Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 5

Հանդիպումներին հաճախելը ի՞նչ է ասում մեր մասին

Հանդիպումներին հաճախելը ի՞նչ է ասում մեր մասին

«Հռչակեք Տիրոջ մահը, մինչև որ նա գա» (1 ԿՈՐՆԹ. 11։26

ԵՐԳ 18 Երախտապարտ ենք փրկանքի համար

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Ի՞նչ է տեսնում Եհովան, երբ միլիոնավոր մարդիկ հավաքվում են՝ նշելու Տիրոջ ընթրիքը (տես ամսագրի շապիկի նկարը)։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ ինչ է զգում Եհովան, երբ տեսնում է, թե ինչպես են միլիոնավոր մարդիկ հավաքվում ու նշում Տիրոջ ընթրիքը։ Նրա համար դա պարզապես մի մեծ ամբոխ չէ. Եհովան նկատում է նրանցից յուրաքանչյուրին։ Օրինակ՝ նա տեսնում է այն մարդկանց, ովքեր ամեն տարի հավատարմորեն ներկա են լինում այդ միջոցառմանը։ Նրանց թվում կան այնպիսիներ, ովքեր գալիս են՝ չնայած դաժան հալածանքին։ Կան նաև այնպիսիներ, ովքեր թեև կանոնավորաբար չեն հաճախում մեր մյուս հանդիպումներին, բայց Հիշատակի երեկոյին ներկա լինելը իրենց պարտքն են համարում։ Եհովայի աչքից չեն վրիպում նաև այն մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս այդ հանդիպմանը՝ գուցե զուտ հետաքրքրասիրությունից դրդված։

2 Անշուշտ, Եհովան շատ է ուրախանում, երբ Հիշատակի երեկոյին այդքան մարդ է ներկա լինում (Ղուկ. 22։19)։ Սակայն այդ ուրախությունը պայմանավորված չէ միայն ներկաների քանակով։ Եհովայի համար ավելի կարևոր են այդ մարդկանց շարժառիթները, թե ինչու են նրանք եկել։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչն է մեզ մղում ներկա լինելու ոչ միայն Հիշատակի երեկոյին, այլև մեր բոլոր շաբաթական հանդիպումներին, որոնք Եհովան նախատեսել է իրեն սիրող մարդկանց համար։

Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ գալիս են Տիրոջ ընթրիքին և ջերմ ընդունելության արժանանում (տես պարբերություն 1–2)

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

3–4. ա) Ինչո՞ւ ենք հաճախում մեր հանդիպումներին։ բ) Ո՞ր հատկությունն է մեզ մղում ներկա լինել դրանց։ գ) 1 Կորնթացիներ 11։23–26-ի համաձայն՝ ինչո՞ւ չպետք է բաց թողնենք Հիշատակի երեկոն։

3 Մենք հաճախում ենք ժողովի հանդիպումներին գլխավորաբար այն պատճառով, որ դրանք մեր երկրպագության մասն են։ Մենք դա անում ենք նաև այն պատճառով, որ այդ հանդիպումների ժամանակ կրթվում ենք Եհովայից։ Հպարտ մարդկանց համար այն միտքն անգամ, որ իրենք որևէ բան սովորելու կարիք ունեն, անընդունելի է (3 Հովհ. 9)։ Բայց ի տարբերություն նրանց՝ մենք ցանկանում ենք, որ Եհովան և իր կազմակերպությունը կրթեն մեզ (Ես. 30։20; Հովհ. 6։45

4 Ժողովի հանդիպումներին մեր ներկայությունը ցույց է տալիս, որ խոնարհ ենք և հոժար ենք կրթվելու։ Ուստի Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին ներկա ենք լինում ոչ միայն այն պատճառով, որ դա մեր պարտքն ենք համարում, այլև քանի որ այդպես վարվելով՝ խոնարհաբար հնազանդվում ենք Հիսուսի պատվերին. «Սա արեք ինձ հիշելու համար» (կարդա 1 Կորնթացիներ 11։23–26)։ Այդ հանդիպումը ամրացնում է նոր աշխարհում ապրելու մեր հույսը և հիշեցնում է, թե որքան շատ է Եհովան սիրում մեզ։ Սակայն նա գիտի, որ մեզ համար բավական չէ տարին միայն մեկ անգամ այդպիսի հավաստիացում և քաջալերանք ստանալ։ Ուստի նաև շաբաթական հանդիպումներ է նախատեսել մեզ համար և հորդորում է միշտ հաճախել դրանց։ Խոնարհությունը մղում է մեզ հնազանդվել Եհովային։ Ուստի մենք ամեն շաբաթ բավականին ժամանակ ենք տրամադրում, որ պատրաստվենք և ներկա լինենք այդ հանդիպումներին։

