Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 3

Դու թանկ ես քո Աստված Եհովայի համար

Դու թանկ ես քո Աստված Եհովայի համար

«[Նա] հիշեց մեզ, երբ նվաստ վիճակում էինք» (ՍԱՂ. 136։23

ԵՐԳ 33 Քո բեռը Եհովայի վրա գցիր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Եհովայի ծառաներից շատերը ի՞նչ իրավիճակներում են հայտնվում, և դրանք ի՞նչ ազդեցություն կարող են թողնել նրանց վրա։

ՊԱՏԿԵՐԱՑՆԵՆՔ երեք իրավիճակ։ Երիտասարդ եղբոր մոտ հայտնաբերվում է մի սարսափելի հիվանդություն, որը աստիճանաբար հյուծում է նրա մարմինը։ Միջին տարիքի մի եղբայր, ով ջանասեր աշխատող է, կորցնում է աշխատանքը ու, չնայած իր ջանքերին, չի կարողանում նոր աշխատանք գտնել։ Աստծուն հավատարիմ մի տարեց քույր աստիճանաբար տկարանում է, և նա այլևս չի կարողանում Եհովային ծառայել այնքան, որքան նախկինում։

2 Եթե քո իրավիճակը նման է այս երեքից որևէ մեկին, ապա հնարավոր է՝ քեզ անպիտան ես զգում։ Այսպիսի իրավիճակները կարող են խլել մարդու ուրախությունը, ցածրացնել նրա ինքնագնահատականը և խնդիրներ առաջացնել ուրիշների հետ փոխհարաբերություններում։

3. Սատանան և իր ազդեցության տակ եղող աշխարհը ինչպե՞ս են վերաբերվում մարդկային կյանքին։

3 Մարդկային կյանքի վերաբերյալ այսօրվա աշխարհը նույն հայացքներն ունի, ինչ Սատանան, ում համար մարդը ոչինչ չարժի։ Այդ անսիրտ արարածը Եվային առաջարկեց կարծեցյալ ազատության ճանապարհ՝ շատ լավ իմանալով, որ Աստծուն չհնազանդվելու ուղին միայն դեպի մահ է տանում։ Սատանան է ղեկավարում աշխարհի առևտրային, քաղաքական և կրոնական համակարգերը, ուստի զարմանալի չէ, որ բազմաթիվ բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ ու կրոնական առաջնորդներ չեն գնահատում մարդու կյանքը և չեն հարգում նրա արժանապատվությունը։

4. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

4 Այնուամենայնիվ, Եհովան ցանկանում է, որ գիտակցենք մեր արժեքը, և թևեր է տալիս, երբ զանազան խնդիրների պատճառով մեզ անարժեք ենք զգում (Սաղ. 136։23; Հռոմ. 12։3)։ Այս հոդվածում կքննարկենք, թե Աստված ինչպես է օգնում մեզ հետևյալ իրավիճակներում. 1) երբ առողջական խնդիրներ ենք ունենում, 2) երբ ֆինանսական դժվարությունների ենք բախվում և 3) երբ ծերության պատճառով սկսում ենք կարծել, թե այլևս պիտանի չենք Եհովային ծառայելու համար։ Նախ եկեք տեսնենք, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ յուրաքանչյուրս թանկ ենք Աստծու համար։

ԵՀՈՎԱՆ ԹԱՆԿ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄԵԶ

5. Ի՞նչն է ցույց տալիս, որ մարդը թանկ է Եհովայի համար։

5 Մենք հողի փոշուց ենք ստեղծված, ուստի կարելի է ասել, որ ընդամենը մի բուռ հող ենք։ Բայց մեր արժեքը դրանով չի չափվում. մենք անհամեմատ ավելի թանկ արժենք (Ծննդ. 2։7)։ Նկատի առնենք ընդամենը մի քանի պատճառ, թե ինչու ենք համոզված, որ Աստված թանկ է գնահատում մեզ։ Օրինակ՝ նա մարդուն ստեղծել է իր հատկություններն արտացոլելու ունակությամբ (Ծննդ. 1։27)։ Այդպես վարվելով՝ նա մարդուն բարձր է դասել ֆիզիկական մարմին ունեցող մյուս բոլոր արարածներից, դեռ ավելին՝ երկիրն ու կենդանիներին նրա ձեռքն է հանձնել (Սաղ. 8։4–8

