Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ պետք է մեր ունեցածից տանք նրան, ով ամեն ինչ ունի

Ինչո՞ւ պետք է մեր ունեցածից տանք նրան, ով ամեն ինչ ունի

«Ո՛վ մեր Աստված, մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ և գովաբանում ենք քո սքանչելի անունը» (1 ՏԱՐ. 29։13

ԵՐԳ 80, 50

1, 2. Եհովան ինչպե՞ս է օգտագործում իր ստեղծած նյութական բարիքները։

ԵՀՈՎԱՆ առատաձեռն Աստված է։ Մեր ունեցած ամեն բան նրանից է։ Նրան են պատկանում երկրի վրա գոյություն ունեցող ամբողջ ոսկին ու արծաթը, ինչպես նաև մյուս բոլոր բնական ռեսուրսները։ Այս ամենը մեր Հայրն օգտագործում է կյանքը պահպանելու համար (Սաղ. 104։13–15; Անգե 2։8)։ Աստվածաշնչում բազում դեպքեր են նկարագրված, թե Եհովան ինչպես է իր ստեղծած բաները հրաշքով օգտագործել ի նպաստ իր ժողովրդի։

2 Աստված 40 տարի մանանա ու ջուր տվեց իսրայելացիներին, երբ նրանք անապատում էին (Ելք 16։35)։ Դրա շնորհիվ «նրանք ոչ մի բանի պակասություն չզգացին» (Նեեմ. 9։20, 21)։ Եղիսե մարգարեի միջոցով Եհովան զարմանալի հրաշք գործեց՝ հավատարիմ այրու ունեցած սակավաքանակ յուղը շատացրեց։ Դրա շնորհիվ այդ կինը կարողացավ վճարել իր պարտքերը, իսկ մնացած գումարը բավական էր, որ նա ու իր որդիներն ապրեին (2 Թագ. 4։1–7)։ Եհովայի աջակցությամբ Հիսուսը հրաշքով կերակրեց հազարավոր մարդկանց, իսկ երբ փողի կարիք եղավ, նա այնպես արեց, որ իր աշակերտը մետաղադրամ գտնի (Մատթ. 15։35–38; 17։27

3. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Եհովան անսահմանափակ միջոցներ ունի, որոնց շնորհիվ պահպանում է իր երկրային արարածների կյանքը։ Միևնույն ժամանակ նա կոչ է անում, որ իր ծառաներն իրենց նյութական միջոցներն օգտագործեն իր կազմակերպության գործունեությանն աջակցելու համար (Ելք 36։3–7; կարդա Առակներ 3։9)։ Աստված ինչո՞ւ է ակնկալում, որ մեր ունեցած արժեքավոր բաներից տանք իրեն՝ վերադարձնելով այն, ինչ իրենից ենք ստացել։ Անցյալում ապրած հավատարիմ մարդիկ ինչպե՞ս են ֆինանսապես աջակցել Եհովայի ներկայացուցիչների գործունեությանը։ Նրա կազմակերպությունը ինչպե՞ս է այսօր օգտագործում նվիրաբերվող դրամական միջոցները։ Այս հոդվածում կքննարկենք նշված հարցերը։

ԻՆՉՈՒ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԵՀՈՎԱՅԻՆ

4. Եհովայի գործին աջակցելով՝ ի՞նչ ենք ցույց տալիս։

4 Մենք մեր ունեցածից տալիս ենք Եհովային, քանի որ սիրում ու գնահատում ենք նրան։ Երբ մտածում ենք այն մասին, թե Եհովան ինչեր է արել մեզ համար, մեր սիրտը երախտագիտությամբ է լցվում։ Խոսելով այն մասին, թե ինչ է անհրաժեշտ տաճարի շինարարության համար՝ Դավիթ թագավորն ընդունեց, որ մեր ստացած ամեն բան Եհովայից է, ու երբ նրան մի բան ենք տալիս, նրա ձեռքից ստացածն ենք վերադարձնում (կարդա 1 Տարեգրություն 29։11–14

5. Աստվածաշունչը ինչպե՞ս է ցույց տալիս, որ անշահախնդրորեն տալը ճշմարիտ երկրպագության անչափ կարևոր մասն է։