5. Ինչո՞ւ են խոնարհ մարդիկ արձագանքում Եհովայի հրավերին։

5 Եհովան մարդկանց հրավիրում է կրթվելու իր կողմից, և ամեն տարի բազմաթիվ խոնարհ մարդիկ ընդունում են այդ հրավերը (Ես. 50։4)։ Սովորաբար նրանք նախ գալիս են Հիշատակի երեկոյին, ապա սկսում են հաճախել նաև մեր մյուս հանդիպումներին (Զաք. 8։20–23)։ Մենք միասին ուրախությամբ կրթվում ենք Եհովայի կողմից, ով մեր «օգնականն ու ազատարարն» է (Սաղ. 40։17)։ Իսկապես որ, ի՞նչը կարող է ավելի հաճելի կամ ավելի կարևոր լինել, քան Եհովայի ու նրա թանկագին Որդու՝ Հիսուսի կողմից կրթվելը (Մատթ. 17։5; 18։20; 28։20

6. Խոնարհությունը ինչպե՞ս մղեց մի մարդու, որ ներկա լինի Հիշատակի երեկոյին։

6 Ամեն տարի մենք ջանքեր ենք թափում, որ հնարավորինս շատ մարդկանց հրավիրենք Հիշատակի երեկոյին։ Բազմաթիվ խոնարհ մարդիկ, այդ հրավերն ընդունելով, մեծապես օրհնվել են։ Ահա մի դեպք, որը տեղի է ունեցել տարիներ առաջ։ Մի մարդ Հիշատակի երեկոյի հրավեր ստացավ, բայց իրեն հրավիրած եղբորն ասաց, որ չի կարող գալ։ Ուստի կարող ենք պատկերացնել, թե եղբայրը որքան զարմացավ, երբ նա, այնուամենայնիվ, եկավ։ Այդ տղամարդն այնքան տպավորվեց ջերմ ընդունելությունից, որ սկսեց հաճախել մեր մյուս հանդիպումներին։ Ավելին՝ ողջ տարվա ընթացքում նա ընդամենը երեք հանդիպում բաց թողեց։ Իսկ ո՞րն էր այս ամենի պատճառը։ Այդ մարդը բավականաչափ հեզ էր, որ փոխեր իր միտքը։ Նրան հրավիրած եղբայրը հետագայում ասաց. «Նա շատ խոնարհ անձնավորություն է»։ Անկասկած, Եհովան է այդ մարդուն ձգել դեպի իրեն, և այժմ նա մկրտված եղբայր է (2 Սամ. 22։28; Հովհ. 6։44

7. Մեր հանդիպումներին հաճախելը և Աստվածաշունչն ընթերցելը ինչպե՞ս կարող են օգնել, որ խոնարհ լինենք։

7 Այն, ինչ սովորում ենք մեր հանդիպումների ժամանակ և կարդում ենք Աստվածաշնչից, կարող է օգնել, որ խոնարհ լինենք։ Հիշատակի երեկոյին նախորդող շաբաթների ընթացքում մեր հանդիպումների ժամանակ հաճախ է խոսվում Հիսուսի օրինակի և այն խոնարհության մասին, որ նա դրսևորեց՝ իր կյանքը տալով որպես փրկանք։ Բացի այդ, մեզ հորդոր է տրվում Երեկոյին նախորդող օրերին կարդալու Աստվածաշնչի այն հատվածները, որոնք վերաբերում են Հիսուսի մահվանն ու հարությանը։ Այդ ամենը խորացնում է մեր գնահատանքը Հիսուսի զոհագործության համար։ Արդյունքում մեր մեջ ցանկություն է առաջանում նրա պես խոնարհ լինելու և կատարելու Եհովայի կամքը, նույնիսկ այն ժամանակ, երբ դա անելը հեշտ չէ (Ղուկ. 22։41, 42