6. Ի՞նչն է փաստում, որ մարդը, չնայած անկատարությանը, թանկ է Աստծու համար։

6 Նույնիսկ այն բանից հետո, երբ Ադամը մեղք գործեց, Եհովան չդադարեց սիրել մարդկանց։ Նա այնքան թանկ է գնահատում մեզ, որ իր սիրելի Որդուն՝ Հիսուսին, որպես փրկանք է տվել մեր մեղքերի համար (1 Հովհ. 4։9, 10)։ Այդ փրկանքի շնորհիվ Եհովան հարություն կտա բոլոր նրանց, ովքեր մահացել են Ադամի մեղքի հետևանքով՝ «թե՛ արդարներին և թե՛ անարդարներին» (Գործ. 24։15)։ Աստվածաշունչը հայտնում է, որ մենք թանկ ենք նրա համար, նույնիսկ եթե հիվանդ ենք, ծեր կամ աղքատ (Գործ. 10։34, 35

7. Աստծու ծառաները ուրիշ ի՞նչ հիմքեր ունեն հավատալու, որ թանկ են նրա համար։

7 Մենք այլ հիմքեր էլ ունենք վստահ լինելու, որ Եհովան գնահատում է մեզ։ Նա յուրաքանչյուրիս դեպի իրեն է ձգել, ուշադրություն է դարձրել, թե ինչպես ենք արձագանքել բարի լուրին (Հովհ. 6։44)։ Եվ երբ սկսել ենք մոտենալ իրեն, նա ավելի է մոտեցել մեզ (Հակ. 4։8)։ Եհովան այնքան թանկ է համարում ամեն մեկիս, որ ժամանակ ու ջանք չի խնայում մեզ կրթելու համար։ Նա գիտի, թե ինչպիսին ենք այժմ և ինչպիսին կարող ենք դառնալ։ Նա խրատում է մեզ, քանի որ սիրում է (Առակ. 3։11, 12)։ Մի՞թե այս ամենը չի խոսում այն մասին, որ մենք իսկապես թանկ ենք Աստծու համար։

8. Սաղմոս 18։27–29 համարներում գրված խոսքերը ինչպե՞ս են օգնում այլ տեսանկյունից նայել մեր խնդիրներին։

8 Հիշենք Դավիթ թագավորին։ Ոմանք քամահրանքով էին վերաբերվում նրան։ Բայց Դավիթը գիտեր, որ Եհովան սիրում ու աջակցում է իրեն։ Այդ բանի գիտակցումը օգնեց, որ նա ճիշտ տեսակետից նայի այն իրավիճակին, որում հայտնվել էր (2 Սամ. 16։5–7)։ Երբ մենք ընկճված ենք լինում կամ զանազան խնդիրներ ենք ունենում, Եհովան կարող է օգնել, որ իրավիճակին այլ տեսանկյունից նայենք և հաղթահարենք մեր ճանապարհին ծառացած խոչընդոտները (կարդա Սաղմոս 18։27–29)։ Եթե ունենք Եհովայի աջակցությունը, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ, որ ուրախությամբ ծառայենք նրան (Հռոմ. 8։31)։ Այժմ եկեք քննենք այն երեք իրավիճակները, երբ անչափ կարևոր է հիշել, որ Եհովան սիրում ու գնահատում է մեզ։

ԵՐԲ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ

Եհովայի խոսքերն ընթերցելը կօգնի պայքարել հիվանդության առաջացրած բացասական զգացումների դեմ (տես պարբերություն 9–12)

9. Հիվանդությունը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մեզ վրա։

9 Հիվանդությունը կարող է տակնուվրա անել մեր հույզերը և այնպիսի զգացում առաջ բերել, իբր այլևս ոչ ոքի պետք չենք։ Սովորաբար մենք վատ ենք զգում, երբ ուրիշները նկատում են մեր սահմանափակումները, կամ երբ հասկանում ենք, որ որոշ բաներ ինքնուրույն չենք կարող անել։ Նույնիսկ երբ մարդիկ չգիտեն մեր հիվանդության մասին, մենք նեղվում ենք, որ մեր կարողությունները սահմանափակ են դարձել։ Սակայն այս ընկճող իրավիճակում Եհովան ոչ մեկիս մենակ չի թողնում. նա զորացնում է մեզ։ Ինչպե՞ս։

