Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 3

Ինչպե՞ս կարող ես պահպանել սիրտդ

Ինչպե՞ս կարող ես պահպանել սիրտդ

«Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը պահպանիր» (ԱՌԱԿ. 4։23

ԵՐԳ 36 Պահպանենք մեր սիրտը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–3. ա) Եհովան ինչո՞ւ էր սիրում Սողոմոնին, և նա ի՞նչ օրհնություններ ստացավ։ բ) Այս հոդվածում ո՞ր հարցերի պատասխանները կգտնենք։

ՍՈՂՈՄՈՆԸ դարձավ Իսրայելի թագավոր, երբ դեռ երիտասարդ էր։ Նրա իշխանության վաղ շրջանում Եհովան երազում հայտնվեց նրան և ասաց. «Մի բան խնդրիր, որ քեզ տամ»։ Սողոմոնն էլ պատասխանեց. «Ես դեռ երեխա եմ և փորձ չունեմ.... Ուստի հնազանդ սիրտ տուր ծառայիդ՝ քո ժողովրդին դատելու.... համար» (1 Թագ. 3։5–10)։ «Հնազանդ սիրտ». ի՜նչ համեստ խնդրանք։ Զարմանալի չէ, որ Եհովան սիրում էր Սողոմոնին (2 Սամ. 12։24)։ Մեր Աստծուն շատ դուր եկավ երիտասարդ թագավորի պատասխանը, ուստի նրան «իմաստուն ու հասկացող սիրտ» տվեց (1 Թագ. 3։12

2 Քանի դեռ թագավորը հավատարիմ էր Աստծուն, բազմաթիվ օրհնություններ էր ստանում։ Նա նույնիսկ պատիվ ունեցավ «Իսրայելի Աստծու՝ Եհովայի անվան համար» տուն կառուցելու (1 Թագ. 8։20)։ Աստծուց ստացած իմաստության շնորհիվ Սողոմոնը մեծ հռչակ ձեռք բերեց։ Եվ այն խոսքերը, որ նա ասել է Աստծու ներշնչմամբ, գրվել են աստվածաշնչյան գրքերից երեքում։ Դրանցից մեկը «Առակներ» գիրքն է։

3 Այդ գրքում «սիրտ» բառը հանդիպում է մոտ հարյուր անգամ։ Օրինակ՝ Առակներ 4։23-ում կարդում ենք. «Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը պահպանիր, որովհետև դրանից են կյանքի աղբյուրները»։ Այստեղ «սիրտ» բառը ինչի՞ն է վերաբերում։ Այս հոդվածում կգտնենք այդ հարցի պատասխանը։ Նաև կիմանանք, թե ինչպես է Սատանան փորձում «ախտահարել»՝ ապականել մեր սիրտը, և թե ինչ կարող ենք անել, որ պահպանենք այն։ Եթե ուզում ենք հավատարիմ մնալ Աստծուն, պետք է խորությամբ հասկանանք այս հարցերի պատասխանները։

Ի՞ՆՉ ՍՐՏԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

4–5. ա) Առակներ 4։23-ում նշված «սիրտ» բառը ինչի՞ն է վերաբերում։ բ) Առողջության մասին հոգ տանելու օրինակը ինչպե՞ս է ընդգծում մեր ներքին մարդու մասին հոգ տանելու կարևորությունը։

4 Առակներ 4։23-ում գործածված «սիրտ» բառը վերաբերում է մարդու ներքին էությանը. մի բան, ինչն անտեսանելի է մարդկանց աչքին։ Դա մեր ամենախոր մտքերի, զգացմունքների, մղումների և ցանկությունների ամբողջությունն է, այլ կերպ ասած՝ այն, թե ինչպիսին ենք իրականում՝ ներքուստ, ոչ թե ինչպիսին ենք թվում։