ՔԱՋՈՒԹՅՈՒՆ

8. Հիսուսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց։

8 Մենք նաև ջանում ենք Հիսուսի պես քաջ լինել։ Մի պահ մտածիր, թե իր մահվանը նախորդող օրերին նա ինչպիսի քաջություն դրսևորեց։ Հիսուսը շատ լավ գիտեր, որ իր թշնամիները շուտով ստորացնելու, խոշտանգելու և մահապատժի էին ենթարկելու իրեն (Մատթ. 20։17–19)։ Բայց նա չվախեցավ նայել մահվան աչքերին։ Ժամը հասնելուն պես նա իր հավատարիմ առաքյալներին ասաց. «Վե՛ր կացեք, գնա՛նք։ Ահա մոտեցել է ինձ մատնողը» (Մատթ. 26։36, 46)։ Երբ զինված ամբոխը եկավ նրան ձերբակալելու, Հիսուսը առաջ եկավ, հայտնեց իր ով լինելը, և ցանկանալով իր առաքյալներին պաշտպանել՝ զինվորներին ասաց. «Եթե ինձ եք փնտրում, թողեք, որ նրանք գնան» (Հովհ. 18։3–8)։ Ինչպիսի՜ քաջություն։ Այսօր թե՛ օծյալները, թե՛ երկրային կյանքի հույս ունեցող քրիստոնյաները ձգտում են ընդօրինակել Հիսուսին։ Ինչպե՞ս են նրանք դա անում։

Քաջաբար քրիստոնեական հանդիպումներին հաճախելով՝ զորացնում ես մյուսներին (տես պարբերություն 9) *

9. ա) Ժողովի հանդիպումներին կանոնավորաբար ներկա լինելու համար ինչո՞ւ է քաջություն անհրաժեշտ։ բ) Մեր օրինակը ինչպե՞ս կարող է անդրադառնալ այն եղբայրների վրա, ովքեր իրենց հավատի համար բանտում են գտնվում։

9 Մեզնից քաջություն է պահանջվում, որ չնայած դժվար իրավիճակներին՝ կանոնավորաբար ներկա լինենք ժողովի հանդիպումներին։ Մեր եղբայրներից ու քույրերից շատերը բաց չեն թողնում այդ հանդիպումները, անգամ երբ նոր են հարազատ կորցրել, վհատված են կամ առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Մյուսները քաջաբար հաճախում են դրանց՝ չնայած իրենց ընտանիքի անդամների խիստ հակառակությանը կամ իշխանությունների դրած արգելքներին։ Մի պահ մտածեք, թե մեր լավ օրինակը ինչպես կարող է անդրադառնալ այն հավատակիցների վրա, ովքեր իրենց հավատի համար բանտում են գտնվում (Եբր. 13։3)։ Երբ նրանք լսում են, որ չնայած մեր փորձություններին՝ մենք շարունակում ենք ծառայել Եհովային, վճռականությամբ են լցվում պահպանելու իրենց հավատը, ինչպես նաև քաջ ու նվիրված մնալու։ Օրինակ, երբ Պողոս առաքյալը Հռոմում կալանքի տակ եղած ժամանակ լսում էր, որ իր եղբայրները հավատարմորեն ծառայում են Աստծուն, ուրախությամբ էր լցվում (Փիլիպ. 1։3–5, 12–14)։ Ազատ արձակվելուց կարճ ժամանակ առաջ կամ անմիջապես հետո Պողոսը գրեց եբրայեցիներին ուղղված իր նամակը։ Դրանում նա այդ հավատարիմ քրիստոնյաներին հորդորեց այնպես անել, որ իրենց «եղբայրասիրությունը հարատևի» և որ իրենք երբեք բաց չթողնեն քրիստոնեական հավաքույթները (Եբր. 10։24, 25; 13։1

