Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 1

«Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»

«Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»

2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐՎԱ ԽՈՍՔԸ. «Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով» (ՄԱՏԹ. 28։19

ԵՐԳ 79 Սովորեցրու նրանց հաստատ կանգնել

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Գերեզմանի մոտ հրեշտակն ի՞նչ է ասում այնտեղ եկած կանանց, և Հիսուսն ի՞նչ առաջադրանք է տալիս նրանց։

ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ 33 թվականի նիսանի 16-ն է։ Արևի առաջին շողերի հետ մի խումբ աստվածավախ կանայք ծանր սրտով գնում են դեպի այն գերեզմանը, ուր ավելի քան մեկուկես օր առաջ դրվել է իրենց Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անշնչացած մարմինը։ Նրանք հոտավետ խոտեր ու անուշաբույր յուղեր են տանում, որ մշակեն մարմինը, սակայն տեղ հասնելով՝ ապշում են, քանի որ գերեզմանը դատարկ է։ Մի հրեշտակ կանանց ասում է, թե Հիսուսին ինչ է եղել. «Նա հարություն է առել և ձեզանից առաջ Գալիլեա է գնում։ Այնտեղ կտեսնեք նրան» (Մատթ. 28։1–7; Ղուկ. 23։56; 24։10

2 Երբ կանայք հեռանում են գերեզմանից, ճանապարհին հանդիպում են Հիսուսին։ Նա ինքն է մոտենում նրանց, ապա ասում է. «Գնացեք և հայտնեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա, և այնտեղ կտեսնեն ինձ» (Մատթ. 28։10)։ Հանդիպում կազմակերպելը առաջին բանն է, որ Հիսուսն անում է հարություն առնելուց հետո, ուստի նա կարևոր հրահանգներ ունի տալու իր աշակերտներին։

Ո՞ՒՄ ՏՐՎԵՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՊԱՏՎԵՐԸ

Երբ հարություն առնելուց հետո Հիսուսը Գալիլեայում հանդիպում ունեցավ իր առաքյալների և մյուս աշակերտների հետ, նրանց պատվիրեց «գնալ և.... աշակերտներ պատրաստել» (տես պարբերություն 3–4)

3–4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Մատթեոս 28։19, 20 համարներում գրված պատվերը միայն առաքյալներին չէր ուղղված (տես ամսագրի շապիկի նկարը)։

3 Կարդա Մատթեոս 28։16–20։ Հիսուսը իր կազմակերպած հանդիպմանը աշակերտներին մի անչափ կարևոր գործ հանձնարարեց, գործ, որը նրանք պետք է անեին իրենց ողջ կյանքի ընթացքում։ Նա ասաց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի»։ Այսօր մենք նույն հանձնարարությունն ենք կատարում։

4 Հիսուսն ուզում է, որ իր բոլոր հետևորդները քարոզիչներ լինեն։ Միայն 11 հավատարիմ առաքյալներին չէ, որ նա տվել է վերոնշյալ պատվերը։ Ինչո՞ւ ենք համոզված դրանում։ Այս հարցի պատասխանը գտնելու համար եկեք քննենք, թե արդյոք միայն առաքյալներն էին ներկա Գալիլեայում կայացած հանդիպմանը։ Վերհիշենք, թե հրեշտակն ինչ ասաց գերեզման եկած կանանց. «Այնտեղ [Գալիլեայում] կտեսնեք նրան»։ Ուստի այդ աստվածավախ կանայք էլ պետք է որ ներկա լինեին նշված հանդիպմանը։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Պողոս առաքյալը հայտնում է, որ մի առիթով Հիսուսը «միանգամից երևացել է ավելի քան հինգ հարյուր եղբայրների» (1 Կորնթ. 15։6)։ Իսկ որտե՞ղ է կայացել այդ հանդիպումը։

5. Ի՞նչ հիմքեր ունենք կարծելու, որ 1 Կորնթացիներ 15։6-ում հիշատակվում է հենց Գալիլեայում կայացած այն հանդիպումը, որի մասին գրել է Մատթեոսը իր գրքի 28-րդ գլխում։