5 Նկատի առնենք մի օրինակ, որը ցույց կտա, թե որքան կարևոր է հոգ տանել մեր ներքին մարդու մասին։ Ֆիզիկապես առողջ լինելու համար մենք պետք է ճիշտ սննդակարգի հետևենք և կանոնավորաբար մարզվենք։ Նմանապես հոգևոր լավ վիճակում մնալու համար պետք է կանոնավորաբար կարդանք Աստվածաշունչը և դրա վրա հիմնված հրատարակությունները, ինչպես նաև կանոնավորաբար «մարզենք» մեր հավատը։ Դա կարող ենք անել՝ կիրառելով մեր սովորածը և խոսելով մեր հավատի մասին (Հռոմ. 10։8–10; Հակ. 2։26)։ Արտաքինից դատելով՝ նույնիսկ հիվանդ մարդը կարող է երբեմն առողջ թվալ։ Նույն ձևով էլ, մեր հոգևոր զբաղվածությանը նայելով, գուցե կարծենք, թե մեր հավատը ամուր է, սակայն հնարավոր է՝ մեր սրտում արդեն սխալ ցանկություններ են ծիլ տվել (1 Կորնթ. 10։12; Հակ. 1։14, 15)։ Մենք չպետք է մոռանանք, որ Սատանան ցանկանում է «ախտահարել» մեզ իր մտածելակերպով։ Իսկ ինչպե՞ս է նա փորձում դա անել։ Եվ ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել։

ՍԱՏԱՆԱՆ ԻՆՉՊԵ՞Ս Է ՓՈՐՁՈՒՄ «ԱԽՏԱՀԱՐԵԼ» ՄԵՐ ՍԻՐՏԸ

6. Սատանան ի՞նչ նպատակ ունի և ինչպե՞ս է փորձում հասնել դրան։

6 Սատանան ուզում է, որ մենք դառնանք իր նման, այսինքն՝ ըմբոստ անձնավորություն, ով անտեսում է Եհովայի չափանիշները, և ում շարժիչ ուժը եսասիրությունն է։ Նա չի կարող մեզ ստիպել, որ մտածենք և գործենք իր պես։ Ուստի փորձում է իր նպատակին այլ ճանապարհներով հասնել։ Օրինակ՝ նա մեզ շրջապատում է այնպիսի մարդկանցով, ում արդեն ապականել է (1 Հովհ. 5։19)։ Սատանան հույս ունի, որ մենք կորոշենք ժամանակ անցկացնել այդպիսի մարդկանց հետ, անգամ եթե գիտենք, որ վատ ընկերակցությունները «կապականեն» մեր միտքն ու վարքը (1 Կորնթ. 15։33)։ Սողոմոնին նա այդ մարտավարությամբ հաղթեց։ Սողոմոնն ամուսնացավ բազմաթիվ հեթանոս կանանց հետ։ Նրանք մեծ ազդեցություն ունեցան թագավորի վրա և «աստիճանաբար նրա սիրտը հեռացրին Աստծուց» (1 Թագ. 11։3

Ինչպե՞ս կարող ես պահպանել սիրտդ, որպեսզի Սատանային չհաջողվի «ախտահարել» այն իր մտածելակերպով (տես պարբերություն 7) *

7. Սատանան է՞լ ինչ միջոցներով է տարածում իր մտածելակերպը, և ինչո՞ւ պետք է զգոն լինենք։