10. Առակներ 12։25-ի համաձայն՝ ի՞նչը կարող է օգնել, երբ հիվանդ ենք։

10 Հիվանդ ժամանակ «բարի խոսքը» կարող է տրամադրություն բարձրացնել (կարդա Առակներ 12։25)։ Եհովան բարի խոսքերի Շտեմարան է տվել մեզ։ Դրանք հավաստիացնում են, որ չնայած մեր հիվանդությանը՝ մենք թանկ ենք նրա համար (Սաղ. 31։19; 41։3)։ Եթե կարդանք Աստծու ներշնչմամբ գրված այդ խոսքերը և դա անենք ոչ մեկ անգամ, կկարողանանք ազատվել հիվանդության առաջացրած բացասական զգացումներից։

11. Եհովան ինչպե՞ս է օգնել Խորխեին։

11 Նկատի առնենք մի երիտասարդ եղբոր՝ Խորխեի օրինակը։ Նա ծանր հիվանդացավ։ Քանի որ հիվանդությունը շատ արագ էր զարգանում, Խորխեի վիճակն այնքան վատացավ, որ նա սկսեց իրեն անարժեք զգալ։ «Ես պատրաստ չէի այն ամենին, ինչ իր հետ բերեց հիվանդությունը։ Արտաքնապես շատ էի փոխվել. դա գրավում էր մարդկանց ուշադրությունը, և ես ամաչում էի դրանից, — պատմում է նա։ — Իմ վիճակը գնալով վատանում էր, ու ես մտահոգվում էի, թե ինձ ինչ կլինի։ Սրտումս սարսափելի տխրություն էր։ Եհովային աղաչում էի, որ օգնի ինձ»։ Աստված ինչպե՞ս պատասխանեց նրա աղոթքին։ Խորխեն ասում է. «Քանի որ կենտրոնանալու խնդիր ունեի, ինձ հորդորեցին կարճ-կարճ հատվածներ կարդալ այն սաղմոսներից, որտեղ խոսվում է այն մասին, թե Եհովան ինչքան հոգատար է իր ծառաների հանդեպ։ Ամեն օր նորից ու նորից կարդում էի այդ հատվածները ու մխիթարվում։ Ժամանակի ընթացքում մարդիկ նկատեցին, որ ես ավելի հաճախ եմ ժպտում։ Նրանք նույնիսկ ասացին, որ իմ ուրախ տրամադրությունը քաջալերում է իրենց։ Այդ ժամանակ հասկացա, որ Եհովան պատասխանել է աղոթքներիս։ Նա օգնեց ինձ փոխել վերաբերմունքս իմ հանդեպ։ Աստվածաշունչն ընթերցելիս սկսեցի ուշադրություն դարձնել այն բանին, թե Եհովան ինչպես է վերաբերվում ինձ՝ չնայած հիվանդությանս»։

12. Եթե առողջական խնդիր ունես, ի՞նչ կարող ես անել, որ ստանաս Եհովայի աջակցությունը։

12 Եթե դու էլ առողջական խնդիր ունես, վստահ եղիր, որ քո երկնային Հայրը գիտի, թե ինչերի միջով ես անցնում։ Օգնություն խնդրիր նրանից, որ ճիշտ վերաբերմունք ունենաս իրավիճակիդ հանդեպ։ Ապա Աստվածաշնչում գտիր Եհովայի այն բարի խոսքերը, որ տվյալ իրավիճակում ուղղված են քեզ։ Կենտրոնացիր այն համարների վրա, որոնք ցույց են տալիս, թե Եհովան որքան թանկ է գնահատում իր ծառաներին։ Այդպես կտեսնես, թե ինչքան բարի է Աստված բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատարմորեն ծառայում են իրեն (Սաղ. 84։11