5 Մենք հիմնավոր պատճառներ ունենք կարծելու, որ Պողոսի հիշատակած դեպքը տեղի է ունեցել Գալիլեայում, և դա հենց այն հանդիպումն է, որի մասին գրված է Մատթեոսի Ավետարանի 28-րդ գլխում։ Որո՞նք են այդ պատճառները։ Առաջին՝ Հիսուսի աշակերտների մեծ մասը գալիլեացիներ էին։ Ուստի շատերին մեկտեղ հավաքելու համար ավելի հարմար վայր էր Գալիլեայի լեռներից մեկը, քան Երուսաղեմում գտնվող որևէ տուն։ Երկրորդ՝ հարություն առած Հիսուսը արդեն իսկ իր 11 առաքյալների հետ հանդիպել էր Երուսաղեմի տներից մեկում։ Եթե նա ուզենար միայն առաքյալներին տալ քարոզելու և աշակերտներ պատրաստելու պատվերը, դա կարող էր Երուսաղեմում անել. ինչո՞ւ պետք է նրանց, իր գերեզման եկած կանանց և մյուս աշակերտներին կանչեր Գալիլեա (Ղուկ. 24։33, 36

6. Մատթեոս 28։20-ը ինչպե՞ս է փաստում, որ աշակերտներ պատրաստելու պատվերը մեր օրերի քրիստոնյաներին էլ է վերաբերում, և այսօր ի՞նչ ծավալների է հասել այդ գործը։

6 Նկատի առնենք ևս մի կարևոր պատճառ, թե ինչու ենք համոզված, որ Հիսուսի պատվերը միայն առաջին դարի քրիստոնյաներին չէր ուղղված։ Ուշադրություն դարձնենք, թե իր հետևորդներին հրահանգներ տալուց հետո նա ինչ ասաց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20)։ Հիսուսի խոսքերը իրոք որ այժմ կատարվում են. այսօր աշակերտներ պատրաստելու գործը եռում է։ Պատկերացնո՞ւմ ես. ամբողջ աշխարհում ամեն տարի մոտ 300 000 մարդ է մկրտվում որպես Եհովայի վկա ու դառնում Քրիստոսի աշակերտ։

7. Ինչի՞ մասին ենք խոսելու և ինչո՞ւ։

7 Աստվածաշունչ ուսումնասիրողներից շատերը հոգևորապես առաջադիմում են ու մկրտվում։ Սակայն ոմանք վարանում են դառնալ Քրիստոսի աշակերտ։ Այդ մարդկանց դուր է գալիս ուսումնասիրությունը, բայց նրանք չեն առաջադիմում ու չեն մկրտվում։ Եթե դու էլ ես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնում, ապա անշուշտ ցանկանում ես ուսումնասիրողներին օգնել կիրառելու իրենց սովորածը և դառնալու Քրիստոսի աշակերտ։ Ուստի այժմ կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել նրանց, որ սիրեն Եհովային և հոգևորապես աճեն։ Ինչո՞ւ է անհրաժեշտ քննարկել այս հարցը։ Որովհետև լինում են դեպքեր, երբ հարկավոր է պարզապես դադարեցնել ուսումնասիրությունը։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ՕԳՆԻՐ ՍԻՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

8. Երբեմն ինչո՞ւ է դժվար ուսումնասիրողների սրտում սեր արթնացնել Եհովայի հանդեպ։

8 Եհովան ուզում է, որ մարդիկ սիրո՛ւց մղված ծառայեն իրեն։ Հետևաբար մեր նպատակն է՝ օգնել ուսումնասիրողներին հասկանալու, որ Եհովան շատ է սիրում ու գնահատում իրենցից յուրաքանչյուրին։ Մենք ուզում ենք, որ նրանք Եհովային ընդունեն որպես հոգատար Հայր, որը «նեցուկ է կանգնում որբին ու այրուն» (Սաղ. 146։9)։ Երբ ուսումնասիրողները խորապես գիտակցեն, թե Աստված որքան է սիրում իրենց, ամենայն հավանականությամբ, իրենք էլ կսկսեն սիրել նրան։ Սակայն ոմանց համար դժվար է Եհովային ընդունել որպես սիրող Հայր, որովհետև իրենց հարազատ հորից սեր ու ջերմություն չեն տեսել (2 Տիմոթ. 3։1, 3)։ Ուստի ուսումնասիրություն անցկացնելիս շեշտը դիր Եհովայի գրավիչ հատկությունների վրա։ Օգնիր ուսումնասիրողին հասկանալ, որ Աստված ուզում է հավիտենական կյանք տալ իրեն և պատրաստ է օգնել հասնելու այդ կյանքին։ Ուրիշ ի՞նչ կարող ենք անել։