7 Սատանան իր մտածելակերպն ամենուր տարածելու համար օգտագործում է նաև ֆիլմերն ու հեռուստատեսային ծրագրերը։ Նա շատ լավ հասկանում է, որ հետաքրքրաշարժ պատմություններով կարելի է ոչ միայն զվարճացնել մարդկանց, այլև սովորեցնել, թե ինչպես է հարկավոր մտածել, զգալ ու գործել։ Հիսուսը հաճախ էր կիրառում ուսուցանելու այս մեթոդը։ Հիշենք, օրինակ, բարի սամարացու և անառակ որդու մասին առակները (Մատթ. 13։34; Ղուկ. 10։29–37; 15։11–32)։ Սակայն ի տարբերություն Հիսուսի՝ նրանք, ովքեր «ախտահարված» են Սատանայի մտածելակերպով, կարող են հետաքրքրաշարժ պատմություններն օգտագործել մեզ ապականելու համար։ Իհարկե, այս հարցում հարկավոր է ողջամիտ լինել։ Կան ֆիլմեր և հեռուստածրագրեր, որոնք կարող են զվարճացնել ու կրթել մեզ՝ չխեղաթյուրելով մեր մտածելակերպը։ Սակայն մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը։ Լավ կլինի, որ զվարճություններ ընտրելիս ինքներս մեզ հարցնենք. «Այս ֆիլմը կամ հեռուստածրագիրը չի՞ սովորեցնում, որ մարմնական ցանկություններին տրվելը սխալ չէ» (Գաղ. 5։19–21; Եփես. 2։1–3)։ Իսկ ի՞նչ պետք է անես, երբ հասկանում ես, որ ծրագիրը կամ ֆիլմը Սատանայի մտածելակերպն է պրոպագանդում։ Զգուշացիր դրանից, ինչպես կզգուշանայիր վարակիչ հիվանդությունից։

8. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել երեխաներին, որ պահպանեն իրենց սիրտը։

8 Ծնողնե՛ր, դուք պարտավոր եք պաշտպանել ձեր երեխաներին, որ Սատանան չկարողանա «ախտահարել» նրանց սրտերը։ Դուք, անկասկած, ամեն բան անում եք, որ նրանց պաշտպանեք բառացի հիվանդություններից. օրինակ՝ միշտ մաքուր եք պահում ձեր տունը և դեն եք նետում ցանկացած բան, ինչի պատճառով ձեր երեխան կամ դուք կարող եք հիվանդանալ։ Նույն ձևով էլ պետք է ձեր երեխաներին պաշտպանեք այն ֆիլմերից, հեռուստածրագրերից, էլեկտրոնային խաղերից և ինտերնետային կայքերից, որոնք նրանց կախտահարեն Սատանայի մտածելակերպով։ Եհովան ձեզ իշխանություն է տվել, որ հոգ տանեք ձեր երեխաների հոգևոր առողջության մասին (Առակ. 1։8; Եփես. 6։1, 4)։ Ուստի մի՛ վախեցեք աստվածաշնչյան չափանիշների վրա հիմնված կանոններ սահմանել նրանց համար։ Ձեր երեխաներին հստակ ասեք, թե նրանց ինչ է թույլատրվում և ինչ չի թույլատրվում դիտել, նաև օգնեք, որ հասկանան, թե ինչու եք այդպես որոշել (Մատթ. 5։37)։ Երեխաների մեծանալուն զուգընթաց նրանց սովորեցրեք Եհովայի չափանիշների հիման վրա ինքնուրույն զանազանել ճիշտն ու սխալը (Եբր. 5։14)։ Եվ հիշեք. նրանց համար ձեր գործերը խոսքերից բարձր են հնչում (2 Օրենք 6։6, 7; Հռոմ. 2։21

9. Ո՞րն է Սատանայի կողմից պրոպագանդվող գաղափարներից մեկը, և ինչո՞վ է այն վտանգավոր։

9 Սատանան փորձում է նաև այնպես «ախտահարել» մեր սիրտը, որ մենք, Եհովայի իմաստությանը վստահելու փոխարեն, մարդկային իմաստությանը վստահենք (Կող. 2։8)։ Քննենք, օրինակ, Սատանայի կողմից պրոպագանդվող այն միտքը, որ հարստանալը պետք է լինի մարդու կյանքի առաջնային նպատակը։ Այսպես մտածող մարդուն գուցե հաջողվի հարստանալ, գուցե և ոչ։ Ամեն դեպքում նրան վտանգ է սպառնում։ Ինչո՞ւ։ Այդպիսի մարդը այնքան է կենտրոնանում փող դիզելու վրա, որ նրա աչքին էլ չեն երևում ո՛չ իր առողջությունը, ո՛չ իր ընտանեկան հարաբերությունները, ո՛չ էլ նույնիսկ Աստծու հետ մտերմությունը։ Նա մտածում է միայն իր նպատակին հասնելու մասին (1 Տիմոթ. 6։10)։ Որքա՜ն շնորհակալ պետք է լինենք, որ մեր իմաստուն երկնային Հայրը օգնում է մեզ հավասարակշռված տեսակետ ունենալ փողի վերաբերյալ (Ժող. 7։12; Ղուկ. 12։15