10–11. ա) Ո՞ւմ պետք է հրավիրենք Հիշատակի երեկոյին։ բ) Եփեսացիներ 1։7-ում ի՞նչ պատճառ է նշված դա անելու համար։

10 Մենք նաև քաջություն ենք դրսևորում, երբ մեր բարեկամներին, աշխատակիցներին և հարևաններին հրավիրում ենք Հիշատակի երեկոյին։ Իսկ ինչո՞ւ ենք դա անում։ Մենք այնքա՜ն շնորհակալ ենք Եհովային ու Հիսուսին իրենց ցուցաբերած սիրո համար, որ պարզապես չենք կարող չհրավիրել այդ մարդկանց։ Մենք ուզում ենք, որ նրանք էլ իմանան, թե իրենց առաջ ինչ հնարավորություններ է բացում փրկանքը, որը Եհովայի «անզուգական բարության» ապացույցն է (կարդա Եփեսացիներ 1։7; Հայտն. 22։17

11 Երբ քաջաբար շարունակում ենք միասին հավաքվել, մենք մեկ այլ կարևոր հատկություն էլ ենք ցուցաբերում, որը հիանալի ձևով դրսևորել են ինչպես Եհովան, այնպես էլ Հիսուսը։

ՍԵՐ

12. ա) Հանդիպումները ինչպե՞ս են խորացնում մեր սերը Եհովայի և Հիսուսի հանդեպ։ բ) 2 Կորնթացիներ 5։14, 15 համարները մեզ ի՞նչ անելու են մղում։

12 Մենք հաճախում ենք մեր հանդիպումներին նաև այն պատճառով, որ սիրում ենք Եհովային և Հիսուսին։ Իսկ այնտեղ մեր ստացած գիտելիքները է՛լ ավելի են խորացնում այդ սերը։ Հանդիպումների ժամանակ մենք հաճախ լսում ենք, թե Եհովան և Հիսուսը ինչ են արել մեզ համար (Հռոմ. 5։8)։ Հիշատակի երեկոն հիշեցնում է մեզ, թե որքան խորն է նրանց սերը անգամ այն մարդկանց հանդեպ, ովքեր դեռ չեն հասկանում փրկանքի արժեքը։ Երախտագիտությամբ լցված՝ մենք ջանում ենք մեր ամեն մի օրը ապրել՝ Հիսուսին ընդօրինակելով (կարդա 2 Կորնթացիներ 5։14, 15)։ Մեր սիրտը մեզ մղում է նաև փառաբանել Եհովային փրկանքի համար։ Դա անում ենք, օրինակ, ժողովի հանդիպումների ժամանակ սրտանց մեկնաբանություններ տալով։

13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, թե որքան շատ ենք սիրում Եհովային և Հիսուսին։ Բացատրիր։

13 Եհովայի և Հիսուսի հանդեպ մեր սերը կարող ենք ցույց տալ նաև այն բանով, որ պատրաստակամորեն զոհողությունների գնանք հանուն նրանց։ Օրինակ՝ մեր հանդիպումներին ներկա լինելու համար հաճախ պետք է ինչ-որ բան զոհենք։ Հանդիպումներից մեկը հիմնականում անցկացվում է աշխատանքային օրվա վերջում, երբ մեզանից շատերը հոգնած են լինում։ Իսկ մյուս հանդիպումն անցկացվում է շաբաթ-կիրակի օրերին, երբ մարդիկ սովորաբար հանգստանում են։ Եհովան նկատո՞ւմ է, որ մենք ներկա ենք լինում այդ հանդիպումներին, անգամ երբ հոգնած ենք։ Անշո՛ւշտ։ Որքան մեծ ճիգ ենք թափում ճիշտն անելու համար, այնքան շատ է Եհովան գնահատում այն սերը, որ ցուցաբերում ենք իր հանդեպ (Մարկ. 12։41–44

