Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 4

Պարզ ընթրիք, որը շատ բան է սովորեցնում մեր երկնային Թագավորի մասին

Պարզ ընթրիք, որը շատ բան է սովորեցնում մեր երկնային Թագավորի մասին

«Սա խորհրդանշում է իմ մարմինը.... սա խորհրդանշում է իմ «արյունը ուխտի»» (ՄԱՏԹ. 26։26–28

ԵՐԳ 16 Որդուն թագադրեց. փա՛ռք Յահին

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Ինչո՞ւ զարմանալի չէ, որ Հիսուսը, ի հիշատակ իր մահվան, պարզ արարողակարգ հաստատեց։ բ) Այս հոդվածում Հիսուսի ո՞ր հատկությունների մասին կխոսենք։

ԿԱՐՈ՞Ղ ես մի քանի բառով նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Հիսուսի մահվան հիշատակի երեկոյի ընթացքում։ Դա դժվար չէ անել, քանի որ այն շատ պարզ արարողակարգ ունի։ Բայց չնայած իր պարզությանը՝ Հիշատակի երեկոն շատ կարևոր իրադարձություն է։ Այնուամենայնիվ, գուցե հարց առաջանա. «Իսկ ինչու՞ է այդ արարողությունը այդքան պարզ»։

2 Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը հայտնի էր այն բանով, որ կարողանում էր կարևոր ճշմարտությունները պարզ ու հասկանալի ձևով սովորեցնել (Մատթ. 7։28, 29)։ Ուստի զարմանալի չէ, որ իր մահվան օրը նշելու համար նա այդքան պարզ, բայց իմաստալից արարողակարգ սահմանեց։ Եկեք քննենք, թե ինչ է տեղի ունեցել Տիրոջ ընթրիքի ժամանակ, և թե այդ երեկո ինչ է ասել ու արել Հիսուսը։ Մենք ևս մեկ անգամ կհամոզվենք, թե որքան խոնարհ, քաջ և սիրառատ անձնավորություն է մեր Տերը։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք ավելի լավ ընդօրինակել նրան։

ՀԻՍՈՒՍԸ ԽՈՆԱՐՀ Է

Հիշատակի երեկոյի խորհրդանիշները՝ հացն ու գինին, հիշեցնում են, որ Հիսուսն իր կյանքը տվել է մեզ համար, և որ այժմ նա երկնքում Թագավոր է (տես պարբերություն 3–5)

3. Ըստ Մատթեոս 26։26–28-ի՝ Հիսուսն ի՞նչ պարզ արարողակարգ հաստատեց իր մահվան հիշատակի երեկոն նշելու համար, և ի՞նչ են խորհրդանշում անթթխմոր հացն ու գինին։

3 Հիսուսը իր 11 հավատարիմ առաքյալների հետ էր, երբ հաստատեց իր մահվան Հիշատակի երեկոն։ Այդ արարողության համար նա օգտագործեց անթթխմոր հաց և գինի՝ այն, ինչ արդեն իսկ կար Պասեքի ընթրիքի սեղանին (կարդա Մատթեոս 26։26–28)։ Նա իր առաքյալներին բացատրեց, որ անթթխմոր հացն ու գինին խորհրդանշում են իր կատարյալ մարմինը և արյունը, որոնք շուտով զոհաբերելու էր նրանց համար։ Ամենայն հավանականությամբ, առաքյալներին չզարմացրեց այն, որ Հիսուսը այս նոր ու կարևոր ընթրիքի համար այդքան պարզ արարողակարգ սահմանեց։ Ինչո՞ւ։

4. Այն խորհուրդը, որ Հիսուսը տվեց Մարթային, ինչպե՞ս է օգնում հասկանալ, թե Տիրոջ ընթրիքը ինչու է այդքան պարզ։

4 Հիշենք, թե ինչ էր տեղի ունեցել դրանից մի քանի ամիս առաջ՝ Հիսուսի ծառայության երրորդ տարում, երբ նա այցելության էր գնացել իր մտերիմ ընկերներին՝ Ղազարոսին, Մարթային և Մարիամին։ Այդ ջերմ միջավայրում Հիսուսը սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց։ Բայց Մարթան զբաղված էր իր պատվավոր հյուրի համար տեսակ-տեսակ ուտելիքներ պատրաստելով։ Հիսուսը նկատեց դա և նրբանկատորեն ուղղեց Մարթայի մտածելակերպը։ Նա այս ժրաջան կնոջն օգնեց հասկանալ, որ ոչ միշտ է անհրաժեշտ ճոխ պատրաստություն տեսնել (Ղուկ. 10։40–42)։ Հետագայում, երբ իր մահվանը ժամեր էին մնացել, նա կիրառեց իր իսկ խորհուրդը. Տիրոջ ընթրիքը հաստատելու համար պարզապես հաց ու գինի օգտագործեց։ Սա մեզ ի՞նչ է ասում Հիսուսի մասին։

