնք ավելացրել են նրա վստահությունը Եհովայի հանդեպ։ Պատանեկան տարիքում Դավիթը հովվում էր իր հոր ոչխարներին։ Մի անգամ արջը, իսկ մեկ ուրիշ անգամ առյուծը ոչխար էին փախցրել նրա մոտից։ Երկու դեպքում էլ Դավիթը քաջաբար հետապնդել էր գազաններին և փրկել էր ոչխարներին։ Սակայն նա այդ հաղթանակները իրեն չէր վերագրում։ Դավիթը գիտեր, որ Եհովայի օգնությամբ է կարողացել անել դա (1 Սամ. 17։34-37)։ Նա միշտ հիշում էր այս դեպքերի մասին և դրանց շուրջ խորհրդածելու շնորհիվ վստահությամբ էր լցվում, որ կենդանի Աստված ապագայում էլ կզորացնի իրեն։

7. Ճիշտ տեսակետ ունենալը ինչպե՞ս օգնեց Դավթին կռվել Գողիաթի դեմ։

7 Ավելի ուշ, երբ Դավիթը դեռ 20 տարեկան էլ չկար, գնաց իսրայելացիների բանակատեղի։ Նա տեսավ, որ զինվորները սարսափահար վիճակում են, քանի որ Գողիաթ անունով մի փղշտացի հսկա «ծաղրուծանակի էր ենթարկում Իսրայելի զորքերին» (1 Սամ. 17։10, 11)։ Զինվորները սարսափած էին, քանի որ կենտրոնացել էին այդ հսկայի և նրա ասածների վրա (1 Սամ. 17։24, 25)։ Բայց Դավիթը իրավիճակին այլ տեսանկյունից էր նայում։ Նա Գողիաթի ասածները ընկալում էր ոչ թե որպես ծաղրուծանակ՝ ուղղված միայն իսրայելացիների բանակի դեմ, այլև «կենդանի Աստծու զորքի» (1 Սամ. 17։26)։ Դավիթը նախևառաջ Եհովայի մասին էր մտածում։ Նա համոզված էր, որ այն Աստվածը, որն օգնել է իրեն, երբ նա դեռ հովիվ էր, կօգնի նաև այս իրավիճակում։ Վստահ լինելով, որ Աստված կօգնի իրեն՝ Դավիթը գնաց Գողիաթի դեմ և իհարկե հաղթեց նրան (1 Սամ. 17։45-51

8. Դժվարությունների բախվելիս ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր վստահությունը Եհովայի հանդեպ (տես նաև նկարը)։

8 Մենք նույնպես կարող ենք հաջողությամբ դիմագրավել մեր դժվարությունները, եթե հիշենք, որ կենդանի Աստված Եհովան պատրաստ է օգնելու մեզ (Սաղ. 118։6)։ Այս հարցում մեր վստահությունն ամրացնելու համար լավ կլինի՝ խորհրդածենք, թե ինչեր է նա արել անցյալում։ Օրինակ՝ կարող ես աստվածաշնչյան այնպիսի արձանագրություններ ընթերցել, որոնք կհիշեցնեն քեզ, թե ինչպես է Եհովան փրկել իր ծառաներին (Ես. 37։17, 33-37)։ Բացի այդ՝ jw.org կայքում կարող ես կարդալ կամ դիտել այնպիսի նյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան աջակցում իր ծառաներին մեր օրերում։ Նաև հիշիր, թե ինչպես է Եհովան օգնել անձամբ քեզ։ Գուցե մտածես, թե նա առանձնահատուկ ոչինչ չի արել քեզ համար, ինչպես, օրինակ, չի փրկել արջից կամ առյուծից։ Բայց իրականությունն այն է, որ Եհովան շատ բաներ է արել քեզ համար։ Նա քեզ ձգել է դեպի իրեն և հնարավորություն է տվել դառնալու իր ընկերը (Հովհ. 6։44)։ Եվ այն, որ դու այսօր կարողանում ես մնալ ճշմարտության մեջ, միմիայն նրա օգնության շնորհիվ է։ Ուստի խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հիշել այն պահերը, երբ պատասխանել է քո աղոթքներին, երբ ճիշտ ժամանակին օգնության է հասել կամ հանել է քեզ դժվար իրավիճակից։ Այդպիսի դեպքերի մասին խորհրդածելը կամրացնի վստահությունդ այն բանում, որ Եհովան կշարունակի գործել հօգուտ քեզ։

