Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 5

«Գալիս ենք ձեզ հետ»

«Գալիս ենք ձեզ հետ»

«Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է» (ԶԱՔ. 8։23

ԵՐԳ 26 Ինձ համար արեցիք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

Ուրիշ ոչխարների թվին պատկանող քրիստոնյաները՝ «տասը մարդիկ», պատիվ են համարում օծյալների՝ «հրեա մարդու» հետ Եհովային երկրպագելը (տես պարբերություն 1–2)

1. Եհովան ի՞նչ է ասել մեր օրերի մասին։

ԴԵՌ վաղեմի ժամանակներում Եհովան մեր օրերի համար ասել է. «Բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ կբռնեն հրեա մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»» (Զաք. 8։23)։ Այստեղ «հրեա մարդը» ներկայացնում է նրանց, ում Եհովան սուրբ ոգով օծել է։ Նրանք նաև կոչվում են «Աստծու Իսրայել» (Գաղ. 6։16)։ Իսկ «տասը մարդիկ» ներկայացնում են նրանց, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն։ Նրանք գիտեն, որ Եհովան օրհնում է օծյալների խմբին, և վերջիններիս հետ Աստծուն երկրպագելը պատիվ են համարում։

2. Մարգարեության մեջ նշված «տասը մարդիկ» ինչպե՞ս են գնում օծյալների հետ։

2 Թեև այսօր անհնար է իմանալ երկրի վրա ապրող յուրաքանչյուր օծյալ քրիստոնյայի անունը, * բայց երկրային կյանքի հույս ունեցողները կարող են ուղեկցել օծյալներին։ Ինչպե՞ս։ Աստվածաշնչում կարդում ենք, որ տասը մարդիկ «կբռնեն հրեա մարդու քղանցքը» և կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»։ Սուրբգրային համարում խոսվում է մեկ հրեայի մասին, բայց նրան դիմող տասը մարդիկ գործածում են «ձեզ» դերանունը՝ հոգնակի թվով։ Սա նշանակում է, որ այդ հրեան մեկ մարդ չէ, այլ ներկայացնում է օծյալների ամբողջ խմբին։ Չօծված քրիստոնյաները կողք կողքի ծառայում են օծյալների հետ, սակայն նրանց չեն համարում իրենց առաջնորդները՝ գիտակցելով, որ Քրիստոսն է իրենց Առաջնորդը (Մատթ. 23։10

3. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

3 Քանի որ Եհովայի ծառաների մեջ դեռ օծյալներ կան, ոմանց մտքում գուցե մի շարք հարցեր ծագեն։ 1) Օծյալ քրիստոնյաներն ի՞նչ կարծիք պետք է ունենան իրենց մասին։ 2) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ովքեր Հիշատակի երեկոյին օգտվում են խորհրդանիշներից։ 3) Արժե՞ անհանգստանալ, եթե խորհրդանիշներից օգտվողների թիվն աճի։ Հոդվածում կտրվեն այս հարցերի պատասխանները։

ՕԾՅԱԼՆԵՐԸ Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ

4. 1 Կորնթացիներ 11։27–29 համարներում ի՞նչ նախազգուշացում է տրված, որի շուրջ օծյալները պետք է լրջորեն խորհեն, և ինչո՞ւ է դա կարևոր։

4 Օծյալ քրիստոնյաները պետք է լրջորեն խորհեն 1 Կորնթացիներ 11։27–29 համարներում գրված նախազգուշացման շուրջ (կարդա)։ Հնարավո՞ր է, որ օծյալը «անարժան կերպով» օգտվի Հիշատակի երեկոյին գործածվող խորհրդանիշներից։ Այո՛։ Նա կանի դա, եթե ուտի հացից և խմի գինուց, բայց միևնույն ժամանակ իր կյանքում չառաջնորդվի Եհովայի արդար չափանիշներով (Եբր. 6։4–6; 10։26–29)։ Օծյալները գիտակցում են, որ պետք է հավատարիմ մնան, եթե ուզում են ստանալ «վերին կոչման մրցանակը, որ տալիս է Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 3։13–16