5. Տիրոջ ընթրիքի պարզությունը ի՞նչ է բացահայտում Հիսուսի մասին, և ինչպե՞ս են Փիլիպպեցիներ 2։5–8 համարները թիկունք կանգնում դրան։

5 Հիսուսի խոնարհությունն արտացոլվում էր նրա բոլոր խոսքերում ու գործերում։ Ուստի զարմանալի չէ, որ իր երկրային կյանքի վերջին գիշերը նա կրկին խոնարհություն դրսևորեց (Մատթ. 11։29)։ Նա գիտեր, որ շուտով անելու է մարդկության պատմության մեջ ամենամեծ զոհագործությունը, և վստահ էր, որ Եհովան հարություն է տալու իրեն ու երկնքում փառահեղ դիրքի է արժանացնելու։ Այդուհանդերձ, Հիսուսը անտեղի ուշադրություն չհրավիրեց իր վրա և չպատվիրեց իր մահվան օրը մեծ շուքով նշել։ Փոխարենն ասաց, որ աշակերտները տարին մեկ անգամ այդ պարզ արարողությամբ հիշեն իր մահը (Հովհ. 13։15; 1 Կորնթ. 11։23–25)։ Այդ համեստ ընթրիքը փաստում էր, որ Հիսուսի մեջ հպարտության նշույլ անգամ չկար։ Որքա՜ն ուրախ ենք, որ մեր երկնային Թագավորին բնորոշող հատկություններից մեկը խոնարհությունն է (կարդա Փիլիպպեցիներ 2։5–8

6. Փորձությունների ժամանակ ինչպե՞ս կարող ենք Հիսուսի պես խոնարհություն դրսևորել։

6 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը։ Ուրիշների շահը մերից վեր դասելով (Փիլիպ. 2։3, 4)։ Մտովի տեղափոխվենք Հիսուսի կյանքի վերջին գիշերը։ Նա գիտեր, որ իր տառապալից մահվանը ժամեր են մնացել։ Սակայն ավելի շատ մտահոգված էր իր հավատարիմ առաքյալներով, որոնք շուտով սգալու էին իրենց Տիրոջ մահը։ Ուստի այդ վերջին ժամերն անցկացրեց սովորեցնելով, քաջալերելով և հուսադրելով նրանց (Հովհ. 14։25–31)։ Հիսուսը ուրիշների բարօրությունը իր բարօրությունից վեր դասեց։ Խոնարհության ի՜նչ հիանալի օրինակ։

ՀԻՍՈՒՍԸ ՔԱՋ Է

7. Տիրոջ ընթրիքը հաստատելուց հետո Հիսուսը ինչպե՞ս մեծ քաջություն դրսևորեց։

7 Տիրոջ ընթրիքին հաջորդած իրադարձությունների ընթացքում Հիսուսը աննախադեպ քաջություն դրսևորեց։ Նա հպատակվեց իր Հոր կամքին, թեև դա նշանակում էր, որ իրեն պետք է մահապատժի ենթարկեին խայտառակ մեղադրանքով՝ որպես Աստծուն հայհոյողի (Մատթ. 26։65, 66; Ղուկ. 22։41, 42)։ Հիսուսը կատարյալ հավատարմություն պահեց։ Այդպես նա պատվեց իր Հոր անունը, թիկունք կանգնեց նրա գերիշխանությանը և զղջացող մարդկանց համար հավիտենական կյանքի ճանապարհ բացեց։ Միևնույն ժամանակ նա իր հետևորդներին նախապատրաստեց այն ամենին, ինչին նրանք շուտով բախվելու էին։

8. ա) Հիսուսն ի՞նչ ասաց իր հավատարիմ առաքյալներին։ բ) Հիսուսի մահից տարիներ անց աշակերտներն ինչպե՞ս էին քաջություն դրսևորում։

8 Հիսուսը նաև քաջություն դրսևորեց, երբ մի կողմ դրեց իր բոլոր անհանգստությունները և կենտրոնացավ այն բանի վրա, թե ինչպես օգնի իր հավատարիմ առաքյալներին։ Այն պարզ ընթրիքը, որը նա հաստատեց Հուդայի հեռանալուց հետո, իր օծյալ հետևորդներին հիշեցնելու էր այն օգուտների մասին, որ նրանք քաղելու էին իր թափած արյան և նոր ուխտի մասնակից դառնալու շնորհիվ (1 Կորնթ. 10։16, 17)։ Որպեսզի նրանք մինչև վերջ հավատարիմ մնային և ստանային իրենց երկնային մրցանակը, Հիսուսը բացատրեց, թե ինքն ու իր Հայրը ինչ են ակնկալում նրանցից (Հովհ. 15։12–15)։ Նա առաքյալներին նաև նախազգուշացրեց, թե առջևում նրանց ինչ փորձություններ են սպասում։ Այնուհետև հորդորեց իր օրինակին հետևելով քաջ լինել (Հովհ. 16։1–4ա, 33)։ Շատ տարիներ անց էլ Հիսուսի աշակերտները շարունակում էին նրա պես անձնազոհ ոգի դրսևորել և քաջ լինել։ Տարատեսակ փորձությունների մեջ նրանք թիկունք էին կանգնում միմյանց, անգամ եթե դրա համար ստիպված էին լինում տառապել (Եբր. 10։33, 34

9. Ինչպե՞ս կարող ենք քաջություն դրսևորելու հարցում ընդօրինակել Հիսուսին։

9 Այսօր քաջություն դրսևորելու հարցում մենք նույնպես ձգտում ենք նմանվել Հիսուսին։ Օրինակ՝ քաջություն է անհրաժեշտ, որ աջակցենք մեր հավատակիցներին, ովքեր հալածվում են իրենց հավատի համար։ Երբեմն մեր եղբայրներին անարդարացիորեն բանտարկում են։ Նման դեպքերում մենք պետք է նրանց համար ամեն հնարավոր բան անենք և հարկ եղած դեպքում պաշտպանենք՝ խոսելով նրանց օգտին (Փիլիպ. 1։14; Եբր. 13։19)։ Մենք նաև քաջություն ենք դրսևորում, երբ շարունակում ենք համարձակությամբ քարոզել (Գործ. 14։3)։ Հիսուսի պես մենք լի ենք Թագավորության լուրը տարածելու վճռականությամբ, անգամ եթե մարդիկ դրա համար հակառակվեն կամ հալածեն մեզ։ Սակայն երբեմն, հնարավոր է, նկատենք, որ քաջության պակաս ունենք։ Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել։

10. Հիշատակի երեկոյին նախորդող շաբաթների ընթացքում ի՞նչ պետք է անենք և ինչո՞ւ։

10 Մենք կարող ենք քաջությամբ լցվել՝ խորհելով այն հույսի մասին, որ ունենք Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ (Հովհ. 3։16; Եփես. 1։7)։ Հիշատակի երեկոյին նախորդող շաբաթների ընթացքում առանձնահատուկ հնարավորություն ունենք խորացնելու մեր գնահատանքը փրկանքի համար։ Այդ ընթացքում ուշադրությամբ կարդա Հիսուսի մահվանն առնչվող աստվածաշնչյան հատվածները և խորհրդածիր դրանց շուրջ։ Ապա, երբ հավաքվենք Տիրոջ ընթրիքը նշելու, ավելի լավ կհասկանանք Հիշատակի երեկոյի խորհրդանիշների կարևորությունը և ավելի բարձր կգնահատենք այն զոհաբերությունը, որ Հիսուսն արել է։ Երբ գիտակցում ենք, թե Հիսուսն ու Եհովան ինչ են արել մեզ համար, և թե դա ինչ օգուտ է բերում մեզ և մեր սիրելիներին, դրախտային երկրում ապրելու մեր հույսը ավելի է ամրանում, և մենք լցվում ենք մինչև վերջ քաջաբար տոկալու վճռականությամբ (Եբր. 12։3