5 Երբ մենք Եհովային տալիս ենք մեր ունեցածից, այդպես երկրպագություն ենք մատուցում նրան։ Հովհաննես առաքյալը տեսիլքում լսեց Աստծու երկնային ծառաների ձայնը, ովքեր ասում էին. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին» (Հայտն. 4։11)։ Այո՛, Եհովան արժանի է, որ փառք ու պատիվ տանք իրեն՝ մատուցելով մեր ունեցած լավագույն բաները։ Մովսեսի միջոցով Աստված Իսրայել ազգին պատվիրեց տարվա երեք տոներին ներկայանալ իր առաջ։ Այդ տոներին Աստծուն երկրպագելու համար իսրայելացիները պետք է իրենց ունեցածից տային նրան։ «Ոչ ոք դատարկաձեռն չպետք է ներկայանար Եհովայի առաջ» (2 Օրենք 16։16)։ Նմանապես այսօր մենք պետք է մեր ունեցածից անշահախնդրորեն տանք Եհովային։ Դա մեր երկրպագության անչափ կարևոր մասն է։ Այդպես մենք ցույց ենք տալիս մեր գնահատանքը նրա կազմակերպության իրականացրած գործունեության համար և աջակցում ենք այդ գործունեությանը։

6. Տալը ինչո՞ւ է օգտակար մեզ համար (տես հոդվածի սկզբի նկարը)։

6 Երբ մենք տալիս ենք, դա նաև մեզ է օգուտ բերում։ Եթե մենք առատաձեռնորեն տվողներ ենք և ոչ թե պարզապես ստացողներ, դա լավ է անդրադառնում մեզ վրա (կարդա Առակներ 29։21)։ Պատկերացրու, որ երեխան իր ծնողների տված փոքր գումարով նվեր է գնում նրանց համար։ Ինչպե՞ս կարձագանքեն ծնողները։ Այդ նվերը շատ թանկ կլինի նրանց համար։ Կամ պատկերացրու՝ երիտասարդ ռահվիրան, որը ծնողների հետ է ապրում, տան ծախսերի համար նրանց որոշակի գումար է տալիս, ինչը ճիշտ քայլ է նրա կողմից։ Թեև ծնողները գուցե նման բան չեն ակնկալում, սակայն կարող են ընդունել այդ նվերները՝ իմանալով, որ տալը օգուտ է բերում իրենց զավակին, քանի որ այդպես նա ցույց է տալիս իր երախտագիտությունը իրենց արած ամեն բանի համար։ Նմանապես Եհովան գիտի, որ երբ մեր արժեքավոր բաներից տալիս ենք իրեն, դա մեզ օգուտ է բերում։

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԱՆՑՅԱԼՈՒՄ

7, 8. Եհովայի ժողովուրդը վաղեմի ժամանակներում ի՞նչ օրինակ է թողել՝ նվիրաբերություններ անելով ա) հատուկ նախագծերի համար, բ) Աստծու գործին ընդհանուր աջակցություն ցույց տալու համար։

7 Աստվածաշնչից իմանում ենք, որ անցյալում Աստծու ծառաները իրենց ունեցածից նվիրաբերություններ են արել։ Որոշ դեպքերում նրանք իրենց միջոցները տրամադրել են հատուկ նախագծերի համար։ Օրինակ՝ Մովսեսը կոչ արեց նվիրաբերություններ անել խորանի կառուցման համար, իսկ Դավիթ թագավորը՝ տաճարի շինարարության համար (Ելք 35։5; 1 Տար. 29։5–9)։ Հովաս թագավորի օրերում քահանաները հավաքված գումարն օգտագործեցին Եհովայի տունը նորոգելու նպատակով (2 Թագ. 12։4, 5)։ Երբ առաջին դարի քրիստոնեական ժողովում եղբայրներն իմացան, որ սովի պատճառով իրենց հավատակիցները կարիքի մեջ են հայտնվել, «որոշեցին, որ ամեն մեկն իր հնարավորության սահմաններում օգնություն ուղարկի Հրեաստանում բնակվող եղբայրներին» (Գործ. 11։27–30

8 Եհովայի ժողովուրդը նյութապես աջակցում էր նաև նրանց, ովքեր նրա գործում առաջնորդություն էին վերցնում։ Օրինակ՝ Մովսիսական օրենքի համաձայն՝ ղևտացիները Իսրայելի մյուս ցեղերի պես ժառանգություն չստացան։ Սակայն իսրայելացիները ղևտացիներին տասանորդ էին տալիս, ինչի շնորհիվ վերջիններս կարողանում էին կենտրոնանալ խորանում իրենց մատուցած ծառայության վրա (Թվեր 18։21)։ Նույն ձևով էլ առաջին դարում որոշ առատաձեռն կանայք Հիսուսին ու նրա առաքյալներին էին «ծառայում.... կիսելով նրանց հետ իրենց ունեցածը» (Ղուկ. 8։1–3