5. Օծյալ քրիստոնյաները ի՞նչ կարծիք պետք է ունենան իրենց մասին։

5 Եհովան սուրբ ոգու միջոցով իր ծառաներին օգնում է խոնարհ լինել, ոչ թե հպարտ (Եփես. 4։1–3; Կող. 3։10, 12)։ Ուստի օծյալները չեն կարծում, թե ուրիշներից լավն են։ Նրանք գիտեն, որ պարտադիր չէ՝ Եհովան օծյալներին ավելի շատ տա սուրբ ոգուց, քան իր մյուս ծառաներին։ Նաև չեն կարծում, թե ավելի խորն են հասկանում աստվածաշնչյան ճշմարտությունները, քան ուրիշները։ Բացի այդ՝ նրանք չեն ասի ինչ-որ մեկին, թե նա էլ է օծվել ու պիտի օգտվի Հիշատակի երեկոյին գործածվող խորհրդանիշներից։ Օծյալները խոնարհաբար ընդունում են, որ միայն Եհովան է մարդկանց հրավիրում երկինք։

6. 1 Կորնթացիներ 4։7, 8 համարների համաձայն՝ օծյալ քրիստոնյաները ի՞նչ պահվածք պետք է ունենան։

6 Թեև օծյալները երկնային կոչում ստանալը պատիվ են համարում, սակայն հատուկ վերաբերմունք չեն ակնկալում մյուսներից (Փիլիպ. 2։2, 3)։ Նաև հասկանում են, որ երբ Եհովան օծել է իրենց, ուրիշ ոչ ոքի չի հայտնել այդ մասին։ Ուստի օծյալ քրիստոնյան չի զարմանում, երբ ոմանք անմիջապես չեն հավատում, որ ինքն օծվել է։ Նա գիտակցում է, որ Աստվածաշունչը բոլորիս խորհուրդ է տալիս արագ չհավատալ այնպիսի մեկին, ով ասում է, թե Աստված հատուկ առանձնաշնորհում է տվել իրեն (Հայտն. 2։2)։ Չցանկանալով ուշադրություն գրավել՝ օծյալ քրիստոնյան իրեն հանդիպած մարդկանց չի ասի, որ օծված է, և անշուշտ չի պարծենա դրանով (կարդա 1 Կորնթացիներ 4։7, 8

7. Օծյալ քրիստոնյաները ի՞նչ չեն անի և ինչո՞ւ։

7 Օծված քրիստոնյաները չեն կարծում, թե պետք է ժամանակ անցկացնեն միայն մյուս օծյալների հետ, ասես իրենք մի հատուկ ակումբի անդամներ լինեն։ Նաև չեն փնտրում այլ օծյալների, որպեսզի իրենց օծման մասին խոսեն նրանց հետ կամ Աստվածաշնչի ուսումնասիրության առանձին խմբակներ ձևավորեն (Գաղ. 1։15–17)։ Եթե օծյալները այսպես վարվեն, ժողովը միասնական չի լինի։ Դրանով նրանք կգործեն սուրբ ոգու դեմ, որը Աստծու ժողովրդին օգնում է խաղաղ ու միաբան լինել (Հռոմ. 16։17, 18

ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ՕԾՅԱԼՆԵՐԻՆ

Մենք չպետք է օծյալներին կամ պատասխանատու եղբայրներին վերաբերվենք իբրև աստղերի (տես պարբերություն 8) *

8. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ովքեր Հիշատակի երեկոյին օգտվում են խորհրդանիշներից, և ինչո՞ւ է զգուշություն հարկավոր այս հարցում (տես նաև ծանոթագրությունը)։

