Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 1

«Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ»

«Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ»

«Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ» (ԵՍ. 41։10

ԵՐԳ 7 Եհո՛վա, մեր զորությունն ես

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Եսայիա 41։10-ում գրված խոսքերը ինչպե՞ս օգնեցին Յոշիկո անունով մի քրոջ։ բ) Ուրիշ ովքե՞ր կարող են օգուտ քաղել այդ խոսքերից։

ՅՈՇԻԿՈ անունով մի հավատարիմ քույր վատ լուր իմացավ։ Նրա բժիշկն ասաց, որ նրան մի քանի ամիս է մնացել ապրելու։ Յոշիկոն ինչպե՞ս արձագանքեց այդ լուրին։ Նրա միտքը եկավ իր սիրած սուրբգրային համարը՝ Եսայիա 41։10-ը (կարդա)։ Ուստի նա հանդարտ ասաց իր բժշկին, որ չի վախենում, քանի որ Աստված ամուր բռնել է իր ձեռքը։ * Աստվածաշնչի այդ համարում գրված մխիթարական խոսքերը օգնեցին մեր քրոջը լիովին ապավինել Եհովային։ Դրանք մեզ էլ կարող են օգնել ներքին խաղաղություն պահպանել, երբ փորձությունների փոթորիկը հարվածի մեզ։ Հասկանալու համար, թե Եսայիա 41։10-ում գրվածը ինչպես կարող է օգնել մեզ, նախ տեսնենք, թե Աստված ինչու այդ խոսքերը գրել տվեց իր մարգարեին։

2 Հրեաները շուտով գերի էին տարվելու Բաբելոն։ Այդ պատճառով նրանք մխիթարության կարիք ունեին։ Ուստի Եհովան իր մարգարեի միջոցով քաջալերեց նրանց։ Սակայն նա այնպես արեց, որ այդ խոսքերը պահպանվեն ու հասնեն նաև մեզ, որպեսզի մենք էլ օգուտ քաղենք դրանցից (Ես. 40։8; Հռոմ. 15։4)։ Այսօր մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում»։ Հետևաբար հիմա առավել, քան երբևէ, կարիք ունենք այնպիսի մխիթարական խոսքերի, ինչպիսիք գրված են Եսայիա 41։10-ում (2 Տիմոթ. 3։1

3. ա) Եհովան ի՞նչ է խոստանում Եսայիա 41։10-ում։ բ) Ինչո՞ւ ունենք Եհովայի հավաստիացումների կարիքը։

3 Այս հոդվածում կքննենք Եհովայի՝ հավատ զորացնող հետևյալ երեք հավաստիացումները. 1) «Ես քեզ հետ եմ», 2) «Ես քո Աստվածն եմ», և 3) «Ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ»։ Յոշիկոյի պես մենք ևս ունենք այս քաջալերական խոսքերի կարիքը, քանի որ մենք նույնպես շատ նեղությունների միջով ենք անցնում և բազում դժվարությունների ու խնդիրների ենք բախվում։ Մեզանից ոմանք նույնիսկ իշխանությունների կողմից են հալածանքների ենթարկվում։ Ուստի այժմ եկեք մեկ առ մեկ քննենք այս երեք հավաստիացումները։ *

«ԵՍ ՔԵԶ ՀԵՏ ԵՄ»

4. ա) Նախ ո՞ր հավաստիացումն ենք քննելու (տես նաև ծանոթագրությունը)։ բ) Եհովան ինչպե՞ս է արտահայտում մեր հանդեպ իր ունեցած զգացմունքները։ գ) Եհովայի օգտագործած արտահայտությունները ի՞նչ զգացմունքներ են արթնացնում քո մեջ։

4 Եհովան նախ հանգստացնում է մեզ՝ ասելով. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ»։ * Այն, որ Եհովան մեզ հետ է, երևում է այն բանից, թե ինչպիսի հետաքրքրություն ու ջերմություն է դրսևորում մեր նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես է արտահայտում իր ջերմ սերը մեր հանդեպ. «Դու թանկ ես իմ աչքերում, ես պատվարժան եմ քեզ համարում ու սիրում եմ քեզ» (Ես. 43։4)։ Տիեզերքում գոյություն ունեցող ոչ մի ուժ չի կարող այնպես անել, որ Եհովան դադարի սիրել իր ծառաներին. նրա նվիրվածությունը մեր հանդեպ անսասան է (Ես. 54։10)։ Նրա սերն ու մտերմությունը քաջությամբ են լցնում մեզ։ Նա կպաշտպանի մեզ այնպես, ինչպես նախկինում իր ընկեր Աբրահամին էր պաշտպանում։ Եհովան նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ։ Ես վահան եմ քեզ համար» (Ծննդ. 15։1