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ՍԻՐՏԸ

Հին ժամանակների դետերի ու դռնապանների պես զգոն եղիր և համապատասխան քայլեր ձեռնարկիր, որ Սատանայի ապականիչ ազդեցությունը չմտնի սիրտդ (տես պարբերություն 10–11) *

10–11. ա) Ի՞նչ պետք է անենք, որ ինքներս մեզ պաշտպանենք։ բ) Հին ժամանակներում դետը ինչպե՞ս էր գործում, և մեր խիղճն ինչպե՞ս կարող է դետի դեր կատարել։

10 Որպեսզի կարողանանք պահպանել մեր սիրտը, նախ պետք է զատորոշենք դրան սպառնացող վտանգները, ապա արագորեն քայլեր ձեռնարկենք դրանցից պաշտպանվելու համար։ Առակներ 4։23-ում «պահպանել» թարգմանված բառը մեր միտքն է բերում այն աշխատանքը, որ անում էր դետը։ Օրինակ՝ Սողոմոնի օրերում դետը կանգնում էր քաղաքը շրջապատող պարսպի վրա և մոտեցող վտանգը նկատելուն պես տագնապի ազդանշան էր արձակում։ Սա օգնում է մեզ հասկանալ, թե ինչ պետք է անենք, որ Սատանան չխեղաթյուրի մեր մտածելակերպը։

11 Հին ժամանակներում դետերը սերտորեն համագործակցում էին դռնապանների հետ (2 Սամ. 18։24–26)։ Համատեղ ուժերով նրանք պաշտպանում էին քաղաքը, որպեսզի երբ էլ թշնամին մոտենար, դարպասները ամուր փակված լինեին (Նեեմ. 7։1–3)։ Աստվածաշնչով կրթված մեր խիղճը * դետի պես նախազգուշացնում է մեզ, երբ Սատանան փորձում է զավթել մեր սիրտը, այսինքն՝ ազդել մեր մտածելակերպի, զգացմունքների, մղումների և ցանկությունների վրա։ Հենց որ մեր խիղճը տագնապի ազդանշան է արձակում, մենք պետք է իսկույն փակենք մեր սրտի դարպասները։

12–13. Ի՞նչ գայթակղության առաջ գուցե կանգնենք, բայց ինչպե՞ս պետք է վարվենք։

12 Քննենք մի օրինակ, թե ինչ կարող ենք անել, որ Սատանան ազդեցություն չգործի մեր մտածելակերպի վրա։ Եհովան մեզ սովորեցրել է, որ «պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն [մեր] մեջ» (Եփես. 5։3)։ Ի՞նչ կանես, եթե աշխատակիցներդ կամ համադասարանցիներդ սկսեն անբարո թեմաներով զրույցներ վարել։ Մենք շատ լավ գիտենք, որ պետք է մերժենք «ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները» (Տիտոս 2։12Ուստի այդպիսի իրավիճակում մեր խիղճը՝ դետը, հնարավոր է, տագնապի ազդանշան արձակի (Հռոմ. 2։15)։ Բայց մենք ականջ կդնե՞նք դրան, թե՞ կտրվենք գայթակղությանը և կշարունակենք լսել մեզ շրջապատող մարդկանց զրույցները կամ դիտել նրանց ցույց տված նկարները։ Սակայն դա հենց այն ժամանակն է, երբ պետք է ամուր փակենք քաղաքի դարպասները, այսինքն՝ փոխենք զրույցի թեման կամ հեռանանք այդտեղից։

13 Ինչ խոսք, քաջություն է անհրաժեշտ, որ դիմադրենք շրջապատի մարդկանց ճնշմանը և չսկսենք նրանց պես մտածել ու սխալ բաներ անել։ Եհովան տեսնում է մեր ջանքերը, և անհրաժեշտ ուժն ու իմաստությունը կտա, որ կուլ չգնանք դիվային մտածելակերպին (2 Տար. 16։9; Ես. 40։29; Հակ. 1։5)։ Իսկ է՞լ ինչ կարող ենք անել, որ պահպանենք մեր սիրտը։