Մեր փորձությունները ավելի մեծ հարցի ընդամենը մի մասն են (տես պարբերություն 8-9)


9. Փորձությունների բախվելիս լավ կլինի՝ ի՞նչ հիշենք (Առակներ 27։11

9 Եթե Եհովան իրական Անձնավորություն լինի մեզ համար, մեր դժվարություններին ճիշտ տեսանկյունից կնայենք։ Այսինքն՝ մեր փորձությունները կդիտենք որպես ավելի մեծ հարցի մի մաս, հարց, որը ծագել է Եհովայի ու Սատանայի միջև։ Սատանան պնդում է, որ երբ դժվարությունների բախվենք, կհեռանանք Աստծուց (Հոբ 1։10, 11; կարդա Առակներ 27։11)։ Բայց երբ, չնայած դժվարություններին, հավատարիմ ենք մնում Եհովային, փաստում ենք, որ սիրում ենք նրան, և որ Սատանան ստախոս է։ Հնարավոր է՝ կառավարության կողմից հալածանքի ես բախվում կամ տնտեսական խնդիրներ ունես, գուցե մարդիկ դրականորեն չեն արձագանքում քարոզչական գործին, կամ էլ այլ դժվարությունների միջով ես անցնում։ Եթե այդպես է, հիշիր, որ դա շատ լավ հնարավորություն է քեզ համար ուրախացնելու Եհովայի սիրտը, և մի՛ մոռացիր, որ նա երբեք թույլ չի տա, որ քո կարողությունից վեր փորձվես (1 Կորնթ. 10։13)։ Նա քեզ ուժ կտա, որ դիմանաս։

ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏՎԱԾ ԿՎԱՐՁԱՏՐԻ ՔԵԶ

10. Ի՞նչ է անելու կենդանի Աստված իրեն պաշտողների համար։

10 Եհովան միշտ վարձատրում է իրեն պաշտողներին (Եբր. 11։6)։ Այսօր նա մեզ տալիս է մտքի խաղաղություն և բավարարվածության զգացում, իսկ ապագայում կտա նաև հավիտենական կյանք։ Մենք կարող ենք մեր հույսը Եհովայի վրա դնել՝ համոզված լինելով, որ նա մեզ վարձատրելու և՛ ցանկություն ունի, և՛ զորություն։ Ուստի մենք շարունակում ենք մեր լավագույնն անել նրան մատուցվող մեր երկրպագության մեջ, ճիշտ ինչպես արել են անցյալում ապրած նրա հավատարիմ ծառաները։ Նրանցից էր Տիմոթեոսը (Եբր. 6։10-12

11. Ի՞նչն էր մղում Տիմոթեոսին ջանասեր լինել Եհովայի գործում (1 Տիմոթեոս 4։10

11 Կարդա 1 Տիմոթեոս 4։10։ Տիմոթեոսը իր հույսը կենդանի Աստծու վրա էր դնում։ Դա էր պատճառը, որ նա ջանասեր էր և իր ուժերը չէր խնայում Եհովայի գործում։ Պողոս առաքյալը նրան հորդորում էր բարելավել իր ուսուցողական և հռետորական հմտությունները։ Առաքյալը նրան հորդորում էր նաև լավ օրինակ լինել թե՛ երիտասարդ, թե՛ տարեց հավատակիցների համար։ Բացի այդ՝ Տիմոթեոսը որոշ դժվար հանձնարարություններ ուներ անելու, օրինակ՝ նա պետք է ուղիղ, բայցև սիրառատ կերպով խորհուրդ տար նրանց, ովքեր դրա կարիքը ունեին (1 Տիմոթ. 4։11-16; 2 Տիմոթ. 4։1-5)։ Տիմոթեոսը համոզված էր, որ անգամ եթե մարդիկ չտեսնեին կամ չգնահատեին իր արածները, Եհովան կվարձատրեր իրեն (Հռոմ. 2։6, 7