Եհովայի օգնությամբ կարող ենք անցնել ցանկացած հեղեղանման և կրականման փորձության միջով (տես պարբերություն 5–6) *

5–6. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ուզում է օգնել մեզ հաղթահարելու մեր փորձությունները։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել Յոշիկոյի օրինակից։

5 Մենք համոզված ենք, որ Եհովան շատ է ուզում օգնել մեզ հաղթահարելու մեր դժվարությունները։ Չէ՞ որ նա իր ժողովրդին խոստանում է. «Եթե անցնես ջրերի միջով, ես քեզ հետ կլինեմ, եթե անցնես գետերի միջով, դրանք քեզ չեն ծածկի։ Եթե գնաս կրակի միջով, չես խանձվի, և բոցը քեզ չի այրի» (Ես. 43։2)։ Այս խոսքերը ի՞նչ են նշանակում։

6 Եհովան չի խոստանում վերացնել կյանքի դժվարությունները, բայց խոստանում է, որ թույլ չի տա՝ խնդիրների «գետերը» խեղդեն մեզ կամ փորձությունների «կրակը» անդառնալի վնաս պատճառի իր ծառաներին։ Նա երաշխավորում է, որ մեզ հետ կլինի և կօգնի անցնել այդ դժվարությունների հորձանուտով։ Իսկ ինչպե՞ս Եհովան դա կանի։ Նա կմեղմի մեր վախերը, որպեսզի կարողանանք հավատարիմ մնալ իրեն, նույնիսկ մահվան սպառնալիքի առաջ (Ես. 41։13)։ Հոդվածի սկզբում հիշատակված քույրը՝ Յոշիկոն, համոզվեց դրանում։ Նրա աղջիկն ասում է. «Մենք տպավորված էինք մայրիկի հանգստությամբ։ Ակնհայտ էր, որ Եհովան նրան ներքին խաղաղություն էր տվել։ Ընդհուպ մինչև իր մահվան օրը մայրիկը չէր դադարում բուժքույրերի և հիվանդների հետ խոսել Եհովայի ու նրա խոստումների մասին»։ Ի՞նչ ենք սովորում Յոշիկոյի օրինակից։ Եթե վստահենք Եհովայի խոստմանը՝ «Ես քեզ հետ կլինեմ», փորձությունների ժամանակ մենք ևս քաջ և ամուր կմնանք։

«ԵՍ ՔՈ ԱՍՏՎԱԾՆ ԵՄ»

7–8. ա) Ո՞րն է Եհովայի տված երկրորդ հավաստիացումը, և ի՞նչ է այն նշանակում։ բ) Գերության մեջ գտնվող հրեաներին Եհովան ինչո՞ւ ասաց, որ խուճապի չմատնվեն։ գ) Եսայիա 46։3, 4 համարների ո՞ր խոսքերը հանդարտեցրին Աստծու ծառաների սիրտը։

7 Ուշադրություն դարձնենք Եսայիայի գրած երկրորդ հավաստիացմանը. «Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ»։ Այս խոսքերը ի՞նչ են նշանակում։ «Խուճապի մատնվել» արտահայտությունը բնագրում ունի հետևյալ իմաստը՝ «անհայտ վտանգի ահից անընդհատ հետ-հետ նայել» կամ «վտանգի մեջ եղող մարդու պես՝ անհանգստությամբ շուրջը նայել»։

8 Եհովան ինչո՞ւ էր հրեաներին ասում, որ խուճապի չմատնվեն։ Հիշենք, որ նրանք գերեվարվելու ու տարվելու էին Բաբելոն։ Եհովան գիտեր, թե այդ իրադարձությունից տասնամյակներ անց ինչ էր տեղի ունենալու Բաբելոնում։ Դրա բնակիչները վախով էին համակվելու։ Ինչո՞ւ։ Հրեաների՝ 70 տարի տևած գերության ավարտին մարա-պարսկական հզոր բանակը հարձակվելու էր Բաբելոնի վրա։ Բայց Եհովան այդ բանակն օգտագործելու էր իր ժողովրդին գերությունից ազատագրելու համար (Ես. 41։2–4)։ Երբ եկավ այդ ժամանակը, և բաբելոնացիներն ու այնտեղ բնակվող մյուս ազգերը լսեցին, որ թշնամին մոտենում է, սկսեցին սրտապնդել իրար՝ ասելով. «Ուժե՛ղ եղիր»։ Նրանք նաև շատացրին իրենց կուռքերը՝ հույս ունենալով, որ դրանք կպաշտպանեն իրենց (Ես. 41։5–7)։ Իսկ Եհովայի խոսքերը հանդարտեցրին գերեվարված հրեաների սրտերը. «Բայց դու, ո՛վ Իսրայել, [ի տարբերություն քո հարևանների] իմ ծառան ես.... Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ» (Ես. 41։8–10)։ Ուշադրություն դարձրու, որ Եհովան ասաց. «Ես քո Աստվածն եմ»։ Այս խոսքերով Եհովան իր հավատարիմ երկրպագուներին հավաստիացրեց, որ չի մոռացել նրանց. նա առաջվա պես նրանց Աստվածն էր, նրանք էլ առաջվա պես նրա ժողովուրդն էին։ Եհովան նրանց ասաց. «Ես.... կտանեմ.... ու կփրկեմ ձեզ»։ Այս քաջալերական խոսքերը, անշուշտ, զորացրին հրեաներին (կարդա Եսայիա 46։3, 4