9–10. Ո՞ր ձեռնարկների միջոցով պետք է ուսուցանենք Աստվածաշունչը և ինչո՞ւ հենց դրանցով։

9 Գործածիր «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» և «Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ» ձեռնարկները։ Դրանք այնպես են կազմված, որ կարողանանք Աստծու Խոսքը հասցնել մարդկանց սրտին։ Օրինակ՝ «Սովորեցնում է մեզ» գրքի 1-ին գլխում տրվում են հետևյալ հարցերի պատասխանները. Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին, ի՞նչ է զգում նա՝ տեսնելով մարդկանց տառապանքը, կարո՞ղ ես լինել Եհովայի ընկերը։ Իսկ «Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ» գիրքը կօգնի ուսումնասիրողին հասկանալ, որ աստվածաշնչյան սկզբունքներին հետևելով՝ նա կարող է բարելավել իր կյանքը և ավելի մտերմանալ Եհովայի հետ։ Նույնիսկ եթե այս ձեռնարկների միջոցով արդեն ոչ մեկ անգամ ես ուսումնասիրություն անցկացրել, ամեն դասին լավ պատրաստվիր և հաշվի առ յուրաքանչյուր ուսումնասիրողի կարիքները։

10 Երբեմն ուսումնասիրողին հետաքրքրում է այնպիսի թեմա, որը չի քննարկվում Աստվածաշունչ ուսուցանելու համար նախատեսված որևէ ձեռնարկում։ Նման դեպքում գուցե նրան հորդորես ինքնուրույն կարդալ իր հարցին անդրադարձող հրատարակությունը, իսկ դու դասընթացը շարունակես «Սովորեցնում է մեզ» կամ «Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ» ձեռնարկով։

Ուսումնասիրությունը աղոթքով սկսիր (տես պարբերություն 11)

11. Ուսումնասիրությունն աղոթքով սկսելն ու ավարտելը ե՞րբ պետք է սովորություն դարձնենք և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ աղոթքի կարևորությունը։

11 Ուսումնասիրությունը աղոթքով սկսիր։ Եթե արդեն կանոնավոր ուսումնասիրություն ես անցկացնում, լավ կլինի՝ դասը սկսես ու ավարտես աղոթքով և դա սովորություն դարձնես հնարավորինս շուտ՝ առաջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Մենք պետք է ուսումնասիրողին բացատրենք, որ Աստծու Խոսքը կարող ենք ըմբռնել միայն նրա ոգու օգնությամբ։ Որոշ քարոզիչներ աղոթքի կարևորությունը ցույց տալու համար կարդում են Հակոբոս 1։5-ը, որտեղ գրված է. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն»։ Հետո ուսումնասիրողին հարցնում են. «Ուրեմն ի՞նչը կօգնի, որ ավելի իմաստուն դառնանք»։ Նա էլ սովորաբար պատասխանում է՝ աղոթքը։

12. Սաղմոս 139։2–4 համարների միջոցով ինչպե՞ս կարող ես ուսումնասիրողին խրախուսել անկեղծորեն աղոթել Եհովային և իր սիրտը բացել նրա առաջ։

12 Ուսումնասիրողին սովորեցրու ինչպես աղոթել։ Հավաստիացրու նրան, որ Եհովան ցանկանում է լսել իր անկեղծ աղոթքները։ Բացատրիր, որ անձնական աղոթքներում կարող ենք մեր սիրտը լիովին բացել Աստծու առաջ և անկաշկանդ արտահայտել այն մտքերն ու զգացմունքները, որոնց մասին ոչ մեկի հետ չէինք խոսի։ Չէ՞ որ նա արդեն գիտի մեր ամենախոր մտքերը (կարդա Սաղմոս 139։2–4)։ Բացի այդ՝ ուսումնասիրողին կարող ես հորդորել, որ Եհովայից օգնություն խնդրի իր սխալ մտածելակերպը փոխելու և վատ սովորություններից ազատվելու համար։ Ենթադրենք՝ մեկը, ով արդեն որոշ ժամանակ ուսումնասիրում է Աստվածաշունչը, շատ է սիրում հեթանոսական ծագում ունեցող որևէ տոն։ Նա գիտի, որ այն տոնելը սխալ է, բայց դեռ սիրում է դրա հետ կապված որոշ բաներ։ Մղիր նրան, որ Եհովային անկեղծորեն պատմի իր զգացմունքների մասին և թախանձագին օգնություն խնդրի՝ սիրելու միայն այն, ինչ Աստված է սիրում (Սաղ. 97։10