12. Ի՞նչը կարող է մղել երեցներին, որ ջանասիրաբար կատարեն իրենց հանձնարարված գործը (տես նաև նկարը)։

12 Այսօր երեցները նույնպես կարող են համոզված լինել, որ Եհովան տեսնում և բարձր է գնահատում իրենց կատարած աշխատանքը։ Բացի հովվելուց, ուսուցանելուց և քարոզելուց՝ շատ երեցներ մասնակցում են աստվածապետական տարբեր շինարարական նախագծերի և աղետից տուժածներին օգնելու աշխատանքներին։ Մյուսներն էլ ծառայում են հիվանդներին այցելող խմբերում կամ հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում։ Երեցները գիտեն, որ ժողովը Եհովայի ստեղծած կառույցն է, ոչ թե մարդու։ Այդ բանի գիտակցումը մղում է նրանց ամբողջ հոգով անել իրենց հանձնարարությունները և համոզված լինել, որ Աստված լիովին կվարձատրի իրենց (Կող. 3։23, 24

Կենդանի Աստված կվարձատրի քեզ ժողովում կատարած քո տքնաջան աշխատանքի համար (տես պարբերություն 12-13)


13. Ի՞նչ է զգում Եհովան՝ տեսնելով իրեն ծառայելու համար մեր ներդրած ջանքերը։

13 Բոլորը չէ, որ կարող են երեց ծառայել, բայց բոլորն էլ կարող են ինչ-որ բան անել Եհովայի համար։ Նա ուրախանում է, երբ մեր լավագույնն ենք անում։ Եհովան նկատում է համաշխարհային գործի համար արած մեր նվիրատվությունները, նույնիսկ եթե հնարավորություն չունենք շատ նվիրաբերելու։ Նա ուրախանում է, երբ ամեն կերպ փորձում ենք հաղթահարել մեր ամաչկոտությունը և ժողովի հանդիպումներին ձեռք ենք բարձրացնում, որ մեկնաբանենք։ Եհովան նաև ուրախանում է, երբ անտեսում ենք վիրավորանքը և ներում մեզ վիրավորողներին։ Համոզված եղիր, որ եթե չես կարողանում անել այնքան, որքան կուզեիր, Եհովան գնահատում է այն, ինչ կարողանում ես անել։ Նա սիրում է քեզ դրա համար և կվարձատրի (Ղուկ. 21։1-4

ՄՏԵՐԻՄ ԵՂԻՐ ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

14. Եհովայի հետ մտերիմ լինելը ինչպե՞ս է օգնում հավատարիմ մնալ նրան (տես նաև նկարը)։

14 Եթե Եհովան իրական լինի մեզ համար, մենք չենք դժվարանա հավատարիմ մնալ նրան։ Դա տեսնում ենք Հովսեփի օրինակից։ Նա կտրականապես հրաժարվեց անբարոյություն գործելուց։ Աստված իրական էր Հովսեփի համար, և Հովսեփը չէր ցանկանում տհաճեցնել նրան (Ծննդ. 39։9)։ Եթե ուզում ենք Եհովան իրական լինի մեզ համար, մենք պետք է ժամանակ հատկացնենք, որպեսզի աղոթենք նրան և ուսումնասիրենք նրա Խոսքը։ Այդպես նրա հետ մեր ընկերությունը կամրանա։ Եվ երբ Հովսեփի նման մտերիմ լինենք Եհովայի հետ, չենք ցանկանա անել մի բան, ինչը կտհաճեցնի նրան (Հակ. 4։8