ՄԻՇՏ ԶԳՈՆ ԵՂԻՐ

14–15. ա) Ինչի՞ առաջ պետք է բացենք մեր սրտի դարպասները և ինչպե՞ս կարող ենք դա անել։ բ) Առակներ 4։20–22 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է անենք, որ Աստծու Խոսքը հնարավորինս մեծ ազդեցություն գործի մեզ վրա (տես նաև « Ինչպես խորհրդածել» շրջանակը)։

14 Ճիշտ է, մեր սիրտը պահպանելու համար մենք պետք է այն փակենք ապականիչ ազդեցությունների դեմ, բայց և պետք է բացենք օգտակար ազդեցությունների առաջ։ Վերադառնանք պարսպապատ քաղաքի օրինակին։ Դռնապանը քաղաքի դարպասները փակում էր, որպեսզի կանխեր թշնամու ներխուժումը, բայց ուրիշ ժամանակ բացում էր դրանք, որ հնարավոր լիներ սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքներ ներկրել քաղաք։ Եթե դարպասները երբեք չբացվեին, քաղաքի բնակիչները սովամահ կլինեին։ Նմանապես մենք պետք է կանոնավորաբար բացենք մեր սրտի դարպասները, որպեսզի այն սնենք Աստծու մտքերով։

15 Եհովայի մտքերը գրված են Աստվածաշնչում, ուստի ամեն անգամ, երբ կարդում ենք այն, թույլ ենք տալիս, որ դրանք ազդեցություն ունենան մեր մտածելակերպի, զգացմունքների և գործելակերպի վրա։ Իսկ ինչպե՞ս կարող ենք հնարավորինս լավ հասկանալ մեր կարդացածը։ Այս հարցում շատ է օգնում աղոթքը։ Մի քույր ասում է. «Աստվածաշունչը կարդալուց առաջ աղոթում եմ Եհովային և խնդրում, որ նա «բաց անի աչքերս, որ տեսնեմ [իր Խոսքի] սքանչելիքները»» (Սաղ. 119։18)։ Մենք նաև պետք է խորհրդածենք մեր կարդացածի շուրջ։ Երբ աղոթում ենք, կարդում ենք Աստվածաշունչը և խորհրդածում ենք դրա շուրջ, Աստծու խոսքերը ներթափանցում են մեր սրտի խորքը, և մենք սկսում ենք սիրել դրանք (կարդա Առակներ 4։20–22; Սաղ. 119։97

16. Շատերն ի՞նչ օգուտ են քաղել JW Broadcasting հեռուստաալիքի ծրագրերից։

16 Մենք թույլ ենք տալիս, որ Աստծու մտածելակերպը ազդեցություն ունենա մեզ վրա նաև այն ժամանակ, երբ դիտում ենք JW Broadcasting® հեռուստաալիքի ծրագրերը։ Մի ամուսնական զույգ ասում է. «Ամենամսյա այս ծրագրերը մեր աղոթքների պատասխաններն են։ Դրանք զորացնում և ոտքի են հանում մեզ, երբ տխուր ենք լինում կամ միայնակ ենք զգում։ Իսկ այնտեղ հնչող երգերը դարձել են մեր մշտական ուղեկիցները։ Մենք լսում ենք դրանք, երբ տանը ճաշ ենք պատրաստում, մաքրություն ենք անում կամ պարզապես թեյում ենք»։ Ուստի այս ծրագրերը ևս օգնում են, որ պահպանենք մեր սիրտը։ Դրանք սովորեցնում են մեզ Եհովայի պես մտածել և դիմադրել Սատանայի մտածելակերպը որդեգրելու ճնշմանը։