9. Անցյալում Աստծու ծառաները ի՞նչ միջոցներից էին նվիրաբերություններ անում։

9 Այս նվիրաբերությունների աղբյուրները տարբեր էին։ Անապատում խորանը կառուցելու նպատակով իսրայելացիները հավանաբար նվիրաբերեցին այն արժեքավոր բաներից, որ բերել էին Եգիպտոսից (Ելք 3։21, 22; 35։22–24)։ Իսկ առաջին դարում որոշ քրիստոնյաներ վաճառում էին իրենց տներն ու արտերը և փողը բերում տալիս էին առաքյալներին, վերջիններս էլ այն հատկացնում էին կարիքավորներին (Գործ. 4։34, 35)։ Ոմանք էլ կանոնավորաբար որոշակի գումար էին մի կողմ դնում և նվիրաբերում Աստծու գործին աջակցելու համար (1 Կորնթ. 16։2)։ Այդպես ամեն խավի մարդիկ՝ հարուստ թե աղքատ, նվիրաբերություններ էին անում (Ղուկ. 21։1–4

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԱՅՍՕՐ

10, 11. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի առատաձեռն ծառաներին, որոնք ապրել են աստվածաշնչյան ժամանակներում։ բ) Ինչպե՞ս ես վերաբերվում Թագավորության գործին աջակցելու քո առանձնաշնորհմանը։

10 Այսօր էլ գուցե լսենք, որ հատուկ նպատակով նվիրաբերություններ անելու անհրաժեշտություն կա։ Օրինակ՝ գուցե ծրագրվում է ձեր ժողովի համար նոր Թագավորության սրահ կառուցել կամ հինը վերանորոգել։ Հնարավոր է՝ տեղեկանաք, որ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջացել տեղի մասնաճյուղի վերանորոգման, համաժողովի ծախսերը փակելու կամ աղետից տուժած եղբայրներին օգնություն տրամադրելու համար։ Մեր նվիրաբերություններով մենք աջակցում ենք գլխավոր վարչությունում և տարբեր մասնաճյուղերում իրականացվող ծառայությանը, ինչպես նաև սատարում ենք միսիոներներին, հատուկ ռահվիրաներին և շրջանային վերակացուներին։ Բացի այդ, ձեր ժողովը, իր ընդունած բանաձևի համաձայն, կանոնավորաբար նվիրաբերություն է ուղարկում՝ ֆինանսապես աջակցելու համաժողովների և Թագավորության սրահների շինարարության համաշխարհային ծրագրին, որից օգուտ են քաղում ամբողջ աշխարհի մեր հավատակիցները։

11 Մեզնից յուրաքանչյուրը կարող է աջակցել այն գործին, որ Եհովան իրականացնում է այս վերջին օրերում։ Նվիրաբերությունների մեծ մասը անանուն է։ Մենք, ուրիշների ուշադրությունը չգրավելով, փող ենք գցում Թագավորության սրահում դրված արկղերի մեջ կամ jw.org կայքի միջոցով օնլայն նվիրաբերություններ ենք անում։ Գուցե մտածենք, թե մեր փոքր նվիրաբերությունները ոչ մի նշանակություն չունեն։ Սակայն պետք է հիշենք, որ այսօր մեր կազմակերպության միջոցների մեծ մասը գոյանում է ոչ թե սակավաթիվ խոշոր ընծաներից, այլ բազում փոքր նվիրաբերություններից։ Մեր եղբայրները, նույնիսկ նրանք, ովքեր ծանր տնտեսական պայմաններում են ապրում, նման են մակեդոնացիներին, որոնք, «չնայած ծայրաստիճան աղքատությանը», խնդրեցին, որ պատիվ ունենան նվիրաբերություն անելու, և դա առատաձեռնորեն արեցին (2 Կորնթ. 8։1–4

12. Ինչպե՞ս է կազմակերպությունը ձգտում լավագույնս օգտագործել նվիրաբերված միջոցները։