8 Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր օծյալ եղբայրներին ու քույրերին։ Մարդկանցով չափից շատ հիանալը սխալ է, նույնիսկ եթե նրանք Քրիստոսի օծյալ եղբայրներն են (Մատթ. 23։8–12)։ Խոսելով երեցների մասին՝ Աստվածաշունչը հորդորում է մեզ «ընդօրինակել նրանց հավատը», ոչ թե այդ մարդկանց դարձնել մեր առաջնորդները (Եբր. 13։7)։ Ճիշտ է, Սուրբ Գրքում ասվում է, որ ոմանք պետք է «կրկնակի պատվի արժանանան», բայց ոչ թե օծված լինելու պատճառով, այլ այն բանի, որ «լավ են ղեկավարում» ու «տքնաջան աշխատում են խոսելու և ուսուցանելու համար» (1 Տիմոթ. 5։17)։ Եկեք հիշենք. չափից շատ ուշադրությունն ու գովասանքը կարող են անհարմար վիճակի մեջ գցել օծյալներին, իսկ որ ավելի վատ է, հպարտ դարձնել նրանց (Հռոմ. 12։3 * Ինչ խոսք, մեզնից ոչ ոք չի ցանկանա անել այնպիսի բան, ինչը կարող է Քրիստոսի օծյալ եղբայրներին նման լուրջ սխալի դրդել (Ղուկ. 17։2

9. Ինչպե՞ս կարող ենք հարգանք ցույց տալ օծյալ քրիստոնյաների հանդեպ։

9 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հարգում ենք այն մարդկանց, որոնք օծվել են Եհովայի կողմից։ Մենք նրանց հարցեր չենք տա այն մասին, թե ինչպես են օծվել։ Դա անձնական հարց է, և մենք իրավունք չունենք իմանալու այդ մասին (1 Թեսաղ. 4։11; 2 Թեսաղ. 3։11)։ Նաև չպետք է ենթադրենք, թե օծյալ քրիստոնյայի ամուսինը կամ կինը, ծնողները և ընտանիքի մյուս անդամները նույնպես օծված են։ Երկնային կյանքի հույսը մարդն ընտանիքից չի ժառանգում, այլ Աստծուց է ստանում (1 Թեսաղ. 2։12)։ Բացի այդ՝ չպետք է այնպիսի հարցեր տանք, որոնք գուցե վիրավորական լինեն։ Օրինակ՝ օծյալ եղբոր կնոջը չենք հարցնի, թե ինչ է զգում, երբ մտածում է, որ երկրի վրա հավիտյան ապրելու է առանց իր ամուսնու։ Կասկածի նշույլ անգամ չպետք է ունենանք, որ նոր աշխարհում Եհովան «կգոհացնի ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղ. 145։16

10. Եթե մարդկանց չդարձնենք մեր հիացմունքի առարկան, դա ինչպե՞ս կպաշտպանի մեզ։

10 Եթե օծյալ քրիստոնյաներին մյուսներից կարևոր չհամարենք, դրանով կպաշտպանենք նաև ինքներս մեզ։ Ինչպե՞ս։ Աստվածաշնչում ասվում է, որ օծյալներից ոմանք գուցե հավատարիմ չմնան Եհովային (Մատթ. 25։10–12; 2 Պետ. 2։20, 21)։ Եթե մարդկանց չդարձնենք մեր հիացմունքի առարկան, երբեք նրանց հետևորդը չենք դառնա, լինեն նրանք օծված, ճանաչված, թե երկար տարիներ Աստծուն ծառայած։ Ուստի եթե այդ մարդիկ անհավատարիմ դառնան կամ ժողովից հեռանան, մենք չենք կորցնի Եհովայի հանդեպ ունեցած հավատը և չենք դադարի ծառայել նրան։

ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԵ՞ՏՔ Է ՄԵԶ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԻ

11. Ի՞նչ կարող ենք ասել խորհրդանիշներից օգտվողների թվի մասին։

11 Տարիներ առաջ Հիշատակի երեկոյին խորհրդանիշներից օգտվողների թիվը նվազում էր։ Սակայն վերջին ժամանակներում այդ թիվը տարեցտարի աճում է։ Արժե՞ անհանգստանալ դրա համար։ Ո՛չ։ Եկեք տեսնենք, թե ինչու։