17–18. ա) 1 Թագավորներ 8։61-ի համաձայն՝ ի՞նչ ենք փաստում, երբ կիրառում ենք այն, ինչ սովորում ենք Եհովայից։ բ) Ի՞նչ ենք սովորում Եզեկիա թագավորի օրինակից։ գ) Սաղմոս 139։23, 24 համարների համաձայն՝ ինչի՞ մասին կարող ենք աղոթել։

17 Ամեն անգամ, երբ տեսնում ենք, թե ճիշտ վարվելը ինչ դրական արդյունքներ է բերում, մեր հավատը ամրանում է (Հակ. 1։2, 3)։ Նման դեպքերում մենք գոհունակությամբ ենք լցվում, որովհետև հասկանում ենք, որ Եհովային հնարավորություն ենք տվել հպարտանալու մեզանով, և նրան ուրախացնելու մեր ցանկությունը ավելի է մեծանում (Առակ. 27։11)։ Յուրաքանչյուր փորձություն հնարավորություն է տալիս ցույց տալու, որ ոչ թե կես, այլ ամբողջ սրտով ենք ծառայում մեր հոգատար Հորը (Սաղ. 119։113)։ Փորձությունների ժամանակ հավատարիմ մնալով՝ մենք փաստում ենք, որ մեր սիրտը ամբողջովին Եհովայի հետ է և լի է նրա հրահանգներն ու կամքը կատարելու վճռականությամբ (կարդա 1 Թագավորներ 8։61

18 Իսկ մենք սխալներ կանե՞նք։ Իհարկե կանենք, չէ՞ որ անկատար ենք։ Սակայն եթե սայթաքենք, եկեք հիշենք Եզեկիա թագավորի օրինակը։ Նա իր կյանքում որոշ սխալներ թույլ տվեց։ Բայց զղջաց և շարունակեց «լիակատար սրտով» ծառայել Եհովային (Ես. 38։3–6; 2 Տար. 29։1, 2; 32։25, 26)։ Ուստի եկեք ոչ մի դեպքում թույլ չտանք, որ Սատանան «ախտահարի» մեզ իր մտածելակերպով։ Եկեք աղոթենք, որ «հնազանդ սիրտ» ունենանք (1 Թագ. 3։9; կարդա Սաղմոս 139։23, 24)։ Եվ միշտ հիշենք, որ կարող ենք հավատարիմ մնալ Եհովային, եթե ամեն բանից առավել պահպանենք մեր սիրտը։

ԵՐԳ 54 «Սա՛ է ճանապարհը»

^ պարբ. 5 Հավատարիմ կմնա՞նք Եհովային, թե՞ թույլ կտանք, որ Սատանան հրապուրի մեզ և հեռացնի մեր Աստծուց։ Այս հարցի պատասխանը կախված է ոչ թե նրանից, թե որքան սաստիկ կլինեն մեր փորձությունները, այլ այն բանից, թե որքան լավ կպահպանենք մեր սիրտը։ Իսկ ի՞նչ նկատի ունենք՝ «սիրտ» ասելով։ Սատանան ինչպե՞ս է փորձում «ախտահարել» մեր սիրտը։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել այն։ Այս հոդվածը կպատասխանի նշված հարցերին։

^ պարբ. 11 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Եհովան մեզ օժտել է մեր մտքերը, զգացմունքներն ու արարքները քննելու և մեր անձը դատելու ունակությամբ։ Աստվածաշունչը այդ ունակությունը կոչում է խիղճ (Հռոմ. 2։15; 9։1Աստվածաշնչով կրթված խիղճը Եհովայի չափանիշների հիման վրա է դատում՝ ճիշտ է, թե սխալ այն, ինչ մտածում ենք, անում կամ ասում։

^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Մկրտված եղբայրը հեռուստացույց է դիտում, և էկրանին անբարո տեսարան է հայտնվում։ Նա պետք է որոշի, թե ինչպես վարվի։

^ պարբ. 58 ՆԿԱՐ։ Դետը տեսնում է քաղաքին մոտեցող վտանգը։ Նա ձայն է տալիս ներքևում կանգնած դռնապաններին։ Նրանք անմիջապես փակում և ներսից կողպում են քաղաքի դարպասները։