ԵՐԲ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆՔ ԲԱԽՎՈՒՄ

Եթե ֆինանսական դժվարությունների բախվելիս հիշենք, որ Եհովան խոստացել է հոգ տանել մեր մասին, չենք հուսահատվի (տես պարբերություն 13–15)

13. Ի՞նչ հետևանքներ կարող են լինել, երբ ընտանիքի գլուխը կորցնում է աշխատանքը։

13 Ամեն ընտանիքի գլուխ ցանկանում է իր ընտանիքին ապահովել անհրաժեշտ բաներով։ Բայց ենթադրենք՝ եղբայրը կորցնում է աշխատանքը և ոչ իր մեղքով։ Նա ամեն հնարավոր բան անում է նոր աշխատանք գտնելու համար, բայց ապարդյուն։ Այս ամենի հետևանքով նա իրեն անարժեք է զգում։ Ի՞նչը կարող է օգնել նրան։ Եհովայի խոստումները հիշելը։

14. Եհովան ի՞նչ պատճառներ ունի պահելու իր խոստումները։

14 Աստված միշտ պահում է իր խոստումները (Հեսու 21։45; 23։14)։ Մի քանի պատճառ կա, թե ինչու է նա այդպես վարվում։ Առաջինը իր անունն է՝ իր համբավը։ Նա խոստացել է հոգ տանել իրեն նվիրված ծառաներին, ուստի պարտավորված է զգում կատարել այդ խոստումը (Սաղ. 31։1–3)։ Բացի այդ՝ Եհովան գիտի, որ մենք հուսախաբ կլինենք, եթե ինքը հոգ չտանի նրանց, ովքեր իր ընտանիքի մաս են կազմում։ Նա խոստացել է հոգալ մեր թե՛ նյութական, թե՛ հոգևոր կարիքները, և ոչինչ նրան հետ չի պահի, որ կատարի այդ խոստումը (Մատթ. 6։30–33; 24։45

15. ա) Առաջին դարում քրիստոնյաները ի՞նչ դժվարություններ են ունեցել։ բ) Ինչո՞ւմ են մեզ հավաստիացնում Սաղմոս 37։18, 19 համարներում գրված խոսքերը։

15 Եթե հիշենք՝ ինչու է Եհովան պահում իր խոստումները, ֆինանսական խնդիրների բախվելիս չենք կորցնի մեր վստահությունը նրա հանդեպ։ Նկատի առնենք առաջին դարի քրիստոնյաների օրինակը։ Երբ Երուսաղեմի ժողովի դեմ մեծ հալածանք սկսվեց, «բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին» (Գործ. 8։1)։ Մտածիր, թե այդ հալածանքի հետևանքով քրիստոնյաները տնտեսական ինչ մեծ դժվարություններ կարող էին ունենալ։ Նրանք հավանաբար կորցրին իրենց տները, աշխատանքը, բիզնեսը։ Սակայն Եհովան չլքեց իր ծառաներին, և նրանք չկորցրին իրենց ուրախությունը (Գործ. 8։4; Եբր. 13։5, 6; Հակ. 1։2, 3)։ Աստված աջակցեց այդ հավատարիմ քրիստոնյաներին. նա մեզ էլ կաջակցի (կարդա Սաղմոս 37։18, 19

ԵՐԲ ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ՄԵՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եթե կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ կարո՛ղ ենք անել, կհամոզվենք, որ անկախ մեր տարիքից՝ Եհովան թանկ է գնահատում մեզ ու մեր հավատարիմ ծառայությունը (տես պարբերություն 16–18)

16. Ինչի՞ պատճառով գուցե մտածենք, որ մեր մատուցած երկրպագությունը այլևս արժեք չունի Եհովայի համար։

16 Ծերանալուն զուգընթաց սահմանափակվում են մեր կարողությունները, ուստի գուցե մտածենք, թե այլևս պիտանի չենք Եհովային։ Դավիթ թագավորն էլ ծեր հասակում, ըստ ամենայնի, պայքարում էր նման զգացումների դեմ (Սաղ. 71։9)։ Այս դեպքում էլ Եհովան կարող է օգնել մեզ։ Ինչպե՞ս։