12. Խորհրդանիշներից օգտվողների թիվը ինչո՞ւ մեզ չպետք է անհանգստացնի։

12 «Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են» (2 Տիմոթ. 2։19)։ Այն եղբայրները, որոնք Հիշատակի երեկոյի ժամանակ հաշվում են խորհրդանիշներից օգտվողների թիվը, ի տարբերություն Աստծու, չգիտեն, թե ով է իսկապես օծված։ Ուստի այդ թվի մեջ մտնում են նաև նրանք, ովքեր կարծում են, թե օծյալ են, բայց այդպիսին չեն։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ խորհրդանիշներից օգտվողներից ոմանք որոշ ժամանակ հետո դադարել են դա անել։ Կան մարդիկ էլ, որոնք հոգեկան կամ հուզական խանգարումներ ունեն, ինչի պատճառով կարծում են, թե իրենք Քրիստոսի հետ իշխելու են երկնքում։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք չենք կարող ասել, թե իրականում քանի օծյալ է մնացել երկրի վրա։

13. Արդյո՞ք Աստվածաշնչում ասվում է, թե քանի օծյալ է լինելու երկրի վրա, երբ սկսվի մեծ նեղությունը։ Բացատրիր։

13 Երկրագնդի շատ մասերում դեռ օծյալներ կլինեն, երբ Հիսուսը գա, որ նրանց տանի երկինք (Մատթ. 24։31)։ Ճիշտ է, Աստվածաշնչում ասվում է, որ վերջին օրերում երկրի վրա մնացած օծյալների թիվը մեծ չի լինի, սակայն այնտեղ չի ասվում, թե նրանցից քանիսը դեռ երկրի վրա կլինեն, երբ սկսվի մեծ նեղությունը (Հայտն. 12։17

Ինչպե՞ս պետք է արձագանքենք, եթե Հիշատակի երեկոյին ինչ-որ մեկը օգտվի խորհրդանիշներից (տես պարբերություն 14)

14. Հռոմեացիներ 9։11, 16 համարներից ի՞նչ ենք իմանում օծյալների ընտրվելու վերաբերյալ։

14 Եհովան է որոշում, թե երբ օծյալներ ընտրի (Հռոմ. 8։28–30)։ Աստված սկսեց օծյալներ ընտրել Հիսուսի հարությունից հետո։ Հնարավոր է՝ առաջին դարում ապրած բոլոր ճշմարիտ քրիստոնյաներն էլ օծված են եղել։ Բայց հետագա դարերում քրիստոնյա կոչվողների մեծ մասը չէր հետևում Քրիստոսին։ Այնուամենայնիվ, այդ տարիներին եղել են սակավաթիվ ճշմարիտ քրիստոնյաներ, որոնց Եհովան օծել է։ Նրանք նման են եղել ցորենի, որը, Հիսուսի խոսքերի համաձայն, պետք է աճեր որոմի հետ (Մատթ. 13։24–30)։ Վերջին օրերի ընթացքում Աստված շարունակել է ընտրել մարդկանց, որոնք մտնելու են 144 000-ի կազմի մեջ։ * Ուստի եթե ոմանց նա որոշի ընտրել աշխարհի վերջից անմիջապես առաջ, մենք չպետք է կասկածի տակ դնենք նրա իմաստությունը (կարդա Հռոմեացիներ 9։11, 16 * Հարկավոր է զգույշ լինել, որ չնմանվենք Հիսուսի առակներից մեկում նկարագրված այն աշխատողներին, որոնք բողոքեցին, երբ իրենց տերը առատաձեռն եղավ վերջին ժամին վարձված աշխատողների հանդեպ (Մատթ. 20։8–15