Աստվածաշունչ ուսումնասիրողին հրավիրիր ժողովի հանդիպումներին (տես պարբերություն 13)

13. ա) Ինչո՞ւ պետք է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց հնարավորինս կարճ ժամանակ անց մարդուն հրավիրենք ժողովի հանդիպումներին։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ ուսումնասիրողը Թագավորության սրահում իրեն ավելի անկաշկանդ զգա։

13 Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց հնարավորինս կարճ ժամանակ անց մարդուն հրավիրիր ժողովի հանդիպումներին։ Այն, ինչ նա կլսի ու կտեսնի մեր հանդիպումներին, կարող է շարժել իր սիրտը և մղել հոգևորապես առաջադիմելու։ Ցույց տուր նրան «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը և ջերմորեն հրավիրիր քեզ հետ գնալ այնտեղ։ Եթե հնարավոր է, առաջարկիր քո փոխադրամիջոցով տանել նրան։ Ի դեպ, լավ կլինի, որ Աստվածաշնչի ուսումնասիրությանը տարբեր քարոզիչների հրավիրես։ Դա կնպաստի, որ ուսումնասիրողը ծանոթանա քո հավատակիցների հետ և, երբ գա Թագավորության սրահ, իրեն ավելի անկաշկանդ զգա։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ՕԳՆԻՐ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՃԵԼ

14. Ե՞րբ է ուսումնասիրողը սկսում հոգևորապես աճել։

14 Մեր նպատակն է՝ ուսումնասիրողին օգնել, որ հոգևորապես աճի (Եփես. 4։13)։ Երբ ինչ-որ մեկը համաձայնվում է ուսումնասիրել Աստվածաշունչը, նա թերևս ավելի շատ մտածում է, թե դա ինչ օգուտ կտա իրեն։ Բայց երբ ավելի շատ սիրի Եհովային, հավանաբար կսկսի մտածել, թե ի՛նքը ինչպես կարող է օգնել ուրիշներին, այդ թվում՝ նրանց, ովքեր արդեն ժողովի մաս են կազմում (Մատթ. 22։37–39Երբ պահը հասունանա, մի՛ վարանիր ասել, որ Թագավորության գործին ֆինանսապես աջակցելը մեծ պատիվ է։

Աստվածաշունչ ուսումնասիրողին սովորեցրու ճիշտ ձևով հարթել տարաձայնությունները (տես պարբերություն 15)

15. Աստվածաշունչ ուսումնասիրողին ինչպե՞ս կարող ենք սովորեցնել ճիշտ ձևով հարթել խնդիրները։

15 Աստվածաշունչ ուսումնասիրողին սովորեցրու ճիշտ ձևով հարթել խնդիրները։ Ենթադրենք՝ չմկրտված քարոզիչ դարձած մարդը, որին օգնել ես կամ օգնում ես Աստվածաշունչ ուսումնասիրել, ասում է, որ ժողովում իրեն վիրավորել են։ Ինչ-որ մեկի կողմը բռնելու փոխարեն՝ լավ կանես, եթե նրան բացատրես, թե Սուրբ Գիրքը ինչ լուծումներ է առաջարկում։ Ասա, որ նա կարող է կա՛մ ներել իր հավատակցին, կա՛մ, եթե ներելն անհնար է, մոտենալ նրան ու բարյացակամորեն խոսել նրա հետ՝ նպատակ ունենալով «շահելու իր եղբորը» (համեմատիր Մատթեոս 18։15)։ Ուսումնասիրողին օգնիր պատրաստվել այդ զրույցին և մտածել, թե ինչ է ասելու։ Սովորեցրու նրան օգտվել JW Library® հավելվածից, «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկից և jw.org® կայքից, որպեսզի գործնական խորհուրդներ գտնի խնդիրը լուծելու համար։ Որքան շուտ նա սովորի հարթել տարաձայնությունները, այնքան ավելի լավ կկարողանա մկրտվելուց հետո լեզու գտնել իր հավատակիցների հետ։