11–12. Ի՞նչ կարևոր բաներ իմացանք։

11 Մենք իմացանք, որ Տիրոջ ընթրիքը մեզ հիշեցնում է ոչ միայն փրկանքի, այլև Հիսուսի հիանալի հատկությունների՝ խոնարհության ու քաջության մասին։ Որքա՜ն շնորհակալ ենք, որ Հիսուսը շարունակում է դրսևորել այդ հատկությունները՝ բարեխոսելով մեզ համար որպես մեր Քահանայապետ (Եբր. 7։24, 25)։ Այդ ամենի դիմաց մեր անկեղծ գնահատանքը ցույց տալու համար պետք է հավատարմորեն ներկա լինենք Տիրոջ ընթրիքին և հիշենք նրա մահը ճիշտ այնպես, ինչպես նա պատվիրել է (Ղուկ. 22։19, 20)։ Մենք դա անում ենք այն օրը, որը մեր օրացույցում համապատասխանում է նիսանի 14-ին։ Մեզ համար դա տարվա ամենակարևոր օրն է։

12 Տիրոջ ընթրիքի պարզությունը հուշում է նաև Հիսուսի մեկ այլ հատկության մասին, որը նրան մղել է իր կյանքը տալու մեզ համար։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը հայտնի էր իր այդ հատկությամբ։ Ո՞րն է դա։

ՀԻՍՈՒՍԸ ՍԻՐԱՌԱՏ Է

13. Հովհաննես 15։9 և 1 Հովհաննես 4։8–10 համարները ինչպե՞ս են բացահայտում Եհովայի և Հիսուսի սերը, որ դրսևորել են մեր հանդեպ, և ովքե՞ր են օրհնվում այդ սիրո շնորհիվ։

13 Հիսուսը կատարելապես արտացոլեց այն ուժգին սերը, որ Եհովան տածում է մեր հանդեպ։ Այդ սերը հստակ երևում էր Հիսուսի բոլոր գործերում (կարդա Հովհաննես 15։9; 1 Հովհաննես 4։8–10)։ Դրա ամենամեծ դրսևորումն այն էր, որ նա իր կյանքը զոհեց մեզ համար։ Անկախ այն բանից՝ մենք պատկանում ենք Հիսուսի օծյալ հետևորդների, թե «ուրիշ ոչխարների» թվին, բոլորս էլ օրհնվում ենք այն սիրո շնորհիվ, որ Եհովան և իր Որդին այդ զոհաբերության միջոցով դրսևորել են մեր հանդեպ (Հովհ. 10։16; 1 Հովհ. 2։2)։ Հիսուսի սերն ու հոգատարությունը իր աշակերտների հանդեպ երևում է նաև այն բանից, թե նա ինչ օգտագործեց Տիրոջ ընթրիքը հաստատելու համար։ Այդ ինչպե՞ս։

Հիսուսը պատվիրեց իր մահը այնքան պարզ արարողությամբ հիշել, որ իր հետևորդների համար դժվար չլիներ դարերի ընթացքում ամենատարբեր իրավիճակներում անել դա (տես պարբերություն 14–16) *

14. Տիրոջ ընթրիքի պարզությունը ինչպե՞ս է փաստում, որ նա սիրում է իր աշակերտներին։

14 Հիսուսը պատվիրեց իր մահվան օրը նշել ոչ թե բարդ արարողությամբ, այլ մի պարզ ընթրիք կազմակերպելով։ Նրա օծյալ հետևորդները պետք է տարեցտարի նշեին Հիշատակի երեկոն, ինչպիսի հանգամանքներում էլ լինեին։ Նրանք դա պետք է անեին նույնիսկ բանտում եղած ժամանակ (Հայտն. 2։10)։ Իսկ դա կհաջողվե՞ր նրանց։ Անշո՛ւշտ։

15–16. Ոմանք ինչպե՞ս են կարողացել անգամ դժվարին հանգամանքներում նշել Տիրոջ ընթրիքը։

15 Առաջին դարից մինչև մեր օրերը ճշմարիտ քրիստոնյաները մեծ ջանքեր են թափել, որ նշեն Հիսուսի մահվան օրը։ Անգամ դժվարին պայմաններում նրանք ջանացել են հնարավորինս ճշգրտորեն հետևել Տիրոջ ընթրիքի արարողակարգին։ Նկատի առնենք մի քանի օրինակ։ Երբ եղբայր Հարոլդ Քինգը Չինաստանի բանտերից մեկի մենախցում էր, Հիշատակի երեկոն նշելու համար հնարամտության էր դիմում։ Եղբայրը իր ձեռքի տակ եղածից գաղտնաբար որոշ բաներ էր առանձնացնում, որոնք նրա համար ծառայում էին որպես Երեկոյի խորհրդանիշներ։ Նաև իր հնարավորության սահմաններում հաշվարկում էր Երեկոյի օրը։ Եվ երբ այդ օրը հասնում էր, նա իր մենախցում երգում էր, աղոթում էր և Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ էր ներկայացնում։