12 Կազմակերպության միջոցները օգտագործելու հարցում Կառավարիչ մարմինը ձգտում է լինել հավատարիմ և իմաստուն, ուստի աղոթում է Աստծուն ու լավ մտածում, թե ինչպես տնօրինի դրանք (Մատթ. 24։45)։ Կազմվում է բյուջե, և միջոցները դրա համաձայն են ծախսվում (Ղուկ. 14։28)։ Աստվածաշնչյան ժամանակներում այն մարդիկ, ովքեր տնօրինում էին նվիրաբերված միջոցները, որոշակի քայլեր էին ձեռնարկում, որպեսզի դրանք օգտագործվեին միայն այն նպատակով, ինչի համար նախատեսված էին։ Օրինակ, երբ Եզրասը վերադարձավ Երուսաղեմ, բերեց պարսից թագավորի նվիրաբերած միջոցները՝ ոսկի, արծաթ և այլ բաներ, որոնց ընդհանուր արժեքը այսօր կկազմեր ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար։ Նա այդ միջոցները համարեց Եհովային նվիրաբերված կամավոր ընծաներ և հատուկ հրահանգներ տվեց, որ այդ գանձերը պաշտպանված լինեն վտանգներով լի ճանապարհորդության ընթացքում (Եզր. 8։24–34)։ Պողոս առաքյալը գումար հավաքեց Հրեաստանում ապրող եղբայրներին օգնելու համար։ Նա քայլեր ձեռնարկեց, որ այդ միջոցները տանող մարդիկ «ամեն ինչ անեն ազնվությամբ ոչ միայն Եհովայի առաջ, այլև մարդկանց» (կարդա 2 Կորնթացիներ 8։18–21)։ Եզրասի ու Պողոսի պես՝ այսօր մեր կազմակերպությունը նվիրաբերված միջոցներն օգտագործելու հարցում խիստ կանոնների է հետևում։

13. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք կազմակերպության մեջ վերջերս տեղի ունեցող փոփոխություններին։

13 Երբ ընտանիքները ուզում են հավասարակշռել իրենց եկամուտներն ու ծախսերը կամ Եհովայի գործում ավելին անելու համար ցանկանում են պարզեցնել իրենց կյանքը և կրճատել ծախսերը, նրանք փոփոխություններ են անում։ Նույնը կարելի է ասել Եհովայի կազմակերպության մասին։ Վերջին տարիներին բազում նոր նախագծեր են իրականացվել, որոնք մեզ շատ են ոգևորել։ Սակայն երբեմն որոշակի ժամանակահատվածում ավելի շատ փող է ծախսվել, քան ստացվել։ Ուստի կազմակերպությունը ծախսերը կրճատելու և աշխատանքը պարզեցնելու ուղիներ է փնտրում, որպեսզի կարողանա ձեր առատաձեռն նվիրաբերությունների շնորհիվ առավելագույնն անել։

ԻՆՉ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՌՆՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Քո նվիրաբերություններով դու աջակցում ես մեր համաշխարհային գործունեությանը (տես պարբերություն 14–16)

14–16. ա) Որո՞նք են այն նախագծերից մի քանիսը, որոնք իրականացվել են ձեր նվիրաբերությունների շնորհիվ։ բ) Այս հոգևոր պարգևները քեզ ի՞նչ օգուտ են բերել։

14 Այսօր մենք բազում հոգևոր նվերներ ենք ստանում։ Եհովային երկար տարիներ ծառայող շատ եղբայրներ ու քույրեր ասում են, որ երբեք այսպիսի ժամանակ չեն տեսել։ Օրինակ՝ վերջին տարիներին սկսել է գործել jw.org կայքը և «JW Broadcasting» հեռուստաալիքը։ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսնում ավելի ու ավելի շատ լեզուներով։ 2014–2015 թթ.-ին 14 քաղաքներում՝ աշխարհի ամենամեծ մարզադաշտերից մի քանիսում, եռօրյա միջազգային համաժողովներ անցկացվեցին, որոնց խորագիրն էր «Շարունակե՛ք նախ փնտրել Աստծու Թագավորությունը»։ Ներկաները շատ էին հուզված։

15 Շատերն են իրենց գնահատանքն արտահայտում Եհովայի կազմակերպությունից ստացած նվերների համար, որոնք իրենց մեծ օգուտ են բերում։ Օրինակ՝ Ասիայի երկրներից մեկում ծառայող մի ամուսնական զույգ «JW Broadcasting» հեռուստաալիքի մասին հետևյալը գրեց. «Մենք նշանակվել ենք ծառայելու մի փոքր քաղաքում։ Դրա պատճառով երբեմն մեզ մեկուսացած ենք զգում և հեշտությամբ մոռանում ենք, թե ինչ մեծ մասշտաբներով է իրականացվում Եհովայի գործը։ Բայց երբ դիտում ենք «JW Broadcasting»-ի կայքում տեղադրված բազմազան ծրագրերը, հիշում ենք, որ մենք համաշխարհային եղբայրության մի մասնիկն ենք։ Այստեղ բնակվող մեր սիրելի եղբայրներն ու քույրերը շատ ուրախ են, որ մենք հեռուստաալիք ունենք։ Նրանք հաճախ ասում են, որ երբ դիտում են մեր ամսական հաղորդումները, իրենց ավելի մոտ են զգում Կառավարիչ մարմնի անդամներին։ Այժմ նրանք ավելի հպարտ են, որ Եհովայի կազմակերպության մաս են կազմում»։