16. Ուսումնասիրությանը այլ քարոզիչների հրավիրելը ինչո՞վ է օգտակար։

16 Ուսումնասիրությանը հրավիրիր քո ժողովում ծառայող քարոզիչներին, ինչպես նաև շրջանային վերակացուին, երբ նա այցելում է ձեր ժողով։ Ինչո՞ւ է սա օգտակար։ Վերոհիշյալ պատճառներից բացի՝ հարկ է նաև նշել, որ մյուս քարոզիչները, հնարավոր է, օգնեն ուսումնասիրողին այնպիսի հարցերում, որոնցում դու չես կարող։ Ենթադրենք՝ նա, ում Աստվածաշունչ ես ուսուցանում, փորձել է թողնել ծխելը, բայց մի քանի անգամ ձախողվել է։ Այս պարագայում հրավիրիր այնպիսի Վկայի, որը հաղթահարել է ծխելու սովորությունը, գուցե նաև ձախողումներից հետո։ Վերջինս կարող է գործնական խորհուրդներ տալ նրան։ Եթե փորձառու եղբոր ես հրավիրել, բայց կաշկանդվում ես նրա ներկայությամբ ուսումնասիրություն անցկացնել, խնդրիր, որ ի՛նքը անցկացնի։ Ամեն առիթ օգտագործիր, որ ուրիշների փորձը ծառայեցնես ի նպաստ ուսումնասիրողի։ Մի՛ մոռացիր. մեր նպատակն է՝ օգնել մարդուն, որ հոգևորապես աճի։

ԱՐԺԵ՞ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

17–18. Ի՞նչ պետք է հաշվի առնես, երբ մտածում ես ուսումնասիրությունը դադարեցնելու մասին։

17 Եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը կայուն քայլերով չի առաջադիմում և չի փոխում իր ապրելակերպը, գուցե արժե մտածել ուսումնասիրությունը դադարեցնելու մասին։ Իրավիճակը վերլուծելիս հաշվի առ տվյալ անձի ունակությունները։ Ոմանց ավելի շատ ժամանակ է հարկավոր հոգևորապես աճելու համար, քան ուրիշներին։ Ինքդ քեզ հարցրու. «Եթե հաշվի առնեմ ուսումնասիրողի դրությունը, կարո՞ղ եմ ասել, որ նա ողջամիտ արագությամբ է առաջադիմում։ Սկսե՞լ է իր սովորածը կիրառել» (Մատթ. 28։20)։ Ուսումնասիրողը կարող է դանդաղ աճել, բայց նրա առաջադիմությունը պետք է կայուն լինի. նա պետք է աստիճանաբար փոփոխություններ անի իր կյանքում։

18 Ի՞նչ պետք է անես, եթե նա, ում արդեն որոշ ժամանակ ուսուցանում ես, բոլորովին կամ գրեթե ցույց չի տալիս, որ ուսումնասիրությունը կարևոր է իր համար։ Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Ուսումնասիրողի հետ ավարտել ես «Սովորեցնում է մեզ» ձեռնարկը և գուցե նույնիսկ անցել ես «Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ» գրքին, բայց նա երբեք չի եկել ժողովի հանդիպումներին, անգամ Հիշատակի երեկոյին։ Բացի այդ՝ նա հաճախ, առանց լուրջ պատճառի, չեղարկում է պարապմունքը։ Նման դեպքերում լավ կլինի՝ անկեղծորեն խոսես նրա հետ։ *

19. Ի՞նչ հարց կարող ես տալ նրան, ով կարծես թե լրջորեն չի վերաբերվում Աստվածաշնչի ուսումնասիրությանը, և նրա պատասխանն ինչպե՞ս կարող է օգնել քեզ։