16 Քննենք ևս մի օրինակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներից մեկում գտնվող մի խումբ քույրեր, վտանգելով իրենց կյանքը, նշեցին Տիրոջ ընթրիքը։ Այն բանի շնորհիվ, որ այդ ընթրիքի համար շատ բան պետք չէ, նրանք կարողացան առանց ավելորդ ուշադրություն գրավելու նշել Հիշատակի երեկոն։ Քույրերը պատմում են. «Մենք շրջան էինք կազմել, իսկ Երեկոյի խորհրդանիշները դրել էինք մեջտեղում՝ սպիտակ կտորով ծածկված մի փոքրիկ աթոռի վրա։ Երեկոն անցկացրինք մոմի լույսի տակ, քանի որ էլեկտրական լամպի լույսը կարող էր մատնել մեզ.... Բոլորս կրկին երդում տվեցինք մեր Հորը, որ մեր ողջ ուժերը կներդնենք նրա մեծ անունը սրբացնելու համար»։ Անսասան հավատի ինչպիսի՜ դրսևորում։ Իսկապես որ, Հիսուսը մեծ սեր դրսևորեց, երբ այդքան պարզ ընթրիք հաստատեց, ինչի շնորհիվ կարողանում ենք Հիշատակի երեկոն նշել անգամ դժվարին պայմաններում։

17. Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։

17 Մինչ մոտենում է Հիշատակի երեկոն, եկեք ինքներս մեզ հարցնենք. «Սեր դրսևորելու հարցում ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ընդօրինակել Հիսուսին։ Հավատակիցներիս կարիքները իմ կարիքներից վեր դասո՞ւմ եմ։ Նրանցից չե՞մ ակնկալում ավելին, քան իրենք կարող են անել։ Տեղյա՞կ եմ նրանց դժվարություններին»։ Թող որ միշտ ձգտենք ընդօրինակել Հիսուսին և նրա պես ցավակից լինել (1 Պետ. 3։8

ՀԻՍՈՒՍԻ ՊԵՍ ԵՂԻՐ ԽՈՆԱՐՀ, ՔԱՋ ԵՎ ՍԻՐԱՌԱՏ

18–19. ա) Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։ բ) Ի՞նչ ես վճռել։

18 Մոտ է այն ժամանակը, երբ Հիշատակի երեկոն նշելու կարիք այլևս չի լինի։ Երբ մեծ նեղության ժամանակ Հիսուսը «գա», նա երկրի վրա մնացած «ընտրյալներին» կհավաքի երկնքում, և Հիշատակի երեկոն այլևս չի նշվի (1 Կորնթ. 11։26; Մատթ. 24։31

19 Սակայն կարող ենք համոզված լինել, որ նույնիսկ դրանից հետո Եհովայի ժողովուրդը ջերմությամբ կհիշի այս պարզ ընթրիքը՝ որպես մարդու կողմից երբևէ դրսևորված մեծագույն խոնարհության, քաջության և սիրո խորհրդանիշ։ Եվ ապագայում, երբ այս ամենի մասին պատմենք այդ ժամանակ ապրող մարդկանց, դա նրանց համար էլ օգտակար կլինի։ Իսկ մինչ այդ եկեք վճռենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը, քաջությունն ու սերը։ Այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ Եհովայից կստանանք մեր վարձատրությունը (2 Պետ. 1։10, 11

ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է

^ պարբ. 5 Մենք շուտով ներկա ենք լինելու Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին։ Այդ պարզ արարողությունը շատ բան է սովորեցնում Հիսուսի խոնարհության, քաջության և սիրո մասին։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսի դրսևորած այս հիանալի հատկությունները։

^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Պատկերված է, թե Եհովայի հավատարիմ ծառաները Հիշատակի երեկոն ինչպես են նշել առաջին դարի ժողովում, 19-րդ դարի վերջին, նացիստական համակենտրոնացման ճամբարում և ինչպես են նշում մի հարավամերիկյան երկրի բացօթյա Թագավորության սրահներից մեկում այժմ։