ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 4
Գորովալից սեր ունեցեք միմյանց հանդեպ
«Եղբայրասիրության մեջ գորովանք ունեցեք իրար հանդեպ» (ՀՌՈՄ. 12։10)։
ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Ի՞նչն է ցույց տալիս, որ այսօր շատ ընտանիքներում բնական կապվածություն չկա։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ կանխագուշակվել է, որ վերջին օրերում մարդիկ զուրկ են լինելու «բնական կապվածությունից» (2 Տիմոթ. 3։1, 3)։ Այժմ այս մարգարեությունը կատարվում է։ Միլիոնավոր ընտանիքներ քայքայվում են։ Ամուսնալուծությունից հետո ծնողները միմյանց հանդեպ դառնությամբ են լցվում, իսկ երեխաները իրենց չսիրված են զգում։ Հնարավոր է, որ նույնիսկ մի տան մեջ ապրող ընտանիքի անդամները օտարանան իրարից։ Մի ընտանեկան խորհրդատու ասում է. «Մայրը, հայրը և երեխաները չեն հաղորդակցվում իրար հետ. նրանք տարված են իրենց համակարգչով, պլանշետով, սմարթֆոնով կամ տեսախաղերով։ Թեև մի հարկի տակ են ապրում, բայց գրեթե չեն ճանաչում միմյանց»։
2–3. ա) Հռոմեացիներ 12։10-ի համաձայն՝ ո՞ւմ հանդեպ պետք է գորովալից սեր ունենանք։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Մենք չենք ուզում, որ սիրուց զուրկ այս աշխարհը ազդի մեզ վրա (Հռոմ. 12։2)։ Ուստի ձգտում ենք գորովալից սեր զարգացնել ոչ միայն մեր ընտանիքի անդամների, այլև հավատակիցների հանդեպ (կարդա Հռոմեացիներ 12։10)։ Իսկ ի՞նչ է գորովալից սերը։ «Գորովանք» թարգմանված հունարեն բառը նկարագրում է ընտանիքի անդամների միջև եղած ջերմ կապվածությունը։ Նման սեր պետք է ունենանք նաև մեր հոգևոր ընտանիքի՝ մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի հանդեպ։ Երբ գորովալից սեր ենք դրսևորում, նպաստում ենք միասնությանը, ինչը ճշմարիտ երկրպագության անբաժանելի մասն է (Միք. 2։12)։
3 Եկեք տեսնենք, թե գորովալից սեր զարգացնելու և դրսևորելու հարցում ինչ կարող ենք սովորել Եհովայից և նրա ծառաներից։
«ԵՀՈՎԱՆ ԱՆՉԱՓ ԳՈՐՈՎԱԼԻՑ Է»
4. Ի՞նչ է Հակոբոս 5։11-ը հայտնում մեզ Եհովայի սիրո մասին։
4 Աստվածաշնչից իմանում ենք Եհովայի գեղեցիկ հատկությունների մասին։ Օրինակ՝ այնտեղ ասվում է, որ «Աստված սեր է» (1 Հովհ. 4։8)։ Սա իմանալը արդեն իսկ բավական է, որ մղվենք մտերմանալ նրա հետ։ Բայց Աստծու Խոսքում նաև ասվում է, որ Եհովան «անչափ գորովալից է» (կարդա Հակոբոս 5։11)։ Այս խոսքերը հիանալի կերպով նկարագրում են, թե որքան խորն է Եհովայի սերը մեր հանդեպ։
5. Ինչպե՞ս է Եհովան ողորմածություն ցուցաբերում, և մենք ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
5 Նկատի առնենք, որ Հակոբոս 5։11-ում Եհովայի գորովանքը նշվում է նրա մեկ այլ հատկության հետ, որը նույնպես ձգում է մեզ դեպի իրեն։ Դա ողորմածությունն է (Ելք 34։6)։ Եհովան դրսևորում է այս հատկությունը, օրինակ, երբ ներում է մեր սխալները (Սաղ. 51։1)։ Սակայն Աստվածաշնչում ողորմածությունը ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես ներողամիտ լինելը։ Այն ուժգին զգացում է, որը բխում է մարդու սրտից, երբ նա տեսնում է, որ ինչ-որ մեկը նեղության մեջ է։ Այն մղում է նրան օգնելու կարիքի մեջ եղողին։ Եհովան նման ուժգին ցանկություն ունի մեզ օգնելու։ Նա իր Խոսքում ասում է, որ այդ զգացումը ավելի ուժեղ է, քան մոր և մանկան միջև եղած կապվածությունը (Ես. 49։15)։ Երբ մենք նեղության մեջ ենք լինում, Եհովայի ողորմածությունը մղում է նրան օգնելու մեզ (Սաղ. 37։39; 1 Կորնթ. 10։13)։ Մենք նույնպես ողորմածություն դրսևորած կլինենք մեր եղբայրների ու քույրերի հանդեպ, եթե ներենք նրանց ու ոխ չպահենք, երբ նրանք վիրավորում են մեզ (Եփես. 4։32)։ Ողորմածություն դրսևորելու կարևոր կերպերից մեկն էլ այն է, որ աջակցենք մեր հավատակիցներին, երբ նրանք դժվարությունների միջով են անցնում։ Այդպես վարվելով՝ կընդօրինակենք Եհովային, ով գորովալից սիրո լավագույն օրինակն է (Եփես. 5։1)։
«ՀՈՎՆԱԹԱՆԻ ՀՈԳԻՆ ԿԱՊՎԵՑ ԴԱՎԹԻ ՀՈԳՈՒ ՀԵՏ»
6. Հովնաթանն ու Դավիթը ինչպե՞ս են գորովալից սեր դրսևորել միմյանց հանդեպ։
6 Աստվածաշնչից իմանում ենք, որ անկատար մարդիկ նույնպես գորովալից սեր են դրսևորել։ Օրինակ՝ Հովնաթանն ու Դավիթը։ Կարդում ենք. «Հովնաթանի հոգին կապվեց Դավթի հոգու հետ, և Հովնաթանը նրան իր հոգու պես սիրեց» (1 Սամ. 18։1)։ Դավիթն օծվել էր, որ թագավոր լիներ Սավուղից հետո։ Սավուղը սկսել էր նախանձել նրան և փորձում էր սպանել։ Բայց նրա որդի Հովնաթանը թիկունք չկանգնեց իր հորը այդ հարցում։ Հովնաթանն ու Դավիթը խոստացան իրար, որ միշտ ընկերներ կմնան ու կաջակցեն միմյանց (1 Սամ. 20։42)։
7. Ի՞նչը կարող էր խոչընդոտել Հովնաթանի ու Դավթի ընկերությանը։
7 Դավթի ու Հովնաթանի միջև եղած ջերմ սերն ու կապվածությունը հատկապես ուշագրավ է, քանի որ մի շարք պատճառներ կային, որ կարող էին խոչընդոտել նրանց ընկերությանը։ Օրինակ՝ այն, որ Հովնաթանը մոտ 30 տարով մեծ էր Դավթից։ Նա կարող էր մտածել, որ ոչ մի ընդհանուր բան չունի իրենից այդքան երիտասարդ ու անփորձ մեկի հետ։ Բայց Հովնաթանը այդպես չէր մտածում։ Նա խոր հարգանք ուներ Դավթի հանդեպ։
8. Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր Հովնաթանը լավ ընկեր Դավթի համար։
8 Հովնաթանը Դավթին նախանձելու պատճառներ ուներ։ Լինելով Սավուղի որդին՝ նա կարող էր պնդել, որ ինքն է օրինական թագաժառանգը (1 Սամ. 20։31)։ Բայց Հովնաթանը խոնարհ ու Եհովային նվիրված մարդ էր։ Ուստի ամբողջությամբ թիկունք կանգնեց Եհովայի այն որոշմանը, որ Դավիթը պետք է լինի հաջորդ թագավորը։ Նա նվիրված էր նաև Դավթին՝ չնայած որ դա խիստ բարկացնում էր իր հորը (1 Սամ. 20։32–34)։
9. Հովնաթանը Դավթին համարո՞ւմ էր իր մրցակիցը։ Բացատրիր։
9 Հովնաթանը գորովալից սեր ուներ Դավթի հանդեպ, ուստի նրան մրցակից չէր համարում։ Նա հմուտ նետաձիգ էր և քաջ ռազմիկ։ Մարդիկ ասում էին, որ նա և Սավուղը «արծիվներից ավելի սրընթաց էին» և «առյուծներից ավելի զորեղ» (2 Սամ. 1։22, 23)։ Հովնաթանի սխրագործությունները կարող էին պատճառ լինել, որ նա հպարտանար։ Բայց նա մրցակցող ու նախանձ անձնավորություն չէր։ Ընդհակառակը՝ Հովնաթանը հիանում էր Դավթի քաջությամբ և Եհովային ապավինելու նրա վճռականությամբ։ Հիշենք, որ Հովնաթանը Դավթին իր հոգու պես սիրեց այն բանից հետո, երբ վերջինս սպանեց Գողիաթին։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ նման սեր զարգացնել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ։
ՋԵՐՄՈՐԵՆ ՍԻՐԵՆՔ ԻՐԱՐ
10. Ի՞նչ է նշանակում «սրտանց և ջերմորեն սիրել իրար»։
10 Աստվածաշունչը հորդորում է, որ «սրտանց և ջերմորեն սիրենք իրար» (1 Պետ. 1։22)։ Եհովան մեզ այս հարցում լավ օրինակ է թողել։ Նրա սերը մեր հանդեպ այնքան ուժգին է, որ եթե հավատարիմ մնանք իրեն, ոչինչ չի կարող բաժանել մեզ նրանից (Հռոմ. 8։38, 39)։ Ջերմորեն, կամ՝ ուժգին սիրելու միտքը հունարենում արտահայտված է մի բառով, որն ունի ձգվելու կամ ուժերը լարելու իմաստ։ Երբեմն գուցե կարիք լինի, որ, այսպես ասած, ձգվենք, կամ՝ լարենք մեր ուժերը, որ կարողանանք ջերմորեն սիրել մեր հավատակցին։ Երբ նրանք մեզ ցավ են պատճառում, մենք պետք է շարունակենք «սիրով միմյանց համբերել [և] ամեն կերպ ձգտենք պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։1–3)։ Եթե ուզում ենք խաղաղություն պահպանել, չպետք է կենտրոնանանք մեր հավատակիցների սխալների վրա։ Փոխարենը՝ պետք է ձգտենք Եհովայի աչքերով նայել նրանց (1 Սամ. 16։7; Սաղ. 130։3)։
11. Ինչո՞ւ գուցե երբեմն դժվար լինի գորովալից սեր դրսևորել։
11 Միշտ չէ, որ հեշտ է գորովալից սեր ունենալ մեր եղբայրների ու քույրերի հանդեպ, հատկապես եթե գիտենք նրանց թերություններն ու սխալները։ Ըստ երևույթին, նման խնդիր կար նաև առաջին դարում։ Օրինակ՝ Եվոդիան և Սյունտիքը թերևս հեշտությամբ էին «բարի լուրի համար կողք կողքի» համագործակցում Պողոսի հետ, սակայն ինչ-որ պատճառով դժվարանում էին լեզու գտնել իրար հետ։ Ուստի Պողոսը հորդորեց նրանց, որ «միևնույն միտքն ունենան Տիրոջով» (Փիլիպ. 4։2, 3)։
12. Ինչպե՞ս կարող ենք գորովալից սեր զարգացնել մեր հավատակիցների հանդեպ։
12 Ինչպե՞ս կարող ենք գորովալից սեր զարգացնել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ։ Եթե մոտիկից ճանաչենք մեր հավատակիցներին, գուցե ավելի հեշտ լինի հասկանալ ու սիրել նրանց։ Տարիքային տարբերությունը, անցյալն ու մշակույթը չպետք է խոչընդոտ լինեն մեզ համար։ Հիշենք, որ Հովնաթանը մոտ 30 տարով մեծ էր Դավթից, բայց նրանք մտերիմ ընկերներ դարձան։ Կարո՞ղ ես դու էլ ընկերանալ մեկի հետ, ով քեզնից տարիքով ավելի մեծ կամ փոքր է։ Այդպես վարվելով՝ ցույց կտաս, որ «սիրում ես ողջ եղբայրությունը» (1 Պետ. 2։17)։
13. Ինչո՞ւ գուցե ժողովում հավասարապես մտերիմ չլինենք բոլորի հետ։
13 Արդյո՞ք հավատակիցների հանդեպ գորովալից սեր ունենալ նշանակում է, որ ժողովում պետք է հավասարապես մտերիմ լինենք բոլորի հետ։ Ո՛չ, իրականում դա հնարավոր չէ։ Գուցե ավելի մտերիմ լինենք նրանց հետ, ովքեր նույն հետաքրքրություններն ունեն, ինչ մենք, և դա բնական է։ Օրինակ՝ Հիսուսը «ընկերներ» կոչեց իր բոլոր առաքյալներին, բայց ավելի մտերիմ էր Հովհաննեսի հետ (Հովհ. 13։23; 15։15; 20։2)։ Չնայած դրան՝ նա Հովհաննեսին հատուկ վերաբերմունքի չէր արժանացնում։ Երբ Հովհաննեսն ու Հակոբոսը նրանից խնդրեցին, որ Աստծու Թագավորությունում բարձր դիրք տա իրենց, Հիսուսն ասաց. «Իմ աջ ու ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ» (Մարկ. 10։35–40)։ Հիսուսին ընդօրինակելով՝ մենք չպետք է կողմնակալությամբ վարվենք և մեր մտերիմ ընկերներին ավելի լավ վերաբերմունքի արժանացնենք, քան մյուսներին (Հակ. 2։3, 4)։ Հակառակ դեպքում՝ պառակտության ոգի կտարածենք՝ մի բան, ինչը տեղ չունի քրիստոնեական ժողովում (Հուդա 17–19)։
14. Ըստ Փիլիպպեցիներ 2։3-ի՝ ի՞նչը կօգնի մեզ, որ խուսափենք մրցակցության ոգուց։
14 Միմյանց հանդեպ գորովալից սեր դրսևորելով՝ պաշտպանում ենք ժողովը մրցակցության ոգուց։ Հիշենք, որ Հովնաթանը Դավթին մրցակից չէր համարում և չէր փորձում տիրանալ գահին։ Ընդօրինակելով նրան՝ մենք էլ պետք է մեր հավատակիցներին մրցակից չհամարենք և չնախանձենք նրանց իրենց ընդունակությունների համար։ Փոխարենը՝ պետք է «խոնարհամտությամբ ուրիշներին մեզանից ավելի բարձր համարենք» (կարդա Փիլիպպեցիներ 2։3)։ Յուրաքանչյուր քրիստոնյա իր ներդրումն ունի ժողովում։ Եթե համեստ կարծիք ունենանք մեր մասին, միշտ լավը կտեսնենք հավատակիցների մեջ և կսովորենք նրանցից (1 Կորնթ. 12։21–25)։
15. Ի՞նչ ես սովորում Տանյայի և նրա ընտանիքի հետ պատահածից։
15 Երբ անսպասելի դժվարությունների ենք բախվում, Եհովան մխիթարում է մեզ հավատակիցների ցուցաբերած գորովալից սիրո և գործնական օգնության միջոցով։ Տանյան, ով երեք երեխաների մայր է, պատմում է, թե ինչ տեղի ունեցավ իրենց հետ Միացյալ Նահանգներում։ 2019 թ. «Սերը երբեք չի վերջանում» միջազգային համաժողովի շաբաթ օրվա ծրագրից հետո նրանք ընտանիքով վերադառնում էին հյուրանոց։ Նա ասում է. «Ճանապարհին վարորդներից մեկը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս եկավ իր երթևեկելի գոտուց և բախվեց մեր մեքենային։ Ոչ ոք չվնասվեց, բայց մենք շատ էինք վախեցել։ Դուրս գալով մեքենայից՝ կանգնեցինք
մայրուղու վրա։ Հանկարծ նկատեցինք, որ մեկ ուրիշ մեքենայից ինչ-որ մեկը ձեռքով է անում մեզ։ Մեր եղբայրն էր, ով նույնպես վերադառնում էր համաժողովից։ Բայց նա միակը չէր, որ մեզ տեսնելով՝ կանգ էր առել։ Շվեդիայից ժամանած հինգ պատվիրակներ նույնպես կանգնել էին։ Նրանց մեջ կային քույրեր, ովքեր ջերմորեն գրկեցին ինձ ու աղջկաս։ Դրա կարիքը այդ պահին շատ ունեինք։ Ես ասացի, որ ամեն ինչ լավ է, և նրանք կարող են շարունակել իրենց ճանապարհը։ Բայց նրանք չցանկացան հեռանալ և մեզ հետ մնացին անգամ շտապօգնության գալուց հետո։ Նրանք ուզում էին հավաստիանալ, որ մեզ հետ ամեն ինչ լավ կլինի։ Այդ դժվար պահին մենք զգացինք Եհովայի սերը։ Այս դեպքից հետո սկսեցինք ավելի շատ սիրել մեր հավատակիցներին ու Եհովային, ինչպես նաև ավելի մեծ երախտագիտությամբ լցվեցինք մեր Աստծու հանդեպ»։ Հիշո՞ւմ ես այնպիսի դեպք, երբ օգնության կարիք ես ունեցել, և հավատակիցդ գորովալից սեր է դրսևորել քո հանդեպ։16. Ինչո՞ւ պետք է գորովալից սեր դրսևորենք միմյանց հանդեպ։
16 Տեսնենք, թե ինչ լավ արդյունքներ են լինում, երբ միմյանց հանդեպ գորովալից սեր ենք դրսևորում։ Մենք մխիթարում ենք մեր հավատակիցներին, երբ նրանք դժվարությունների միջով են անցնում, ինչպես նաև նպաստում ենք Աստծու ժողովրդի միասնությանը։ Բացի այդ՝ փաստում ենք, որ Հիսուսի աշակերտներն ենք, ինչը անկեղծ մարդկանց ձգում է դեպի ճշմարիտ երկրպագությունը։ Եվ որ ամենակարևորն է՝ մենք փառաբանում ենք Եհովային՝ «գթության Հորը և ամենայն մխիթարության Աստծուն» (2 Կորնթ. 1։3)։ Թող որ միշտ շարունակենք գորովալից սեր զարգացնել ու դրսևորել այն։
ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք
^ պարբ. 5 Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց սիրել իրար ու ասաց, որ նրանք կճանաչվեն միմյանց հանդեպ ունեցած սիրով։ Ուստի մենք ձգտում ենք ապրել այդ պատվերի համաձայն։ Եղբայրների ու քույրերի հանդեպ մեր սերը ավելի ամուր կլինի, եթե նրանց հանդեպ ջերմ կապվածություն զարգացնենք։ Սովորաբար նման սեր լինում է ընտանիքի անդամների միջև։ Հոդվածը կօգնի, որ մեր հավատակիցների հանդեպ այդպիսի սեր զարգացնենք ու պահպանենք այն։
^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Երիտասարդ երեցը, ով սովորում է ավելի տարիքով երեցից, հյուրընկալվել է նրա տանը։ Թե՛ նրանք, թե՛ նրանց կանայք ջերմ սեր ու հյուրասիրություն են ցուցաբերում միմյանց հանդեպ։