16 Ներկայումս ամբողջ աշխարհում մոտ 2 500 Թագավորության սրահ է կառուցվում կամ հիմնանորոգվում։ Հոնդուրասի ժողովներից մեկի անդամները, որոնք սկսել են նոր Թագավորության սրահում հավաքվել, գրեցին. «Մենք շատ երջանիկ ենք, որ Եհովայի մեծ ընտանիքի մաս ենք կազմում և ունենք համաշխարհային չքնաղ եղբայրություն։ Այս ամենի շնորհիվ կատարվեց մեր երազանքը՝ մեր բնակավայրում Թագավորության սրահ ունեցանք»։ Շատերը նույնպիսի գնահատանք են արտահայտում, երբ իրենց մայրենի լեզվով Աստվածաշունչ և այլ հրատարակություններ են ստանում, երբ աղետներից հետո իրենց օգնություն է տրամադրվում, կամ երբ տեսնում են, թե ինչ հրաշալի արդյունքներ է բերում մեծ քաղաքներում և ուրիշ տեղերում տրվող հրապարակային վկայությունը։

17. Ի՞նչն է փաստում, որ մեր կազմակերպությունը Եհովայի աջակցությամբ է գործում։

17 Շատերը չեն հասկանում, թե ինչպես ենք կարողանում միմիայն կամավոր նվիրաբերությունների շնորհիվ կատարել այս ողջ աշխատանքը։ Մի խոշոր ընկերության ղեկավարներից մեկը, այցելելով մեր տպարան, զարմացավ, երբ իմացավ, որ ամբողջ աշխատանքն իրականացվում է կամավորների կողմից կամավոր նվիրաբերությունների շնորհիվ, և որ կազմակերպությունը փող հավաքելու նպատակով միջոցառումներ չի կազմակերպում ու ոչինչ չի վաճառում։ Նա ասաց, որ անհնար է անել այն, ինչ մենք ենք անում։ Մենք համաձայն ենք նրա հետ, քանի որ գիտենք, որ այս ամենը հնարավոր է միայն Եհովայի աջակցության շնորհիվ (Հոբ 42։2

ՏԱՆՔ ԵՎ ՕՐՀՆՎԵՆՔ

18. ա) Ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ աջակցում ենք Թագավորության գործին։ բ) Ինչպե՞ս կարող ենք մեր երեխաներին ու նորերին սովորեցնել իրենց լուման ներդնել Աստծու գործում։

18 Եհովան մեզ պատվի է արժանացրել՝ հնարավորություն տալով աջակցելու այն հսկայածավալ գործին, որն իրականացվում է այսօր։ Նա մեզ հավաստիացնում է, որ եթե թիկունք կանգնենք Թագավորության գործին, կօրհնվենք (Մաղ. 3։10)։ Եհովան խոստանում է, որ առատաձեռնորեն տվող մարդը կպարարտանա (կարդա Առակներ 11։24, 25)։ Բացի այդ, տալը մեզ երջանկացնում է, չէ՞ որ «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։ Թող մեր երեխաներին ու նորերին խոսքով ու գործով սովորեցնենք, թե ինչպես իրենց լուման ներդնեն Աստծու գործում և բազում օրհնություններ ստանան։

19. Այս հոդվածը քեզ ի՞նչ անելու մղեց։

19 Մեր ունեցած ամեն բան Եհովայից է։ Երբ մենք Աստծուն վերադարձնում ենք այն, ինչ նրանից ենք ստացել, դրանով ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան ու գնահատում ենք այն ամենը, ինչ նա արել ու անում է մեզ համար (1 Տար. 29։17)։ Տաճարի կառուցման նպատակով նվիրաբերություններ անելով՝ «ժողովուրդը իր մատուցած կամավոր ընծաների համար ուրախացավ, որովհետև նրանք այդ ընծաները լիակատար սրտով մատուցեցին Եհովային» (1 Տար. 29։9)։ Եկեք մենք էլ շարունակենք ուրախ սրտով Եհովային տալ մեր արժեքավոր բաներից, որոնք իրականում նրա ձեռքից ենք ստացել։