19 Զրույցը սկսելու համար կարող ես ուսումնասիրողին հարցնել. «Ի՞նչն է քեզ ամենից շատ խանգարում, որ Եհովայի վկա դառնաս»։ Նա էլ գուցե ասի. «Ես Աստվածաշունչ ուսումնասիրելուն դեմ չեմ, բայց երբեք Եհովայի վկա չեմ դառնա»։ Եթե մարդն այսպիսի տրամադրվածություն ունի, իմաստ կա՞ շարունակելու ուսումնասիրությունը։ Մյուս կողմից՝ նա գուցե անկեղծորեն պատմի քեզ, թե ինչն է իրեն խանգարում ու հետ պահում։ Օրինակ՝ հնարավոր է՝ ասի, որ իր կարծիքով՝ երբեք չի կարողանա տնետուն քարոզել։ Իմանալով, թե ուսումնասիրողն ինչ է զգում՝ ավելի ունակ կլինես օգնելու նրան։

Ժամանակդ մի՛ վատնիր անարդյունավետ ուսումնասիրության վրա (տես պարբերություն 20)

20. Գործեր 13։48-ը ինչպե՞ս է օգնում որոշել՝ արժե արդյոք շարունակել ուսումնասիրությունը, թե ոչ։

20 Ցավոք, որոշ ուսումնասիրողներ նման են Եզեկիելի օրերում ապրած իսրայելացիներին։ Ահա թե ինչ է Եհովան այդ մարդկանց մասին ասել Եզեկիելին. «Դու նրանց համար ասես սիրո մի երգ լինես, գեղեցիկ ձայն ունեցող մի մարդ, որը վարպետորեն տավիղ է նվագում։ Նրանք լսում են քո խոսքերը, բայց նրանցից ոչ մեկը չի կատարում դրանք» (Եզեկ. 33։32)։ Մեզ համար գուցե դժվար լինի մարդուն ասել, որ պետք է դադարեցնենք ուսումնասիրությունը։ Սակայն հարկավոր է հիշել, որ «մնացած ժամանակը կարճացել է» (1 Կորնթ. 7։29)։ Անարդյունավետ ուսումնասիրության վրա ժամանակ վատնելու փոխարեն՝ ավելի լավ է փնտրել այնպիսիների, որոնք «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (կարդա Գործեր 13։48

Քո տարածքում գուցե կան այլ մարդիկ, որոնք աղոթում են Աստծուն՝ խնդրելով օգնել իրենց (տես պարբերություն 20)

21. Աստվածաշնչի ո՞ր հատվածն է 2020 թվականի համար ընտրվել որպես տարվա խոսք, և այն ի՞նչ անելու կմղի մեզ։

21 2020 թվականի ընթացքում տարվա խոսքը կմղի մեզ ամեն ջանք ներդնել, որ ավելի լավ կատարենք աշակերտներ պատրաստելու գործը։ Եկեք մեր մտքում վառ պահենք Հիսուսի այն խոսքերը, որ նա ասել է Գալիլեայի լեռներից մեկի վրա կայացած հիշարժան հանդիպմանը. «Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով» (Մատթ. 28։19

Եկեք ամեն ջանք ներդնենք, որ ավելի լավ կատարենք աշակերտներ պատրաստելու գործը և ուսումնասիրողներին օգնենք հասնել մկրտության (տես պարբերություն 21)

ԵՐԳ 70 Փնտրենք արժանիներին

^ պարբ. 5 2020 թվականի համար ընտրված աստվածաշնչյան խոսքը խրախուսում է մեզ «աշակերտներ պատրաստել»։ Այս պատվերը տրված է Եհովայի բոլոր ծառաներին։ Ուստի ի՞նչ կարող ենք անել, որ Աստվածաշունչ ուսումնասիրողներին մղենք դառնալու Քրիստոսի աշակերտ։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես օգնենք այս մարդկանց ավելի մտերմանալ Աստծու հետ։ Նաև կխոսենք այն մասին, թե ինչպես պարզենք՝ արժե արդյոք նրանց հետ շարունակել ուսումնասիրությունը, թե ոչ։

^ պարբ. 18 Դիտիր «Դադարեցնենք Աստվածաշնչի անարդյունավետ ուսումնասիրությունները» տեսանյութը JW Broadcasting® հեռուստաալիքի կայքում կամ JW Library® հավելվածում։