15. Արդյո՞ք բոլոր օծյալներն են մտնում «հավատարիմ և իմաստուն ծառայի» կազմի մեջ, որի մասին գրված է Մատթեոս 24։45–47 համարներում։ Բացատրիր։

15 Երկնային կյանքի հույս ունեցողներից ոչ բոլորն են մտնում «հավատարիմ և իմաստուն ծառայի» կազմի մեջ (կարդա Մատթեոս 24։45–47)։ Ինչպես առաջին դարում, այսօր Եհովան ու Հիսուսը փոքրաթիվ եղբայրների միջոցով են հոգևոր սնունդ տալիս, կամ՝ սովորեցնում շատերին։ Ընդամենը մի քանի օծյալ քրիստոնյաներ են գրի առել Աստվածաշնչի մաս կազմող Հունարեն Գրությունները։ Մեր օրերում նույնպես մի քանի օծյալ քրիստոնյաներ են պատասխանատու այն բանի համար, որ Աստծու ժողովրդի «կերակուրը տան ճիշտ ժամանակին»։

16. Ի՞նչ դասեր քաղեցիր այս հոդվածից։

16 Ի՞նչ սովորեցինք այս հոդվածից։ Եհովան որոշել է իր ծառաների մեծ մասին երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորություն տալ, իսկ սակավաթիվ քրիստոնյաների պարգևել երկնային կյանք, որպեսզի իշխեն Հիսուսի հետ։ Մեր երկնային Հայրը վարձատրում է իր բոլոր ծառաներին՝ թե՛ «հրեային», թե՛ «տասը մարդկանց»։ Նա նրանցից պահանջում է պահել նույն օրենքները և հավատարիմ մնալ իրեն։ Ուստի բոլորս պետք է խոնարհ լինենք։ Բոլորս պետք է համատեղ ծառայենք Աստծուն և միաբան մնանք։ Բոլորս պետք է ջանանք պահպանել ժողովում տիրող խաղաղությունը։ Մինչ ավելի ու ավելի ենք մոտենում այս աշխարհի վերջին, եկեք շարունակենք ծառայել Եհովային և որպես «մեկ հոտ» հետևել Քրիստոսին (Հովհ. 10։16

^ պարբ. 5 Այս տարի Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն տեղի կունենա ապրիլի 7-ին՝ երեքշաբթի։ Ուստի գուցե հարցնենք. «Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ովքեր այդ միջոցառմանը օգտվում են խորհրդանիշներից։ Արժե՞ անհանգստանալ, եթե խորհրդանիշներից օգտվողների թիվը շարունակի աճել»։ Պատասխանները կգտնենք այս հոդվածում, որը հիմնված է «Դիտարանի» 2016 թ. հունվարի համարում լույս տեսած նույնատիպ հոդվածի վրա։

^ պարբ. 2 Սաղմոս 87։5, 6 համարների համաձայն՝ ապագայում Աստված, հնարավոր է, բացահայտի Հիսուսի բոլոր իշխանակիցների անունները (Հռոմ. 8։19

^ պարբ. 8 Տես «Դիտարանի» 2016 թ. հունվարի համարում տպագրված «Սերը «անպատշաճ վարմունք չի ունենում»» շրջանակը։

^ պարբ. 14 Թեև Գործեր 2։33-ից տեղեկանում ենք, որ սուրբ ոգին Հիսուսի միջոցով է թափվում, սակայն յուրաքանչյուր օծյալի Եհովան է հրավիրում։

^ պարբ. 14 Ավելի շատ տեղեկությունների համար տես «Դիտարանի» 2007 թ. մայիսի 1-ի համարում տպագրված «Ընթերցողների հարցերը»։

ԵՐԳ 34 Անարատությամբ քայլենք

^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Պատկերացրու, որ համաժողովի ժամանակ մարդիկ շրջապատել են գլխավոր վարչության ներկայացուցչին ու նրա կնոջը և ամեն կերպ փորձում են լուսանկարել նրանց։ Դա հարգալից վերաբերմունք չէ։