9–10. Ինչո՞ւ վախենալու կարիք չունենք։ Բեր օրինակ։

9 Այժմ առավել, քան երբևէ, մարդիկ խուճապահար են. նրանք տեսնում են, որ աշխարհի վիճակը գնալով վատանում է։ Իհարկե, աշխարհում առկա խնդիրները մեզ վրա էլ են անդրադառնում։ Բայց մենք վախենալու կարիք չունենք, որովհետև Եհովան մեզ ասում է. «Ես քո Աստվածն եմ»։ Ինչո՞ւ է այս հավաստիացումը օգնում, որ չկորցնենք մեր խաղաղությունը։

10 Քննենք մի օրինակ։ Երկու մարդ՝ Ջիմը և Բենը, ինքնաթիռով ինչ-որ տեղ են թռչում։ Հանկարծ ինքնաթիռը սկսում է ուժեղ քամիներից տարուբերվել։ Այդ պահին բարձրախոսից լսվում է օդաչուի ձայնը. «Խնդրում եմ, կապեք ձեր ամրագոտիները։ Մենք որոշ ժամանակ թռչելու ենք տուրբուլենտային գոտիով»։ Ջիմը սկսում է տագնապել։ Օդաչուն ավելացնում է. «Խոսում է ձեր օդաչուն։ Խուճապի մի՛ մատնվեք»։ Այդ պահին Ջիմը ուսերը վեր է քաշում ու ասում. «Իբր դա ի՞նչ պատճառ է չվախենալու»։ Սակայն նկատելով, որ Բենը խուճապի չի մատնվել՝ հարցնում է. «Ինչո՞ւ ես այդքան հանգիստ»։ Բենը ժպտալով պատասխանում է. «Որովհետև շատ լավ եմ ճանաչում օդաչուին։ Նա հայրս է»։ Հետո ավելացնում է. «Քեզ մի քանի բան պատմեմ նրա մասին։ Համոզված եմ, որ երբ ճանաչես նրան ու իմանաս, թե որքան հմուտ օդաչու է, դու էլ ինձ պես հանգիստ կլինես»։

11. Ի՞նչ ենք սովորում երկու ուղևորների օրինակից։

11 Ի՞նչ ենք սովորում այս օրինակից։ Մենք Բենի պես հանգիստ ենք, որովհետև լավ ենք ճանաչում մեր երկնային Հորը՝ Եհովային։ Գիտենք, որ նա կօգնի տոկալ փոթորկանման խնդիրների ներքո, որոնց բախվում ենք այս համակարգի վերջին օրերում (Ես. 35։4)։ Վստահելով Եհովային՝ մենք կարողանում ենք հանգիստ լինել, մինչդեռ այս աշխարհի մարդիկ վախով են համակված (Ես. 30։15)։ Մենք նաև գործում ենք Բենի պես, երբ մեր հարևաններին պատմում ենք, թե Աստծուն վստահելու ինչ պատճառներ կան։ Այդպես նրանց օգնում ենք, որ իրենք էլ վստահեն Աստծուն և համոզված լինեն, որ ինչ դժվարության էլ բախվեն, Եհովան կաջակցի իրենց։

«ԵՍ ԿԱՄՐԱՑՆԵՄ ՈՒ ԿՕԳՆԵՄ ՔԵԶ»

12. ա) Ո՞րն է Եսայիայի արձանագրած երրորդ հավաստիացումը։ բ) «Նրա բազուկը» արտահայտությունը ինչի՞ մասին է մեզ հիշեցնում։