Կենդանի Աստծու հետ մտերմանալը կօգնի քեզ հավատարիմ մնալ նրան (տես պարբերություն 14-15)


15. Ի՞նչ ենք սովորում անապատում իսրայելացիների հետ տեղի ունեցածից (Եբրայեցիներ 3։12

15 Նրանք, ովքեր մոռանում են, որ Եհովան կենդանի Աստված է, կարող են հեշտությամբ հեռանալ նրանից։ Տեսնենք, թե ինչ եղավ իսրայելացիներին, երբ նրանք անապատում էին։ Իսրայելացիները գիտեին, որ Եհովան գոյություն ունի, բայց սկսեցին կասկածել, որ նա հոգ է տանում իրենց մասին։ Նրանք նույնիսկ հարցրին. «Եհովան մեր մե՞ջ է, թե՞ ոչ» (Ելք 17։2, 7)։ Արդյունքում իսրայելացիները ըմբոստացան Աստծու դեմ։ Անկասկած, մենք չենք ցանկանում հետևել նրանց վատ օրինակին (կարդա Եբրայեցիներ 3։12

16. Ի՞նչը կարող է թուլացնել մեր հավատը։

16 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ դժվար է մտերիմ մնալ Եհովայի հետ։ Շատերը չեն հավատում Աստծու գոյությանը, և հաճախ նրանք, ովքեր անտեսում են նրա պահանջները, թվում է, թե լավ կյանքով են ապրում։ Դա տեսնելը կարող է թուլացնել մեր հավատը։ Ճիշտ է, մենք չենք ժխտի, որ Աստված գոյություն ունի, բայց գուցե սկսենք կասկածել, թե արդյոք նա կգործի հօգուտ մեզ։ 73-րդ սաղմոսը գրողը նման իրավիճակում էր հայտնվել։ Նա տեսնում էր, որ թեև իր շրջապատի մարդիկ անտեսում են Եհովայի օրենքները, բայց շարունակում են վայելել կյանքը։ Դրա պատճառով սաղմոսերգուն սկսեց կասկածել, թե արդյոք արժե ծառայել Աստծուն (Սաղ. 73։11-13

17. Ի՞նչը կօգնի մեզ մտերիմ մնալ Եհովայի հետ։

17 Իսկ ի՞նչն օգնեց սաղմոսերգուին շտկել իր տեսակետը։ Նա սկսեց խորհրդածել, թե ինչ կլինի նրանց, ովքեր այլևս չեն ապավինում Եհովային (Սաղ. 73։18, 19, 27)։ Նա նաև մտածեց այն օգուտների մասին, որ ստանում ենք՝ Աստծուն ծառայելով (Սաղ. 73։24)։ Մենք էլ կարող ենք խորհրդածել Եհովայից ստացած մեր օրհնությունների շուրջ։ Իսկ ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքը, եթե չծառայեինք Աստծուն։ Այս հարցի շուրջ մտածելը նույնպես կօգնի, որ չթողնենք մեր հավատարիմ ընթացքը և սաղմոսերգուի նման ասենք. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը» (Սաղ. 73։28

18. Ինչո՞ւ կարող ենք ապագային վստահությամբ նայել։

18 Մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն, որ գուցե ունենանք այս վերջին օրերում, քանի որ «ծառայում ենք կենդանի ու ճշմարիտ Աստծուն» (1 Թեսաղ. 1։9)։ Նա իրական Անձնավորություն է և գործում է հօգուտ նրանց, ովքեր պաշտում են իրեն։ Նա իր ծառաների կողքին է եղել անցյալում և այսօր էլ մեզ հետ է։ Շուտով երկրի վրա նախադեպը չունեցող մեծ նեղություն է լինելու։ Բայց մենք այդ ժամանակ մենակ չենք լինի (Ես. 41։10)։ Ուստի թող որ բոլորս, քաջությամբ լցված, ասենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա» (Եբր. 13։5, 6

ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն