Գիտեի՞ք արդյոք
Ինչպե՞ս է մի հին մակագրություն թիկունք կանգնում Աստվածաշնչին
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ՝ Աստվածաշնչյան երկրների թանգարանում քարե մի սալիկ կա, որի վրայի մակագրությունը թվագրված է մ. թ. ա. 700–600 թվականներով։ Այդ սալիկը գտնվել է Քեբրոնից (Իսրայել) ոչ հեռու գտնվող գերեզման-քարանձավում։ Քարի վրայի մակագրությունն է՝ «Հագաֆի որդի Հագավը անիծյալ լինի Յահվե Սաբաովթի կողմից»։ Ինչո՞վ է այս մակագրությունը թիկունք կանգնում Աստվածաշնչին։ Այն ցույց է տալիս, որ Աստծու «Եհովա» կամ «Յահվե» անունը՝ գրված հին եբրայերեն տառերով, աստվածաշնչյան ժամանակներում լայնորեն տարածված է եղել և հաճախ է օգտագործվել առօրյա կյանքում։ Այդ քարանձավներում հայտնաբերված մակագրությունները նաև ցույց են տալիս, որ այնտեղ մարդիկ երբեմն հանդիպումներ են կազմակերպել կամ թաքնվել են։ Պատերին թողած իրենց մակագրություններում այդ մարդիկ բազմիցս նշել են Աստծու անունը և այնպիսի անձնանուններ, որոնց մեջ հանդիպում է «Եհովա» անունը։
Այդ մակագրությունների մասին խոսելիս Ջորջիայի համալսարանի դոկտոր Ռեյչել Նաբուլսին նշել է. «Այն, որ այդ մակագրություններում «ՅՀՎՀ» անունը հաճախ է հանդիպում, մեզ շատ բան է ասում.... [Աստվածաշնչյան] տեքստերը և հայտնաբերված մակագրությունները ցույց են տալիս, որ ՅՀՎՀ-ն կարևոր դեր է ունեցել Իսրայելի և Հուդայի կյանքում»։ Այս ամենը թիկունք է կանգնում Աստվածաշնչին, որտեղ Աստծու անունը՝ գրված եբրայերեն «ՅՀՎՀ» տառերով, հանդիպում է հազարավոր անգամներ։ Բացի այդ՝ Աստվածաշնչում հաճախ են հանդիպում մարդկանց անուններ, որոնց մեջ ներառված է Աստծու անձնանունը։
Քարե սալիկի վրա փորագրված «Յահվե Սաբաովթ» արտահայտությունը նշանակում է «Զորքերի Տեր Եհովա»։ Սա ցույց է տալիս, որ աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ, ըստ ամենայնի, հաճախ են օգտագործել ոչ միայն Աստծու անունը, այլև «Զորքերի Տեր Եհովա» արտահայտությունը։ Պատահական չէ, որ այդ արտահայտությունը Աստվածաշնչի Եբրայերեն Գրությունների բնագրում հանդիպում է 283 անգամ։ Աստծուն դիմելու այս ձևը հիմնականում նշված է եղել Եսայիայի, Երեմիայի և Զաքարիայի գրվածքներում։