12 Քննենք Եսայիայի գրի առած երրորդ հավաստիացումը. «Ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ»։ Եսայիան նկարագրել է, թե Եհովան ինչպես է ամրացնում ու զորացնում իր ժողովրդին՝ ասելով. «Գերիշխան Տեր Եհովան կգա։ Նա զորեղ է, և նրա բազուկը կիշխի հանուն նրա» (Ես. 40։10)։ Աստվածաշնչում «բազուկ» բառը հաճախ փոխաբերական իմաստով է օգտագործվում և նշանակում է «զորություն»։ Ուստի Եհովայի այն խոսքերը, որ «նրա բազուկը կիշխի», հիշեցնում են մեզ, որ նա զորեղ Թագավոր է։ Անցյալում նա իր անպարտելի զորությունը հաճախ է օգտագործել իր ծառաներին աջակցելու և պաշտպանելու համար։ Աստված այսօր էլ շարունակում է նույնն անել այն մարդկանց համար, ովքեր հավատում ու վստահում են իրեն (2 Օրենք 1։30, 31; Ես. 43։10

Ոչ մի զենք չի կարող հաջողություն ունենալ Եհովայի հզոր բազկի դեմ (տես պարբերություն 12–16) *

13. ա) Եհովան հատկապես ե՞րբ է մեզ ամրացնում։ բ) Եհովայի ո՞ր խոստումն է մեզ զորությամբ և վստահությամբ լցնում։

13 Եհովան մեզ ամրացնում է հատկապես այն ժամանակ, երբ մեզ հետապնդում են։ Այսօր աշխարհի որոշ երկրներում հակառակորդները ջանում են դադարեցնել մեր քարոզչական գործը կամ արգելք են դնում մեր կազմակերպության գործունեության վրա։ Նույնիսկ նման դեպքերում մենք չափից շատ չենք անհանգստանում։ Եհովան հավաստիացրել է, որ մեզ զորությամբ ու վստահությամբ կլցնի։ Նա մեզ խոստացել է. «Քո դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա» (Ես. 54։17)։ Այս խոսքերը մեզ երեք կարևոր փաստ են հիշեցնում։

14. Աստծու թշնամիների հարձակումները ինչո՞ւ մեզ չեն զարմացնում։

14 Առաջին՝ լինելով Քրիստոսի հետևորդներ՝ մենք գիտենք, որ մեզ ատելու են (Մատթ. 10։22)։ Հիսուսն իր աշակերտներին նախազգուշացրել է, որ վերջին օրերում նրանց դաժանորեն հալածելու են (Մատթ. 24։9; Հովհ. 15։20)։ Երկրորդ՝ Եսայիայի մարգարեությունը նախազգուշացնում է մեզ, որ մեր հակառակորդները, ատելությունից դրդված, տարբեր զենքեր են շինելու մեր դեմ։ Այդ զենքերից են, օրինակ, կես ճշմարտությունները, բացահայտ ստերը և դաժան հալածանքները (Մատթ. 5։11)։ Եհովան մեր հակառակորդներին չի խանգարելու, որ այդ զենքերով պատերազմեն մեր դեմ (Եփես. 6։12; Հայտն. 12։17)։ Բայց վախենալու կարիք չկա։ Ինչո՞ւ։

15–16. ա) Ո՞րն է երրորդ փաստը, որ պետք է հիշենք, և ինչպե՞ս են Եսայիա 25։4, 5 համարները թիկունք կանգնում դրան։ բ) Եսայիա 41։11, 12 համարներում ինչպե՞ս է նկարագրվում մեր հակառակորդների վախճանը։

15 Քննենք երրորդ փաստը, որ պետք է հիշենք։ Եհովան ասել է, որ մեր դեմ շինված «ոչ մի զենք հաջողություն չի ունենա»։ Ճիշտ ինչպես պարիսպն է մարդուն պաշտպանում ավերիչ հեղեղից, այդպես էլ Եհովան է պաշտպանում մեզ «բռնակալների պոռթկումից» (կարդա Եսայիա 25։4, 5Մեր թշնամիներին երբեք չի հաջողվի մնայուն վնաս հասցնել մեզ (Եսայիա 65։17

16 Եհովան իր հանդեպ մեր վստահությունը ամրացնում է նաև այն բանով, որ մանրամասնորեն նկարագրում է, թե ինչ է սպասում նրանց, ովքեր «բորբոքվում են [մեր] դեմ» (կարդա Եսայիա 41։11, 12)։ Որքան էլ սաստիկ լինի հակառակորդների մղած պայքարը, ավարտը նույնն է լինելու. Աստծու ժողովրդի բոլոր թշնամիները «ոչնչի պես կդառնան ու կկորչեն»։

ԽՈՐԱՑՆԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշնչից Եհովայի մասին կանոնավորաբար ընթերցելով՝ կարող ենք խորացնել նրա հանդեպ մեր վստահությունը (տես պարբերություն 17–18) *

17–18. ա) Աստվածաշունչն ընթերցելը ինչպե՞ս կարող է խորացնել Աստծու հանդեպ մեր վստահությունը։ Բեր օրինակ։ բ) 2019 թ. տարվա խոսքի շուրջ խորհելը ինչպե՞ս կօգնի մեզ։

17 Մենք խորացնում ենք Եհովայի հանդեպ մեր վստահությունը, երբ ջանում ենք ավելի լավ ճանաչել նրան։ Իսկ Աստծուն լավ ճանաչելու միակ միջոցն այն է, որ ուշադիր կարդանք Աստվածաշունչը և խորհրդածենք դրա շուրջ։ Աստծու Խոսքը ստույգ տեղեկություններ է պարունակում այն մասին, թե անցյալում Եհովան ինչպես է պաշտպանել իր ժողովրդին։ Դրանք մեզ վստահություն են ներշնչում, որ նա մեր մասին էլ հոգ կտանի։

18 Եսայիան մի շատ գեղեցիկ օրինակ է օգտագործում, որպեսզի ցույց տա, թե Եհովան ինչպես է պաշտպանում մեզ։ Նա Աստծուն համեմատում է հովվի հետ, իսկ նրա ծառաներին՝ գառների։ Եսայիան Եհովայի մասին ասում է. «Իր բազկով է հավաքելու գառնուկներին և իր գրկում է տանելու նրանց» (Ես. 40։11)։ Երբ կարդում ենք այն մասին, որ Եհովան իր ամուր բազուկներով գրկում է մեզ, մի՞թե մեզ պաշտպանված ու հանգիստ չենք զգում։ Հավատարիմ և իմաստուն ծառան ցանկանում է օգնել մեզ, որ խնդիրների բախվելիս չկորցնենք մեր խաղաղությունը։ Ուստի որպես 2019 թվականի տարվա խոսք ընտրել է Եսայիա 41։10-ը. «Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ»։ Խորհիր վստահություն ներշնչող այս խոսքերի շուրջ, և դրանք կզորացնեն քեզ, երբ բախվես առջևում սպասվող դժվարություններին։

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ

^ պարբ. 5 2019 թվականի համար ընտրված տարվա խոսքում երեք պատճառ է նշված, թե ինչու կարող ենք հանդարտ լինել, նույնիսկ եթե աշխարհում կամ մեր կյանքում վատ բաներ տեղի ունենան։ Այս հոդվածը, որում կքննենք այդ երեք պատճառները, կօգնի մեզ չափից շատ չանհանգստանալ և ավելի շատ վստահել Եհովային։ Խորհրդածիր տարվա խոսքի շուրջ։ Եթե կարող ես, անգիր արա այն։ Եհովայի այս խոսքերը կզորացնեն քեզ ու կպատրաստեն դիմակայելու գալիք նեղություններին։

^ պարբ. 3 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հավաստիացումը վստահություն ներշնչող խոսք կամ խոստում է, որ ասվածը, անկասկած, կատարվելու է։ Եհովայի տված հավաստիացումները օգնում են, որ չափից շատ չանհանգստանանք այն խնդիրների մասին, որ կարող են ծագել մեր կյանքում։

^ պարբ. 4 Եսայիա 41։10, 13, 14 համարներում երեք անգամ ասվում է՝ «մի՛ վախեցիր»։ Նաև այդ նույն համարներում հաճախ օգտագործված է «ես» դերանունը, որը վերաբերում է Եհովային։ Ինչո՞ւ է Եհովան Եսայիային ներշնչել այդքան հաճախ օգտագործել այն։ Նա այդպես է արել մի կարևոր փաստ ընդգծելու համար. միայն իրեն վստահելով է, որ մենք կարող ենք մեղմել մեր վախերը։

^ պարբ. 52 ՆԿԱՐ։ Ընտանիքի անդամները բախվում են տարբեր փորձությունների. հայրը՝ աշխատավայրում, տատիկը՝ առողջության հետ կապված, մայրը՝ ծառայության ժամանակ, իսկ աղջիկը՝ դպրոցում։

^ պարբ. 54 ՆԿԱՐ։ Հավատակիցներից մեկի տանը ժողովի հանդիպում է անցկացվում։ Անսպասելիորեն ոստիկաններ են ներխուժում, բայց եղբայրներն ու քույրերը խուճապի չեն մատնվում։

^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն անելը ուժ է տալիս, որ տոկանք։