14. Անձնազոհ սեր ցուցաբերելու հարցում Հիսուսն ինչպե՞ս է լավ օրինակ թողել մեզ։

14 Հիսուսը իր անձնազոհ սիրով հիանալի օրինակ է թողել մեզ։ Նա պատրաստ էր ոչ միայն մահանալ իր աշակերտների համար, այլև ամեն ժամանակ նրանց շահերը իր շահերից վեր դասել։ Օրինակ՝ նա իր հետևորդներին ժամանակ էր տրամադրում, նույնիսկ երբ շատ հոգնած կամ էմոցիոնալ լարված վիճակում էր լինում (Ղուկ. 22։39–46)։ Նա միշտ մտածում էր, թե ինչ կարող է տալ ուրիշներին և ոչ թե ինչ կարող է ստանալ նրանցից (Մատթ. 20։28)։ Եթե Եհովայի և հավատակիցների հանդեպ մեր սերը այդքան ուժգին լինի, մեր ձեռքից եկած ամեն բան կանենք, որ ներկա լինենք ինչպես Հիշատակի երեկոյին, այնպես էլ ժողովի բոլոր հանդիպումներին։

15. Հատկապես ո՞ւմ ենք ուզում օգնել։

15 Մենք իսկապես քրիստոնեական եղբայրություն ենք և ուզում ենք, որ ուրիշներն էլ միանան մեզ։ Ուստի հաճույքով ժամանակ ենք տրամադրում նրանց հրավիրելու համար։ Սակայն մենք ուզում ենք օգնել հատկապես նրանց, «ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ», բայց ոչ ակտիվ են դարձել (Գաղ. 6։10)։ Մենք կփաստենք մեր սերը նրանց հանդեպ, եթե քաջալերենք ու մղենք հաճախել մեր հանդիպումներին և հատկապես ներկա լինել Հիշատակի երեկոյին։ Եհովայի և Հիսուսի պես մենք անչափ ուրախանում ենք, երբ մեր այդ հավատակիցները վերադառնում են Եհովայի՝ մեր սիրառատ Հոր և Հովվի մոտ (Մատթ. 18։14

16. ա) Ինչպե՞ս կարող ենք քաջալերել միմյանց, և մեր հանդիպումները մեզ ի՞նչ օգուտ կտան։ բ) Տարվա այս ժամանակը ինչո՞ւ է լավ առիթ, որ ևս մեկ անգամ հիշենք Հովհաննես 3։16-ում գրված խոսքերը։

16 Առաջիկա շաբաթների ընթացքում եկեք հնարավորինս շատ մարդկանց հրավիրենք Հիշատակի երեկոյին, որը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ուրբաթ օրը (տես « Հրավիրիր բոլորին» շրջանակը)։ Թող միշտ ներկա լինենք մեր հանդիպումներին և այդպիսով քաջալերենք միմյանց։ Այս աշխարհի վերջը արագ մոտենում է, ուստի այդ հանդիպումները ծայրահեղ անհրաժեշտ են մեզ, քանի որ օգնում են լինել խոնարհ, քաջ և վառ պահել մեր սերը (1 Թեսաղ. 5։8–11)։ Եկեք փաստենք, որ ամբողջ սրտով սիրում ենք Եհովային և իր Որդուն, ովքեր այդքան սիրում են մեզ (կարդա Հովհաննես 3։16

ԵՐԳ 126 Արթուն մնացեք, հաստատ կանգնեք, զորացեք

^ պարբ. 5 2019 թվականի ամենանշանակալից օրը ապրիլի 19-ն է։ Այդ օրը նշելու ենք Հիսուսի մահվան հիշատակի երեկոն։ Ի՞նչն է մղում մեզ, որ ներկա լինենք այդ միջոցառմանը։ Իհարկե, ամենագլխավոր պատճառն այն է, որ ուզում ենք հաճեցնել Եհովային։ Այս հոդվածում կքննենք, թե որ հատկություններն են մղում մեզ ներկա լինելու ոչ միայն Հիշատակի երեկոյին, այլև մյուս հանդիպումներին։

^ պարբ. 52 ՆԿԱՐ։ Բանտում գտնվող եղբայրը քաջալերվում է՝ կարդալով ընտանիքից ստացած նամակը։ Նա ուրախ է, որ մոռացված չէ, և շատ է քաջալերվում՝ իմանալով, որ իր ընտանիքը նույնպես հավատարիմ է մնում Եհովային՝ չնայած իրենց տարածքում բորբոքված քաղաքացիական խռովություններին։