17. Ի՞նչ ենք սովորում Ջերիի օրինակից։

17 Քննենք մի քրոջ օրինակ։ Ջերին հրավեր ստացավ մասնակցելու Թագավորության սրահում անցկացվող տեխսպասարկման դասընթացին, բայց չէր ուզում գնալ։ Նա մտածում էր. «Ես ծեր եմ, այրի ու ոչ մի հմտություն չունեմ, որ օգուտ տամ այդ գործին։ Ես պիտանի չեմ»։ Սակայն դասընթացին նախորդող գիշերը Ջերին իր սիրտը դատարկեց Եհովայի առաջ։ Հաջորդ օրը, երբ նա, այնուամենայնիվ, գնաց Թագավորության սրահ, դեռ կասկածում էր՝ արժեր արդյոք գալ։ Դասընթացի ժամանակ դասավանդողներից մեկն ընդգծեց հետևյալ միտքը. ամենակարևոր «հմտությունը», որ պետք է ունենանք, Աստծու կողմից կրթվելու պատրաստակամությունն է։ Ջերին պատմում է. «Մտքումս ասացի՝ ես ունե՛մ այդ հմտությունը։ Հասկացա, որ դա աղոթքիս պատասխանն է, ու սկսեցի արտասվել։ Եհովան ինձ վստահեցրեց, որ ես արժեքավոր բան ունեմ տալու իրեն, և որ ինքը ուզո՛ւմ է ինձ կրթել»։ Ջերին ավելացնում է. «Այդ դասընթացին գնացի տխուր սրտով, նեղված ու հուսահատված, բայց այնտեղից վերադարձա ոգևորված, քաջալերված ու գնահատված»։

18. Աստվածաշունչը ինչպե՞ս է բացահայտում, որ Եհովան շարունակում է գնահատել մեր մատուցած երկրպագությունը՝ չնայած ծերության բերած դժվարություններին։

18 Կարող ենք համոզված լինել, որ նույնիսկ եթե տարեց ենք, դեռ անելիք ունենք Աստծու գործում (Սաղ. 92։12–15)։ Հիսուսը սովորեցրել է, որ ինչքան էլ սահմանափակ լինեն մեր կարողությունները, և որքան էլ չնչին թվան մեր ջանքերը, Եհովան թանկ է գնահատում այն ամենը, ինչ անում ենք ծառայության մեջ (Ղուկ. 21։2–4)։ Ուստի կենտրոնացիր այն բաների վրա, որ կարո՛ղ ես անել։ Օրինակ՝ կարող ես մարդկանց հետ խոսել Եհովայի մասին, աղոթել հավատակիցներիդ համար և քաջալերել նրանց, որ Աստծուն հավատարիմ մնան։ Եհովան քեզ իր համագործակիցն է համարում, բայց ոչ թե այն ամենի համար, ինչ անում ես, այլ որ ուզում ես հնազանդվել իրեն (1 Կորնթ. 3։5–9

19. Ի՞նչ հավաստիացում է տրված Հռոմեացիներ 8։38, 39 համարներում։

19 Որքա՜ն երջանիկ ենք, որ Եհովային ենք երկրպագում՝ մի Աստծու, ով իսկապես թանկ է գնահատում իր ծառաներին։ Նա մեզ ստեղծել է, որ կատարենք իր կամքը, և հենց դա է մեր կյանքը իմաստով լցնում (Հայտն. 4։11)։ Թեպետ աշխարհի համար մենք ոչ մի արժեք չունենք, Եհովան մեզ այդպես չի դիտում. նա չի ամաչում, որ մեր Աստվածն է (Եբր. 11։16, 38)։ Երբ հիվանդությունների, ֆինանսական խնդիրների կամ ծերության պատճառով վհատվում ենք ու ընկճվում, թող հիշենք, որ ոչինչ մեզ չի կարող բաժանել մեր երկնային Հորից (կարդա Հռոմեացիներ 8։38, 39

^ պարբ. 5 Եղե՞լ է իրավիճակ, երբ քեզ անարժեք ես զգացել։ Այս հոդվածը կօգնի տեսնել, որ Եհովան շատ թանկ է գնահատում քեզ։ Նաև կիմանաս, թե ինչ կարող ես անել, որ չկորցնես ինքնահարգանքդ՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում քո կյանքում։

ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր